Դընի Ժակար | JE VEUX DIRE… MERCI

Denis Jaccard, ծնվ. 1969 թ., շվեյցարացի հիպնոթերապևտ և բանաստեղծ

ֆրանսերենից թարգմանությունը Գառնիկ Մելքոնյանի

Արևի ճառագայթի համար` սև ամպերի միջից,
Մանկան ծիծաղի համար, որ ալիքվում է բյուր քրքիջով,
Երաժշտության նոտայի, որ լուսավորում է լռությունը
Ձեռքի մեղմության` դրված հոգնած ուսիս
Վարդի, որ բացվում է ու իր բուրմունքն արձակում
Ուզում եմ ասել շնորհակալություն
Թռչնի ճռվողյունի` լույսը բացվելիս
Անձրևի կաթիլի, որ բյուր կյանքեր է ցողում
Մի ձայնի մեղեդու, որ կախարդում է անհավանականը
Հանդիպման համար անծանոթի հետ` գիշերվա կեսին
Համի զգացողության, որ թովում է ելունդները լեզվի
Ուզում եմ ասել շնորհակալություն
Լուսապսակի համար նրա աչքերի, որ պայծառ է դարձնում առավոտները
Ձեռքի սեղմումի, որը ցանկանում է բարի գալուստ
Անուշահոտության մի բուրմունքի, որ զգայություններն է դյութում
Ձյան փաթիլի, որը նստում է քթիս ծայրին
Ժամանակի, որն անցնում է` ևս մի շանս տալով
Ուզում եմ ասել շնորհակալություն
Սիմֆոնիայի համար ժպիտի, որն արևում է դեմքը
Երազանքների, որ հերկում են նոր հորիզոններ
Շնչի համար արարման, որ վերահնարում է ապագան
Կյանքում կրքի բոց ավելացնելու ցանկության համար
Հույսի համար առ արշալույսները մի նորոգ տարվա
Ուզում եմ ասել շնորհակալություն
Ծրագրերի համար, որ մենք միասին իրականացրինք
Վայրկայնների` համատեղ արարման ու աշխատանքի
Վստահության համար թանկագին, որ իմ հանդեպ տածեցիք
Երախտագիտության, որ մենք փոխանակեցինք
եվ ընծաների, որ ինձ տվեցիք
Ուզում եմ ասել շնորհակալություն

Թե մոռացել ես
Թե մոռացել ես թե ինչ է կախարդանքը Նոր Տարվա
Խնդրիր մի երեխայի, որ իր աչքերը քեզ տա
Դրանցով դու կկարողանաս տեսնել փայլն հավերժական
Դրանցով կկարողանաս տեսնել երկնքից անդին
Թե կորցրել ես հուրը, որ սիրտդ էր տաքացնում,
Խնդրիր մի աստղի, որ ձեռքդ բռնի
Նրա հետ կկարողանաս դիմանալ ցավերիդ
Նրա հետ կկարողանաս վաղվա օրդ նորից վառել
Թե մոռացել ես խոսքերը, որ հույս են տալիս նորից
Խնդրիր մի բանաստղծության, որ քեզ ճամփորդության տանի
Նրա հետ կկարողանաս երազել` բոլոր երեկոներին
Նրա հետ կկարողանաս ուզել վերստին
Թե կորցրել ես հավատդ, որը սարեր է շարժում
Խնդրիր մի ծաղկի, որ իր դուռը բացի քո առաջ
Նրա տանը դու կվերագտնես ուժդ
Նրա հետ կկարողանաս ազատվել կրածդ բեռից
Թե մոռացել ես հրճվել փոքր բաներից
Խնդրիր մի հրեշտակի, որ իր թևերը տա քեզ
Դրանցով կկարողանաս զվարճանալ մարդ լինելուդ համար
Դրանցով կկարողանաս լուսավորվել կայծով
Թե կորցրել ես տալու հաճույքը` առանց սպասելու հատուցման
Խնդրիր Ձմեռ Պապին, որ քեզ տանի սահնակով
Նրա հետ, կգնաս նոր մտքերի մոտ
ու կիրականացնես անուշ երազանքներդ
Թե մոռացել ես, թե ինչ է կախարդանքը Նոր Տարվա
Խնդրիր մի երեխայի, որ իր աչքերը տա քեզ
Դրանցով դու կկարողանաս տեսնել փայլն հավերժական
Դրանցով կկարողանաս տեսնել երկնքից անդին:

2 մեկնաբանություն

  1. Տաղանդավոր թարգմանություն է:
    ՈՒզում եմ ասել՝ շնորհակալություն…

    1. Մերսի /ինչպես ասվում է ճիշտ հայերենով/ Սամվել ջան:
      Հուսով եմ ամեն ինչ լավ է քեզ մոտ, հեռավոր ու տարաշխարհիկ /հուսով եմ/ Ալթայում:
      Գործերդ իհարկե կարդում եմ: Կեցցես:

      Գառնիկ

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի