Պարսկերենից թարգմանեց Ազատ Մաթյանը
Գարնան հովը մուշկի բույրով անուշություն կշնչի,
Հին աշխարհը ջահելացած նոր երգ ու սեր կանրջի:
Գինու գավի կարմիր ակը յասամանին գույն կտա,
Վառ կակաչը հեզ նարգիգի աչքն արցունքով կթրջի:
Սոխակն երկար անջատումի տառապանքը մոռացած,
Ճիչ ու կանչով կոկոն վարդի առագաստը կթռչի:
Մի նախատիր, որ մզկիթից գինետուն եմ շտապում,
Քարոզները շատ են երկար, ժամանակը կփախչի:
Սի՛րտ իմ, եթե խրախճանքդ վաղվան թողնես այսօրվա,
Ի՞նչ երաշխիք, որ վաղը քեզ այս աշխարհը չջնջի:
Վարդն ափսոս է, վայելեցե՛ք, քանի բուրում է թփին,
Գարնան դռնով հայտնվել է, աշնան դռնով կկորչի:
Մտերմության այս հանդեսում, մտրո՛ւպ, երգ ու տաղ ասա,
Երեկն ի՞նչ էր, վաղն ի՞նչ կտա, հիմա դրա պահը չի:
Քաֆեզը քո տեսքի սիրույն այս աշխարհը ոտք դրեց,
Մի՛ ուշանա, հրաժեշտի ժամը շուտով կհնչի:
«Հույս» երկշաբաթաթերթ, համար 94
2 մեկնաբանություն
ԻՄ ՀԱՄԱՐ, ՍԻՐԵԼԻ, ԱՍՏԵՂԱՅԻՆ, ԶԻԼ, ՊՕԷՏ ԵՒ ԲԱՆԻՄԱՑ ՄԱՐԴ. ԱԶԱՏ ՄԱԹԵԱՆ ԿԸ ՀԱՄԲՈՒՐԵՄ ԼՈՒՍԱՊՍԱԿ ՃԱԿԱՏԴ … ՔԵԶ ՇԱՏ ԵՄ ԿԱՐՕՏԵԼ, ՎԵՐՋԻ ԱՆԳԱՄ ԵՐԵՒԱՆ, ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ, ՈԳՈՒ ԱՐԱՂ ԵՒ ՍՊԻՏԱԿ ԱՐՑՈՒՆՔՆԵՐ ՄԵՐ ԱՉՔԵՐԻՆ … ՔՈ ԱՉՔԵՐԻՆ… ՊՕԷՏ ԵՂԲԱՅՐՍ:
http://www.azadmatian.com