Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԿՈՒՅՐ ԳՆԴԱԿԸ

kolia

Փողոցից լսվում էին կրակահերթի չոր ճարճատյուններ, որոնց հետևում էին հատ ու կենտ կրակոցներ:
-Աստված գիտի, երբ կավարտվի էս ամենը,- ցրտից կծկվելով՝ասաց պաշտոնաթող ենթասպա Սադեղի կինը՝ Ամենեն և ծածկոցը փաթաթեց ոտքերի շուրջը:
-Ասում էի, չէ՞, նավթը խնայողությամբ գործածեք, մի կաթիլ նավթ չի մնացել, երեխաները մրսում են,-ասաց Սադեղը և դժվարությամբ բարձրացավ գետնից:
-Ա՜խ, էս հոդացավը…
-Ո՞ւր ես գնում, հայրի՛կ,- ասաց Ալիռեզան,-սպասիր, ես էլ եմ գալիս:
-Դու քո Աստվածը,- մրմնջաց Սադեղը,- խենթացե՞լ ես, քեզ կբռնեն:
-Հերդ ճիշտ ա ասում,-ասաց մեծ քույրը՝ Սադաֆը՝ կրծքին սեղմելով նորածին մանկանը:
-Բռնում են, բռնեն, էս չորս պատերի մեջ հոգիս բերանս եկավ,- դժգոհ փնթփնթաց Ալիռեզան ոտքերը երկարացնելով գորգի վրա,- մեկ է, պրծում չկա, շահի ռեժիմը հեշտությամբ տեղի չի տա:
-Վահիդը ուշացավ,- ասաց Սադաֆը,- գոնե նա գնար հայրիկի հետ:
-Վահիդը, Վահիդը,- ասաց Ալիռեզան՝ ձայնը բարձրացնելով,- Վահիդը մարդ լիներ, չէր թողնի քեզ ու երեխաներին ու վազեր հոր-մոր մոտ:
-Բա ի՞նչ աներ, որդի’ս- ասաց Ամենեն,- էն պառավներն էլ մեղք են, օգնող չունեն, Վահիդը քանի՞ կտոր պիտի լինի, ասաց «գնամ գլուխ քաշեմ, գամ»: Շնորհակալ եղիր Աստծուց, որ Վահիդի նման փեսա ունես, Վահիդը չլիներ՝ ո՞ւր պիտի մնայինք:
-Մերդ ճիշտ ա ասում,- ասաց Սադաֆը:
-Ախր, այ հեր, քսան լիտր նավթը մենակ՝ էդ մեջքովդ, ո՞նց ես բերելու,- չէր հանգստանում Ալիռեզան:
-Հլա, դեռ գնամ տեսնեմ նավթ բերե՞լ են,-ասաց Սադեղն՝ ալարկոտ ու, դուրս գալով սենյակից, հագավ նախամուտքում դրված կոշիկները: Հեռվից նորից լսվեց կրակահերթի խուլ ձայն:
-Այ մարդ, աջալդ* եկե՞լ ա,- սենյակից կանչեց Ամենեն,- ցրտից չենք մեռնի, եկ, վեր ընկիր տեղդ, էս չար ժամին ո՞վ քեզ նավթ կվաճառի:
-Անցյալ անգամ ավել վճարեցի,- նախամուտքից լսվեց Սադեղի ձայնը,-ասաց՝ քո խաթեր կպահեմ:
-Դու էլ հավատացի՜ր,- ասաց Ալիռեզան,- էնքան ուզողի մեջ քեզ ո՞նց պիտի նավթ տա, խանութը տակնուվրա կանեն, մարդիկ առավոտից գնում, հերթի են կանգնում, ինչքան լավատեսն ես, է՜…
-Ինքդ էլ ուզում էիր գալ, շա՛ն լակոտ, եթե նավթ չկար, ինչի՞ էիր գալիս,- ասաց Սադեղը սրտնեղված,- չե՞ս լսել ասում են՝ նույնիսկ անհուսութեան մեջ էլի հույս կա, գնամ տեսնեմ ի՞նչ խաբար է:
-Հայրիկ, սպասիր Վահիդը գա, նոր,- կանչեց Սադաֆը,- նավթի խանութի մոտով է անցնելու, կգա՝ լուր կտա:
-Ճիշտ ա ասում, այ մարդ,- ասաց Ամենեն,- կփաթաթվենք վերմակներով, չենք մրսի, գորգի վրա տաք է:
-Իսկ եթե Վահիդը չգա,- ասաց Սադեղը,- մի երկու ժամից պարետային ժամը կսկսվի, կմնանք առանց մի կաթիլ նավթի՝ գիշերը կսառչենք:
-Կգա, անհամբեր մի եղիր:
-Վա՜յ, մամա ջան,- բղավեց պատուհանի առջև կանգնած Սադաֆի աղջիկը՝ Գոլին,- ձյուն ա գալիս:
-Գալիս ա, թող գա, ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել,- սաստեց Սադաֆը:
-Հենց էդ ձյունն էր պակաս,- ասաց Ամենեն ու ցնցվեց. այս անգամ կրակոցի ձայնը լսվեց շատ մոտիկից: Բոլորը մի պահ սսկվեցին:
-Եարաբ, տեսնես ո՞ւմ սրտի հատորը էն աշխարհը գնաց,- առաջինը լռությունը խզեց Ամենեն:
-Դե, ես գնացի,- մի քիչ տատանվելուց հետո ասաց Սադեղը,- ինձ հետ՝ իմ էս պառավ տեղով, ոչ ոք գործ չունի:
-Կույր գնդակից վախեցիր,- ասաց Ամենեն՝ մոտենալով սենյակի դռանը,- հիմա ամեն անկյունում դարան մտած մեկը կա, շունը տիրոջը չի ճանաչում:
-Վահիդը չի գա, հիմար հո չի, էն իր ջանի ղադրը իմացող ա,- ասաց Ալիռեզան:
-Հազար անգամ քեզ ասացի՝ գործ չունես ձեր էդ ուսանողական շարժման հետ, չլսեցիր,- որդու կողմը շրջվելով՝ ասաց Ամենեն,- բոլորին բռնոտեցին, ձեռներիցդ ի՞նչ եկավ, ախր շահից ի՞նչ վատություն էիք տեսել, գլուխդ կախ գցեիր, դասդ սովորեիր…
-Է՜հ, դու էլ մայրիկ, էլի սկսեցի՞ր, շահի մերը… էն ա, տեսաք, էլի, ոնց փախավ առնետի պես, գլուխն ազատեց…
— Եղբա’յր, մերդ ճիշտ ա ասում, բան չէր մնացել ավարտեիր,- ասաց Սադաֆն ու քնած մանկանը դնելով փոքրիկ օրորոցի մեջ՝ խնամքով ծածկեց ու շփեց ձեռքերը,- կարգին ցուրտ ա, մեր էն էլեկտրական քուրսին չսարքվե՞ց:
— «ճիշտ ա ասում», «ճիշտ ա ասում»…, զահլա տարաք, դուք էդ կնիկներդ ոչինչ չեք հասկանում,- ասաց Ալիռեզան վրդովված,- չէ, էլեմենտը այրվել ա, պիտի տանենք փոխեն, իմ գործը չի:
Սադեղը վերցնելով դռան մոտ դրված դատարկ նավթամանը՝անձայն դուրս եկավ բնակարանից ու իր ետևից ծածկեց դուռը:
-Խոսք չի լսում, գլուխը վերցրեց, գնաց,- ասաց Ամենեն,- Աստված իմ, շառից հեռու պահիր մարդուս:
Հանկարծ հնչեց հեռախոսի զանգը:
-Վահիդն ա,- տեղից վեր թռչելով՝ասաց Սադաֆն ու վերցրեց ընկալուչը,- ալո, Վահիդ… Վա՜յ, կներեք… Դո՞ւք ոնց եք… Չէ, հայրիկը տանը չի, հենց նոր դուրս եկավ, գնաց նավթի, բա Վահիդն ո՞ւր ա… Ե՞րբ ա դուրս եկել… Վաղո՞ւց… Չէ, դեռ չի հասել, հասնելուն պես լուր կտանք:
-Ո՞վ էր:
-Կեսրարս էր,- ընկալուչը տեղը դնելով՝ ասաց Սադաֆը,- հայրիկին էր ուզում, ասում էր Վահիդը վաղուց ա դուրս եկել, բա էս մարդը ո՞ւր մնաց:
-Դե, երևի սանգագի** հերթի ա,- ասաց Ալիռեզան,- կամ էլ ընկերոջ հետ գալաջի ա տալի…
-Պապան եկավ,- նորից ճչաց պատուհանի առջև կանգնած Գոլին:
-Սուտ մի ասա,- չհավատաց Սադաֆը:
-Չէ, ճիշտ եմ ասում, էն Աստված, փողոցի դուռն ա փակում:
Վահիդը ներս մտավ հոգնած ու գունատ և ցած դրեց ձեռքի սանգագները: Աղջիկը վազեց ու փաթաթվեց հոր ոտքերին:
-Բա ո՞ւր էիր մնացել, այ մարդ, նստած տեղից ասաց Սադաֆը,- սպասելով սիրտս ջուր կտրեց: Զանգիր հորդ, անհանգիստ ա:
-Մեքենա չկար, ոտքով եմ եկել, սանգագի հերթը շատ էր:
-Դրսում ի՞նչ խաբար ա:
-Ասում են օդուժը միացել ա հեղափոխականներին. աղա Սադեղն ո՞ւր ա:
-Գնաց նավթ բերի, փողոցում չտեսա՞ր,- ասաց Ամենեն,- նավթը լրիվ վերջացել ա, բոշկան շուռ տվեց, տակին ջուր էր, չվառվեց:
-Իսկապե՞ս, Վահի՛դ,- տեղից վեր թռավ Ալիռեզան փայլող աչքերով,- էդ դեպքում, մնացած ուժերն էլ զենքը վայր կդնեն:
Ալիռեզան ուրախությունից գրկեց Վահիդին ու համբուրեց:
-Եսիմ, ասում են արքայական պահակազորն էլ ձեռով-ոտով անհետացել ա: Չէ, աղա Սադեղին չտեսա,- Ալիռեզայի գրկից ազատվելով ու Ամենեի կողմը շրջվելով՝ ասաց Վահիդը,- ես գլխավոր պողոտայով եկա, դրությունը շատ խառն ա, հրես կգնամ իր ետևից:
-Դեռ նոր ես եկել, նստիր մի քիչ շունչ քաշիր,-ասաց Սադաֆը փոքր կտորների բաժանելով սանգագը:
-Չէ, գնամ, աղա Սադեղը մեղք ա, գնամ օգնեմ:
Վահիդը հագավ կոշիկներն ու մտավ պատշգամբ:
-Գազի բալոնն էլ շուտով կդատարկվի,- ասաց Ամենեն,- երեք օր ա խոստացել են, չեն բերել, առանց գազի ու նավթի շատ կնեղվենք:
Վահիդը երկու դատարկ նավթաման առանձրացրեց ու պատրաստվեց դուրս գնալու:
-Մեկը տար որդիս, մի թող էն մարդը ծանրություն վերցնի, մեջքացավը նոր է անցել:
— Թող նավթ լինի, մնացածը կարևոր չի, մի բան կանենք.
Տղամարդիկ ուշանում էին: Ամենեն անդադար մոտենում էր պատուհանին ու նայում փողոցի փակ դռան կողմը: Պարետային ժամին կես ժամ էր մնացել:
Ալիռեզան աշխատում էր հեռախոսով կապվել ընկերների հետ, սակայն ոչ ոք չէր պատասխանում:
-Ուշացան,- քանիերորդ անգամը լինելով՝ ասաց Ամենեն:
-Մի մտահոգվիր, մայրիկ, երևի նավթ է եկել՝ շարքի մեջ սպասում են,- ասաց Սադաֆը:
-Ախր, ուր որ է պարետային ժամը կսկսվի:
-Թքած ունեմ էդ պարետային ժամի վրա,- ասաց Ալիռեզան,- դրանց հերը շուն դառնա. էս կողմերում պահակ չկա, պահակները վխտում են գլխավոր պողոտաներում:
Անցավ ևս կես ժամ:
Ամենեն նորից մոտեցավ պատուհանին ու նայեց փողոցի փակ դռանն ու փողոցի վառ լապտերին:
-Գնամ տեսնեմ ո՞ւր մնացին,- ինքն իրեն ասաց Ամենեն:
-Հիմա էլ սրա փորը սատանա մտավ,- ջղայնացած ասաց Ալիռեզան,- էս գիշեր, բացի ինձնից, ամենի հերոսությունը բռնել ա… Սիբիր հո չի, սպասեին լույսը բացվեր, նոր…
-Ճիշտ ա ասում,- ասաց Սադաֆը,- ախր գնում ես, ի՞նչ անես,- ուր որ է կգան:
Ամենեն չպատասխանեց: Գրկեց ու համբուրեց Գոլիին, ու չադրան ուսերին գցելով՝ գնաց դեպի դուռը:
-Կա’ց, այ մեր, ես կգնամ, էս մութին ո՞վ ա ինձ ճանաչելու:
-Վա՜յ, չէ բալես,- ասաց Ամենեն,- դու քո Աստվածը, ուզում ես նրանց էստեղ էլ քարշ տա՞ս: Ինքդ էլ գիտես, թե ինչ օրի գցեցին մեր տունը…Ուշքս-միտքս էնտեղ է: Մի քիչ համբերիր: Եարաբ, ե՞րբ ենք տուն վերադառնալու:
-Լավ, էլի, մայրի’կ,- ասաց Սադաֆը,- չլինի՞, նեղվում եք մեզ մոտ:
-Խենթանում եմ, էլ չեմ դիմանում- գոնե գրքերս մոտս լինեին,- մրթմրթաց Ալիռեզան,- հիմա տղերքը էնտեղ…
-Ձենդ կտրի’ր,- բարկացավ Ամենեն,- տղերքի անունը չտաս, հենց նրանք քեզ խելքահան արեցին:
-Ճիշտ ա ասում,- ասաց Սադաֆը,- հիմա դուրս գալու ժամանակ չի, եթե օդուժը հանձնվել ա, շահը երկար չի դիմանա, կընկնի:
Ամենեն ցած իջավ աստիճաններից ու կտրելով բակի կարճ տարածությունը՝ հասավ փողոցի դռանը: Ձյունը մանր փաթիլներով շարունակում էր գալ: Մոտիկից նորից լսվեց կրակոցի ձայն: Վախից Ամենեի ծնկները ծալվեցին. «Վա՜յ, վա՜յ, Սադեղին սպանեցին,- անցավ մտքով,- Աստված ոչ անի, Աստված ոչ անի, լեզուս լալկվի, էս ինչե՞ր եմ դուրս տալիս»…
Ամենեն զգույշ, բայց վճռակամ բացեց մետաղե դուռն ու գլուխը դուրս հանելով՝ նայեց ձախ ուղղությամբ, որտեղից պիտի հայտնվեին Սադեղն ու Վահիդը: Փողոցն ամայի էր, նույնիսկ փողոցային կատուները չկային: Դռան մոտ տեղադրված լապտերի սյունը խանգարում էր տեսնել փողոցի աջ կողմը, որը միանում էր գլխավոր պողոտային: Ամենեն դուրս եկավ փողոց ու դուռը կիսաբաց թողնելով՝ նայեց աջ: Մի երկու անգամ գլխավոր պողոտայից լսվեց պարեկների «կանգնի’ր» հրամանը, որին հաջորդեցին կրակոցներ:
Հանկարծ փողոցի ծայրը լուսավորվեց գլխավոր պողոտայից կտրուկ ներս մտնող ավտոյի լուսարձակների կուրացուցիչ լույսով: Ամենեն ակամայից կկոցեց աչքերը: Ավտոն աջ ու ձախ թեքվելով՝ խելահեղ արագությամբ սլացավ Ամենեի կողքով: Կիսամութի մեջ Ամենեն նշմարեց ավտոյի մեջ նստած երեք երիտասարդների, որոնք սարսափահար ետ էին նայում: Հետո ակամայից հայացքը դարձրեց աջ և նկատեց գետնին չոքած ու հրացանը ուսին դրած երկու զինվորների, որոնք կրակ էին բացել ավտոյի ետևից: Ամենեն չհասցրեց ետ քաշվել, որովհետև արձակված գնդակներից մեկը սուր այրոցով մխրճվեց նրա աջ քունքի մեջ…
-Լավ փախան,- մեքենայի ետևից նայելով՝ ասաց Սադեղը՝ սփրթնած,- սպասիր կրակոցները դադարեն:
-Էստեղ փախան, մի ուրիշ տեղ կբռնվեն, ի՞նչ տարբերություն,- ասաց Վահիդը ցած դնելով նավթով լիքը երկու ամաններն ու հեռացավ՝ մոտեցնելու մյուսը:
Նրանք քիչ էլ առաջացան փողոցի մեջ:
-Տեսնես էն ո՞վ ա փռված էնտեղ՝ մեր դռան առջև,- ասաց Սադեղն ու վատ բան կանխազգալով՝ արագացրեց քայլերը:
-Աստված գիտի, աղա Սադեղ,- շնչակտուր ու քրտնած պատասխանեց Վահիդը:
Սադեղը տեսավ Ամենեի արնաշաղախ, հերարձակ գլուխն ու չռված ակնակապիճներից, ասես վախով, թե զարմանքով, իրեն նայող՝ բաց աչքերը… Չադրան ցած էր սահել վրայից, սակայն մի ծայրը դեռևս գտնվում էր Ամենեի սեղմված մատների մեջ…
Չոքելով թաց գետնին՝ Սադեղը աղեկտուր ճչաց և զույգ ձեռքերով սկսեց հարվածել գլխին…

Հունվար 2008
Թեհրան

————————————————————————————————
* Աջալ.- Օրհաս
** Սանգագ.- Պարսկական ավանդական հաց, որը թխում են մանր քարերի վրա

 

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի