Ճակատագրին չեմ հավատում, չեմ ուզում պատկերացնել կյանքիս ընթացքը նրա անկանխատեսելի շրջանակների մեջ: Ես ընդամենը ցանկանում եմ ազատ լինել, զերծ` չգրված օրենքներից ու անտեսանելի կապանքներից: Ուզում եմ տեսնել կյանքս սպիտակ թղթի նման, որի վրա մի օր ինքս կգրեմ իմ պատմությունը:
Ցանկությունս ավաղ չիրականացող մի երազանք է, քանի որ անիծված եմ հենց այն նույն ճակատագրի կողմից, որին որքան էլ տարօրինակ է, չեմ հավատում: Չեմ հիշում, թե երբ և ինչպես ինձ բաժին հասավ այդ չարաբաստիկ անեծքը, նույնիսկ չգիտեմ հանուն ինչի այն խարանվեց հենց իմ ճակատին` իր աներևույթ գոյությամբ փոխելով կյանքիս ամբողջ ընթացքը:
Անեծքն այդ կապում է ինձ մի վիճակի, համաձայն որի ես իրավունք չունեմ ոչ միայն սիրահարվելու, այլև միևնույն կնոջ հետ մեկ գիշերից ավելի անցկացնելու, և որքան էլ անհավանական թվա այս բոլորը, որպես հավելումն խոսքերիս նշեմ, որ անեծքն այդ խախտելու դեպքում, ես կկորցնմ կյանքս:
Շատ ու շատ կանանց իմ խորհրդավոր վիճակը դուր էր գալիս, քանի որ նրանց պետք էր ընդամենը մեկ գիշերվա ընկեր, նրանցից ոմանք կարոտով հիշում էին ինձ մի որոշ ժամանակ, ոմանք էլ հենց նույն առավոտ մոռանում:
Երկար ժամանակ ես գոհ էի իմ վիճակից: Ես սիրեկան էի, որը գալիս էր միայն մեկ գիշերվա համար, գիշեր, որն այլևս չէր կրկնվելու: Ամեն մի հերթական կին չբացահայտված հանելուկ էր, որի պատասխանը ես փորձում էի գտնել սիրեկանին հատուկ իմ հնարքներով: Կին գտնելն ինձ համար դժվարություն չէր ներկայացնում, բավական էր մի փոքր զգոնություն և նրանք իրենք էին հայտնվում կողքիս: Ես նրանց ընկեր էի դառնում սրճարաններում, կինոթատրոններում, հյուրանոցի համարներում, հազվադեպ մեքենայում, իսկ անկողնում, երբ նրանք իրենց մարմնից բացի նաև բացում էին իմ առաջ նաև հոգին, դառնում էի բարի խորհրդատու, հոգեվերլուծող, հուսադրող պաշտպան ու մխիթարող:
Սիրեկանի իմ այդ խաղը մի թիթեռի կյանք ուներ, և շատ հաճախ, ձանձրանալով տաղտկալի միօրինակությունից, ես հավաքում էի ճամպրուկս և ճանապարհ ընկնում մի նոր քաղաք, իսկ գնացքներում, օդանավակայաններում սպասվում էին նորանոր ծանոթություններ, դեռ չտեսնված դեմքեր, դեռ պատասխան չգտած հանելուկներ: Ես թերթում էի բնակավայրերը նկարազարդ գրքի էջերի նման: Անցնում էր մի որոշ ժամանակ, և ես նորից ճամփա էի ընկնում` նորանոր քաղաքներ, կայարաննր, և թվում էր, որ այդպես լինելու է միշտ, բայց մի օր տեղի ունեցավ անկանխատեսելին, ես սիրահարվեցի:
Արդեն առավոտ է, սակայն չեմ շտապում հեռանալ նրանից: Վախով լցված զգաստություն եմ ապրում երբ մտածում եմ անիծված բախտիս մասին, բայց նայելով նրա քնած դեմքին, մեջս ուժ չեմ գտնում հեռանալու: Ինչպես չէի մտածել, որ մեկ գիշերվա սիրեկան լինելով մի օր կարող եմ սիրահարվել, ու անկարող կլինեմ փոխել առկա հանգամանքների դասավորությունը:
Նա այնքան ամուր է կրծքիս սեղմվել, որ թվում է, ամբողջ կյանքում բաց չի թողնելու ինձ: Ազատ ձեռքով շոյում եմ նրա երկար, շեկ վարսերը, ջերմ, կաթնագույն մարմինը… Նա հրեշտակի դեմք ունի, և գլուխը կրծքիս դրած, մանկան նման ժպտում է քնի մեջ: Հավանաբար երեկվա մեր հանդիպումն է հիշում, երբ ավտոբուսում նստած կողք կողքի, նրա գլուխը հայտվեց իմ ուսին, և ես արթնացրեցի նրան միայն այն ժամանակ, երբ ավտոբուսը հասել էր վերջին կանգառին և սրահում միայն մենք էինք մնացել: Դեռ այդ ժամանակ ես հասկացա, որ այդ ամենը պատահականություն չէր, նա իմ բաժինն էր, գիշերվա իմ սիրուհին ու միայն աշնան դեղած այգում, տերևածածկ ծառուղով քայլելիս հասկացա, որ սիրահարվում եմ, ինչը սիրեկանին ամենևին բնորոշ չէր: Երբ սրճարանից նրան տուն էի ուղեկցում, որոշել էի շքամուտքից անմիջապես հեռանալ, բայց երբ մեր դանդաղ քայլերը հասան նրա բնակարանին, ներս մտանք: Նրա ճիչը մինչև հիմա զնգում է ականջներիս մեջ, իսկ երջանկությունից արցունքոտված աչքերը մինչև կյանքիս վերջ կմնան հիշողությանս մեջ դրոշմված:
Արդեն լուսանում է, և պատուհանից ներս թափանցող լուսաբացի վաղորդյան շողերը հիշեցնում են ինձ, որ արդեն վաղուց հեռանալու ժամանակն է:
Հնարավորինս անշշուկ վեր եմ կենում անկողնուց, դանդաղ հագնվում, հետո մոտենալով անկողնուն` խոնարհվում, որպեսզի համբուրեմ նրան, սակայն զգուշանալով այն մտքից որ նա կարող է արթնանալ ետ եմ քաշվում: Մեծ դժվարությամբ ստիպում եմ ինձ շրջվել և շարժվել դեպի դուռը: Փորձում եմ ետ չնայել, որովհետև վախենում եմ, որ չեմ դիմանա, ու ետ կվերադառնամ նրա մոտ:
Դանդաղ իջնում եմ աստիճաններով, իսկ աչքերիս առջև դեռ նրա մերկ ու գեղեցիկ մարմինն է, և այն մտքից, որ նրան այլևս չեմ տեսնելու, սիրտս կտոր-կտոր է լինում: Արդեն փողոցում եմ, բայց մտքերս ամբողջությամբ նրա կողմն են, խառնվում եմ անցորդներին` հուսալով, որ նրանց մեջ կթողնեմ նրա մասին բոլոր մտքերը, բայց ապարդյուն, նա կարծես իմ մեջ լինի, և նրանից փախչել, երբեք չեմ կարողանալու:
Լուռ նայում եմ անցորդների հոգնած դեմքերին, խոժոռ հայացքներին, փորձում ժպիտ գտնել, բայց իզուր: Կանգ առնելով բազմության մեջ ինչպես անհարմար մի տեղ աճած ծառ, վերջապես սկսում եմ գիտակցել, որ րոպեներ առաջ թողեցի նրան, ում փնտրել էի կյանքիս բոլոր օրերում: Ինձ մի պահ նույնիսկ թվաց, որ նրան հանդիպել եմ ոչ թե երեկ այլ շատ վաղուց, մեր ծննդյան օրերից էլ առաջ, որ զգացել եմ միշտ նրա ներկայությունը, ամեն առավոտ բաժանվելիս համբուրել նրա պարանոցը, իմացել նրա բոլոր ցանկությունները, մտքերը, երազանքները… Ու չգիտեմ թե ինչպես, բայց մեզ առանձնացրել են իրար համար, ընտրելով աշխարհի բոլոր տղամարդկանց ու կանանց միջից իրար միացրել, բայց ամբողջ այդ ներդաշնակության մեջ հաշվի չեն առել մի հանգամանք, որ ես անիծված եմ մեկ խաչված գիշերվա համար:
Պատկերացնում եմ, թե ինչպես է հիմա նա արթնացել, ինչպես է արտասանել իմ անունը և դատարկ ու լուռ բնակարանում ակամայից մոլորված` փնտրել ինձ: Պատկերացնում եմ նրա հայացքը, երբ բնակարանում չի գտել ինձ, վախեցած դեմքի արտահայտությունը, որը սկզբում վերածվել է զարմանքի, ապա տխրության ու ցավի:
Արդեն չեմ նկատում կողքովս քայլող մարդկանց, արդեն ոչինչ չեմ նկատում ու թվում է կխենթանամ: Դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես պետք է անցկացնեմ կյանքիս հետագա օրերը, նույնիսկ չգիտեմ, թե ինչպես պետք է անցկացնեմ առաջիկա գիշերը, ինչպես պետք է իմ գիրկն առնեմ մեկ ուրիշ կնոջ, համարելով դա կյանքի շարունակություն, և կյանքում առաջին անգամ այդ միտքն ինձ զզվելի է թվում:
Դանդաղ սկսում եմ նորից առաջ շարժվել, և զգում եմ, թե ինչպես է իմ մեջ ծնունդ առնում մի զգայարան, որը մինչ այդ ինձ ծանոթ չի եղել: Այդ նորաբաց երրորդ աչքի օգնությամբ սկսում եմ տեսնել այն, ինչ մինչ այժմ տեսել բայց չեմ հասկացել: Անհավատալի է, բայց մարդկային ամբողջ ցեղն է անիծված, և կյանքում ամեն մեկն իր բաժին անեծքն ունի: Նայում եմ կողքովս անցնող տղամարդուն ու տեսնում, որ անիծված է իր կնոջ խամաճիկը լինելուն, հետո երևում է երկրորդը, որը անիծված է ցմահ ինչ որ հոգեմաշ աշխատանքի, երևում է ահա երրորդը, նա էլ մինչև կյանքի վերջ անիծված է իր սարքած ապարանքում կալանված մնալուն, հինգերորդը չի սիրում ամուսնուն բայց ստիպված է տանել նրան ու ապրել նրա հետ, վեցերորդը գերին է իր հասարակական դիրքի, ու եթե մի օր զրկվի դրանից չի լուսացնի, յոթերորդը… ութերորդը… իներորդը… Տեր Աստված, մի՞թե բոլորը…
2007 թ. Երևան
Վերջին մեկնաբանություններ