(պիես մեկ գործողությամբ)
(Տնօրենի առանձնասենյակ է մտնում 30-40 տ. տղամարդ, ձեռքին գլանաձև տարա, ճանճասպան նյութի պարունակությամբ, որից նյութ է բաց թողնում շուրջը, և նաև տնօրենի վրա )
Տնօրեն — Ի՞նչ եք անում…
Անձ — Դուք թունավոր եք: Ազատվում եմ ձեզանից, և որքան շուտ այնքան հասարակության համար լավ:
Տնօրեն — Դուրս եկեք անմիջապես, խելագա՞ր եք, ի՞նչ է…
Անձ — Դեռ չսատկեցի՞ք, լավ էլ համառն եք :
Տնօրեն — (սեղմում է զանգը) Օգնեցե՜ք…ո՞վ կա այդտեղ…
(ներս է մտնում քարտուղարուհին)
Քարտ. — Այս ի՞նչ է կատարվում, դուրս համեցեք:
Տնօրեն — Այս խելագարին ինչու՞ եք ներս թողել.
Քարտ.- Ես չէի թողնում, ներս մտավ, ոչ էլ լսում են…, դուրս եկեք…
Անձ — Ա՜… արդեն հասցրեցի՞ք, վախից բոլոր կոճակները սեղմեցիք հա՞,գուցե պետքարանի կարի՞ք էլ կա…
Տնօրեն — Ազատեք, ազատեք սենյակը. դուռը փակեք ձեր ետևից:
Անձ — (քարտուղարուհուն) Եթե դուք չեք ցանկանում սատկել` մի խառնվեք: Եվ զգույշ դուրս եկեք այստեղից:
Քարտ — Լավ, լավ, դուրս կգամ: Բայց ես անվտանգության աշխատակիցներ կկանչեմ:
Անձ — Խնդրեմ, խնդրեմ: Ձեր իրավունքն է: Իսկ դուք, հարգելի Դավադյան` չշարժվեք:
Տնօրեն — Լավ, ձեր խոսքն ինձ համար, ինչպես ասում են`օրենք է : Բայց, դուք քաղաքակիրթ չեք վարվում : Այդպես կարող եք դուք էլ վնասվել:
Անձ — Ի՜նչ եք ասում, ոչինչ-ոչինչ, իմ մասին մտածողին տեսեք, անհանգստանու՜մ է… Մի՜ վախեցեք, այս նյութից միայն ձեր նմաններն են սատկում:
Տնօրեն — Դու՜րս… դու՜րս…դու՜րս այստեղից, այստեղ միայն ես եմ…
Անձ — Օհ…օհ…օհ…ձեր այդ վրդովմունքից կգնամ տուն ու… ինքս ինձ կմեղադրեմ ձեզ այսպիսի հոգեվիճակի հասցնելու համար: Կհիշեմ ձեր վախեցած աչքերը, ձայնը…Դուք լալի՞ս եք, շա՜տ զգայուն եք, գիտեմ հիմա սրտի շրջանում ծակոցներ կզգաք, հետո շնչառության վատացում, հաբեր կփնտրեք, և ես այդ բոլորը տեսնելով` տեղի կտամ, ու կհեռանամ, և տանը գուցե, ինքնասպան էլ լինեմ` ձեզ նման լավ մարդուն` նման վիճակի հասցնելու համար: Ը…ը…չէ, չի ստացվի, ես այդ…չէ, դրա համար չեմ եկել:
Տնօրեն — Հապա՞, ասեք տեսնեմ ինչու՞ եք եկել,ասեք ի՞նչ եք ուզում: Դե՞, ինչու՞ եք եկել…
Անձ — Հարգանք: Սովորական, մարդկային վարվեցողություն:
Տնօրեն — Ի՞նչ, չհասկացա…նորից կրկնեք…
Անձ — Կրկնում եմ`հարգանք,սովորական,մարդկային վարվեցողություն:
Տնօրեն — Միա՞յն…
Անձ — Հապա ի՞նչ, մտածում էիք… չէ՜… ձեր աթոռն ինձ հարկավոր չէ: Ես մեր տանն էլ աթոռ ունեմ, որը ձեր աթոռի հետ չեմ փոխի:
Տնօրեն — Չէի՞ք էլ երազի…լավ, այո, ինչ կա որ, ես համաձայն եմ, և երկու ձեռքով կողմ, որ ձեզ հարգեն: Ես, ինքս ձեզ հարգում եմ: Խնդրեմ` նստեք: Շատ դյուրագրգիռ
եք, այժմ էլ բավական անհավասարակշիռ վիճակում եք : Թեյ… սու՞րճ…Հիմա կկանչեմ փոխնախագահին և նա կհաստատի…
Անձ — Թե՞յը…
Տնօրեն — …իմ կարծիքը…
Անձ — …կնիքով, որ ձեզ հարգում ենք:
Տնօրեն — Թող կնիքով լինի, միայն թե գոհ լինեք…
(կոճակ է սեղմում, ներս է գալիս փոխնախագահը)
Փոխ. — Բարև ձեզ, լսում եմ…
Տնօրեն — Պատրաստեք պայմանագիրը…
Փոխ. — Ո՞ր պայմանագիրը…
Տնօրեն — Մարդն ուզում է, որ իրեն հարգենք… Ուրեմն` հարգանքի պայմանագիրը:
Փոխ.— Կփորձենք օգնել: Ես հասկանում եմ ձեր վիճակը: Գուցե փողի՞ կարիք ունեք:
Տնօրեն — Ճիշտ է, չէի մտածել, որքա՞ն…
Անձ — Ինձ ձեզանից փող հարկավոր չէ: Ազատվու՞մ եք: Չի ստացվի: Դուք կեղծ եք:
Տնօրեն — Չափն անցնում եք:
Անձ — Կեղծ բարևում եք, կեղծ ժպտում եք, իսկ երբ շրջվում եք`թունավոր օձի նման ֆշշացնում ու խայթում եք, մտքում, իհարկե: Չէ, օձը թիկունքից չի գործում: Միայն ստոր մարդն է թիկունքից գործում:
Տնօրեն — Չափազանցնում եք: Չեմ կարծում, որ որևէ մեկը նման ձևով իրեն պահած լինի: Դուք այդպիսի՞ն եք…
Փոխ — Ախր , ասում էի չէ, որ հիմնարկում մթնոլորտը լարված է, թունավոր է, մի օր մեր դեմ կշրջվի:
Տնօրեն — Ահա, խնդրեմ: Շրջվել է: Այն էլ ճանճասպան հեղուկի տեսքով:
Անձ — Գոհ եղեք, որ գեթ դրան էլ արժանացել եք:
Տնօրեն — Չեմ կարող ազատ մարդկանց հրամայել , որ հարգեն, որ կարծիք կազմեն ձեր մասին, սիրեն վերջապես… այդ ձեր գործը պետք է լիներ…
Անձ— Ազա՞տ…ի՜նչ էլ լավ կարծիք ունեք ձեր հպատակների մասին:ՈՒզու՞մ եք փորձենք, չափենք նրանց ազատության աստիճանը:
Տնօրեն— Փորձե՞նք …Միայն այդ էր պակաս: Ինչպե՞ս …
Անձ— Կանչեք , ձեր քարտուղարուհուն: Կանչեք, կանչեք…
Տնօրեն— Լավ… ասենք…
Անձ — …և հրամայեք` հանվել:
Տնօրեն — Հանվե՞լ…այսինքն `մերկանա՞լ…բայց …բայց այդ անբարո է:
Անձ — Հանվելն անբարո՞ է, իսկ մարդուն մահվան դուռ հասցնելը` բարո՞…
Տնօրեն — Լա՜վ …փառք Աստծո, ողջ առողջ, այստեղ կանգնած եք,մի բան էլ մենք ենք սատկող ճանճերի վիճակում և չգիտենք ի՞նչ կլինի հինգ րոպե հետո:
Անձ — Դուք ասում եք նրանք ազատ են, և՞ … ուրեմն `կանչեք , եթե ոչ…
Տնօրեն— Դրան չի հասնի:(սեղմում է կոճակը ներս է մտնում քարտուղարուհին վառվռուն աչքերով, հլու)
Քարտ. — Լսում եմ:
Տնօրեն — Հանվեք:
Քարտ. — Ի՞նչ…
Տնօրեն — Չգիտեի , որ վատ եք լսում:Ամբողջ օրը` հեռախոսն ականջին պահելու հետևանք է:Վաղը դու էլ կպահանջես…Ասացի `հանվեք:
(քարտուղարուհին քիչ մտածելուց հետո սկսում է դանդաղ հանվել և խոսել)
Քարտ.- Իմ կարծիքով, այս ամենը աշխատանքի հետ կապ չունի,բայց քանի որ կատարվում է աշխատաժամին , ուրեմն մտնում է աշխատանքային պարտավորությունների մեջ, իսկ աշխատանքային պարտավորություն կատարելն իմ սրբազան պարտքն է :
Անձ— Շնորհավորում եմ : Դուք հասկացաք ձեր աշխատակցուհու ազատության զգացման չափը:Այնպես որ , նա կկատարի այն` ինչ կհրամայի իր նախագահը:
Քարտ.— Այո, նա իմ տերն է:Ես աշխատավարձ եմ ստանում:Հուսով եմ, այս ամենը մեր միջև կմնա:Ես ընտանիք ունեմ: (հնչում է ձեռքի հեռախոսը) Կներեք:Այո՞…լսում եմ…դու ՞ես… այո ես…եմ…ես ինչու՞ եմ կցկտուր խոսում…ես սպասում էի քո զանգին սիրելիս…Դու ինձ սիրում ես…այս պահի՞ն պիտի ասեիր այն , ինչին այդքան սպասել եմ …իսկ, ե՞ս…ես նույնպես, հավատում ես չէ՞…այո…լավ…այո…ալո՞…
անջատեց: (անջատում է հեռախոսը և սկսում լաց լինել)…Եվ նա `ինձ սիրում է, ինձ, իսկ ես այստեղ կանգնած`աշխատանքային պարտք եմ կատարում, և սա աշխատանք է , ի՞նչ է , դուք ուրիշ օր չգտաք իմ նվիրվածությունը ստուգելու…
Տնօրեն— Դուրս եկեք:Լավ ապացուցեցիք, դուրս եկեք …
Անձ— Չեմ սիրում թույլ մարդկանց:
Փոխ. — Նա կին է :
Տնօրեն — Հիմա ասեք, ի՞ նչ եք կամենում: Դուրս եկեք, ձեզ հետ եմ…(քարտ.)
Քարտ — Հիմա, այո, հիմա… (դուրս է գալիս)
Տնօրեն — Դե , հետո…
Անձ — Պատկերացնում եք, գնում եմ տուն և բացատրում կնոջս`սիրելիս,կներեք (ձեռքի հեղուկով տարան տալիս է տնօրենին) Սիրելիս, ասում եմ,- այսօրվանից այլ մարդ եմ, օրինակ եթե դուք լինեիք իմ փոխարեն ի՞նչ կանեիք…
Տնօրեն — (տարան գրկած) Ե՞ս… չգիտեմ… մի ծանոթ ունեի, ձեր վիճակում էր, այդպես էլ ինքն իրեն չգտավ, խեղդվեց, ջրում…
Փոխ — Ջրու՞մ, այնպես եք ասում կարծես կարելի է մի այլ տեղում էլ… հա , ասենք…
վախենում եմ անգամ մտածել…ամեն ինչ կարող է պատահել…
Տնօրեն — …ջրում, փրկարարներն էլ մարմինը չգտան…չէ, մի բան էլ ինքն իր մարմինը կորցրեց: Չգիտեմ… ես ձեր փոխարեն…չէ չեմ ցանկանում լինել, ես իմ փոխարեն եմ:
Փոխ. — Վախեցնում եք մարդուն, վախը հավասարազոր է մահվան: Փախուստի: Պայքարը գեղեցիկ է: Ի վերջո, պետք չէ այդպես: Մենք եկանք եզրահանգմա՞ն,թե՞
Անձ — Հրամայեք, որ հարգեն ինձ:
Տնօրեն — Մենք կրկնվում ենք, անընդհատ վերադառնալով սկիզբ: Այդ ձեր խնդիրն է: Կարող եք դիմել հոգեբանի:
Անձ — Իմը չէ: Ուրեմն դուք չհասկացա՞ք, որ ձեզ շրջապատողներն անվերապահորեն ենթարկվում են ձեզ և սպասում են, թե ինչպես կշարժեք ձեր ցուցամատը…Այս կյանքում ոչ ոք անփոխարինելի չէ, որքան էլ կառչեք աթոռից:
Տնօրեն — Քիչ առաջ թուլությունից դուք եիք բողոքում,եթե դուք ուժեղ եք, ինքներդ ձեզ օգնեք:
Փոխ — Չգիտեի, որ մեր…ձեր քարտուղարուհին այսքան գեղեցիկ մարմին ունի և այսքան անբռնազբոս կարող է հանվել: Ես կարծում էի…
Տնօրեն — Լռեք: Մինչ հիմա , ա՞յդ էիք մտածում:
Անձ — Իմացաք: Ուշ չէ, կարող եք օգտագործել: Նա իր ողջ ազատությունը նվիրել է ձեզ: Երբեք չի ժպտում իրեն դիմողներին, չի օգնում, օրենք չի խախտում, մանավանդ, եթե այն կարող է վնասել սեփական ղեկավարին: Ոչ մի արտաքին ուժ չի կարող շեղել նրան իր ուղուց` սեր դեպի ղեկավարը:
Տնօրեն — Լավ , որքան հասկանում եմ մեր ազատությունը սահմանափակված է ձեր գործողություններով:
Անձ — Ոչ, ձեր ազատությունը սահմանափակված է ձեր աթոռի մակերեսով, ձեր աշխատակիցներինը` աթոռի շուրջ :Պտտվում է :Գուցե , աթոռը վնասազերծենք և դուք կվերագտնեք ձեր հոգին:(հրում է տնօրենին և արագ վերցնում փչող տարան և փչում աթոռի վրա:
Տնօրեն — (բարձրանալով սեղանի վրա)Ցանկանում եք որ ձեզ օգնեմ ինքնահաստատվե՞ք…ձեր ես-ը ինքներդ պիտի գտնեք ու փրկեք ինքներդ ձեզ:Ասում են՝«Ճանաչիր զքեզ, ճանաչիր ըզբանս հանճարոյ» և…
Անձ — Մի՞թե …,գտել եմ…փնտրել եմ , դեռ նոր ոտքի կանգնած էլի ինչ-որ մեկը տրորում ու փորձում է թքել հոգուս մեջ…ինչպես դուք…ու հոգիս նվվում, դատարկվում է միայն հիասթափություն եմ զգում , հեռանալու , անէանալու զգացում…Ես,որ ատում եմ դավաճանությունը, ուզում եմ դավաճանել ու հեռանալ այս երկրից, այս մարդկանցից, ձեր ճղճիմ, նյութապաշտ հոգիներից…
Փոխ. — Պետք չէ այդպես: Այս կյանքում ամեն բան հնարավոր է, հարկավոր է համբերել: Չէ, ասում եմ,բայց ինքս ինձ չեմ հավատում: Հիմա , այս մարդու հոգեկան վիճակն իմ ձեռքում է , իսկ ես, փոխարեն օգնելու` դասախոսում եմ: Գուցե կանչենք գործավարին և թող նա հրաման գրի:
Տնօրեն — Ինչ լինում է լինի: Կանչեք…
(մտնում է քարտուղարուհին) Գրեք: Հրամայում եմ` հարգել անձին:(Անձը նստում է հատակին:Քարտուղարուհին գրում է: Անձը հանում է կոշիկները, ապա հանում է գուլպաները, հերթով մեկ-մեկ թափահարում , այնպես որ ուշադրություն գրավի, հանգիստ, արարողությունը` դանդաղ)
Փոխ. — Ի՞նչ եք անում:Ինչ է , հիմա էլ դուք եք հանվում:Չեմ կարծում, որ քարտուղարուհուց հետո կնայվեք:
Քարտ. — (բռնում է քիթը) Ֆու՜:Ի՞նչ էլ հոտ է գալիս : Դուք այն երբեք չե՞ք լվացել:
Տնօրեն — Այժմ , ձեր ցանկացած հրամանը տրված է, այնպես որ, գուցե …ֆու՜…բայց …ձեր ինչի՞ն էր հարկավոր ճանճասպան նյութը, եթե դուք սեփական թույն ունեիք:(քիթը բռնած)
Անձ — Պահել էի վերջնական հարձակման համար: Այստեղ, ձեր մթնոլորտի համար, շատ հարմար հավելում է, չե՞ք կարծում: Երբ կցանկանաք ինձ էլ` հանվել հրամանը տալ, խնդրում եմ, հիշեք սրանց մասին:
Փոխ. — Այսօր բարքերն ուրիշ են: Բայց , հուսով եմ, որ դրան չենք հասնի: Իսկ դուք չե՞ք շտապել:
Անձ — Դե, գիտեք, մտածում եմ, որ ապագայում, լինելով ձեր աշխատողը, ինձ էլ բախտ կվիճակվի հայտնվել այն վիճակում որում հայտնվեց` քարտուղարուհին…
փորձ եմ անում, փորձ…
(կրկին ներս է մտնում քարտուղարուհին)
Քարտ. — Պարոն Դավադյան, ֆաքս է եկել:
Տնօրեն — Հետո: Դրա ժամանակը չէ: Մեկ էլ, ով կհարցնի` տեղում չեմ:
Անձ — Որովհետև, կարևոր հանդիպում ունեք` ինձ հետ: Այնպես չէ՞: Թե՞, կեղծելու սովորույթը հանգիստ չի տալիս: (Նստած , դանդաղ հագնում է գուլպաները,ապա վեր է կենում, սեղանի վրայի ջրամանից ջուր է լցնում և խմում )
Տնօրեն — Ձեզ ո՞վ խոսք տվեց:
Անձ — Ինչպե՞ս, միթե քիչ առաջ չընդունեցիք: Մեծահոգությունն աստվածային շնորհ է: Դուք կնիքով հաստատեցիք, ինձ հարգելու ձեր հրամանը: Շնորհակալություն:
Քարտ. — Պարոն, շտապ է:
Տնօրեն — Տուր այստեղ:(կարդում է, քարտուղարուհին դուրս է գալիս)
Անձ — Այնպես գունատվեցիք,ասես թղթից ընդունած թունավոր գազն առավել էր…
Տնօրեն — (փլվում է աթոռին)
Փոխ. — Ի՞նչ կա, ի՞նչ է գրված…
Տնօրեն — Պայքարում եմ մի բանի համար, որն արդեն իմը չէ:
Փոխ. — Ձեր կյանքին վտա՞նգ է սպառնում :Չեմ հասկանում: Հա: Դժվար չէ կռահել: Հարցն աթոռի մասին է: Պայքար պաշտոնի համար: Նորություն չէ:
Անձ — (ծիծաղում է) Հա…հա …, այսինքն աթոռի՞: Նոր թու՞յն: Ես մենակ չե՞մ: Ցավակցում եմ: Կաշվիս վրա զգացել եմ, թե ինչպես են տրորում իրենց իշխանության կարելույն չափով: (տալիս է ճանճասպանը տնօրենին) Գուցե պե՞տք գա…
Տնօրեն — Ես ձեզ վնասել չեմ ցանկացել:Դուք շատ գնահատված աշխատող եք:Անգամ ես` դեմ էի շատերի կարծիքին`քեզ,կներեք ձեզ չհարգելու:Թեպետ մտածում էի, որ դուք արժանի էիք ավելիի` լավ շրջապատի, հոգատար վերաբերմունքի և գուցե մեր մերժումով դուք կտեղավորվեիք ավելի լավ աշխատանքի:Կամենում էի ավելին ունենայիք , քան մեզ մոտ է:
Անձ — Պարզվում է, ասացվածքները ճիշտ են:
Փոխ.-ՈՒ՞մ են նշանակում:
Տնօրեն — (մոտենում է Անձին , ձեռքից բռնում, նստեցնում է աթոռին, ինքը մնում է կանգնած, ճանճասպան տարան գրկած) :
Վերջ
1 մեկնաբանություն
Տվյալ ժանրից շատ բան չեմ հասկանում և աշխատանքի ոճական մասի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, բայց իմաստը արդիական էր ու յուրահատուկ ձևով ներկայացված: Վառ պատկերացում է տալիս “մի կտոր իշխանության ազդեցության” մասին: