Կամիլո Խոսե Սելա | ԱՊԱՌԻԿ ԿԱՀՈՒՅՔ

Camilo José Cela

Իսպաներեինց թարգմանեց՝ Անի Վարդազարյանը

Երբ աշխարհում սկսեց պակասել փողը, սատանան հորինեց վատ եղանակներով մեր գրպանից այն կորզելու արվեստը եւ ներշնչեց ապառիկ վաճառքի ստրկացնող, կործանարար, տարօրինակ ու, ավելորդ է ասել, շատ ավելի թանկ սովորությունը:
— Ինչ է, քի՞չ փող ունեք,- փաստարկեց մեզ,- մի անհանգստացեք, քանի որ ձեզ անհրաժեշտ կամ խելքին փչած որեւէ բանի ապառիկ վաճառքով՝ ամեն ինչ ձեզ մի քիչ թանկ կարժենա, բայց իբրեւ փոխհատուցում, դուք գրպանում որոշ չափով դրամ միշտ կունենաք:
Այս խորաթափանց տրամաբանությամբ, մարդկությունը, որը, ինչ ուզում ես ասա, մազոխիստ է (որովհետեւ եթե մազոխիստ չլիներ, ոչ մի բացատրություն չէր գտնի կատարվող երևույթների մասին), խայծը կուլ տվեց, պարտքի տակ ընկավ ու հարմարվեց, ինչպես աշխարհի ամենաբնական երեւույթին՝ գնելու (ճիշտ է, ապառիկ) նաև բազմոց-մահճակալներ, որոնք հնության ու անպիտանելիության պատճառով մի կողմ դրված՝ ընկած էին ձեղնահարկում, անարդարացիորեն ստեղծված այդ քավարանում, որտեղ ի վերջո իրենց հարաբերական հավետ քնով են քնում թոշակի անցած բոլոր իրերը:
Բայց վերջին պատերազմի ամերիկացի զինվոր Ջորջ Մարտինսը շատ բաներ սովորելով հին Եվրոպայի ռազմաճակատում և վերադառնալով իր բարեկեցիկ երկիրը՝ մտադրվեց (ով դա չէր ուզի) հեղափոխել ամենասենտիմենտալ ձեռքբերումների տեխնիկան. օրինակ՝ ձեռք բերել մի բազմոց իր անգլուհի կնոջ համար, որը շուտով գալու էր այն ափերից:
Ջորջ Մարտինսը, իր օջախը կահավորելու մտքով տարված, մտածեց, որ կամֆորտին սովոր մի կնոջ, իր կնոջը, գոնե տեսականորեն, չէր խանգարի ունենալ լայն, ամեն ինչին ծառայող մի բազմոց, որի վրա աչքը կպցնի, կամ գործի, կամ Վալտեր Սկոտտ կարդա:
Ու Ջորջ Մարտինսը, եռանդուն մի մարդ, որին ամեն ինչ հաջողվում էր առանց դժվարությունների, առանց ծանր ու թեթեւ անելու՝ նետվեց բազմոցի փնտրտուքի, այսպես ասած, տիկին Մարտինսի բազմոցի հետեւից, որն արդեն հոր կենդանի պատկերով մի որդի ուներ:
Ջորջ Մարտինսը այնքան շրջեց նյույորքյան խանութներով, մինչեւ դրանցից մեկում (չենք կարող ճշգրտել, թե որ մեկում) հանդիպեց մի բազմոցի, որը հենց այն բազմոցն էր, որի մասին նա երազել էր. լայն, ամուր, ընտիր տեսքով, լավ պաստառապատ, ճկուն զսպանակներով, նրբագեղ ոճով մի բազմոց. մի խոսքով, յոթանասունհինգ դոլար արժեցող մի բազմոց, ինչը նույնպես շատ չէ (եթե հաշվի առնենք) նման բազմոցի համար:
Քանի որ վայելուչ տիար Ջորջ Մարտինսը չուներ յոթանասունհինգ դոլար՝ հոժարակամ ծախսելու տիկին Մարտինսի բազմոցի համար, նախընտրեց այն տիրանալ առանց վճարելու, տգեղ ձեւ, ճիշտ է, բայց հայտնի բոլոր լայնություններում:
Բազմոցն իր տանը՝ նախկին մարտիկ Ջորջ Մարտինսը սկսեց ինքն իրեն մի գեղեցիկ հեքիաթ մտմտալ նոր կառուցած օջախի մասին և շուտով այն լցված իր ժառանգով ու կնոջով, որոնք արդեն նավով գալիս էին ծովից ի վար՝ դեպի նոր հայրենիք:
— Ինչքան գոհ կլինի Ֆուլանան *, երբ իրեն ընկղմված տեսնի բազմոցի մեջ,- նայելով առաստաղին՝ ինքն իրեն ասում էր Ջորջը,- Կարծում եմ, որ այլևս չի կարոտի իր սիրելի ու հարմարավետ Անգլիան…
Եվ Ֆուլանան, ինչպես լինում է ամեն ինչ վաղ թե ուշ, տեղ հասավ ու նստեց իր բազմոցին ու իրեն երջանիկ զգաց, հիրավի երջանիկ: Բայց հեռւներից տեղ հասած Ֆուլանայի գալուց մի քանի օր անց, ներկայացավ մոտիկից եկած ոստիկանությունը բազմոցի գործով:
— Այո, պարոնայք,- ոստիկաններին բացատրեց Ջորջ Մարտինսը,- ճիշտ է, բազմոցի համար ես չեմ վճարել: Ի՞նչ եք ուզում ինձնից, ես յոթանասունհինգ դոլար չունեի բազմոցի համար վճարելու: Ես ոչ մի անգամ, երբեք չեմ ունեցել յոթանասունհինգ դոլար բազմոցներ գնելու համար: Բայց ինձ բազմոց էր հարկավոր. կինս ուր որ էր՝ պիտի գար, ահա նա. իսկ իմ կինը, պարոն ոստիկաններ, անգլուհի է: Ես ինչպե՞ս կարող էի իմ տանը տեղավորել մի անգլուհու (չնայած, որ այդ անգլուհին իմ կինն է) առանց բազմոցի, որի վրա նա կարողանար նստել, ինչպես ընդունված է, որ նստեն անգլուհի տիկնայք՝ ննջելու, կամ մի քիչ գործելու, կամ պարոն Վալտեր Սկոտտի «Այվենհո»-ն կարդալու համար:
Անգլուհի տիկնանց սովորույթներին քիչ ծանոթ նյույորքյան ոստիկանությունը, անկասկած ոչ անտեղի, քանի որ իննսուն տոկոսոի հարաբերականությամբ իռլանդացի է, բռնեց Ջորջ Մարտինսի թեւից ու նրան նստեցրեց դատավորի առջեւ:
Բայց Մարտինսի կինը գնաց դատավորի մոտ:
— Պարոն դատավոր,- ասաց նրան,- ամուսնուս նկատմամբ մեծահոգի եղեք: Իմ ամուսինը, չնայած գողացել է այդ բազմոցը, բայց գող չի: Միակ բանը, որ ցանկացել էր ամուսինս, ինձ հարմարավետ տեղավորելն է: Ներեցեք նրան եւ, հատկապես, փորձեք այնպես անել, որ Անգլիայում չիմանան. դա մի բան է, որ միշտ չարախոսությունների առիթ կտա…
Ոստիկանության զեկույցը մեզ ոչին չի ասում դատավորի վճռի մասին: Բայց դատավորը մեղմության «ֆոնդ» կամ հումորի չնչին զգացողություն ունենալու դեպքում, Մարտինսին տուն կուղարկեր՝ տխրությունից ընկճված սրտով հիանալու այն տեղով, ուր լավագույն ժամանակներում զբաղեցնում էր իր կնոջ հիասքանչ բազմոցը:

*Բառախաղ՝ իսպաներենում «այնինչ» (ֆլան) իմաստով (ԾԹ):

Թողնել պատասխան

Your email address will not be published.