Մարիո Բենեդետտի | ՌԵՔՎԻԵՄ ԲՈՎԱԾ ՀԱՑՈՎ

Mario Benedetti

Իսպաներենից թարգմանեց Անի Վարդազարյանը

Այո, անունս Էդուարդո է: Դուք դա ինձ հարցնում եք, որպեսզի ինչ-որ կերպ զրույց սկսենք, ես դա հասկանում եմ: Բայց արդեն վաղուց է, ինչ ճանաչում եք ինձ, թեկուզ հեռվից: Ինչպես ես ձեզ եմ ճանաչում: Այն ժամանակվանից, ինչ սկսեցիք հանդիպել մորս հետ Լառանյագայի և Ռիվիերայի կաֆեում, կամ հենց այստեղ: Չկարծեք, թե լրտեսել եմ ձեզ: Բոլորովին: Գուցե այդպես եք մտածում, բայց դա նրանից է, որ ողջ պատմությունը չգիտեք: Կամ գուցե մայրիկը ձեզ այն պատմե՞լ է: Արդեն մի որոշ ժամանակ է, ինչ ես ցանկանում էի խոսել ձեզ հետ, բայց չէի համարձակվում: Այնպես որ, այս ամենից հետո, շնորհակալ եմ ձեզ, որ ինձանից առաջ ընկաք: Իսկ գիտե՞ք, թե ինչու էի ցանկանում խոսել ձեզ հետ: Որովհետև այնպիսի տպավորություն ունեմ, որ դուք լավ մարդ եք: Մայրիկն էլ էր լավը: Ես և նա շատ չէինք զրուցում: Տանը կամ լռություն էր տիրում, կամ ձայնի իրավունքը հորս էր պատկանում: Բայց ծերուկը հազվադեպ էր խոսում, երբ հարբած էր գալիս, այսինքն համարյա ամեն գիշեր ու, այդ ժամանակ, ավելի շուտ գոռգռում էր: Երեքս էլ նրանից վախենում էինք` մայրս, քույրիկս` Միրտան ու ես: Հիմա տասներեք ու կես տարեկան եմ ու շատ բաներ եմ սովորել, այդ թվում, որ նրանք, ովքեր գոռում, տանջում ու վիրավորում են, ներքուստ թշվառականներ են: Բայց այն ժամանակ ես շատ ավելի փոքր էի ու դա չգիտեի: Միրտան հիմա էլ դա չգիտի, բայց նա ինձանից երեք տարով փոքր է, ու ես գիտեմ, որ երբեմն գիշերները լացելով վեր է թռչում քնից: Դա վախն է: Դուք երբևիցե վախեցե՞լ եք: Միրտային միշտ թվում է, թե ծերուկը հարբած կհայտնվի ու գոտին կհանի, որպեսզի ծեծի նրան: Դեռ չի հարմարվել նոր իրավիճակին: Ես, ընդհակառակը, փորձել եմ հարմարվել: Մեկ ու կես տարի է, ինչ դուք հայտնվել եք, իսկ ծերուկը հարբում էր դրանից շատ ավելի վաղ, ու ինչ վարակվեց այդ արատով, սկսեց երեքիս ծեծել: Միրտային ու ինձ գոտիով էր խփում, շատ է ցավում, իսկ մայրիկին` փակ բռունցքով: Առանց որևէ կարևոր պատճառի. որովհետև ապուրը շատ տաք էր, կամ շատ սառը, կամ որովհետև նրան արթուն չէր սպասել մինչև գիշերվա ժամը երեքը, կամ էլ որովհետև աչքերը փոս ընկած էին այդքան լաց լինելուց: Հետո, ժամանակի ընթացքում, մայրիկը դադարեց լաց լինել: Չգիտեմ, թե ինչպես էր դա անում, բայց երբ նա նրան ծեծում էր, նույնիսկ շրթունքները չէր կծում, ոչ էլ լացում, ու դա ծերուկին ավելի էր կատաղեցնում: Նա գիտակցում էր դա ու, այդուհանդերձ, նախընտրում էր չլացել: Դուք ճանաչել եք մայրիկին, երբ նա արդեն շատ չարչարանքներ ու տառապանքներ էր կրել, բայց դեռ միայն չորս տարի առաջ (հիշում եմ այսօրվա պես) շատ գեղեցիկ էր ու գունեղ: Բացի այդ, ուժեղ կին էր: Այն գիշերները, երբ ծերուկը ի վերջո աղմկելով ընկնում էր ու անմիջապես սկսում խռմփացնել, ես ու նա նրան բարձրացնում էինք և տանում մինչև անկողին: Չափազանց ծանր էր և բացի այդ, կարծես դիակ բարձրացնես: Նա էր իր ամբողջ ուժը ներդնում: Ես հազիվ կարողանում էի ամբողջովին կեղտոտված շալվարով ու քողերը արձակած շագանակագույն կոշիկներով մի ոտքը պահել: Հավանաբար կկարծեք, որ ծերուկը իր ամբողջ կյանքում անտաշի մեկն է եղել: Բայց ոչ: Հայրիկին ոչնչացրեց մի նենգություն, որ իր նկատմամբ արեցին: Ու դա արեց հենց մայրիկի զարմիկը, որ աշխատում է քաղաքապետարանում: Ես այդպես էլ չիմացա, թե ինչ նենգություն էր արել, բայց մայրիկը որոշ չափով ներում էր ծերուկի բռնկումները, որովհետև մի քիչ պատասխանատու էր զգում նրա համար, որ իր սեփական ընտանիքից ինչ-որ մեկը նրան այդպիսի վնաս էր հասցրել: Երբեք չիմացա, թե ինչ տիպի նենգություն էր արել, բայց ճիշտ է, որ այդ օրվանից հայրիկը, ամեն անգամ, երբ հարբում էր, մայրիկին էր վիրավորում, կարծես թե նա էր միակ մեղավորը: Մինչև այդ պատահարը, մենք շատ լավ էինք ապրում: Ինչ վերաբերում է փողին, որովհետև ինչպես ես, այնպես էլ քույրս ծնվել ենք միևնույն բնակարանում` Վիլյա Դոլորեսի կողքին, հայրիկի աշխատավարձը երբեք ոչնչի չէր հերիքում, ու մայրիկը միշտ ստիպված էր հրաշքներ գործել մեզ ուտելիք տալու ու ժամանակ առ ժամանակ ինչ-որ հագուստ կամ մի զույգ չուստ գնելու համար: Շատ օրերն են եղել, որ սով ենք ապրել (եթե իմանայիք, թե ինչ ահավոր բան է սոված մնալը), բայց այդ ժամանակահատվածում գոնե հաշտ էինք ապրում: Ծերուկը չէր հարբում, ոչ էլ մեզ ծեծում էր, երբեմն նույնիսկ մեզ տանում էր ցերեկույթի. մի ինչ-որ հազվադեպ կիրակի օր, երբ փող կար: Ես կարծում եմ, որ նրանք երբեք իրար շատ չեն սիրել: Չափազանց տարբեր էին: Դեռ մինչև այն պատահարը, երբ դեռ հայրիկը չէր խմում, արդեն բավականին լուսնոտ տիպ էր: Երբեմն արթնանում էր կեսօրին, ու ոչ ոքի հետ չէր խոսում, բայց գոնե մեզ չէր ծեծում, մայրիկին էլ չէր հայհոյում: Երանի ամբողջ կյանքն այդպես շարունակվեր: Իհարկե հետո այդ դեպքը պատահեց, ու նա տապալվեց, ու սկսեց խաղատուն գնալ ու միշտ վերադառնալ կեսգիշերից հետո երկաթակապի խեղդող գարշահոտով: Վերջին ժամանակներս էլ ավելի վատ էր, որովհետև ցերեկն էլ էր հարբում ու հազիվ էր թողնում, որ շնչենք: Համոզված եմ, որ հարևանները լսում էին բոլոր գոռգոռոցները, բայց ոչ ոք ոչինչ չէր ասում, իհարկե, որովհետև հայրիկը հսկա մարդ է, ու բոլորը վախենում էին նրանից: Ես էլ էի
վախենում նրանից, ոչ միայն իմ ու Միրտայի համար, այլ հատկապես մայրիկի: Երբեմն դպրոց չէի գնում, ոչ թե փախչելու նպատակով, այլ, որ տանը շրջեի, քանի որ միշտ վախենում էի, որ ծերուկը օրը ցերեկով գա` սովորականից ավելի հարբած, ու նրան ոտքի տակ տա: Ես չէի կարող պաշտպանել նրան, դուք տեսնում եք, թե ինչքան նիհար ու փոքր եմ, իսկ այն ժամանակ ավելի փոքր ու նիհար էի, բայց ուզում էի մոտ լինել` ոստիկանությանը տեղյակ պահելու համար: Դուք տեղյա՞կ եք, որ իմ ծնողները այս միջավայրից չեն: Իմ երկու կողմի տատիկն ու պապիկը, չեմ ասի, որ հարուստ են, բայց գոնե վայելուչ տեղ են ապրում` դեպի փողոց նայող բալկոններով և բիդեով ու վաննայով լոգարանով: Երբ այս ամենը պատահեց, Միրտան գնաց իմ Խուանա տատիկի` հայրիկիս մոր հետ ապրելու, իսկ ես հիմա իմ Բլանկա տատիկի` մայրիկիս մոր տանն եմ: Հիմա համարյա թե վիճեցին, մեր մասին հոգալու համար, բայց երբ հայրիկն ու մայրիկը ամուսնացել են, նրանք դեմ են եղել այդ ամուսնությանը (հիմա կարծում եմ, որ հավանաբար ճիշտ են եղել) ու կապերը խզել են մեզ հետ: Ասում եմ մեզ հետ, որովհետև հայրիկն ու մայրիկը ամուսնացել են, երբ ես արդեն վեց ամսեկան էի: Դա ինձ մի անգամ պատմեցին դպրոցում, ու ես կոտրեցի Բետոյի քիթը, բայց երբ հարցրեցի մայրիկին, նա ասաց, որ դա ճիշտ է: Լավ, ես ցանկություն ունեի խոսել ձեզ հետ, որովհետև (չգիտեմ, թե ինչ դեմք կընդունեք) դուք կարևոր եք ինձ համար, պարզ այն պատճառով, որ կարևոր էիք մայրիկի համար: Ես նրան շատ եմ սիրել, դա բնական է, բայց կարծում եմ, որ երբեք չեմ կարողացել դա նրան ասել: Միշտ այնքան վախեցած էինք, որ ժամանակ չէր մնում փաղաքշանքների համար: Այնուամենայնիվ, երբ նա ինձ չէր տեսնում, ես նրան էի նայում ու չգիտեմ ինչ էի զգում, զգացմունքի նման մի բան, որ կարեկցանք չէր, այլ քնքշանքի ու նաև զայրույթի խառնուրդ` նրան տեսնելով այդքան երիտասարդ ու այդքան ծերացած, ոչ իր պատճառով ուժասպառ եղած ու տառապած, որին արժանի չէր: Դուք երևի հասկացել եք, բայց ես հավաստիացնում եմ, որ իմ մայրը խելացի կին էր, կարծում եմ` ավելի խելացի, քան իմ հայրը, և դա ինձ համար ամենավատն էր. իմանալ, որ նա տեսնում է այդ ահավոր կյանքը լայն բացված աչքերով, որովհետև ոչ թշվառությունը, ոչ հարվածները, ոչ էլ նույնիսկ սովը, չկարողացան բթացնել նրան: Նրան տխրեցնում էին, դա այո: Երբեմն նրա աչքերի տակ համարյա երկնագույն շրջանակներ էին կազմվում, բայց չէր զայրանում, երբ հարցնում էի, թե արդյոք ինչ-որ բան է պատահել: Իրականում, նա ինքն իրեն էր նեղսրտում: Երբեք ինձ հետ վատ չի վարվել: Ոչ էլ որևէ մեկի հետ: Բայց քանի դեռ դուք չէիք հայտնվել, ես նկատել էի, որ նա ավելի հուսախաբ էր, ավելի մարած, ավելի միայնակ: Երևի դա էր պատճառը, որ կարողացա ավելի լավ նկատել փոփոխությունը: Բացի այդ, մի գիշեր մի քիչ ուշ վերադարձավ, (չնայած շատ ավելի շուտ, քան հայրիկը) և ինձ մի ուրիշ հայացքով նայեց, այնքան տարբեր, որ ես հասկացա, որ ինչ-որ բան էր պատահել: Կարծես առաջին անգամ տեղեկացավ, որ ես ընդունակ էի նրան հասկանալու: Շատ ուժեղ գրկեց ինձ, կարծես ամոթով, հետո ժպտաց ինձ: Դուք հիշո՞ւմ եք նրա ժպիտը: Ես հիշում եմ: Ինձ այնքան անհանգստացրեց այդ փոփոխությունը, որ երկու, թե երեք անգամ բացակայեցի աշխատանքից (վերջին ժամանակները մի խանութում ցրիչ էի աշխատում), որպեսզի հետևեմ նրան ու իմանամ, թե ինչ է կատարվում: Այդ ժամանակ ձեզ տեսա` ձեզ և նրան: Ես էլ գոհ մնացի: Մարդիկ կարող է կարծեն, թե ես անխիղճ եմ, ու գուցե լավ չէր, որ ես ուրախացել էի, որ մայրիկը դավաճանում էր հորս: Թող այդպես մտածեն: Դրա համար երբեք դա չեմ ասում: Ձեզ հետ տարբեր է: Դուք սիրում էիք նրան: Ու դա ինձ համար հաջողության նման մի բան էր: Որովհետև նա արժանի էր, որ սիրեն նրան: Դուք սիրել եք նրան, սիրել եք, չէ՞: Ես ձեզ շատ եմ տեսել ու համարյա վստահ եմ դրանում: Իհարկե, ծերուկին էլ եմ փորձում հասկանալ: Դժվար է, բայց փորձում եմ: Երբեք չեմ կարողացել ատել նրան, հասկանո՞ւմ եք ինձ: Երևի, որ չնայած նրա, թե ինչ է արել, շարունակում է հայրս մնալ: Երբ մեզ ծեծում էր` ինձ ու Միրտային, կամ երբ հարձակվում էր մայրիկի վրա, իմ սարսափի հետ մեկտեղ խղճահարություն էի զգում: Խղճահարություն իր, մայրիկի, Միրտայի և ինձ համար: Հիմա էլ եմ դա զգում, հիմա, երբ նա սպանել է մայրիկին, ու ով գիտի, թե ինչքան ժամանակ կալանված կլինի: Սկզբից չէր ուզում, որ գնամ, բայց արդեն մոտավորապես մի ամիս է, ինչ գնում եմ Միգելետե նրան տեսնելու, ու համաձայնվում է ընդունել ինձ: Տարօրինակ է նրան բնական տեսնել, ուզում եմ ասել` առանց հարբած լինելու: Նայում է ինձ, ու հիմնականում ոչինչ չի ասում: Կարծում եմ, որ երբ դուրս գա, ինձ էլ չի ծեծի: Բացի այդ, ես արդեն մեծ մարդ կլինեմ, երևի ամուսնացած էլ կլինեմ և նույնիսկ երեխաներ կունենամ: Բայց ես իմ երեխաներին չեմ ծեծի, այդպես չե՞ք կարծում: Ու նաև համոզված եմ, որ հայրիկը չէր անի այն, ինչ անում էր, եթե այդքան հարբած չլիներ: Թե՞ դուք հակառակն եք կարծում: Դուք կարծում եք, որ նա ամեն դեպքում մայրիկին կսպանե՞ր այն երեկո, երբ, ինձ հետևելով ու պատժելով` ի վերջո երկուսիդ գտավ: Ինձ այդպես չի թվում: Նկատի ունեցեք, որ ձեզ ոչինչ չարավ: Միայն ավելի ուշ, երբ սովորականից ավել

2 մեկնաբանություն

  1. Միջազգային գրականությունը հետաքրքիր ոճով վերաստեղծում եք հայերենով:

  2. Հուսամ, որ այդպես է:)

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի