Ինչ որ մեկը թղթե ագռավներ էր վաճառում… Քամին ճոճում էր ագռավների թղթե մարմինները և խշշոց հիշեցնող կռկռոցը տարածվում էր փողոցի երկարությամբ, շուլալվում էլեկտրասյուներին, ապա քրքիջի վերածվելով հայտնվում էր սրա-նրա դեմքին… Դեմքերից մի քանիսը ծանոթ էին… Չէր հիշում նրանցից որ մեկն է երբևիցէ քրքջացել… Հիմա անզուսպ քրքջոցից նրանց մարմիններն ակորդեոնի նման բացվում-փակվում էին և ի վերջո սկսեցին ակորդեոնի ձայնով մարսելյոզ նվագել… Շարունակությունն ավելի զավեշտալի էր… Գլուխներն անջատվելով մարմիններից գնդակի պես գլորվեցին փողոցով… Երեխաները հետապնդում էին նրանց ու փորձում ոտքով հարվածել, բայց ամեն անգամ գլուխներին հաջողվում էր խուսափել հարվածներից և ավելի բարձր քրքջալով վազանցել ավտոմեքենաներին… Վարորդները խուճապի մատնված փորձում էին խուսափել վթարներից, բարձրացել էին մայթերին, Աստված գիտի քանիսին վրաերթի ենթարկելով… Եվ անսպասելի հորդառատ անձրև սկսվեց, այնքան հորդառատ, որ մեկ մետրից ոչինչ տեսանելի չէր: Պղտոր ջուրը հոսում էր վայրենի արագությամբ և շատերը հասկացան, որ այս գետը փոխում է քաղաքի նշանակությունը… Զգաց, եթե հապաղի, ջուրն իրեն էլ կքշի… Արագորեն սկսեց բարձրանալ աստիճաններով… Ջուրը սոված գայլի պես գալիս էր հետևից…
Ինքը բարձրանում էր` ջուրը հետևից… Զգաց, որ կրունկները թրջվում են… Բայց սարսափելին ուժգնացող քրքիջն էր, որ հրում էր մեջքից, ոնց գրաստի քշեր…Ուզեց շրջվել, բայց ոտքը սայթաքեց ու ամբողջ մարմնով ընկավ ջրի մեջ…Տպավորություն ուներ, որ ջուրը քշում էր իրեն մեկի կերակրափողի միջով… Չէր վախենում, մտածում էր կերակրափողի տերը քանի ժամում կկարողնար իրեն մարսել… Սակայն չգիտես որտեղից հայտնված թղթե ագռավները բռնեցին թևերից ու նրան օդ բարձրացրին… Որտեղի՞ց հայտնվեցին… Արևի շողը մոռացրեց ամեն ինչ, արևի շողը անմիջապես զգաց, ջերմությունից մազանոթները մաշկի տակ փքվեցին, մի քանիսը նույնիսկ պայթեցին և ամբողջ աշխարհը հանկարծակի տեղավորվեց մի կաթիլ արյան մեջ… Ու նորից տեղատարափ անձրևը… Խոնավությունը սպունգի պես կլանում էր ներսի ջերմությունը: Անսպասելի ինչ որ մեկը հրեց ու անծանոթ ձայնը բղավեց ականջին. «Թրջվեցիր, չե՞ս ուզում ծածկի տակ մտնել»: Սուպերմարկետը այնքան էլ հեռու չէր ու վազեց սուպերմարկետի կողմը:
…………
— Աշխարհը արյան կաթիլի մեջ կտեղավորվի՞…
— Երա՞զ ես տեսել…
— Ամեն օր էլ տեսնում եմ…
— Լավ չի, հոգեբույժի մոտ պիտի գնաս…
— Վատը նա է, որ սկսել եմ երազը իրականության հետ շփոթել…
— Հոգեբույժը կասի որն է երազ, որը իրականություն… Նրա գործն էդ երկուսը իրարից ջոկելն է:
— Բա որ էս ամենը ժամանակավոր լինի ու էդպես էլ անցնի՞…
— Ասա ուշ չլինի…
— Ուշն ի՞նչ կապ ունի:
— Լսել եմ դրանից խելագարվում են…
Խելքս տեղն է, չեմ ցնդի…
Երազը իրականությանը խառնելը հանաք բան չի:
Գժի տե՞ղ ես դրել:
Քեզ տես, իմ դնելն ու չդնելն ու՞մ է պետք…
…………..
Պոլիկլինիկայի դռան առաջ երկմտանքի մեջ էր` մտնի՞ թե չէ… Ներսում հայտնված աներևույթ պատը խանգարում էր վճռել` կես քայլ առաջ գնալ, թե՞ հետ դառնալ… Հուսահատված շուրջը նայեց… Օգնության ոչ մի հույս… Ծաղկի վրա իջնող թիթեռը զարմանալի գեղեցիկ թվաց, նույնիսկ ուրախություն հիշեցնող բան զգաց, երբ թիթեռը գունավոր հեղուկի պես արևի շողի միջով վեր բարձրացավ… Մի փոքր հանդարտվեց: Դեռ կարողանում է իրական աշխարհը տեսնել ու զգալ: Աչքը դատարկ նստարանին ընկավ… Նստարանի պատկերը ցնցեց մարմինը և մկանները տնքացին հոգնությունից… Չնստեց, մոտեցավ ու փլվեց նստարանի վրա, այն էլ մարմնի կեսով, ասես մարմնի մյուս կեսը դռան առաջ էր թողել… Վերջերս ամեն ինչն էր կիսված ու համարյա գիտեր ամեն ինչի մյուս կեսի տեղը, վստահ էր, որ գիտի… Բայց չէր կարողանում կեսերը մի տեղ հավաքել… Իսկը թերությունների մոլորակ… Գիշերվա երազը նորից ծանրացավ քունքերի մեջ… Մոլորակի բնակիչները թագավորի թերություններն էին… Ու մոլորակում սուգ էր… Կրթության նախարարը դիմումը գրել էր առանց տառասխալների:
Գրագիտության փաստը ցնցել էր հասարակությանը… Բոլորն էլ համոզված էին, որ պատճառը թագավորի հիվանդությունն էր… Բժիշկը հետուառաջ էր անում ու չգիտեր անելիքը… Չնայած հիվանդը թագավորն էր, միևնույն է, չէր կարող ձրի բուժել, ձրին ինքնասպանություն էր: Բոլորը մտածում էին ինչպես անել, չնայած մոլորակում մտածելն էլ հանցագործություն էր… Անելանելի վիճակ էր… Մոլորակը այդքան փորձությանը չէր դիմանա, առավել ևս թագավորը, եթե դրական լուրերի հոսքը չդադարեր… Թերությունների անհետացումը կամ սակավությունը կործանումի էր տանում մոլորակը… Ինքն ինչու՞ էր պատեպատ ընկել, ինչու՞ էր մտածում, որ իր հոգսն է փրկելը… Լարումից գլուխը մեծացել էր, հովանոցի պես ծածկել էր ուսերը… Եվ ուզում էր փրկել և միաժամանակ փորձում էր մոլորակի տեղը ճշտել… Ու կրկնակի լարումից գլուխը մոմի պես հալվեց, կաթկթաց ուսերին և ուսերից էլ թափվեց գետնին: Մոլորակը ոչ մի տեղից չէր երևում, գոնե հեռվից տեսներ, թեկուզ մշուշի միջից: Շփոթվել էր, չգիտեր անելիքը ու փրկություն էր նույն անծանոթ ձայնը: Ձայնը ցավի պես պտտվեց ամբողջ մարմնով ու նոր հասավ ականջին. « Քո մեջ, մոլորակը քո մեջ փնտրիր»:
…………
— Ներշնչվում ու փոշեկուլի պես մեջդ ես հավաքում երազները: Քամուն տուր անհաջող մտքերը, դեպի կյանքը գնա, հարբիր, սիրահարվիր, խիզախիր, ստեղծագործիր… Երբեմն էլ ստորություններ արա, որ իրականությունն ու երազը չշփոթես:
— Այսօրվանն ուրիշ էր… Մեկին նամակ պիտի փոխանցեի… Չհարցնես ինչ նամակ էր կամ որտեղից էի վերցրել… Հասցեատերը 54 երթուղու ավտոբուսի կանգառում պիտի սպասեր… Չեկավ, հետն էլ անձրև սկսվեց… Ավտոբուսը որ տեսա, չդիմացա ու նստեցի… Զարմացա, երբ վերջին պատուհանի տակ փոստարկղ էր ամրացված… Մոտեցա ու նամակը փոստարկղը գցեցի… Վերջ, պրծա: Մեկ էլ մեկը ուսս հրեց թե, « Ընկեր, ձեր նամակը ընկավ»: Նայեցի իսկապես գետնին էր: Բարձրացրեցի ու նորից փոստարկղը գցեցի: Ստուգեցի, ամեն ինչ կարգին էր: Բայց նորից նույն մարդը զգուշացրեց, որ նամակն ընկել է… Մի անգամ էլ բարձրացրեցի ու փոստարկղը գցեցի: Երբ երրորդ անգամ զգուշացրեց, հարցրի ո՞վ ես…
Առանց խառնվելու ասաց. «Նամակ գրողը»: Բարկացա. «Գրել էիր, դու էլ տանեիր»: « Քեզ ասել էին հասցետիրոջը տաս, այլ ոչ թե գցես ուր պատահի»: « Դու տայիր»;: «Որ կարողանայի` կտայի»: «Ի՞նչ է եղել, որ չես կարող»: « Հեչ, տասը տարի առաջ մեռել եմ»: Ավելի բարկացա, ուզում էի հայհոյել, բայց մարդու դեմքը ապակու պես հարթ էր, ոչ աչք, ոչ քիթ, ոչ բերան: Մտածեցի ո՞նց է մինչ հիմա չէի նկատել… Ուզեցի մի քանի հարց տալ, բայց չքվել էր, կողքիս չէր… Լավ նշան չի, մտածեցի, որ մեռածներն են սկսել նամակ գրել: Ի՞նչ են ուզում ասել կամ զգուշացնել, թե՞ արդեն էն օրի ենք, որ նրանք էլ են փորձում ծաղրել: Ծրարը բացեցի, ներսում ոչինչ չկար… Ու մեկ էլ մաղի մեջ եմ և էդ մարդն էլ հետս: Ինչ որ մեկը թափահարում էր մաղը, ոնց որ ալյուր մաղեր: Առաջինը մաղից ես ընկա, բայց տեսնում էի, թե այդ մարդն ինչպես է չարչարվում, որ ինքն էլ չընկնի: Շատ չարչարվեց: Ու հանկարծ մաղի ներսը լցվեց որդերով` գունավոր ու տռուզ…
— Վերջացրու, լրիվ շեղվել ես: Կամ բժշկի դիմիր կամ էլ չեմ ուզում լսել:
Չդիմացար, դու էլ ես ուզում լքել…
— Քեզ օգնություն է պետք… Հետագայում ավելի ու ավելի դժվար կլինի կողմնորոշվել…
Հաջորդ օրերին վիճակն անփոփոխ էր… Երազների բնույթն էր փոխվել: Անընդհատ հրդեհներից երկնքի կապույտը շիկնել, վարդագույն էր դարձել: Մարդիկ այրվում էին, փորձում էին փախչել, սակայն կրակը հասնում էր հետևներից ու վիշապի պես կուլ էր տալիս: Բոցերի միջից նայում էր կուլ գնացող մարդկանց ու մտքով էլ չէր անցնում փախչել… Կրակի վայրագությունից խղճի խայթը սեղմում էր կոկորդը, փորձում էր արդարանալ, իբր երազ է, իբր իրենից ոչինչ կախված չէ, միևնույն է, խիղճը ծանրանում էր կրծքին, ստիպելով շնչահեղձ լինել… Սարսափահար վեր էր թռչում, բայց ծխի հոտը արթուն ժամանակ էլ էր հետապնդում… Գնալով անհնարին էր դառնում այդ ամենին դիմակայելը… Նիհարել էր, ծերացել և ոտքերը քարշ տալով էր քայլում: Զգում էր, շարունակությունն ավելի ցավալի է լինելու: Պետք չէր հետաձգել և որոշեց թուլամորթությունն ու գոռոզությունը հաղթահարելով բժշկի մոտ մտնել: Հիմա նրա միակ հույսը բժիշկն էր: Պոլիկլինիկայի դռան մոտ աչքերը փակեց, որ շուրջը չնայի և նստարանը չտեսնի: Սակայն աչքերը փակ էլ տեսավ, ոնց է գեղեցիկ թիթեռը նորից իջնում է ծաղկին: Զարմացավ, որ թիթեռը կարող է ծանր լինել ու որ այդ ծանրությունը ծաղկի փոխարեն ինքն է զգում… Հապաղելը վտանգավոր էր և համարյա աչքերը փակ դռնից ներս մտավ: Մնում էր հոգեբույժի կաբինետը գտնել: Անորոշ տարիքի կինը մաքրում էր հատակը ու հետն էլ ինչ որ երգ էր դնդնում: Նրանից էլ հարցրեց հոգեբույժի տեղը:
— Քո փրկությունը վերևում է,- առանց նրան նայելու ասաց կինը, ավելացնելով,- աղոթիր, որ ձայնդ լսվի:
— Հոգեբույժի կաբինետի տեղն եմ հարցնում:
— Լսեցի… Միջանցքի վերջում է, աջ կողմի դուռը… Միևնույն է հոգեբույժի մոտ գնացողների փրկությունը երկնքում է:
— Շնորհակալություն,- ուզում էր զրույցը շարունակել հավաքարարի հետ, բայց ինքն իրեն հաղթահարելով քայլեց միջանցքի երկարությամբ: Հոգեբույժի կաբինետի դուռը կիսաբաց էր: Դռան արանքից ոչ մեկը չէր երևում: Ներս մտավ առանց դուռը բախելու: Իսկապես ներսում ոչ ոք չկար: Անհրապույր, վատ կահավորված սենյակից տհաճություն զգաց: Առանձնապես տհաճ էր ջրի հետքը առաստաղի վրա, որն անհայտ կենդանի էր հիշեցնում և իրեն տեսնելով թվաց գռմռաց կամ դրա պես ձայն հանեց: Մի քիչ էլ ու երևի դուրս կփախչեր, սակայն բժշկի բամբ ձայնը ստիպեց տեղում կանգնած մնալ:
— Լսում եմ:
— Ես, ես… ,- մոռացավ ինչ էր ասելու:
— Մի հուզվեք, նստեք, հանգստացեք, հետո կասեք ինչ որ ասելու եք:
— Շնորհակալություն, — զգուշությամբ նստեց ու կարծես նոր տեսավ բժշկին: Հաղթանդամ, բարի դեմքով տղամարդ էր և ուշադիր նայում էր իրեն, սպասելով, թե վերջապես երբ կսկսի խոսել: Բժշկի այդօրինակ համբերությունը ոգևորիչ էր և որոշեց խնդիրը ներկայացնել առանց այլևայլությունների:
— Քանի՞ տարեկան եք, — հարցրեց բժիշկը:
— Երեսունյոթ:
— Երևույթները երբվանի՞ց են, ուզում եմ ասել ինտենսիվ երազատեսությունը վաղու՞ց է:
— Վեց ամիս:
— Դրանից առաջ երազներ տեսնու՞մ էիք:
— Պատահում էր:
— Կարո՞ղ եք հիշել, ինչի՞ց հետո երազներն ավելի հաճախակի դարձան…
— Արտակարգ որևէ բան չեմ հիշում:
— Իսկ հիշու՞մ եք անցյալում ինչո՞վ եք հիվանդացել…
Փորձեց հիշել: Հեպատիտը հիշում էր ու միանգամից ասաց: Ոնց որ խոզուկով էլ է հիվանդացել, կարմրուկ… Հաճախակի թարախային անգինայով էր հիվանդանում: Թվարկում էր ու միաժամանակ տարակուսում, թե անցած հիվանդություններն ինչ կապ ունեն երազներ տեսնելու հետ: Մտածեց հաջորդ այցին անպայման կհարցնի: Որ էլի էր գալու, չէր կասկածում… Հետո բժիշկը խնդրեց ներկայացնել իրեն` ի՞նչ մարդ է, բնավորության առանձնահատկությունները, հուզվո՞ղ է, ներշնչվո՞ղ, քինախնդիր է, շփվո՞ղ է թե ինքնամփոփ, լավատե՞ս է թե հոռետես… Առանց հուզվելու պատասխանում էր, երբեմն էլ չկողմնորոշվելով, ասենք նախասիրությունների հարցում: Թվում էր բժիշկը չէր լսում, բայց ուշադիր էր, երբ երազների բովանդակությունն էր պատմում: Հետո անսպասելի դեմքը մոտեցրեց իրեն, երկար և ուշադիր նայեց աչքերին և շշուկով հարցրեց.
Չի՞ լինում, որ երազն ու իրականությունը չտարբերեք:
Սկսել եմ դժվարությամբ տարբերել, հաճախ շփոթում եմ որ՞ն է ավելի իրական` երազը թե՞ կյանքը:
— Հաճա՞խ եք շփոթում:
— Վերջերս ավելի հաճախ…
— Իսկ ցերեկները քնու՞մ եք:
— Թվում է անընդհատ քնած եմ…
Զրույցը երկարեց, արդեն երկու ժամ կլիներ: Բժիշկը, որ մինչ այդ գրում էր, վերջապես գրիչը մի կողմ դրեց:
— Անալիզներ են պետք, — ասաց մի տեսակ մտահոգ, ավելացնելով, — անալիզները վաղը, իսկ գլխի նկարահանումը այսօր էլ կարելի է… Դրանից հետո կորոշենք հետագա անելիքը…
— Բժիշկ, վիճակը ծա՞նր է:
— Անալիզներից ու նկարահանումից հետո ավելի պարզ կլինի:
— Բժիշկ…
— Լսում եմ:
— Հոգնեցի, հնարավոր չի՞ նկարահանումը վաղն անենք…
— Հնարավոր է, բայց պետք չէ ուշացնել : Դուք լուրջ հիվանդ եք:
— Կհիշեմ, բժիշկ, մինչև վաղը…
Փողոցում բժշկի ասածներից մի բան էր գլխում` ուշ չլինի: Ուշ լինելու մասին էլի էին զգուշացրել; Ուշանալուց ի՞նչ կարող է պատահել: Հո ինքն էլ չի՞ այրվելու… Ի՞նչ հրաշքով երազը կարող է իրեն վնասել… Զգուշացնողներն ինչի՞ց են վախեցնում… Փորձեց բժշկի ասածներից մանրամասներ հիշել… Ու նույն պահին անմարդկային հարվածից գետնին տապալվեց: Մեքենայի հարվածը զգաց ոտքի ծայրից մինչև մազերը: Զարմացավ, որ ցավ է զգում: Ուրեմը երազ չէ, մյուս կողմից էլ չէր հավատում, որ այդ ամենը կարող է իրական լինել և սպասում էր, ուր որ է ցավը կմեղմանա, ոտքի կկանգնի ու կշարունակի ճանապարհը: Հակառակի պես ցավը գնալով սաստկանում էր: Փորձում էր հասկանալ կատարվածը… Հետո մտքով անցավ, որ ուշացրել է… Սրա համար էին վախենում ուշանալուց: Զգում էր գիտակցության փոքրանալը, այնքան, որ կորեկաձավարի հատիկի չափ դարձավ… Սև, խիտ մշուշը չէր թողնում ինչ որ բան տեսնել: Եթե երազ էր, ապա նման չէր նախորդներին: Փորձեց գտնել տարբերությունը, բայց զգաց ինչպես է լուծվում խավարի մեջ ու ինչպես խավարի մեջ էլ ամբողջովին անհետացավ…
Արևի շողը ընկավ աչքերին, բայց չէր կարողանում հավատալ, որ շողն իր աչքերին է ընկել: Վերմակի տակ շոշափեց մարմինը, ձեռքը սահեցրեց թևերի ու ոտքերի վրայով և չէր համարձակվում բացել աչքերը… Մի՞ թե մահն էլ երազ էր… Համոզվելու համար վերջապես բացեց աչքերը… Ինչպես էր կարոտել արևի լույսին, երկնքի կապույտին, թռչունների ծլվլոցներին… Դուրս եկավ անկողնուց ու սկսեց թռչկոտել, մտքում անընդհատ կրկնելով` կենդանի եմ, կենդանի եմ: Հետո հոգնեց ու ընկավ մահճակալին… Ու նույն վարկյանին էլ կասկածը սեղմեց սիրտը, բայց հանդարտվեց, մտածելով, որ մեռածները երազ չեն տեսնում: Հաջորդ պահին սիրտն ավելի կծկվեց: Ի՞նչ գիտի` տեսնու՞մ են, թե չեն տեսնում… Կարևորը ճշտելն է` եղե՞լ է բժշկի մոտ թե՞ չէ: Եղե՞լ է, թե երազում է տեսել… Եթե եղել է, վթարն էլ է եղել, իսկ եթե ոչ, ապա… Մոտեցավ պատուհանին և արևի ջերմությունը զգալու համար հպվեց ապակիներին… Երբեք չէր մտածի, որ ջերմությունը կարող է այդքան հաճելի լինել…
Վերջին մեկնաբանություններ