«

»

Մար 06 2014

Տպել Գրառում

Գուրգեն Միքայելյան | ԵՐԿՆՔՈՒՄ ԳԵՐՎԱԾՆԵՐԸ

Գուրգեն Միքայելյան

Գուրգեն Միքայելյան

                                              

                                                                 ՊԻԵՍ

 

 ԳՈՐԾՈՂ  ԱՆՁԻՆՔ

 

ՏԻԳՐԱՆ

ՍԵՆԻԿ (ՍԵՆ)

ՍԵԴԱ

ՇՈՂԵՐ

ԲԺԻՇԿ (Բովանդակությամբ պայմանավորված` վերջինիս դերում խաղացող դերասանը խաղալու է նաև այլ դերերում)

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ


            Հիվանդասենյակ, որը, սակայն, ամբողջովին փակ տարածք է. չկա ո՛չ պատուհան, ո՛չ դուռ: Դրված է չորս մահճակալ, որոնց վրա պառկած են հիվանդները: Նրանցից երկուսը տղամարդ են, երկուսը՝ կին:

 

ՏԻԳՐԱՆ– (Ճմլկոտալով արթնանում է): Սենի՞կ…

ՍԵՆԻԿ– (Քնատ) Հա…

ՏԻԳՐԱՆ– Արթո՞ւն ես:

ՍԵՆԻԿ– Մի քիչ:

ՏԻԳՐԱՆ– Այս ի՛նչ տարօրինակ գիշեր էր, այ տղա… Ի՜նչ զարհուրելի երազ… (Սենիկը չի արձագանքում): Պատկերացնո՞ւմ ես, երազում իբր մեռել էի: Լսո՞ւմ ես:

ՍԵՆԻԿ– Մի քիչ:

ՏԻԳՐԱՆ– Իբր մեռել ու արդեն երկնքում էի… (Անկողնում նստում է: Նկատելի է դառնում, որ նա անսովոր ճերմակ է, մի տեսակ՝ անգույն):  Համբառնել էի երկինք ու… Լսո՞ւմ ես:

ՍԵԴԱ– Այ մարդ, ի՞նչ ես բլբուլ կտրել: Թող՝ քնենք:

ՍԵՆԻԿ– (Անկողնում արագ նստում է): Այստեղ կի՞ն կա… (Երևում է, որ նա նույնպես ունի անսովոր տեսք): Հա՜… Ո՞նց էի մոռացել, որ այսօր «հյուրեր» ունենք:

ՇՈՂԵՐ– (Նոր արթնացած՝ հորանջում է): Տղամարդ լինեիր՝ չէիր մոռանա:

ՏԻԳՐԱՆ– (Սենիկին, ներկա կանանց հոգու հետ խաղալու տոնայնությամբ) Սե՛ն, երեկ լսեցիր, չէ՞, ինչ ասաց բժիշկը: Ասաց. «Այնքան են շատացել ցնորքներ, պատրանքներ տեսնող կանայք, որ իրենց պալատներում էլ տեղ չկա»: (Ծիծաղում է): Ասաց. «Մեկ-երկու օր էլ թող ձեզ մոտ տեսնեն: Դիմացեք»: (Կրկին ծիծաղում է):

ՇՈՂԵՐ– (Նույնպես նստում է): Հա՛, եկել ենք՝ ցնորքներ տեսնենք, ճիշտ է: Ահա, աչքիս տղամարդիկ են երևում: (Սեդայի հետ քահքահ ծիծաղում են: Նստում է նաև Սեդան: Հանկարծ, ներկաներին նայելով, Շողերը միանգամից լրջանում է):  Վա՛հ… Դուք ինչո՞ւ եք այդպես սպիտակել: (Բոլորը նայում են մեկմեկու և մնում ապշած):

ՍԵԴԱ– Իսկապես… (Ոչինչ չհասկանալով՝ նայում են ձեռքներին, հագուստներին):

ՍԵՆԻԿ– Իսկ սա՞ ով է հագցրել: Ե՞րբ…

ՇՈՂԵՐ– Եվ իմ դե՞մքն է այսպես անգույն: (Պահարանից վերցնում է փոքր հայելի, նայումԵրեսը շփում է՝ փորձելով հասկանալ, թե ինչու է դեմքն սպիտակ):

ՍԵԴԱ– (Տիգրանին) Ասում ես՝ երազում ի՞նչ էիր եղել:

ՏԻԳՐԱՆ– Չհիշեմ, ավելի լավ կլինի: Իբր մեռել էի, ընկել մի խուց, որը… (Նայում է չորս կողմը: Ձայնը աստիճանաբար ցածրանում է, դանդաղում): Ո՛չ պատուհան… ուներ, ո՛չ… դուռ… (Վախեցած) Է՜… Է՜… Իսկ ո՞ւր է այստեղի պատուհանը: Ո՞ւր է այստեղի դուռը… (Բոլորը նայում են պատերին):

ՇՈՂԵՐ– Իրոք… Ո՞ւր է պատուհանը: Ո՞ւր է դուռը:

ՍԵԴԱ– Սա կարծես երեկվա սենյակը չլինի:

ՇՈՂԵՐ– Տարօրինակ է… Ի՞նչ է կատարվել:

ՍԵՆԻԿ– Ոչինչ, մի՛ վախեցեք. այսպես լինում է: Ասում են, որ մեզ նման հիվանդներն այսպիսի վիճակի մեջ երբեմն ընկնում են: Տեսիլք է, կանցնի: (Ձեռքերով տեսիլքը ցրելու շարժումներ է անում):

ՏԻԳՐԱՆ– Հը՞: Անցա՞վ: (Սենիկը, քիչքիչ մռայլվելով, գլուխը պտտում է):

ՍԵԴԱ– Հապա նորից փորձիր: Գիտե՞ս՝ մեզանից թեկուզ մեկի համար էլ եթե այս տեսիլքը ցրվի, ուրեմն սա իսկապես տեսիլք է: Ուրեմն բոլորս փրկված ենք: (Սենիկը դարձյալ ինչոր շարժումներ է անում):

ՏԻԳՐԱՆ– (Սենիկին) Հը՞: Հաջողվե՞ց:

ՍԵՆԻԿ– Գրողը տանի: Այսօր չի հաջողվում:

ՇՈՂԵՐ– Բա ի՞նչ անենք: (Մոտենում, սենյակի պատերը շոշափում է): Գիտե՞ք, այս պատերն այսօր չափից ավելի են իրական:(Տիգրանին) Իսկ դու չե՞ս հիշում, թե քո երազում տեսած սենյակի մեջ ուրիշ ինչ կար:

ՏԻԳՐԱՆ– Ուզում ես ասել, թե մենք իսկապես…

ՍԵՆԻԿ– Ո՛չ, ո՛չ, այդպես չի կարող լինել: Այս ամենն ախր շատ է իրական: Եթե մեռած լինեինք, մարմին չէինք ունենա: Կլինեինք ոգի, ուրվական: Իսկ ես, տեսեք, (իրեն խփելով) մարմին ունեմ, ցավ եմ զգում: Այս ամենը մտացածին է: Մեզ ստուգում, փորձում են: (Բղավելով պատին խփում է): Լսո՞ւմ եք… Հե՜յ… Բացե՛ք դուռը… Հե՜յ… (Ոչ մի ձայն չի լսվում):

ՇՈՂԵՐ– Իսկ գուցե մեզ թվո՞ւմ է, թե մարմին ունենք: Գուցե ոգիները, ուրվականները հենց մեզ նմա՞ն են լինում: (Տիգրանին) Բայց դու չասիր, թե ուրիշ ինչ կար քո տեսած սենյակում: Օրինակ (մատնացույց անելով), այսպիսի պահարան կա՞ր:

ՏԻԳՐԱՆ– Կա՛ր:

ՇՈՂԵՐ– Իսկ մե՞ջը: Ի՞նչ կար պահարանի մեջ:

ՏԻԳՐԱՆ– Ես դա շատ մշուշոտ եմ հիշում: Բժիշկը, կարծեմ, ինձ արթնացրեց, ասաց. «Տե՛ս, այստեղ դնում եմ տետր»: «Կգրե՛ք ձեր կտակը»,- ասաց: Եվ հիմա չեմ հիշում՝ ես դա լսել եմ երազո՞ւմ, թե…

ՍԵԴԱ– Ցնդա՛ծ: Գրազ կգամ, որ այս ամենը քո և մեր հիվանդության հետևանքն է: Ի՞նչ կապ ունի բժիշկը կտակի ու քո պահարանի հետ: Ես հենց հիմա կապացուցեմ, որ պահարանում ոչ մի տետր էլ չկա: (Պահարանին մոտենալով) Նայե՛ք, ահա՛:(Դուռը բացում, տեսնում է այնտեղ դրված տետրը և ուշաթափվում): Ա՜… (Մյուսները վախեցած մոտենում են նրան):

ՍԵՆԻԿ– Ի՞նչ եղավ:

ՏԻԳՐԱՆ– (Սեդայի դեմքին թույլ խփելով) Մեռավ…

ՇՈՂԵՐ– Ինչպե՞ս… Այսպես միանգամի՞ց… Բայց այստեղ, մեկ է, անտրամաբանական ինչ-որ բան կա, և… (գյուտ արածի պես, ուրախացած) լավ է, որ մեռավ… (Տիգրանն ու Սենիկը զարմացած նայում են նրան): Հասկանո՞ւմ եք. եթե մեռած էր, ինչպե՞ս նորից կմեռներ: Կրկնակի հո չմեռա՞վ: Իսկ եթե հիմա մեռած է, ուրեմն  այն ժամանակ ողջ էր: Եթե այն ժամանակ ողջ էր, ուրեմն…

ՍԵՆԻԿ– Ուրեմն ողջ ենք նաև մենք:

ՏԻԳՐԱՆ– Այսինքն՝ նրա մահը մեր կենդանության ապացույցն է:

ՇՈՂԵՐ– Եվ մեզ հարկավոր է հիմա պարզել՝ նա իսկապե՞ս մեռած է, թե չէ: (Սենիկը վերցնում է ջրամանը և պատրաստվում Սեդայի դեմքին ջուր ցողելու):

ՏԻԳՐԱՆ– (Սենիկին, վախեցած) Զգույշ… Զգույշ հանկարծ… չկենդանանա:

ՇՈՂԵՐ– (Ջրամանը Սենիկից վերցնելով) Տուր ինձ, թե չէ դու նրան… (Դողդողացող ձեռքերով ջուրը ցանում է ոչ թե Սեդայի դեմքին, այլ հատակին):

ՍԵՆԻԿ– Ի՞նչ ես անում: Ձեռքդ այս կողմ բեր:

ՇՈՂԵՐ– Ես էլ եմ ուզում այս կողմ բերել, բայց ջրամանն այն կողմ է գնում: (Ջրամանը ուժեղ դողում է):

ՍԵՆԻԿ– Արի միասին փորձենք: Դե… (Շողերի ձեռքից բռնած՝ ջրամանը քաշում է Սեդայի կողմը, իսկ Շողերն ամեն կերպ փորձում է այն տանել հեռու):

ՇՈՂԵՐ– Բա որ հիմա ջուրը թափվի դեմքին ու… (Ջրամանը թեքվում, և ջուրն իսկապես թափվում է Սեդային երեսին):

ԲՈԼՈՐԸ՝ ՄԻԱՍԻՆ– Թափվե՜ց… (Մի պահ, շունչները պահած, սպասում են: Սեդան կենդանանալու նշաններ է ցույց տալիս):

ՇՈՂԵՐ– (Հույսը մարած) Կենդանացավ… (Չկարողանալով իրեն զսպել` բարձրաձայն լացում է):

ՍԵԴԱ– (Նստում է, նայում Շողերին): Դե մի՛ վախեցիր: Ես ողջ եմ: Տե՛ս, ահա, նստել եմ… (Հանկարծ սթափվում է): Ո՞ղջ եմ… Եթե հիմա ողջ եմ, ուրեմն քիչ առաջ մեռած չէի: Եթե քիչ առաջ մեռած չէի, ուրեմն դրանից ավելի առաջ մեռած էի: Եթե դրանից ավելի առաջ մեռած էի, ուրեմն մեռած եմ նաև… հիմա՞: Ա՜… (Կրկին ուշաթափվում է):

ՇՈՂԵՐ– Եվ դուրս է գալիս, որ հիմա բոլորս…

ԲՈԼՈՐԸ` ՄԻԱՍԻՆ– Մեռած ենք… (Վախից ուշաթափ ընկնում են):

 

Թատերական էֆեկտներով ստեղծվում է հանդերձյալ աշխարհի պատրանք. բեմը պատվում է գունավոր մշուշով, հնչում է երաժշտություն, պատերի վրա, մշուշի մեջ երևում են լուսային պատկերներ՝ նման ուրվականների:

Քիչ անց բեմն ստանում է նախկին տեսքը: Ուշաթափվածները դանդաղ սթափվում են:

 

ՇՈՂԵՐ– (Նստում է): Մենք ի՞նչ ենք հիմա անելու այստեղ՝ մեռյալների աշխարհում:

ՍԵԴԱ–  Այստե՞ղ էլ մենք պիտի որոշենք:

ՇՈՂԵՐ– (Ուսերը թոթվելով) Աստված գիտի:

ՏԻԳՐԱՆ– (Նույնպես նստում է): Մեռանք էլ այդ հարցից չպրծանք: (Հերթով նստում են նաև Սենիկն ու Սեդան):

ՍԵՆԻԿ– Իսկապե՛ս: Ո՞վ է որոշելու, թե մենք հիմա ինչ ենք անելու:

ՇՈՂԵՐ– Հետաքրքիր է, թե որտեղ ենք. դրախտո՞ւմ, դժոխքո՞ւմ:

ՏԻԳՐԱՆ– (Լրջացած) Անկեղծ ասած՝ ինձ այլևս ոչինչ չի հետաքրքրում: Ես ուզում եմ վերադառնալ երկիր: Թեկուզ և՝ մեկ օրով:

ՍԵՆԻԿ– Այդքան ապրեցիր, և հիմա քեզ պակասում է ընդամենը մեկ օ՞ր:

ՏԻԳՐԱՆ– (Ավելի լրջացած) Ուրիշ բան այստեղ չեմ ուզում: Այո՛, թող միայն մեկ օր վերադառնամ երկիր:

ՍԵԴԱ– Ուրեմն մեր ողջ կյանքն ընդամենը դա էր… Եվ այդ կարճ կյանքն էլ ապրեցինք անիմաստ, դատարկ: Օրացույցի թերթիկները պոկեցինք, պրծանք: Չէ՛, ես չեմ ուզի միայն մեկ օր: Ես կուզեմ իմ կյանքը սկսել նորից:

ՇՈՂԵՐ– Իսկ ես… Ես արդեն կարոտում եմ աշխարհին: (Վերև նայելով) Ինձ այստեղ վայելքներ հարկավոր չեն, Տե՛ր: Ինձ կրկին ուղարկիր երկիր: Տե՛ս, ես ոտքից գլուխ հողեղեն եմ, նյութեղե՛ն: (Խփում է մարմնի տարբեր տեղերին):

ՍԵՆԻԿ– Վայելքնե՜ր… (Շողերին) Դու, ի՞նչ է, կարծում ես, թե մենք արդեն դրախտում ենք ու հիմա վայելելու ենք երկնային հաճույքնե՞րը:

ՇՈՂԵՐ– Չգիտեմ, թե հիմա որտեղ ենք, բայց ես իմ աշխարհն եմ ուզում, իմ երկիրը, հողը…

ՍԵՆԻԿ– Իսկ գուցե մեզ այստեղ իսկապե՞ս վայելքներ են սպասում:

ՇՈՂԵՐ– Բայց ինչո՞ւ ոչ ոք չի գալիս, ոչինչ չի ասում:

ՏԻԳՐԱՆ– Հավանաբար որոշում են, թե մեզ ուր ուղարկեն: Մեր մեղքերն են կշռում:

ՇՈՂԵՐ– Իսկ եթե սա հենց ողջ հանդերձյալ աշխա՞րհն է: Գուցե այստեղ ուրիշ ոչինչ չկա՞:

ՏԻԳՐԱՆ– Բայց, գիտե՞ք, ես ինձ դեռևս ամբողջովին նյութական եմ զգում: Կարծես ոչ թե ոգի լինեմ, այլ մարմին:

ՍԵԴԱ– Իսկապես: Մենք ինչո՞ւ ենք մնացել այսպես նյութական:

ՍԵՆԻԿ– Տարօրինակ ոչինչ չկա: Բնական է, որ այսպես է: Ասում են՝ (ցույց է տալիս ներքև) այնտեղ` երկրի վրա էլ, երբ որևէ մեկին անդամահատում են, նա, միևնույնն է, իրեն ամբողջական է զգում: Չի զգում, որ իր մի մասը չկա: Նա իրեն տեսնում է ամբողջական նաև երազների մեջ: Ահա այդպես էլ մենք ենք մեր մարմինը զգում:

ՇՈՂԵՐ– (Սենիկին ձեռք տալով) Այդ դեպքում ինչպե՞ս եմ ես քեզ շոշափում:

ՍԵՆԻԿ– Իսկ գուցե չե՞ս շոշափում. քեզ թվում է, թե շոշափում ես:

ՇՈՂԵՐ– (Վրդովված) Դու, ինչ է, կարծում ես, թե ես իսկապես խելա՞ռ եմ:

 

Բեմը դարձյալ պատվում է խորհրդավոր, գունավոր մշուշով: Բոլորը լռում են: Կրկին հնչում է երաժշտություն: Հանկարծ պատի մեջ բացվում է դուռ: Դռան շեմին՝ մշուշի մեջ, երևում է ոգի հիշեցնող ինչոր լուսե էակ: Նրան տեսնելով՝ բոլորը մի պահ քարանում են: Լուսե էակը խոսում է կանացի քնքուշ ձայնով:

 

ԼՈԻՍԵ ԷԱԿ– Դու ինչո՞ւ ես այդպես տխուր: Այստեղ՝ այս պարտեզում, քեզ վայելքներ են սպասում: Մի՛ վախեցիր: Ե՛կ: Մոռացիր անցյալը: Քոնն են հիմա դրախտի փերիները: (Բոլորը հարցական նայում են իրար):

ՏԻԳՐԱՆ– Նա կարծես քեզ է դիմում, Սե՛ն:

ԼՈԻՍԵ ԷԱԿ– Ո՜չ… Ես դիմում եմ քեզ: Դե՛, մի՛ հապաղիր: Ի՞նչ ես կամենում, ասա՛:

ՏԻԳՐԱՆ– (Կարկամած) Ես… Ես…

ԼՈԻՍԵ ԷԱԿ– Ասա՛, ինչ որ ցանկանում է սիրտդ:

ՏԻԳՐԱՆ–  Վայելքների համար ես սիրտ հիմա չունեմ… Ցանկանում եմ մի բան միայն՝ թեկուզ մեկ օր թող հետ գնամ:

ԼՈԻՍԵ ԷԱԿ– (Զարմացած) Հետ գնաս երկի՞ր… Հապա ինձ նայիր… Տես՝ ինչ լավիկն եմ… (Տիգրանն ու Սենիկը մի պահ անթարթ նայում են նրան):

ՍԵԴԱ– (Այս իրավիճակից հանկարծ սթափվում է, դիմում Տիգրանին ու Սենիկին): Ի՞նչ եք աչքներդ չորս արել, է՛յ:

ՇՈՂԵՐ– Ճիշտ են ասում, էլի. ամեն տղամարդու մեջ էլ դավաճան կա նստած:

ՍԵԴԱ– Դե պարզ է. մենք հողեղեն ենք, երկրային: Տեղնուտեղը կարելի է մեզ մոռանալ, դավաճանել, վազել փերիների մոտ:

ԼՈԻՍԵ ԷԱԿ– Հը՞, ի՞նչ կասես, երկրային այր: (Տիգրանը, իրենից անկախ, կարծես կախարդված, երկուերեք քայլ առաջ է գնում: Շողերը կանգնում է նրա դիմաց):

ՇՈՂԵՐ– Ուրեմն այդպես… Դեռ այստեղ չեկած…

ԼՈԻՍԵ ԷԱԿ– Մի՛ խանգարիր նրան:

ՍԵԴԱ– (Լուսե էակի կողմը նայելով) Է՛, չհասկացա: Այսպես օր-ցերեկով ձեռքներիցս տղամա՞րդ ես տանում:

ՇՈՂԵՐ– (Տիգրանին բռնելով) Չե՛մ թողնի: Նա իմն է: Ի՞նչ է, այդտեղ չկա՞ն: Աչքներդ մերո՞նց վրա է:

ԼՈԻՍԵ ԷԱԿ– Բա՛ց թող նրան:

ՇՈՂԵՐ– (Իրեն կորցրած) Ձայնդ կտրի՛ր, քա…

ՏԻԳՐԱՆ– (Ձեռքով Շողերի բերանը փակում է): Այդ ի՞նչ ես խոսում: Սա երկնային արքայությունն է:

ՍԵՆԻԿ– Գուցե և՝ դրախտը:

ՍԵԴԱ– Եվ սա էլ երկնային բարոյականությո՞ւնն է… Լսի՛ր, սիրուն աղջիկ, ձեզ մոտ ինձ համար մի կրքոտ տղամարդ չկա՞:(Իրենից անկախ՝ ծիծաղում է):

ՇՈՂԵՐ– Իսկապես: Այդ ինչպե՞ս է, որ տղամարդկանց, իբրև հատուցում, (հեգնանքով) իրենց բազում-բազում արժանիքների համար փերիներ են խոստանում, իսկ մեզ…

ՍԵԴԱ– Եվ սա էլ կոչվում է երկնային արդարություն:

ԼՈԻՍԵ ԷԱԿ– Նրանց մի՛ լսիր, արի՛:

ՇՈՂԵՐ– Իսկ սա ի՞նչ է, եթե ոչ շնություն:

ՏԻԳՐԱՆ– Ի՞նչ եք խառնվել իրար: Ասացի, որ չեմ գնում: (Լուսե էակին) Ով, երկնային գեղեցկուհի, հավատա ինձ. իմ սիրտը միայն մի խնդրանք ունի. ուզում եմ հետ գնալ թեկուզ և մեկ օր:

ԼՈԻՍԵ ԷԱԿ– Անհնարին բան ես ուզում: Լա՛վ մտածիր, երկրային այր:

 

Էֆեկտներով ստեղծված պատրանքը ցրվում, դուռը փակվում է:

 

ՍԵՆԻԿ– Գնաց… Անհետացավ…

ՏԻԳՐԱՆ– Ափսո՜ս…

ՍԵՆԻԿ– (Տիգրանին) Որքան հասկացա, քո տեղը դրախտում երաշխավորված է:

ՇՈՂԵՐ– (Նույնպես՝ Տիգրանին) Իսկ ես չհասկացա. առանց դատաստանի, այսինքն՝ առանց դատ ու դատարանի՝ քեզ դրա՞խտ էին տանում:

ՍԵԴԱ– Ինչպես երևում է, այստեղ էլ ինչ-որ բան այնպես չէ:

ՍԵՆԻԿ– Առանց դատաստանի եթե դրախտ են տանում, կարող են նաև դժոխք գցել, չէ՞:

ՇՈՂԵՐ– (Սենիկին) Դո՞ւ ինչու վախեցար…

ՏԻԳՐԱՆ– Է՜, մարդի՛կ, մարդի՛կ: Դեռ ո՛չ այս, ո՛չ այն, արդեն նախանձում եք: Այստեղ էլ եք նախանձում: Երևի թե նախանձը մարդկային էությունից անբաժան է:

 

Դուռը կրկին բացվում և դանդաղ հայտնվում է մի սեղան՝ բարիքներով լի: Մի պահ տիրում է լռություն: Դուռը փակվում է: Լսվում է երկնային ինչոր արարածի ձայն:

 

ՁԱՅՆ– Մոտեցե՛ք, ով տառապյալներ, վայելե՛ք երկնային բարիքները: (Բոլորը մոտենում են, անձայն նայում, թե ինչ կա սեղանին):

ՍԵԴԱ– Աչքերիս չեմ հավատում: Մի՞թե իսկապես դրախտում ենք: Իսկ ահեղ դատաստա՞նը…

ՇՈՂԵՐ– Երևի ոչ մի դատաստան էլ չկա:

ՍԵՆԻԿ– Ի՞նչ եք անմիտ-անմիտ խոսում: Պիտի սովա՞ծ պահեին, ինչ է:

ՏԻԳՐԱՆ– Կարող էին սոված չպահել, բայց նաև այսպիսի պատվի չարժանացնել:

ՍԵՆԻԿ– Իսկ ի՞նչ տային: Խաշած ձավա՞ր: Պատկերացնո՞ւմ եք. Տերը իր դռանն սպասող հանգուցյալներին խաշած ձավար է հյուրասիրում:

ՏԻԳՐԱՆ– Բայց գուցե մենք դրա՞ն ենք արժանի: Չէ՞ որ դեռ չի եղել դատաստանը:

ՍԵՆԻԿ– Իսկ գուցե արժանի ենք ավելիի՞ն. չէ՞ որ դեռ չի եղել դատաստանը… (Կրկին լսվում է երկնային էակի ձայնը):

ՁԱՅՆ– Ո՜վ երկնավորներ, ձեզ են սպասում բարիքները:

ՍԵԴԱ– (Վերցնում է ինչոր պտուղ, հոտ քաշում): Օ՜… Բույրը իսկապես անմահական է:

ՇՈՂԵՐ– Միայն այս ամենի բույր ու տեսքով կարելի է արդեն հագենալ: (Նա նույնպես ինչոր բան  վերցնում է):

ՍԵԴԱ– (Վերցրած պտուղից կծում է): Եվ այսուհանդերձ սիրտս տխուր է: Ես վախենում եմ` այս անմահական պտուղը մնա կոկորդիս… (Մի պահ լռում է, ապա խոսում՝ նայելով վերև): Ախր ես այնտեղ՝ ներքևում, հարազատներ ունեմ՝ թոռնիկ, աղջիկ, մայր… Ո՞վ գիտի, գուցե և քաղցած են նրանք, չունեն ոչինչ: (Հանկարծ փղձկում է, պտուղը դնում սեղանին):

ՇՈՂԵՐ– Իսկապես, տեսնես ի՞նչ են հիմա անում այնտեղ մեր հարազատները: Գուցե քաղցած են, հաց տվող չկա… Ծարավ են, ջուր տվող չկա…

ՏԻԳՐԱՆ– Գուցե լացում են մեզ համար…

ՍԵՆԻԿ– Մեզ կարոտում են…

ՍԵԴԱ– Ուզում են մեզ հետ իրենց չոր հացը կիսել…

ՇՈՂԵՐ– (Նայում է վերև): Չէ՛, Տեր, իմ կոկորդով հիմա ավելի հեշտ կուլ կգնա այդ մի կտոր հացը:

ՍԵԴԱ– Իսկ այս անմահական պտուղը իմ արցունքից դառնացավ, ու այդ դառնությունը ինձ խեղդում է… Ես անարցունք հաց եմ ուզում: Թեկուզ և՝ մի կտոր, թեկուզ և՝ չոր…
Ամեն մեկը մոտենում է իր մահճակալին: Կրկին տիրում է լռություն: Սեղանը նույն ձևով անհետանում, և դուռն անմիջապես փակվում է:

Պատի այն կողմից լսվում է զվարթ ծիծաղի ձայն:

 

ՍԵՆԻԿ– Իսկ այն կողմում երևի դրախտն է:

ՇՈՂԵՐ– Եվ այստեղ էլ, ուրեմն, կարելի է ուրախանալ: (Բոլորը ակամայից ծիծաղում են): Հա՛: Ինչո՞ւ եք ծիծաղում: (Սկսում է ծիծաղել նաև ինքը: Քիչ հետո կրկին տիրում է լռություն):

ՏԻԳՐԱՆ– Գիտե՞ք՝ ի՞նչ անցավ մտքովս: Գուցե դեռևս ուշ չէ՞ վերադառնալ: Գուցե մենք դեռևս կլինիկական մահ ենք ապրում ու դեռ կարող ենք հետ գնալ, միանալ մեր մարմիններին: Այդ մասին ես կարդացել եմ: Այդպես պատահում է: Նույնիսկ լինում է, որ հոգին տեսնում է, թե ինչպես են վիրահատում իր մարմինը: Տեսնում է իր համար լացող հարազատներին: Ի դեպ՝ մեզ ի՞նչ եղավ, որ մեռանք: Հիշո՞ւմ եք:

ՍԵՆԻԿ– Ոչինչ էլ չեղավ: Բժիշկը սրսկեց, ասաց՝ քնեք: Մենք էլ քնեցինք:

ՍԵԴԱ– Քնեցինք ու արթնացանք այստեղ:

ՇՈՂԵՐ– Ոչ թե արթնացանք, այլ հայտնվեցինք:

ՍԵՆԻԿ– Ինձ թվում է, որ մենք նույնպես բժշկության հերթական զոհն ենք: Ո՞վ գիտի՝ ինչ են սրսկել, ինչ դեղ են փորձել:

ՏԻԳՐԱՆ– Կամ էլ՝ դեղերն են շփոթել:

ՍԵԴԱ– (Փոքր-ինչ հեգնանքով) Դոզան շա՜տ են արել…

ՇՈՂԵՐ– Ու նրանց սխալից ահա… Կյանքը իրոք որ կախված է թելից, ու թելն այդ կտրվել կարող է ամեն ակնթարթ, ամեն մի չնչին պատճառով:

ՏԻԳՐԱՆ– Ի՞նչ կասեք. գուցե իսկապե՞ս փորձենք հետ գնալ: Գուցե պատի այն կողմում բժիշկներն իրոք ջանում են մեզ փրկե՞լ:

ՍԵՆԻԿ– Ինչպե՞ս փորձենք: Ի՞նչ անենք: (Մի պահ մտածում են):

ՏԻԳՐԱՆ– Եկեք հատակը (ոտքով խփում է) կամ պատը քանդենք: (Մոտենում է պատին, նախ խփում ձեռքով, ապա՝ ոտքով: Մյուսները նույնպես մոտենում են): Դե, միասին փորձենք: (Փորձում են միաժամանակ՝ ջանալով քանդել հրելով, խփելով, այն ամենով, ինչով հնարավոր է, բայց ոչինչ չի հաջողվում: Հուսալքված նստում են):

ՍԵՆԻԿ– Անօգուտ է: Չի հաջողվի: Արդեն ուշ է: Արդեն… ուշ է…

ՍԵԴԱ– Այո՛, ամեն ինչ պետք է անել ժամանակին, թե չէ… Անդառնալի է ժամանակը: Նա հետ չի դառնում նույնիսկ մի վայրկյան:

ՏԻԳՐԱՆ– Ես մի ծանոթ ունեի, որը կյանքում արել էր շատ բան: Շատ բան երևի թե հասցրել էր, բայց չէր արել մի փոքր գործ. աշնանը չէր թաղել այգու մի վազ: Եվ, ահա, մահանալուց առաջ, ո՛չ ավել, ո՛չ պակաս, ցավում էր չթաղած այդ վազի համար: Ու գիտե՞ք՝ ինչ ասաց իր վերջին շնչում: «Այգու վերջում մի վազը մնաց անթաղ: Ափսոս է,- ասաց,- կթաղեք»: (Կրկին մի քանի վայրկյան տիրում է լռություն):

ՍԵՆԻԿ– Աշխարհում ինչ էլ անես, մեկ է, ինչ-որ բան կմնա անավարտ, ինչ-որ բան չես հասցնի, ու սիրտդ կցավի:

ՇՈՂԵՐ– Դե, գոնե այդ ինչ-որ բանը լինի այնքան չնչին, որ գեթ այստեղ սիրտ չտանջի: Թե չէ, տեսնո՞ւմ եք, այստեղ ենք փորձում գլխով պատ քանդել: Գլխով պատ քանդել… չթաղած մի վազ թաղելու համար:

ՏԻԳՐԱՆ– Չթաղած մի վա՞զ: Ո՞ւր էր, թե լիներ ընդամենը մի վազ…
Նստած տեղներից բոլորը վեր են կենում: Կարծես չգիտեն ինչ անել, ո՛ր կողմ գնալ: Ամեն մեկը դանդաղ մոտենում է իր մահճակալին:

 

ՍԵԴԱ– Դու ինչո՞ւ ես ուզում հետ գնալ, Տիգրա՛ն: Թեկուզ և՝ մեկ օր:

ՏԻԳՐԱՆ– Մորս տան տանիքն եմ ուզում նորոգել: Կաթում է: Իսկ հիմա արդեն անձրևի ամեն մի կաթիլ իմ սրտի վրա կկաթի: Ամեն օր հետաձգում էի և ահա…

Թեկուզ մի օր թող լինի: Մի անգամ գրկեմ սիրածս կնոջը, ասեմ այն խոսքերը, որոնք չասացի… Չասացի, որ իրեն սիրում եմ: Եվ հիմա չասված այդ խոսքերը խեղդում են կոկորդս, դուրս գալ են ուզում:

Շատ բան չեմ ուզում, ընդամենը մեկ օր:

ՍԵՆԻԿ– Ես այն աշխարհում կարծես թե ոչինչ չեմ արել, ոչինչ չեմ թողել: Ես այնտեղ կարծես թե չեմ եղել: Չկա այնտեղ իմ ոտնահետքը: Իմ կյանքից այնտեղ վկայություն չկա. թողել եմ ոչինչ, ունայնություն…

Կուզեի գնալ՝ տնկելու համար թեկուզ և մի ծառ…

ՇՈՂԵՐ– Ես երևի թե վատ նկարիչ չեմ, բայց միշտ ծուլացել եմ, չեմ ստեղծել այն, ինչ կարող էի: Չեմ ստեղծել իմ լավագույն գործը: Կուզեի հետ գնալ, լրացնել բացը:

ՍԵԴԱ– Ես  էլ կյանքում չարեցի այն, ինչ կարող էի, ինչի ունակ էի: Կուզեի կյանքիս թեկուզ մի մասը վերապրել նորից:

ՍԵՆԻԿ– Ես մի օր կրակեցի մի եղնիկի վրա, և մինչև օրս խիղճս տանջում է: Կուզեի հետ գնալ, համբուրել նրա կաղացող ոտքը:

ՇՈՂԵՐ– Ես իմ ուսուցչին երախտահատույց այդպես էլ չեղա…

ՏԻԳՐԱՆ– Ես ներողություն պիտի խնդրեմ…

ՇՈՂԵՐ– Ես օգնության պարտք ունեմ…

ՍԵՆԻԿ– Ա՜…  (Անհանգիստ քայլում է): Ո՜նց էի մոռացել… Ես մի հին խաչքար եմ գտել: Եվ դրա տեղը գիտեմ միայն ես: Հողը պիտի քանդեի, հանեի լույս աշխարհ, բայց… Ո՞վ կմտածեր, թե ամեն ինչ այսպես անակնկալ կլինի:

ՏԻԳՐԱՆ– Իսկ ես… Ես բացահայտել եմ նոր գաղտնիք. գույների գաղտնիքը: Նոր ներկ եմ ստեղծել: Նմանը չունեցող ներկ: Այն ստանալու գաղտնիքը գիտեմ միայն ես, ու եթե ոչ մեկին չասեմ…

ՍԵՆԻԿ– (Նորից հարձակվում է պատի վրա, արագարագ խփում): Ես պիտի հանեմ խաչքարը: Լսո՞ւմ եք…

ՇՈՂԵՐ– Արդեն ուշ է… Ուշ է…

ՍԵԴԱ– Ամեն ինչի համար ուշ է, և ժամն է արդեն դատաստանի:

ՇՈՂԵՐ– (Մի կարճ պահ անց, Սեդային) Իսկ դու զղջո՞ւմ ես քո արածների համար:

ՍԵԴԱ–  (Հանկարծ սկսում է խոսել կռվազան տոնով): Այո՛, զղջում եմ:

ՇՈՂԵՐ– Եթե քեզ հնարավորություն տրվեր նորից մի կյանք ապրել, ինչպե՞ս կապրեիր:

ՍԵԴԱ– Եթե այստեղ իսկապես սա է համարվում արդար, ես կապրեի… լրբի՛ նման: (Բոլորը զարմացած նայում են նրան):

ՇՈՂԵՐ– Ինչպե՞ս… դո՞ւ…

ՍԵԴԱ– Այո՛, ես զղջում եմ, որ լրբություն չեմ արել: Եվ դա եղել է սաստիկ անարդար: Ընդունում եմ մեղքս: Թող ինձ գցեն դժոխք: Գուցե խիղճս այնտեղ մի քիչ հանգիստ լինի:

ՍԵՆԻԿ–  Մի՞թե իսկապես դու զղջում ես, որ …

ՍԵԴԱ– Այո՛… Եվ անգամ՝ այնպես, որ խիղճս տանջում է:

ՍԵՆԻԿ– Եվ ինչո՞ւ: Պատճա՞ռը:

ՍԵԴԱ– (Կարճատև դադարից հետո, կարծես ընկնելով հիշողությունների մեջ) Մի ժամանակ ես գեղեցիկ էի: Անչա՜փ գեղեցիկ…(Հնչում է մեղմ երաժշտություն): Քանի-քանիսը սիրահարվեցին… Ինձ ասում էին երկնային փերի, սիրո հեքիաթ… Քանի-քանիսը ինձ սեր խոստացան: Ինձ սիրում էին խելագարի պես… Եվ հատկապես՝ նա… (Երաժշտությունը դադարում է):

ՇՈՂԵՐ– Հետո՞:

ՍԵԴԱ– (Ռոմանտիկ հիշողություններից դուրս եկած) Հետո, ինչպես լինում է հաճախ ինձ նման աղջիկների դեպքում, իմ տաղանդն էլ փայլատակեց…

Հսկա նախրի մեջ մի հայացքով գտա միակ ավանակին ու պաչեցի ճակատը:

ՏԻԳՐԱՆ– Իսկ երբ տաղանդն ունենում է այդպիսի փայլատակում, դրան հաջորդում է ուղեղի մթագնումը…

ՍԵԴԱ– Այո՛, հաջորդում է… Ամուսնացանք, և հասկացա, թե նա որքան է անարժան իմ գեղեցկությանը: Հասկացա, բայց արդեն ուշ էր: Ինչ-որ ավանակ էր արդեն այդ գեղեցկության տերը: Իսկ նա, նա՛, որ իսկապես արժանի էր դրան, երբեք չտեսավ, երբեք չհասավ… (Հեգնանքով) Չէ՞ որ ես, ես խիստ բարոյական էի: Հավատարիմ կին, ամուսին էի: Եվ ո՞ւմ, ո՞ւմ էի այդպես հավատարիմ… Իսկ նա, իսկ նա չդիմացավ: Եղավ ինքնասպան: Ու ես էլ դրանից հետո տեսնում եմ ցնորքներ, ինչ-որ պատրանքներ…

Դրանից հետո ես էլ Ձեզ նման դարձել եմ խելառ: Ես էլ ձեզ նման, երբ գալիս է ժամանակը, անցնում եմ բուժման հերթական կուրսը:

Դատեցե՛ք ինձ, ես մեղավոր եմ: (Բոլորը լռում են: Չգիտեն՝ ինչ ասեն): Իսկ դու, դու ինչո՞ւ, Տե՛ր, լուռ մնացիր, հը՞: Ինչո՞ւ դու ոչինչ, ոչինչ չարեցիր: Պարանը ինչո՞ւ դու ձեռքից չառար: Դատելը հեշտ է: Ահա՝ ձեր առաջ ես՝ մեղավորս, դժոխք ուղարկեք:(Կրկին տիրում է լռություն):

ՍԵՆԻԿ– (Սեդային) Իսկ ինչպե՞ս, ասա, կվարվեիր դու, եթե դատողը ինքդ լինեիր: Փորձեք դատել ինձ:

ՍԵԴԱ– (Քիչ անց, փոքր-ինչ դերասանական տոնով, քամահրանքով) Դատեմ քե՞զ, ով մարդ, փոքրիկ մոլեկուլ: Տիեզերքի մեջ՝ դու թշվառ էակ, դժբախտ արարած… Ո՛չ, քեզ դատելով ոչինչ չի փոխվի: Մեղադրյալը այսօր… (ցույց է տալիս վերև) նա է՝ Աստված… (Բոլորը վախից ցնցվում են):

ՇՈՂԵՐ– Այդ ի՞նչ ես խոսում: Այդպես չի լինի:

ՍԵԴԱ– Ինչո՞ւ չի լինի: Թող որ այսօր էլ հենց այսպես լինի:

ՍԵՆԻԿ– Դու երևի ուզում ես քո տեղը դժոխքում ապահովե՞լ: (Կատակով) Մի՛ շտապիր, կհասցնես:

ՏԻԳՐԱՆ– Չէ՛: Ճիշտ է անում: Հետո ուշ կլինի: Իսկ ես Տիրոջը բան ունեմ ասելու… Ինչքան հասկացա (ցույց է տալիս ներքև) այնտեղից խոսելիս շան տեղ չեն դնում: Այստեղ մենք Աստծուն բավական մոտ ենք: Գուցե և լսի:

ՍԵԴԱ– (Նայում է վերև): Ինձ պատժիր, Տե՛ր իմ, ես համաձայն եմ, բայց թույլ տուր մի օր, թեկուզ մի օր էլ մարդը դատի քեզ:(Քիչ անց) Չէ՛, ճիշտ կլինի, որ ոչ թե մարդը քեզ այսօր դատի, այլ մեկ այլ Աստված:

ՇՈՂԵՐ– Այլ Աստված չկա:

ՏԻԳՐԱՆ– Իսկ մենք ի՞նչ գիտենք: Գուցե նաև կա: Գուցե մեր Աստված Աստված է միայն անվերջանալի այս տիեզերքի միայն մի մասում: Եվ գուցե մի օր տիեզերքների այդ աստվածների Աստված որոշի դատել մեր Աստծուն…

ՍԵԴԱ– Այնպես որ, հիմա մեղադրյալի աթոռին դու ես լինելու, ով Տե՛ր:

 

Հանկարծ զարկում է կայծակ, լսվում է հուժկու որոտ: Բոլորը մի պահ քարանում են: Պատի մեջ կրկին բացվում է դուռ: Դանդաղ, ծանր քայլերով գալիս է հանդերձյալ աշխարհի ինչոր էակ` սև զգեստներով, գանգի նմանվող գլխով: Հայացքը բոլորի վրայով սահեցնում է, խոսում բավական ազդու:
ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ– Ո՜վ, դժոխքի՛ զավակներ, ժամն է հիմա ձեր: (Տիրում է կարճատև լռություն):

ՏԻԳՐԱՆ– Ինչի՞ ժամը, տե՛ր:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ– Հաշվետվության: Ժամն է հիմա ձեր հաշվետվության:

ՍԵԴԱ– Հաշվետվությա՞ն, թե դատաստանի… Մեղքերի համար հաշիվ չեն տալիս: Դատապարտվում են, որքան ես գիտեմ:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ– Ո՜չ: Ես արածների հարց չեմ քննում: Ես դատ եմ անում չարածի՛ համար:

ՇՈՂԵՐ– Չարածի՞… համար:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ– Այո՛, չարածի: Բայց ինչո՞ւ այդպես ազատ շնչեցիք:

ՏԻԳՐԱՆ–  Դե, երբ ներս մտար, մենք կարծեցինք, թե…

ՍԵՆԻԿ– Չէ՞ որ մի բան է դատվել արածի և մի ուրիշ բան՝ չարածի համար:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ– (Մատով ցույց է տալիս Սենիկին): Այ դո՛ւ, օրինակ, սպանե՞լ ես մարդ:

ՍԵՆԻԿ– Ո՜չ, ի՞նչ ես ասում: Ես այդ մի հարցում անմեղ եմ իրոք:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ– (Տիգրանին) Սուտ խոսե՞լ ես դու:

ՏԻԳՐԱՆ– Դե, հա, եղել է… Բայց ես էլ երբեք մարդ չեմ սպանել: (Հետագա խոսակցությունն ընթանում է ճեպազրույցի նման):

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ– (Սեդային) Շնությո՞ւն…

ՍԵԴԱ– Չէ ՛, դա չեմ արել:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ– (Շողերին) Գայթակղե՞լ ես:

ՇՈՂԵՐ– Հա: Պատահել է:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ– (Տիգրանին) Աչքդ գցե՞լ ես ուրիշի կնոջ:

ՏԻԳՐԱՆ– Չեմ կարողացել… աչքերս փակել:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ– (Սենիկին) Գողությո՞ւն…

ՍԵՆԻԿ– Բնա՛վ:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ– (Շողերին) Պիղծ արա՞րք…

ՇՈՂԵՐ– Երբե՛ք:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ– Մարդ չեք սպանել ու չեք գողացել և այդքանով ձեզ կարծում եք անմե՞ղ:

ՏԻԳՐԱՆ– Ո՛չ: Ասացինք, չէ՞, բոլորս էլ ինչ-որ մեղքեր գործել ենք: Չգիտեմ՝ ասեմ՝ զանցանք, թե հանցանք: Այդքանն է եղել:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ– Այդքանն է եղել… Այդքանը միայն մեծ սառցալեռի մասն է մի չնչին: Այն մասը, որը վերև է ջրից և տեսանելի: Չէ՞ որ ասացի՝ ես արածների հարց չեմ քննում և դատելու եմ չարածի՛ համար:

ՍԵԴԱ– Բայց… ինչի՞… համար…

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ– Դա մտածեք դուք… (Շրջվում է, որ գնա): Իսկ մենք դեռևս իրար կտեսնենք… (Հեռանալով՝ ինքն իրեն, ասես մտքում խոսում է այնպես, որ բոլորը լսեն): Եվ ինչո՞ւ են այս մարդիկ միշտ կարծում, թե դատվեն պիտի արածի համար: Եվ ինչո՞ւ նրանց մտքով չի անցնում, որ չարածն իրենց հաճախ ավելի, շատ ավելի մեծ հանցանք է ու մեղք… (Եվս մեկ անգամ հետ նայելով՝ գնում է):

 

Դուռը փակվում է: Տիրում է լռություն: Բոլորը մտախոհ են: Կարծես չգիտեին՝ ինչ անեն:

Նորից լսվում է երկնային ինչոր էակի ձայն:
ՁԱՅՆ– Ո՜վ, տառապյալ հոգիներ, ձեզ նամակներ եմ բերել: (Վերևից ընկնում է նամակների փոքր տրցակ: Բոլորը զարմացած նայում են վերև, ապա՝ իրար):

ՏԻԳՐԱՆ– Նամակնե՞ր… Զարմանալի է: Մի՞թե այստեղ էլ փոստ կա…

ՍԵՆԻԿ– (Տրցակը վերցնելով) Այո՛, իսկապես նամակներ են: (Սկսում է բաժանել): Տիգրան… Սեդա… Սա իմն է… Շողեր:(Ծրարներն անհամբերությամբ, արագարագ բացում են, և բոլորի դեմքին դրոշմվում է զարմանքի կնիքը):

ՏԻԳՐԱՆ– Այ քեզ նամա՜կ… Այս գրությունը ես ստացել եմ… դժոխքից:

ՍԵՆԻԿ– Ես էլ:

ՍԵԴԱ– Իմն էլ է այնտեղից:

ՇՈՂԵՐ– Եվ՝ իմը:

ՏԻԳՐԱՆ– (Նամակը շուռումուռ տալով) Բայց մի՞թե այսպես լինում է: Չլինի՞ մեզ ծաղրում են: Կարծում են՝ իսկապես գիժ ենք:

ՍԵԴԱ– Եվ ինչո՞ւ՝ բոլորը դժոխքից:

ՏԻԳՐԱՆ– (Կարդում է բարձրաձայն): «Իմ սիրելի Տիգրան, ես այն ոգին եմ, որը իր նախորդ կյանքը ապրել է ձեր գյուղին մոտիկ՝ թավուտ անտառում: Ապրել քո սիրած ճերմակ շլդիկի՝ նապաստակի մեջ…» (Սկսում է կարդալ մտքում):

ՍԵԴԱ– Ինձ գրել է մի ոգի, որն անցած կյանքում, այսպես ասած, եղել է գայլ:

ՍԵՆԻԿ– Հետաքրիր է… Իսկ ինձ գրել է մի ոգի, որը ապրել է մարմնի մեջ մաքու: Խնդրել է՝ կարդամ, որ լսի Աստված:

ՇՈՂԵՐ– (Կարդում է): «Ձեզ ոգիներն են գրում այն թշվառ, որ նույնպես ապրել ու տառապել են կենդանիների մարմինների մեջ»: (Ամեն մեկը կարդում է իր ստացած նամակը: Յուրաքանչյուրի խոսքից լսելի են դառնում միայն բարձրաձայն արտասանած նախադասությունները):

ՍԵԴԱ– «Ես էլ չեմ ուզում լինել արնախում: Էլ չեմ ցանկանում ապրելու համար այլ կյանքեր խլել…»: Ա՛յ քեզ դաժան գա՜յլ…

ՏԻԳՐԱՆ– «Մի՛ կարծիր, Աստվա՛ծ, թե խնդրելու եմ, որ ինձ ազատես գայլի երախից…»:  Ահա և ձեզ՝ վախկոտ նապաստակ…

ՍԵՆԻԿ– «Իմ ձագուկը, Տե՛ր, որ մի սիրունիկ ամլիկ է ճերմակ…»

ՏԻԳՐԱՆ– «Ես գիտեմ՝ որքան անոթի է նա՝ գայլը այդ թշվառ: Գիտեմ, թե որքան քաղցած են հիմա ձագերը նրա…»

ՇՈՂԵՐ– «Մենք ցանկանում ենք իմանալ մի բան. ո՞րն է աշխարհում կենդանիների գործած հանցանքը»: Եվ մենք էլ սրանց կոչում ենք գազան…

ՍԵՆԻԿ– «…Գառնուկին իմ, Տե՛ր, մարդիկ ուզում են զոհել քեզ համար: Ուզում են այդպես քո սիրտը շահել…»

ՍԵԴԱ– «Խնդրում եմ, Աստվա՛ծ, փոխիր դրվածքը դաժան այս կյանքի»:

ՏԻԳՐԱՆ– «Դու ինչո՞ւ, Աստվա՛ծ, այնպես չես արել, որ ո՛չ գայլերը քաղցած թափառեն և ո՛չ էլ զոհվեն նապաստակները»:

ՇՈՂԵՐ– «Ինչո՞ւ պիտ նրանց` կենդանիների, կյանքը ավարտվի միշտ ողբերգությամբ՝ երախների մեջ և կամ մորթվելով»:

ՍԵՆԻԿ– Հապա խոսքերը դուք լսեք մաքու. «Չեմ խնդրում ես քեզ՝ ձագիս խնայել: Եթե քո սիրտն էլ արյուն է ուզում, զոհ է պահանջում, թող փառավորվի՝ տեսնելով ձագիս արյունը անմեղ…»:

ՇՈՂԵՐ– «Եվ ինչո՞ւ պիտի կենդանիները ապրելու համար հոշոտեն իրար»:

ՍԵԴԱ– «…և այնպես արա, որ կարողանամ ես ապրել առանց որևէ զոհի…»: Եվ սա ասում է գայլը: Տեր Աստված…

ՇՈՂԵՐ– «Իսկ եթե այդպես Աստված պատժում է մարդկանց չարադատ, այդ դեպքում ո՞րն է կենդանիների մեղքն ու հանցանքը:

ՏԻԳՐԱՆ– Ամեն բան կարծես գրված է տեղին:

ՍԵՆԻԿ– Ինչպես հեքիաթում:

ՇՈՂԵՐ– Ես միանում եմ նրանց բողոքին:

ՍԵԴԱ– Մենք էլ: Եվ հետո՞… Կարծում ես, թե մեզ հիմա լսեցի՞ն:

ՏԻԳՐԱՆ– Է՜, կենդանիներ: Խե՛ղճ կենդանիներ: Աստված դեռևս ոչ մի նամակով, ոչ մի բողոքով ոչինչ չի փոխել… Խորհուրդն իմ այս է. «Ինչ որ սխալ է կյանքում ի հիմն, դուք այն փոխելու հույս մի՛ ունեցեք: Դաժան է Տիրոջ՝ Աստծո օրենքը»: (Պատի մյուս կողմից նորից լսվում է զվարթ ծիծաղի ձայն):

ՇՈՂԵՐ– Իսկ այնտեղ՝ դրախտում, զվարճանում են: (Ծիծաղի ձայնը շարունակում է հնչել):

ՏԻԳՐԱՆ– Իսկ այնտեղ՝ ներքևում, կյանքի դրվածքը ի սկզբանե այնպիսին է, որ ոչ ոք երբեք գոհ լինել չի կարող: Եվ հատկապես՝ մարդը: Ինչ էլ լինի, ինչ էլ չլինի, տարիների հետ նա պիտի կորցնի հարազատներին… Ու պիտի գա ցավը, կարոտը, տխրությունը… Ու դժբախտ դեպքերն էլ աշխարհից ամբողջովին հո չե՞ն վերանա:

ՍԵԴԱ– Սե՛ն, դու հավատո՞ւմ ես, որ մահից հետո կարող է հոգին հաջորդ կյանքն ապրել կենդանիների մարմինների մեջ, թե այսպես այստեղ մեզ ստուգում են: Գուցե մեզ այստեղ հենց Տե՞րն է փորձում: Մանավանդ որ այս նամակները մեզ գրել են նախկին կենդանիները:

ՍԵՆԻԿ– Չգիտեմ: Այդպիսի կարծիքներ կան:

ՍԵԴԱ– Իսկ այս նամակները քեզ ոչինչ չե՞ն ասում: Գուցե մեզ այսպես նախապատրաստո՞ւմ են:

ՏԻԳՐԱՆ– Ու ես հաջորդ կյանքում կարող եմ լինել սպիտակ շլդի՞կ:

ՍԵՆԻԿ– Ես մի օր ճերմակ գառնուկ եմ մորթել…

ՇՈՂԵՐ– Եվ ինչո՞ւ ենք մենք՝ բոլորս ծնվում այսպես արնախում: Ու դուրս է գալիս՝ ինքներս մեզ ենք հաճախ հոշոտում… Ինձ գրիչ տվեք. այս նամակի տակ ուզում եմ ես էլ ստորագրել…

ՍԵԴԱ– Հետաքրքիր է. ո՞վ եմ եղել ես իմ նախորդ կյանքում:

ՇՈՂԵՐ– Թե եղել ես գայլ, ուրեմն մեղքդ չնչին է հաստատ:

ՍԵՆԻԿ– Ասում են, որ իմ ծնվելուց առաջ մեր գյուղում մարդ է եղել մի թշվառ: Նրա շիրիմի մոտով անցնելիս ինձ թվացել է, թե ես եմ այդ սև քարի տակ թաղված: Պատկերացնո՞ւմ եք. նա միշտ եղել է կյանքում հալածված, ամենքից լքված ու չհասկացված: Նրան հալածել, ստորացրել է իմ հայրը նաև: Ու ինձ թվում է, հիմա  թվում է՝ դա… եղել եմ ես: (Մի կարճ պահ տիրում է լռություն: Կրկին լսվում է երկնային էակի ձայնը, որն այս անգամ բավական խիստ է):

ՁԱՅՆ– Իսկ դո՞ւ ինչու չես խոսում: Ի՞նչ է, քեզ ոչինչ չի՞ թվում:

ՍԵԴԱ– (Վախեցած) Ե՞ս…

ՁԱՅՆ– Ո՛չ: Այն մյուսը:

ՏԻԳՐԱՆ– Ե՞ս:

ՁԱՅՆ– Դո՛ւ: Ինչպե՞ս է մեռել քո հայրը, գիտե՞ս:

ՏԻԳՐԱՆ– Մայրս պատմում էր, որ երբ եղել է ինձանով հղի, մեր տուն է մտել հարբած մի չարչի: Կռիվ է արել նա հենց մեր տան մեջ: Մորս հայհոյել, նրա աչքի դեմ հորս սպանել:

ՁԱՅՆ– Եվ գիտե՞ս՝ ով է մարդասպանն այդ պիղծ:

ՏԻԳՐԱՆ– Անունը նրա եղել է Վարդան:

ՁԱՅՆ– Անունը նրա եղել է Վարդան, և այդ Վարդանը… ի՛նքդ ես հիմա…

 

Երկինքը որոտում է: Տիգրանին կարծես զարկում է կայծակ: Գլուխը բռնում է, ծնկները ծալվում են:

 

ՇՈՂԵՐ– (Իր նախկին ասածը գրեթե կրկնում է): Մենք ինչո՞ւ ենք, Տեր, այսպես արնախում: Ինչո՞ւ ենք մենք մեզ այսպես հոշոտում: (Պատի մյուս կողմից կրկին լսվում է ծիծաղի ձայն):

ՍԵՆԻԿ– Իսկ այնտեղ՝ դրախտում, զվարճանում են:

ՇՈՂԵՐ– Իսկ ձեզ այս ամենն իսկապես կասկածելի չի՞ թվում: Մի տեսակ զուգադիպությունները շատ են: Կարծես ինչ-որ մեկն այս ամենը բեմադրում է: Մենք՝ բոլորս արվեստագետ, երկու դերասան, երկու նկարիչ, ընկել ենք նույն սենյակի մեջ: Բոլորս ունենք նույն հիվանդությունը. տեսնում ենք տեսիլքներ:

ՍԵՆԻԿ– Ու եթե նկատի ունենանք, որ դեղերի, հիպնոսի միջոցով կարելի է մարդկանց գցել պատրանքների մեջ… Կարելի է իսկապես խենթացնել…

ՇՈՂԵՐ– Եվ գուցե սա էլ հերթական պատրա՞նքն է: Եթե մենք պարզապես հիպնոսի մե՞ջ ենք…

ՍԵՆԻԿ– Այդ դեպքում ինչո՞ւ բոլորս նույն տեսիլքն ենք տեսնում:

ՇՈՂԵՐ– Իսկ եթե սա՛ է իրական կյանքը, և տեսիլքն այն էր՝ արդեն անցա՞ծը: Գուցե ցնորքը երկրայի՞ն կյանքն էր:

ՏԻԳՐԱՆ– Իրական են միայն ակնթարթը, պահը, իսկ անցյալը և ապագան սոսկ երազ են, տեսիլք:

ՍԵԴԱ– Ես արդեն չգիտեմ՝ ինչն է իրական և ինչը տեսիլք: Ես պարզապես հիմա կարոտում եմ: Անսահման կարոտում: Թոռնիկիս եմ ուզում: Իմ պստլիկին, ճստլիկին: Դրախտը ախր հենց նա է: Եվ էլ ի՜նչ դրախտ, որտեղ նա չկա… Նա ո՜նց է ինձ նման: Միայն թե տեսնեք: (Ինչոր բան հիշելով) Նկարը… Հիմա նկարը ցույց կտամ: (Պահարանում փնտրում է): Հիմա ցույց կտամ… Ահա, (Շողերին) տե՛ս… Տե՛ս՝ ինչ բալիկ է: (Ցույց է տալիս երկու նկար): Սա ես եմ, սա՝ նա… Նույն տարիքում ենք: Տեսնո՞ւմ ես՝ որքան ենք նման: Ոնց որ՝ զույգեր…

ՇՈՂԵՐ- (Նկարներին նայելով) Սա դու ես, սա՝ նա՞…

ՍԵԴԱ– Այո՛: Սա ես եմ, սա՝ նա: Տեսնո՞ւմ ես. նույն աչքերն են, նույն շուրթերը, նույն թուշիկները:

ՇՈՂԵՐ- (Ինչոր հայտնագործություն արածի նման) Ուրեմն, սա դու ես, սա՝ նա՞…

ՍԵԴԱ–  Դե՝ հա: Սա ես եմ, սա՝ նա:

ՇՈՂԵՐ- Ա՜…

ՏԻԳՐԱՆ– Ի՞նչ պատահեց:

ՇՈՂԵՐ– Ա՜… (Չկարողանալով տեղում կանգնել՝ այս ու այն կողմ է գնում): Ինչպե՞ս չեք կռահում: Եթե սա դու ես, սա՝ նա, ուրեմն… Նշանակում է, որ… (Ուրախությունից չգիտի ինչ անել):  Մենք մահացած չենք: (Սենիկը ձեռքով ցույց է տալիս, թե Շողերը խելքը գցեց): Նշանակում է, որ իրականում մահ չկա… Ի՞նչ եք ապշել: (Սեդային) Տե՛ս: Սա դու ես, սա՝ նա՝ թոռնիկդ: Ճի՞շտ է: Նույն աչքերն են, նույն շուրթերը, նույն թուշիկները:

Եթե դու մեռել ես, ո՞վ է հապա (ցույց է տալիս թոռնիկի նկարը) սա… Մի՞թե այս երկու բալիկները նույնը չեն: Իսկ եթե նույնն են, նշանակում է՝ (նկարներից մեկը վերցնելով) այս մարդ էակը ոչ թե մահացել, այլ նոր կյանք է առել, վերածնվե՛լ: (Վազում է դռան կողմը, դռանը խփում): Լսո՞ւմ եք, բացե՛ք դուռը: Ես պիտի այս մասին հայտնեմ բոլորին… Լսո՞ւմ եք: (Դռանը կրկին մի քանի անգամ խփում է, ապա հետ դառնում): Ի՞նչ եք նայում: Դուք սրանց նայեք՝ նկարներին… (Բոլորն ուշադիր նայում են):

ՍԵՆԻԿ– Իսկապես: Սրանք կարծես լինեն նույն երեխայի նկարները:

ՇՈՂԵՐ- Բա՛: Ասում եմ, չէ՞: Եվ, ուրեմն, ինչպե՞ս կարող ես ասել, թե այս բալիկը (ցույց է տալիս նկարներից մեկը) հիմա չկա: Գիտական ինչպիսի ուսումնասիրության կուզեն, թող ենթարկեն: Համոզված եմ, կպարզվի, որ սրանք ունեն արյան նույն կարգը, նույն գեները, նույն բջիջները, նույն… Մի խոսքով՝ ամեն ինչը:

ՏԻԳՐԱՆ– (Խորհելով) Եվ սա ինչ-որ բացառիկ դեպք չէ: Ո՞վ պապիկի, ասենք թե, խալը չի տեսել որդու կամ թոռնիկի ծնոտին:

ՇՈՂԵՐ– Ո՞վ մոր ժպիտը չի տեսել դստեր շուրթերին:

ՍԵՆԻԿ– Այո՜… Փաստորեն վերածնվում է մարդու ամեն բջիջը: Եվ նա կարող է նաև մաս-մաս, առանձին-առանձին հատվածներով վերապրել իր սերունդների մեջ…

ՏԻԳՐԱՆ– Եվ միայն հիշողությունն է, որ չի փոխանցվում:

ՇՈՂԵՐ– Բայց հիմա ի՞նչ մի անհնար բան է փոխանցել նաև հիշողությունը: Կարևորն այն է, որ մահ չկա: Մահը աշխարհից վերացած է, իսկ մենք չգիտենք: Իսկ հիշողությունը… Սրա (ցույց է տալիս իր գլուխը) պարունակությունը արտագրում ես չիպի մեջ և, խնդրեմ, տեղադրիր, ում գլխում կուզես:

ՍԵՆԻԿ– Այո՛: Բայց ո՞վ կուզի կյանքն սկսել ինչ-որ հիշողություններով ծանրաբեռ:

ՇՈՂԵՐ-  Դե, ուրեմն, լավ է, որ չի փոխանցվում: Բնությունը գտել է կատարյալ ելքը: Նա մեզ, ահա (կրկին ցույց է տալիս նկարները), տեսե՛ք, ախր վերածնում է: Եթե այս մասին ես չհայտնեմ մարդկանց, կխելագարվեմ: (Դռանը նորից խփում է): Բացե՛ք դուռը… Լսո՞ւմ եք… (Կրկին հետ է գալիս, վերցնում նկարները): Ուրեմն, սա դու ես, սա՝ թոռնիկդ… Սա (ցույց է տալիս մյուս նկարը)՝ սա է: (Ցույց է տալիս հակառակ հերթականությամբ): Սա՝ սա: Սա սա է, սա՝ սա: (Ձայնի տոնը հանկարծ սկսում է իջնել): Իսկ… ո՞վ է (մատնացույց է անում Սեդային) նա՞…

ՍԵՆԻԿ– Իրոք: (Սեդային) Այդ դեպքում ո՞վ ես դու: (Նայում է նկարին): Սա, որ նախկինում եղել ես դու, հիմա ամենևին քեզ նման չէ:

ՏԻԳՐԱՆ–   Դուրս է գալիս, որ քո թոռնիկն ամբողջությամբ նման է քեզ, այսինքն դու ես, իսկ դու դու չես: Ուրեմն, ո՞վ ես դու:(Մի պահ տիրում է լռություն):

ՍԵԴԱ– Ես… Գիտե՞ք, ինձ զգում եմ (ցույց է տալիս նկարներից մեկը) սա, որը ես եմ: Ինչքան էլ ես սրան նման չլինեմ, մեկ է, զգում եմ, որ… ես եմ: Իսկ այս բալիկը (վերցնում է մյուս նկարը), ճիշտ է, իմ միս ու արյունն է, բայց… ես չեմ… Նշանակում է, որ նմանությունից, նյութից բացի` կա նաև այլ մի բան, որը և իրական անձն է: Եվ դա կապ չունի նմանության հետ: Չէ՞ որ երկվորյակներն էլ իրար նման են, բայց որպես անձ՝ տարբեր: Ուրեմն՝ կարևորը, ա՛նձը այդ ոչ նյութն է, ոչ նյութականը… Մի ուրիշ բան…

ՇՈՂԵՐ- (Թևաթափ) Եվ դուրս է գալիս, որ մենք հիմա իրոք մեռած ենք…

 

Բեմական էֆեկտներով կրկին ստեղծվում է հանդերձյալ աշխարհի պատրանք:

 

Վարագույրը դանդաղ փակվում է:

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ

 

Ամեն ինչ այնպես է, ինչպես առաջին գործողության ավարտին էր: Բոլորը նույն ձևով կանգնած են նույն տեղում:

 

ՍԵՆԻԿ– Այո՛, և դուրս է գալիս, որ մենք բոլորս հիմա մեռած ենք:

ՏԻԳՐԱՆ– Եվ օրակարգում մի հարց է միայն՝ դժո՞խք, թե դրախտ:

ՍԵԴԱ– Ես դժոխքի մեջ արդեն եղել եմ, և ինձ համար դրախտ չի կարող լինել…

ՇՈՂԵՐ– Հետաքրքիր է, ի՞նչ կասես, Աստված, օրերից մի օր մեր վիճակի մեջ եթե դու լինես:

ՍԵՆԻԿ– Դու որքան դիպուկ ասացիր, Սեդա՛: Դժոխքում եղած մարդու համար այլևս ի՛նչ դրախտ կարող է լինել:

ՏԻԳՐԱՆ–  Գիտե՞ք՝ ինչ անցավ մտքովս: Իսկ ի՞նչ կլիներ, եթե բոլորն անխտիր հավատային Աստծուն: Նվիրվեին անմնացորդ: Ողջ էությամբ, հոգով, մարմնով ծառայեին նրան:

ՇՈՂԵՐ– Ի՞նչ մի դժվար է կռահել:

ՍԵՆԻԿ– Աշխարհը իսկույն կդառնար դրախտ:

ՇՈՂԵՐ- Եվ ընդամենը մեկ սերունդ հետո ողջ մարդկությունը… կվերանար:

ՏԻԳՐԱՆ–   Ինչո՞ւ:

ՇՈՂԵՐ– Պարզ չէ՞: Ովքեր ցանկանում են Աստծուն նվիրվել անմնացորդ, ողջ էությամբ, նրանք դառնում են կուսակրոն: Իսկ եթե ամբողջ աշխարհում լինեն միայն մաքուր նվիրյալներ՝ կույսեր, պարզ չէ՞, ինչ կլինի վերջը:

ՍԵԴԱ– Եվ դուրս է գալիս, որ մարդկությունը հարատևում է նրանց շնորհիվ, ովքեր, եթե նույնիսկ նվիրվում են, ապա՝ ո՛չ լիովին, ո՛չ ամբողջ էությամբ… Այսպես ասած՝ մի քիչ ոչ այնպես…
Քիչ անց կրկին լսվում է երկնային էակի ձայնը:

 

ՁԱՅՆ– Ո՜վ, հոգինե՛ր դժբախտ, ի՞նչ ցանկություն ունեք: Խնդրեք Աստծուց: Մեկ ցանկություն միայն:

ՇՈՂԵՐ– Մեկ ցանկությո՞ւն: Ընդամենը՝ մե՞կ: Սակայն ինչո՞ւ մեկ:

ՏԻԳՐԱՆ– Մի՞թե չհասկացար: Երկրի վրա այդպես մեղադրյալի կամքն են կատարում:

ՇՈՂԵՐ– Սակայն չէ՞ որ մենք երկրի վրա չենք:

ՍԵՆԻԿ– Որքան հասկացա, մեզ հիմա քիչ-քիչ, կամաց-կամաց նախապատրաստում են:

ՇՈՂԵՐ– (Թեթևակի ծիծաղելով) Ինչի՞ն: Մեռնելո՞ւն:

ՍԵՆԻԿ– Ո՜չ… Կրակներին… Դժոխքի կրակներին… (Պատի այն կողմից կրկին լսվում է զվարթ ծիծաղի ձայն):

ՍԵԴԱ– Իսկ դրախտում զվարճանում են:

ՏԻԳՐԱՆ– Իմ ցանկությունը կրկին նույնն է. ուզում եմ մեկ օր: Թեկուզ և՝ մեկ օր:

ՍԵՆԻԿ– Պատկերացնո՞ւմ եք, ես հորս գերեզմանին չհասցրի դնել տապանաքար: Այսօր-վաղը, այսօր-վաղը և հանկարծ… Ու ինձ հիմա թեկուզ տանեն դրախտ, պիտի այնտեղ, հորս թողած անհիշատակ, հրճվե՞մ ուրախ: Դա չեմ կարող ես, Տե՛ր: Իմ ուզածն էլ նույնն է՝ վերադարձրու երկիր: Թեկուզ և՝ շատ կարճ: Թեկուզ և՝ մեկ օր:

ՍԵԴԱ– Թույլ տուր ինձ,  ով Տե՛ր, որ ես իմ կյանքը այն պահից ապրեմ, որտեղ սխալվեցի: Թույլ տուր, որ ես իմ սխալը ուղղեմ:

ՇՈՂԵՐ– (Ցնորվածի պես սկսում է երգել: Կարծես արթնանում է նրա հիվանդությունը):

Ես մի աղ-ջիկ՝ սի-րուց զարկ-ված,

   Սի-րուց զըրկ-ված խե-լա-գար-ված:

   Թույլ տուր ինձ, Տեր, նո-րից սի-րել,

  Ան-հագ սի-րուց կա-րոտս առ-նել…

ՍԵԴԱ– Ես կծրագրեմ իմ ամեն ժամն ու վայրկյանը, որ ոչ մի րոպեն անիմաստ չանցնի:

ՏԻԳՐԱՆ– Կհայտնեմ իմ ներկի գաղտնիքը:

ՍԵՆԻԿ– Կհանեմ խաչքարը:

ՇՈՂԵՐ– Կուզեմ տեսնել այն, ինչ չհասցրի տեսնել, վայելել այն, ինչ չվայելեցի:

ՍԵԴԱ– Ես ծաղիկների մի չքնաղ պարտեզ կտնկեմ, որտեղ կերգեն ծիտիկները: Եվ դա կլինի իսկական դրախտ:

ՏԻԳՐԱՆ– Ես կտնկեմ մի հեքիաթային անտառ, որտեղ իմ շլդիկը և ոչ մի օր չի ունենա վախ:

ՍԵՆԻԿ– Իսկ ես… Գիտե՞ք՝ ես ինչ կուզեմ: Կուզեմ ստեղծել այնպիսի աշխարհ, դա լինի Լուսնի վրա, թե Մարսի, որտեղ ոչ մի մարդ և ոչ մի աստված զոհ չեն պահանջի…

ՏԻԳՐԱՆ– (Վերև նայելով) Դե, ի՞նչ կասես, Տե՛ր: Մենք մերն ասացինք:
Հնչում է երկնային էակի ձայնը:

 

ՁԱՅՆ– Ո՜վ հանգուցյալներ, դուք կամենում եք անհնարինը: Մոռացե՛ք ընդմիշտ: Այստեղից երկիր վերադարձ չկա: Այժմ կարող եք ցանկանալ սոսկ այն, ինչ երկնքում է: Հետադարձ ուղի այստեղից չկա՛: (Զգացվում է, որ բոլորն ընկնում են կաթվածահար վիճակի մեջ: Զգալ է տալիս նրանց հիվանդությունը):

ՇՈՂԵՐ– (Կրկին երգում է՝ բառերն այս անգամ արտասանելով դանդաղ ու շեշտելով):

Ես մի աղ-ջիկ՝ սի-րուց զարկ-ված,

     Սի րուց զըրկ-ված խե-լա-գար-ված…

(Սկսում է ծիծաղել: Ծիծաղում են նաև մյուսները: Ակնհայտ է, որ ցնորքներ, պատրանքներ են տեսնում: Բեմական էֆեկտներով նույնպես ստեղծվում է ցնորական միջավայր):

ՏԻԳՐԱՆ– Ես միայն մեկ, միայն մեկ օրով եմ եկել… Չէ, չեմ կարող… Ես գործ ունեմ…

ՍԵԴԱ– Այս ի՜նչ գեղեցիկ է աշխարհը… Ահա, թե որն է իսկական դրախտը… Եվ ինչպե՜ս մինչև հիմա չեմ տեսել…

ՍԵՆԻԿ– Ինձ ներիր, հայրիկ…

ՇՈՂԵՐ– (Կրկնում է նույն երգը):

Ես մի աղ-ջիկ՝ սի-րուց զարկ-ված,

      Սի-րուց զըրկ-ված խե-լա-գար-ված…

ՍԵԴԱ– Չէ… Պարանը դե՛ն նետիր, տե՛ս՝ ինչ սքանչելի է կյանքը…

ՏԻԳՐԱՆ– Շլդիկ իմ… Իմ ճերմակ նապաստակ… Ես էլ չեմ թողնի, որ քեզ հոշոտեն…

ՍԵՆԻԿ– Ո՜չ… Ես հիմա չունեմ ժամանակ: Ես ապրեցի մի ողջ կյանք ու շնորհակալ չեղա: Եկել եմ մեկ օրով, ընդամենը մեկ օրով, որ ասեմ… շնորհակալ եմ…

ՇՈՂԵՐ– Ես մի աղ-ջիկ՝ սի-րուց զարկ-ված…

ՏԻԳՐԱՆ– Եկել եմ, որ ասեմ իմ չասած խոսքերը:

ՍԵՆԻԿ– Որ տնկեմ… մի ամբո՜ղջ անտառ:

ՇՈՂԵՐ– Որ ստեղծեմ իմ գլուխգործոցը…

ՍԵՆԻԿ– Պիտի հանեմ խաչքարը:

ՏԻԳՐԱՆ– Իմ ներկի գաղտնիքն եմ ասելու:

ՍԵԴԱ– Վրե՛ժ ունեմ լուծելու…

ՇՈՂԵՐ– Օգնության պարտք ունեմ…

ՍԵՆԻԿ– Պիտի համբուրեմ եղնիկի ոտքը…

ՏԻԳՐԱՆ– Միայն մեկ, միայն մեկ օրով… (Հանկարծ բարձր բղավում է, և նրա ձայնից բոլորն սթափվում են: Ցրվում է նաև բեմական էֆեկտներով ստեղծած պատրանքը): Սե՛ն… Սե՛ն… (Մի պահ տիրում է լռություն): Դու երբվանի՞ց ես պատրանքներ տեսնում, Սե՛ն:

ՍԵՆԻԿ– Վաղուց, շատ վաղուց: Ես դեռ չծնված՝ այս պատրանքները արդեն տեսել եմ: Այս տեսիլքները, այս խելագարությունը մտած են մեր գեների մեջ… Մենք՝ բոլորս, սերնդեսերունդ պատրանքներ ենք տեսնում: Իմ պապի աչքի առաջ (նայում է վերև), Տե՛ր, սպանել են, մորթել, կոտորել իր ողջ ընտանիքը: Ե՛վ ոչ ոք, և՛ ոչ ոք չի բռնել այդ կոտորող ձեռքը: Ե՛վ ոչ ոք, Տե՛ր…

ՏԻԳՐԱՆ– Իսկ դո՞ւ, Շողեր:

ՇՈՂԵՐ– (Ի պատասխան՝ կրկին կիսաերգում, կիսաարտասանում է):

Ես մի աղ-ջիկ՝ սի-րուց զարկ-ված,

      Սի-րուց զըրկ-ված խե-լա-գար-ված…

ՍԵԴԱ– Իսկ քե՞զ, Տիգրան, քե՞զ ինչ է պատահել:

ՏԻԳՐԱՆ– Ես պատահականության «զոհն» եմ. ավտովթարի: Եթե, օրինակ, տնից դուրս գայի ընդամենը մի վայրկյան ուշ, այդ պահին փողոցով չէի անցնի: Եթե այդ վարորդն էլ տնից դուրս գար ընդամենը մեկ վայրկյան շուտ, նա էլ այդ պահին այդ տեղում չէր լինի, իր բեռնատարով գլխիս չէր խփի… Ես «զոհն» եմ, ուրեմն, վայրկյանի, ակնթարթի, թեև ասում են՝ պատահական չի լինում ոչինչ: (Քիչ անց) Իմ մեղքը երևի հիմա կպարզվի: Եվ չգիտեմ՝ ինչո՞ւ հիմա…

ՍԵՆԻԿ– (Ականջը թույլ շփելով) Ականջս կանչում է: Հավանաբար անունս տալիս են:

ՏԻԳՐԱՆ– (Թեթև կատակով) Երկրի վրա ինչ-որ մեկը երևի ոգեկոչությամբ է զբաղվում:

ՍԵԴԱ– Որ գնաս, մարդկանց ի՞նչ ես ասելու:

ՇՈՂԵՐ– Աշխարհին իմ կողմից բարև կտանես: Կասես, որ արդեն կարոտել եմ…

ՍԵՆԻԿ– Հա, բա ո՞նց. ինձ թողեցին, ես էլ գնացի:

ՍԵԴԱ– Իսկ ինչո՞ւ ինքներս ոգի չենք կանչում: Գուցե նա մեզ մի ելք ցույց տա, մի բան հուշի:

ՇՈՂԵՐ– Իսկապես… Եկեք փորձենք: (Մոտենում է պահարանին): Այստեղ մոմ կա: (Վերցնում է մոմն ու մի փոքր ափսե: Մոմը վառում է: Լույսը դանդաղ մարում է: Բոլորը, այդ զուգադիպությունից զարմացած, նայում են վերև):

ՏԻԳՐԱՆ– Տարօրինակ է… (Մոտենում են Շողերին: Հնչում է երաժշտություն: Լսելի է դառնում միայն մեկ բառ` ՄեդիումՄեդիումՄեդիում…)
Քիչ անց դուռը բացվում է: Այնտեղից ներս են ընկնում լույսի շողեր: Լույսի մեջ բավական խորհրդավոր կերպով հայտնվում է մի ոգի, որը թեթև քայլերով առաջանում է:

 

ՍԵԴԱ– (Փոքր-ինչ վախեցած) Ահա նա՝ իսկական ոգին:

ՏԻԳՐԱՆ– Այո… Իսկական ոգի… Այդ դեպքում ի՞նչ ենք մենք. ոչ իսկակա՞ն:

ՇՈՂԵՐ- Հետաքրքիր է… Ուրեմն ոգինե՞րն էլ տարբեր են լինում:

ՍԵԴԱ– Եվ գուցե այսպիսի ոգի դառնում են միայն ժամանակի՞ ընթացքում:

ՍԵՆԻԿ– Տեսնես որտեղի՞ց եկավ. դրախտի՞ց, դժոխքի՞ց:

ՈԳԻ– (Նրա խոսելուն պես բեմի խորհրդավորությունը ցրվում, լույսը վառվում է): Այդ դո՞ւք ինձ կանչեցիք:

ՏԻԳՐԱՆ– Այո՛, մենք: (Աթոռ առաջարկելով) Խնդրեմ, նստե՛ք:

ՍԵԴԱ– Մենք առաջին օրն է, որ այստեղ ենք, և ունենք հարցեր:

ՈԳԻ– (Խոսում է բավական անմիջական տոնով):  Խնդրե՛մ, խնդրե՛մ: Մենք բոլորս ոգիներ ենք և կարող ենք զրուցել մտերմաբար: Դե, ի՞նչ է ձեզ հետաքրքրում, բարի՛ մարդիկ:

ՇՈՂԵՐ– Բարի՞… Հետաքրքիր է… Այստեղ դու առաջին էակն ես, ով մեզ անվանեց բարի:

ՈԳԻ– Դե… Կարելի է նաև այդպես: Ի՞նչ կա որ: Ընդհանրապես արգելված չէ: Այ, օրինակ, ես իմ բզեզին բարի չաչանակ եմ ասում: Այնքա՜ն է խոսում, այնքա՜ն է խոսում: (Բոլորը մնում են ապշած):

ՍԵՆԻԿ– Բզեզի՞ն… Չաչանա՞կ…

ՈԳԻ– Այո՛, ես բզեզ նրան եմ ասում՝ իմ սիրունիկին: Դե, որի հետ նստում ենք, պառկում…

ՍԵԴԱ– Ուրեմն այստե՞ղ էլ իսկապես սիլի-բիլի կա:

ՈԳԻ– Դե իհարկե: Իսկ, ի՞նչ է, կարծում եք՝ մենք ամեն օր միայն աղո՞թք ենք անում:

ՍԵԴԱ– Դե… Ի՞նչ իմանամ… Իսկ դու դրախտի՞ց եկար, թե…

ՈԳԻ– Իհարկե՛ դրախտից:

ՇՈՂԵՐ– Իսկ ի՞նչ կա այնտեղ: Ճիշտը կասե՞ս:

ՈԳԻ– Այնտեղ… Օ՜… Դա  դրախտ է, մարդի՛կ, դրա՛խտ…

ՇՈՂԵՐ– Եվ բոլորը այնտեղ իրար սիրո՞ւմ են: Այնպես չի՞ լինում, որ մեկը սիրի, բայց չսիրվի:

ՍԵԴԱ– Ո՜չ: Ի՞նչ ես ասում: Այնտեղ ում սիրես, նա էլ սիրում է քեզ:

ՇՈՂԵՐ– (Խորհելով) Բայց այդպես ինչպե՞ս է լինում: Գործում են մաթեմատիկայի կանոննե՞րը: Կա, օրինակ, հարյուր կին ոգի, հարյուր տղամարդ ոգի, որ ո՛չ ավել լինի, ո՛չ պակա՞ս: Ու բոլորը զույգ-զույգ իրար գտնո՞ւմ են:

ՈԳԻ– Դե… այո, այդպես է:

ՇՈՂԵՐ– Եվ չի՞ լինում, որ երկու կամ երեք ոգի սիրահարվեն նույն ոգուն:

ՈԳԻ– Ո՛չ:

ՍԵԴԱ– (Կասկածանքով) Բայց այդպես մի տեսակ… չի լինում: Իսկապես սիրելու համար պետք է լինել նաև… չսիրված: Եթե մի տեղ բացակայում է ոչ-սերը, այնտեղ չի կարող լինել իսկական սերը:

ՏԻԳՐԱՆ– Իսկ ճի՞շտ է, որ այնտեղ տղամարդիկ շրջապատված են փերիներով, հավերժահարսերով:

ՈԳԻ– (Հարցը թվում է հեշտ, և ոգին կարծես դուրս է գալիս նեղ վիճակից): Ճիշտ է, իհարկե ճիշտ է: Տղամարդիկ այնտեղ…

ՇՈՂԵՐ– (Ընդհատելով) Փաստորեն հարեմ ունեն…

ՍԵԴԱ– Եվ կարող են սեր անել, ում հետ ուզեն…

ՈԳԻ– Դե… (Չի իմանում ինչ ասի):

ՍԵԴԱ– Եվ քանիսի հետ ուզեն:

ՇՈՂԵՐ– Ու փաստորեն այնտեղ լինում է նաև… խմբակային…

ՍԵԴԱ– (Իրենից անկախ) Այ քեզ բոզանո՜ց…

ՈԳԻ–  Դե չէ … (Կրկին չի իմանում՝ ինչ ասի):

ՏԻԳՐԱՆ– Լավ, իսկ ի՞նչ կա դժոխքում: Ճի՞շտ է, որ այնտեղ չար ոգիները տառապում են կրակների մեջ:

ՈԳԻ– Իհարկե ճիշտ է… Ու ո՜նց են տառապում, ո՜նց են տառապում:

ՍԵՆԻԿ– Բայց, ինչ-որ մի բան տրամաբանական չէ: Հակագիտական է: Ոգիները՝ այսինքն մենք, նյութական չենք, ճի՞շտ է

ՈԳԻ– Այո՛: Թեև մեզ երբեմն կարող է թվալ, թե նյութական ենք:

ՍԵՆԻԿ– Թվալը՝ մի կողմ… Ոգիները նյութական չեն: Ուրեմն պիտի լինեն մի այնպիսի բան, որը, ասենք, էներգիայի ձևով է, էներգետիկ դաշտի, որոշակի ուրվագծում ամփոփված մագնիսական դաշտի պես ինչ-որ բանի: Իսկ կրակը, հալված կուպրը էներգետիկ դաշտի վրա ազդել չեն կարող: Ասել է՝ նրան տանջել չեն կարող: Համոզիչ չէ: (Ոգուն) Դու իսկապե՞ս տեսել ես, որ հալված կուպրը էներգետիկ դաշտի վրա ազդում է:

ՈԳԻ– Դե իհարկե տեսել եմ: (Վիրավորված) Դուք ինչ անհավատ ոգիներ եք:

ՏԻԳՐԱՆ– Ու ճշմարի՞տ է, որ սատանան է չար ոգիներին տանջում:

ՈԳԻ– Այո՛, սատանան է տանջում:

ՍԵԴԱ– Այսինքն՝ բոլոր նրանց, ովքեր եղել են անհավատ: Նրա՛նց, ովքեր չեն հետևել Աստծո խորհրդին: Նրա՛նց, ովքեր եղել են չար… Եվ այլն, և այլն, և այլն, սատանան դաժանաբար, տեղը տեղին տանջում է:

ՇՈՂԵՐ– Եվ ի՞նչ դուրս եկավ…

ՍԵՆԻԿ– (Բառերն արտասանում է հատհատ): Կեցցե՛… արդարադատ… սատանան…

ՈԳԻ– Դե չէ…

ՏԻԳՐԱՆ– Չէ՜… Ինչ-որ բան իսկապես այն չէ՛:

ՈԳԻ– Լսե՛ք, դուք ինձ ինչո՞ւ եք կանչել: Ինչ-որ բան իմանալո՞ւ համար, թե՞…

ՏԻԳՐԱՆ– Նաև՝ թե…

ՈԳԻ– Ուրեմն Մեդիումին ասեիք, որ ձեզ հարկավոր է փիլիսոփա ոգի, գիտությունների դոկտոր, էներգետիկայի մասնագետ, տրամաբանության, մագնիսական դաշտերի:

ՍԵԴԱ– Իսկ դո՞ւ…

ՈԳԻ– Ես հասարակ, պարզ ոգի եմ: Էներգետիկայի-մեներգետիկայի հետ գործ չունեմ: (Վեր կենալով) Համ էլ իմ ժամանակը լրացավ: Ես պիտի գնամ:

ՍԵՆԻԿ– Բայց դուռը փակ է: Ինչպե՞ս ես գնալու:

ՈԳԻ– Կբացեմ:

ՍԵՆԻԿ– Բա ինչո՞ւ մենք չենք կարողանում բացել: Չէ՞ որ քեզ նման ոգիներ էլ մենք ենք:

ՈԳԻ– Որովհետև ձեր տեղը դեռ որոշված չէ: Եթե նույնիսկ բացեք, դուրս գաք, մեկ է, իսկույն հետ կբերեն:

ՍԵԴԱ– Իսկ եթե որոշվի, կարող ենք քեզ պես շրջագայե՞լ:

ՈԳԻ– (Մոտենում է դռանը, սպասում, որ բացվի): Եթե ուղարկեն դրախտ…

ՏԻԳՐԱՆ– Բայց դուռը չի բացվում: (Մի պահ սպասում են):

ՇՈՂԵՐ– Իսկ լինո՞ւմ է, որ դրախտից գործերը հետ ուղարկեն:

ՈԳԻ– Ո՜չ: Ի՜նչ ես ասում:

ՇՈՂԵՐ– Ուրեմն դրախտում անհնա՞ր է մեղք գործել:

ՈԳԻ– (Ծիծաղելով) Դե, էլ ի՞նչ դրախտ, եթե այնտեղ էլ պիտի մեղքեր լինեն:

ՇՈՂԵՐ– Բայց մի անգամ արդեն եղել է, չէ՞:

ՍԵԴԱ– Եվ դուռն էլ չի բացվում…

ՈԳԻ– (Անհանգստանալով) Իսկապես: Ինչո՞ւ չի բացվում:

ՍԵՆԻԿ– Ինձ թվում է, որ քո գործերն իրոք ուղարկել են վերաքննության, ու քեզ դատելու են մեզ հետ միասին:

ՈԳԻ– (Ավելի անհանգստացած) Ո՜չ: Այդպիսի բան լինել չի կարող: Ես դրախտի՛ ոգի եմ: (Կրկին փորձում է դուռը բացել, բայց չի հաջողվում: Նայում է չորս կողմը): Այստեղ հարմար բան չկա՞:

ՏԻԳՐԱՆ– Ուզում ես կոտրե՞լ: Մենք փորձել ենք: Մի՛ չարչարվիր: (Ոգին գտնում է ինչոր փայտ և դուռը փորձում բացել):

ՍԵԴԱ– Բայց եթե որոշել են քեզ թողնել այստեղ, ինչո՞ւ ես ուզում կոտրել: (Որոշակի խորհրդավորությամբ) Ըմբոստանո՞ւմ ես:

ՈԳԻ– Դե չէ, ես… (Հանկարծ փայտը դուրս է պրծնում, դիպչում ոգու գլխին, և նա ընկնում է: Բոլորը նայում են իրար: Տիգրանը մոտենում է, շոշափում):

ՇՈՂԵՐ– Ի՞նչ պատահեց:

ՏԻԳՐԱՆ– (Զարմացած) Մեռավ:

ՍԵԴԱ– Տարօրինակ է: Եթե ոգի էր, ինչպե՞ս մեռավ:

ՏԻԳՐԱՆ– Եվ, գիտե՞ք, նա էլ մեզ նման դեռ նյութական, սովորական մարմին է:

ՍԵՆԻԿ– (Մտածելով) Բայց այդպես լինել հնարավոր է: Ամեն նյութ կամ էներգիա տարբեր միջավայրերում տարբեր հատկություններ է ունենում:

ՍԵԴԱ– Ուրեմն մենք էլ այս պատերից դուրս, ասենք՝ դրախտում, կարող ենք լինել ոգո՞ւ պես:

ՍԵՆԻԿ– Անշուշտ: Եվ այդ պատճառով է, որ այս ոգին այստեղ այսպիսին է՝ մեզ նման: Հակագիտական ոչինչ չկա: Ու չի բացառվում, որ հենց դրախտում էլ այդ էներգիան տարբեր ձևեր ընդունի: Ինձ թվում է, որ վայելքների պահին ոգին նյութական է դառնում: Ի վերջո, տղամարդիկ հո չե՞ն սիրում հավերժահարսերի էներգետիկ դաշտը… Իսկ դրախտի պտուղները, կարծում եք, ոգինե՞րն են վայելում:

ՍԵԴԱ– Տրամաբանության առումով՝ ամեն ինչ ճիշտ է: (Թեթև կատակով)  Բայց հիմա մենք ի՞նչ անենք մեզ վրա մնացած այս դրախտային էակին:

ՇՈՂԵՐ– Սա հենց սկզբից ինձ տարօրինակ թվաց: Կարծես… (Ձեռքով ցույց է տալիս, թե ծալը պակաս էր):

ՍԵՆԻԿ– Բայց ինչո՞ւ եք կարծում, թե դրախտում բոլորը պիտի լինեն գիտնական: Բացառվա՞ծ է, որ երկրային, այսպես կոչված, թեթևամիտները չգործեն դժոխային մեղքեր: (Ոգին սկսում է շարժվել, կենդանանալու նշաններ է ցույց տալիս):

ՈԳԻ– (Գլուխը բռնելով) Այսպես լինում է, մի՛ զարմացեք: Կարծում եք, թե մենք` դրախտային էակներս, ցավ չե՞նք զգում:

ՏԻԳՐԱՆ– Բնական է, որ եթե զգում եք հաճույք, ուրեմն պիտի զգաք նաև ցավ:

ՇՈՂԵՐ– Եվ, փաստորեն, դրախտը աշխարհից չի տարբերվում…

ՈԳԻ– Ա՜… (Բոլորը նայում են նրան՝ սպասելով, թե ի՞նչ է ասելու): Ես իմացա, թե ինչու դուռը չի բացվում: Պարզապես մոռացել եմ ասել կախարդական խոսքը… Սեզա՛մ, բացվի՛ր… Սեզա՛մ, բացվի՛ր… (Դուռը դեռևս չի բացվում):

ՇՈՂԵՐ– (Ոգու հետ միասին կրկնում է): Սեզա՛մ, բացվի՛ր… Սեզա՛մ, բացվի՛ր… (Մյուսները նույնպես միանում են նրանց):

ԲՈԼՈՐԸ՝ ՄԻԱՍԻՆ– Սեզա՛մ, բացվի՛ր… Սեզա՛մ, բացվի՛ր…
Դուռը դանդաղ բացվում է: Կրկին բեմական էֆեկտներով ստեղծվում է խորհրդավոր միջավայր: Ոգին հեռանում է: Մյուսները բաց դռնից փորձում են դուրս նայել, բայց մշուշն այնքան թանձր է, որ ոչինչ չի երևում: Քիչ անց վերադառնում են մահճակալների մոտ: Հանկարծ նույն դռնից ներս է գալիս մեկ այլ` սովորական ոգի, որը հետաքրքրությամբ նայում է չորս կողմը:
ՇՈՂԵՐ– (Առանց զարմանքի, սովորական տոնով) Իսկ դո՞ւ ով ես: Որտեղի՞ց եկար:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈԳԻ– Ե՞ս: Ոգի եմ: Երկրից եկա: (Զգացվում է, որ բոլորի հետաքրքրությունը շարժվեց):

ՍԵԴԱ– Երկրի՞ց… Հանգուցյա՞լ ես:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈԳԻ– Չէ՛: Ի՞նչ ես ասում: Իմ տերը պարզապես քնել է: Ու, ճիշտն ասած, այնպես էր խռմփացնում, որ նյարդերս չդիմացան: Դուրս եկա՝ զբոսնեմ:

ՍԵԴԱ– Եվ ինչո՞ւ մտար այստեղ:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈԳԻ– Հենց այնպես: Դուռը բաց էր, ես էլ մտա: Իսկ դո՞ւք այստեղ ինչ եք անում: Ինչո՞ւ դուրս չեք գալիս:

ՏԻԳՐԱՆ– Որովհետև չեն թողնում: Եթե դուրս էլ գանք, մեկ է, հետ կբերեն: Մենք հանգուցյալներ ենք: Սպասում ենք դատաստանին:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈԳԻ– Մեղքեր շա՞տ ունեք:

ՍԵԴԱ– Մենք էլ չգիտենք, բայց մեզ արդեն դժոխքի համար նախապատրաստում են:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈԳԻ– Պարզ է: Ուրեմն սա ձեր վերջին կայարա՞նն է:

ՏԻԳՐԱՆ– Այդպես է դուրս գալիս:

ՍԵՆԻԿ– Իսկ դու ե՞րբ ես վերադառնալու երկիր:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈԳԻ– Շուտով: Երբ տերս արթնանա:

ՍԵՆԻԿ– Իսկ ո՞վ է ձեր մեջ գլխավորը. դո՞ւ, թե տերդ:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈԳԻ– (Մտածելով) Եսի՞մ: Երևի թե՝ տերս, որովհետև իմ անելիքը միշտ կախված է նրանից:

ՍԵԴԱ–  Բայց մենք հիմա մեր մարմիններից կախում չունենք: Ավելին՝ նրանք արդեն անշունչ իր են, իսկ մենք կանք: Դուրս է գալիս, որ գլխավորը եղել ենք մենք:

ՍԵՆԻԿ– Դե, այդտեղ հակասական ոչինչ էլ չկա: Այն աշխարհում գլխավոր է մարմինը, այս աշխարհում՝ մենք: Այդ պատճառով էլ մեծ աշխարհը բաժանված է երկու մասի՝ նյութական ու ոգեկան: Պարզ չէ՞, որ նյութական աշխարհում գլխավորը պիտի լինի նյութը՝ մարմինը:

ՏԻԳՐԱՆ– (Ոգուն փոքր-ինչ մոտենալով) Ես քեզ մի խնդրանք ունեմ: Կանե՞ս:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈԳԻ– Սիրով: Եթե միայն դա լինի իմ հնարավորության սահմանում:

ՏԻԳՐԱՆ– Գիտե՞ս, ես անակնկալ մեռա, ու մորս տան տանիքը մնաց չնորոգած: Հիմա ինչքան անձրև, ձյուն գա, կաթելու է: Եթե նույնիսկ ընկնեմ դրախտ, միևնույնն է, ինձ չեմ ների, չեմ ունենա հանգիստ: Պիտի խնդրեմ՝ օգնես ինձ՝ նորոգես: (Ոգին մտածում է: Մյուսները մոտենում, նրան շրջապատում են):

ՍԵՆԻԿ– Ես էլ շարունակ ծուլացա, ամեն օր ականջի հետև գցեցի ու հորս շիրիմը թողեցի անտեր, անհիշատակ: Եթե կարող ես, խնդրում եմ, գոնե մի քար գերեզմանին դիր:

ՍԵԴԱ– Իմ կողմից ծաղիկների պարտեզ տնկիր, և դա թող լինի նվեր աշխարհին:

ՍԵՆԻԿ– Հիշիր իմ գտած խաչքարի տեղը՝ Աչիկ լճի մոտ՝ ընկուզենու տակ: Եթե կարող ես, հանիր:

ՇՈՂԵՐ– Իսկ ինձանից պարզապես բարև տար Երկիր մոլորակին…

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈԳԻ– Լավ: Ձեր խնդրանքը ես տիրոջս կհաղորդեմ, բայց չգիտեմ՝ նա կանի՞, թե ոչ: Հաճախ նա ինձ չի հավատում և ասածներս շուտ մոռանում է: Համ էլ քանի որ նա ունի շոշափելի բջջային կառուցվածք, անմիջապես մտածելու է, որ տանիք նորոգելու համար հարկավոր է շոշափելի իր, այսինքն՝ փող: Նույնը կմտածի տապանաքարի համար: Ծաղիկներ տնկելը, խաչքար հանելը, կասի, (բառերը երկարաձգելով) աշխատա՜նք է, չարչարա՜նք: Իսկ քո բարևը ես անպայմա՛ն, անպայմա՛ն կհաղորդեմ: Դե, իմ տերը ոնց որ ուզում է արթնանալ: Ես պիտի գնամ: (Քայլում է դռան կողմը):

ՇՈՂԵՐ– Հաջողություն, Երա՛զ ոգի:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈԳԻ–  (Ձեռքով մնաս բարև անելով) Հաջողությո՜ւն, հաջողությո՜ւն: (Գնում է):

ՇՈՂԵՐ– (Մի քանի վայրկյան անց արտասանում է):

Երազնե՛ր, երազնե՛ր իմ կապույտ,

Երազներ իմ լուսե, իմ մաքուր…

ՏԻԳՐԱՆ– (Շարունակում է): Իմ՝ գինով, իմ՝ լուսնոտ երազներ…

ՍԵԴԱ– (Շարունակում է): Խելահեղ, հեշտագի՜ն ցնորքներ…

ՇՈՂԵՐ– Դուք ուրիշ, դուք ուրի՜շ մի   աշխարհ…

ՍԵՆԻԿ– Դուք ուրի՜շ մի հեքիաթ աստղավառ…

ՏԻԳՐԱՆ– Դուք միրաժ, դուք պատրանք, դուք  տեսիլք…

ՍԵԴԱ– Բայց կյանքի, գոյության հավաստիք… (Կրկին մի պահ տիրում է լռություն)

ՏԻԳՐԱՆ– Դու ի՞նչ հարազատներ ունես, Շողեր:

ՇՈՂԵՐ– Հայր ու մայր: Աղջիկ: Այսպես ասած՝ ապօրինի ծնունդ: Ուսանող է: Իմ կյանքում ինչ-որ բան, մի շատ կարևոր բան չստացվեց: Եվ այդ պատճառով էլ հոգիս աշխարհից խռովեց… Գրեթե գերազանց ավարտեցի դպրոցը, ընդունվեցի ինստիտուտ, դարձա նկարիչ, բայց… Երևի ճակատագիր էր:

ՍԵՆԻԿ– Ես մեծացել եմ մանկատանը: Մայր չեմ տեսել: Երևի չեմ էլ ունեցել… Հայրս էր հաճախ այցելում: Նրա հոգին էլ, ինչպես որ իմը, երբեմն-երբեմն… վշտանում էր: Իսկ ես երևի հենց նրա համար դարձա դերասան, որ ի ցույց դնեմ մարդկային հոգու մեծ խռովքները…

ՍԵԴԱ– Իմ թոռնիկը աղջկաս բալիկն է: Ամուսինս կա: Ինքը իր համար: Ունեմ հայր ու մայր՝ արդեն ծերացած: Եթե դերասան ես չդառնայի, երևի թե միշտ խելառ լինեի:

ՇՈՂԵՐ– (Քիչ անց, Տիգրանին՝ Երկնային ձայնի տոնայնությամբ) Իսկ դո՞ւ ինչու չես խոսում: Ի՞նչ է, դու ոչ-ոք չունե՞ս:

ՏԻԳՐԱՆ– Մորս մասին արդեն ասացի: Ունեմ ընտանիք՝ կին, երկու որդի: Ապրում էին ինձանից հեռու՝ ուրիշ երկրում: Նկարչական շնորհը մեր արյան մեջ է: Նկարիչ է նաև որդիս:
Լսվում է մոտեցող ծանր քայլերի ձայն: Ներս է  գալիս հանդերձյալ աշխարհի նույն էակը:

 

ՏԻԳՐԱՆ– (Նրան նայելով) Հաշվետվությո՞ւնը:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ– Չէ՛: Այս անգամ ես եկել եմ Տիրոջ կողմից՝ որպես պատվիրակ: (Բոլորն սպասում են, թե ինչ է ասելու): Ձեր երկնային դատը արդեն ավարտվեց:

ՍԵՆԻԿ– Ինչպե՞ս: Առանց մե՞զ:

ՍԵԴԱ– Եվ այսպես արա՞գ: Իսկ քառասուն օ՞րը:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ– Տերը որոշեց այսպես: Եվ ես լիազորված եմ հիմա հայտնելու որոշումը ահեղ դատաստանի:(Բոլորը շունչները պահում են): Ձեր բոլորի համար վճռվել է նույնը: Ծանր էր նժարը ձեր բարի գործերի: Նման դեպքում, գիտեք, բացվում են դռները երկնային դրախտի… (Ոչ ոք այլևս չի կարողանում ուրախությունը զսպել: Ակամայից ճչում են, բղավում, փաթաթվում իրար):

ՍԵԴԱ– Դրա՜խտ… Դրա՜խտ…

ՇՈՂԵՐ– Ես զգում էի…  Ես հավատում էի…

ՏԻԳՐԱՆ– Դրա՜խտ… դրա՜խտ…

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ– Սակա՜յն… Սակա՜յն… (Ձայնը ավելի է բարձրացնում): Սակա՜յն… (Կրկին տիրում է լռություն): Քանի որ դուք ձեր կյանքից հետո հայտնեցիք այնպիսի մտքեր, դրսևորեցիք այնպիսի վարք, որն աններելի է դրախտային էակներին, ուստի կայացվեց… Ուստի կայացվեց աննախադեպ վճիռ… Որոշվեց ձեզ վարքի համար հետմահու… ուղարկել դժոխք…(Տիրում է մեռելային լռություն):

ՏԻԳՐԱՆ– Ինչպե՞ս… Վարքի համար հետմահո՞ւ:

ՍԵՆԻԿ– Ուրեմն մենք մեր երկրային կյանքով արժանի էինք դրախտի ու դժոխք ենք ընկնում մահվանից հետո՞ արածի համար:

ՍԵԴԱ– Ես այսպիսի բան լսում եմ առաջին անգամ:

ՇՈՂԵՐ– (Գրեթե լացելով) Պատկերացնո՞ւմ եք՝ ողջ կյանքում ապրել դրախտին արժանի և դժոխք ընկնել վարքի համար հետմահու… Կարելի է գժվել:

ՍԵԴԱ– Իսկ ինձ թվում է, որ մեզ այստեղ պարզպես դրել են գժի տեղ:

ՍԵՆԻԿ– Եվ վերջնակա՞ն է այդ որոշումը: Այն ենթակա չէ՞ վերաքննության:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ– Ամեն որոշում այստեղ լինում է կշռադատված: Ուստի՝ վերջնական:

ՏԻԳՐԱՆ– Լավ, ընդունեցինք: Բայց դուք մեր ո՞ր մի ասածը այդպես դյուրին հերքեցիք:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ– Դուք անհավատի մտքեր հայտնեցիք:

ՍԵԴԱ– Ու չափից ավել քննադատեցինք:

ՍԵՆԻԿ– Եվ քանի որ, դիցուք, Աստծուն անհաճո մտքեր ասացինք, ուստի… դրա համար պիտի… Աստծո թշնամի չար դևը տանջի… (Ակամայից ծիծաղում է):

ՏԻԳՐԱՆ– Չէ՛: Այստեղ իսկապես ինչ-որ մի բան այն չէ: (Արդեն վրդովված, հանդերձյալ աշխարհի էակին) Բայց դուք նախ համոզե՛ք,  ապացուցե՛ք, խնդրեմ, թե մենք այստեղ սխալ ինչ ենք ասե՛լ, արե՛լ:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ– (Խստությամբ) Մենք ձեր՝ մարդկանց առաջ, հաշվետու չենք, տիա՛ր:

ՇՈՂԵՐ– Այ հենց դա՛ է սխալ:

ՍԵՆԻԿ– Ես հասկացա արդեն, թե աշխարհը ինչու անարդար է այսքան… (Կարճատև դադարից հետո) Քանզի իր արածի և չարածի՛ համար և՛ ոչ մեկի առաջ հաշվետու չէ… Աստված:

ՍԵԴԱ– (Քիչ անց) Հա՛: Իսկապե՛ս: Իսկ ձե՛ր, ձե՛ր արածի համար, անգործության համար ինչո՞ւ պատիժ չկա:

ՇՈՂԵՐ– Դե իհարկե՛ դուք անթերի, դուք անբիծ  եք: Անձեռնմխելի՜…

ՏԻԳՐԱՆ– Ինչ ուզեք՝ կանեք: Ի՛նչ ուզեք՝ կասեք: Ուզեք՝ կտանեք դրախտ: Ուզեք՝ կտանեք դժոխք:

ՍԵԴԱ– Ես մեր ասածների, արածների համար չեմ զղջում բնավ: Եթե այստեղ էլ անկեղծ խոսելը համարվում է մեղք, տարեք ինձ դժոխք:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ– Այս ի՜նչ սրբապիղծ մտքեր եմ լսում: (Բոլորն անցնում են կռվազան տոնի: Երկնային ոգին, անակնկալի գալով, շփոթվում է):

ՇՈՂԵՐ– Ի՞նչ է, քեզ հետ ազատ, ազնիվ խոսել չի՞ կարելի:

ՍԵՆԻԿ– Չէ՛, դու մեր, մեր հարցերին պատասխանիր:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ– Ո՞ր հարցերին:

ՍԵՆԻԿ– Է՛ն, որի համար մեզ տանում եք դժոխք:

ՍԵԴԱ– Հա՛, եթե դուք այդպես արդար եք, ազնիվ, ինչո՞ւ չեք բռնում հապա ձեռքերը մարդասպանի:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ– Դա ձեր գործը չէ:

ՍԵԴԱ– Լավ էլ մեր գործն է: Պիտի ասես՝ տանում ենք դժոխք: Է՛, ձեռքը բռնեք, բերեք խելքի, ոչ ինքն ուրիշին հասցնի դժոխք, ոչ էլ դուք՝ իրեն: Այդպես չի՞ լինի: Ամո՞թ կլինի: (Երկնային ոգին ուզում է ինչոր բան ասել, բայց նրան այլևս խոսել չեն թողնում):

ՏԻԳՐԱՆ– Եվ ստի ոտքն էլ ինչո՞ւ եք թողնում, որ լինի երկար…

ՇՈՂԵՐ– Լավ: Բա որ ժանտախտը մի քաղաք հնձեց, ինչո՞ւ թույլ տվիք: Բոլորը այնտեղ իժի ծնունդներ, անհավա՞տ էին: Եվ մինչև անգամ նորածիննե՞րը…

ՍԵՆԻԿ– Իսկ հեղեղնե՞րը, երկրաշարժե՞րը… Չէ՛, չէ՛… Դու ապացուցիր, որ դրանց բոլոր զոհերը իրոք բարոյազրկված, արնախում էին:

ՏԻԳՐԱՆ– Ո՜չ, ի՞նչ արնախում… Արնախումների գլուխը նրանք քնքուշ շոյում են, ձեռքները տալիս թուր ու յաթաղան ու ասում. «Խնդրե՛մ, անհավատների այս հոտին մորթե՛ք»:

ՍԵԴԱ– Մի երևելի դրվածք եք դրել, մեզ էլ դատում եք:

ՍԵՆԻԿ– Մահը՝ հասկացանք, բա ծերությո՞ւնը: Չէ՛, չէ՛… Դու ասա, թե ծերությունը՝ պառավ մարմինը, կորացած մեջքը ու քոռ աչքերը ինչի են նման: Դու կուզեի՞ր այդպես ապրել թեկուզ մեկ օր:

ՇՈՂԵՐ– Եվ ինչո՞ւ պիտի մենք մեր այս (ցույց է տալիս ստամոքսը) անհագ անասունի համար միշտ արյուն թափենք: Սա՞ է ձեր բարի, արդար դրվածքը:

ՍԵՆԻԿ– Եվ ինչո՞ւ եք ներոններին գահի վրա նստեցնում… Գիտե՛նք, գիտե՛նք. Տերն է տալիս իշխանություն: (Այլ հնչերանգով) Ուստի նրանց հնազանդվեք խոնարհ, հլու: Այսպես է, չէ՞, ասված Գրքում:

ՍԵԴԱ– Մենք էլ այդպես հեզ ու հլու թողեցինք մեզ քաշել մորթի… Կարդում եք, չէ՞, պատմագիրք:

ՍԵՆԻԿ– Լա՛վ, մենք խոնարհ, մենք սուս ու փուս ելանք մորթի, բա դո՞ւք հանգիստ ոնց նայեցիք… Չէ՛, չէ՛… Հանգիստ: Դու մեզ լսիր: Մենք ենք հիմա դատավորը:

ՏԻԳՐԱՆ– Եվ ինչո՞ւ, ասա՛, կարճ կյանքում գործած սխալի համար դժոխքում պետք է տառապել հավերժ:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ– Բավակա՛ն է: Ես ասացի որոշումը: (Ուզում է գնալ):

ՍԵՆԻԿ– (Կանգնում է նրա առաջ և թույլ չի տալիս): Ո՛չ: Ոչ մի տեղ: Դու այստեղից տեղ չես գնա:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ– Մինչև հիմա այսպիսի բան չէի տեսել: Նույնիսկ այստե՞ղ ըմբոստություն:

ՇՈՂԵՐ– Հա՛: Ի՞նչ կանես: Կմիջնորդես դժո՞խք տանել:

ՏԻԳՐԱՆ– Լսիր հիմա` ինչ ենք ասում: Մենք քեզ այստեղ… պատանդ ենք վերցնում:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ– (Նայում է վերև): Այս ի՞նչ են ասում, Տե՛ր: Ո՞վ է նման բան լսել: Դժոխային ոգին՝ պատա՞նդ:

ՍԵՆԻԿ– Հա՛, հենց այդպես: Նստիր այստեղ: (Ուժով նստեցնում է աթոռին):

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ– Ու ի՞նչ է հիմա ձեր ասելիքը: Պատանդ վերցնելիս պահանջ են դնում:

ՏԻԳՐԱՆ– Մենք ուզում ենք պատասխանը: Պատասխանը մեր հարցերի: Բյո՛ւր հարցերի…

ՍԵՆԻԿ– Ես ուզում եմ թեկուզ մեկ բան, հասարակ բան հասկանալ: Ինչո՞ւ չեք բռնում գոնե ձեռքը այն, որը Աստծո տաճար է պղծում, տաճար է քանդում:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ– Ախր Աստված…

ՇՈՂԵՐ– Իսկ եթե նա էլ ամենազոր չէ, չի կարողանում, ուրեմն, տիա՛րք, ինչո՞ւ եք ստում:

ՍԵԴԱ– Պատվիրանները, ինչ է, չգիտե՞ք:

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ– Մի՛ եղեք, մարդի՛կ, ապերախտ այդպես: Աստված ձե՛զ համար երկիրն արարեց: Երկինքը անհուն: Ողջ տիեզերքը:

ՏԻԳՐԱՆ– Ի՜նչ: Ընդամենը՝ սուտ: Նույնիսկ մանկանը այդպես պարզունակ ստով չեն խաբում: Այս մեծ եզերքը, անսահման, անվերջ այս տիեզերքը, որի մի չնչին, աննշան մասն ենք միայն մենք տեսնում, որի ծայրին մենք մինչև իսկ մտքով չենք կարող հասնել, ինչպե՞ս կարող է ախր արարված լինել մեզ համար:

ՏԻԳՐԱՆ– Ու աշխարհում էլ ձեր եղբայրները այնպես են ասում, թե Աստված նույնիսկ իր միակ որդուն…

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ– Հա՛: Սխա՞լ են ասում:

ՏԻԳՐԱՆ– Չէ՛, սխալ չեն ասում: Բայց դուք, թե իրոք ազնվամիտ եք, պիտի ասեք նրանց. «Միակ լինելու հանգամանքն այդպես աչք մի՛ խոթեք, տիա՛րք, քանի որ Աստվա՛ծ այդպես կամեցավ»:

ՍԵԴԱ– Թե չէ դուրս է գալիս, որ Տերն էլ մարդ էր մի թշվառ ու անճար, և, Աստծո կամոք, հանկարծ մի արու զավակ ունեցավ:

ՏԻԳՐԱՆ– Եվ իր որդուն էլ նա այդ մինուճար ուղարկեց մարդկանց՝ գազանների մեջ:

ՍԵԴԱ– Եթե ցանկանար, բյուր հազար որդի կծնվեր իրեն: Ի՞նչ է, այդպես չէ՞: Այդպես է: Անշո՛ւշտ: Դե ուրեմն նախ ազնիվ եղեք դուք:

ՍԵՆԻԿ– Մի խոսքով՝ էլ ոչ մի խոսք. դու մնում ես պատանդ: (Ուզում է սավանով հադերձյալ աշխարհի էակին կապել):

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ– Այս ի՞նչ ես անում: Խելքի՛ եկ, տիա՛ր… (Դիմադրում է):

ՏԻԳՐԱՆ– Հանգի՛ստ… Հանգի՛ստ…

ՍԵԴԱ– Հա, ի միջի այլոց, այս ի՞նչ է գլխիդ: Կարծես լինի դնովի: (Շոշափում է, մնում զարմացած): Ի՞նչ է, դիմա՞կ է: (Ուզում է հանել, բայց երկնային ոգին կրկին փորձում է թույլ չտալ):

ՏԻԳՐԱՆ– Հանգի՛ստ… Հանգի՛ստ…

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ– Այս ի՞նչ են անում, Տե՛ր Աստված: Ով է տեսել՝ հանգուցյալները պոկեն գլուխը երկնային ոգու:(Գլուխը թափահարելով՝ փորձում  է Սեդային թույլ չտալ, որ դիմակը հանի, բայց չի հաջողվում: Սեդան հանում է դիմակը, ևբոլորը զարմանքից մնում են քարացած: Միանգամից տիրում է լռություն):

ՍԵՆԻԿ– (Ուշքի չեկած, երկնային ոգուն նայելով) Բժի՞շկ…

ԲԺԻՇԿ– Այո՛: Սա ես եմ: Հիմա ամեն ինչ կբացատրեմ:

ՇՈՂԵՐ– Ուրեմն դո՞ւ էլ ես մեռել:

ՍԵԴԱ– Ու այստեղ արդեն ունես պաշտո՞ն:

ԲԺԻՇԿ– Հիմա կասեմ: Քանդեք կապերը:

ՏԻԳՐԱՆ– Ոչինչ չեմ հասկանում… Պիտի որ դու էլ մեզ հետ մեռած լինես միաժամանակ: Այդ դեպքում ե՞րբ հասցրին քո բարի ու չար գործերը կշռել, նշանակել պաշտոնի:

ԲԺԻՇԿ– Հիմա կիմանաք: Այդպես չէ: Ես հիմա էլ բժիշկ եմ:

ՇՈՂԵՐ– Այստե՞ղ էլ բժիշկ ես: Հոգեբո՞ւյժ:

ԲԺԻՇԿ– Այո՛: Եվ բանն այն է… Բանն այն է, որ ո՛չ դուք, ո՛չ էլ ես… չենք մեռել: Մենք ողջ ենք… Կենդանի՛ ենք: (Բոլորը զարմանքից մնում են քար կտրած):

ՏԻԳՐԱՆ– Չի կարող պատահել… Այդպես չի կարող լինել…

ՇՈՂԵՐ– Ա՜… (Բոլորը նայում են նրան): Սա պարզապես կախարդ է: Եվ հիմա ընդունեց մեր բժշկի կերպարանքը: Ուզում է խաբել, որ կապերն արձակենք:

ԲԺԻՇԿ– Դե ո՜չ… Ես իսկապես ձեր բժիշկն եմ, և դուք էլ մեռած չեք: Բոլորդ ողջ եք: Ներեցեք ինձ:

ՏԻԳՐԱՆ– Ուրեմն դու մեզ իսկապես համարել ես գի՞ժ:

ԲԺԻՇԿ– Բնա՛վ, Ամենևի՛ն: Ես պարզապես անում էի բժշկական, հոգեբանական փորձ: Ուսումնասիրում էի մարդկային էությունը: Գիտեմ, որ իմ արածը թույլատրելի չէ: Ես մեղավոր եմ: Ներեցեք… հանուն գիտության:

ՍԵՆԻԿ– (Խորհելով) Փչում է… Այդպես լինել չի կարող: Մենք մեռած ենք:

ԲԺԻՇԿ– Ո՛չ, ասում եմ: Մեռած չեք:

ՍԵԴԱ– Մեռած չե՞նք: Իսկ երկնային ձա՞յնը… Մեզ այցելած ոգինե՞րը…

ՏԻԳՐԱՆ– Իսկ եդեմական փերի՞ն… Դրախտային ուտեստնե՞րը:

ԲԺԻՇԿ– Այդ ամենը իմ հորինածը, այսպես ասած՝ բեմադրածն էր… Ես էի և՛ հանգուցյալի ոգին, և՛ Երազ ոգին…

ՇՈՂԵՐ– Իսկ ինչպե՞ս էիր այդպես բնական խաղում: Չլինի՞ դու նույնպես դերասան ես:

ԲԺԻՇԿ– Ժամանակին հաճախել եմ թատերական ստուդիա:

ՏԻԳՐԱՆ– Եթե իրոք այդպես է, ուրեմն… (ինչոր բան վերցնելով) մեր դերերը հիմա կփոխվեն…

ՍԵԴԱ– (Ներքին կատաղությունը փորձելով զսպել) Ես քեզ պարզապես կխեղդեմ:

ՇՈՂԵՐ– Իսկ ես (վերցնում է ջրամանը) կստեղծեմ իմ գլուխգործոցը…

ՍԵՆԻԿ– Փչում է… Այդպես լինել չի կարող: Մենք մեռած ենք:

ԲԺԻՇԿ– Ո՛չ: Մեռած չեք: Ներեցեք ինձ, խնդրում եմ:

ՏԻԳՐԱՆ– Եթե մեռած չեմ, ուրեմն կարող եմ գնալ ու… նորոգե՞լ մորս տան տանիքը, գրկե՞լ իմ սիրած կնոջը:

ԲԺԻՇԿ– Դե իհարկե՛ կարող ես:

ՍԵԴԱ– Ու ես իմ կյանքը կարող եմ շտկե՞լ:

ՇՈՂԵՐ– Ես կնկարեմ իմ  լավագույն գո՞րծը:

ՍԵՆԻԿ– Ու ես քար կդնեմ հորս գերեզմանի՞ն…

ՏԻԳՐԱՆ– Կհայտնեմ իմ ներկի գաղտնի՞քը…

ՍԵՆԻԿ– Չէ՛, այդպես լինել չի կարող: Մենք մեռած ենք:

ԲԺԻՇԿ– Ասում եմ՝ մեռած չե՛ք:

ՇՈՂԵՐ– Եթե մեռած չեմ, ուրեմն ինչո՞ւ ուրախությունից չեմ մեռնում:

ՍԵԴԱ– Ինչո՞ւ եմ ես ինձ այսպես թեթև զգում:

ՍԵՆԻԿ– Եվ (իրեն խփելով) ո՞ւր է այդ դեպքում իմ մարմինը: Ինչո՞ւ եմ ես այսպես ոգեկան:

ԲԺԻՇԿ– Ախր դա ձեզ միայն թվում է: Դուք մեռած չե՛ք:

ՏԻԳՐԱՆ– Այդ դեպքում որտե՞ղ ենք մենք:

ՍԵՆԻԿ– Որտե՞ղ ենք մենք… (Գյուտ արածի պես, պահարանին մոտենալով) Ես հիմա կպարզեմ, հիմա կպարզեմ… (Պահարանից վերցնում է անկյունաչափի նմանվող ինչոր բան): Եթե միայն Լուսինը երևա… Լուսինը երևա… (Կանգնում է դռան շեմին, նայում վերև): Հրաշալի է. այստեղից երևում է երկինքը: (Մյուսները հետևում են, թե նա ինչ է անում): Այսօր սեպտեմբերի տասնհինգն է… (Իր սարքով նայում է վերև): Ուրեմն Լուսինը պետք է լինի… (Մտքում հաշվարկներ է անում)… 5-ին լիալուսին… 10-ին… 20 աստիճանի անկյուն… Նշանակում է, որ այս պահին մենք գտնվում ենք… (Ինքն իրեն հերքելով) Երկրի վրա:

ԲԺԻՇԿ– Տեսա՞ք: Ասում եմ, չէ՞: Դե, արձակեք կապերը: Ներեցեք ինձ:

ՏԻԳՐԱՆ– (Կապերը քանդում է): Այս ամենը որքան տարօրինակ, նույնքան էլ անհավատալի է…

ՇՈՂԵՐ– (Ուշքի չեկած) Իսկ գուցե աշխարհում ամե՞ն բան է պատրանք, ամե՞ն բան է տեսիլք: Չկա ո՛չ կյանք, ո՛չ մահ, ո՛չ դրախտ, ո՛չ դժոխք, ո՛չ Աստված, ո՛չ սատանա:

ՍԵՆԻԿ– Չէ՛, մի ինչ-որ բան, այնուամենայնիվ, կա…

ՇՈՂԵՐ– (Խորհելով) Իսկ ի՞նչ:

ԲԺԻՇԿ– (Կատակով) Դուք եք եղել այնտեղ՝ կյանքից և Աստծուց անդի, ինքներդ ասեք:

ՏԻԳՐԱՆ (Կարճատև դադարից հետո, վերև նայելով) Այնտեղ գուցե և կա մի ինչ-որ բան, սակայն ոչ այն, ինչ մենք գիտենք:

ՍԵԴԱ- Սակայն ոչ այն, ինչ հավատքն է հավատացնում:

ՇՈՂԵՐ– Սո՛ւտ են աշխարհի բոլոր հավատքները:

ՏԻԳՐԱՆ– Ո՞վ է ստեղծել (ձեռքերը տարածելով) այս ամենը, ինչի՞ց: Պատկերացրեք՝ տիեզերքում ոչինչ չկա: Եվ ոչ մի նյութ: Դրա տեղում ի՞նչ կլինի: Կլինի ոչինչ: Տիեզերական այս անթիվ աստղերի սահմանից եթե, դիցուք և, դուրս գանք, ուր ոչինչ չկա, այնտեղ ի՞նչ կտեսնենք:

ՇՈՂԵՐ– Ոչի՛նչ:

ՏԻԳՐԱՆ– Նշանակում է՝ գոնե այդ ոչինչ-ը պիտի լինի, քանի որ, ինչ էլ լինի, ինչ էլ չլինի, այդ ոչինչ-ը չլինել չի կարող:

ՍԵՆԻԿ- Եվ այդ ոչինչ-ով է, որ տիեզերքը անսահման է, անվերջ:

ՏԻԳՐԱՆ- Այդ ոչինչ-ը թե ինչ է, չգիտեմ: Էներգիա՞ է, թե այլ մի բան, չգիտեմ, սակայն պարզ է, որ տիեզերական բոլոր մարմինները տարանջատվելով, տարրալուծվելով այդ ոչնչի մեջ, դառնալու են…

ՇՈՂԵՐ– Ոչինչ:

ՏԻԳՐԱՆ– Ուրեմն, բնական է, որ այդ ոչնչից էլ կարող էր ծնվել տիեզերքը:

ՍԵԴԱ– Ուրեմն չի բացառվում, որ այդ ոչնչից ծնվեր նաև մի այնպիսի «էներգիա»՝ ոգի, որին կոչում ենք Աստված:

ՇՈՂԵՐ– Կոչում ենք Աստված ու նրան վերագրում այն, ինչ ուզում ենք մենք…

ՏԻԳՐԱՆ– Իսկ նա (կրկին նայում է վերև) գուցե այնտեղ կա, գուցե և՝ չկա: Ես դա չգիտեմ: Հավաստի գիտեմ ես միայն մեկ բան՝ չկա՛ մեր ուզած, երազած Աստված… (Որոշ ժամանակ տիրում է լռություն: Հիվանդները, կարծես այլևս չիմանալով ինչ անել, մտքերով տարված, նստում են: Զգացվում է, որ դեռևս շփոթված են):

ԲԺԻՇԿ- Ներեցեք ինձ, խնդրում եմ: Հավատացեք, որ այս ամենից առաջին հերթին շահող եղաք դուք… Դո՛ւք, որ արդեն կյանքին կնայեք ուրիշ հայացքով…

Դուք լինեիք այստեղ ոգիների պես, թե կյանքը ապրած, արդեն ավարտած ծեր մարդկանց նման, ոչինչ չէր փոխվի, կլիներ նույնը: Դուք կունենայիք նույն ցանկությունը՝ չարածը անել, սխալը շտկել…

Այսպես դուք ստացաք լավագույն բուժումը, իսկ հիմա, խնդրեմ, ապրեցեք այնպես, ինչպես քիչ առաջ կամենում էիք: Այնպե՛ս, որ եթե հաշիվ տաք Աստծուն, թե ինքներդ ձեզ, ափսոսալու բան շատ քիչ ունենաք…

Դուռն արդեն բաց է: Կարող եք գնալ…
Դուռը բացվում է:
Վարագույրը դանդաղ փակվում է:

 

2012 թ.

 

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>