-Հիմա ձմեռները նախկինի պես շատ ցրտաշունչ չեն,- ասաց Զեյթոլլահը և նայեց պատուհանից դուրս,- մի կարգին ձյուն էլ չի գալիս:
-Հա՛, տարիներ առաջ, հիշում եմ, օրեր շարունակ քսանից երեսուն աստիճան ցուրտ էր լինում, և ամեն տեղ սառցակալում էր,- ասաց աղա Ռեզան:
Դրսում ձյունը շարունակում էր մաղել, բայց գետին չհասած՝ հալվում էր: Միայն պատուհանների քիվերն ու մերկ ծառերի ճյուղերն էին մասամբ սպիտակել:
Ներս մտավ Զեյթոլլահի կինը` պղնձէ լեցուն սկուտեղը ձեռքին:
-Համեցե՛ք, համեցե՛ք, անուշ արեք, -սկուտեղը դնելով հատակին՝ ասաց նա մեղրածոր ձայնով ու տեղավորվելով ինքնաեռի կողքին՝ սուփրայի վրա շարեց սկուտեղի պարունակությունը:
Աղա Ռեզան հյուր էր եկել մայրաքաղաքից: Սենյակում տարածվել էր նոր դրած թեյի ու ձվածեղի անուշ բուրմունքը: Նա հիացմունքով էր նայում մաքուր սենյակի անպաճույճ կահավորանքին, որի ակնառու մասը հատակը ծայրից ծայր ծածկող թանկարժեք զույգ գորգերն էին: «Սրանք դեռևս պահել են ավանդական սովորույթը՝ նստում են հատակին, իսկ մե՜նք…»:
-Յալլահ1,- ասաց նա:
Զեյթոլլահը, հենված պատին, նայում էր պատուհանից դուրս:
-Ա՛յ մարդ, մոտեցի՛ր, թեյը սառչում է,- ասաց կինը,- մանկությանդ ընկերոջը հյուրասիրելու փոխարեն՝ թաղվել ես մտեքերիդ մեջ:
Զեյթոլլահը ավելի մոտ նստեց սուփրային ու վերցրեց մի կտոր հաց:
-Էս քաղաքի սերն ու մեղրը ոչ մի տեղ չես գտնի,-ասաց աղա Ռեզան:
Զեյթոլլահը ծիծաղեց ու ասաց.
-Ամեն մարդու համար իր ծննդավայրի ուտելիքը ամենահամեղն է աշխարհում: Ձերոնք ո՞նց են:
-Շնորհակալ եմ, կան էլի,-ասաց նա, ու մի ստվեր անցավ դեմքի վրայով:
Նրանք լուռ ուտում էին:
Զեյթոլլահն ու կինը գիտեին, որ աղա Ռեզայի փոքր տղան մոր մահից հետո ընկել է վատ շրջան, սկսել է ծխել, չի հանդուրժում նորերս եկած խորթ մորը:
-Մենակությունից նեղվում էի,-վերջացնելով նախաճաշը և պատրաստելով նարգիլեն՝ արդարացավ աղա Ռեզան,- մտքովս չէր անցնում, որ Իրաջը կհակառակվի:
-Դե, երեխա է, էլի, երևի շատ է կապված եղել մոր հետ. մեկ օր, երկու օր կնեղվի, հետո խելքի կգա,-մխիթարեց Զեյթոլլահի կինը և հավաքելով սուփրան՝ դուրս եկավ սենյակից:
-Աշրաֆը ճիշտ է ասում, իզուր ես մտահոգվում,- դռան կողմը նայելով՝ ասաց Զեյթոլլահը,- կյանքում ամեն բան պատահում է, կարևորը մերանն է… Պտուղը ծառից հեռու չի ընկնում: Ինձ լսես, շատ չես խառնվի տղու գործերին, թող ամեն բան իր հունով գնա:
-Չէ, չես տեսել նրան. խուլիգանի տեսք է ստացել: Մազե՜րը, հագնվա՜ծքը… Առավոտից իրիկուն սիգարը բերնին քարշ է գալիս փողոցներում: Տանն էլ եղած ժամանակ կռվում է տնեցիների հետ: Մի երկու անգամ եկել է տուն ծեծված, քրքված հագուստներով, ամբողջ գիշեր ցավից տնքացել է մինչև լույս. քնի մեջ մորն էր կանչում…
— Իրաջը լավ տղա է, նրա կյանքում բավական է մի անկյունադարձ, մի շոկ, և նա կդառնա առաջվանը:
-Դրանով ի՞նչ ես ուզում ասել:
-Գիտե՞ս, քիչ առաջ, երբ խոսում էինք անցյալի խիստ ձմեռների մասին, հիշեցի մի դեպք, ավելի շուտ մի ժպիտ, որը վերափոխեց ու միշտ ուղեկից եղավ ինձ կյանքիս ընթացքում:
-Ժպի՞տ,- զարմացավ աղա Ռեզան:
Զեյթոլլահը նորից նայեց դռան կողմը, ու ցածրացնելով ձայնը՝ շարունակեց:
— Հիշո՞ւմ ես, ես էլ մի բարի պտուղ չէի: Միջնակարգը կիսատ էի թողել: Կոշիկներիս ներբանները ծալում էի, որպեսզի քայլելիս ձայն հաներ, ձեռքիս թազբեհ էի վերցնում ու լոթիների նման ցիլինդր ծածկում, օձիքս մինչև փորս բացած` սպիտակ շապիկ ու սև կոստյում էի հագնում: Գրպանումս միշտ ծալովի, զսպանակավոր դանակ կար: Դարձել էի մեր թաղի ահն ու սարսափը. շատերը, հատկապես աղջիկները, ինձ հանդիպելիս թեքում էին ճամփան: Մի քանի անգամ մանր խուլիգանությունների համար ինձ ոստիկանատուն տարան, նստեցրին, բայց հայրս, գիտես, էլի, զինվորական էր, ամեն անգամ հասնում էր հարայիս ու մի կերպ ազատում: Հորս քիչ էի տեսնում, անդադար գործուղումների մեջ էր, իսկ մայրս… դե գեղեցիկ, երիտասարդ կին էր… Ավելի շատ իր մասին էր մտածում, քան իմ…
Զեյթոլլահը մի պահ լռեց ու ձեռքը թափ տվեց արհամարհանքով:
-Մի օր ինձ համար քայլում էի, երբ ուշադրությունս գրավեց հանդիպակաց մայթին կանգնած մի աղջիկ` մոխրագույն վերարկու հագած, գլուխը բաց, փարթամ կազմվածքով: Նա գլխի նազելի շարժումով աջ ու ձախ նայեց, կտրեց փողոցն ու զգուշությամբ ցատկելով եզերքը սառցակալած առվի վրայից` համարյա քսվելով ինձ քայլեց հակառակ ուղղությամբ: Մի պահ մեր հայացքները խաչաձևվեցին: Նրա հրացայտ, սև աչքերից ատելություն էր թափվում: «Գրողի ծոցը գնաս»,- մտքումս ասացի ու շարունակեցի ճանապարհս: Բայց չէի կարողանում մոռանալ նրա ատելավառ հայացքը: Չէր անցել մեկ շաբաթ, նորից տեսա այդ աղջկան նույն տեղում կանգնած: Հետագայում իմացա, որ նրա գործատեղին այդ վայրում է, և աշխատանքային օրվա վերջին` այդ ժամերին, կտրելով փողոցը՝ քայլով գնում է տուն: Ամեն անգամ հանդիպելիս նա այնպիսի նողկանքով էր նայում ինձ, որ կրծքիս տակ մի բան շարժվում էր. ընդվզում էի հոգուս խորքում: «Մի՞թե այդ աստիճան զզվելի եմ»,- մտածում էի ընկճված: Ընկերներս ինձ հաճոյանում էին բարձր հասակիս, մարզված մարմնիս ու առնական լինելուս համար. տանը կանգնում էի հայելու առջև ու հիանում իմ ընդհանուր տեսքով: Իմ կարծիքով, կարգին տղա էի… Մի անգամ նույնիսկ փորձեցի նրան խոսեցնել ու հասկանալ իր ատելության պատճառը, բայց նա նույնիսկ իմ կողմն էլ չնայեց ու հեռացավ: «Ձևեր է թափում… Կարծես երկինքը բացվել է, ու միայն ինքն է իջել. աղջկա պակաս հո չկա՞»,- մխիթարում էի ինքս ինձ, բայց, այնուամենայնիվ, հանգիստ չէի, եթե մի օր չէի տեսնում, կարոտում էի, և սոսկում այն մտքից, որ հանկարծ էլ չեմ տեսնի նրան:
Զեյթոլլահը փոխեց նստած դիրքը, նորից նայեց պատուհանից դուրս և շարունակեց.
-Մի օր գիշերն առատ ձյուն տեղաց, ու առավոտյան գետինը լրիվ սառցակալեց: Այնքան ցուրտ էր, որ տնից դուրս գալու տրամադրություն չունեի: Հնարավոր չէր քայլել ներբանները ծալած կոշիկներով: Կատվի նման ընկողմանել էի վառարանին կից բազմոցին ու ընկել թմբիրի մեջ: Սակայն կարոտը խեղդում էր: Ավելի շուտ մի վատ նախազգացում ունեի: Ընդոստ վեր կացա, հագա ձմեռային բաճկոնս ու կրկնակոշիկներս և չպատասխանելով մորս «ո՞ւր ես գնում» հարցին, որը միշտ էլ անպատասխան էի թողնում, դուրս նետվեցի: Փողոցների վիճակը ահավոր էր: Ուղղակի հնարավոր չէր քայլել: Ինչևէ, սայթաքելով ու մի երկու անգամ ընկնելով-վեր կենալով՝ մի կերպ հասա ամենօրյա «ժամադրավայրս»: Եվ որքան մեծ էր ուրախությունս, երբ հասնելուցս ընդամենը վայրկյաններ անց աղջիկը դուրս եկավ շենքից ու զգուշորեն անցնելով առվի վրա գցված կամուրջը` կանգնեց իր սովորական տեղն ու էլի նայեց աջ ու ձախ: Այնքա՜ն էի սիրում նրա գլխի այդ շարժումը: Չէ, փողոցն ազատ էր: Դե, այն ժամանակ ավտոմեքենա շատ քիչ կար մեր գավառական քաղաքում: Նա, ոտքերը մոտիկ-մոտիկ դնելով կտրեց փողոցի համարյա կեսը, բայց հանկարծ սայթաքեց ու մեջքով ընկավ չմշկասահքի սառույց հիշեցնող գետնին: Փորձեց բարձրանալ, սակայն ապարդյուն: Իսկ ես` հիմարս, օգնելու փոխարեն, հրճվում էի նրա վեր կենալու անճարակ շարժումներին ի տես ու ներքուստ չարախնդում: «Դե , խնդրի՛ր, աղաչի՛ր, որ գամ ու ազատեմ քեզ էդ վիճակից»: Բայց նա ինձ չէր նկատում, և լավ էր, որ չէր նկատում… Հանկարծ հեռվից լսվեց ավտոյի սուլոցի ձայն: Աղջիկը նայեց ձայնի կողմը և սարսափած նորից կանգնելու ապարդյուն ճիգ արեց, սակայն քանիերորդ անգամը լինելով՝ գայթեց, ու ինձ թվաց՝ ոտքը ոլորվեց, որովհետև ցավից դեմքը ծամածռեց: Ավտոն մոտենում էր: Այն ժամանակվա ավտոներն էլ, գիտես, ծանր էին, մեծ, մի կտոր երկաթ: Նայեցի՝ անիվները չէին պտտվում. երևի վարորդը, անփորձ լինելով, ոտքը սեղմել էր արգելակին: Ավտոն թեքված, մի կողքի սահելով թեև դանդաղ, բայց մոտենում էր գետնին ընկած աղջկան՝ սպառնալով ճզմել նրան: Հազիվ մի քանի մետր էր մնացել: Նայեցի շուրջս, ոչ ոք չկար: Էլ չհասկացա` ոնց նետվեցի առաջ ու ինքս էլ սայթաքելով՝ վերջին պահին աղջկա ոտքերից բռնելով մի կերպ քաշեցի դեպի ինձ ու գրկելով բարձրացրի տեղից: Մեր դեմքերը համարյա քսվեցին իրար… Նա կանգնել էր առողջ ոտքի վրա ու հենվել ինձ: Մեքենան ազդանշան տալով անցավ ճիշտ այն տեղից, ուր ընկել էր աղջիկը, սահե՜ց, սահեց այնքան, մինչև առաջին անիվը ընկավ առվի մեջ, կանգ առավ մի հսկա դոդոշի պես՝ հետնամասը կիսով չափ ցցելով դեպի վեր: Աղջիկն անմիջապես ճանաչեց ինձ: Նրա աչքերում ակնթարթորեն առկայծեց, ու մարեց ատելության ցոլքը. բայց հետո ուղիղ նայելով աչքերիս մեջ՝ ժպտաց ջերմությամբ…
Զեյթոլլահը լռեց ու նարգիլեից ծուխը ներս քաշելով` ասես ինքն իրեն խոսեց.
-Նա այդ ժպիտի մեջ դրել էր երախտագիտություն, սեր, քնքշանք: Այդ սառնամանիքին ներսումս ասես խարույկներ վառվեցին ու սկսեցին հալեցնել սրտիս կարծրացած սառույցները: Ես նրան ուղեկցեցի մինչև իրենց տուն: ճանապարհին գրեթե ոչինչ չխոսեցինք. պապանձվել էի: Նա հարցրեց անունս. «Զեյթոլլահ,-ասացի ցածր ձայնով,- իսկ քո՞նը»: «Սուդաբե»,- պատասխանեց նույն ջերմությամբ: Նրա ատելավառ հայացքից նշույլ անգամ չէր մնացել: Դռան մոտ Սուդաբեն նորից ժպտաց ու ասաց. «Շնորհակալ եմ, դուք փրկեցիք իմ կյանքը… »:
Երբ տուն հասա, անդադար նրա ժպիտն էր աչքիս առջև: Իմ կարծիքով՝ արտակարգ բան չէր արածս, եղած-չեղածը՝ օգնել էի նրան բարձրանալ տեղից: Այդուհանդերձ, լոկ մեկ վայրկյան, ընդամենը մեկ վայրկյան տևած իմ արարքի շնորհիվ, նրա հակակրանքը փոխվել էր համակրանքի. մի՞թե այդքան հեշտ է տիրել մարդկանց սրտերին… Այս պարադոքսը շփոթեցնում էր ինձ, մղում խորհրդածության… Տեղս չէի գտնում, գնում, գալիս էի սենյակիս մեջ, զգում էի, որ խորտակվում ու փոշիանում է ուժի ու չարության վրա հիմնված իմ լոթիական դավանանքը… Կարծես նոր էի արթնացել մի մղձավանջային ծանր քնից: Նայում էի շուրջս` փոշու մեջ կորած գրասեղանիս վրա շարված դասագրքերիս, պատերին փակցված կիսամերկ կանանց նկարներին, ծխախոտի մնացուկներով լցված մոխրամանին, ու չէի հավատում, որ վերջին ամիսներին փողոցներում աննպատակ թրև եկողն ու անիմաստ կյանք վարողը ես էի… Հաջորդ օրը դեն նետեցի ցիլինդրս, ծալովի դանակս ու ներբանները ծալած կոշիկներս: Սկսեցի պարապել ջանասիրությամբ: Ավարտեցի միջնակարգը և ընդունվեցի համալսարան: Մարդ դարձա: Հավատա՛, միշտ էլ հուսահատ պահերիս նրա ժպիտը թև էր տալիս ինձ, ոգևորում ու խթանում…
-Իսկ ի՞նչ եղավ Սուդաբեն, մի՞թե էլ չտեսար նրան:
-Ո՛չ, չտեսա: Չէի կարողանում համոզել ինձ ու գնալ մեր «ժամադրավայրը». չէ՞ որ գնալուս շարժառիթը նախօրոք այլ բան էր: Ի՞նչ երեսով երևայի նրա աչքին: Չէ, դա ամոթի զգացում չէր, մտածում էի, որ նրա աչքին իմ երևալը կմեկնաբանվի որպես դարպասում կամ փոխհատուցման ակնկալիք: Քաշվում էի ոչ թե նրանից, այլ ինքս ինձնից… Տարիներ անց նրան հանդիպեցի մի հասարակական այգում իր ամուսնու և երկու երեխաների հետ զբոսնելիս: Նա աչքերը կկոցեց, նայեց ինձ քննախույզ, զարմացած. չգիտեմ` ճանաչե՞ց ինձ, բայց փախցրեց հայացքը… Անցնելուց հետո չկարողացա դիմանալ ու ետ շրջվեցի: Նա էլ ետ էր շրջվել ու նայում էր ինձ: Մեր հայացքները մի պահ խաչաձևվեցին. չգիտեմ` ինչպիսին էր իմ դեմքի արտահայտությունը, բայց նա նորից ժպտաց…
Զեյթոլլահը լռեց ու կլկլացնելով նարգիլեից ներս քաշեց ծուխը:
Աղա Ռեզան ընկած մտքերի մեջ նայում էր մի կետի: Վերջապես երկար լռելուց հետո քմծիծաղեց ու ասաց.
-Հիմա ժամանակները տարբեր են, փողոցներն էլ չեն սառցակալում, դրա համար էլ շատ հույս չունեմ, որ Իրաջը մարդ կդառնա…
1Յալլահ.- Այ Աստված: Ասվում է նստելիս,բարձրանալիս կամ մի բան սկսելիս:
2 մեկնաբանություն
Առհասարակ «ժպիտ» բառն ինձ դուր է գալիս, ժպիտի գաղափարն էլ… պատմվածքդ սիրեցի, մի շնչով կարդացի: Սիրուն էր)Մեջս ջերմություն մնաց)
Ինչպես միշտ գրել ես քո յուրահատուկ և հետաքրքիր ոճով և լավ է որ դրական ավարտ ունի այս պատմվածքդ: