«

»

Մար 06 2011

Տպել Գրառում

Արմենուհի Սիսյան | ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

Կինը

Կինը մենակ էր տանը: Հիվանդ էր նա: Երբևէ չէր եղել այնպես, որ անհանգստանար իր համար: Բայց հիմա անհանգիստ էր, որովհետև վատ ինքնազգացողությունն առավոտից չէր լքում նրան: Անհանգստությունն աճում էր, ինչպես աճում էր ցավը սրտի շրջանում` երբեմն վերածվելով շնչահեղձության: Վախն աստիճանաբար բուն էր դնում ցավող սրտում ու ավելի անհանգստացնում: Գուցե մա՞հն է ցանկանում այցելել իրեն: Ախր շուտ է, դեռ ժամանակը չէ: Ի՜նչ անհեթեթություն. այդ ե՞րբ է մահը նախօրոք տեղեկացրել իր գալստյան մասին… Թերևս պետք է տեղյակ պահել աղջկան: Չէ’, միայն ո’չ դա. նա նոր է գնացել հանգստանալու, պետք չէ անհանգստացնել: Ինչ լինելու է, միևնույնն է, պիտի լինի…
Նա վեր կացավ անկողնուց ու սկսեց քայլել սենյակում: Ցավը նորից շամփրեց սիրտը, այս անգամ այնքան սաստիկ, որ չկարողացավ քայլ գցել առաջ: Մնաց իր տեղում` ձեռքով սիրտն ամուր բռնած ու խոնարհված սրտին: Չէ’, սա հաստատ վերջն է: Մահը եկել է իր ետևից: Մի՞թե այսպես պիտի լիներ իր վերջը, և, որ ամենասարսափելին է, միայնության մեջ… Պետք է պայքարել, ինչ-որ բան անել: Դե’ղը: Անհրաժեշտ է հասնել խոհանոց ու պահարանից վերցնել դեղը: Չէ’, ի վիճակի չէ, և հետո, թե պիտի մեռնի, էլ ինչի՞ն է պետք դեղը… Միայն թե, ամենակարևորը, պետք է տեղյակ պահել, որ ինքը մեռել է, որպեսզի մարմինն անշնչացած վիճակում փակ սենյակում չմնա երկար…Օ՜հ, ինչ սարասփելի է, պետք է մի բան անել, ի՞նչ կարելի է անել… Ամենաճիշտը շտապ օգնություն կանչելն է, ինչպե՞ս ավելի շուտ չէր գլխի ընկել… Ձեռքը մեկնեց դեպի հեռախոսը, որն իր կողքին էր, հանկարծ հայացքն ուղիղ ընկավ իր մեկնած ձեռքին. եղունգներից թափվել էր մանիկյուրը` անհավասար, անխնամ, քանի օր է` ուշադրություն չէր դարձրել իրեն. իսկական փնթի կնոջ ձեռքեր: Հիշեց մորը, որը, չնայած իր տարիքին, միշտ ունի կոկիկ ու խնամված եղունգներ և ասում է, որ կնոջ ձեռքերը միշտ պետք է լինեն մաքուր ու խնամված… Ակամա պատկերացրեց, որ կգան ու իրեն այդպես կտեսնեն նախ բժիշկները, հետո հարազատները, ապա` ուրիշներ, ի՜նչ խայտառակություն… Ու իր մասին կմտածեն, որ փնթիի մեկն է…
Կինը չզգաց, թե ինչպես վեր կացավ տեղից, սահեց ննջարան, հայելու առջևի դարակից հանեց սպիտակ մանիկյուրը, մաքրող հեղուկ ու բամբակ: Նախ մաքրեց մանիկյուրի հին մնացորդները, հետո հավասար ու սահուն քսեց նորը: Տարբեր կողմերից նայեց մատներին, հիացավ իր աշխատանքով, ապա, մինչ կչորանային նոր քսված եղունգները, նայեց իրեն հայելու մեջ: Ի՜նչ տհաճ տեսք ունի, մի՞թե սա այն բարետես կինն է: Վերցրեց հայելու առջև դրված խոզանակը, թեթևակի հարդարեց մազերը: Ահա այսպես փոքր-ինչ այլ է: Այս ի՞նչ դժգույն դեմք է, ուղղակի վախենալ կարելի է: “Կինը ցանկացած պարագայում պետք է գեղեցիկ լինի”,-մտածեց ու թեթևակի շրթներկ քսեց գունատ շուրթերին: Իսկ մա՞շկը, սա՞ ինչ է, իսկը հիվանդի վանող մաշկ… Ասես քննադատելով ուրիշին ու զայրանալով այդ ուրիշի անփութության վրա` դեմքի համար հատուկ հեղուկով լվաց մաշկը: Հետո նուրբ մատնահարվածներով մերսեց երեսը սնուցող քսուքով ու թեթևակի դիմափոշի արեց: Աչքերի տակ մթամած փոսեր էին գոյացել, ուր սովորաբար սիրում է երկարատև խարիսխ գցել հիվանդ տխրությունը: Դա ամենևին դուր չեկավ նրան: Սիրալիր հոգածությամբ ինչ-որ բան քսեց`ջանալով քողարկել դրանք: Բայց դա չբավարարեց: Դարձյալ նայեց հայելու մեջ ու ժպտաց ինքն իրեն այն հեղափոխական ժպիտով, որով միայն կինը կարող է ժպտալ, և այդ ժպիտի մեջ սուզվեցին աչքերի տակ գոյացած փոսերը: Կինը նորից ժպտաց, այս անգամ գոհունակության ժպիտով: “Ա’յ սա բոլորովին այլ է, թե չէ ի՞նչ էր այն անփույթ կնոջ դեմքը: Կնոջ դեմքից կարելի է որոշել` կոկի՞կ է նա, թե՞ ոչ,-դեռ շարունակում էր քննադատել այն մյուս կնոջը,- նույնիսկ շատ մեծ տարիքում կինը միշտ պետք է կին մնա”,- սահմանեց մտքում: Հետո որոշեց, որ հագուստն այնքան էլ թարմ չէ, չէր խանգարի` փոխել այն: Մտավ լոգարան, արագ փոխեց շորերը, հագավ ուրիշ, թեև տնային, բայց մաքուր հագուստներ: Հետո նորից դարձավ դեպի այն կարևորագույն առարկան, որ հայելի անունն ունի, ըստ սովորության, թեթևակի ուղղեց մազերը, որն ավելի շուտ շոյելու էր նման, հետո ժպտաց իրեն հայելու մեջ: Ապա, պատրաստ լինելու զգացումից ոգևորված, թեթևաքայլ մոտեցավ հեռախոսին. ինչ-որ տեղ պիտի զանգահարեր: Մոտեցավ, մեքանայորեն վերցրեց խոսափողը, բայց զանգահարելու պատրաստ գեղեցիկ մատներն անորոշ մնացին օդում. նա մոռացել էր, թե ուր պետք է զանգահարեր…

Ծաղկեփունջը

Աննան մենակ էր ապրում: Ամեն օր դուրս էր գալիս տնից շատ վաղ ու վերադառնում ոչ շուտ: Հավանաբար աշխատանքի բնույթն էր այդպիսին: Նա ոչնչով աչքի չէր ընկնում և ոչ էլ առանձնակի գեղեցիկ էր: Ոչ ոք որոշակի ոչինչ չէր կարող ասել նրա մասին, բացի նրանից, որ ամեն օր տուն վերադառնալիս անցնում էր նույն տեղով, թեթևակի խոնարհած գլուխը բարձրացնում էր ու բարևում բակում գտնվող մարդկանց: Նրա մասին հայտնի էր լոկ այդքանը և ոչ էլ որևէ մեկին հետաքրքրում էր ավելին իմանալ: Ամեն օր նա աննկատ անցնում էր շենքի առջևով, ինչպես որ աննկատորեն անցնում էին նրա կյանքի տարիները:
Սակայն գարնանային մի օր Աննան բակ մտավ՝ ծաղիկներով: Նստարանին նստած տղամարդկանց գլուխները թեքվեցին նրա կողմը` հայացքով ուղեկցելով Աննային մինչև շքամուտք: “Իսկ նա կարծես վատը չէ”,-անցավ համարյա բոլորի մտքով:
-Բարև ձեզ,- ոողջունեց կինը գլխով ու օդում որսաց իր ծաղկեփնջին ուղղված տղամարդկանց հայացքները:
-Բարի օր,-մի պահ հապաղեցին տղամարդիկ ու լռեցին:
Տղամարդիկ ավելի երկար լռեցին հաջորդ օրը, երբ Աննան դարձյալ անցավ իրենց կողքով՝ նախորդ օրվանից առավել փարթամ ծաղկեփնջով:
-Բարև ձեզ,- ասաց նա՝ ասես շաղ տալով շուրջը իր ձեռքի ծաղիկների բույրը:
Այս անգամ պատուհաններից դուրս պրծան նաև բազմաթիվ կանացի գլուխներ և ամենայն ուշադրությամբ ուղեկցեցին նրան մինչև շքամուտքի աստիճանները: Իսկ Աննան ծաղկեփնջի հետ մեկտեղ տանում էր իր հետ նաև հայացքների փունջը, ինչը հրաշալի տեսնում էր իր ետևից, անգամ այն լռությունը, որն անչափ խոսուն էր իր համար:
Անցավ երկու օր: Երրորդ օրը կրկին, որպես քայլող ծաղկեփունջ, Աննան հանդիսավոր մտավ բակ: Տղամարդիկ շունչները պահեցին` նորի՞ց…
“Այո՛, նորից, իսկ դուք…”,- լուռ պատասխանեց կինը նրանց հայացքներին ու իր ծաղիկներին ձուլված՝ մի հաղթական բարև սփռեց շուրջը որպես մարտահրավեր ու անցավ առաջ: Որքան որ ծանր էր ծաղկեփունջը, այնքան թեթև էին դարձել նրա քայլերը: Անգամ թվաց, թե ժպտաց… “Ինչ հմայիչն է”,- միաժամանակ նույն բանը մտածեցին համարյա բոլորը:
“Դե, դա միայն դուք չեք այդպես կարծում”,-լուռ վկայեց ծաղկեփունջն ու իր ետևից տարավ հմայիչ կնոջը:
Սովորական, նախկինում ոչնչով աչքի չընկնող կինն այժմ ամբողջությամբ դարձել էր գաղտնիք:Հարևանների հետ սակավ շփումը ավելի էր մեծացրել հետաքրքրությունը կնոջ հանդեպ. ու՞ր է գնում, ինչու՞ է մենակ ապրում, ինչու՞ չի ամուսնացել մինչև հիմա…Հարցեր, որոնք մնում էին անպատասխան ու վերածում կնոջը կատարյալ հանելուկի: Աննայի “բարև ձեզը” դարձել էր մտերմիկ, քայլերը՝ ավելի համարձակ, վստահաբար հուշելով, որ այդ ինքն է գեղեցկացնում ծաղկեփունջը և ոչ թե հակառակը: Նա իսկապես գեղեցկացել էր: Նա գտել էր ինչ-որ կարևոր, կորցրած մի բան և այժմ ցնծում էր իր գտածից: Նրա համեստ գոյությունն այժմ ընդգծված էր ուշադրությամբ: Տղամարդկանցից շատերը, որոնք նախկինում չէին նկատել նրան, զարմանում էին, թե ինչպես կարող էին մինչև հիմա այդքան անուշադիր գտնվել: Այժմ նրանք ակամա սպասում էին նրա վերադարձին և աշխատում արժանանալ նրա բարևին: Նրանցից յուրաքանչյուրը փորձում էր պատկերացնել ծաղիկներ նվիրողին, արդյոք իրենից լա՞վն է, ու ձգտում էին ուղիներ գտնել՝ կնոջ հետ ծանոթանալու:
Թեև իր սովորական ժամից երկու ժամ ուշ էր, սակայն ծաղկի խանութը դեռ բաց էր: Աննան ներս մտավ, մեկնեց դրամը վաճառող տղամարդուն.
– Այսօր միայն սպիտակ վարդեր դրեք…
– Զամբյուղո՞վ, թե՞ ինչպես նախորդ անգամ:
– Ինչպես նախորդ անգամ…

Հե՜յ, Նո՜յ

– Դե բավակա’ն է,- նեղսրտեց Երկինքն ու թքեց Երկրի վրա: Տեղաց մի երկու ժամանոց անձրև: Մի տարափ զայրույթ, նախատինք ու թուքումուր տեղաց: Մարդիկ փախեփախ եղան, փորձեցին պատսպարվել ու գլուխները փախցնել: Մի քանի րոպեում փողոցը դատարկվեց: “Լա’վ, երևի այս անգամ հասկացան”,- մտածեց երկինքը, քաշեց իր ծիածանի վարագույրը` որպես հաշտության դրոշակ ու փակվեց իր մեջ:
Չանցած որոշ ժամանակ` այս ու այնտեղ գլուխներ ծիկրակեցին թաքստոցներից: Մարմնավաճառը պայուսակն ուսին գցած` սկսեց ճեմել իր բաժին տարածքում: Նրան մոտեցավ ոստիկանը, պահանջեց իր բաժինը: Սակարկեցին, կինը փող պարտք մնաց: Մի կերպ բարիշեցին, որոշեցին, որ կինը մարմնով կվճարի: Հետո գողը երթուղային տաքսում չքմեղ ժպիտով առաջարկեց պահել կնոջ պայուսակը. ծանր է, չէ՞, վերջապես, կին է իր առջև կանգնած, պետք է օգնել կանանց, մանավանդ` երևում է` աշխատող կին է: Ու մինչ աշխատող կինը ցրված հայացքով մի կերպ տեղավորեց իր հոգնածությունը մեկ ուրիշ ուղևորի նստելատեղի մեկ երրորդին, “մեծահոգին” սահուն դուրս սողոսկեց դռնից` կնոջն ի սպառ ազատելով պայուսակի ծանրությունից…
Մի ուրիշ տեղ շաղված աչքերով թմրամոլը հարձակվեց մոր վրա, այնքան քաշքշեց, որ քիչ մնաց խեղդամահ աներ: Հետո հաջողացրեց մոր վզից պոկել ոսկե շղթան Հիսուսի պատկերով ու հրելով նրան հատակին` փախավ դուրս…
Երկինքը տեսավ այս ամենը, նոթերը կիտեց, մռայլվեց, հետո չդիմացավ, պոռթկաց` “Դե հերի’ք եղավ” ու մի հինգ ժամանոց լուտանք թափեց վերևից: Բայց ո՞վ էր լսում: Հիմա ո՞վ է բարոյախրատական նախատինքին ականջ դնում, մանավանդ, երբ դա վերևներից է… Իսկ մարդիկ ցածում գտան ձևը. ազատեցին իրենց չոր գլուխները պաշտպանիչ հովանոցով ու անհաղորդ վերևներին` իներցիայով շարունակեցին իրենց անելիքները ցածում: Պե՞տք էր ինչ-որ ձևով գլուխը պահել…
“Լա’վ,- մթնեց երկինքը,- ուրեմն դուք բանի տեղ չեք դնում իմ ասածներին, այլևս չեք վախենում իմ պատժից, մոռացել եք, հա՞ այն հինը, որից հետո երկար ժամանակ ձեզ մարդավայել էիք պահում”…
Բազում նախազգուշացումներից հետո, որոնց, միևնույնն է, մարդիկ ականջ չէին դնում, երկինքը որոշեց նորից կիրառել իր արդեն փորձված մեթոդը` Ջրհեղեղը: Իր տնօրինության տակ գտնվող օվկիանոսների ու ծովերի մակարդակն էլ /համբերության/ այլևս ափեափ լցված էր և պատրաստ` ծայրեծայր լվանալու կեղտոտված Երկիրը… Ամեն բան արդեն պատրաստ էր, մնում էր լոկ մեկ կարևոր հարց լուծել` Նոյի հարցը: Նրան էլ պետք է որոշ ցուցումներ տար, հետո նոր միայն սկսեր իր գործը: Այսուայն կողմ նայեց, սակայն Նոյը չերևաց ոչ մի տեղ: Երկինքը պրպտեց աշխարհի չորս դին, տեսավ բյուր Նորեր, Նորոներ, Նոբելներ, բազում այլ խաղաղասեր ինքնակոչեր, բայց Նոյին չգտավ… Հին պատժամիջոցը պատրաստ, սակայն չկար Նոյը` միակ երկնահաճո գոյությունը Երկրի երեսին…
Երկինքը մի պահ կարկամեց` ինչպե՞ս վարվել, հո չէ՞ր թողնելու լվացված, նոր Երկիրն առանց մարդու: Այնժամ որոշեց գոնե Նոյի նման մեկ ուրիշին վերցնել, բայց ոչ էլ Նոյանման որևէ մեկին գտավ: Ա’յ քեզ փորձանք, ինչ է, վերացա՞վ Նոյի տեսակը Երկրի երեսից… Երկինքը խեղճացավ, բարակեց ու մի կուշտ լաց եղավ Երկրի վրա, Երկրի համար: Հետո ապսպրեց Երկրի ողջ գնդով մեկ.
-Հե՜յ, Նո’յ, հենց գաս` ամեն ինչ նորից ենք սկսելու, ավելի լավ է լինելու, քան նախորդ անգամ, քեզ ու քո սերունդներին հրաշալի ապագա է սպասվում, միայն թե՝ արի’ դու, հե՜յ, Նո՜յ…

Share Button

3 կարծիք

  1. Tata

    Hiacac em, shat lav e-karch,parz u liq@ aseliq!!!

  2. Rouben Hakhverdyan

    ete sa er dzer mtki trichk@ apa snorhavorum em dzez duk V. Saroyani hancharn eq…………

  3. karine karapetyan

    խորքայինը պարզության մեջ է:Այս հեղինակի մոտ դա ստացվում է:Կարդացել եմ նաև նրա ուրիշ պատմվածքներ մեծ հաճույքով:

Պատասխանել Rouben Hakhverdyan-ին Հրաժարվել պատասխանելուց

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>