Արթյուր Ռեմբո | ՀԱՐԲԱԾ ՆԱՎԸ

Արթյուր Ռեմբոն 1871թ.

Արթյուր Ռեմբոն 1871թ.

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Գուրգեն Գասպարյանի

 

Քանզի չկային իմ նավազները, ես անղեկավար ու ամայացած,

Խաղաղ, անվրդով Գետերի հունով հոսանքին գերի լողում էի ցած,

Նրանց կատաղի ճիչ ու գոռոցով Կարմրամորթները լլկեցին դժնի,

Ու, մերկացնելով, սյուներին գունեղ, որպես նշավակ, գամեցին բռնի:

 

Ու ես անտարբեր, անտարբեր բոլոր հսկա նավերի հանդեպ անխտիր,

Թե’ ֆլամանդական ցորենի բեռով, թե’ անգլիական բամբակով ընտիր,

Ողբում էի լուռ, երբ մարում էին աղաղակները իմ նավազների:

Ու լողում էի` ուր որ ցանկանամ` հեռու ափերից ու ավազներից…

 

Ես փախչում էի՝ խենթ մրրիկների ամեհի ձայնին անլուր ու տխուր,

Ու չէի լսում շուրջս ո՛չ մի ձայն՝ մանկան ուղեղից հազար անգամ խուլ,

Ու լոկ մի քանի Թերակղզիներ, որ լքել էին ափերը հեռու,

Մարտնչում էին՝ փոթորիկների թոհուբոհերը դիմագրավելու:

 

Խենթ մրրիկները մկրտեցին իմ վերածնունդն ու արթնացումը նոր,

Եվ, որպես խցան, ես պարում էի կոհակների մեջ նրանց ահավոր,

Ուր հածում էին  ջչահեղձների անվերջ շարքերը երերուն ու ցուրտ,

Եվ իմ մեջ մեռան սին փարոսների կանչող աչքերի լույսերը թախծոտ:

 

Եվ այնքան քաղցր, որքան մանուկն է լեղի խնձորից դառնություն քամում,

Կանաչ ջրերը ողողեցին ինձ՝ գարշ բուրելով իմ եղևնյա մարմնում,

Կապտագույն գինու և սրտխառնության հետքերը բազումլվացին անհետ,

Խարիսխն իմ փոքրիկ ու ղեկը անտեր ջարդոտեցին ու տարան իրենց հետ:

 

Դրանից հետո ես լողում էի աստղերով լեցուն Պոեմում Ծովի,

Որ կաթնագույն է, ուր լազուրների կանաչն է թափվում երկնքից ծավի,

Որտեղ եսհաճախ հանդիպում էի ջրահեղձների մեռյալ-գունաթափ,

Որոնք մտածկոտ նայում էին ինձ ու սուզվում էին սահուն-անշտապ:

 

Տառապող լույսի զառանցանքի մեջ ու կապտությունով ներկվելով հանկարծ,

Օրվա դանդաղկոտ ռիթմերի բոսոր կարմրությունների ծիրանին հագած,

Թույն ալկոհոլից ավելի զորեղ, հնչուն ավելի՝ քան ձեր երգերը,

Այնտեղ հածում են, հածում են անվերջ սիրո շիկագույն դառնությունները:

 

Ես ճանաչեցի կայծակից ճեղքված երկինքներին ու հողմերին մռայլ,

Ծովին ալեծուփ և հոսանքներին, երեկոներին լուռ ու անայլայլ,

Արշալույսներին՝ նույնքան խաղացկուն, որքան երամը աղավնիների,

Եվ ես ա՛յն տեսա, ինչ մարդ կարծում է, թե ինքը պետք է որ տեսած լինի:

 

Ես տեսել եմ, թե ինչպես է իջնում միստիկ սարսափով արևը անքուն`

Լուսավորելով անվերջանալի սառնությունները մանուշակագույն,

Ուր, նման անտիկ դերասաններին, որոնք ողբակոծ մեռնում են դանդաղ,

Ալիքներն էին իրենց սարսուռի վարագույրները իջեցնում հանդարտ…

 

Ես տենչում էի կուրացնող ձույնով ու կանաչերանգ գիշերվա մասին,

Եվ համբույրների, որոնք անշտապ ծովի աչքերն են փայփայում հեզիկ,

Անհավատալի օշարակների շրջադարձն էի անվերջ երազում,

Եվ ինձ թվում էր, թե դեղնակապույտ-վառ ֆոսֆորափայլ երգերն եմ լսում:

 

Երկար ժամանակ հետևում էի ալեկոծության գրոհին հուժկու,

Որը, ջղագար տավարածի պես, քարաժայռերն էր ապարդյուն մաշկում.

Ես չէի կարծում, որ կույս Մարիամի լույս կրունկները սուրբ ու երկնավետ

Կարող են այդպես հանգիստ խաղ անել Օվկիանոսների համառության հետ:

 

Ես բախվում էի, իմացա՛ծ եղեք, ֆլորիդների անմտածելի,

Որտեղ, ծաղկանց մեջ տեսնում էի ես մարդկային մաշկով շեկ հովազների,

Որտեղ որ ձգված սանձերի նման ծիածաններ են ծովերը կապում,

Եվ պիսակավոր ձկներ են շրջում ժիր վտառներով կանաչ ու կապույտ:

 

Ես տեսա հսկա ու գաղջ ճահիճներ, որ թափառում են գաղթականի պես,

Ուր Լևիաթանն  է նեխում զազրելի ու թարփիկներ են ապրում մշտապես,

Տեսա ջրերի ավերակները անհողմության մեջ բոլորակատար

Եվ անդունդների խորքը ջրվիժող հորիզոններ ու հեռուներ օտար:

 

Տեսա սառույցներ,  արևներ արծաթ, կիզիչ երկինքներ, կոհակներ սաթե,

Ու ծովածոցեր, որոնց գարշահոտ ծանծաղուտներն են զզվելի պատել,

Հսկա, թունավոր վիշապներ տեսա, որ ոջիլներ են խժռում մահացած,

Հետո սողալով անհետանում են սև բուրմունքների անտառում անանց:

 

Ես ցույց կտայի երեխաներին կապույտ ծովերի ոսկե ձկնիկին,

Որը քաղցրալուր ու անուշ ձայնով ողջունում էր իմ երթը տրտմագին,

-Ինձ ծաղիկների փրփուրն էր շոյում ու գուրգուրում էր քամին համընթաց,

Եվ այդ ժամանակ ես սուրում էի իմ կորած հույսի թևերը գտած:

 

Ինձ` բևեռներից ու գոտիներից արդեն ձանձրացած ճգնավորիս խեղճ,

Ծովը երբեմն իր հառաչանքով ճոճում էր փափուկ ալիքների մեջ

Եվ ցույց էր տալիս թեթևաբարո դեղնությունների ծաղիկները սև,

Եվ ես ապշահար քարանում էի, ինչպես որ կինը խորանի առջև:

 

Այդպես, համարյա մի կղզու նման, տատանում էի ափերին ես իմ

Ճերմակ աչքերով չար թռչունների ծերտը կուտակված ու վեճերը սին,

Եվ երբ լողացի, ջարդուխուրդ եղան իմ ամրակները փտած ու փխրուն,

Ջրահեղձներն էլ մեծ հետույքներով իջան քնելու իմ նկուղներում:

 

Ես` մոլորյալս, խճճվում էի ծովախորշերի վարսերում անկարգ,

Փոթորիկները ինձ նետում էին եթերների մեջ անթռչուն, դատարկ,

Եվ եթե մի օր հարբած ծովերում անցնեմ ջրի տակ արդեն հոգնաբեկ,

Իմ մասին ոչ մի լողացող տախտակ չի հիշի երբեք, չի հիշի երբեք…

 

Ազատ, ծխալով, բարձրանալով վեր խիտ մառախուղից մանուշակագույն,

Իմ միջից, ինչպես փլատակների, կարմիր երկինքներ անցան շառագույն,

Թող չնեղանան պոետները մեծ, նրանք, որ համեղ գաթա են սիրում

Նրանց արևը մամուռ էր թքում, իսկ կապտությունից լորձունք էր ծորում:

 

Եվ ինձ՝ խելագար փայտի կտորիցս, ծովաձիերի ծաղրանքին գերի,

Լուսավորում էր կեղտոտ ձորձերով լուսնի մահիկը մութ գիշերների,

Իսկ հուլիսները իջեցնում էին գավազաններն ու մահակները մեծ

Ու երկինքներին ասմազուն ու լուրթ քշում եռացող խառնարանի մեջ:

 

Ես դողում էի սարսուռով մահվան, երբ լսվում էին վայնասունները

Գետաձիերի զուգավորության, երբ զարթնում էին Մրրկասյուները,

Հավերժ խուզարկու անդորրն էր կապույտ ինձ հետապնդում անշարժ աչքերով,

Ու ափսոսանքով հիշում էի ես Եվրոպան իր հին ճաղաշարքերով:

 

Ես աստեղային արշիպելագներ ու կղզիներ եմ տեսել անհամար,

Որոնց զառանցող երկինքներն անծայր բաց են ամեն մի լողորդի համար,

-Արդյոք այդ անհուն կապույտի մե՞ջ եք հածում դուք անվերջ ու քնում անհուշ,

Իմ միլիոնավոր ոսկե թռչուննե՛ր,  իմ ապագայի կախարդական Ուժ:

 

Այո՛, ես շատ եմ արտասուք թափել… Արշալույսները տանջում են հոգիս,

Ամեն մի լուսին դաժան է դարձել, ամեն մի արև դառն ու մորմոքիչ,

Ցավաբեր սերն էլ ինձ արբեցուցիչ ընդարմացումով պատեց մոգական,

-Օ՜, թող փշրվի իմ ողնափայտը, ջարդուխուրդ լինի… Ես ծով դուրս կգամ…

 

Եվ ինձ՝ ծովերից հուսահատվածիս, իմ Եվրոպայի ջուրն է հմայում,

Այն ցրտաշունչ ու սառն ջրափոսը, որտեղ խավարի բույրերն են մարում,

Որտեղ մի մանուկ թախծոտ աչքերով իր նավակներն է բաց թողնում թղթե,

Որոնք մայիսյան ժիր թիթեռների նման լողում են անհոգ ու թեթև…

 

Ես է՛լ չեմ կարող, ալիքներ, փախչել, արդեն ուժասպառ ձեր տառապանքից,

Բամբակով բեռնված, լիրբ դրոշներով գոռոզ նավերի երկաթե ճանկից,

Եվ ո՛չ էլ տեսնել՝ ինչպես է փքվում ամեն մի լկտի ու պիղծ առագաստ,

Ոչ էլ մոտանալ կամրջանավին, որ նայում է ինձ դեմքով ահասաստ:

 

1872թ.

Աղբյուր՝ Արթյուր Ռեմբո, Բանաստեղծություններ, Ապոլոն, 1991թ.:

Ծանոթագրություն գրքից.
Առաջին անգամ տպագրվել է Lutece-ում, 1883-ին, առանց հեղինակի գիտության: Ծանոթագրողները գտնում են, որ Ռեմբոն ծովի մասին գրել է բանաստեղծություն դեռ ծով չտեսած: Սակայն այդ չի խանգարել, որ ֆրանսիական գրականության մեջ ավանդներ ունեցող թեմայում Ռեմբոյի բանաստեղծությունն առանձնանա ինքնատիպությամբ ու հարուստ խորհրդանիշներով: «Հարբած նավը» ըստ էության հեղինակի պայծառատեսության առաջին փորձն է ու բավականին հաջողված: Ինքը՝ Ռեմբոն գոհ էր իր ստեղծածից և ընկերներից մեկին ասել է. «Այո, երբևէ ոչ ոք այդպիսի բան չի գրել, ես այդ գիտեմ»:
Լևիաթան – ծովային հրեշ փյունիկյան առասպելներում, հիշատակվում է նաև Աստվածաշնչում:
Բանաստեղծությունը թարգմանել է նաև Ա. Ալիքյանը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի