Էդգար Փոթիկյան | ԺԱՄԱՑՈՒՅՑԸ

Այն, որ ժամացույցը ետ էր ընկնում, ես գիտեի ի սկզբանե, բայց երբ առաջին անգամ այն ձեռքս առա, որոշեցի չմտածել այդ մասին, նամանավանդ, որ ժամացույցը թանկ էր ինձ համար. այն հորիցս ինձ մնացած միակ հիշողությունն էր:
Սկզբում ամեն ինչ այնքան էլ մտահոգիչ չէր. ժամացույցը օգնում էր ինձ կողմնորոշվել ժամանակի մեջ ու չնայած օրվա մեջ մեկ երկու րոպե ետ էր ընկնում, այնքան էլ ինձ դա չէր հուզում, ես երիտասարդ էի և կյանքն ինձ հավերժ էր թվում, իսկ ժամանակը` հորինված ավելորդություն:
Չեմ հիշում, թե երբ սկսեցի գիտակցել ժամանակի կարևորությունը, բայց երբ հասկացա, որ ես իմ ամբողջ էությամբ տրված եմ ինչ որ ժամանակի, ամեն ինչ գլխիվայր շրջվեց: Ժամացույցն առաջվա նման էլի աշխատում էր, բայց արդեն ետ էր ընկնում ոչ թէ մեկ երկու րոպեով, այլ` տաս, տասնհինգ, ինչը պատճառ էր դառնում միշտ ամեն ինչից ուշանալուն և սկսած գործը ժամանակին չհասցնելուն:
Երկու անգամ այդ պատճառով հեռացրեցին ինձ աշխատանքից, եղան նույնիսկ դեպքեր, երբ իմ ակամայից ուշանալուն դատապարտված պահվածքը պատճառ դարձավ կանանց հետ ժամադրությունից ուշանալուն և նրանցից ամենաինքնասերները (թարսի նման ամենալավերը) խզեցին իրենց կապերն ինձ հետ: Մի անգամ նույնիսկ ինքնաթիռից ուշացա ու ստիպված էի օդանավակայանում վեցը ժամ անցկացնել հաջորդ չվերթին սպասելու համար:
Ոչինչ իր ժամանակին չհասցնելը արդեն դարձել էր բնավորություն, ես նույնիսկ շատ հաճախ մեղադրում էի դրանում ինձ, այլ ոչ թե ժամացույցին: Արհեստականորեն ժամացույցի սլաքները մեկ ժամով առաջ էի տալիս այն միամիտ հույսով, որ այդ կերպ գոնե կհասցնեմ օրվա բոլոր գործերս ժամանակին ավարտել, բայց շտապողականությունից ավելի էի խճճվում:
Դիմեցի մի քանի ժամագործների, ու չնայած նրանք հավատացնում էին, որ ժամացույցի ներսում ամեն ինչ կարգին է և որևէ բան փոխելու կամ վերանորոգելու կարք չկա, այնուամենայնիվ այն ետ էր մնում իր բնականոն ընթացքից: Ի վերջո հերթական ժամագործներից մեկը առաջարկեց իրեն վաճառել ժամացույցը, իսկ փոխարենը համոզեց գնել մի նոր ժամացույց` ավելի լավն ու ճշգրիտ աշխատողը: Կարելի է ասել` ես արդեն համաձայնվել էի, նույնիսկ վերցրել էի գումարը, խնամքով ծալել ու տեղավորել գրպանումս, բայց հազիվ էի դուրս եկել կամարաձև նրբանցքից, ուր տեղադրված էր ժամագործի կրպակը, երբ ինձ խեղդեց կարոտը: Հիշողությանս մեջ արթնացան գույներ` աշնան տերևի պես չորացած, բայց դեռ հույսեր ավետող զգացումներ, և ցեղիս կանչը հաղթեց անսխալ ժամանակի խոստումնալից պատկերներին: Երեխան կորցրած մոր նման շտապեցի ետ ու նորից ձեռքս առա հայրական նվեր հանդիսացող ժամացույցը, որից, դեռ րոպեներ առաջ թվում էր առհավետ բաժանվելու եմ:
Փորձեցի հաշտվել ժամանակից ետ մնալուն ու դա տանելի էր այնքան ժամանակ, քանի դեռ կառամատույցից երևում էր դանդաղ հեռացող «գնացքը», բայց երբ տեսադաշտիցս այն անհետացավ, իմ մեջ նորից գլուխ բարձրացրեց տագնապը: Ժամացույցն արդեն ոչ թե րոպեներ, այլ ժամեր էր հետընթաց կուլ տալիս, իսկ այն, ինչ թողնում էր ինձ, գույություն պաշտպանելու համար անհրաժեշտ մի բան էր միայն:
Որոշեցի ազատվել ժամացույցից ու առանց երկար բարակ մտածելու, թողեցի կիսադատարկ տրամվայի ետևի նստատեղին, և երբ նայում էի (արդեն մայթեզրից) հեռացող տրամվայի ետևից, թվում էր մի ծանր բեռ եմ ուսերիս վրայից գցել:
Առաջին անգամ առավոտյան արթնացա ժամանակին, զարմացա, թե ինչպես մի քանի րոպեում հասցրեցի լվացվել (նույնիսկ սափրվել), նախաճաշել ու դուրս գալ տանից: Աշխատավայրում էլ, կարծես թե, ամեն ինչ սովորականից ավելի հարթ ընթացավ` իհարկե փայլող տրամադրությանս պատճառի մասին գերադասեցի լուռ մնալ: Ամեն ինչ երևի այդպես էլ կընթանար, եթե …
Երեկոյան, երբ տուն հասա, ամեն բան իմանալ ցանկացող հարևանուհիս դեռ վերելակից դուրս չեկած հայտնեց, որ կեսօրին, երբ տանը չեմ եղել, ինձ երկու տղամարդ են հարցրել, թե որտեղից են` չեն հայտնել, թողել են միայն հեռախոսահամար և խնդրել են փոխանցել, որ անհապաղ զանգահարեմ իրենց: Գրպանիս մեջ տեղավորելով թղթի կտորի վրա մատիտով խզբզված հեռախոսահամարը, շնորհակալույուն հայտնեցի հարևանուհուհուս ու շարժվեցի իմ բնակարանի կողմը:
Զանգահարեցի հաջորդ օրը աշխատավայրից, երբ բոլորը պատրաստվում էին ընդմիջման դուրս գալ: Ներկայացա, խնդրեցին սպասել, րոպեներ հետո լսափողի մեջ լսվեց կնոջ մի ձայն, որը նախ ճշտեց անուն ազգանունս, ապա հարցրեց արդյո՞ք ես երեկ ժամացույց չեմ կորցրել: Հայտնեցի որ կորցրել եմ, հետաքրքրվեց որտեղ, ես էլ միամիտ թե. տրամվայում: Պարզվեց, որ երեկ ինձանով հետաքրքրվողները գտնված իրերի սենյակի աշխատողներն են եղել, իսկ իմ կորած ժամացույցը, երեկ գտել ու հանձնել են նախ տրամվայի մեքենավարին, մեքենավարն էլ`գտնված իրերի սենյակին: Ասացին, որ մինչև օրվա վերջ անձնագրով ներկայանամ և վերցնեմ գտնված ժամացույցը:
Ինձ համար անհասկանալի էր այն, թե ինչպես են կռահել, որ ժամացույցն ինձ է պատկանում, ոչ մի վայրկյան գլխումս լուծում չէր գտնում այդ տարօրինակ հանելուկը. վերջիվերջո ինձ տրամվայում ոչ ոք չի տեսել ժամացույցով, և երբ իջնելուց առաջ թողնում էի նստատեղին, կողքիս մարդ չկար:
Անլուծելի թվացող այդ հարցի պատասխանը պարզվեց աշխատանքից հետո, երբ չուշանալու համար մի տաքսի նստեցի ու շտապեսի գտնված իրերի գրասենյակ: Պարզվում է, ժամացույցի կափարիչի վրա, ներսի կողմից հորս անուն ազգանունն է եղել գրված, ու քանի որ ազգանունն էլ այնքան տարածված չէ, ինձ գտնելը այնքան մեծ դժվարություն չի ներկայացրել: Մինչ ժամացույցը պահախցիկից բերելը, փորձված աշխատակիցն ինձանից պահանջեց նկարագրել այն: Ես այնքան գունեղ ու պատկերավոր նկարագրեցի իմ ժամացույցը, կարծես զավակիս արտաքին տվյալները շարադրեի: Ուղղանկյունաձև, բրոնզագույն թվատախտակով, հռոմեական սև թվերով, կաշվե գոտիով, փոքր ինչ խունացած ապակիով…
Բանալին դեռ լրիվ չէի հասցրել պտտել դռան փականի մեջ, երբ բացվեց հարևանուհուս դուռը (ականջը ճանապարհիս էր), հետաքրքրվում էր մի բան իմացա՞ երեկվա եկվորների մասին: Կարճ պատասխանեցի, տեղեկացնելով, որ իմացել եմ, բայց հետաքրքրասիրությունը չափ ու սահման չճանաչող այդ կնոջը պատասխանս չբավարարեց և ես, որպես բացատրություն, հանդիսավոր ցույց տվեցի ձեռքիս ժամացույցն ու համառոտ ներկայացրեցի ողջ պատմությունը:
Հաջորդ օրը գլխումս ծնվեց ժամացույցից ազատվելու ավելի կատարյալ տարբերակ` առավոտյան տանից դուրս գալիս նետեցի աղբամուղը, բայց ուրախությունս վաղաժամ էր, քանի որ երեկոյան երբ բանալին հնարավորիս անձայն փորձում էի պտտել փականի մեջ դուռը բաց անելու համար, ինձանից ավելի շուտ բացվեց հարևանուհուս դուռը: Ինձ ընդառաջ գալով նա ասաց, որ մագարիչ ունեմ իրեն անելու, բնականաբար հետաքրքրվեցի թե ինչի համար, իսկ նա ի պատասխան, ինձ մեկնեց ժամացույցս ու ասաց, որ աղբատար մեքենայի վարորդի ձեռքից հազիվ է այն վերցրել: Արյունը գլխիս խփեց, վերցրեցի ժամացույցն ու առանց մի խոսքի մտա ներս, իսկ փակվող դռան ետևից լսեցի հարևանուհուս փնթփնթոցը, որ դե արի գտիր, վերադարձրու, լավություն արա, ու մի շնորհակալության էլ կարոտ մնա:
Չսպասեցի լույսը բացվելուն, կեսգիշերին դուրս եկա տանից ու ոտքով անցա մի ամբողջ թաղամաս և միայն կամրջի վրա կանգ առա: Մի հսկա բարձրահարկի բարձրությունից ցած նետեցի ժամացույցը ուղիղ հոսող գետը (համենայնդեպս այդպես ինձ թվաց), դե հիմա տեսնեմ ինչպես է ինձ վերադառնալու:
Պառկեցի, երբ արդեն լուսանում էր, թվում էր` հեշտությամբ կքնեմ, բայց չստացվեց, ինչ որ բան խանգարում էր ու ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ինչ: Այն պարզորոշ իրեն զգացնել տվեց միայն երբ արթնացա. արդեն կեսօր էր ու բնականաբար ուշացել էի աշխատանքից, հավանաբար նաև սպառել պետիս վերջին խիստ նախազգուշացումը: Թքած, մտածեցի ես, ու նստելով անկողնում, ծխածոտ վառեցի:
Ձայնը գալիս էր հեռվից, ինչ որ խուլ թմբկահարվածներ հիշեցնող մի բան էր, տանից լինել չէր կարող, դրսից` նույնպես, քանի որ պատուհանները փակ էին: Գնալով ձայնը պարզվեց, ավելի մոտ ու լսելի դարձավ, և ես հասկացա, որ դա թկթկոց է, իսկական ժամացույցի թկթկոց: Զուր էի այս ու այն կողմ նայում, տանը ոչ մի ժամացույց էլ չկար, ձայնն այդ իմ ներսից էր հնչում, կարծես ինքս ժամանկից ետ ընկած ժամացույց լինեի, որը պետք է թկթկար այնքան, քանի դեռ լարված էր կյանքի պտուտակը:

Նեյեմբեր 2010 թ.
Երևան

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի