Նազիմ Հիքմետ | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

NH12

թարգմանությունը ֆրանսերենից `Գառնիկ Մելքոնյանի

 

Ամենազարմանալին`արարածներից

 

Կարիճի պես , եղբայրս,

Կարիճի պես ես

Սարսափ-գիշերվա մեջ:

ճնճղուկի պես, եղբայրս

Ճնճղուկի պես ես

Իր մանր տագնապների մեջ:

 

Կակղամորթի  պես, եղբայրս,

Կակղամորթի պես ես

պարփակված իր մեջ, անվրդով:

 

Սոսկալի ես դու, եղբայրս

Եվ դու մեկը չես, ավաղ,

Հինգը չես,

Դու միլիոններ ես:

 

Ոչխարի պես ես, եղբայրս

Երբ դահիճը, որ քո մորթին է հագել,

Երբ դահիճը բարձրացնում է իր դագանակը

Դու շտապում ես հոտի մեջ մտնել

ու գնում ես սպանդանոց`վազելով, գրեթե հպարտ:

Դու ամենազարմանալին ես արարածներից, մի խոսքով,

Ավելի զարմանալի, քան ձուկը

որն ապրում է ծովում`չիմանալով, թե ինչ է ծովը:

 

Ու թե այսքան թշվառություն կա երկրիս երեսին

Քո պատճառով է, եղբայրս,

Եթե քաղցած ենք, ուժասպառ,

Եթե քերթում են մեր մաշկը արյունելու աստիճան,

Քամում ինչպես վազը խաղողի, որպեսզի գինի ստանան,

Ասե՞մ պիտի, թե քո մեղքով է լրիվ: Ոչ…

…Բայց մեղքդ դրանում մեծ է, եղբայրս…

 

Ապրել

 

Մտածում է Տարանտա -Բաբուն.

Սիրտը

Գլուխն

ու ձեռքը մարդու

պեղելով երկրի ընդերքը`

այնպիսի պողպատե  աստվածներ են ստեղծել, կրակե աչքերով,

որոնք կարող են ճզմել երկիրը

բռունցքի մի հարվածով:

Ծառը, որ նուռ է տալիս տարին մեկ անգամ,

կարող է տալ հազար անգամ ավել:

 

Այնքա՜ն մեծ, այնքա՜ն գեղեցիկ է աշխարհը մեր,

ու այնքա՜ն լայնարձակ` ծովի ափերը,

որ մենք բոլորս կարող ենք ամեն գիշեր՚

կանգնելով շարքով, կողք կողքի,

ոսկե ավազների վրա,

աստղալից ջրերի մասին երգել:

Ի՜նչ ավ է ապրելը, Տարանտա Բաբու

Ի՜նչ լավ է ապրելը`

աշխարհն հասկանալով որպես գիրք,

այն զգալով որպես սիրո երգ,

զարմանալով երեխայի պես:

Ապրել

ամեն մեկս առանձին,

ու բոլորս  միասին:

Ինչպես գործում են մետաքսե կտորը:

Ապրել`

ինչպես երգչախմբով

երգում են օրհներգ

ուրախությանը:

 

Ապրել

Եվ սակայն, ի՜նչ տարօրինակ  է, Տարանտա Բաբու

Ի՜նչ տարօրինակ պատմություն է այս,

որ այդ անհավատալիորեն գեղեցիկ

ու անասելորեն հրճվալի բանը

այսօր ծանր է այդքան`

ԱՊՐԵԼԸ

 

 *  *  *

Ես հստակության մեջ եմ,  որն առաջանում է

Երկու ձեռքերս էլ լի են ցանկությամբ

Գեղեցիկ է աշխարհը

Աչքերս չեն հոգնում նայելուց  ծառերին,

որ կանաչ են այնքան, այնքան լի հույսով

Մի արահետ է գլորվում  թթենիների միջով

Ես բուժկետի պատոըւհանի մոտ եմ,

Չեմ զգում դեղերի հոտը

Մեխակները ծաղկած պիտի լինեն ինչ-որ տեղ.

Բանտված լինելը  չէ խնդիրը,

խնդիրը  չհանձնվելն է:

Ահա:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի