Մարիո Բենեդետի | ԳԼՈՐԻԱՅԻ ՇԱԲԱԹ ՕՐԸ

Mario Benedetti

Իսպաներերնից թարգմանեց Անի Վարդազարյանը

Մինչ արթնանալս լսեցի, որ անձրև է գալիս: Նախ մտածեցի, որ արդեն առավոտյան ժամը վեցն անց տասնհինգ կլիներ, և որ պետք է գնամ գրասենյակ, բայց քանի որ մորս տանն էի թողել ռետինե կոշիկներս, ստիպված էի լինելու թուղթ խոթել մյուս` ամենօրյա կոշիկների մեջ, որովհետև ափերից դուրս եմ գալիս, երբ զգում եմ, թե ինչպես է խոնավությունը բարձրանալով` սառեցնում ոտքերս ու կոճերս: Հետո ինձ թվաց, թե կիրակի է և կարող եմ մի քիչ վերմակի տակ մնալ: Ոչ աշխատանքային օրվա միտքը, ինչպես միշտ, ինձ մանկական հաճույք է պատճառում: Իմանալ, որ կարող եմ ժամանակը տնօրինել այնպես, ինչպես ուզում եմ, որ իբր ազատ եմ, իբր թե պետք չէ շաբաթվա յուրաքանչյուր վեց առավոտներից չորսը վազել երկու մեծ սրահներով, որպեսզի ժամացույցից ժամանակ խլեմ իմ ժամանումը գրանցելու համար: Իմանալ, որ կարող եմ ինձ լուրջ մարդու տեսք տալ և մտածել այնպիսի կարևոր թեմաների մասին, ինչպիսիք են կյանքը, մահը, ֆուտբոլն ու պատերազմը: Շաբաթվա ընթացքում ազատ ժամանակ չունեմ: Երբ գրասենյակ եմ հասնում, հիսունից վաթսուն գործ ինձ են սպասում. դրանք պետք է ձևակերպեմ նոտարական արձանագրություններով, դրոշմեմ “հաշվառված է ժամանակին” կնիքով և կանաչ թանաքով նշեմ իմ անվան սկզբնատառերը: Կեսօրին գործի մոտովորապես կեսը վերջացնում եմ և չորս սրահներով վազում` ավտոբուսին հասնելու համար: Եթե չվազեմ, հուսախաբ եմ լինում, որովհետև զզվում եմ տրամվայներից: Իրականում դա զզվանք չէ, այլ վախ, ահասարսուռ վախ:
Դա չի նշանակում, թե մտածում եմ մահվան մասին, այլ զզվելի է պատկերացնել ինձ ջարդված գլխով կամ աղիքներս թափված երկու հարյուր հետաքրքրասեր մտահոգվածների մեջտեղում, որոնք ոտքերի ծայրերի վրա կբարձրանան ինձ տեսնելու համար և որ հաջորդ օրը կպատմեն այդ մասին ընտանեկան ճաշի ընթացքում աղանդերը ճաշակելիս: Ճաշ, որը ես վերջացնում եմ քսանհինգ րոպեում, բացարձակապես մենակ, որովհետև Գլորիան կես ժամ առաջ գնում է խանութ ու ինձ համար չորս խորտիկներից պատրաստած ճաշ է թողնում մարմանդ կրակի վրա, այնպես որ ինձ մնում է միայն լվանալ ձեռքերս և կուլ տալ ապուրը, խմորի բարակ շերտի մեջ տապակած մեջքամիսը, ձվածեղը և կոմպոտը, մի հայացք գցել օրաթերթին և կրկին նետվել ավտոբուս որսալու: Երբ ժամը երկուսին հասնում եմ գրասենյակ, նոտարական արձանագրությամբ ձևակերպում եմ քսանից երեսուն գործողություններ, որոնք կիսատ են մնացել, և ժամը հինգին մոտ նոթատետրով հայտնվում եմ փոխնախագահի առաջ, որն ինձ թելադրում է հինգ կամ վեց անհրաժեշտ նամակներ, որոնք, անգլերեն կամ գերմաներեն թարգմանած, պետք է հանձնեմ մինչև ժամը յոթը:
Շաբաթը երկու անգամ Գլորիան ինձ սպասում է ելքի մոտ, որպեսզի զվարճանանք: Մենք որևէ կինոթատրոն ենք մտնում, որտեղ նա հոնգուր-հոնգուր լաց է լինում, իսկ ես ճմրթում եմ գլխարկս կամ անգիր եմ անում ծրագիրը: Մյուս օրերին նա գնում է մորը տեսնելու, իսկ ես աչքի տակով անց եմ կացնում հացաբուլկեղենի երկու խանութների հաշվապահությունը, որի սեփականատերերը` երկու գալիսիացի և մի մայորկացի, բավականաչափ փող են վաստակում նեխած ձվերով պատրաստած պաքսիմատ արտադրելով, և դեռ ավելի շատ` հարավային տարածաշրջանի ամենաբազմամարդ տներին մատակարարելով: Այնպես որ, երբ վերադառնում եմ տուն, Գլորիան արդեն քնած է լինում, իսկ երբ միասին ենք վերադառնում, ընթրում ենք և շան նման հոգնած` անմիջապես պառկում քնելու: Շատ քիչ գիշերներ են մեզ մնում սիրո համար և, այդպես, առանց գիրք կարդալու, առանց նույնիսկ քննարկելու իմ աշխատակիցների վեճերը կամ նրա տնօրենի հիմարությունները, որն ինքն իրեն համարում էր բարեպաշտ մարդ, իսկ նրանք` ծանր ու դժվար, երբեմն առանց իրար բարի գիշեր մաղթելու քնով ենք անցնում` առանց լույսն անջատելու, որովհետև նա ցանկանում էր դետեկտիվ կարդալ, իսկ ես սպորտի էջ:
Քննարկումները մնում են այս շաբաթ օրվա նման շաբաթ օրերին: Ես վեր եմ կենում ժամը երեքն անց կեսին, կաթով թեյ եմ պատրաստում ու տանում անկողին, իսկ նա այդ ժամանակ արթնանում ու աչքի է անցկացնում շաբաթաթերթի առօրյա նորությունները, վեր կենալուց առաջ ինձ համար մաքուր գուլպաներ է առանձնացնում, որպեսզի հինգին տասնհինգ պակաս լսի “բոլերո”-ի ժամը: Բայց այս շաբաթը քննարկումների օր չէր, որովհետև նախորդ գիշեր` կինոյից հետո, Մարգարեթ Սալեվանի գովքն անելով` չափն անցկացրի, ու նա, առանց երկմտելու, սկսեց կսմթել ինձ, բայց քանի որ ես շարունակում էի հանգիստ մնալ, ինձ ավելի սարսափելի ու կեղծամիտ վիրավորեց խանութի մի աշխատակցի գրավիչ նկարագրությամբ, ինչը, իհարկե, ծուղակ էր, որովհետև դերասանուհին սոսկ պատկեր է, իսկ այդ տիպը` միս ու ոսկորից մի իսկական փսլնքոտ: Այս հիմար վեճի պատճառով առանց իրար հետ խոսելու պառկեցինք քնելու և մի կես ժամ առանց լույսն անջատելու սպասեցինք, թե մեզանից առաջինն ով կբռնի հաշտեցման ճանապարհը: Ես դեմ չէի առաջին քայլն անելուն, ինչպես շատ ուրիշ դեպքերում, բայց քունս տարավ մինչ ատելությունս անցնելը ու հաշտեցումը հետաձգվեց մինչև այսօր` մինչև այս կեսօրյա հանգստի խաղաղ պահը:
Այդ պատճառով, երբ տեսա` անձրևում է, մտածեցի, թե ավելի լավ է, որովհետև վատ եղանակը ինքնաբերաբար կստիպի մեզ մտերմանալ, ու մեզանից ոչ մեկն այդքան հիմար չի գտնվի` լռության ու վեճի մեջ անցկացնելու շաբաթ օրվա անձրևոտ երեկոն, որը անխուսափելիորեն պետք է կիսեինք երկու սենյականոց բնակարանում, որտեղ գործնականում միայնություն գոյություն չունի, և ամեն ինչ սահմանափակվում է քիթ քթի ապրելով: Նա արթնացավ բողոքներով, բայց ես ոչ մի վատ բան չմտածեցի: Արթնանալիս միշտ դժգոհում է:
Բայց երբ լրիվ արթնացավ, ու նրա դեմքն ուշադիր զննեցի, աչքերում ակնհայտ տառապանքից հասկացա, որ իրոք շատ վատ է: Այդ ժամանակ մոռացա, որ խռով էինք, ու հարցրի, թե ինչ է եղել: Աջ կողքը ցավում էր: Շատ ուժեղ էր ցավում: Նա վախեցած էր:
Ասացի, թե ուզում եմ բժիշկ կանչել, նա համաձայնեց, որ անմիջապես կանչեմ: Փորձում էր ժպտալ, բայց աչքերն այնքան փոս ընկած էին, որ տատանվում էի` մնամ մոտը, թե գնամ հեռախոսով խոսելու: Հետո մտածեցի, որ եթե չգնամ, ավելի շատ կվախենա, այդ ժամանակ իջա ու բժշկին զանգահարեցի:
Հեռախոսը վերցնող մարդն ասաց, որ բժիշկը տանը չէ: Չգիտեմ ինչու` մտքովս անցավ, որ խաբում է, ու ասացի, որ ճիշտ չի ասում, որովհետև բժշկին տուն մտնելիս տեսել էի: Այդ ժամանակ նա խնդրեց, որ մի րոպե սպասեմ, և հինգ րոպե անց վերադառնալով լսափողի մոտ` հնարեց, թե իբր ես հաջողակ եմ, որովհետև բժիշկը հենց այդ պահին եկել էր: Նրան պատասխանեցի` “ինչ լավ է” և գրանցել տվեցի հասցեն ու անհապաղելիությունը:
Երբ վերադարձա, Գլորիան գլխապտույտներ ուներ, ցավերն էլ ավելի էին ուժեղացել: Չգիտեի` ինչ անել: Տաք ջրով պարկ դրեցի ցավող տեղին, հետո` սառույցով: Չէր հանգստանում: Նրան ասպիրին տվեցի: Ժամը վեցին բժիշկը դեռ չէր եկել, իսկ ես չափազանց նյարդայնացած էի որևէ մեկին քաջալերելու համար: Նրան երեք-չորս անեկդոտ պատմեցի, որոնք պիտի ծիծաղելի լինեին, բայց երբ դեմքը ծամածռելով ժպտում էր, դա ինձ կատաղեցնում էր, որովհետև հասկանում էի, որ պարզապես չի ցանկանում վհատեցնել ինձ: Ընդամենը մի բաժակ կաթ խմեցի, որովհետև ստամոքսիս մեջ գունդ էի զգում: Ժամը վեցն անց կեսին բժիշկն ի վերջո եկավ` մեր բնակարանի համար չափազանց մեծ, հսկա մի կով: Երկու-երեք արհեստական քրքիջից հետո սկսեց սեղմել Գլորիայի որովայնը: Սեղմում էր մատներով ու հետո կտրուկ բաց թողնում: Գլորիան շրթունքներն էր կծում ու ասում, որ, այո, այստեղ ցավում է, իսկ այդտեղ ավելի շատ, իսկ այնտեղն` էլ ավելի: Շարունակ ավելի ուժեղ էր ցավում:
Այդ կովը շարունակում էր սեղմել ու բաց թողնել: Երբ ուղղվեց, նրա հայացքը նույնպես անհանգիստ էր, ու ձեռքերն ախտահանելու համար ալկոհոլ խնդրեց: Միջանցքում ինձ ասաց, որ որովայնաբորբ է, և անհրաժեշտ է անմիջապես վիրահատել: Խոստովանեցի, որ ես էլ եմ նույն կարծիքին, և նա ինձ վստահեցրեց, որ կխոսի վիրաբույժի հետ:
Նրա հետ իջա, տաքսի պատվիրեցի ու միաժամանակ զանգեցի Գլորիայի մորը: Աստիճաններով բարձրացա, որովհետև վեցերորդ հարկում վերելակը բաց էին թողել: Գլորիան կուչ էր եկել, ու, չնայած աչքերը չոր էին, գիտեի, որ լաց էր եղել: Հագցրի վերարկուս ու տաք շարֆս, և դա ինձ հիշեցրեց այն կիրակին, երբ նա հագել էր շալվարս ու բլուզս, ու որ ծիծաղում էինք նրա դուրս ցցված հետույքի և կանացի ազդրերի վրա:
Բայց հիմա իմ շորերի մեջ նա այն երեկոյի ծաղրանմանակումն էր միայն… Հարկավոր էր անմիջապես գնալ ու չմտածել: Դուրս գալիս եկավ նրա մայրն ու ասաց` “խեղճ աղջիկս” և “Աստծո սիրուն, ծածկվիր”: Այն ժամանակ թվաց, թե նա հասկացավ, որ պետք է ուժեղ լինի ու հնազանդվեց այդ ուժին: Տաքսու մեջ մի քիչ կատակեց` ասելով, թե խանութում իրեն արձակուրդ կտան, իսկ ես երկուշաբթի օրը մաքուր գուլպաներ չեմ ունենա, քանի որ նրա մայրը խելացի կին էր, ասաց` “դա կարծես ռադիոյով էպիզոդ լիներ”: Ես գիտեի, որ նրա ցավերն ավելի ու ավելի էին ուժեղանում, իսկ նա գիտեր, որ ես գիտեմ, ու ինձ էր սեղմվում:
Երբ նրան իջեցրինք հիվանդանոցում, անճարակությունից գանգատվեց: Նրան թողեցինք հիվանդասենյակում, մի վայրկյան անց վիրաբույժն եկավ: Նա բարի ու ցրված հայացքով բարձրահասակ մարդ էր: Կոճակներն արձակած, բավականին կեղտոտ խալաթով էր: Կարգադրեց, որ մենք դուրս գնանք, և փակեց դուռը: Մայրը նստեց մի ցածր աթոռի վրա ու ավելի ուժեղ լաց եղավ, իսկ ես սկսեցի փողոցին նայել. անձրևը դադարել էր: Ծխելու անզուսպ ցանկություն ունեի: Ուսման տարիներին վարժարանի երեսունութ ուսանողներից միակն էի, որ երբեք բերանս ծխախոտ չէի դրել: Գլորիայի հետ վարժարանում սովորելու ժամանակ եմ ծանոթացել: Նա սև հյուսեր ուներ ու չէր կարողանում տիեզերագրության քննությունը հանձնել: Նրա հետ կապ հաստատելու երկու ձև կար: Կամ նրան տիեզերագրություն սովորեցնել, կամ այն միասին սովորել: Վերջինս լավագույն տարբերակն էր, և, իհարկե, երկուսս էլ ձախողեցինք:
Բժիշկը դուրս եկավ ու հարցրեց, թե ես նրա եղբա՞յրն եմ, թե՞ ամուսինը: Ասացի, որ ամուսինն եմ: Նա ասթմայով տառապող հիվանդի պես հազաց: “Որովայնաբորբ չէ”,- ասաց նա ,-“Այդ բժշկուհին էշի մեկն է: Ահ, մի ուրիշ բան է: Վաղն ավելի լավ կիմանանք, թե ինչ է”: Վաղը: Ինչ է դա նշանակում: “Ավելի լավ կիմանանք, թե ինչ է, եթե այս գիշերն անցկացնի: Եթե վիրահատեինք, դա կլինի վերջը: Բավականին լուրջ է, եթե այսօր դիմանա, կարծում եմ, որ կփրկվի”: Նրան շնորհակալություն հայտնեցի. չգիտեմ, թե էլ ինչ ասացի, և նա ավելացրեց. “Կանոնակարգը դա թույլ չի տալիս, բայց այս գիշերը կարող եք նրա մոտ անցկացնել”: Նախ, իմ վերարկուն ու շարֆը ձեռքին մի բուժքույր անցավ, հետո` պատգարակի վրա Գլորիան` անգիտակից, փակ աչքերով:
Ժամը ութին կարողացա մտնել այն հիվանդասենյակը, որտեղ տեղափոխել էին Գլորիային: Մահճակալից բացի մի աթոռ ու մի սեղան կար: Նստեցի աթոռին ու արմունկներս հենեցի հենակին: Աչքերիս մեջ նյարդային ցավ էի զգում, կարծես թե չափազանց բացած լինեի դրանք: Անդադար նայում էի նրան: Սավանը շարունակվում էր նրա դեմքի գունատությամբ, իսկ մոմե ճակատը փայլում էր: Երանություն էր զգալ, թե ինչպես է նա շնչում, թեկուզ այդպես` աչքերը փակ: Պատկերացնում էի, իբրև թե չի խոսում հետս միայն այն պատճառով, որ ինձ Մարգարետ Սալեվանն էր դուր գալիս, իբր թե ես նրա հետ չեմ խոսում, որովհետև նրա աշխատակիցը գրավիչ է: Բայց հոգուս խորքում գիտեի ճշմարտությունը ու ինձ օդում էի զգում: Այս հարկադրված անքնությունը ցավալի անիրականություն էր ասես, որն ինձանից պահանջում էր այս ակնթարթային ճնշումը` ճնշում, որը մի վայրկյանից պիտի վերջանար:
Ինչ-որ տեղ` հեռվում ժամացույցն անընդմեջ հավերժություններ էր հնչեցնում, բայց ընդամենը մի ժամ էր անցել: Մի անգամ վեր կացա, միջանցք դուրս եկա ու մի քանի քայլ արեցի: Սիգարետը ձեռքին մի մարդու հանդիպեցի, որը ուրախ ու խոսելիս ծամածռություններ անող դեմքով ինձ հարցրեց. “Փաստորեն, Դուք է՞լ եք սպասում”: Նրան պատասխանեցի` այո, ես էլ եմ սպասում: “Առաջնեկս է,-ավելացրեց նա,- ինչպես երևում է` չարչարում է”: Այդ պահին զգացի, որ թուլացա և կրկին հիվանդասենյակ մտա` աթոռին նստելու: Սկսեցի սալաքարերը հաշվել ու ինքս ինձ ծուղակը գցելով` սնոտիապաշտության խաղեր խաղալ: Աչքերով հաշվում էի սալաքարերի քանակը, որոնք մի գծի վրա էին, ու հետո ինքս ինձ ասում էի, որ եթե կենտ լինեին, ուրեմն փրկվելու էր: Ու կենտ էին դուրս գալիս: Փրկվելու էր նաև այն ժամանակ, երբ մինչև տասը հաշվելս հնչեին ժամացույցի զանգերը: Ու ժամացույցը զնգում էր հինգ թե վեց հաշվելիս: Հանկարծ զգացի, որ մտածում եմ. “Եթե այսօր դիմանա…” ու խուճապի մեջ ընկա: Անհրաժեշտ էր ապահովագրել ապագան, ամեն գնով հորինել այն: Անհրաժեշտ էր մի ապագա ստեղծել` նրան մոտեցող մահվան ձեռքից պոկելու համար: Ու սկսեցի մտածել, որ արձակուրդների ժամանակ կգնայինք Ֆլորեստա, որ եկող կիրակի օրը (որովհետև հարկավոր էր ստեղծել շատ մոտ ապագան) եղբորս ու նրա կնոջ հետ ընթրելու կգնայինք ու միասին կծիծաղեինք զոքանչիս անհանգստության վրա, որ ես կհայտարարեի Մարգարետ Սալեվանի հետ իմ ձևական խզումը, և որ Գլորիան ու ես մի երեխա…երկու… չորս երեխա կունենայինք, և որ ամեն անգամ ես միջանցքում կսկսեի անհամբեր սպասել:
Այդ ժամանակ ներս մտավ բուժքույրն ու ինձ դուրս հրավիրեց` նրան ներարկում անելու համար: Հետո վերադաձա ու շարունակեցի կառուցել այդ պարզ ու թափանցիկ ապագան: Բայց Գլորիան միայն թափահարեց գլուխը, ինչ-որ բան շշնջաց ու այլևս ոչինչ: Այսպիսով, ողջ ներկան նա էր, որ պայքարում էր ապրելու համար, միայն նա ու ես ու մահվան սպառնալիքը, միայն ես` կախված նրա քթանցքներից, որոնք անմեղորեն բացվում և փակվում էին, միայն այս պալատը ու զնգացող ժամացույցը:
Այդ ժամանակ հանեցի նոթատետրս և սկսեցի գրել սա, որպեսզի նրա համար կարդամ, երբ կրկին մեր տանը լինենք, որպեսզի ինքս ինձ համար այն կարդամ, երբ կրկին մեր տանը լինենք: Կրկին մեր տանը… Ինչ լավ էր հնչում: Բայց, այնուամենայնիվ, այդ ամենը շատ հեռու էր թվում, այնքան հեռու, ինչպես առաջին կինը, երբ տասնմեկ տարեկան ես, ինչպես ռևմատիզմը, երբ քսան տարեկան ես, ինչպես մահը, երբ դեռ երեկ էր: Հանկարծ շեղվեցի և մտածեցի այսօրվա խաղերի մասին, թե` արդյոք ձախողվել էին անձրևի պատճառով, անգլիացի դատավորի մասին, որն առաջին անգամն էր լինելու մարզադաշտում, նոտարական արձանագրությունների մասին, որոնք գրանցել էի այս առավոտյան: Բայց երբ մոմե, փայլուն դեմքով, տենդի մեջ չորացած բերանով Գլորիայի պատկերը նորից կանգնեց աչքերիս առաջ, ինձ խորապես օտար զգացի այդ շաբաթ օրվա մեջ, որը պետք է իմը լիներ:
Ժամը տասնմեկն անց կես էր, երբ հիշեցի Աստծո` իմ վաղնջական հույսի մասին, որը թերևս գոյություն ուներ: Չուզեցի աղոթել, քանզի ազնիվ էի: Աղոթում են, երբ իսկապես հավատում են: Ես չեմ կարող հավատալ, որ նա իրականում կա: Միայն հույս ունեմ, որ գոյություն ունի: Հետո գլխի ընկա, որ չեմ աղոթում միայն այն պատճառով, որ տեսնեմ` արդյոք իմ ազնվությունը նրան հուզո՞ւմ է, թե՞ ոչ: Ու այդ ժամանակ աղոթեցի: Մի ջախջախիչ աղոթք` կասկածներով լի, կոպիտ, աղոթք, որ կարծես ոչ մի կասկած չմնա, թե չէի ուզում, ոչ էլ կարող էի քծնել նրան, զինված ձեռքով մի աղոթք: Լսում էի սեփական մտովի փնթփնթոցս, բայց իրականում լսում էի միայն Գլորիայի ծանր ու դժվար շնչառությունը: Եվս մի հավերժություն ու հնչեց ժամը տասներկուսը: Եթե այսօր դիմանա… Ու դիմացել էր: Իրոք դիմացել էր և շարունակում էր շնչել, ու ես քնով անցա: Երազումս բան չտեսա:
Ինչ-որ մեկը թևս թափահարեց, ժամը չորսն անց տասն էր: Գլորիան չկար: Այդ ժամանակ ներս մտավ բժիշկն ու բուժքրոջը հարցրեց` արդյոք ինձ ասել է: Ես գոռացի, որ, այո, ինձ ասել է (չնայած դա ճիշտ չէր), ու որ ինքն անասուն է` այն բժշկուհուց ավելի գռեհիկ, որովհետև ասել էր, որ եթե այսօր դիմանա, այնուամենայնիվ… Գոռացի վրան, կարծեմ նույնիսկ մոլեգնած թքեցի, իսկ նա բարեհոգաբար նայում էր ինձ, ատելության աստիճանի հասնող հասկացող հայացքով, ու ես գիտեի, որ ճիշտ չէի, որովհետև մեղավորը ես էի, որ քնով էի անցել, որ նրան թողել էի առանց իմ վերջին հայացքի, առանց իմ կողմից հորինված նրա ապագայի, առանց իմ վիրավորական, դատապարտող աղոթքի:
Ու այդ ժամանակ խնդրեցի, որ ինձ ասեն, թե որտեղ կարող եմ տեսնել նրան: Ինձ պահում էր նրան անհետանալիս տեսնելու մի տհաճ հետաքրքրասիրություն` իր հետ տանելով իմ բոլոր զավակներին, բոլոր տոնական օրերս, իմ ողջ անտարբեր մեղմությունը Աստծո հանդեպ:

1 comment

    • Կանարա on 1 Մայիսի, 2011 at 11:42 ա.
    • Reply

    Անկեղծ,հուզիչ,ցավեցնելու չափ ճշմարտացի:Ժամանակակից մտավորական մարդն է`մշտապես մտազբաղ,միշտ ինչ-որ բանից ուշացող,կյանք խորապես զգացող,բայց այդպես էլ այն լիարժեք չվայելող ու ողբերգական:
    Շնորհակալություն:

Թողնել պատասխան

Your email address will not be published.