Արմինե Պետրոսյան | ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԿԻՆ ԵՎ ՏՂԱՄԱՐԴ՝ ՕՌԼԱՆԴՈ

Միաժամանակ կին և տղամարդ…Մի՞թե հնարավոր է: Պարզվում է` այո’: Այդպիսին է հռչակավոր անգլիացի գրող Վիրջինյա Վուլֆի «Օռլանդոն»` համանուն վեպի հերոսը: «Օռլանդո» վեպը բազմաշերտ և բազմաբովանդակ ստեղծագործություն է: Այստեղ շոշափվում են թե’ հավերժական թեմաներ ու հարցեր, թե’ կենցաղային մանրուքներ և, առհասարակ, այն հարցերի շղթան, որը միշտ զբաղեցրել է Վուլֆին ու կարմիր թելի պես ձգվում է նրա բոլոր գեղարվեստական և գիտական ստեղծագործությունների մեջ: Քանի որ Վուլֆը տենդենցիոզ հեղինակ չէ, նրա միտումները հասկանալու համար «բանալիներ» են պետք: Միայն նրա բոլոր ստեղծագործությունները կարդալով` կարող ենք տողերի արանքից տեսնել Վուլֆին անհանգստացնող հարցերն ու դրանց պատասխանների վուլֆյան որոնումները: Ընդ որում տարբեր հերոսներ նույն հարցի շուրջ տարբեր կարծիքներ են արտահայտում, և հեղինակը չի միջամտում իր ուզածը քարոզելու, այլ թողնում է, որ ընթերցողն ինքը ընտրի իր համար ճշմարիտը: Չէ՞ որ ճշմարտությունը հարաբերական հասկացություն է, ամեն մեկն ունի իր ճշմարտությունը: Վուլֆը կարևորում է պատրանքի դերը. «Ճշմարտությունը մեզ վերածում է ոչնչի: Կյանքը երազ է: Արթնացումը սպանում է: Նա, ով մեզանից խլում է երազը, նա խլում է մեր կյանքը:.. Մութը պատրանքներ է ծնում, լույսը ճիշտն է խփում երեսիդ»: Վուլֆի գրիչը հզոր է, սեղմ ու դիպուկ: Նրան հատուկ է հեգնանքով և հաճախ էլ իրոնիայով ու սատիրայով գրելաձևը:

Վուլֆի վրա մեծ ազդեցություն են գործել նաև այդ ժամանակ տարածված փիլիսոփայական և հոգեբանական տեսությունները (հատկապես` Զ. Ֆրեյդ): Հարցերը, որոնք մտատանջել են մեծ անգլուհուն, զուտ փիլիսոփահոգեբանական տեսական և կյանքից կտրված մտածումներ չէին, այլ խոհեր, որոնք պատում են ցանկացած խելահաս անհատականության: Դրանք են կյանքի և մահվան ես-ի ու ես-երի, տղամարդու և կնոջ փոխհարաբերությունների, բնության, գրականության` գրողների ու գրաքննադատների, ազգերի և պետությունների, պետական վարչակարգի, գիտական ձեռքբերումների և բազում այլ ոլորտներին վերաբերող վուլֆյան մտածումներն ու պատկերացումները: Վուլֆը խրատատու «տատիկ» չէ. նա մատուցում է նյութը, իսկ եզրահանգումները թողնում ընթերցողին: Իրեն անվանելով Օռլանդոյի կենսագիր` նա հնարավորություն է ստանում մանրամասն չանդրադառնալու գործող այլ անձանց հոգեկան աշխարհների, նրանց կատարած գործողությունների դրդապատճառների նկարագրությանը: Սակայն կարճ, բայց դիպուկ դրվագներով լիովին պատկերացում է տալիս գործող բոլոր անձանց մասին: Ինչպիսին կյանքն է` լի հանելուկներով, անպատասխան, կռահելի դեպքերով, այնպիսինն էլ Վուլֆի ստեղծագործությունն է: Վերցնենք մի դրվագ «Օռլանդո»ից. “Օռլանդոն» վշտանում է, հոգեպես մահ ապրում Սաշայի դավաճանության պատճառով, բայց գուցե, եթե Սաշան չդավաճաներ, “Օռլանդոն» ինքը հետագայում ձանձրանար նրանից: Այս կասկածն ընթերցողի մոտ առաջացնում են հետևյալ տողերը. «”Օռլանդոն» հանկարծ Սաշայի մեջ տեսավ կոպտություն,վայրենություն:Պատկերացրեց նրան քառասուն տարեկանում գեր, թառամած կնոջ» (այսուհետ հանդիպող բոլոր մեջբերումների թարգմանությունները` Ա.Պ.): Վուլֆի ընթերցողը սովորական կարդացողը չէ, նա գրում է «նրանց համար, ովքեր կատարել են ընթերցողի իրենց պարտականությունը, ովքեր մեր` այստեղ-այնտեղ արած ակնարկներից հասկացել են ամբողջ զարգացումը, ովքեր մեր թաքուն փսփսոցի մեջ լսել են հերոսի կենդանի ձայնը, անգամ առանց մեր ցուցման դիտել են նրա դիմագծերը և առանց մեր որևէ հուշումի հասկացել են նրա բոլոր մտքերը, հենց այդ ընթերցողի համար էլ մենք գրում ենք: Այդպիսի ընթերցողի համար պարզ է, որ “Օռլանդոն» բաղկացած էր բազում հակումներից …» :
«”Օռլանդոն»» կենսագրական ակունքներ ունեցող վեպ է, չնայած դրան`կենսագիրների և նրանց գրվածքների մասին հոյակապ իրոնիա է: Հենց սկզբում նշվում է, որ վեպը նվիրված է Վիտա Սեկվիլ-Հուեսթին` Վ. Վուլֆի համասեռամոլ ընկերուհուն: Գրքում նկարված կին “Օռլանդոն» նույն ինքը Վիտան է (Վ.Սեկվիլ-Հուեսթը շատ հայտնի գրող էր , նրա գրքերը ավելի մեծ հաջողություն ունեին, քան Վուլֆինը): Չնայած այս ամենին` մենք կարծում ենք, որ Վուլֆը իր կերպարն ու ապրումներն էլ է մտցրել Օռլանդոյի բնութագրման մեջ: Նշվում է, որ Օռլանդոյի սիրելի Սաշայի կերպարը կերտելիս Վուլֆը նկատի է ունեցել Վիոլետտային (Վիոլետտան Էդվարդ 7-րդի սիրուհի Ալիսա Կեպպելի դուստրն էր, որը սիրային կապի մեջ էր Վիտայի հետ): Վիտայի ամուսին Հարոլդ Նիքոլսոնն էլ կին Օռլանդոյի ամուսին Շելմերդին Մարմանդյուկ Բանտրոպի մարմնավորումն է: Մեր հերոսի առաջին «մեծ քնին» նախորդող գիշերը նրա մոտ պարանով բարձրացած պարուհի Պեպիտան Վիտայի տատն էր` իսպանացի գնչուհի:
Չնայած վերը նշվածին` Վուլֆը՝ «”Օռլանդոն»» որպես կենսագրական վեպ գրելաձևը ընտրել է ոչ միայն քննադատելու կենսագրություն գրելու հնարավորությունները, այլև կարողանալու չմանրամասնել գործող այլ անձանց բնավորությունը, վարքը և այլն, բայց դա չի նշանակում, որ սրատես ընթերցողը չի կարող բոլոր մանրուքներով պատկերացնել, տեսնել գործող հերոսներին, անգամ աղախին Բարտոլոմյոյին, փողոցի աղջիկ Նելլիին և այլոց: Յուրաքանչյուր կերպար սիմվոլիկ է, բայց և լիովին տիպական, քանզի ամեն մի մարդ բազում «ես»-եր է պարունակում ու միաժամանակ ֆենոմենալ էություն է: Իսկ տիպական են բոլորը, և այնքան, որ հեղինակն հաճախ անուններն էլ չի նշում` լեդի Ռ., լեդի Մ., միստր Բ.: Օրինակ` աղախին Գրիմզդիտչը 16-17-րդ դարերի ազնվականական տների տիպիկ աղախնու կերպար է, աղախին Բարտոլոմլյոն` 18-19-րդ դարերի, աղախին Լուիզան` 20-րդ դարի առաջին կեսի, Նիք Գրինը` երբեք չմեռնող ու յուրաքանչյուր դարաշրջանում այդ դարի դիմակն հագնող կերպար, նույնիսկ “Օռլանդոն» իր բոլոր առանձնահատկություններով ու ֆենոմենալությամբ տիպական կերպար է և փոխվում է`ըստ ժամանակների արժեքային համակարգերի փոփոխման:
«Օռլանդոն» տարբեր ժամանակներում արժանացել է տարբեր գնահատականների: Իր ստեղծման ժամանակաշրջանում վեպը Անգլիայում այնպես է ընդունվել, որ Վուլֆերի ֆինանսական վիճակը լիովին կայունացել է, և նրանք ձեռք են բերել առաջին ավտոմեքենան: Հասարակությանը գրավում էին «Օռլանդոյի» մասին արտահայտությունները. «Ֆանտաստիկ կենսագրություն: Միսիս Նիքոլսոն և Օռլանդո: 300 տարի Տղամարդ և Կին»: Միաժամանակ դիտարկվում էր նաև որպես գրական լուրջ գործ: Վիտա Սեկվիլ-Հուեսթի որդի Նիգել Նիքոլսոնը «Օռլանդոն» կոչում է «ամենաերկար և հմայիչ սիրային նամակը գրականության մեջ» : “Saturday Review” ամսագրում գրված է.«Օռլանդոն» ողբերգություն է հազվադեպ և լարված ինտելեկտի գործունեության, որը գործածվում է հորինելու մեթոդով` ստեղծելով հորինելու թեորիա՚ : “Manchester Guardian”-ը նշում է, որ Վուլֆն օգտագործել է մոդեռնիստի տեխնիկա, որպեսզի բացատրի կենսագրության ժանրը: Ժոզեֆ Ուորեն Բիչը գրում է, որ «գրքի էությունն այն է, որ մի մարդն իր մեջ պոտենցիալ հնարավորություն ունի պարունակելու բազում ես-եր»: Նյուտոն Դեբորան գտնում է, որ Վուլֆը «Օռլանդո»-ում ժամանակի անհանգստությունն է կիզակետել: “HBJ-1973”-ում ասվում է «Վուլֆն ստեղծեց ծամանակի և սեռի ազատության սիմվոլը…Փայլուն ներկայացված է շքերթը Անգլիայի պատմության, հասարակության, գրականության: Այն նաև ֆեմինիստի սրամիտ գնահատականն է սեռերի բնույթին» : Մինչ այդ ոչ մի էական բնորոշում չէր տրվել: Ըստ մեզ «Օռլանդոն» խոհափիլիսոփայական ստեղծագործություն է և բնավ ոչ ֆանտաստիկ ժանրի գործ, ինչպես Վուլֆի ժամանակներում կարծել են որոշ տեսաբաններ և ընթերցողների մի մասը: Վեպը գրելիս Վուլֆը դիմել է ֆանտաստիկ ժանրի որոշ ձևերի և այլաբանության, որպեսզի ցույց տա, թե յուրաքանչյուր մարդու մոտ կա երկվություն սեռերի հարցով (կարծում ենք նաև, որ այստեղ կարող է լինել Վուլֆին շատ հարազատ անդրոգինյան թեման)/, և որպեսզի մեկ մարդու աչքերով ցույց տա երեք դարից ավելի ժամանակահատվածում կատարվածը, փոփոխությունները, որ կարող են բերել կամ չբերել 300-ից ավելի տարիները: Ի՞նչն է մարդու մեջ հիմնական, որ չի փոխում անգամ սեռը կամ դարը, և ի՞նչն է փոփոխականը: Ի տարբերություն ժամանակակից Ջոն Գոլսուորդիի, որին պետք է եղել 6 հատոր Անգլիայի պատմության որոշակի ժամանակահատված ներկայացնելու համար` Վուլֆը 300-ից ավելի տարիների պատմությունն ամենահիմնական ու որոշիչ փաստերով հիանալիորեն տեղավորում է մի սեղմ գրքի սահմաններում: Եթե Գոլսուորդին ընկնում է մանրամասնությունների մեջ, որտեղ ավելի ցայտուն է երևում նրա միտումնավորությունը, Վուլֆը հակիրճ, բայց դիպուկ արտահայտություններով ու տեսարաններով բացում է մեր դեմ 16-20-րդ դարերի Անգլիան` իր ողջ հասարակական կյանքով, քաղաքական հայացքներով, մշակույթով ու կենցաղով: Վուլֆը ժամանակն իր ձեռքում խաղացնում է:
Եթե նայեն «Օռլանդո»-ի սյուժեին, ապա այն առաջին հայացքից ֆանտաստիկ պատմություն է մի մարդու մասին, որը 16-րդ դարում 16-ամյա ազնվական էր, հետագայում պալատական է դառնում, թագուհու ֆավորիտը, ապա սիրահարվում է մի ռուս իշխանուհու, որը դավաճանում է նրան, գնում է Թուրքիա`որպես դեսպան, այստեղ կատարված հեղափոխությունից հետո, առաջին «մեծ քնից» արթնանալով, իրեն հայտնաբերում որպես կին,և այդ կարգավիճակով ապրում մինչև 20-դարի սկիզբը` դառնալով միմիայն 36 տարեկան: Վեպի վերջում կասկածի տակ է դրվում նաև Օռլանդոյի իրական գոյ լինելը. «Գիշեր էր… Ամրոցը անպատ էր, անպտուղ: Այն ուրվական էր` լիովին հանգիստ ու լուռ:Սպասում էր հանգուցյալ Թագուհուն (թագ. Էլիզաբեթ) : Նորից կառքից դուրս եկավ Թագուհին…Խփեց 12-ը. 1928թ-ի հոկտեմբերի 11-ի հինգշաբթին էր՚:
Իրականում, սակայն, վեպը բոլորովին հեռու է մտացածին հորինվածք լինելուց: Օռլանդոյի «երկարակեցության» իրական բովանդակությունը բացահայտում է նաև ինքը` հեղինակը. «Չի կարելի ժխտել, որ հենց մարդկանց կյանքի արվեստում նորացված 60-70 ժամանակներ են համաչափորեն խցկվում, և այդ բոլորը միասին հոսում են մարդկային օրգանիզմում: Ներկա ակնթարթը չի խեղդվում անցյալում: Կան մարդիկ, որոնց մասին կարող ենք ասել, որ ապրել են 68 կամ 72 տարի` ճիշտ գերեզմանաքարին գրվածի համաձայն: Իսկ որոշ այլ մարդկանց մասին կասենք, թե մահացել են, թեկուզև ապրում են մեր կողքին: Ինչ-որ մեկը դեռ չի ծնվել, թեկուզ փոխվում է, հասունանում, ծերանում: Ինչ-որ մեկն էլ արդեն մի քանի դար է ապրում, թեկուզ կարծում են, որ նա 36 տարեկան է: Մարդկային կյանքի իրական երկարությունը, ինչ էլ հաստատի «Ազգային կենսագրության» բառարանը, միշտ էլ վիճահարույց հարց է»:
Մարդկային կյանքի և մահվան մասին մտածումները շատ են հուզել Վ. Վուլֆին: Նա իր բոլոր ստեղծագործություններում անդրադարձել է այս թեմային: «Օռլանդո»-ում էլ հեղինակը այս հարցերի պատասխանն է փորձում գտնել` զրուցելով ընթերցողի հետ: Օռլանդոն կյանքի և մահվան մասին առաջին անգամ մտածում է պալատում: Նրան հանկարծ պատում է ձանձրույթի իր նոպաներից, նա սկսում է մտածել մահվան մասին, գտնում է, որ երջանկությունը հակադարձ համեմատական է թախիծին: Ավելի խորը և հստակ պատկերացնումներ Օռլանդոյի մոտ ձևավորվում են Մեծ ջրհեղեղի ժամանակ, երբ տեսնում է նավակների մեջ ծվարած մարդկանց, որոնք բոլորն էլ խեղդվում էին, բայց մեռնելիս ամեն մեկը տարբեր վարքագիծ էր դրսևորում: Այստեղ ներկայացված են սահմանային իրավիճակում մարդկային տարբեր տիպերի դրսևորման տարբեր ձևերը: «Ո՞վ կասի, որ մարդու բոլոր հանդիպումներից ամենաանհասը աստվածության հետ հանդիպումն է:…Բոլորն էլ դոփում են այդ դռան հետևում: Նույնիսկ հավատացյալը դժվար թե այն բացի, և մի՞թե նա մյուսներից ավելի շատ է պատրաստ մահվան կամ շտապում է հանձնել իր ունեցվածքը, …որը նրան չի խանգարում հավատը պահել և ասել, թե այն ապացուցում է երկրային բոլոր բարիքների ունայնությունը` մահը դարձնելով ամենացանկալին» -ասում է Վուլֆը: Այստեղ, բացի ընդհանրապես մարդու էությունը ներկայացնելը, հեղինակը նաև կծու ակնարկով անդրադարձել է հոգևորականությանը և եկեղեցուն:
Կյանքի և մահվան յուրատիպ ըմբռնումների դրսևորում է նաև Օռլանդոյի «մեծ քունը», որը պատում է նրան մի քանի անգամ` նրա կյանքում բեկումնային պահերի: «Գո՞ւցե մենք այնպես ենք ստեղծված, որ մահը տրվում է մեզ ամեն օր փոքր բաժիններով, որպեսզի հաղթահարենք կյանքի դժվար գործը: Եվ մի օտար, անտեսանելի ուժ մեր կամքից անկախ փոխակերպում է մեր մեջ ամենաթանկը: Գո՞ւցե Օռլանդոն, չտանելով տանջանքները, մի շաբաթով մեռավ, հետո հարություն առավ: Այդ դեպքում ի՞նչ է մահը: Եվ ի՞նչ է կյանքը:» Վուլֆը առաջադրում է հարցեր, նկարագրություններում թողնում հարցականներ, որոնց պատասխաններն ընթերցողը կգտնի կամ Վուլֆի ստեղծագործության այլ էջերում կամ էլ սեփական մտքով և երևակայությամբ: Նա մահը չի դիտում որպես միայն ֆիզիկական ոչնչացում, այլ մարդը կարող է ֆիզիկապես գոյություն ունենալ, բայց մտքով և հոգով մեռնել. «Չէ՞ որ մարդիկ ամեն օր մեռնում են ճաշի սեղանի շուրջ, աշնանային անտառներում…» : Խոսքը դատարկված մարդկանց մասին է, որոնք այդ պահին կամ իրենց ամբողջ կյանքի ընթացքում իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Մարդը կարող է մարմնապես մահանալ, բայց իր թողած գործերով, արժեքավորությամբ ու կարևորությամբ միշտ կենդանի լինել: Իրենց իմաստով և բովանդակությամբ ունայն մարդկանց մասին է, որ Վուլֆը գրում է «300-400 տարի առաջ էր, որ այդ կմախքները մարդիկ էին, և այժմյան դուրսպրծուկներից ոչ պակաս էին ձգտում իրենց տեղն հաստատել արևի տակ, որին և հասնում էին, երբ պոետները` մարդիկ մեծ ոգու և կրթության տեր, գերադասում էին մենակությունը և անդորրը, որի համար և վճարում էին աղքատությամբ» : Ժամանակը երբեմն թվում է երկար, հավերժ, երբեմն էլ` կարճ: Մարդը մեկ ժամում կարող է իրեն ծերացած զգալ երեսուն տարով, նույն մի ժամում` երիտասարդ նույնքան ժամանակով: Կյանքը Օռլանդոյին թվում էր անվերջ, բայց և չքվում էր ակնթարթի պես: «Կյա’նք, կյա’նք, ի՞նչ ես դու:Լո՞ւյս ես, թե՞ խավար:…Եթե հարցնես մրջյունին կամ մեղվին, կասեն կյանքը աշխատանք է, իսկ թիթեռները կասեն ծիծաղ է: Բոլորին հարցնելուց հետո էլ չենք իմանա և տուն կդառնանք մի փոքր անգամ չխելոքացած, այլ ավելի ծեր և չոր դարձած: Ընթերցողին էլ` ով սպասում է հարցի պատասխանին, ցավոք, պիտի ասենք, որ մենք չգիտենք»: Անպատասխան հարցերի միջոցով Վուլֆը աշխատեցնում է ընթերցողի ուղեղը և, ի տարբերություն որոշ այլ գրողների, չի փորձում որևէ կարծիք փաթաթել կարդացողի վզին: Կարևորվում է բազմակարծության դերը. չէ՞ որ ամեն մի մարդ իր մեջ այնքան ես-եր է պարունակում, որ հաճախ ինքն էլ իր հիմնական, միակ կարծիքը չի կարողանում առանձնացնել: Վուլֆի ապրած ժամանակաշրջանը հոգեկանի մեջ թափանցելու, ես-երի վերլուծության, ֆրեյդիզմի ժամանակն էր: Գրողը, կրելով տարածված փիլիսոփայահոգեբանական ազդեցությունները, սեփական փնտրտուքն էր անում` գտնելու իրեն հուզող հարցերի պատասխանները: «Եթե մեր ուղեղում միաժամանակ (կոպիտ հաշվարկով) 60-70 տարբեր ժամանակներ են հոսում, ապա ինչքան մարդիկ, նույնիսկ մտածելն է սարսափելի, խառնվում և ապրում են մեր ուղեղում միաժամանակ կամ ոչ միաժամանակ: Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ մարդ մենակ մնալով` ասում է` Օռլանդո (եթե դա իր անունն է)»: Այսինքն` մարդն ուզում է իր մի այլ «եսը», ահա’ թե ինչու այդպես փոխվում են մեր ընկերները, ծանոթները, բայց մեր կամքով չէ, որ մեկը գալիս է, մյուսը գնում, այլ` հանգամանքների: Ապա շարունակվում է «ես» հասկացության ավելի խոր վերլուծությունը, «ես»-ի, որը փոխվում է յուրաքանչյուր շրջուղու ժամանակ.» …Շատերը գիտակցող «եսը» անվանում են միակ «ես», և իբրև այն իր մեջ է պարունակում բոլոր «ես»-երը, որոնցից էլ մենք կազմված ենք, «բանալի ես», որը հպատակեցնում է մյուս բոլոր «ես»-երին»: Եվ իրականում, եթե յուրաքանչյուր մարդ քննի իր էությունը, կտեսնի, որ բաղկացած է բազում էգոներից, որոնք կյանքի տարբեր դրվագներում հանդես են գալիս, նույնիսկ լինում են պահեր, որոնց հետո անդրադառնալիս մարդ զարմանում է իր կատարած արարքի կամ ասած խոսքի համար: Այդպես փոփոխական է մեր վերաբերմունքը նաև այլ մարդկանց նկատմամբ` կախված, թե մեր որ «եսն» է գործում (սովոր ենք ասել` ըստ տրամադրության): Այդպիսին է նաև Օռլանդոն. «Երբ նա ամուսնուն դիմում էր` Մար, ուրեմն երազկոտ, սիրահարված վիճակում էր, երբ դիմում էր` Բանտրոպ, ուրեմն նշանակում էր ասում է` ՙԵս մեռած եմ» (ինքն իր մեջ փակված), երբ Շել էր ասում, ուրեմն նրա կարիքն ուներ»:
Վուլֆը գտնում էր, որ մարդու բազում «ես»-երի մեջ կան երկու բովանդակալից «ես»-եր, որոնք անձնավորում են տղամարդ և կին հասկացությունները: Ըստ նրա ամեն մի մարդ որոշ չափով տղամարդ է, որոշ չափով` կին (անդրոգինյան պատկերացում)` նայած, թե յուրաքանչյուրի մոտ այդ ամենն ինչ հարաբերակցությամբ է արտահայտվում: Այս երկու սեռերի գործողությունների, խոսքերի ու վերաբերմունքի տարբերության պատճառը ավելի շատ «հագուստն է»` հասարակական կարծիքը.«Օռլանդոն (կին վերափոխվելուց հետո), ճիշտ չէ, որ բոլորովին չէր փոխվել: Նա ավելի համեստ կարծիք ուներ իր մտավոր ունակությունների մասին, ինչպես հատուկ է կանանց: …Շատ մտածողներ կասեն, որ հագուստի տարբերությունն է որոշիչ դեր խաղացել: Թվում է, որ հագուստը աննշան բան է,… բայց նրա նշանակությունը ավելի կարևոր է, քան միայն ցրտից պաշտպանելը: Այն փոխում է մեր վերաբերմունքը աշխարհի նկատմամբ: …Եթե երկու սեռերն էլ նույնկերպ հագնվեին, գուցեև նրանց հայացքները նույնական լինեին» : Ապա շարունակում է. «Սեռերի մեջ տարբերությունը , բարեբախտաբար, ավելի քան երևութական է: Հագուստը միայն սիմվոլն է այն բանի, ինչը խորը թաքնված է դրա տակ: Ո’չ, դա Օռլանդոյի մեջ կատարված փոփոխությունն էր նրան ազդել ընտրելու կնոջ հագուստը, կանացի սեռը:…Այդպիսի բաներ կատարվում են շատ մարդկանց հետ, բայց այդքան արտահայտիչ չեն դրսևորվում: Յուրաքանչյուր մարդ տատանվում է մի սեռից մյուսը, և հաճախ հագուստն է թաքցնում տղամարդու կամ կնոջ կերպարը, երբ ներսում բոլորովին այլ բնույթի կյանք է» : Ապա Վուլֆը ցույց է տալիս տղամարդու և կնոջ կարծեցյալ և իրական տարբերություներն ու նմանությունները «Օռլանդոն ատում էր երկու սեռերն էլ, ասես ոչ մեկին էլ չէր պատկանում (նման է Վուլֆի իրավիճակին): Նա, իրոք, երկմտում էր` տղամա՞րդ է, թե՞ կին: Որպես կին միայն Օռլանդոն կարողանում է հասկանալ Սաշային: Վուլֆի միտքն է, որ կինն ինքն էլ բացահայտի իր էությունը, եթե ոչ գրականության մեջ մենք կնոջը ճանաչում ենք միմիայն տղամարդու արած դատողություններով, որոնք միակողմանի են: Երբ կապիտանը դարպասում է Օռլանդոյին, նա հիշում է տարիներ առաջ իր հետապնդումը Սաշային: Այնժամ ինքն էր հետապնդում, հիմա փախչում է: ՙՈ՞ւմ ուրախությունն է ավելի հրապուրիչ` տղամարդուն թե՞ կնոջը: Թե՞, միգո՞ւցե, երկուսն էլ նույնն են» , ՙՏղամարդիկ արցունքներով են ողողվում այնքան հաճախ և անպատճառ, որքան և կանայք: Դա Օռլանդոն գիտեր սեփական տղամարդկային փորձից, բայց նա գլխի ընկավ, որ կինը պիտի կոտրատվի, երբ տղամարդն զգացվում է իր ներկայությամբ, և նա կոտրատվեց» :
Վուլֆը ֆեմինիստ գրող է: Նա առաջին կանանցից էր, ով կարողացավ կին լինելով հանդերձ ճանաչվել նաև իբրև գրող: Կանանց մերժվում էին բարձրագույն կրթությունը, հասարակական ակտիվ դերերը, սխալ կարծիք կար կնոջ ինտելեկտի զարգացվածության մասին. կինը տղամարդկային հասարակության մեջ ամեն կերպ ստորադասվում էր: Վուլֆն իր նպատակն է համարում բարձրացնել այս վիճահարույց հարցը, ցույց տալ կնոջ մտավոր զարգացվածության ու դերի կարևորությունը: Նա ծաղրում է բոլոր այն մարդկանց, ովքեր ոտնահարում են կանանց բնածին իրավունքները. «…Կնոջը մերժել կրթությունը, որ նա չծիծաղի վրադ: Լինել անզգամ դուրսպրծուկի ստրուկը և նույն ժամանակ ցույց տալ, թե արարչության թագն ես: Ինչպիսի՜ հիմարների են նրանք մեզ վերածում, և ինչպիսի՜ հիմարներ ենք մենք այնուամենայնիվ». կին դարձած Օռլանդոն մտածում է. «Ինչպե՞ս, մի՞թե ես ստիպված եմ հաշվի առնելու այլ սեռի կարծիքը, ինչքան էլ այն ապուշ լինի»: Վուլֆը գտնում է, որ մարդուն պիտի վերաբերվել ոչ թե ըստ սեռային պատկանելության, այլ ըստ անհատական որակների, քանզի, թեև սեռը որոշ բաներ փոխում է, բայց կան հատկություններ, որոնք անկախ սեռից բնութագրում են ամեն մեկին: «Օռլանդոյի միայն սեռն էր փոխվել, իսկ մյուս բաներում ոչ մի որոշիչ փոփոխություն տեղի չէր ունեցել: Սեռի փոխակերպումը, փոխելով ճակատագիրը, բնավ չէր փոխել անհատականությունը»: Տանը բոլորով նրան հարազատի պես են ընդունում: «Եթե անգամ ինչ-որ տարօրինակ մտքեր էլ մարդկանց մոտ առաջացել էին, դրանք ցրվեցին եղջերուների և շների վարքից, քանզի համր անասունները ավելի լավ են տարբերում ով լինելը և ավելի լավ են ճանաչում մեր բնավորությունը, քան ինքներս»: Օռլանդոն և իր ամուսինը իրար սիրում և շատ լավ էին հասկանում մեկմեկու ( նման Վիրջինյային և Լեոնարդ Վուլֆին, ինչպես նաև Վիտային և Հարոլդ Նիքոլսոնին): «Յուրաքանչյուրի համար գյուտ էր, որ կինը կարող է լինել այդքան բացսիրտ ու ներողամիտ,ինչպես տղամարդը, իսկ տղամարդը` այդպես զարմանալի և զգայուն, ինչպես կինը»:
Ամեն մի մարդու մոտ կատարվող փոփոխությունների հիմնարար պատճառ է նաև դարաշրջանը, որն է` դարաշրջանային մտածողությունը, հասարակությունը: «Հասարակությունը ամեն ինչ է և ոչինչ»,-գրում է Վուլֆը: Այստեղ է, որ հեղինակը, օգտագործելով ֆանտաստիկ գրականության հնարքները, երեք հարյուր տարուց ավելի ապրող հերոսի աչքերով ցույց է տալիս աշխարհում և հիմնականում Անգլիայում կատարված էական փոփոխությունները, որոնք անմիջականորեն ազդել են մարդկանց ու նույնիսկ կենդանիների, բնության և եղանակի վրա: Օռլանդոյի վրա ևս շատ մեծ ազդեցություն ունի հասարակական կարծիքը` չնայած տիպական հատկանիշները միշտ մնայուն են: Օռլանդոն, լինելով ֆիզիկապես կատարյալ և նյութապես ապահովված երիտասարդ, ընկնում է հոգեկան ծանր ապրումների մեջ Սաշայի դավաճանության և Նիք Գրինի` իր ստեղծագործությունների նկատմամբ արած ծաղրի հետևանքով:
Գործողությունն սկսվում է 16-րդ դարում. ժամանակաշրջանը էլիզաբեթյան էր: Ժամանակները ներկայացնելու հետ միասին Վուլֆը հատուկ անդրադարձ է կատարում նաև անգլիական պետական համակարգին և քննադատում իշխող դասակարգին ու միապետին: «Օռլանդոն միայն ձեռքն էր տեսնում իր բարեկամուհի Թագուհու (թագուհի բառը միշտ մեծատառով է, որն այստեղ ոչ թե հարգանքի, այլ հակառակ վերաբերմունքի նշան է)` չար, ներվային, հիվանդ, բայց իշխող ձեռքը»: Բարոյական նորմեր սահմանող թագուհին բավականին հեռու էր բարոյական լինելուց. նա ծեր հասակում երիտասարդ Օռլանդոյին իր սիրեկանն է դարձնում: Իսկ ինչպիսի՞ն էր դարը. «Դարը էլիզաբեթյան էր, էլիզաբեթյան էին նաև պոետները, եղանակը, բանջարեղենը: Մեր օրերի թույլ արարքների և մեր հոգնած ու կասկածամիտ դարի մտածումների մասին պատկերացում անգամ չունեին: Ինչ պոետներն ասում էին, եիրտասարդները գործի էին վերածում: …Նրանք չէին գտնում, որ «կյանքը» և «իրականությունը» անպայման ուղեկցվում են անտաշությամբ և գռեհկությամբ» : Էլիզաբեթ թագուհուն փոխարինում է արքա Հակոբը. ՙՄինչ Մեծ ցրտի ժամանակ կենդանիները և մարդիկ սառչում մեռնում էին, թագավորը պարահանդեսներ էր կազմակերպում՚: Ապա գալիս է Աննա թագուհու դարաաշրջանը, որն Օռլանդոն համեմատում է էլիզաբեթյանի հետ. «Հանկարծ Լոնդոնը խավարով պատվեց, ամեն ինչ մթի մեջ էր, անվստահության էր մատնված, կասկածելի էր»: 18-րդ դարն հեռանում է, սկսվում է 19-րդը: Փոխվում են բնությունն ու եղանակը. ուժեղ խոնավություն է տիրում, որից պաշտպանվել չի լինում: Փոխվում են տների կահավորանքը, ուտելիքները: «Օռլանդոն իր կյանքում երբեք չէր տեսել այդքան անկայունություն` զզվելի և մեծաքանակ: Երևի դա խոնավության ու արևի շողերի խառն ազդեցության հետևանքն էր: Կանայք, որոնք ամոթխած և պատվասեր են, աշխատում են ամեն կերպ թաքցնել հղիությունը»: Ահա և գալիս է Վիկտորյա թագուհու դարաշրջանը: Դարի ոգին էր ամուսնանալ, ամուսնական մատանի կրել, սեփական անձը սոսնձել մի այլ անձի: Թեկուզ Օռլանդոն ավելի էլիզաբեթյան էր, բայց ստիպված էր ենթարկվել վիկտորյական դարի կանոններին: Յուրաքանչյուրին հենարան էր պետք: Դարը խոսում էր Օռլանդոյի բերանով` ո՞ւմ հենվել, ինչպե՞ս ընտանիք կազմել: Ընկճված Օռլանդոն պատահական հանդիպում է Մարմանդյուկ Բանտրոպ Շելմերդինին, նրանք արագ մտերմանում և ամուսնանում են, թեև ամուսինը գնում է իր նպատակի իրագործման հետևից: Օռլանդոն կրում էր ցանկալի մատանին, նա ստացել էր դարի համաձայնությունը, բայց եթե ամուսինը միշտ հեռու էր լինելու, մի՞թե դա ամուսնություն էր: Սակայն Օռլանդոն ապստամբ էություն չէր, նա շատ լավ էր դասավորվել. կարիք չուներ կռվելու ժամանակի ոգու հետ կամ էլ կոտրվելու հօգուտ դարի ոգու, նա նրա հետ միասին էր և միաժամանակ մնում էր ինքն իր հետ: 19-րդ դարի առանձնահատկություն էր նաև այն, որ յուրաքանչյուր տղամարդ կամ կին զբաղված էին միմիայն իրենցով: Անցնում են նաև վիկտորյական շինծու ժամանակները, գալիս է Էդուարդ արքայի հերթը. «Կեցցեն իսկական, բնական ցանկությունները: Կեցցե երջանկությունը: Աստվածային, սիրելի երջանկությունը:» Կառքերի փոխարեն մեքենաներ էին, մի մատի հպումով հնարավոր էր դարձել լուսավորել սենյակները: Կանայք դարձել էին եղեգներ` ուղիղ, փայլուն, միանման: Տղամարդկանց ձեռքերը «մերկ են ինչպես ձեռքի ափը» (սափրվում էին): Ջուրը եռում էր երկու վայրկյանում: Բանջարեղենն սկսել էր վատ աճել, քանի որ մթնոլորտը չոր էր: Լացելն էլ էր դժվարացել: Մարդիկ զվարթացել էին, սակայն ընտանիքներ քիչ էին կազմվում և սակավ թվով էին երեխաներ ունենում: Վուլֆը շատ հետաքրքիր է ներկայացնում դարաշրջանային մտածելակերպի փոփոխությունները:
Օռլանդոն հասնում է նաև 1928թ-ի հոկտեմբեր («Օռլանդոն» գրելու ժամանակաշրջան)` 20-րդ դարի սկիզբ: Ինչպիսի՞ն են այս դարի մարդիկ` անտարբեր, անգամ փողոցն անցնում են առանց նայելու, դիտելու. ՙՄի՞թե չի կարելի նայել, թե ուր ես գնում: «Հիմա կյանքը ինչ-որ հրաշք է, 18-րդ դարում մենք գոնե գիտեինք, թե ինչն ինչից է սարքած, իսկ ահա, խնդրեմ, ես օդ եմ բարձրանում (վերելակ), ձայներ եմ լսում Ամերիկայից (ռադիո), տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ թռչում (ինքնաթիռ), բայց ինչն ինչից է պատրաստված, չեմ էլ պատկերացնում: Եվ նորից սկսում եմ հավատալ կախարդանքին»,- իրոնիայով գրում է Վուլֆը: Օռլանդոն նաև ինքնավերլուծությամբ է զբաղվում, որն այդ դարի առանձնահատկությունն էր, վերլուծում է իր էությունը, «ես»-երը: Չնայած կրած բազում ազդեցություններին` Օռլանդոյի մեջ միշտ մնում են հիմնական գծերը, որոնցից է բնության, կենդանիների և գրականության նկատմամբ տածած սերը: Բնության նկատմամբ սերը համարվում է անգլիական հիվանդություն, և դա մոր կաթի հետ անցնում է յուրաքանչյուր անգլիացու (նույնպես և Վուլֆին): Օռլանդոն նաև պոետ էր և բնությունը գեղագիտորեն էր ընկալում: Նրա համար, օրինակ` ծառերը ծեր կախարդներ էին թվում: Օռլանդոն հարցնում էր ինքն իրեն` հրաշալի՞ է Բնությո՞ւնը, թե՞ դաժան: Ի՞նչ է գեղեցկությունը. այն իրերի՞ն է վերագրված, թե՞ ինքնին է: Հարցնում է ու մեզ էլ մտածել տալիս այդ հարցերի շուրջ` թողնելով պատասխանների որոնումը յուրաքանչյուրիս վրա: Բնությունը, նրա երևույթները տրամադրում են մարդուն, լցնում հոգեկան աշխարհը, հարաբերակցում են ստեղծագործողն ու բնությունը` մի յուրատիպ զրույց բացելով: Բնության նկատմամբ Վուլֆի մտորումներում երևում է գեղագետի և մտածողի ներքին կռիվը: Բնություն ասելով` Վուլֆը` այս դեպքում Օռլանդոն, հաճախ նկատի է ունենում հայրենիքը: Երբ Օռլանդոն գնչուների մոտ էր, նա տեսիլք է ունենում. «Ժայռի վրա կանաչ մարգագետին բուսեց, այստեղ-այնտեղ կաղնիներ էին կանգնած…անգլիական ամառային օր էր: Նա հմայված նայում էր, ու հանկարծ ձյուն թափվեց: Ծանր սայլերը փողոցներով քաշում էին. դրանք վառելիքով էին բեռնավորված: Երևացին սեփական տան տանիքը, ամրոցը, բակը…Ամեն ինչ ծածկվեց…Մրջյունների մարգագետինների տեղ ժայռն էր»: Օռլանդոն գնում է գնչուների մոտ և հայտարարում, որ վերադառնում է Անգլիա: Այստեղ տեսնում ենք բնություն-հայրենիքը, որի նկատմամբ անսահման սեր և կարոտ ունի հեղինակը, և երկրի այդ պահի վիճակը, որը ցավ է պատճառում Վուլֆին և արժանանում նրա խիստ քննադատությանը: «Մեր ազգից, ցեղից երես ենք թեքում` ձգտելով դեպի Սիոն, բայց և այգու թփի հոտից, փայտփորիկի երգից արցունքներով ենք ողողվում» : Վուլֆը ազգասեր է, բայց ոչ ազգայնամոլ: Նա տեսնում է երկրի և՛ ներքին, և՛ արտաքին արատները. «Մարդիկ, ազգերը պայքարում են իրենց հեղինակության համար: Ոչ թե ճշմարտության սերը, այլ իր խոսքը պնդելու ցանկությունն է, որ բարձրացնում է հարկը հարկի վրա, ստիպում մեկին ցանկանալ մյուսի մահը: Յուրաքանչյուրն ուզում է մյուսի վրա ազդեցություն ունենալ»:
Մինչև այժմ մենք քննեցինք Օռլանդոյի բազմատված էության տարբեր մասերը, բայց և լիովին կարող ենք հաստատել, որ, ինչպես վերն ենք նշել, Օռլանդոն տիպական կերպար է և ոչ միայն տիպական, այլև` հավերժական: Ինչպես ասում ենք, որ կան ռոմեոներ, քաջնազարներ, այնպես էլ` Օռլանդոներ, գրիններ: «Գյուտ է այս հարցի պատասխանը` ի՞նչ իմաստով կարելի է ասել, որ Օռլանդոն գոյություն ունի հիմա,այս ակնթարթում» : Այսինքն` Օռլանդոն տիպ է, որը բնորոշ է մարդկանց որոշ տեսակի. ՙՕռլանդոյին կարող են ճանաչել որպես վերջնականորեն տրորված անհատականության՚ : Ահա այդպիսին է Օռլանդոն, բայց եթե նա ինչ-որ մնայուն արժեք կարող է թողնել, ապա կան մարդկային տիպեր, որոնք ներկայում կարող են փայլել, բայց ապագայում ոչ մի հետք անգամ չթողնել` հեշտորեն փոխարինվելով մի ուրիշով. «Օռլանդոն տեսնում է լեդի Ռ.-ի տունը Լոնդոնում, այնտեղ հաստատ նույն զրույցներն են վարում: Ահա և կմտնի միստր Պոպը: Ա՜խ, ո’չ. միստր Պոպը մահացել է: Եվ հիմա ո՞վ է փայլում իր խելքով» : Այդպիսին են նաև բարձր հասարակության ներկայացուցիչներ լեդի Ռ.-ն ու մնացած լեդիները, վերը թվարկված աղախինները, որոնք ամեն մի հասարակարգում այդ ժամանակաշրջանի դիմակն են կրում: «Անունները, իհարկե, փոխվել էին, բայց իմաստը նույնն էր»: Դարաշրջանային հագուստի ամենալավ կրողը, սակայն, գրող, գրականագետ Նիք Գրինն է (այս տիպը նույն անվամբ, նման բալզակյան հերոսներին, հանդես է գալիս Վուլֆի այլ գործերում էլ), որի միջոցով հեղինակը սուր քննադատում ու սատիրայով ներկայացնում է գրական աշխարհը և նրա ներկայացուցիչներին, խորը քննում գրականագիտական հարցեր, վերլուծում գրականության, կյանքի, ճշմարտության և փառքի խաչաձևումները: Գրականության մասին իր հայացքներն ու գաղափարներն ամբողջացնելու համար Վուլֆն օգտագործում է նաև Օռլանդոյի կերպարը: Տասնվեցամյա Օռլանդոն բանաստեղծ էր: Նրա միտքը արագ էր, բայց վերացական: Թեկուզ հիանում էր գրքերով, բայց չէր համարձակվի դրանք ցույց տալ անգամ մորը, քանզի գրելը, առավել ևս հրատարակվելը, ազնվականի համար անվայել էին և անքավելի մեղք էին: Կարդալու հիվանդություն ուներ, ամեն ինչ կտար մի հաստ գիրք գրելու և փառաբանվելու համար: Չնայած ծնողների և սպասավորների արգելքին` գիշեր-ցերեկ գրադարանում փակվում ու գիրք էր կարդում (Վիրջինյան ևս այդպիսին է եղել): Օռլանդոյի գրելու ջանքերը շատ սկսնակների, գուցե և Վուլֆի իրական հոգեկան ապրումներն ու հոգեվիճակն են ներկայացնում: Նույնիսկ 25 տարեկանում նա չափազանցված պատկերացում ուներ պոետների մասին: Նույնպիսի պատկերացում Օռլանդոն ուներ նաև իր հզոր նախնիների վերաբերյալ, որոնցից ամեն մեկը իր ժամանակին ջարդել էր մի-մի թշնամու: Վուլֆը ծաղրում է անցյալի փառքը չափազանցնողներին և ներկան նսեմացնողներին. դա վերաբերվում է և’ սովորական անձանց, և’ գրական աշխարհի ներկայացուցիչներին (այս մասին է նաև Վուլֆի մեկ այլ գործ` «Գիշեր և ցերեկը»): Օռլանդոն հանկարծակի` իր կյանքում առաջին անգամ, հանդիպում է իսկական գրողի` ի դեմս Նիք Գրինի, և նրա` անխտիր բոլոր գրողների նկատմամբ ունեցած ակնածանքը հիմնովին փոխվում է: Դեռևս գրում էր Շեքսպիրը, բայց Գրինը գտնում է, որ գրականության ոսկեդարն անցել է, որը հունահռոմեական շրջանն էր, իսկ էլիզաբեթյան դարը ամեն ինչով զիջում է առաջինին: Հիմա մտածում են մի տող ավել գրեն, որ ավելի շատ փող ստանան, բայց գրվածները վայրենի են, կոպիտ և անպետք: Այստեղ մարդկային մտածողության նույնական վիճակի ծաղրն է. հին հույներն էլ ավելի հներին էին գերադասում (Հեսիոդոս) և մինչև հիմա էլ մարդկանց մի մասն ապրում է անցյալի գովերգմամբ: Վուլֆը անցյալի չափազանց արժևորման ու ներկայի սուր քննադատման մասին է խոսում: Գրինն ասում է, թե ինչքան էլ ծանր է խոստովանել (չէ՞ որ գրականությունը սիրում է կյանքից առավել), նա ոչ մի լավ բան չի տեսնում ներկայում և հույսեր չի փայփայում ապագայի մասին: Գրինը մտածում է գտնել հովանավոր և վերադառնալ հունահռոմեական գրականությանը, այնքան սերտել Ցիցերոնին, որ կարողանա նրա նման ստեղծագործել այնպես, որ ոչ ոք չկարողանա տարբերել իր գրածը Ցիցերոնի գրածից: Բնական է, որ նա չի հավանում նաև Օռլանդոյի «Կաղնին»: Օռլանդոյին պատում են բոլորովին նոր, հեղաշրջուն մտքեր: Նա սկսում է ավելի խորը մտածել գրականության և կյանքի մասին: «Կյա՞նք: Գրականությո՞ւն: Մեկը մարմնավորել մյուսի մե՞ջ: Բայց չէ՞ որ սարսափելի դժվար է» : «Ի՞նչ է Գրականությունը, արդյո՞ք Ճշմարտության Կինը կամ Սիրուհին է: Բայց ի՞նչ Սիրուհի, եթե ասվում է Կինն է: Ինչո՞ւ չի կարելի առարկաներն իրենց իսկական անուններով կոչել և ամեն ինչ հասկանալի կլինի»: Այստեղ երևում է Օռլանդոյի բանաստեղծական էությունը: Նա գտնում է, որ ՙո’չ ժամանակը, ո’չ ծախսված ուժը ափսոս չեն, միայն թե մեր գաղափարներին ճիշտ ընթացք տան: Պետք է բառերի վրա այնքան աշխատել, մինչև որ դառնան մտքի նրբագույն թաղանթներ: Մտքերը աստվածային են…» : Վուլֆը վերլուծում է այդ ժամանակի գրողներին: Հատվածներ մեջ բերելով Պոպի, Ադիսոնի, Սվիֆթի գործերից` ցույց է տալիս նրանց էությունը: Վուլֆը Սվիֆթին է միայն բարձր գնահատում. «Ին
չպիսի՜ կոպտություն և ինչպիսի՜ պարզություն, ի՜նչ կտրուկություն և ի՜նչ նրբություն: Ատելով ամբողջ աշխարհը` ի՜նչ երեխայական լեզվով է խոսում փոքրիկ աղջկա հետ, և կմեռնի նա, անկասկած, հոգեբուժարանում»:
Կին դառնալուց հետո էլ Օռլանդոն շարունակում է գրել և հենց այդ ժամանակ էլ զգում է, որ մտքերը հասունանում են, պատրանքները քչանում են. կին գրողի ստեղծագործությունն իր արժեքով բնավ չի զիջում տղամարդու ստեղծած գրականությանը: Մարդկանց ներկայությամբ Օռլանդոն առաջին անգամ գրում է 19-րդ դարում, և դա իր լավագույն բանաստեղծությունը կարող էր համարվել: Այստեղ գործ ունենք դարաշրջանային մտածողության փոփոխման հետ: Օռլանդոն սկսում է մտածել ճշմարիտ գրականության և հանճարեղ մարդկանց մասին.«Հանճարը չի լուսարձակում միշտ հավասար շողերով: Ավելի շուտ հանճարը հիշեցնում է փարոս, որն ուղարկում է մի շող և որոշ ժամանակ հանգչում, միայն թե հանճարեղությունը քմահաճ է իր դրսևորումներում և կարող է միանգամից արձակել 6-7 շող, իսկ հետո ընկնել մթության մեջ… Նշանակում է, որ շողերը չեն լուսավորում ճանապարհը, և մութ շրջանն ընկած ժամանակ հանճարեղ մարդիկ ոչնչով չեն տարբերվում մյուսներից» : “Օռլանդոն» 19-րդ դարում ևս հանդիպում է միստր Գրինին, որը դարձել էր ազդեցիկ գրաքննադատ: Առաջվա կեղտոտ թափթփվածի փոխարեն` հիմա նա էլեգանտ ջենտլմեն էր: Փոխվել էր, սակայն, արտաքնապես, նրա մտքերը նույնն էին. «Մառլոն, Շեքսպիրը, Բեն Ջոնսը հսկաներ էին: Դրայդենը, Պոպը, Ադիսոնը` հերոսներ: Բոլորը, բոլորը մեռան: Եվ մեզ ո՞ւմ թողեցին` Թեննիսոն, Բրաունինգ, Կառլեյլ» : Գրինն այնքանով էր փոխվել, որ 19-րդ դարում գրականությունն ու գրականագիտությունը մարդկանց կերակրում էին, և ոչ վատ, սակայն Գրինը զրկվել էր խոսքի ազատ հոսքի հնարավորությունից. փողը, դիրքը, անվանի լինելը կաշկանդող հանգամանքներ են: Այժմ, երբ գրքերը հոնորարի միջոցով էին տպագրվում, նա կարող էր Օռլանդոյի «Կաղնին» տպել տալ: Կարելի է ասել, որ Օռլանդոյի` տասնամյակների երազանքը կատարվում էր, Գրինը վերցրել էր ձեռագիրը, բայց Օռլանդոն այժմ ուրիշ պատկերացում ուներ հռչակի և փառքի մասին: 20-րդ դարում «Կաղնին» արդեն 7 անգամ տպագրվել էր, գրքի համար հեղինակը պարգևատրվել էր, երեկոյան թերթերում իր նկարներն էին տպվում, բոլոր հայտնի հավաքույթների, ճոխ ճաշկերույթների պատվավոր հյուրն էր, բայց մտածում էր.«Պոետը ասես շառլատան լինի, երկուսն էլ վաղ առավոտից դուրս են գալիս և ճիշտ հաճախականությամբ գնում հանդիպումների և ճաշկերույթների, ճաշկերույթների և հանդիպումների: Փառքը և պատիվները ի՞նչ կապ ունեն պոեզիայի հետ: Ի՞նչ ընդհանուր բան ունեն յոթ հրատարակումները իր իսկական արժեքի հետ: Մի՞թե պոեզիան գաղտնի կապ չէ, ձայն, որ պատասխանում է ձայնին: Եվ այս ամբողջ իրարանցումը, շողոքորթությունը և աղմուկը, երկրպագուներիդ հետ հանդիպումները ի՞նչ կապ ունեն իրական իմաստի, էության հետ»: Հանճարը փոքրանում, նսեմանում էր հայտնի տիկնանց ընդունելություններում, գրականությունը դառնում էր ձանձրալի «Կաղնու» էջերը լցված էին Օռլանդոյի 300 տարուց ավելի կյանքի ապրումներով, մտորումներով, հայացքներով, և հաճախ էջերը ոչ թե ավելանում, այլ պակասում էին: Բայց և «Կաղնին» Օռլանդոյի նպատակը չէր:
Բանաստեղծներին ու գրականագետներին քննադատելուց հետո Վուլֆը սուր ծաղրում է նաև կենսագիրներին: Նույնիսկ կարծիք կա, որ «Օռլանդոն» կծու քննադատություն է կենսագրություն գրելու հնարավորությունների մասին «Օռլանդո»-ի տեքստը հարցնում է, որպեսզի մենք ինքներս վերանայենք գրականության մասին մեր պատկերացումները, ըմբռնումները: Վուլֆը վեպի հենց սկզբում որպես կենսագիր մանրամասն ներկայացնում է իր հերոսին. «Վարդաթուշ, աչքերը` ցողաթաթախ մանուշակներ, ճակատը` մարմարյա գմբեթ» : Իբրև հերոսի կատարած բոլոր գործողությունների մանրամասն նկարագրող` Վուլֆը վեպի մի մասում ամբողջ էջ է նվիրում Օռլանդոյի նիստուկացին, իսկ վերջում ավելացնում է. «Օռլանդոն համարյա ոչինչ չէր անում: Կենսագիրն էլ ստիպված անիմաստ շարադրանք է անում» : Եվ կամ` «Այստեղ նշենք, որ այդպիսի կարևոր փաստը («Կաղնու» տպումը), որը կարող էր դառնալ գրքի պսակը, եզրահանգումը, կատարվում է այսպիսի ձևով` խոսքի մեջ, դեռ նույնիսկ փռթկոցով՚ :
Վեպում բերված են երկու նամակներ, որոնց բառերից շատերը բացակայում են: Սրանով Վուլֆը ծաղրում է նամակներ հավաքող կենսագիրներին, ովքեր հաստատվում են նամակների բովանդակության վրա, դրանք մեջ բերում`ավելացնելու գրքի էջերը, այնինչ նամակներից շատերը անձնական, անհատական վերաբերմունքի արտահայտություն են ու կարող են շատ հեռու լինել ճշմարտությունից: Այդպիսին են անգլիացի ծովային սպա Ջոն Ֆեներ Բրիգգեի օրագրից հատվածը, որի ձեռագրի վրա այնքան մրոտ հետքեր կային, որ շատ արտահայտություններ անհասկանալի էին դառնում, և գեներալ Հարթոպի դուստր Պենելոպայի նամակը ընկերուհուն, որը մի էջում տասն անգամ բազում զգացմունքային բառեր ու արտահայտություններ էր գրել` հիանալի է, հրաշալի է, չես հավատա, բառերով չես ասի և այլն:
Վուլֆն իր սուր ու դիպուկ գրչով խորությամբ վերլուծում է կյանքի բոլոր ծալքերը, քննարկում ու քննադատում, ծիծաղում ու ծաղրում, գնահատում ու արժևորում շատ էական երևույթներ: Նրա հերոսը` Օռլանդոն, միաժամանակ լինելով տղամարդ և կին ու ապրելով մի քանի հարյուրամյակ, հնարավորություն է տալիս գրողին արտահայտելու իր գաղափարները: Կարելի է ասել, որ «Օռլանդոն» յուրաքանչյուր խելոք ընթերցողի համար մտավարժանք է` խորհելու բազում հավերժական ու նոր հարցերի մասին:

Օգտագործված գրականության ցանկ

В. Вульф, , перевод Елена Суриц, изд. , Санкт-Петербург, 2000г
A Writer’s Diary, 1953
A life of One’s Own: A Guide to Better Living throgh the Work and Wisdom of Virginia Woolf by IIana Simons, New York: Pengium Press, 2007
For an online hypertext chronology, visit the V. Woolf Web
Moment of Being, ed. by Jeanne Schulkind
TCLC, Orlando, Volume 56
The Diary of Virginia Woolf, 31 May 1929
The Flight of the Mind: Virginia Woolf’s Art and Manic- Depresive IIlness by Tomas D. Caramago. Berkeley: U of California Press, 1992
Virginia Woolf: A Biografy by Quentin Bell. New York, Harcourt Brace Jovanovich, 1972
Virginia Woolf by Nigel Nicolson. New York, Pengium Group. 2000
Virginia Woolf: The Will to Create as a Woman by Ruth Gruber. New York: Carol and Graf Publishers, 2005

2 մեկնաբանություն

  1. Bovandakalic hodvac er.bayc kuzei mi harc tal.qo karciqov el mardy bazum eseric e baxkacac?

  2. Kareli e asel, vor es el nuyn karciqn unem.

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի