«Ի ՍԿԶԲԱՆԵ ԷՐ ԲԱՆՆ»…

Հարցազրույցը վարեց` Հայկուշ Շահբազյանը

Մեր հյուրն է բանաստեղծուհի, գրականագետ, մանկագիր Նաիրա Համբարձումյանը: Նրա «Ես բառ եմ դարձել» ժողովածուի բանաստեղծությունների տողերից էլ ծնվել են նրան ուղղված հարցերը:

— Ի՞նչ է լինում, «Երբ դատարկվում են հայելիները»:
— Մենության տրտմությունն ավելի է մգանում:
— Ինչո՞ւ «չեն խանգարում իրար ձյունն ու կրակը»:
— Նրանցից յուրաքանչյուրն իր ճակատագիրն ու ճանապարհն ունի:
— «Երկնքի արքայության ուղեգիր ո՞վ պիտի տա»:
— Մենք` մեզ:
— Ո՞րն է այն «լուսամուտը», որ բավական է «մենության փոքրիկ ձեռքերը խաչելու» կամ «արև ունենալու համար»:
— Սերը:
— Ինչո՞ւ է պետք սիրել:
— Ամբողջանալու համար:
— Ինչո՞ւ չխորհել` «ինչպես են ապրում ծաղիկները»:
— Նրանք նման են մարդկանց, իսկ մարդ-գոյն անկանխատեսելի է։
— «Իմ բախտը բերել է, Ես մարդ եմ ծնվել»…
— Որովհետև մարդ էլ կա, մարդ` էլ:
— «Սերը կորցնել ու հետո գտնել» հնարավոր չէ՞:
— Հնարավոր չէ:
— Հանդուգն չէ՞` «Կյանքը այն տողն է, որ հիմա գրում եմ»:
— Ո՛չ, որովհետև գրում եմ կյանքից, որովհետև տողս շնչում է, հետևապես` ապրում:
— Բանաստեղծությո՞ւնն է, «որ տանելու է մեզ Սկիզբը դեպի»:
— Բանաստեղծությունն է` բանաստեղծությունից դուրս:
— Ե՞րբ «առավոտ բառի մեջ նորից արև կլինի»:
— Երբ արդարության մասին միֆը նորից ապրի:
— Լսո՞ւմ եք արդյոք «ոտնաձայնը լռության»:
— Լռությունը լսել և հասկանալ ընտրյալներին է տրված միայն:
— Ո՞րն է Խուան Միրոյի «Երազների գույնը»:
— Կապույտը, բայց մաքուր կապույտը:
— «Լույսի ու ձյունի խառնուրդը» հաստա՞տ սերն է:
— Այո՛, քանզի այդ խառնուրդից են ծնվում աշխարհի բոլոր մանուկները:
— Ինչո՞ւ վերջակետ չեք սիրում…
-Մենք անկախ ենք մեր ապրելու ժամանակից, այն մենք չենք որոշում:
— «Երբ քեզ չեն դիմավորում, Դեռ չի նշանակում, որ դու չես եկել»:
— Բացարձակ ճշմարտություն է, քանի որ հարաբերական է` նա, ով «եկել է», արդյո՞ք եկել է… Ամեն ինչ ժամանակի ուսերին է:
— Ժամանակը բուժո՞ւմ է «բոլոր բաց վերքերը»:
— Բուժում է, ուղղակի պետք է կարողանալ ազատվել ոչ միայն վերքերից, այլև սպիներից:
— «Այս բեմում խաղալուց հոգնել եմ». ո՞ւր եք ցանկանում վերադառնալ:
— Ոչ թե վերդառնալ, այլ նորից սկսել:
— «Երբ հոգիդ մանուշակագույն էիր ներկում, Ի՞նչ էիր կարծում, մանուշակի հոգի՞ ունես…». ո՞ւմ են ուղղված այս խոսքերը:
— Երկերես, յոթնաստառ և հարափոփոխ տրամադրություններով մարդկանց, որոնց «չվանին խոտ դնել չի կարելի», որոնց ոչինչ չպետք է վստահել:
— Ձեզանից հետո հաստա՞տ ոչինչ չի փոխվի:
— Կփոխվի, իհարկե` ես չեմ լինի, բայց դա գոյության նորմալ ընթացք է:
— «…երազը Տաճար է տանում Նույնիսկ անհավատների՞ն…»:
— Այո՛, քանզի երազանքներն իրականանում են միայն հավատով…
— Փորձում եք «ապրել աղոթքի նմա՞ն»:
— Աղոթքի պես անընդհատ մաքրվելով:
— «Թեթև սահանքները կյանքի» այդ ինչպե՞ս եք բացում:
— Սահանքները կան, ուղղակի պետք է դրանք բացահայտելով` կարողանալ շրջանցել:
— «Ես ապրելու ճանապարհ եմ փնտրում այնտեղ, Ուր չկա ոչ մի ճանապարհ»:
— Կյանքն է այդ:
— Կարո՞ղ է հայացքը «տաք» լինել այնքան ու «հասկանալի»:
— Եվ միանգամի՛ց հասկանալի:
— «Պե՞տք է փնտրել ձևն ապրելու»:
— Ամեն վայրկյանը, ամեն ժամը, ամեն օրը որոնում է, և ապրելու ձևը փնտրելը` որոնման ծես:
— Թուղթը «արժանապատվության զգացո՞ւմ» ունի:
— Պետք է հարգել թուղթը, որի վրա գրում ես: Այն արժանապատիվ է` գրածիդ հանգույն:
— Այդ ե՞րբ է, որ «գորտերը բանաստեղծում են»:
— Երբ կյանքը պրոզա է դառնում:
— Բոլոր «նորածին զգացումների՞ն» է «անհապաղ խնամք հարկավոր»:
— Այո՛, ինչպես նորածինը, երբ խնամում ես, ինչպես բույսը, երբ նոր ես աճեցնում:
— «Ինչպե՞ս է մեկնաբանվում ճախրը»:
— Արևի ցեղակցության հրկիզումով:
— «Որքա՞ն է Ժայռի քնքշության չափը` Նրա հոգում ծնված ծաղկի նկատմամբ»:
— Իր խրոխտության չափով:
— «Եթե մենակ ես` Ոչի՞նչ ես ուրեմն»:
— Մեկը ոչնչի հանրագումարն է:
— «Ինձ հասկանալն էլ դժվար է»: Ինչո՞ւ է դժվար:
— Որովհետև ճանապարհը, որով գնում եմ, դուրս է ինձանից:
— Ինչո՞ւ եք լուսին սիրում:
— Լուսինը միշտ խորհել է տալիս:
— Ինչպե՞ս եք «հրաշեկ արևից ապագա սարքելու»:
— Արևը կյանքն է, կյանքը` ինչ-որ բան ստեղծել-թողնելու հնարավորություն:
— Դուք բա՞ռ եք դարձել: Ո՞րն է «բառի» բանալին:
— Ի սկզբանե էր ԲԱՆՆ…

Արտատպությունը` «Գլաձոր» թերթից:

 

1 մեկնաբանություն

  1. Hukksss axr in4 asem, shaaaat lavn es eeee…….lurj es shat hpart em , vor qo het canot em…..uzum em vor misht lines qo bardzrunqum u misht senc lav u hajoxvac hodvacner anes……qez hajoxutyun te qo gorcum, te qo kyanqum…!!! Isk N.Hambardzumyanin el dimum em miayn mek xndranqov, vor misht stexvagorci u 4dadari ir mtqer@ artahayteluc…..dranq iroq, vor shat usucanox ev shat djvar paheri dexatoms karox en darnal….Hajoxutyunner dzez erkusit el…..:K:K:K:K

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի