«

»

Հուն 25 2014

Տպել Գրառում

Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ – 8

DD112

Ֆրանս.թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Միայնակ`մենավոր ճանապարհին

Հիմա վայրէջքիդ շեմին ես: Երկար ու ձիգ ժամերով հանդերձ`այրող արևի տակ: Չոր ճանապարհը ժանյակաձև ձգվում է մինչև հովիտը: Այն քեզ տանում է մինչև տապի հեռավոր մուժերը, ուր ինքը խեղդվում է: Այն կենդանի այրում է ու ծռմռվում` անցելով  բլուրների լանջով, ամեն շրջադարձի` իջնելով մեկ աստիճան, նախ` մինչև գյուղը, որն ի ցույց է դնում իր տանիքները, հետո դրանից անդին, դեպի գորշավուն խորությունները, ուր Կապան քաղաքն է ծվարել:

Ջրամանդ լցրել ես լեռներից գահավիժող ջրով: Շփում ես պարանոցդ, թրջում գլխարկդ: Ու հիմա շարունակում ես ընթացքդ` ձեռնափայտով թխկացնելով գետինը: Դրա ծայրը խզզում է  ճանապարհի վրա կամ լռվում ասֆալտի կտորների մեջ: Ընկերներդ նախընտրել են տեղ հասնել որքան կարելի է շուտ, քան թե քրտինք թափել ճանապարհի կեռմանների մեջ: Դու սակայն, սիրում ես դրա ոլորապտույտ գծապատկերը: Դու չես ուզում բաց թողնել ոչ մեկը դրա հանգույցներից: Դու քայլում ես ճանապարհի հետ, ասես ինքդ քո մեջ ես քայլում: Դրա միայնությունը դու ապրում ես ամեն քայլափոխի, այնքան որ ճշգրիտ է արտացոլում սեփական պատկերդ:

Մարմինդ որոճում է իր հոգնությունը, մտքիդ մեջ զնգում են  հիմար կրկներգերը` ոգեշնչումներին հաջորդող հիշաչարությունները: Բայց ժամանակ առ ժամանակ, աչքերդ վեր հառելով` ստանում ես բնապատկերի շնորհները: Չորս կողմը տիրող երանելի խաղաղությունը համակում է քեզ, ու դու առաջանում ես ավելի ազատորեն այս աշխարհի լուսավոր մարմնի միջով, որն անիրական պիտի լիներ, եթե իրականությունը չլիներ այդքան սոսկալի, մերկ` իր թշվառության մեջ:

Զրույց

Վերին Խոտանանում մենք գտանք մի սրճարան կոկորդներս թրջելու և մկաններս թուլացնելու համար: Իրականում դա մի փոքր ծածկապատշգամբ է` ճանապարհից դեպի ներքև: Այնտեղ կանայք կային,  որ պատմեցին մեզ այդ տեղի մասին: Ասելով, թե սերտ կապ ունեն Կապանի հետ, և թե այստեղ հանգստավայր է: Գյուղ, որ իրենց համար մեծ քաղաքի արժեք ունի, և որին իրենք մնում են կապված: Այդ կապը նկատվում է որոշ տների ճոխ տեսքից: Իրենց գյուղը երևի անմենահարուստն է այն երեքից, որոնք գտնվում են Տաթևի ու Կապանի միջև: Մարդիկ գալիս են ոչ միայն վայելելու լավ եղանակի զովությունը, այլև շնչելու այստեղի` քաղաքինի համեմատ պակաս աղտոտված օդը: Կանանցից մեկը, ավելի երիտասարդը, գնաց բերելու իր երկու, թե երեք տարեկան աղջնակին, որ հենց նոր էր արթնացել, և որի այտերը դեռևս վարդագույն էին ցերեկվա քնից: Նա նայում էր մեզ  չվստահող հայացքով, գլուխը կպցրած մոր կրծքին: Հարց է առաջանում, թե ինչ է լինելու նրա ճակատագիրը, քանզի այդտեղ կանգնած երիտասարդը պատրաստվում է մեկնել զինվորական ծառայության մի բանակում, ուր կարող են մեռնել առանց հակառակորդի հետ մարտի բռնվելու, ուղղակի մարտական ընկերոջդ արձակած գնդակից: Եվ կամ, ի՞նչ է անելու, երբ վերադառնա : Զբաղվելու է բիզնեսով, իհարկե: Ուրիշ ոչ մի բան չկա, որն իրեն օգնի պահելու իր ընտանիքը: Ժպտում է…

Կրակի անողոք աչքի տակ

Շոգը կրակե նիզակ է, որը խոցում է ծոծրակդ: Գլխարկը պաշտպանում է, ու երբ տապը մարմնիցդ քրտինք է քամում, դրանով կարող ես սրբել այն: Առիթի դեպքում, գլխարկդ անպայմանորեն թրջում ես լեռներից գահավիժող ջրով ու դրանով շփում ծոծրակդ: Ճանապարհը ենթարկվում է կիզիչ կտտանքի: Թվում է, քարերը փոշիացել են արևի ճառագայթներից: Չլինեին այն  եզերող ծառերը, քեզ կզգայիր անապատի մեջ, հանձնված` զորեղ արևի ողորմածությանը: Այդ ճնշումը զգում ես անմիջապես, երկրորդ լեռնանցքից հետո: Եվ հուսահատվում ես, որ դեռ գնալու ես դժոխքիդ այդ երկար ժապավենով, որն առանց ամոթի ձգվում է քո առաջ, մինչև անտեսանելի հեռուները: Չկա ոչ մի տափարակ, լայն ու առանց խոչընդոտի: Լոկ պարտադրված մի միջանցք` որպես հրդեհի գետ: Մի համատարած փուռ, որի մեջ ընկղմվում ես, քանզի ուրիշ  ելք չկա: Մի անխնա շիկացում, ինչին  պիտի դիմակայես: Ամբողջ երկինքն այդժամ ասես մի լարված աչք լինի: Իսկ դու պստլիկ մի կյանք`դատաստանի սրի ներքո: Մտքեր են գալիս, որոնք ռիթմավորում են քայլերդ հին ասֆալտի կրակամոխրի վրա: Կամ աներես ու անպատեհ  կրկներգեր, որ հանգիստ չեն թողնում քեզ: Բառեր, որ ստիպում են պարել գոռոցներ գլխիդ մեջ, խղճի խայթեր ծնել, որոշումներ ածել: Էլ չասելով ծարավի մասին, որը ծագում է ինքնաբերաբար, մերթ ընդ մերթ, վհուկների այդ պարահանդեսում: Այդժամ գալիս է պահը, երբ այլևս չես կարողանում դիմանա: Պայուսակդ նետում ես գետնին, հանում ջրամանդ: Ոչինչ, որ ջուրը պաղ չէ: Բերանդ հեղվում է: Մարմինդ ընդունում է իր հարսնացուին ամբողջ կոկորդով, լորձաթաղանթդ հազիվ թրջվելով` լցվում է հրճվանքով: Ու արդեն պատրաստ ես նորից ընկղմվելու լուսածեփ միայնությունների մեջ, երազելով արդյունաբերական խմիչքների` գարեջրի, սառը սուրճի, կոլայի մասին, և կամ` վանիլով պաղպաղակի:

(Շարունակելի)

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>