«

»

Հուն 11 2013

Տպել Գրառում

Շաքէ Ա. Պետրոսեան | ՍԻՐՈՅ ԱՄԱՌ

Շաքե Ամիրյան-Պետրոսյան

Շաքե Ամիրյան-Պետրոսյան

Ես քեզ կը մօտենամ զգոյշ ու քնքուշ: Հասունացմանդ պահին կողքիդ կը լինեմ եւ կսպասեմ մինչեւ ինքդ կամենաս լքել մայրական կանաչ գոգնոցը, ապա ափս կը պարզեմ եւ դու յուշիկ կը սահես ափիս մէջ ապահով, ամբողջական, անարատ ու մաքուր … դու կը լինես իմը…
Եթէ չլինեն ձեռքեր հոգատար , գահավիժումդ՝ մայթերի գռեհներում ոտնակոխ՝ ճակատագիրդ է անխուսափ…
Իսկ ես, համբերատար՝ հասունացումդ կը դիտեմ, հրճւանքս զսպած, կսպասեմ…
Քեզ հեռու կը պահեմ կոպիտ ու բիրտ մատներից. նրանք չգիտեն, եւ քոյրերդ էլ չգիտեն, որ ամենաթեթեւ հպումից կարող էք լլկւել ու կոխորտւել կամ մայրիկի կանաչ քղանցքի տակ ծւարած՝ հասունացման սպասելիս, թօշնել ամօթխած ու լուռ, չորանալ ստերջ..
Եւ երբ գայ պահը, ափս քեզ ապաւէն…
Կըմբոշխնեմ քեզ իմ ողջ զգայարաններով՝ քիմքիս կարօտով, լեզւիս անձկութեամբ կը սեղմեմ շուրթերով, ծծելով ու վայելով քաղցրութիւնդ անսպառ, ճերմակութիւնդ փափուկ, աւիշդ համով, որ ամբարել ես գարնանը, երբ մայրդ ծեր սնեց քեզ արեւաշող ջերմութեամբ, անուշ թօնի զովութեամբ ու քնքուշ զեփիւռի օրօրով…
Ու կը փառաբանեմ հողի, ջրի ու արեւի աստւածուհուն՝ ոսկեմատ Անահիտին:
Թութն է կաթում…

Յունիս, 2013, Թեհրան 

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>