Այնպես եմ ուզում կյանքս նորից սկսվի: Հիմա, երբ 85 եմ, կրկնակի եմ սիրում կյանքս: Կյանքը հիասքանչ է, այնքան գեղեցիկ: Այնքան ինձ հետաքրքրող բաներ կան: Նայում եմ իմ երիտասարդ թոռնիկին և ինձ թվում է՝ ես եմ 24, իսկ նա՝ 85: Ես դեռ կարող եմ սիրել: Իմ աչքերն իսկույն փայլում են տղամարդ տեսնելիս: Ես նստում եմ թեթևակի փեշերս վեր քաշած. այդ կանացի սեթևեթանքը ինձ հաճույք է պատճառում: Ավա՜ղ, շուտ արիացա, երբ դեռ շատ ծեր չէի: Հիմա դժվար է ապրել իմ ընտանիքում, որովհետև չեմ կարողնում լրիվ ազատ լինել ու ուտել սրտիս ուզածը: Ուտում եմ այն ինչ տալիս են. ես ունեմ իմ հացաբաժինը:
Պատահում է, որ ինձ սիրածս կերակուրներն են մատուցում: Այդ օրն ես աշխատում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել. իսկ երբ թեյը փոքր ինչ սառն է լինում, կամ հացը քիչ՝ չեմ հայտնում: Բայց չմտածեք, թե շատ կարևորություն եմ տալիս ուտելուն: Իմ ամբողջ կյանքը ես շատ լավ եմ սնվել, չնայած, երբ փոքր էի, մեր բազմազավակ աղքատ ընտանիքում նույնիսկ հացն էինք գողանում իրարից: Իմ եղբայրը մի օր ձեթն էր գողացել, բայց որ մայրիկս չիմանա՝ ջուր էր ածել շշի մեջ… Վերջը ես ծեծ կերա, քանի որ մեծն էի և պատասխանատուն:
Հիմա ուտելս էլ մարդավարի չի. ամբողջ օրս անցնում է նստած. եթե ամառ է, ապա բալկոնում եմ նստում, լսում կցկտուր խոսակցություններ, նայում՝ ով եկավ, ով գնաց: Ուտում եմ նույնպես բալկոնում, մի փոքր սեղանիկի վրա և առանձին բոլորից: Դա ինձ նվաստացնում է: Եթե միասին ենք ուտում, նույնպես նեղվում եմ, մտածում եմ՝ հեսա կհաշվեն կերածս, հանկարծ շատ չլինի, որ հետո երեսովս տան: Ախր, ատամ էլ չունեմ և լնդերով ծամելիս շատ տարբեր ձայներ եմ հանում: Բայց, եթե մի քիչ ուշանա ընթրիքս, գազանի պես հարձակվում եմ ուտելիքի վրա և առանց պատառաքաղի՝ հացով մաքրազարդում ամբողջը. չեմ համբերում, մինչև անգամ քաղցրը խառնում եմ պանիրի հետ: Եթե քաղցած եմ լինում անմիջապես վեճեր են ծագում, որոնք ինձ հասցնում են խենթության աստիճանի: Անիծում եմ, լացում… մեղանչում: Ո՞ւմ է պետք իմ էս կյանքը, դուրս է գալիս, որ ես միայն խանգարում եմ: Բայց ոչ, ես ուզում եմ ապրել ու վայելել կյանքիս վերջին օրերը, չէ՞ որ դեռ չեմ մեռել:
Ես ուզում եմ ինձ հավասարի պես վերաբերվեն, խնամք տանեն, վիտամիններ ընդունեմ, որ տեսողությունս լավ լինի և չհիվանդանամ: Շատ ժամանակ ես կարողանում եմ խենթ ձևանալ, երբ դա ինձ ձեռնտու է, իսկ հետո ասել, որ այլայլվել էի, դա ես չէի…
Ամբողջ օրը կարմիր կազմով աղոթագիրքս հետս ման եմ տալիս իմ սենյակից դուրս և՝ հակառակը: Բազմաթիվ էջանոցներով եմ լցրել գիրքը: Էջանոց են ծառաոյում՝ և՛ նոր գնված հագուստի պիտակը, և՛ կոնֆետի թուղթը, և՛ թերթերից պոկած մասնիկներ, ֆուտբոլիստների նկարներ, հին թղթադրամ, մի խոսքով՝ ինչ ձեռքս ընկնի: Ժամանակ առ ժամանակ, գրքիս կազմը պոկվում է, խնդրում եմ թոռանս կպցնել: Դա կարող է մի քանի օր տևել քանզի հիմա երիտասարդության հիշողությունը լավ չէ՝ դրանց թվում թոռանս, թեև չեմ զլանում ամեն օր հիշեցնել, և դա անում եմ զգուշորեն, ժպիտով, երբեմն թախանձանքով: Ես գիտեմ գործը ոնց է արվում:
Թեև ունեմ իմ սենյակը, բայց էլի դժգոհ եմ: Ձմեռները մրսում եմ, որովհետև վառարանը վառվում է միջին սենյակում, իսկ իմ սենյակի դուռը ծածկում են: Ինձ համար պլիտա են վառում, բայց այն չի բավարարեցնում: Ինձ շիշ են տալիս տաք ջրով: Իմ խնամքով աղջիկս է զբաղվում: Նա վաղուց ինքնուրույն է դարձել: Տասնևյոթ տարեկանից ապրել է Երևանում և ուսանել: Անդադար բողոքում է, թե ես այն ժամանակ անտեր եմ թողել իրեն: Նա պարզապես չի տեսել, թե ուրիշ մայրերը ոնց են վերաբերվում իրենց երեխաներին: Չէ՞ որ ես աշխատել եմ և մենակ եմ մեր կյանքը տնօրինել, մենակ եմ դաստիարակել նրան: Ես տուն ունեի, որը մնացել էր ինձ իմ երկրորդ ամուսնուց: Նա շաքարախտով էր տառապում ու ես խնամում էի նրան: Լինում էին վեճեր կերակուրի պատճառով, որովհետև մեր ուտելիքները առանձին էին. չէ որ ես հիվանդ չէի… Հիշում եմ մի անգամ խուրման ծեփվեց պոլին: Էհ, ի՜նչ օրեր եմ քաշել: Երբ հղի էի ու դեռ աշխատում էի, ստիպված էի ամուր փաթաթվել շալով, որ ոչ-ոք չիմանա հշիությանս մասին: Ինչ արած, կյանքն այդպես է, միշտ ուժեղներն են հաղթում:
Շոգին գուլպաներով ահավոր է, բայց ավելի ահավոր է իմ ծեր մաշկը: Ես լվանում եմ իմ թաշկինակը հոսող ջրի տակ օճառով, հետո կախում չորանալու: Դա իմ ամբողջ լվացքն է կազմում: Իսկ ջուր խմելիս բաց եմ թողնում ծորակը և սպասում, թե երբ ջուրը կսառչի, քանզի ինձ պես ծերացած խողովակները շուտ են տաքանում արևի տակ: Պատահում է, նստում ու լաց եմ լինում նույնիսկ դրա պատճառով: Կյանքս կյանք չի, էլի: Ասես չորացած ավելուկ լինեմ կախված պարանից:
Բայց, երբ մեկը մեր տուն է գալիս, ես անմիջապես սկսում եմ հետաքրքրվել, զանազան հարցեր տալ, օրինակ՝ եղանակի կամ նրա անձնականի մասին: Հաճոյախոսում եմ, ասում եմ, որ իմ աչքի լույսն է, ամենացանկալի հյուրը: Սակայն գնալուց հետո մի տեսակ հիասթափվում եմ ու սկսում փնովել: Երբ թռնիկս է հյուր ունենում կամ աղջիկս, հատուկ սեղան է պատրաստվում: Լինում է, որ ես էլ նստում եմ բոլորի հետ, լինում է, որ հեռվից եմ հետեվում զրույցին. լինում է, կենաց եմ ասում, որը հաճախ երկարում է ու ձանձրույթ պատճառում ներկաներին: Իսկ հյուրերին ճանապարհելիս, երբ սենյակը դատարկվում է, գաղտագողի կոնֆետներ եմ վերցնում ու պահում թաշկինակիս մեջ ու դնում գզրոցս, որպեսզի չհալվի: Մի անգամ մոռացա, կոնֆետը մնաց գրպանումս ու մարմնիս տաքությունից հալվեց ու կպչեց թաշկինակիս… Աղջիկս շատ բարկացավ:
Սենյակիս միակ պատուհանը նայում է մեր բարեկամների այգուն: Մեկ-մեկ առավոտյան թաքնվում եմ վայագույրի հետև ու լրտեսում հարևաններին: Երբեմն էլ մոռանում եմ վարագույրը քաշել ու կանգնում եմ բաց պատուհանի առջև: Երևի ինձ նկատում են ու ասում աղջկաս, որովհետև աղջիկս դարձյալ բարկանում է ու նախատում ինձ: Է՜հ, կյանքս անհետաքրքիր է և ստիպված եմ այսպիսի բաներով ինքս դա ծաղկեցնել:
Սաստիկ վախենում եմ մահից, երևի մոտ է՝ դրա համար: Երբեմն զգում եմ իր ներկայությունը և այդ պահերին սարսափած բոլորին կանչում եմ, լինի դա ցերեկը կամ ուշ գիշերին:
Բայց, դե, դեռ ապրում եմ…
2010
Նյմ 11 2010
2 մեկնաբանություն
Շատ հետաքրքիր և անկեղծ էր:Ես էլ 94 տարեկան տատիկ ունեմ:
Yeritasard shorhali geghankarich, ardzakagir Lilit Chuchi Shahmuradyanin tsanotacel em FB-um yev chem apsosum nra het unecac im heraka zruycneri hamar: Inqnatip ays hayuhin ir “TSEX@” manrapatuvov isk gravewc im ushadrutyun@: Aynuhetev kardaci 2-n u 3-@…Hordoreci’ tghtakcel Tehrani hayeci “Grakan Kamrjin” yev chzghjaci: Na ardaracrec im spasumner@: Apaga unecogh grogh e: