Խուան Խոսե Միլիաս | ՈՒՐԻՇՆԵՐԸ

Juan José Millás

Իսպաներենից թարգմանեց Անի Վարդազարյանը

Ավտովթարի ենթարկվելուց հետո ուրիշ եմ: Ընտանիքս, ընկերներս, գործընկերներս, ի վերջո, բոլորը գիտեն, որ մեքենաս չորս անգամ պտտվել է ու, որ չորս ամիս պառկած եմ եղել (ամեն պտույտի համար մի ամիս), բայց ոչ ոք գլխի չընկավ, թե այդ ընթացքում ինչ փոփոխություններ կրեց իմ անձը:
Հիշում եմ, որ դեռ ոչ լիովին ապաքինված տուն մտնելով` ինձ օտար զգացի այդ տնային աշխարհում: Ինչ-որ հիշողություն էր մոտս մնացել ընտանեկան միջավայրից, մեղմությունից, որ երեխաներս ինձ էին ներշնչել, նուրբ անտարբերությունից, որ մինչ պատահարը տածում էի կնոջս նկատմամբ: Բայց ողջ այդ պատկերը ձևափոխվել էր: Իմ ընտանեկան կյանքը, հիմա, ինձ թվում էր` բոլոր օջախների ամփոփումն է. որդիներս, որոնք ինձ անհանգստություն չեն պատճառում, օտար էակներ էին իմ ազդեցության համար, ու տարօրինակ` իմ սիրուն: Ընդհանուր առմամբ, նրանցով հիանում էի մի հետաքրքրասիրությամբ, որով զննում ենք ուրիշների երեխաներին` անհեթեթ համեմատություններ կատարելով երևակայական որդիներիս հետ, որոնց բնավորությամբ ինձ հպարտ էի զգում: Ինչ վերաբերում է կնոջս, պետք է ասեմ, որ սկսեցի ուսումնասիրել՝ նրան ներխուժման զգացողություններս թաքցնող բաղձանքով:
Այնպես որ, երբ երեխաների վարժարան գնալուց հետ ինձ անկողնում նախաճաշ էր բերում և ջերմաչափը դնում, որպեսզի հետևի ջերմությանս տատանումներին, ես ինձ մի մարդու պես էի զգում, որին տրվել է մեկ ուրիշի անկողինը և օտար կնոջ խնամքը խաբեբայորեն զբաղեցնելու հազվագյուտ առավելությունը: Փաստորեն, առանց մեղքի ու վտանգի, մեղմ ասած` ամուսնական դավաճանության հազվագյուտ հաճույքը վայելելու ազատությունն էի ապրում:
Ինչ կյանք էր: Դեռ հիշում եմ, թե ինչպես էր բացվում խալաթի կտրվածքը, որի արանքից մի խենթացնող անտարբերությամբ ինձ էր հրամցնում իր կրծքերը, երբ խոնարհվում էր ինձ վրա սուրճի սկուտեղով, կամ թե, սավանները կարգի բերելիս, ինչպես էին ուսերի վրա բաց թողնված մազերի ծայրերը հպվում միայնակ ազդրերիս: Ոչ էլ կարողանում եմ մոռանալ, թե ինչքան բնական կերպով էր հագնվում աչքերիս առջև` եղանակի, հոսանքի ստացականի կամ մարտ ամսի այն առաջին ցուրտ առավոտների հազվադեպ գույնի մասին թռուցիկ մեկնաբանություններ անելով:
Մի քանի անգամ, նման տնային տեսարանների առջև, բարոյական ընդհարման ներքո, որոնք չհանդարտվեցին, պոռթկում զգացի խոստովանելու, որ ես ուրիշ եմ` զգացմունքներիցս ու հայացքներիցս նրան պաշտպանելու նպատակով: Բայց անմիջապես գիտակցում էի, որ խելամիտ չէր լինի բաց թողնել այդ հազվագյուտ հնարավորությունը, որ ինձ էր ընծայում կյանքը և որը, սխեմատիկ կերպով ներկայացնելով, այլ հայացքով առօրյայով հիանալն էր` ցանկացած քայքայումից զերծ ու զուրկ անմեղության ցանկացած ստվերից:
Երբ նա գնում էր գնումներ կատարելու` ժամը տասներկուսի կողմերը, ես գործի էի անցնում ու դիակի հեշտությամբ վեր կենում անկողնուցս, որպեսզի ուսումնասիրեմ տանս անկյունները ու լրտեսեմ սեփական գոյությանս գաղտնիքները: Մեր ննջասենյակում մի ներկառուցված պահարան կար, որը լիքն էր դարակներով, որտեղ կինս պահում էր իր ներքնաշորերը, գոտիները և թաշկինակները, բայց նաև իր սիրած կրծքազարդերը ու, վերջապես, այն բոլոր ինտիմ հագուստներն ու իրերը, որ մաշվել էին գործածությունից` թողնելով նրանց վրա իր մարմնի ամենամութ անկյունների հետքերը: Ինձ հաճույք էր պատճառում համբուրել գործվածքը, որը թեթևակի մաշվել էր իր երանքի շփումից կամ մատների ծայրերով շոյել իր կրծկալների այն հատվածը, որն ավելի մոտ էր գտնվում թևատակին: Երբեմն անկողին էի մտնում նրա գոտիներից մեկի հետ և խաղում դրա հետ մինչ մոլագարության աստիճանի հասնելը, ինչը, ակնհայտորեն, բժիշկների հաշվարկներից ավելին երկարաձգեց իմ կազդուրումը:
Այնուամենայնիվ, չնայած այն հաճույքին, որ այդ շեղումները պատճառում էին իմ ապաքինմանը, ես ցանկության տեղաշարժ էի զգում, մի տեղաշարժ, որ այդ իրերից գնում էր դեպի այն մարմինը, որին դրանք տիրում էին, ու որին ես նույնպես ցանկանում էի տիրանալ, չնայած որոշ հանգամանքների, որովհետև դժվար է հասկանալ, որ քո ցանկությունը չի արտացոլվում այն անձնավորության հայացքում, որից ցանկանում ես կախված լինել: Ու իմ օտարացման աճի ու առողջացման հետ մեկտեղ մեծ էր նաև նրան իմ գրկում զգալու անհրաժեշտությունը, ոչ որպես իմ կին, քանի որ իմ կինը չէր, այլ որպես ուրիշ, նույնքան նվաճող, ինչքան ես, այն տնային միջավայրը, որը մերը չէր:
Մի օր, երբ մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո ինձ վերջնականապես առողջացած համարեցին, կինս գտավ, որ միասին պետք է եկեղեցի գնանք` Աստծուն երախտապարտ լինելու իմ ապաքինման համար: Առավոտյան ժամը ութն էր, ու եկեղեցում ոչ ոք չկար: Հիշում եմ մեր քայլերից կրկնապատկվող ձայները և իր ուսերի վրա բաց թողնված սև մազերի շարժը արձագանքներով լցված շրջապատող մթության մեջ: Տեղավորվեցինք մի սրբով բնակեցված առանձնացված խորանում, որին պաշտում էինք և այնքան մոմեր վառեցինք, ինչքան ոսկոր ես կոտրել էի պատահարի ժամանակ: Հետո իրար նայեցինք փոքրիկ կրակների տատանվող լույսի տակ, ու նա ինձ ժպտաց, ինչպես երազներում սովորաբար մեզ ժպտում են անկյունի կանայք: Ինձ թվաց, թե խենթանում եմ. մի քիչ բացվածքով բլուզ էր հագել, որը թույլ էր տալիս տեսնել պարանոցի սկիզբը ու գուշակել ուսոսկրերի քաղցր իջվածքը: Ձեռքս մեկնեցի ու կտրվածքի ողջ բաց հատվածը հավաքեցի աջ ուսի վրա: Այդ ժամանակ երևաց ներքնաշորի սպիտակ ձգափոկը` պատահական դրոշմի նրբությամբ բաժանելով մարմինը, ինչպես չմշկի հետքը ձյան մակերեսի վրա:
Նա թույլ տվեց դա անել այնքան նոր մի սադրիչ հանգստությամբ, ինչպես իմ ցանկությունը: Վառած մոմի հոտը մեծացրեց իմ հուզմունքը: Նրան քաշեցի դեպի ինձ ու առանց հայացքս հեռացնելու աչքերից շշնջացի.
— Էլ չեմ կարող:
Նա աչքերը թարթեց ու ինձ ասաց.
— Ես էլ չեմ կարող: Գնանք խորանի հետևը:
Այնտեղ մի փոքրիկ փոս կար, որտեղ հանգչում էր ինչ-որ կարդինալի կամ ինչ-որ եպիսկոպոսի աճյունը: Նստեցինք դամբանաքարի վրա և հետևեցինք, թե ինչպես էին մոմերի լույսից պատի վրա արտացոլված մեր ստվերները խաչաձևվում ու խառնվում` կազմելով սիրո հրաշալի ուրվագծներ: Այդ ժամանակ ազնվության մի պոռթկում ունեցա ու ասացի.
— Պետք է իմանաս, որ ես ուրիշ եմ:
— Ես էլ,- մեղմորեն պատասխանեց նա,- ամբողջ կյանքում ուրիշ եմ եղել, բայց մի որոշ ժամանակ է, ինչ հրաժարվել եմ գտնել ուրիշի ու, ինչպես տեսնում ես, դու իմ կողքին էիր:
Այդ օրվանից շատ երջանիկ ենք: Բայց բանն այն է, որ չգիտենք, թե ինչպես ասենք մեր երեխաներին, որ նրանց ծնողները չենք: Որովհետև հիմա կցանկանայինք առանձին ապրել, չնայած պլանավորել ենք երեխաներ ունենալ, բայց ավելի ուշ: Ամեն դեպքում, կնախընտրեինք, որ մերը լինեին:
Մի խոսքով:

 

2 comments

    • Սիրանույշ Օհանյան on 18 Օգոստոսի, 2011 at 10:41 ա.
    • Reply

    Շատ լավն է, ձեր շնորհիվ ինձ համար իսկական բացահայտում դարձավ Խուան Խոսե Միլիաս անունը 🙂 շնորհակալություն

    • Ani on 21 Օգոստոսի, 2011 at 9:44 ե.
    • Reply

    Shnorhakalutyun Dzez, vor kardum eq)

Թողնել պատասխան

Your email address will not be published.