Սիրանույշ Օհանյան | ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

Դովորդը հանգիստ քնած էր՝ գլուխը ոտքերով ծածկած, աչքերը բաց և ուշադիր՝ ինչպես միշտ։ Հարկավոր էր զգոն լինել. ամեն պահ կարող էր պետք գալ իր օգնությունը։ Շոշափուկներ հիշեցնող բազմաթիվ ոտքերը հանգիստ  փարվել էին պստլիկ գլխին, և իրանը մեղմիկ օրորվում էր. Դովորդն արդեն զգում էր, որ այսօր իր օրն է։ Մինչդեռ բույնը հանգիստ էր, ընդարձակ։ Ոչինչ այնտեղ չէր հիշեցնում անցած անգամվա բուռն, հաճելի ցնցումների մասին, երբ ինքը՝ Դովորդը, լիուլի հատուցում ստացավ իր երկարատև անշարժության դիմաց։  Ի՜նչ լավ էր։ Քնած Դովորդի բազմաթիվ տոտիկները սկսեցին ցնցվել երջանիկ հուշերից։ Բույնն աղոտ զգաց, որ թաքնված սպառնալիքն ասես աշխուժանում է։ Սակայն բույնը չափից դուրս երջանիկ էր այսօր, չափից դուրս լայնարձակ ու ազատ։ Նա նույնիսկ մտաբերել չէր ուզում ինչ-որ տեղ խորքում քուն մտած Դովորդի մասին, որն անցած անգամ առանձնապես անտանելի ու կպչուն գտնվեց։  Դովորդն այսօր իսկապես այնքա՜ն փոքրամարմին էր երևում անսահման բնում, այնքա՜ն աննշան ու մանրիկ, որ կարելի էր մոռանալ նրա գոյության մասին ու հանգիստ լինել։ Բույնն անխելք էր,  չխրատվող. Դովորդը քաջ գիտեր դա։ Նա արդեն չէր զարմանում այն հանգամանքից, որ բույնը ոչինչ չգիտի ինքն իր մասին, իր հրաշալի, կյանք պարգևող հատկությունների մասին. բույնը հաճելիորեն փոքրանում էր այն ժամանակ, երբ արթնանում էր ինքը՝ փոքրիկ, աննշան Դովորդը։ Գալիս էր իր լիակատար իշխանության ժամը, երբ հնարավոր էր անշտապ, հանգիստ սողալ զարմանալիորեն կծկված ու հարմարավետ դարձած բնում՝ նրա՝ որտեղից-որտեղ հայտնված մութ պատերը խճճելով դովորդային հետագծի պայծառ ցանցում։  Դովորդը սիրում էր զբոսնել։ Եվ ի՞նչու  ոչ։ Նա մեծանում էր, հզորանում, միանգամից լցնում դատարկ, անպիտան ու սարսափելիորեն լայնատարած բույնն իրենով։ Իր աճի հետ մեկտեղ փոքրանում էր բույնը, կծկվում, կուչ գալիս, և նրա պայծառ-լուսավոր, Դովորդի՝ մշտապես բաց աչքերը ցավեցնող կարծր պատերը մթնում էին, դառնում հաճելիորեն սև ու փխրուն։ Դովորդը գիտեր, որ իր հզորանալու առեղծվածը խորհրդավոր ձևով կապված է բնի փոքրանալու կենսատու ունակության հետ։ Ափսոս, որ չէր կարողանում կառավարելի դարձնել այն պահերը, երբ բույնն անհանգիստ ցնցվում էր ու արթնացնում իրեն՝ բաց, հիվանդոտ աչքերով քնած թույլ բնակչին։  Դովորդը դառնում էր կախարդական բնի միակ  տերը. նրան թվում էր, որ բույնը չունի որևէ այլ բնակիչ. թե ունենար, ինքը վաղուց կտեսներ դրանց։ Թե ունենար, գուցե տրորեին-ճզմեին իրեն. ամեն դեպքում կկորցներ իր հուսալի մենիշխանությունը։  Լավ է դովորդների համար. նրանց մշտատև բաց աչքերն ունակ չեն տեսնելու աշխարհը լցնող սքանչելիքները։

Բույնը երջանիկ էր, արբած։ Նա ոչինչ չէր ցանկանում տեսնել, ոչինչ չէր ցանկանում լսել. նա փակել էր անտեսանելի աչքերն ու տրվել անապակ երջանկության մոլեգին հորձանքին։ Պատերը, որ սովորաբար գոյություն ունեին որպես հարկադրած անհրաժեշտություն, որպես իր իսկ էությամբ պարտադրված հասանելի սահմաններ, հանկարծ անհետացել էին, ու բնի ողջ ներաշխարհը լցվել էր կապանքներից ազատվելու անկրկնելի բերկրանքով։ Այս անգամ կար պատճառ, չնայած երբեմն հնարավոր էր լինում ազատության շունչն զգալ հենց այնպես, անառիթ, ինչպես տոթ կեսօրին չգիտես որտեղից բարձրացած զովն է զգացվում։ Սակայն բույնն իրեն հաշիվ չէր տալիս ոչնչի համար։ Նա պարզապես երջանիկ էր, որ ապրում է, շնչում, որ կա երջանիկ լինելու դիպված՝ որքան էլ անհեթեթ ու աննշան լինի այն։  Դա կարող էր լինել վաղուց մոռացված ինչ-որ ծաղկի բույր, կարող էր լինել հանկարծ հայտնված գանգրասպիտակ ամպի մի փշուր կամ հարազատ ու ապրեցնող երաժշտության բռնկում. կարևոր չէ։ Կարևորն այն է, որ բույնը կարողանում էր զգալ այդ ամենն ու անսահման երջանիկ ու ազատ լինել դրանով. մնացածը դատարկ բաներ են։ Նրա գեղեցիկ, լուսավոր կենսատարածքը ծփում էր բազմագույն ծիածանի վառվռուն    երանգներով,  և  լույսի մեջ անհետացած պատերը զգացնել չէին տալիս իրենց խոժոռ ծանրությունը։ Այս ամենն արդեն անհանգստացնող էր. Դովոդը գալարվելով շուռումուռ եկավ։ Նա, իհարկե, ոչ մի դեպքում չէր կարող արթնանալ, քանի դեռ  մեծ, աննպաստ բույնը զզվելիորեն պայծառ էր,  լուսավառ, ու ինքը դատապարտված էր պահպանելու ոտքերով ծածկված  զգույշ գլուխը։ Պետք չէր հուսահատվել։ Անէության պես անգործունյա քնի խորքում նա աղոտ, անգիտակցորեն զգում էր, որ այսօր հիշարժան օր է լինելու։ Բայց դեռ չէր գիտակցում, դեռ չէր ազատվել, դեռ չուներ սողալու և գործելու ազատություն։

Բույնն անկաշկանդ երգում էր, և նրա երգի տակ էլ ավելի անթափանց ու խորն էր դառնում Դովորդի քունը։ Կարելի էր կարծել, որ սքանչելի երգը մի սպասված օր ընդմիշտ է քնեցնելու կրծողի անհագ ատամներով զինված, հազարոտնուկի պես վանելի Դովորդին, սակայն հազվագյուտ անկեղծ մտածողության պահերին երկուսն էլ հստակ հասկանում էին, որ չեն կարող ապրել իրարից անջատ։

Դովորդը ցնցվեց ու արթնացավ խորը, հարկադրված ու անհրաժեշտ քնից։ Բույնը ցնցվեց ու զգաց, թե ինչպես հանկարծակի հայտնված ծանր պատերը խեղդեցին արձակ տարածության ազատությունը։ Բույնը, ինչպես միշտ, չհասկացավ կտրուկ փոփոխության պատճառը, Դովորդն, ինչպես միշտ չհասկացավ իր արթնացումի հրաշալի շարժառիթը։ Երկուսն էլ համոզված էին, որ մեղավորը մյուսն է, երկուսն էլ չէին ցանկանում նայել ավելի խորն ու քննել հավանական, անտեսանելի ու դժվար որսալի պատճառները։ Պատճառներն ունեին իրենց արմատները. արմատները ձգվում էին հեռու, հեռու. դուրս բնի մաշված սահմաններից ու Դովորդի տեսահորիզոնից. Դովորդը միայն գիտեր, որ իր գոյությամբ պարտական է այդ առեղծվածային արմատներին, իսկ բույնն ընդամենը հասկանում էր, որ արմատները, թերևս, հնարավոր չէ վերացնել, որովհետև դրանք ունեն ժամանակի մեջ թաղված իրենց սկզբնաղբյուրը։ Ինչ որ է։

Բույնը մթնեց։ Խավարը սկսեց երգել իր երգերը։ Պատերը հաստացան, սևացան. նրանք դանդաղորեն, սպանիչ անտարբերությամբ սեղմում էին բնի երբեմնի ընդարձակ տարածությունում բանտված օդը։ Դովորդն արթնացավ ծանր, ժամանակավոր քնից, ձգեց, ապա թափահարեց կպչուն, թունավոր շոշոփուկները, ուրախ շուրջը նայեց. բույնը դանդաղորեն նեղանում էր։ Մինչ շնչասպառ լինող օդը կխեղդվեր անազատության անզորությունից, Դովորդն անշտապ թափահարեց հետզհետե մեծացող իրանը, կայծակի պես թռավ-փակչեց մոտակա պատին, գրկեց նրան իր կպչուն շոշափուկներով ու սկսեց հանդարտ սողալ. միևնույն ժամանակ զգում էր, թե ինչպես է վհատորեն կուչուձիգ գալիս վերջապես հարազատ դարձած բույնը, ինչպես է մեծանում իր՝ Դովորդի նուրբ, սննդի կարոտ բազմահոգ մարմինը։ Դովորդը սկսեց կրծել այժմ արդեն ողջ բույնը կազմող փխրուն, համեղ պատերը. պատերն անզորությունից լալիս էին, իսկ սովահար ճիճուն սուր ատամներով հոշոտում էր մթամած հոգու նրբահյուս լարերը։

Թողնել պատասխան

Your email address will not be published.