(Vladimir Vysotsky,1938-1980)
Ռուսերենից թարգմանեց՝ Սամվել Մարտիրոսյանը
…
Այստեղ եղևնու թաթերը ձյան տակ,
Ծածուկ դողում են ձայներից անկոչ,
Կախարդանքներին հլու հպատակ,
Եվ վհուկների դիվային կամքով:
Դու էլ ես այստեղ, դու էլ չես կարող,
Քեզ հմայքներով կապել է ջադուն,
Ծածկել է քեզնից երգը արարող,
Ու թմբիրի մեջ պահել իր բանտում:
Թեկուզ չորանա անտառն արմատից,
Եվ ծաղիկներին բուքը հալածի,
Առնեմ ձեռքերիս ու տանեմ պիտի,
Ու թող սերը քեզ իր դուռը բացի:
Թող այսօր արցունք չկաթի խոտին,
Եվ թող լուսինը ամպի մեղքն առնի,
Ապարանքներում, երկնքին մոտիկ,
Կապույտ ծովը թող նշան տա դռնից:
Եվ շաբաթվա մեջ կլինի մի օր,
Եվ ժամ կլինի, հնազանդ մի թիվ,
Երբ կամուրջները կքանդի բոլոր,
Որ անցյալը մեզ չհետապնդի:
Իսկ եթե սրտիդ ցանկությունն էր սա,
Եվ գողությունը հանցանք չէր բնավ,
Դղյակը,- կասենք,- շատերին հասավ,
Բայց մեր խրճիթը՝ միայն մեզ մնաց:
...
Այսօր քնքշանքի ժամանակը չի,
Փակվել են սրտերը բռունցքի պես,
Ահա որսացի գնդակն առաջին,
Իսկ հաջորդը՝ թողնում եմ ձեզ:
Ետ չեմ դառնալու,-մտքովս անցավ,-
Ինչ թանկ էր ապրելու գինը,
Մեր որդիները ինչ շուտ մեծացան,
Երեկ մերն էին, այսօր՝ կրակինը:
Ինձանից հետո, թեկուզ՝ ջրհեղեղ,
Որոշեց մեկը ու ելավ թմբին,
Բայց թե ես նրա համար եմ այստեղ,
Որ իմ գնդակը նրան չխփի:
Հիմա աչքերս կփակվեն անձայն,
Ու հող կդառնա հողի գրկինը,
Մեր որդիները ինչ շուտ մեծացան,
Երեկ մերն էին, այսօր՝ կրակինը:
Մեզանից հետո ո՞վ պիտի մնա,
Որ սրտանց պատասխանը տա,
Եվ ես ցանկացա, -դա լինի թող նա,
Ում հագով սապոգներ չգտան:
Ու ես ժպտացի վերջում ծայրեծայր,
Ահա նա՝ քթիս տակինը,
Մեր որդիները ինչ շուտ մեծացան,
Երեկ մերն էին, այսօր՝ կրակինը:
Լռում են սրտերն իրար ետևից,
Բայց իմը գոռում է դեռ կրծքիս միջով,
Թե՝ չի վերջանում ոչինչ իմ վերջով,
Որ կյանքը հավերժ կտևի:
Հիմա աչքերս կփակվեն անցավ,
Ու հող կդառնա հողի գրկինը,
Մեր որդիները ինչ շուտ մեծացան,
Երեկ մերն էին, այսօր՝ կրակինը:
…
Հեռանում են նավերն ու կորչում են աչքից,
Իսկ դու համոզված ես, թե կա վերադարձ,
Որ կգան, քերծելով ալիքները՝ մեջքից,
Ու մշուշը՝ մեջքից,
Եվ նորից կլքեն քեզ՝ մի կես տարի անց:
Բայց հավատն այս, որը թանկ է մեր սրտից,
Եվ ավելին է, քան կարոտը մեր,
Ձեր անուններով օրն այս կավարտի,
Ձեր անուններով,
Օրը, որ պիտի դառնա տարիներ:
Վերադառնում են, բայց առանց նրանց,
Ում սպասում էինք առաջին հերթին,
Առանց ընկերոջ ու սիրած կանանց,
Վկաներն ենք մենք,
Վկաներն ենք մենք անշուք շքերթի:
Բայց ես ուզում եմ նորից հավատալ,
Որ չի կործանվի ոչինչ հենց այնպես,
Եվ հրաժեշտը, որ պիտի ես տամ,
Վերադարձին է ճանաչում նա մեզ:
Եվ հրաժեշտը, որ պիտի ես տամ,
Վերադարձին է ճանաչում նա մեզ:
Վերջին մեկնաբանություններ