Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԳՈԼՆԱՐ

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Կոլյա Տեր Հովհաննիսյան

(Ազատ փոխադրություն մի ուսուցչուհու հուշագրությունից)

Գոլնարի աչքերում բույն դրած մշտական թախիծը հակադրվում էր լիքը շրթերի վրա գծագրված մեղմ ժպիտին, ինչպես ծառերի մութ ստվերը` անտառի արևոտ բացատին: Տասնհինգը նոր էր լրացրել, բերանին նայելիս՝ երեխայի, իսկ աչքերի խորքը նայելիս՝ հասուն կնոջ տպավորություն էր թողնում: Տարբերվում էր մյուս աշակերտուհիներից իր ավելի զարգացած կրծքերով ու կանացիությամբ: Նստում էր վերջին շարքում, սովորում էր ոչ լավ, ոչ վատ: Բոլորից շուտ էր դպրոց գալիս ու գնում էր բոլորից ուշ: Դպրոցից հեռանալիս՝ ժպիտը չքանում էր այտերի փոսիկների հետ, կամարաձև հոնքերը կախվում էին՝ դեմքին տալով մտազբաղ արտահայտություն:

Այդ օրը, առաջին անգամ նա դպրոց եկավ ուշացած, անժպիտ, հուշիկ քայլերով գնաց, նստեց իր տեղը և ցրված նայեց պատուհանից դուրս՝ լրիվ անհաղորդակից դասին ու շրջապատին: Պարզ էր, որ մի բան այն չէր. որոշեցի հանգիստ թողնել իրեն իր ապրումների հետ:

— Գոլնար, աղջի՛կս, ի՞նչ է պատահել,- մենակ մնալով դասարանում՝ հարցրի դասամիջոցին:

Նա լուռ էր. դժվարանում էր պատասխանել. ասես մտքում ծանր ու թեթև էր անում ու չգիտեր ինչպես ձևակերպի ասելիքը:

-Դե, մի՛ վարանիր, քեզ ազատ զգա, տեսնում եմ շատ մտախոհ ես…

-Էլ դպրոց չեմ գա, խանո՛ւմ, — վերջապես ասաց նա՝ փոքրիկ բռունցքներով մաքրելով արցունքները:

-Ինչի՞,- զարմացա ես:

-Եսիմ:

Իմ համառ հարցապնդումների արդյունքում պարզվեց, որ… ոչ ավել, ոչ պակաս՝ հղի է:

Մի պահ երկուսս էլ լուռ էինք, ես՝ ապշած այդ լուրից, նա՝ ամոթի զգացումից: Սակայն գլխումս պտտվող հարցերի տարափն ինձ հանգիստ չէր տալիս ու դուրս հորդեց միանգամից. բռնեցի ուսերը և համարյա ցնցելով սկսեցի հարցաքննել. այդ տարիքո՞ւմ, ե՞րբ է իմացել, ինչպե՞ս, ո՞վ է եղել այդ անասունը…

Գաղտնիքը բացահայտվելուց հետո, թեթևացած, Գոլնարը պատասխանում էր հարցերիս՝ դաս պատասխանող աշակերտուհու ջանասիրությամբ, առանց անդրադառնալու իր պարզամիտ պատասխանների գռեհկությանն ու ստեղծված խայտառակ իրավիճակին և նույնիսկ կրոնական տեսակետից՝ անօրինական կապի վտանգավոր հետևանքներին…. Երկրորդ ամսվա մեջ է, օ՜, ոչ, տանը ոչ ոք դեռ «խաբար» չունի: Անցյալ ամիս ուշացավ ու չեղավ… մի քանի անգամ գլխապտույտ ու սրխառնոց է զգացել, հիմա էլ զգում է. ինքը որոշ բաներ գիտի, երբ իրենից երկու տարով մեծ հարևանուհին հղի էր, իրար հետ շատ են զրուցել «էն հարցերի» մասին: Ինքը, երեկ, դասերից հետո մենակ այցելեց մոտիկ կլինիկան, արագ ստուգեցին ու հաստատեցին… Մի քանի ամիս առաջ, հակառակ իր կամքին, կորցրել է կուսությունը, բայց այդ ժամանակ ոչինչ չէր պատահել, դրանից հետո զգույշ է եղել, հայտնի չի ոնց պատահեց… Իսկ ինչո՞ւ չի խոսել մոր հետ՝ վախենում է… անօգուտ է…

Չէի հավատում, որ դիմացս կանգնած տասնհինգամյա կինը աշակերտուհիս է. ակամա լցվեցի բարկությամբ, ուզում էի հանդիմանել, բայց նրա կեցվածքի մեջ կար անմեղության ու անպաշտպանության մի այնպիսի դրսևորում, որն ինձ կաշկանդում էր: Չէի ուզում հավատալ, որ նա բարոյազուրկի մեկն է, ենթադրում էի, որ սիրային կապ է եղել, հաջողել է մի կերպ առանձնանալ սիրած տղայի հետ և…

-Իսկ ո՞ւմ հետ… որտե՞ղ, — նորից ուսերը ցնցելով կրկնեցի հարցս.

Գոլնարը խուսափում էր պատասխանել:

-Գիտե՞ս, ծածկելու բան չկա, շուտ թե ուշ փորդ կցցվի դուրս, սաղ աշխարհը կիմանա. նա պիտի պատասխան տա…, — ձեռք չէի քաշում ես, -ինքը տեղյա՞կ է, պատրաստվո՞ւմ է ամուսնանալ քեզ հետ:

Ինձ թվաց՝ հեգնական մի ստվեր անցավ դեմքի վրայով:

-Ես սիրած չունեմ… խանո՛ւմ, -ասաց գլուխը կախ, — երբեք չեմ սիրահարվել… չգիտեմ ինչ է սերը…

-Բա էլ ո՞վ, — բղավեցի կաշվից դուրս եկած:

-Եղբայրս… խանո՛ւմ, եղբայրս… և…  գիշերները… մեր տանը…

Նա չշարունակեց, հեկեկաց ու դուրս փախավ դասարանից:

 

* * *

Գոլնարից գրեթե ուժով վերցրած հասցեն անդադար ստուգելով՝ փորձում էի գտնել նրանց բնակարանը: Նախորդ օրը ամուսինս, իմանալով, թե քաղաքի որ մասն եմ պատրաստվում գնալ, նախ արգելեց, հետո երբ պատմեցի եղելությունը՝ ինձ հորդորեց սև չադրա ծածկել: Եվ լավ էր, որ լսեցի ամուսնուս խոսքը: Այդ կողմում ես երբեք չէի եղել. նեղ, ծուռումուռ փողոցների ու տների մի լաբիրինթոս, ուր վխտում էին կասկածելի արտաքինով կանայք ու տղամարդիկ: Հասա նշված փողոցին, որի մեջտեղով հոսող առուն գարշահոտ էր բուրում՝ ավելի շեշտելով տիրող ծայրահեղ աղքատությունն ու թշվառությունը: «Ահա, թե ինչ միջավայրում է հասակ նետում Գոլնարը»,-անցավ մտքովս: Չլիներ նրան օգնելու ձգտումս՝ ճանապարհս չէի շարունակի: Վերջապես տեսա Գոլնարի նկարագրած բաց կանաչավուն, կիսով չափ ժանգոտած դարպասը: Վախվխելով ներս մտա: Մեծ բակ էր, որի շուրջը երկու հարկի վրա, լուցկու տուփերի պես կառուցված էին փոքրիկ սենյակներ՝ խունացած փայտե լուսամուտներով. իսկը՝ մարդկային մրջնանոց… Հարցնելով գտա նրանց բնակարանը: Դուռը բացեց սմքած ու տառապանքի կնիքը դեմքին տարեց մի կին: Իմացավ ով լինելս ու ինձ ներս հրավիրեց: Բարեբախտաբար, բացի նրանից տանը ոչ ոք չկար:

-Դո՞ւք եք Գոլնարի մայրը, — հարցրի անսքող կասկածանքով, քանզի առջևումս կանգնած կինը ավելի շատ տատիկի, քան մոր տպավորություն էր թողնում:

-Այո, խանո՛ւմ, Գոլնարը պատմել է ձեր մասին:

«Փառք Աստծո, ուրեմն սպասում էր իմ այցին»,-այս միտքն ինձ վստահություն ներշնչեց:

Նայեցի շուրջս, բնակարան կոչվածը բաղկացած էր միայն մեկ, ոչ այնքան ընդարձակ սենյակից, խոհանոցը՝ բաժանված մի ծաղկավոր, հին վարագույրով: Սենյակի մի կողմում զետեղված էր իրար վրա դարսված անկողինների կույտը, մի սնդուկ, դիմացի անկյունում՝ հին հեռուստացույցը ու հատակին դրված մի ինքնաեռ՝ թեյի պարագաներով: Նստեցինք հատակին, որը ծածկված էր մեքենայագործ, էժանագին երկու գորգերով: Սանհանգույց չկար, հավանաբար դա ընդհանրական էր բակի բոլոր բնակիչների համար: Գլխումս անդադար պտտվում էր այն միտքը, որ ախր… քույր ու եղբայր ո՞նց են հաջողել մոր և հոր ներկայությամբ…

Սկսեցի հեռվից: Ուզում էի մորը նախապատրաստել՝ դառն իրականությունը լսելու համար: Սարսափում էի այն մտքից, որ հանկարծ կաթվածահար չլինի: Ինձ լսելիս, ամբողջ ժամանակ, նայում էր դեմքիս անտարբեր հայացքով, ասես աչքերը դատարկ լինեին: Թվում էր, չի լսում կամ չի հասկանում ասածս: Երբեմն կրկնում էի խոսքս, բայց ապարդյուն: Ի վերջո, հասա կարևորին:

— Գիտե՞ք, ձեր աղջիկը հղի է:

Նա նայում էր ինձ նույն սառը հայացքով:

-Դուք տեղյա՞կ եք այդ բանին,- ասացի հուսահատ:

Նա բացասաբար շարժեց գլուխը:

-Կռահում էի…,-ասաց գլխահակ:

-Իսկ դա… դա ձեզ չի՞ անհանգստացնում…

Նա, ճակատագրին համակերպված մարդու անտարբերությամբ, ուսերը վեր քաշելու պես մի շարժում արեց:

Զգում էի, որ երակներում վախից սառած արյունս սկսում է եռալ…

-Իսկ դուք գիտե՞ք, թե ով է դա արել…,- բարձրացրի ձայնս:

Նա դարձյալ ինձ նայեց նույն անտարբեր հայացքով, որի մեջ, սակայն, այս անգամ նշմարեցի մտահոգության կամ վախի գորշ բծեր: Եվ… Աստվա՜ծ իմ, աչքերիս չէի հավատում. երկու կաթիլ արցունք պոկ եկավ այդ դատարկ, ոչինչ չարտահայտող աչքերից ու սահեց նրա կախված այտերի վրայով…

-Ուրիշների պես հո նա տնից դուրս չի գնացել, — ասաց խռպոտված ձայնով, ասես փորձում էր արդարացնել Գոլնարին, — այդ ես եմ ասել…

-Ի՞նչ ,-զարմանքից քարացա ես, — դուք ի՞նչ եք ասել:

Նա լռեց մի պահ ու ապա խոսեց դանդաղ, ալարկոտ, հատ-հատ արտաբերելով բառերը: Ամուսինը պարապ է, քարշ է գալիս չայխանաներում *  ծխում է: Միակ տղան առավոտից իրիկուն աշխատում է, հայրը՝ մսխում: Հայրը չմխսեր, էս վիճակում չէին հայտնվի… Մի ժամանակ տղան գործից գալիս էր, լվացվում, ընթրում ու դուրս գնում իր հաճույքի հետևից: Ինքը գիտի, որ շրջապատում «էյդզով» հիվանդներ շա՜տ կան. Աստծո օր՝ մեկը մեռնում է… Միշտ սարսափել է այն մտքից, որ Աստված ոչ արարցե, իր տղան էլ կվարակվի: Չէ՞ որ նա է ընտանիքը պահում: Գոլնարից ուզել է, որ եղբորը տանը պահի… քնի իր նրա հետ… Գոլնարը գեղեցիկ է, լավ մարմին ունի, իր խորհուրդով տանը բաց էր հագնվում ու մինչև եղբայրը… գլխի կընկներ, առաջին անգամ հայրը գայթակղվեց… Ինքն այդ պահին, քնած էր ձևացել… Որովհետև, եթե միջամտեր, նա աղմուկ կբարձրացներ ու հարևանների բերանը կընկնեին… Սիրտը կտոր-կտոր էր եղել Գոլնարի հուսահատ դիմադրությունից ու լուռ հառաչանքներից… Իսկ եղբա՞յրը, եղբայրն այդ պահին ինչո՞ւ չմիջամտեց: Դե, եղբայրն այդ շաբաթ գործուղման էր շրջաններ… այլապես հայրը չէր համարձակվի… Ինքն է խնդրել տղայից, որ չթափառի դրսերում և…  Մինչև հիմա չի հասկանում, ո՞նց զգույշ չեն եղել ու ձեռքից բաց թողել այս անգամ… Հայրը գիշերները ուշ է գալիս տուն, իսկ ինքը նստում է պատշգամբում ու…հսկում…

Չիմացա, թե ինչպես դուրս եկա ու փախա այդ որջից…

* * *

Գոլնարին մենակ չթողեցի: Մեծ դժվարությամբ ու ծախսերի գնով գտա մեկին. մայրն էլ ընդառաջեց, ազատվեց սաղմից: Գնացի, մի անծանոթ դեղատնից մեծ քանակությամբ պահպանակ գնեցի ու տվեցի իրեն, դեղեր էլ… դրանից ավել ի՞նչ կարող էի անել:

Գոլնարը շարունակում է հաճախել դպրոց, բայց խամրել է նրա ժպիտը, գիրացել է, անհետացել են այտերի փոսիկները, վատ է սովորում, չի խառնվում ընկերուհիների զրույցներին, ճչվչոցներին: Նա ոչինչ չի պատմում ինձ, ես էլ ոչինչ չեմ հարցնում, միայն մի օր ինձ տանջող հարցիս պատասխանը տվեց, ասաց, որ մայրը ընդանմենը 44 տարեկան է…

Թեյարան, ուր մատուցվում է նաև նարգիլե

 

4 մեկնաբանություն

Անցնել մեկնաբանելու դաշտին

  1. Գրողի և անհատականության մի անվիճելի կարողություն է շնորհված հեղինակին՝ ապացուցելու, որ բացարձակ սևն, այնուամենայնիվ, դա ոչ թե լույսի բացակայությունն է, այլ ընդամենը նրա պակասը:

  2. Գրվածքն ուշագրավ էր , միայն մեկ-երկու տեղ խմբագրական աննշան շտկում կառաջարկեի անել…

  3. Միայն մեկը կնշեմ այստեղ.«Նա լռեց մի պահ ու ապա խոսեց դանդաղ, ալարկոտ՝ հատ-հատ արտաբերելով բառերը»: Այս խոսքերից հետո , կարծում եմ, ընթերցողը կնախընտրի լսել այդ «հատ-հատ» արտաբերված խոսքերը ՝ հենց հերոսուհու շուրթերից , այլ ոչ թե հեղինակի կողմից վերապատմածը:Համոզված եմ հեղինակի գրչի վարպետությամբ՝ հերոսուհու խոսքերն ավելի խոսուն կլինեն և ավելի շատ բան կասեն ու դրանից պատմվածքը միայն կշահի … թեև սա զուտ իմ կարծիքն է, միգուցե սխալվում եմ…

  4. Հեղինակը կարողացավ ինձ հուզել: Ես զգացի հեռաոր այդ անկիւնը եւ տեղի ունեցած զավեշտական իրավիճակը:Վերչապես պառզվեց բուն պատճառը այս ողպերկութեան: Շատ հաջող եւ ազդեցիկ մեկնաբանութիւն, հեղինակին շնորհավորում եմ:

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի