«

»

Հուլ 25 2011

Տպել Գրառում

Սամվել Մարտիրոսյան | ՔԱՐԱՓԸ

Եթե մեկ ուրիշ կյանքում մենք նորից հանդիպենք իրար, ես համոզված եմ, որ նույն ապառաժը կմնամ ու չեմ զղջա դրա համար, որովհետև նա՝ ինքն էլ քամուց բացի ուրիշ ոչինչ չի կարողանա լինել:
Հազարավոր տարիների հեռվից ես մի չնչին կասկած անգամ չունեմ, որ այդ քամուն՝ ինձ նման ապառաժը միայն կսանձեր:
Հիմա ես ծեր եմ, շատ եմ ծեր: Ովքեր սկսել են տարիների հաշիվը զրոյից, ոչ մեկն արդեն չկա իմ կողքին: Կուրծքս զրահապատող երբեմնի հայելապատ սալաքարերը ժամանակի հետ խամրել, ծածկվել են բազմաթիվ, մեծ ու փոքր ծակոտիներով:
-Ծաղկել են,- փորձում եմ կատակի տալ ես, երբ քամին հանդարտվում է, ու ես տեսողությունս լարելով, աշխատում եմ ոտքերիս տակ մի անգամ ևս նշմարել իմ արտացոլանքը:
Մի մեծ բան չի այդ՝ «արտացոլանք» ասվածը:
Մի քիչ որ գլուխդ խոնարհես, իսկույն կգտնես նրան: Սակայն միայնակ ծերունու համար դա մի ամբողջ օրվա զբաղմունք է:
Ես նայում եմ հանկարծակի հանդարտված ծովի խորքը և ինձ այնպես է թվում, թե դա նույնպես հաղթանակ է՝ այս ջահել ու վճիտ ջրերի մեջ պատահմամբ նշմարել քո՝ բոլորի կողմից մոռացված ուրվագծերը:
Ալիքները մատաղ ու կենսախինդ աղջիկների նման, մեծահոգաբար թույլ են տալիս, որ ես ուզածիս չափ նայեմ նրանց, սուզվեմ ագահորեն: Այնտեղ, ուր բոլորը դեռ շատ են երիտասարդ, և իմ ներկայությունը նրանց մեջ ավելի շուտ նման է մի ուշացած ու անմեղ խաղի:
-Ծաղկել եմ,- մտածում էի ես:
Բայց նա, ով նայում էր ինձ ջրերի խորքից, բոլորովին ուրիշ բան էր մտածում:
Նա նման չէր ծաղկած ապառաժի: Նա ավելի շատ նման էր մի անանուն, անհայտ էակի, որը դուրս էր լողացել ծովի անդունդից, և անզգուշորեն մոտեցել ափին:
Խճճվել էր ափամերձ ստորջրյա թփուտների ու հին, ձկնորսական ցանցերի մեջ:
ՈՒ՞մ համար էր եկել, ինչու՞ էր այդքան մոտեցել, մեզանից ոչ մեկը չէր համարձակվում ենթադրել:
Քամին ամբողջ թափով խփում էր իմ կրծքին: Թափանցում, սողոսկում էր իմ ամենախոր ճաքերի ու խորանների մեջ:
Այնտեղից իմ լսողությանն էին հասնում անծանոթ, տարօրինակ ձայներ: Ես չէի կողմնորոշվում այլևս, թե ի՞նչ ձայներ էին դրանք: Գուցե օգնության կանչե՞ր էին, որ թև էին առել իմ խոր ու ծածուկ անձավներից:
Միգուցե երգե՞ր էին դրանք, որոնք երբեք չեն լսվում ալեբախության ամենակուլ աղմուկի մեջ: Ես չգիտեի:
Հնարավոր է՝ ինչ որ ժամանակ և իմացել եմ:
Երևի ինչ որ մեկին նույնիսկ ասել եմ այդ մասին, կիսվել նրա հետ ու համարձակորեն արտասանել իր իսկական անունը:
Իսկ գուցե իմ քամի՞ն է եղել այն միակը:
Իհարկե՝ նա:
Առաջին օրը պոկվել էր ինչ որ ալիքից ու թռել, հասել էր մեր ափերը: Հասել ու փշրվել էր քարերովս մեկ:
-Ինձ ձեռք չտաս,- ճչաց քամին ու սկսեց ոտաբոբիկ վազվզել, ցատկոտել ափին, ջուր ու ավազ շաղելով չորս կողմը:
Ինձ՝ դուր էին գալիս նրա կանացի խորամանկություններն ու հնարքները: Թվում էր, թե նա այդպիսով ավելի շատ իմ ուշադրությունն էր ուզում գրավել:
-Միևնույն է, ես մնացողը չեմ,- ժպտաց քամին, մի ձեռքով հով անելով աչքերին,- մի օր անգամ չեմ մնա քեզ հետ:
Իմ կրծքի սալիկները շողշողում էին արևի տակ ու կուրացնում էին նրան: Բայց նա չէր հեռանում: Օրերն անցնում էին, իսկ նա այստեղ էր, ծիծաղում էր, լաց էր լինում, բայց չէր հեռանում:
Մի անգամ ուժեղ փոթորիկ սկսվեց:
Մի աժդահա ալիք ելել, կախվել էր աշխարհի վրա:
-Սա եկել է, որ տանի,- կայծակեց իմ ուղեղի մեջ,- սա քո ետևից է եկել:
Իմ քամին լուռ էր ու վախվորած, երեսին գույն չկար: Իջել էր կողքիս ու ինչ որ բան էր մրմնջում, երևի աղոթում էր: Նրա մի ծունկը բացվել էր ու մեղմիկ շողում էր մոմի լույսի նման: Ինքը չէր էլ նկատում իմ ներկայությունը: Իմ հայացքն էլ չէր նկատում:
ՈՒ՞մ էր աղոթում, ումի՞ց էր փրկություն հայցում, ես չգիտեի:
Այդ օրը ես որոշեցի փակել ալիքի ճանապարհը:
Ջահել էի, շատ էի ջահել: Ձեռքս ծանր էր, գլխիս մեջ՝ փոթորիկ: Ոչ ոք չկար, որ խորհուրդ հարցնեի, մեկը չկար, որ ինձ բռներ:
Մի մեծ, շատ մեծ ալիք կախվել էր աշխարհի գլխին ու սպառնում էր ամեն ինչ տանել իր հետ: Ճանկել ու տանել առանց հաշիվ տալու, առանց հարցնելու:
Առավոտյան նա սկսեց գլխով խփել իմ ապառաժներին:
Գնում էր, նորից էր գալիս ու նորից խփում: Ես մարմնովս մեկ դողում էի, բայց չէի վախենում նրանից: Ես գիտեի, որ մեր երկուսից՝ ե՛ս եմ ուժեղը: ԵՎ ամեն մի նոր հարվածի հետ, նա կորցնում էր իր զորությունն ու ավելի ու ավելի էր թուլանում:
Իրիկվա կողմ փրփուր տվեց, ջուր դարձավ ու գնաց ջրերի կողմը:
-Անիծյալ լինես,- նետեց ուսի վրայով:
Իսկ իմ քամին կպել մնացել էր թիկունքիցս, սրտի նման թրթռում էր: Գլուխը վեր չէր բարձրացնում, դեռ վախենում էր երևի:
Ջուրը ոտքերիս տակ հանդարտվել, դարձել էր հայելի: Այդ հայելու մեջ մենք հստակորեն տեսնում էինք մեկս մյուսիս:
Ինչ գեղեցիկ էինք մենք՝ երկուսով:
Նա ոտքերը մինչև կոճերը մտցրել էր ծիրանագույն ջրերի մեջ ու բոլորովին չէր շտապում ծածկել իր սպիտակ, փայլուն ծնկներն իմ հայացքից:
-ՈՒրեմն՝ կմնա,- որոշեցի ես:
Հաջորդ օրն արդեն, արևի դիմաց կանգնած, քարեր էինք նետում ծովը: Երբ նա իմ կողքին էր, ես ինձ անչափ ուժեղ էի զգում: Բոլորն էլ գիտերին այդ մասին:
Որ մտքիս դնեի, ցանկացած քարը ափից ափ կնետեի, կշպրտեի երկինք ու կդառնայի, տուն կգնայի, ոչ էլ կսպասեի, որ ետ գար:
Քամին իմ կողմը չէր նայում, ծիծեռնակների հետ էր մի գլուխ:
Չէր նայում, բայց մնում-մնում, մի ալիք էր ուղակում ինձ, ստուգում էր՝ այդտե՞ղ եմ դեռ, թե՝ գնացել եմ:
Նրա կասկածներն ինձ ամենևին չէին նեղացնում: Ընդհակառակը՝ զվարճացնում էին: Ես բարձր ծիծաղում էի ու մի ճարպիկ հարվածով հետ էի ուղարկում ալիքը:
Մութն ընկավ:
Մթան պես սև, մեջքիցս մի հսկա ժայռաբեկոր ճաք տվեց, պոկվեց ու գնաց ցած:
Ինչու՞ այդպես պատահեց, բան չհասկացա: Իրար երես նայեցինք, մնացինք: Ես ակամա հիշեցի անցած ալեկոծությունը, գոռ, աժդահա ալիքը, քամու վախվորած դեմքը:
-ՈՒրեմն նա ոչ թե քամու, այլ իմ հետևից էր եկել,- կարծես կայծակ անցավ իմ միջով, կրունկներս վառեց:
Ո՞վ էր, ի՞նչ էր ուզում, որտեղի՞ց տեղս իմացավ, ինչու՞ անիծեց հեռանալիս:
Նրա մասին ես ոչինչ չգիտեի, իսկ նա, երևում է, ամեն ինչ գիտեր իմ մասին:
Գիտեր՝ ջահել եմ, տաքարյուն, գիտեր՝ կռիվ կանեմ, գիտեր, որ խաթրով ոչինչ էլ չեմ տա: Գիտեր, բայց եկավ, որ տանի:
Ծանրակնճիռ քարաբեկորը շատ խորն էր սուզվել: Հիմա նա ուղիղ իմ ոտքերի տակ էր ու ես ցավ էի զգում նրա համար: Հասկանում էի, որ այլևս երբեք չի բարձրանալու իր տեղից:
Մեր կողմերով մեծ ճանապարհներ էին անցնում: Գնում էին ու միանում փոքր ճանապարհների հետ:
Չնայած ջրերի վրա ոտնահետքեր ու արահետներ չկային, բայց այդ ճանապարհների մասին բոլորը գիտեին, թե ձկնորսները, թե ծովագնացները:
Ահա մշուշի միջով նորից լող են տալիս մեծ ու փոքր նավերն ու նավակները: Կային, որ ձեռքով էին անում պարզապես, կային՝ կանգնում, հարցնում էին,- ո՞նց ես, ի՞նչ կա, չկա:
Երևի կարգն էր այդպես:
Ես ինչքան ուժ ունեի, լռում էի պոկված քարաբեկորի մասին:
ՈՒրիշ էլ ի՞չ կարող էի անել:
Ես ընդամենը մի հսկա էի, որ կարող էի գոռալ-գոռգոռալ, երբ փոթորիկը հրաշքներ էր գործում ծովի վրա, կարող էի բռունցքի մի հարվածով փշրել ինձանից շատ մեծ ալիքները, որ նրանք հանկարծ ոչ ոքի չնեղացնեն: Շատ բան կարող էի անել, բայց մարդկանց հետ խոսել ես չէի կարող:
Ողջ կյանքս ես սիրել եմ այս փոքրիկ ու անպաշտպան զեփյուռին ու բառ անգամ չեմ ասել նրան այդ մասին:
Լա՞վ է դա, թե՝ վատ, չգիտեմ:
Չգիտեմ ու դրա համար էլ ոչինչ չեմ ուզում փոխել:
Գարունը նոր էր բացվել:
Վերջին քարագլխի ու փլվածքի արանքում մի ծաղիկ էր բուսել:
Մեր արեգակի սիրած տեղն էր այդ տեղը: Ծաղիկը բացվել էր ու բուրում, ժպտում էր: Ինչ ասես, որ չէր անում, բոլորին խելքահան էր արել:
Իմ քամին էլ հակառակի պես չկար, որ ասեր՝ ի՞մն է այդ ծաղիկը, թե՝ իմը չի: Չկար, ծով էր ելել:
Վազելով եկավ: Փրփրած էր, կարմիր- արծվենի: Այս կողմ, այն կողմ թռավ:
-Այս ո՞վ է,- հարցրեց:
-Ծաղիկ է,- ասացի,- հրաշեկ ծաղիկ:
-Որտեղի՞ց:
-Չգիտեմ,- ասացի,- երևի մարգագետնից է եկել, կամ՝ պարտեզից:
Չհավատաց ինձ: Ծաղկին էլ չհավատաց:
-Այստեղ ոչ մարգագետիններ կան, ոչ էլ պարտեզներ,- ասաց, հին ու նոր հիշեց:
-Ծաղիկները սրտերի միջից են ելնում,- ճչաց:
Ես ականջներս փակեցի ու մտա ներս:
Դուրս եկա, տեսնեմ՝ խելոք նստել են իրար կողքի, ոտքերը կախել են ջրերի մեջ ու խնդմնդում են:
-Ի՞նչ եք ծիծաղում,- հարցրեցի:
-Քեզ վրա ենք ծիծաղում,- ասացին, էլի ծիծաղեցին, ծիծաղից թավագլոր եկան:
Գարուն էր, դեռատի, անփորձ գարուն, ու ծաղիկները միայն սրտերի միջից էին ելնում:
Ես ձայն չհանեցի: Նայեցի ծովի խորքը՝ նոր գծեր էին ավելացել աչքերիս շուրջը:
Մինչև առավոտ նայեցի:
Մտքերի հետ ընկած չնկատեցի, թե ինչպես քամին հուշիկ, անլսելի քայլերով թիկունքիցս մոտեցավ ու կպավ ուսիս:
-Ասում են, թե արծիվն է թևով խփել ու պոկել նրան,- շշնջաց ականջիս:
Ես չէի պատասխանում:
Վերջին հարյուր տարին մի արծիվ է պտտվում գլխիս բոլորը: Ոչ ոքի ու ոչ մի անգամ ես դեռ այդքան մոտ չէի թողել, բայց նրան թողեցի:
-Նա ինձ արծվի տեղ է դնում,- ասացի ես տարուբերվող ձայնով, բայց ես արծիվ չեմ:
Ծովը տարուբերվում էր: Երկինքն էլ էր տարուբերվում: Քամին էլ ծովն ընկած նավակի նման տարուբերվում էր:
-Ինչու՞ ասացիր,- հարցրեց քամին:
-Չգիտեմ: Չհասկացա, թե՝ ինչու՞ ասացի: Ես դա չէի ուզում ասել, այլ բոլորովին ուրիշ մի բան: ՈՒզում էի ասել, որ ես չգիտեմ, թե հիմա ի՞նչ կանի նա: Թե ի՞նչ կանի հետո, եթե ուժը պատի:
Ես ուզում էի ասել, որ լավ կլինի, որ մեր ուժը մեր կյանքի չափ լինի:
Քամին էլ չէր ճոճվում: Մոտեցել, քիթը սեղմել էր կրծքիս:
Նա այդպես լսում է ինձ, իսկ ես՝ նրան եմ լսում: Նրա ամեն մի մասնիկը հիմա աշխատում է ժամացույցի պես համաչափ:
Նա գրկել ու երկինք էր բարձրացնում ինձ ու ես հնազանդորեն հետևում էի նրան: Ես աչքերս փակել ու վախենում էի, թե աստված չանի, շունչս կտրվի հանկարծ և ես նորից կորցնեմ թևերս բացելու ու ճախրելու իմ ընդունակությունները:
Վեր ընկնեմ, իմ հին տեղում դառնամ ծեր ու ճաքճքված մի քարաբեկոր: Մի կտոր քար, այս համատարած բույրի, թեթևության ու քնքշության մեջ:
Ես նորից վերև նայեցի:
Արծիվը շրջաններ էր գծում հորիզոնի եզերքով:
Ցածում, ծովի վրա նրա ստվերն էր: Ահարկու սառնություն էր փչում այդ ստվերից, փշաքաղեցնում մարմինս: Ես աշխատում էի չնայել նրա կողմը: Ես նայում էի բոլորովին ուրիշ ուղղությամբ:
Մի թևիս վրա, արևկող քարերից մեկը ճաք էր տվել: Ճաքի միջից ծաղիկ էր դուրս եկել ու բացել կարմիր թերթիկները:
-ՈՒ՞մն ես դու,- զարմացա ես:
Զեփյուռը մայրական քնքշությամբ խաղում էր նրա թերթիկների հետ, խտուտ էր տալիս, փախչում մի կողմ:
Ինչ լավ էին նրանք խաղում իրար հետ:
Իմը՝ բոլորովին ուրիշ էր:
Վերքի պես ճեղքվածքն օր-օրի խորանում էր, և դա ինձ շատ էր անհանգստացնում: Հիմա իմ ամենամեծ հոգսը դա էր:
-Մի օր սա էլ կպոկվի: Ծաղիկը կկառչի կողքի քարից, երկու ձեռքով ամուր կփաթաթվի ու այդպես էլ կմնա:
Ժայռաբեկորն աղմուկով կբացվի մյուս կողքին, դանդաղորեն, կարծես դիտավորյալ ձգձգելով հրաժեշտը, կսուզվի, կանցնի ջրի տակ:
Մի՞թե այս փոքրիկ, անմեղ ծաղիկը կարող է այդքան բան փոխել իմ կյանքում:
-ՈՒ՞մն ես դու…
Հիմա արդեն այդ մասին բոլորն են պատմում:
Մի մասն ասում է, որ պատմությունը շատ է երկար, ու շատ վաղուցվանից է սկսվել:
Մյուսներն՝ ընդհակառակը, համոզված են, որ եղած-չեղածը մի երկու օրվա բան է, ու ծայրից ծայր՝ հեքիաթ:
Բայց մեզ համար դա արդեն կարևոր չի:
Երբ առաջին անգամ հանդիպեցինք, քամին ինձ ասաց, որ ես քարե արծվի եմ նման: Մինչ այդ ես դեռ ոչ մի անգամ արծիվ չէի տեսել, չգիտեի՝ ի՞նչ բան է դա:
Ես չգիտեի, իսկ նա գիտեր:
Հիմա մեր տանը խաղաղություն է: Արծվի, ալիքի, քամու ու ժայռի խաղաղություն: Տարօրինակ է: Երբեք մտքովս չէր անցել, որ խաղաղության համար ընդամենը մի փոքրիկ, կարմիր ծաղիկ էր պակասում:
Այդ օրվանից մենք այլևս չէինք խոսում ուրիշների մասին:
Միայն մեկս մյուսիս մասին էինք հարցնում:
Ես լսում էի նրանց պատասխաններն ու զարմանում, որ այսքան երկար պահել եմ իմ մեջ այդ անպաշտպան ծաղիկը, և բոլորովին չեմ վնասել նրան իմ կոշտ ու կոպիտ քարերով:

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>