ՀԱՅԵԼԻ
Նրան,
ՈՒմ ամեն օր տեսնում ես դու հայելու մեջ,
Նրան,
Ով ամենից շատ քեզ է նման,
Նրան,
Ով համբերատար կրկնում է քո բոլոր շարժումները,
ԵՎ քո յուրաքանչյուր անզգույշ շարժումից կարող է կոտրվել անվերադարձ,
Ի՞նչ ունես նրան դու ասելու,
Բացի այն, որ դու ուրիշ ես,
Բոլորովին ուրիշ…
…
Ի՞նչ եմ մտածում ես սիրո մասին,
Մտածում եմ,- ես հիմա կվազեմ,
ՈՒ նա էլ ինձ հետ հիմա կվազի:
Իսկ ցավի մասին ի՞նչ եմ մտածում,
Մտածում եմ,- չէ, ցավ չէր ուզում տալ,
Բայց շատ էր անփորձ նա դեռ այդ գործում:
ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՆՑՈՒՂՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ ԿԻՆԸ
Ես չէի կանչել նրան փողոց,
Այդպես՝ ինքն էր որոշել:
-Ինչ առել ենք երեկ փողով,
Արի,-ասաց,-չհիշենք:
Բայց չէր լսում նրան ոչ ոք,
Այդպես՝ ինքն էր որոշել:
-Սերը մեծ է, իսկ ես՝ ցավոք…
Արի,-ասաց չհիշենք:
Նրան գտնում էին անսխալ,
Այդպես՝ ինքն էր որոշել:
-Իսկ ես կարող էի և չգալ,
Արի,-ասաց,-չհիշենք:
ԽԱՂԵՐ
Թե գա մեկը դրախտից, ու հարց տա ինձ փողոցում,
Կասեմ,-բարին թե հաղթի, ես մեղք չունեմ այդ գործում:
Թե գա մեկը դժոխքից, ու հարց տա ինձ փողոցում,
Կասեմ,-չարը թե հաղթի, ես մեղք չունեմ այդ գործում:
Բայց չի դառնում ոչ ոք ետ, ու ես կարող եմ ասել,
-Կորչում եմ ես փողոցում, ու մեղք չունեմ այդ գործում:
ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑԻ ՕՐԱԳՐԻՑ
Մի քիչ հետո,
Երկիրը մի փոքրիկ աստղ կդառնա,
Մարդն էլ մի փոքրիկ աստղ կդառնա:
Մի քիչ հետո,
Ոչ ոք չի ասի, թե՝ երկիրը կորավ,
Չեն ասի, թե՝ մարդը կորավ,
Այլ պարզապես կասեն՝
-Աստղը կորավ:
ՎՃԻՌ
-Եթե սա վերջն է,
ՈՒրեմն ամեն ինչ միանման է վերջանում,-
Մտածում էր հեռացող մարդը:
Նա մի գաղտնի հույս էր փայփայում,
Որ, այնուամենայնիվ, դա դեռ վերջը չէ…
ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
Հիմա նա դեռ փոքր արև է,
Երբ նա դառնա մեծ արև, նա անպայման կայրի ինձ:
Հիմա նա դեռ փոքր ամպ է,
Երբ նա դառնա մեծ ամպ, նա անպայման կթրջի ինձ:
Հիմա նա դեռ փոքր տղա է:
Երբ նա դառնա մեծ տղա,
Հետո ավելի մեծ,
Հետո ավելի ու ավելի մեծ,
Հետո ոչ ոք չգիտի, թե ի՞նչ կլինի արևի, ամպի ու փոքրիկ տղայի հետ:
…
Վերջը եկել է երկար գիշերվա,
Նա էլ չի հոգա հացը որբերի,
Տխուր փաստ է սա, ինչքան էլ թվա,
Թե ինչ որ մեկը մեզ էլ կսիրի:
Վերջը եկել է երկար գիշերվա,
ՈՒ մերկ ձեռքերով նա էլ չի գրկի,
Տխուր փաստ է սա, ինչքան էլ թվա,
Թե ինչ որ մեկը մեզ էլ կփրկի:
Վերջը եկել է երկար գիշերվա,
Հիմա նա միայն խոստումներ կտա,
Տխուր փաստ է սա, ինչքան էլ թվա,
Թե առավոտը՝ մեզ համար է դա:
ՄԵԾ ԳԵՏԸ ԵՎ ՆՐԱ ԲԱԶՄԱԹԻՎ ՀՈԳՍԵՐԸ
Նրան հարկավոր է մի քիչ օգնել,
ԵՎ նա չի լինի այլևս ձմեռային, սառցապատ գետ,
Այլ կլինի գարնանային… գարնանային…
Նրան հարկավոր է մի քիչ օգնել,
ԵՎ նա չի ելնի իր ափերից, չի հեղեղի,
Այլ կլվա ոտքերը, կմեռոնի ձեռքերը,
ՈՒ ճակատները կոսկեջրի, կոսկեջրի…
Նրան հարկավոր է մի քիչ օգնել,
Նրան այնքան քիչ բան է հարկավոր,
Որպեսզի նա կարողանա ի կատար ածել
Մեր բոլոր անհնարին ցանկությունները:
ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ 65- ԱՄՅԱԿԻՆ
Խաղաղությունը միշտ գալիս է պատերազմից հետո,
Կամ՝ պատերազմից առաջ:
Ցավոք,
Առայժմ սա միակ ճշմարտությունն է մեր մասին…
ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐԻ ՄՈԼՈՐԱԿԸ
Փոքրիկ, գեղեցիկ տղաները
Սիրում են գեղեցիկ, փոքրիկ աղջիկներին:
Փոքրիկ, առնական տղամարդիկ
Սիրում են գեղեցիկ, փոքրիկ աղջիկներին:
Փոքրիկ, ուժասպառ ծերունիները
Սիրում են գեղեցիկ, փոքրիկ աղջիկներին:
ԵՎ այսպես կլինի միշտ,
Քանի դեռ անմահ է սերը,
ՈՒ քանի դեռ մահկանացուներ ենք մենք:
Վերջին մեկնաբանություններ