Սիրուս Զոքայի | ԻՐԱՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱ

Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը

Կորած ամպեր

Վերադարձեք
Ով կորած ամպեր
Որ ինձ հետ թափվեք
Դեպի լեռները վազող
Անձրևի կարոտ
Իմ անմարմին
Հոգու վրա
Վերադարձեք
Ով կորած ամպեր
Իմ հոգին
Ինչպես ծարավ ընձառյուծ
Որոնում է կապույտներ

Արևի դիմաց

Սերը ցրվում է
Քաղաքի դեմքին
Հարևանի աղջկա պատի վրա
Որ ստվերս նետահարել էր
Իմ ամբողջությունը
Հասել է
Փոքրիկ մի լուսամուտի
Որ բացվել է
Արևի դիմաց

Աղավնու վերքը

Ինձ հետ արի
Փողոցները զգացումների
Որպեսզի անցնենք
Բոցի անցումից
Որպեսզի վաղը
Ամենա վիրավոր աղավնու հետ
Վերապրենք
Օրը
Անվանդակ

Միամիտ

Որքան միամիտ եմ
Ինչպես մանուկ ժամանակ
Եվ հպարտ եմ
Ինչպես լեռները
Անվեհեր ու ցեխոտված եմ
Ինչպես ծակծկված
Համազգեստը զինվորի
Անհավասար մարտում
Այդպիսին եղիր

Ճամփորդություն

Հայրս
Ձեռքը թափահարեց ինձ համար
Մայրս
Ջուր շփեց իմ ետևից
Ես
Ուղևորվեցի դեպի
Սիրո երկրամաս
Ծխախոտ…
Ծխախոտը
Երգը
Գիթառը
Գարսիա Լորկան
Պարը
Ծուխը
Հորնջը
Բավական է
Որպեսզի քեզ
Տեսնեմ երազում
Գիշեր
Գիշերը
Սարսափահար իրարանցման մեջ
Փշրում է իմ հառաչանքը
Երկմտանքի բոցերը
Այրում են իմ ձայնը
Ծայրեծայր
Գորշ է երկինքը
Ես
Այրված ցանկություններում
Ծերացած երազներով
Շրջանցում եմ
Արկածը

Փոթորիկ ցորենի արտում

Սլաքը անհայտ ժամի վրա
Եվ ջինջ
Կապույտ երկինք
Բայց առանց լուսին
Բայց առանց արև
Չկա ամպ
Չկա քամի
Այն ինչ կա
Քնած փոթորիկ է ցորենի արտում

Թողնել պատասխան

Your email address will not be published.