«

»

Դեկ 14 2010

Տպել Գրառում

Սիրանույշ Օհանյան | ԳԱՐՈՒՆ

Այն օրերին, երբ երևում է Լեռը, նշաններ են ի հայտ գալիս, և գործեր ի կատար ածվում, քանզի Լեռն ինքը նշան է և արարում:

Այսօր մեկն է այդ օրերից:
Վաղ գարունն արդեն խռովել է սրտերը, ընդհատել բնության անդորրը: Թմբիրից զարթնել է ծովը ննջած, և վա°յ այն քամուն, որ կշոյի նրա` փոթորկուն գեղուհու անխռով դեմքը: Պայքար կլինի, և կլինի փոթորիկ, ապա կհանդարտվեն, ու նահանջող ձմեռը կտանի երկինքը փակող ամպերը:
Եվ եղա՜վ այդպես: Բացվեց երկինքը:
Երբ բացվում է երկինքը, երևում է Լեռը: Լեռ չէ, այլ` լեռներ, երկուսն են, սակայն միասնություն անբաժանելի:
Օրերով սպասում եմ այս հանդիպմանը: Օրը եկավ: Եվ վաղ առավոտյան ժպտաց ցայգալույսը: Արևի տաք մատները շոյեցին Լեռան գագաթին փարված ամպերը, փայփայեցին ու համոզելով` ցրեցին նրանց: Լեռան գագաթը շիկնեց բերկրանքից. Լեռը ժպտաց:
Առաջին անգամ տեսա Լեռանը տարածության մեջ. առաջին անգամ հասկացա, որ Լեռը տեսնում ենք տարածության մեջ: Մինչ այս,- նոր հասկացա,- Լեռն իմ աչքերի համար պատկեր էր, նկար հսկայական` կախված երկնքի կապույտ-կապույտ, կապույտ ու ամպամած, թխպոտ ու ամպամած պաստառին: Հիմա տեսնում էի Լեռանը այնպես, ասես բազում պտույտներ էի գործել նրա շուրջբոլորը, ասես զննել էի նրան վերևից:
Հայտնությունը միանգամից է գալիս, իսկ ակնթարթն անսահմանորեն երկար է այն զգալու համար: Կարող եմ նշել ապրումները, որոնք քայլ առ քայլ ինձ բերեցին դրան, բայց չեմ կարող վերստին կոչել պահի հրաշքն ու փոխանցել ինձանից դուրս:
Կարոտած իմ աչքերի լույսը կրկին ու կրկին շոյում է Լեռը, գագաթն ու լանջերը նրա: Ես փոքր եմ, մժեղ ու ավազահատիկ, բայց միշտ տեսնում եմ ինձ Լեռանը շոյելիս, հպում եմ այրվող ձեռքիս ափը նրա հավերժական ձյուներին, սարսռում ու սթափվում: Մի՞թե հնարավոր չէ շոյել Լեռը: ուցե հնարավոր չէ, բայց կարելի է:
Աչքերս հայում են Լեռանը, իսկ հոգիս Լեռան արտացոլանքն է այս պահին: Արտացոլա՜նքը: Կան մտքեր, որ ցնցում են մեր միտքն ու հոգին: Ասել է թե` Լեռն իմ աչքերի մեջ է այն պահին, երբ ես նայում եմ նրան, երբ նա նայում է ինձ: Լեռն իմ աչքերում է` Լեռն իմ հոգում է: Հոգիս Լեռ է կրում, հոգումս Լեռ է բնակվում: Անկասկած, Լեռը գոյություն չունի ինձանից դուրս. Լեռն այն ժամանակ է լոկ ապրում, երբ ես տեսնում եմ նրան իմ հոգում: Իսկ ե՞ս: Ե՞րբ գոյություն ունեմ ես: Հավանաբար` այն պահերին, երբ Լեռը նայում է ինձ, երբ Լեռը տեսնում է ինձ, երբ Լեռան հայացքում կամ ես: Լեռան հայացքում, ուրեմն` և Լեռան հոգում:
Իմ առաջին սերն այս Լեռն է: Ես գիտեմ` առաջին սերն իր մեջ կրում է բոլոր հաջորդներին, ընդգրկում է ապագան ու սկիզբ դնում ներկային: Այն ամենը, ինչ կար Լեռանից առաջ, չի վերաբերում Լեռանը, դուրս է ներկայից և ապագայից: Այն ամենը, ինչ գալիս է Լեռանից հետո, իմաստ է ստանում նրանով, միա՛յն նրանով: Իմ առաջին սերն այս Լեռն է. իմ միակ սերն այս Լեռն է: Մնացածը լոկ այդ սիրո դրսևորումն ու կրկնությունն է տարբեր ձևերով: Էությունը նույնն է:
Իսկ Լեռն անթարթ նայում է: Պատկառանքը, որն ապրում եմ նրան տեսնելիս, Լեռան վեհության և վստահության զգացումը փոխանցում է ինձ: Լեռը հավերժական է արդարության պես. Լեռն ինքը մարմնավորումն է հավիտենական արդարության: Բարի չէ նա, չար չէ նա. ո՛չ գթառատ է, ո՛չ վրիժառու: Նա արդար է:
Գարունը սկսվում է նրանով: Այն օրը, երբ երևում է Լեռը, գարնան առաջին օրն է, ձմռան առաջին օրն է. ամառվա ու աշնան առաջին օրն է նաև: Լեռը ժամանակ է սահմանում, Լեռը եղանակ է թելադրում:
Կապույտ է նա երկնքի պես: Ես գիտեմ` բոլոր լեռներն էլ կապույտ են երևում հեռվից, բոլոր լեռներն էլ այլ գույն ունեն մոտիկից: Սակայն այս լեռան միակ գույնը կապույտն է. այն ներսի՛ց է կապույտ: Երկնքի նյութականացված բեկորը` իջած երկրի վրա, քարացած դեպի երկինք իր սլացքի մեջ: Լեռան շատ նկարներ ունեմ ես. դրանցից ոմանք պատերին եմ ամրացնում գլխիվայր. ինձ թվում է, որ երկնքի խորությունն ու բարձրությունը նույնն են: Նույնն են նաև Լեռան խորությունն ու բարձրությունը, և երբ Լեռան նկարը գլխիվայր է` գլխիվայր է նաև երկինքը:
Կրկին ու կրկին ապրում եմ Լեռը շոյելու պատրանքը: Ես գիտեմ` Լեռն անսահմանորեն մեծ է ինձանից, մեծ է ու հզոր, ես գիտեմ, որ մրջյունը չի կարող շոյել Տիեզերքը: Կա՛րող է: Մրջյունը չի շոյում, այլ` նրա սերը: Ես սիրում եմ Լեռանը:
Չի կարելի սիրո խոստովանություն անել: Մի՞թե դա եսակենտրոնության դրսևորում չէ: Մարդ ինչպե՞ս կարող է սիրել իրենից դուրս գտնվող ինչ-որ բան, իրենից տարբեր ինչ-որ բան: Նույնիսկ երբ դուրս է իրենից, ներսում է այնուամենայնիվ, որովհետև մարդ չի կարող գաղափար ունենալ դրսի մասին: Հենց ունեցավ` արդեն ներս է, արդեն ներսում է: Ուստի ես չեմ սիրում Լեռը. ես ինձ եմ սիրում, քանզի այն, ինչ ես սիրում եմ, ինչ իմ ներսում է` ես եմ: Ամեն ինչ ես եմ:
Լեռը հանդարտ ու անթարթ ինձ է նայում: Նվաստ ու չնչին եմ թվում ինձ: Կարող եմ ողջ կյանքս անցկացնել Լեռան ու սիրո մասին դատողություններով, կարող եմ ձևացնել, թե իմաստնություն ունեմ այդ մասին խոսելու համար: Բայց բավական է, որ հայացքս հանդիպի Լեռան հավիտենական հայացքին, ու ես գիտեմ` փուլ է գալիս ամենը, ամենակուլ քաոսի վերածվում: Մի բան է հաստատուն մնում` Լեռան անվրդով, գեղեցիկ հայացքը: Եվ իմ անկառավարելի սերը, որը լավ կաներ` անլեզու լիներ:

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>