Ռասուլ Յունան | ԳԵՏԸ ՈՐ ՀՈՍՈՒՄ ԷՐ ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՏԱՎՆԵՐՈՒՄ (2)

Պարսկերենից թարգմանեց Վահե Արմենը

«»«»«»

Քամին ոռնում է
լուսամուտի ետեւում
ու ես
վախենում եմ ամեն բանից
դռնից
պատից
ժամացույցից
խարույկից
որ երբեմն ինձ թվում է
ընձառյուծ է մեջն այրվում
երանի էր մանկության օրերը
արծաթե սուլիչով
անցնում էի փողոցներով երկյուղի

 

«»«»«»

Հրեշտակ չէր
բարի էր սակայն
երբ ինձ գտավ անօթեւան
մի տուն շինեց
լույսից ու անդորրից
ու ես ապրեցի փառավոր
ճերմակ էին ձեռքերը պայծա՜ռ
եկել էր ասես
լուսին քաղելուց…

 

«»«»«»

Ես հրացանս մաքրել
կախ եմ տվել արդեն
աչքերդ
որսացել են ինձ
–երկու կանաչ եղնիկներ
նրանք բոլոր որսորդներից
շո՛ւտ են կրակում–
այսուհետեւ
բոլոր խարույկների շուրջը
ք’ո ՚հեքիաթն եմ պատմելու

 

«»«»«»

Նիրհը
մեղրի համ ուներ այն ետկեսօրներին
երբ երկինքը
սոճիներից մի քիչ էր բարձր այդուհանդերձ
մենք գնացինք կայարաններ՝
հեռանալը
գնացքներից սովորելու
Ի վերջո
ինձանից ու քեզանից
միայն ճերմակ մի նապաստակ
քնեց առվույտի դեզերում

 

«»«»«»

Սեւ ամպերը
հոգին են ըմբոստ նժույգների
եւ կաս-կարմիրը
ճերմակությունն է շիկնած
իսկ ո ՞նց իմանալ
արարչության գաղտնիքը
հայելապատ դղյակում
ոչինչ չտեսա
իր գեղեցկությունը փնտրող
պառավից բացի
կես լույս է աշխարհը
կես մութ
ո՜վ իրերի ու հեքիաթների մութ բաժին
ո՞նց իմանալ
գաղտնիքը արարչության

 

«»«»«»

Քո անունն ենք լսել միայն
ուրիշ ոչինչ
քեզ հետ պիտի ճամբորդեինք
սակայն
մեկնել էին նավերն արդեն
երբ ծնվեցինք

 

«»«»«»

Քուն կմտնեմ
այգաբացի մոմերի հետ
ու մահը
որպես ճերմակ սավան
կքաշեն վրաս
բոլոր ցանկապատերին
կթառի ագռավ
դու կգաս
կզանգահարեն ժամացույցները
խափանված
իսկ ես
չեմ զարթնի

 

«»«»«»

Քեզանից հոգնած
թափառում եմ մայթերում
ու երջանկությունը
մեքենան էր այն լիմոնագույն
որ անցավ իմ կողքով
այլեւս գեղեցիկ չես լինելու
ես ծխախոտի պէս
ծխում եմ
սերը

 

«»«»«»

Սպիտակ թղթերը գայթակղում են ինձ
մոխրանում է մի ծխախոտ
եւ լուսին այսինքն՝դու
կմեռնես
սրճարանների վերելում
քո մահն ինչպես գեղեցկությունդ
բարբառներ ունի
ու ես այլեւս
չեմ փնտրելու քեզ
սպիտակ թղթերը գայթակղում են ինձ
եւ գրվում ես դու
հիմա աննկատ մի լուսին՝
սպիտակ թղթին
եւ շուրթերս այրող
մի ծխախոտ

Թողնել պատասխան

Your email address will not be published.