Վերջին անգամ ստուգեց իրեն հայելու մեջ, շտկեց ականջի տակից դուրս պրծած մազերն ու նայեց թևի ժամացույցին. դեռ ժամանակ կար: Մեկ ժամից պիտի մասնակցեր արտերկրից եկած մի գրողի մեծարման երեկոյին, ուր ներկա էր լինելու նաև իր սիրելի բանաստեղծը: Մեկ ժամից, սակայն ինքն արդեն կազմ ու պատրաստ է. որքա՜ն անհամբերությամբ ու անձկությամբ էր սպասել այսօրվան: Մոտեցավ գրասեղանին, նորից բացեց գիրքը, կարդաց մի քանի էջ ու թեթև ներկած շուրթերը հպեց բանաստեղծի լուսանկարին: Մտաբերեց իր ապրումները, որ ծնվել էին գրքի հափշտակված ընթերցումից: Բանաստեղծն այնպես էր տակնուվրա արել իր հոգին, որ յուրաքանչյուր բանաստեղծություն կարդալուց հետո ահագնանում էր պաշտամունքի հասնող սերը տարիքն առած բանաստեղծի հանդեպ: Բանաստեղծին մոտիկից տեսնելու ցանկությունը, հետզհետէ ուժգնանալով, դարձել էր երազանք: Եվ ահա գրականագետ հարևանուհու օգնությամբ այս երեկո իրականանում է բաղձալի երազանքը. վերջապես կհանդիպի իր կուռքին՝ բանաստեղծին:
Օրեր առաջ մեծ հետաքրքությամբ կարդացել էր բանաստեղծի կենսագրությունը: Նա էլ գյուղում էր ծնվել, ինչպես ինքը: Դժվար ու խորդուբորդ ուղի էր անցել, հալածվել էր իր գրչակիցների ու ժամանակի իշխանությունների կողմից, բայց հիմա խրոխտ կանգնած է բարձունքում, ամենավերին գագաթում…Աղջիկը հավատացած էր, որ մարդիկ խոնարհվում են բանաստեղծի հզոր գրչի ու տաղանդի առջև: Բանաստեղծի կինը միշտ կողքին էր եղել, կյանքի դժնդակ օրերին զորավիգ եղել ամուսնուն, խրախուսել ու ոգևորել էր նրան: Եվ որպես երախտագիտության նշան՝ բանաստեղծն իր քերթվածների հատորը նվիրել էր կնոջը: Անշուշտ, ինքն էլ նման ամուսին ունենալու դեպքում նույնը կաներ, դեռ ավելին…Աղջիկը նայում էր լուսանկարին ու մտքում կրկնում անգիր արած այն հատվածները, որոնք ցնցող տպավորություն էին թողել իր վրա, սարսռեցրել, գրգռել երևակայությունը: Բանաստեղծը աղջկա հոգում բացել էր խորհրդավոր մի աշխարհ, ուր սերը, փոթորկված ալիքների նման դուրս ժայթքելով ափերից ու ողողելով ողջ էությունը, ծնել էր սիրո առարկային ամբողջովին տրվելու անծանոթ ու արտասովոր մեղսական ցանկություն: Նա քամահրանքով էր նայում գրասեղանի անկյունում հանգչող վարդագույն, ծաղկազարդ կազմով օրագրին, որի էջերում պատանեկության օրերին դասընկերուհիները գրի էին առել սիրո մասին իրենց ծամծմված կարծիքներն ու յուրաքանչյուր գրության տակ նկարել կամ փակցրել կարմիր սրտիկներ ու վարդեր: Ո՛չ, սերն անտարակույս այն չէր, ինչը պատկերացնում էին իրենց պատանեկան հոգիներում ու թղթի վրա… Սերը նրան տանում էր իր հետ, դրդում առանձնանալ. ընկնելով երևակայության գիրկը՝ տրվում էր երանության ու վայելքի…
Աղջիկը մտաբերեց ազատ ժամերին իր դեգերումներն այն վայրերում, ուր կար բանաստեղծին հանդիպելու հավանականությունը: Հենց այդ զբոսանքներից մեկի ժամանակ էլ պատահաբար հանդիպել էր տարեց հարևանուհուն: Աղջիկը խոստովանել էր իր՝ այդ վայրում շրջելու նպատակը: Կինը ժպտացել էր ու ասել. «Գերադասելի է, երբ գրողները մնում են գրքի մեջ»: «Ի՞նչ եք ուզում ասել»,- հարցրել էր ինքը: «Կարևոր չէ, մոռացիր»,-անորոշ ու խուսափողական պատասխանել էր հարևանուհին, բայց, այնուամենայնիվ, խոստացել, որ պատեհ առիթով կկազմակերպի բանաստեղծի հետ հանդիպումը:
Հարևանուհու առաջնորդությամբ սրահ մտավ: Բանաստեղծը մի քանի անծանոթ տղամարդկանց ու մի երիտասարդ կնոջ հետ կանգնած էր փոքր-ինչ հեռվում. զրուցում էին օրվա հերոսի հետ: Զգաց, թե ինչպես արագացան սրտի զարկերը: Շիկնեց: Աղջիկը նախանձով ու զարմանքով էր նայում բանաստեղծի կողքից չհեռացող երիտասարդ կնոջ ազատ ու անկաշկանդ պահվածքին: Մտածեց. «Ինչպե՞ս է կարողանում այդքան հանգիստ լինել նման մեծության ներկայությամբ, երանի՜ իրեն»: Աղջիկը համոզված էր, որ ինքը, անկասկած, կկորցներ ինքնատիրապետումը: «Ո՞վ է այդ կինը»,- չդիմանացավ և հարցրեց հարևանուհուն: «Ինքդ գլխի կընկնես»,-դարձյալ խուսափողաբար պատասխանեց հարևանուհին: Աղջիկը հայացքը չէր կտրում բանաստեղծից, ու եղավ մի պահ, որ նրանց հայացքները խաչաձևվեցին: Բանաստեղծը շրջեց գլուխը: Հետո հետաքրքությունից դրդված նորից նայեց աղջկան: Աղջիկը դողաց ողջ մարմնով, բայց չհեռացրեց հայացքը: Բանաստեղծը զարմացավ, ուսերը վեր բարձրացրեց ու շարունակեց ընդհատված զրույցը:
Ընթրիքը մատուցեցին: Բոլորը տեղ գրավեցին ուտեստներով ու խմիչքներով ծանրաբեռված սեղանի շուրջը: Սեղանի կենտրոնում դրված էր մի գեղեցիկ ծաղկեփունջ: Պահը ջերմացնող էր, առինքնող ու հանդիսավոր: Աղջկա շուրթերից չէր իջնում գոհունակության ու հիացմունքի ժպիտը, թեև երիտասարդ կնոջ ներկայությունը ստվերում էր կատարյալ երջանկությունը: «Ինչո՞ւ չկա իր կինը»,- ուզում էր հարցնել հարևանուհուն, սակայն գերադասեց լռել: Շատ քչերն էին եկել իրենց կանանց հետ: Բանաստեղծը և հյուրը նստեցին կողք կողքի, իսկ բանաստեղծի ձախ կողմում տեղ գրավեց երիտասարդ կինը: «Ի՛նչ աներեսն է»,-սրտնեղեց աղջիկը:
Սկսվեցին բաժակաճառերը: Կրքերը կամաց-կամաց բորբոքվում էին: Ընթրիքին նախորդող մեղմ խոսակցության միալար բզզոցից հետք անգամ չէր մնացել, գրեթե բոլորը գոռգոռում էին: Աղջիկը զարմանքով էր նայում բանաստեղծին, որ երբեմն թևը գցում էր կողքին նստած աղջկա մերկ ուսին, նրան սեղմում իրեն: Հետո սկսեց ժարգոնային բառեր գործածելով վիճել իր դիմաց նստած մի ծերունազարդ գրողի հետ…Լսվեցին հայհոյանքներ…Հյուրը, ում պատվին կազմակերպվել էր ճաշկերույթը, չէր խմում ու շվարած դեմքով հետևում էր սրահում տիրող արտառոց իրավիճակին. նայելով շուրջն ու երեկույթի կազմակերպիչներին՝ նա ասես փնտրում էր անհետացած հանդիսավորությունն ու տենչում դրա վերականգնումը…Հասավ վերջին բաժակաճառն ասելու պահը: Աղջիկն աճող զարմանքով նայում էր բանաստեղծին, որը, մի պահ որսալով աղջկա հայացքը, նայեց նրան հարբածի մշուշոտ աչքերով ու ժպտաց տարօրինակ, ծռված ժպիտով:
Ընթրիքից հետո հարմար պահ գտնելով՝ հարևանուհին կատարեց իր խոստումն ու աղջկան ներկայացրեց բանաստեղծին: «Ձեր արվեստի երկրպագուն է»,- ասաց նա: Բանաստեղծը սեղմեց իրեն պարզված աղջկական փոքրիկ ափը, ապա նրան կոպտորեն քաշեց իր կողմն ու թևը գցելով մեջքին՝ յուղոտ շրթունքներով համբուրեց աղջկա շառագունած այտը: «Ապրե՛ս,ապրե՛ս»,- անդադար կրկնում էր նա՝ իրեն սեղմելով աղջկան: Աղջիկն առավ ալկոհոլի ու սոխի տհաճ հոտ…Նա ոչ մի կերպ չէր կարողանում հիշել այն խոսքերը, որոնք պատրաստել էր՝ ասելու բանաստեղծին…
Սրահից դուրս գալիս քաշեց հարևանուհու թևը և փսփսալով հարցրեց. «Էն կինն իր սիրուհի՞ն է»: Հարևանուհին պատասխանեց գլխի դրական շարժումով և ավելացրեց. «Նա էլ է գրող…»: Ապա նայելով աղջկա խոժոռված դեմքին՝ փորձեց արդարացնել. «Հիմա ո՞վ սիրուհի չունի…»:
Դրսում աշնանային սառը քամին ճյուղերից պոկում էր դեղնած տերևներ… Աղջիկը դող զգաց մարմնում, փշաքաղվեց…Իր հոգում էլ տերևաթափ էր սկսվել… Հակասական մտքերն ու զգացումները բախվում էին իրար….Հանկարծ նա անդրադարձավ, որ սրտի խորքում աճում է սիրած տողերը կարդալու անհագ փափագը: Բանաստեղծի գիրքը կանչում էր…
Բաժանվելով հարևանուհուց՝ նա համարյա վազելով բարձրացավ աստիճաններով, նետվեց տուն…Աչքն ընկավ գրասեղանի վրա դրված բաց գրքին: Արագ մոտեցավ, նայեց առաջին էջին ու չհավատաց աչքերին. տառերը դժգունել էին, ու բառերը հազիվ էին կարդացվում: Սենյա՞կն էր կիսամութ, թե՞ աչքերն էին շաղվել արցունքներից…
Չգիտեր, բայց այսպես է հաճախ երևում տեքստը, երբ տպագրական թանաքն անորակ է կամ էլ վերջանալու վրա է…
Հոկտեմբեր 2010
3 մեկնաբանություն
հրաշալի է
Aysorva ardzakn henc sa e’ srntac noveli tap u zusp xorutyun:Shnohakalutyun,Kolya Ter Hovhannisyan, dzer grchi melann izur chi hosel:
«Գերադասելի է, երբ գրողները մնում են գրքի մեջ»:Հրաշալի պատմվածք է: