Ջոնը, նստած ճոճաթոռին, հայացքը կտրեց հեռուստացույցից, վհատ նայեց շուրջը և ապա՝ պատից կախված ժամացույցին: «Ուշացան»,-մտածեց սրտնեղված:
Տունը խնամքի կարիք ուներ. Ալիսի անսպասելի մահից ամիսներ անց, թեև ինքը ոչնչի ձեռք չէր տվել ու ամեն բան մնացել էր նույնությամբ, բայց վաղուց չկար տան նախկին առինքնող մթնոլորտը:
Մի քանի օր առաջ ընկերներից մեկը բազմանշանակ ժպտալով՝ ասաց.
-Երանի՜ քեզ, մենակ ես, փող ունես, կարող ես կյանքդ վայելել ուզածիդ պես:
Ինքը միայն դժգոհ ձեռքը թափ տվեց: Ի՞նչ ասեր, ինչպե՞ս բացատրեր հոգում առաջացած բացը: Ժուժկալ մեկը չէր, բայց թե ինչու էր այսքան անտարբեր դարձել հաճույքների ու կանանց հանդեպ, պարզապես չգիտեր և չէր ուզում խորանալ պատճառների մեջ… Հիշեց, որ համացանցում կարդացել էր մի գրառում այն մասին, թե կինը տղամարդուց ակնկալում է հավատարմություն, մեղմ վերաբերմունք, ուշադրություն, ծաղիկներ, զարդեր և… թվարկված էին տասնյակ այլ պահանջներ, իսկ տղամարդը կնոջից ցանկանում է միայն մեկ բան՝ մնալ մենակ: Հիմա իրականացել էր տղամարդկային այդ «միակ» ցանկությունը, բայց հակառակն էր ստացվել:
Ջոնին թվում էր, թե Ալիսը չի մահացել, իր հետ է ամենուրեք: Երբ նա կար՝ կամ տանն էր, կամ ամուսինը տեղյակ էր, թե ուր է: Հիմա չգիտեր… Նախկինում ուղղակի չէր զգացել նրա լինել-չլինելը. կինը եղել էր մերված տանը, տունը՝ կնոջը, տունը և Ալիսը մի ամբողջություն էին, Ջոնը երբեք չէր պատկերացրել տունն առանց Ալիսի գոյության. հիմա նա լքել էր տունը, չկար տանը, կար իր մեջ, տան փոխարեն՝ ձուլվել էր իրեն:
Հիշեց, թե ինչպես աշխատանքից հոգնած տուն հասնելով՝ փլվում էր ճոճաթոռին, աչքի անցկացնում երեկոյան փոստը, հեռուստացույց նայելիս՝ ննջում նստած տեղը: Հետո ընթրում էին միասին, հատուկենտ նախադասություններ փոխանակում իրենց թոռնիկների կամ օրվա քաղաքական հրատապ հարցերի մասին, անեկդոտներ պատմում, ծիծաղում: Նորան շուտ ամուսնացավ ու շուտ էլ երեխա ունեցավ. ինքն էլ, կինն էլ հիսունը դեռ չէին լրացրել, երբ երկու անգամ տատիկ ու պապիկ դարձան:
Տանը յուրաքանչյուր իր հիշեցնում էր կնոջ հետ կապված որոշ հանգամանքներ, որոնց մասին երբևէ չէր էլ մտածել, երբ կար Ալիսը. մտաբերում էր, թե ինչպես միասին գնեցին այս կամ այն իրը, ինչպես տուն բերեցին, ուրախացան… Տնից դուրս, բջջայինը ձեռքը վերցնելիս, ուզում էր զանգել տան համարին և Ալիսի հետ խոսել առօրյա հարցերի կամ գնումների մասին: Սովորություն էր դարձել՝ մենության պահերին բարձրաձայն խոսում էր Ալիսի հետ: Որտեղի՞ց այսքան կապվածություն, երբ նախկինում այսպես չէր, իրեն միշտ զգացել էր ազատ, իր կամքի տերը: Հիմա ասես ապաշխարող աբեղա լիներ, անզոր էր թոթափել կաշկանդվածության տհաճ զգացումը: Լինում էին պահեր, երբ կարեկցում էր ինքն իրեն՝ հազիվ զսպելով անսովոր հուզմունքը, որը վերագրում էր կնոջ կորստին: Սկսել էր տառապել անքնությամբ, կես քուն, կես արթուն, ձեռքը պարզում ու շոշափում էր կողքի դատարկ տարածությունը, վեր թռչում, նստում անկողնու մեջ, գլուխն առնում ափերի մեջ ու սաստիկ կարոտում Ալիսին…
Ալիսի մահից հետո, իհարկե, եղան կանայք, որ հայտնվեցին Ջոնի հորիզոնում. դրանցից ամենահամառը իրենց հարևանությամբ ապրող ամերիկուհին էր: Բայց նրանց հանդիպելիս՝ Ջոնը զգում էր տաղտուկ, ավելի շուտ ոչինչ չէր զգում, մի կերպ գլուխն ազատում էր, հեռանում. հուսահատված Ջոնի սառը վերաբերմունքից՝ նրանք մեկ առ մեկ անհետացան այնպես, ինչպես հայտնվել էին:
Ջոնը վեր կացավ, մոտեցավ խմիչքի պահարանին, վիսկի լցրեց երեկվանից անլվա մնացած բաժակի մեջ ու մի կում անելով՝ սկսեց քայլել սենյակի մեջ: Հիշեց, որ բարում, սկուտեղի վրա շարված բաժակները միշտ մաքուր էին լինում: Ինքը ձեռ էր առնում կնոջը՝ ասելով, որ շատ լվանալուց սպասքը մաշվում է: Նա մի պահ նայեց անլվա բաժակի վրա իր իսկ մատների փայլփլող հետքերին ու ասես իրեն մխիթարելու համար մտածեց. «Վիսկին հականեխիչ հատկություն ունի, ի՞նչ կարիք կա ամեն անգամ խմելիս՝ բաժակը լվանալ»…
Նորան էլ շատ դժվար տարավ մոր կուրուստը, բայց տարված երեխաներով ու ընտանեկան հոգսերով՝ ավելի արագ վերագտավ իրեն: Նա անդադար հորդորում էր հորը՝ սպասուհի վարձել: Ջոնը համաձայն չէր, իր կարծիքով դա ավելորդ գլխացավանք էր:
-Առավոտյան բավականանում եմ մեկ բաժակ լուծվող սուրճով ու մեկ կտոր խմորեղենով,- առարկում էր նա,- ճաշում եմ օֆիսում, ընթրում ընկերներիս հետ լավագույն ռեստորաններում, կարողանում եմ աշխատացնել լվացքի ու սպասքի մեքենաները: Հագուստներս հանձնում եմ քիմմաքրման…
Նորան մեկ-մեկ այցելում էր հորը, օգնում էր անկողինը փոխել, կուտակված անլվա ամանները շարում էր մեքենայի մեջ, աշխատացնում: Մի օր էլ ասաց.
-Ի՞նչ է, փո՞ղդ ես խնայում, պա՛պ, ես ճանաչում եմ մեկին, կիրթ կին է, հայաստանցի:
«Իր մասին ավելի շատ է մտածում, քան իմ,- անցավ Ջոնի մտքով,- ուզում է հանգիստ լինել, իր ընտանիքի հոգսն էլ քիչ չէ»: Փորձեց դարձյալ հրաժարվել, բայց չկարողանալով զսպել հետաքրքությունը՝ հարցրեց.
-Հայաստանցի՞:
Վերջին տարիներին սնկի նման բազմացել էին հայաստանցիները: Իր նման հնաբնակներից ոչ բոլորը դրական մոտեցում ունեին նրանց հանդեպ:
-Հա, ին՞չ կա որ: Դեմքդ էդպես մի ծամածռիր,- ասաց Նորան:
Մի օր էլ Նորան զանգեց ու հայտնեց, որ երեկոյան կբերի սպասուհուն. խոսել է հետը, պայմանավորվել: Համաձայնեց ակամա, չէր ուզում կոտրել դստեր սիրտը: Իր աշխատանքային կարիերայի ընթացքում, ամեն սեռի ու տարիքի բազմաթիվ դիմորդների հետ հարցազրույց էր վարել, խստապահանջ էր, մերժել էր շատերին, գործի վերցրել քչերին: «Կնստենք, կխոսենք, մի պատրվակ կգտնեմ, կմերժեմ»… Հիմա սպասում էր, անդադար նայում ժամացույցին: Զգում էր տարօրինակ լարվածություն, գուցե այն պատճառով, որ առաջին անգամն էր մարդ վարձում տան մեջ, այլ ոչ՝ հիմնարկի իր առանձնասենյակում, ընդ որում, ավելի շատ կնոջը, քան տղամարդուն վերաբերվող ոլորտում: Նույնիսկ չգիտեր, թե ինչ հարցեր պիտի տար: Նախկինում միշտ Ալիսն էր զբաղվել նման հարցերով:
Լսվեց դռան մեջ պտտվող բանալու ձայն: Նորան բացեց դուռը և ներս մտավ միջահասակ մի կնոջ ուղեկցությամբ:
-Պա՛պ, ծանոթացիր:
— Հայրապետյան Արուս Արամի,- առանց սեթևեթանքների ասաց կինը և պարզեց ձեռքը: Ջոնը անտարբեր սեղմեց պարզված ձեռքը և հարցական նայեց դստերը. կնոջ արտաքին տեսքը և ձեռքի փափկությունը ինչ-որ հարիր չէին տան աշխատողին:
-Արուսիկը բարձրագույնն ավարտած բուժքույր է,-ասաց Նորան՝ կռահելով հոր հայացքի իմաստը,- նաև՝ լավ տանտիկին:
-Իսկ ինչո՞ւ չեք աշխատում ձեր մասնագիտությամբ,- հարցրեց Ջոնը՝ ուրախանալով, որ հաջող սկսեց հարցազրույցը:
-Անհրաժեշտ է անցնել որոշ դասընթացներ ու հանձնել քննություններ, իսկ ես դրա ոչ ժամանակը ունեմ ու ոչ էլ միջոցները:
-Համեցեք, նստեք,- ասաց Նորան:
Կինը անկաշկանդ նստեց Ջոնի ցույց տված բազկաթոռին ու ընդունեց պատրաստ դիրք՝ պատասխանելու հաջորդ հարցերին:
-Աշխատո՞ւմ էիք Հայաստանում:
-Այո:
-Ձեր մասնագիտությա՞մբ:
-Այո, հիվանդանոցներից մեկում: Բայց գոհ չէի, աշխատավարձը ցածր էր, գործը շատ, դեռ մի բան էլ պիտի վճարեի բաժնի տնօրենին:
-Ինչպե՞ս թե պիտի վճարեիք տնօրենին ,-Ջոնը զարմացավ:
-Դե, դա ընդունված է,- ժպտաց կինը,- աշխատանքը չկորցնելու համար, բոլորն են վճարում:
-Իսկ տնօրենը ի՞նքը:
-Նա էլ՝ իր վերադասին:
-Հետո՞:
-Դե, մինչև բուրգի գագաթը… Եսիմ:
Կինը խոսում էր հանգիստ, ասես մի սովորական երևույթի մասին էր պատմում:
-Սպասեցի մինչև աղջիկս ավարտեց համալսարանը,- շարունակեց նա,-հետո միասին եկանք:
-Ե՞րբ:
-Շուրջ ութ ամիս առաջ:
Ջոնն ուզում էր հարցնել կնոջ ամուսնու մասին, բայց զսպեց իրեն և նորից հարցական նայեց աղջկան:
-Արուսիկի մարդը գնացել է Ռուսաստան ու չի վերադարձել, կորել է,- ասաց Նորան:
-Կորե՞լ, այս դարում… կորե՞լ…-Ջոնը ծիծաղեց:
-Դե, լուր չկա,-ասաց Նորան՝ նախատական նայելով հորը: «Էս ինչ հարցեր ես տալիս»,- ասում էր նրա հայացքը:
-Աղջիկս աշխատում է և սովորում, ես էլ ստիպված եմ աշխատել:
-Իսկ ինչո՞վ եք զբաղվել այստեղ գալուց հետո:
-Դայակ էի աշխատում.
-Baby-sitter,-քիչ դադարից հետո ավելացրեց կինը հանդիպելով Ջոնի հարցական հայացքին,- իմ պրակտիկայում երեխաների հետ շատ չեմ շփվել, հանգիստ չէի:
-OK, OK, երեխա էիք պահում, հիմա էլ ուզում եք ինձ պահել:
Կինը լուռ ժպտաց:
-Վայ, պա՛պ,- ասաց Նորան:
Նրանք խոսեցին պայմանների մասին, հասան համաձայնության: Պարզվեց, որ Արուսը ապրում է դստեր հետ, ոչ շատ հեռու, վարձու բնակարանում: Նա պիտի գար շաբաթվա աշխատանքային օրերին, առավոտյան, նախքան Ջոնի աշխատանքի գնալը, շաբաթ օրերը՝ կես օր, նախաճաշ պատրաստեր, զբաղվեր տունը կարգի բերելով, գնար գնումների ու ընթրիքը պատրաստելուց հետո հեռանար:
-OK, Նորայի միջոցով ես ձեզ տեղյակ կպահեմ իմ որոշման մասին,- վերջում ասաց Ջոնը, բայց որսալով կնոջ դեմքի թերահավատ արտահայտությունը՝ ակամա ավելացրեց,- որը կարծում եմ դրական կլինի:
Անտարբեր հոր պատասխանին՝ Նորան Արուսին տարավ, ծանոթացրեց առանձնատան բաժիններին, հարմարություններին, բացատրեց անվտանգության համակարգերի գործածության ձևը:
Մեկնելիս՝ Արուսը շրջվեց ու հարցրեց.
-Իսկ ինչպե՞ս կոչեմ ձեզ, դուք առայժմ ինձ համար մնում եք՝ որպես Նորայի հայր:
-Հովհաննես, Հովիկ Բեկնազարյան… Ջոն,- Ջոնը մի պահ շփոթվեց և բացատրություն տալու պես ավելացրեց,- Ամերիկա գալուց հետո անունս փոխեցի, հիմա ինձ Ջոն են ասում: Դուք էլ ինձ Ջոն ասեք:
-Ցտեսություն, պարոն Ջոն:
-Bye.. Ցտեսություն:
Կինը թեթև ժպտաց և Նորայի ուղեկցությամբ դուրս եկավ սենյակից:
Կանանց հեռանալուց հետո Ջոնն իր մտքերի մեջ դիմելով Ալիսին՝ բարձրաձայն ասաց.
-Այդ Արուսիկ կոչեցյալը իրավացի էր, մոռացա ներկայանալ, հիմա կասես՝ անքաղաքավարի գտնվեցի…
-Իհարկե, մարդկանց այնպես ես վերաբերվում, ասես քո ճորտերը լինեն,- մտքում հնչեց Ալիսի ձայնը…
Ջոնը անցավ ինքնարդարացման, ինչպես հաճախ պատահում էր նախկինում:
-Հա, միայն էդ էր պակաս, որ հաշիվ տայի իմ սպասուհուն:
Նա մի կում արեց վիսկիի բաժակից ու հիշեց, որ Ալիսը համաձայն չէր իր անվանափոխության հետ: Նա միայն օտարների ներկայությամբ էր իրեն Ջոն ասում: Ալիսի համար ինքը մինչև վերջ Հովիկ մնաց:
Ջոնը հոգնած նստեց ճոճաթոռին ու ընկավ մտքերի մեջ: «Որոշել էի մերժել, իսկ ես իզուր հույս տվեցի մարդուն»: Թեև առանձնատունը օժտված էր երկու շարք նորագույն անվտանգության համակարգով, բայց նա ուրախ էր, որ տունը դատարկ չի մնա. տան դատարկությունը ճնշում էր իրեն ոչ միայն ապահովության տեսակետից: Ամեն անգամ դուռը բացելիս ու ներս մտնելիս սիրտը ճմլվում էր: Մի կողմից էլ, թեև վստահ էր, որ Արուսի գալով իր հոգսերը կթեթևանան, բայց սրտի խորքում ինչ-որ հավատ չէր տածում նրա հանդեպ: «Վերջիվերջո, տան թանկարժեք իրերը, Ալիսի զարդեղենը, փաստաթղթերն ու կանխիկ դրամը չհրկիզվող պահարանում են,- խորհեց նա,-մնում են թանկարժեք գորգերը, հախճապակյա իրերն ու ամանեղենը»:
-Ի՜նչ եմ կորցրել, ինչի՜ մասին եմ դարդ անում,-բարձրաձայն խորհեց Ջոնը:
-Հա՛, մի կողմ դիր այդ քաղքենիական դատողություններդ,-մտքում հնչեց Ալիսի ձայնը,- կարգին մեկն է երևում:
-Իսկ դու դեմ չե՞ս:
-Ինչո՞ւ պիտի դեմ լինեմ, չէ՞ որ ես այլևս չկամ քո կյանքում, հո չե՞ս պատրաստվում կյանքդ կապել նրա հետ. գոնե Նորան հանգիստ շունչ կքաշի:
Ջոնը քմծիծաղեց. «Չէ՜ մի, կյանքս կապեմ մի սպասուհու հետ»: Այնուամենայնիվ այս միտքը սողոսկեց թաքուն ու մի փոքրիկ տեղ գրավեց Ջոնի սրտի խորքում:
Մի քանի տարի առաջ, Ալիսին ստիպեց, որ սպասուհի վարձի: Ալիսը չէր համաձայնվում: Նա սիրում էր ինքն իր ձեռքով անել ամեն բան. տան ընդհանուր մաքրությունը հանձնարարված էր հիմնարկի հավաքարարին, գնումները՝ վարորդին: Ալիսը պնդում էր, որ սպասուհու կարիք չկա, բայց, ի վերջո, իրեն չվշտացնելու համար տեղի տվեց: Մի էլսալվադորցի սպասուհի վարձեցին: Վատ չէր աշխատում, բայց Ալիսը երբեմն նյարդայնանում էր: Սովորեցնելու պատրվակով Ալիսն ինքն էր եփում, թխում, իսկ սպասուհին հանգիստ կանգնած դիտում էր նրա աշխատանքը: Բան դուրս չեկավ. մեկ ամիս անց, Ջոնը ստիպված եղավ հեռացնել սպասուհուն:
* * *
Անցավ մեկ շաբաթ: Նորան զանգեց մի քանի անգամ և իր «ի՞նչ որոշեցիր» հարցին ստացավ նույն պատասխանը.
-Լուր կտամ, մի քիչ համբերիր:
-Պա՛պ, հասկացի՛ր, ես չեմ վռազում, ուղղակի մտահոգվում եմ քեզ համար:
Վերջին անգամ, Նորան սպառնաց:
-Արուսիկի նմանը դժվար կգտնվի: Պա՛պ, որոշի՛ր, հակառակ դեպքում ես չեմ խառնվի այս հարցին ու քո տան գործերին:
Վախի մի անծանոթ ալիք պարուրեց Ջոնի անտարբեր հոգին: Ինքն իրեն զգաց մենակ, անչափ մենակ: «Գոնե այդ կնոջ հեռախոսի համարը չվերցրի»: Հակառակ Ալիսի միշտ մեղմ ու հավասարակշռված բնավորությանը, Նորան պոռթկուն բնավորություն ուներ: «Քեզ է քաշել»,-ասում էր Ալիսը: Շուտ էր զայրանում, խռովում, շուտ էլ հաշտվում էր, բայց այս անգամ Ջոնը զգաց, որ թերագնահատել է Նորայի ջանքերն ու վրդովել աղջկան:
-OK, ասա, թող գա, բայց չեմ երաշխավորում, որ երկար կպահեմ,- վերջապես ասաց նա:
Առաջին օրը Ջոնն իր տեղը չէր գտնում, ասես չէր համակերպվում միշտ կազմ ու պատրաստ Արուսի ներկայության հետ: Էլսալվադորցի սպասուհու գոյությունն անգամ նա չէր զգացել, երբ կար Ալիսը: Հիմա տան մեջ մի բան այն չէր: Ջոնին չէր լքում անսովորության ու դրանից առաջացած շփոթվածության զգացումը: Նա առհասարակ չէր սիրում այն ազատ օրերը, երբ տանը մաքրություն էին անում, վարագույրները ցած բերում, պատուհանների ապակիները լվանում և այլն: Դա խռովում էր տան հանգիստը, խախտվում էր իր նիստուկացը…
Մինչև գործի գնալը, Ջոնը մի սենյակից անցնում էր մյուս սենյակը, հավաքում հագուստները, նայում այսուայն կողմ: Իր ննջասենյակից վիսկիի կիսատ բաժակը բերելիս, աչքի տակով նայեց Արուսին, որ Ալիսի գոգնոցներից մեկը կապած, հանգիստ ու անվրդով, խոհանոցում զբաղված էր նախաճաշ պատրաստելով: Ջոնը բաժակը դրեց սեղանին, հետո վերցրեց ու դրեց կոնքի մեջ:
-Դուք չե՞ք ուտում,- հարցրեց, երբ Արուսը խոհանոցի սեղանին շարելով նախաճաշի պարագաներն ու սև սուրճի գավաթը, ուզում էր անցնել իր մյուս անելիքներին:
-Ոչ, ես՝ հետո:
Ջոնը զարմանքով տնտղեց ուտեստները, կերավ խոզապուխտով պատրաստված ձվածեղի կեսը, խմեց սուրճը, նարնջի հյութից մի քանի կում ու ոտքի կանգնեց: Նրա արագ և նյարդային շարժումներից դատելով՝ մեկը կմտածեր, որ ուշացել է աշխատանքից: Բայց իրականում Ջոնը ձգտում էր որքան հնարավոր է շուտ հեռանալով տնից՝ ձերբազատվել իր էությունը պատած անսովորության զգացումից ու ճնշվածությունից: Մի անգամ ևս նայեց շուրջը. ամեն բան կարգին էր, տեղը տեղին, երեկվանից հավաքված ամանները լվացված, շարված էին լվացարանին կից ցանցի մեջ: Խոհանոցում տարածվել էր ձվածեղի ու ընտիր սուրճի բույրը: Նա մի պահ հին լավ օրերի պատրանքը ունեցավ: Արուսը հանգիստ կանգնած՝ պատրաստակամ սպասում էր հետագա կարգադրություններին: Դա ավելի լարեց Ջոնին. այդ պահին նրան տիրել էր գործատիրոջը հատուկ՝ նկատողություն անելու կամ մեղադրելու անդիմադրելի ցանկություն, ձգտում էր ցուցադրել իր գերակայությունը առջևը կանգնած կնոջ նկատմամբ, բայց չնկատելով ոչ մի թերություն և ասես խրտնելով Արուսի հեզ, բայց ինքնավստահ կեցվածքից, այնուամենայնիվ, ատամների արանքից շպրտեց.
-Զարմանում եմ, թե ինչքա՜ն հանգիստ եք լքում ձեր տունուտեղն ու գալիս այստեղ:
Առանց նախաբանի, անպատեհ ասված այս խոսքից Արուսը հանկարծակիի գալով ցնցվեց, դեմքով մի ստվեր անցավ, իր խոշոր, սև աչքերի անհասկանալի արտահայտությամբ, ոչ այն է զարմացած, ոչ այն է կշտամբալից նայեց Ջոնին, դառը ժպտաց ու գլուխը կախելով՝ մնաց անխոս:
-Բուժքույր եք ու ստիպված տան գործ եք անում,- շարունակեց Ջոնը՝ փնթփնթալով, նյարդային շարժումներով հագավ պիջակը, դուրս եկավ տնից ու նստելով ղեկին, առանց հրաժեշտ տալու՝ հեռացավ:
Մեքենայի մեջ, միաժամանակ առաջ նայելով՝ նա գլուխը թեքեց դեպի աջ և սկսեց խոսել կողքի դատարկ աթոռի հետ:
-Ընդունում եմ, ես էլ գաղթել եմ, բայց գոնե եկել եմ օտար երկրից:
-Մնայիր,- մտքում հնչեց Ալիսի ձայնը,- չգայիր, այնտեղ էլ վատ վիճակ չունեիր, ի՞նչը ստիպեց քեզ գալ ու դեռ անունդ էլ փոխել:
-Բայց, ախր, սրանք թողնում են իրենց ծննդավայրը, ընկնում դռնեդուռ:
-Նա էլ անշուշտ իր պատճառներն է ունեցել, իզուր կոպտեցիր խեղճ կնոջը…
-Լավ էլի, բան էր, ասացի:
Աշխատանքի հոլովույթը կլանեց ու իր հետ տարավ Ջոնին: Նա լիովին վերագտավ հոգու անդորրը: Կեսօրվա կարճ դադարին, մի պահ մտաբերեց Արուսին: Իրոք, ի՞նչն իրեն դրդեց կոպտել խեղճ կնոջը: Մի՞թե ինքն էր այդ խոսքերն ասողը: Ակամա վերցրեց սեղանին դրված բջջայինը, և երկար ամիսների դադարից հետո առաջին անգամ “home” կոնտակտը սեղմելիս՝ անսովոր հուզմունք զգաց: Ոչ ոք չէր մոտենում հեռախոսին. Ջոնը ուրախ էր, որ ընձեռված այս դադարի ընթացքում կհասցնի հաղթահարել հուզմունքը, բայց տունը դատարկ լինելու մղձավանջն իր ողջ թախիծով ու անտանելիությամբ նորից ցցվեց աչքերի առջև: «Ի՞նչ է, խռովել, թողել, գնացե՞լ է…»,-երկմտեց նա: Չորս, թե հինգ զանգից հետո, երբ Ջոնը պատրաստվում էր անջատել կապը, լսվեց մի չրխկոց, որին հաջորդեց Արուսի անխռով ձայնը:
-Ալո:
-Արուս… Արուսի՞կ, ինչո՞ւ չեք պատասխանում:
-Հազիվ հասցրի, ձեռքերս աղացած մսի մեջ էին:
-Ի՞նչ եք պատրաստում:
-Թփով տոլմա:
Ջոնը նախապես չէր ծրագրել իր ասելիքը: Մի պահ մտքով սլացավ մոտիկ անցյալը, երբ ուշանալիս կամ իր բիզնեսի բերումով հյուրեր ունենալիս, հեռախոսում էր Ալիսին:
-Ես ուշ կգամ,- ավելի հարմար ասելիք չգտնելով՝ ստեց,- դու… դուք ինձ մի սպասեք, ես դրսում կընթրեմ:
-Ինչպես կուզեք:
Ջոնն այնքան ապուշ չէր, որ Արուսի ձայնի մեջ չկարողանար որսալ վիրավորանքի երանգներ: Ուզում էր ասել, որ շատ է ափսոսում, որ թփով տոլմա շատ է սիրում, բայց անխոս անջատեց կապը և քթի տակ փնթփնթաց.
-Ինչքան չոր ու լակոնիկ է խոսում, ասես ռոբոտ լինի:
-Դու էլ պակաս անզգա չես,-լսեց Ալիսի ձայնը,- ստեցիր ու գոնե մի բարի խոսք չասացիր խեղճ կնոջը…
-Ես նրան «Արուսիկ» կոչեցի…
-Պա՜հ, պա՜հ, մեծ բան է, երե՜ս տվեցիր…
Մնացած աշխատանքային ժամերին Արուսի խոշոր, սև աչքերի արտասովոր արտահայտությունը հանգիստ չէր տալիս Ջոնին. նա երբեք չէր զղջացել, երբ տեղի, թե անտեղի հանդիմանել էր իր ստորադասներին: Ցավով էր զգում, որ կնոջ մահից հետո կորցրել է ինքնավստահությունը, բարիացել է, շուտ է հուզվում, ազդվում, այլապես այսքան չէր տանջվի, անմիջապես կմոռանար սպասուհուն: Նայեց գրասեղանի վրա դրված Ալիսի լուսանկարին: Ալիսի աչքերը ժպտում էին:
Տարված մտքերով, Ջոնը մոռացավ իր սուտը և հիշեց միայն այն ժամանակ, երբ տուն վերադառնալով սովորական ժամից նույնիսկ շուտ՝ մեքենան կայանում էր փողոցում: Նայեց ժամացույցին: «Գնացած կլինի»,-մտածեց, անվարան բացեց դուռն ու ներս մտնելիս՝ քիչ էր մնում բախվեր Արուսին, որ միջանցքում կանգնած փորձում էր ակտիվացնել անվտանգության համակարգերը:
-Դո՞ւք,-շշմած հարցրեց նա:
— Հա… Չգիտեմ… Կարծում էի գնացած կլինեք,-ասաց և հանդիպելով Արուսի շեղ հայացքին՝ ավելացրեց,- այսպես ստացվեց… Հանդիպումը հետաձգեցինք:
-Ընթրիքը պատրաստ է,-կարճ դադարից հետո ասաց Արուսը,- ես հիմա…
-Չէ… Ես ինքս…- Ջոնը չէր կարողանում քողարկել շփոթությունը:
-Խնդիր չէ, մի վայրկյանի հարց է:
Ջոնը նայեց շուրջը և զգաց նախկին օրերի տաքուկ շունչը: Բաց խոհանոցից տարածվել էր թփով տոլմայի անուշ բուրմունքը: Ննջասենյակում հագուստները փոխելիս, գոհունակությամբ տեսավ մահճակալին շարված իր լվացված և արդուկված սպիտակեղենն ու շապիկները: Խոհանոցի սեղանին մեկ հոգու սպասք էր դրված: Աչքի էր ընկնում նաև կարմիր գինու շիշը:
-Դուք չե՞ք ուտում,- կրկնեց նախաճաշին տված հարցը:
-Ոչ, ես պիտի գնամ, աղջիկս տանն ինձ է սպասում, բարի գիշեր, պարո՛ն Ջոն:
-Բարի գիշեր,- ասաց Ջոնը և ախորժակով սկսեց ուտել թփով տոլման կարմիր գինու հետ:
Ջոնը գնահատեց Արուսի զուսպ վերաբերմունքը. «Ձևացրեց, որ հավատաց իմ ստին, լավ պրծա»,-մտածեց ու ժպտաց չարաճճի տղայի ժպիտով:
Աստիճանաբար նրան լքում էր անսովորության ճնշիչ զգացումը:
* * *
Հաջորդ օրերի ընթացքում, Ջոնն իրեն բռնեց այն մտքի վրա, որ սկսել է զուգահեռներ անցկացնել Ալիսի ու Արուսի միջև. «Ալիսը մեղմ բնավորություն ուներ, բայց այսքան զուսպ չէր», կամ՝ «Արուսիկը ավելի բոյով է, բայց Ալիսի ուսերն ավելի լիքն էին»: Աչքերի հարցում, նա վարանում էր. «Տարօրինակ աչքեր ունի այս կինը, չի լինում երկար նայել, Ալիսի աչքերը պարզ էին, վճիտ, Ալիսի հայացքում լողում էր բարություն, սեր, Արուսիկի աչքերում խռովք ու թախիծ կա»:
Արուսիկ, Ալիս… Ալիս, Արուսիկ…
Ավելի ուշ՝ Ջոնը փորձեց «դու»-ով դիմել Արուսին, բայց ինչ-որ չէր ստացվում: Արուսն էլ թաքնված սարկազմով (գոնե Ջոնին այդպես էր թվում) «պարոն Ջոն» էր կոչում իրեն, խոսում էր «դուք»-ով ու ընդգծված քաղաքավարությամբ: «Իր համար բերդ է սարքել, մտել մեջը,-վրդովում էր Ջոնը,- մի ասող լինի՝ ո՞վ է իրեն ուզողը…»:
Նրան սկսեցին հետաքրքրել նաև Արուսի մարմնաձևերը: Ճիշտ է, գործի բերումով շատ կարճ էր հանդիպում Արուսին, բայց առիթը բաց չէր թողնում աչքի տակով ուսումնասիրել նրա բարեմասնությունները և համեմատել Ալիսի հետ. գտնում էր, որ Արուսը ավելի փարթամ ու կանացի է… Եղավ, որ նույնիսկ փնովեց իրեն. «Ի՞նչ գործ ունես, ա՛յ մարդ, խալխի կնկան աչք ես տնկում, գործիդ եղի՛ր»: Այնուամենայնիվ, նա առիթ բաց չէր թողնում թաքուն տնտղելու Արուսին: Բայց ավելի շատ նրան գերում էին Արուսի աչքերն ու հարթ մաշկի սպիտակությունը: «Ապուշ է եղել այն մարդը, որ լքել է այսպիսի կնոջն ու կորել Ռուսաստանում»:
Մի կիրակի օր, Ջոնը փողոցում հանդիպեց հարևան ամերիկուհուն, ինքը մոտեցավ ու սիրալիր բարևեց: Կինը զարմանքից կլորացած աչքերով նույնպես սիրալիր պատասխանեց Ջոնի բարևին: Խոսեցին դեսից-դենից: Կինը չմերժեց Ջոնի «մեկ բաժակ սուրճ» խմելու առաջարկն ու հեռացավ ուշ երեկոյան՝ լիովին ըմբոշխնած ու բավարարված «սոված» տղամարդու հետ ունեցած կրքոտ ու կատաղի մերձեցումից: Սա Ալիսի մահից հետո իր տեսակի մեջ առաջին դեպքն էր: Ջոնը նույնպես բավարարված էր. «Ամերիկուհիները գիտեն տրվել,-մտածեց գռեհկորեն,-լավն էր շան աղջիկը»: Նա ոչ միայն չուներ մեղքի ամենաչնչին զգացումն անգամ, այլև սրտի խորքում հպարտանում էր իր առնականությամբ ու ուժով:
Այնուամենայնիվ, ամերիկուհու գնալուց հետո Ջոնը բծախնդրորեն չեզոքացրեց բոլոր այն հետքերը, որոնք իր կարծիքով պիտի մատնեին կատարվածը: Նույնիսկ, հոտոտեց օդը և ներշնչելով ամերիկուհու օծանելիքի բույրը՝ բացեց պատուհանները: Վերցրեց շապիկը և օձիքի վրա նշմարեց ամերիկուհու բաց մանուշակագույն շրթներկի մի փոքրիկ բիծ:
-Իզուր ես չարչարվում, նա անմիջապես գլխի կընկնի, որ կին է եղել տանը,-հանկարծ մտքում հնչեց Ալիսի ձայնը:
Ջոնը քարացավ.
-Ների՛ր, Ալիս, ինքս էլ չհասակացա, թե ինչպես ստացվեց:
-Քեզ ինչքան պիտի ասեմ, որ ես այլևս չկամ քո կյանքում, դու ազատ ես, ազատ, հասկանո՞ւմ ես, արա այն, ինչը քեզ դուր է գալիս: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ ես փորձում ծածկել հետքերը:
«Իրոք, այս ո՞ւմ եմ պատրաստվում հաշիվ տալ,-մտածեց,- տանս մեջ աշխատողի՞ն, թող իմանա, ավելի լավ»: Նա մահճակալին նետեց շապիկը, դուրս եկավ սենյակից ու ընկղմվեց ճոճաթոռի մեջ: Սակայն դա երկար չտևեց: Նորից անցավ ննջասենյակ, նորից մանրակրկիտ տնտղեց շուրջը և շապիկի օձիքը մաքրեց լվացակոնքի մեջ:
Հաջորդ օրը Ջոնը ավելի ջերմությամբ բարևեց Արուսին: Հարցրեց, թե ինչպես է անցկացրել ուիքենդը: Ստիպեց նախաճաշել իր հետ, միասին: Արուսը կանացի բնազդով անմիջապես գլխի ընկավ, որ մի բան այն չէ, մեկը «հյուր» է եղել տանը, բայց ձևացրեց, որ ոչինչ չի նկատում: Ջոնն էլ իր հերթին հասկացավ, որ Արուսը կռահել է, բայց խնայում է իրեն, բան չի հարցնում: «Եթե հարցներ, կասեի, կինս հո չի, եղած -չեղածը տան աշխատող է»: Սակայն, ի զարմանս իրեն, այդ պահին միանգամից գլուխ բարձրացրեց և ահագնացավ բթացած մեղքի գիտակցությունը… Նա տեղնուտեղը խոստացավ ինքն իրեն, որ այլևս գործ չի ունենա «այդ ամերիկացի քածի» հետ…
* * *
Նորան երբեմն զանգում և առաջվա պես այցելում էր հորն ու տեսնելով մաքուր ու կոկիկ տունը՝ ուրախանում:
-Պա՛պ, Արուսիկի գալուց հետո դու լրիվ կերպարանափոխվել ես,- ձայնը ցածրացնելով՝ ասաց մի շաբաթ օր, երբ հայր ու աղջիկ նստած պատշգամբում պաղպաղակ էին ուտում, իսկ Արուսը տան ներսում զբաղված էր իր աշխատանքով:
-Really?
-Հա, շատ զգալի է:
-Վատ աշխատող չի, բայց քչախոս է՝ ինքն իր մեջ, չի բացվում:
-Պայմաններն են այդպես թելադրում, պա՛պ,-ասաց Նորան,- կրթված մեկն է և ստիպված այսպիսի աշխատանք է կատարում: Լավիկն է, չէ՞,-ձայնն իջեցնելով՝ փորձեց խոսք քաշել աղջիկը:
-Չգիտեմ, չեմ ուսումնասիրել,-կատակեց Ջոնը,- ուզում էի քեզանից խնդրել մի սպասուհի գտնես:
Նորան ապշած նայեց հորը:
-Չլինի ուզում ե՞ս հեռացնել Արուսիկին, ես դա թույլ չեմ տա:
-No, no, սխալ մի հասկացիր, Արուսիկի համար մենակ դժվար է, մեծ տուն է… Մտածում եմ նրան օգնական է պետք:
-Պա՞պ…
-Մտածում եմ նաև, որ նա տեղափոխվի ու ապրի մեր տանը, առանձին սենյակ հո շատ ունենք: Գիտե՞ս, ամեն օր գնալ-գալը շատ է հոգնեցնում:
Նորան չգիտեր՝ ուրախանա՞ր Արուսի համար, թե՞վրդովվեր հոր կայացրած որոշումից: «Էս մարդը գժվել է»,-անցավ մտքով ու մի պահ մոր հիշատակը կենդանացավ աչքի առջև:
-Պապ, հասկանո՞ւմ ես դա ինչ է նշանակում` մեծ առանձնատան մեջ՝ մի կին և մի ամուրի տղամարդ:
Ջոնը գլուխը դրական շարժեց ու թախանձագին նայեց դստեր աչքերին: Ասես Նորայի թույլտվությունն էր հայցում:
-Իսկ հարցրե՞լ ես իրեն, մտածե՞լ ես իր աղջկա մասին:
-Կարծում ես կմերժի՞ իմ առաջարկը, նա միշտ պատրաստակամ է եղել: Գալով աղջկան, մեր անցյալ հանդիպմանը դու ասացիր, որ շուտով պիտի ամուսնանա և Արուսիկը ստիպված է մենակ ապրել ու վճարել բնակարանի վարձը:
-Դու միշտ նկատի ես ունենում միայն խնդրի ֆինանսական կողմը,-ասաց Նորան,- Արուսիկի պատրաստակամ լինելը դեռ չի նշանակում, որ նա կհամաձայնվի քո առաջարկի հետ,-ընդդիմացավ Նորան,- ամեն բանից հետո մտածե՞լ ես, թե ինչ կասեն մարդիկ:
-Մարդիկ ինչ ուզում են ասեն, թքած ունեմ մարդկանց կարծիքի վրա,- Ջոնը բորբոքվեց,- ես հո չասացի՞, որ պատրաստվում եմ ամուսնանալ նրա հետ… Այդ գաղափարը Ալիսն է տվել ինձ:
-Իիիի՞նչ,- Նորան շվարեց,- պապ, գժվե՞լ ես:
Ջոնը մի պահ շփոթվեց: Ինչպե՞ս բացատրեր աղջկան, որ Ալիսը ներկա է իր կյանքում, որ խոսում է նրա հետ իր մենակ պահերին: Նա անօգնական նայեց աղջկան և հուզված ասաց.
-Չէ, չեմ գժվել… Դու մի՞թե չես հավատում հոգու անմահությանը…
Նորան ապշած նայում էր հորը:
Աղջկա գնալուց հետո Ջոնը ընկավ մտատանջության մեջ: «Նորան իրավացի է, իսկ եթե Արուսը իրոք մերժի ու թողնի, հեռանա»: Ջոնը գիտակցում էր, որ իր հիվանդագին ինքնավստահությունն ու հպարտությունը իրեն խանգարել էին հաշվի առնել Արուսի ցանկությունը և միայն Նորայի առարկությունից հետո սկսեց մտածել այդ ուղղությամբ: Անշուշտ, իրենց տարիքում սիրո մասին խոսելը ծիծաղելի էր, երկուսն էլ ամուսնացած և ճակատագրի բերումով զույգը կորցրած մարդիկ էին, թեև ինքը վերջին ամիսների ընթացքում շատ էր կապվել այս զարմանալի զուսպ կնոջ հետ: Ջոնը համոզված էր, որ այր և կնոջ միասնությունը պայմանավորված չէ միայն փոխադարձ սիրով: Կան բազմաթիվ ուրիշ՝ հասարակական, սոցիալական և այլ գործոններ, որոնք միացության պատճառ են դառնում: Ճիշտ է, դժվար էր կռահել, թե ինչ է անցնում-դառնում Արուսի գլխում, բայց վերջերս Ջոնը նրա սև աչքերում որսացել էր ջերմության ու խանդաղատանքի նշույլներ: Հիշեց, երբ մի օր, ուտելիս կերակրից թափեց շապիկի վրա, Արուսն անմիջապես մոտեցավ ու խոնավ լաթով սկսեց մաքրել լաքան: Այդ պահին նա շատ մոտ էր իրեն, զգաց կնոջ շունչն ու բույրը, նրանց հայացքները խաչաձևվեցին ու մի ակնթարթ մնացին իրար գամված. Ջոնը թեթև դող զգաց և դա նշմարեց նաև կնոջ ձեռքերում: Մտաբերեց նաև, որ ամեն անգամ տուն վերադառնալիս՝ Արուսը գրավիչ ժպիտով ու իրեն հատուկ թեթև սարկազմով է ընդունում իրեն և ասում. «Բարև ձեզ, պարոն Ջոն»: Բայց արդյո՞ք, կարելի է հիմնվել նման փոքրիկ տվյալների վրա և հանգել այն եզրակացության, որ Արուսը կընդունի միասին ապրելու իր առաջարկը, հատկապես, երբ չկա ամուսնության հեռանկար: Երևի Արուսի մտքով անգամ չի անցնում այն, ինչ ծրագրել է ինքը:
Այնուամենայնիվ, Ջոնի մեջ հաղթեց եռանդուն գործարարը: Սա էլ մի գործարք էր, ինքը գիտի ցանկացած գործարք կայացնելու նրբությունները, կկանչի, ամբողջությամբ կներկայացնի իր ծրագիրը, կխոսեն պայմանների մասին, երևի կլինեն փոխադարձ զիջումներ, հո ամեն բան իր ուզածով չի՞ լինելու, և կհասնեն վերջնական համաձայնության: Լսել էր, որ հայ կանայք անմիջապես «այո» չեն ասում: Ոչինչ, կսպասի, թեև տանել չի կարողանում կանացի այդ նազուտուզը, չի կասկածում, որ Արուսը իր մշակույթով ու զարգացողությամբ տարբեր է շատերից, երբեք չի սեթևեթել ու կանացի կոկետություններ չի ցուցաբերել:
Կեսօրն անցնելուց հետո, երբ Արուսը պատրաստվում էր հեռանալ, Ջոնը խնդրեց սպասել:
-Նստի՛ր… Արուսի՛կ, նստիր, խնդրում եմ,-ասաց:
Արուսը նստեց բազմոցին և պատրաստակամ ու սպասողական, խորաթափանց նայեց դիմացը՝ բազմոցին նստած ու թևերը թիկնակին տարածած գործատիրոջ աչքերին: Նորայի այցելությունը և օրվա ընթացքում մտածմունքների մեջ խորասուզված Ջոնի անսովոր կեցվածքը հուշում էին այն մասին, որ սպասվող խոսակցությունը չի լինելու սովորական կարգադրությունների կամ աշխատավճարի հետ կապված բանակցությունների շրջանակում:
Ջոնը լռում էր: Նրա մեջ մեռել էր գործարար մարդը. իր առջև նստած կնոջ հայացքը զինաթափ էր արել նրան: Կին, ում հետ ցանկանում էր ապրել, առանց ամուսնական կապի, որով պիտի խախտեր հասարակական ընդունված նորմերը: Ոչ մի բառ չէր հիշում զեկուցման պես պատրաստած իր ասելիքից: Արուսը նույնպես քիչ լարված՝ լռում էր:
-Ի՞նչ ես պապանձվել,-մտքում նորից Ալիսն էր:
-Ի՞նչ ասեմ, որտեղից սկսեմ: Չգիտեմ՝ ճի՞շտ եմ վարվում:
-Գիտե՞ս ինչ, առանց կնոջ տղամարդը հետզհետե փալաս է դառնում. մի վարանիր, ծայրահեղ դեպքում կմերժվես… Դրանից այնկողմ ինչ կա:
Ջոնը հանկարծ մտաբերելով առավոտյան Նորայի հետ ունեցած իր զրույցը՝ ասաց.
-Դու… շատ ես հոգնում, Նորային ասացի, որ մի օգնական գտնի քեզ համար:
Արուսը լուռ էր:
Ջոնը հիասթափության երանգներ որսաց կնոջ հայացքի մեջ: Որքան դատարկ ու անտեղի էր գործնական, չոր խոսակացությունը տվյալ պահին. սիրտը այլ բան էր թելադրում, ուզում էր ջերմ խոսքեր ասել, մոտենալ, փայփայել Արուսին, բայց ցավով գիտակցեց, որ իր մեջ ավելի շատ նստած է գործարար դևը, որ մեքենայացված կյանքի մեջ վաղուց մոռացել է ջերմ խոսքերի այբուբենը, որ իր ողջ կյանքը, նույնիսկ Ալիսի հետ եղած օրերին, անցել էր գործնական, սառը մթնոլորտում:
-Արուսի՛կ,- վերջապես ասաց նա երկար դադարից հետո,- դու կապրե՞ս ինձ հետ:
Կինը թեթևակի այլայլվեց, բայց անակնկալի չեկավ. հայացքը թեքեց մի կողմ ու մնաց լուռ: Տպավորությունն այնպիսին էր, թե նա սպասում էր խնդրի նման հանգուցալուծմանը:
Ջոնը զուր էր ճգնում դեմքի արտահայտությունից ընկալել կնոջ մտքերը, հուզված նայում էր նրա լուրջ, գրավիչ կիսադեմին. զգաց, թե ինչպես մի ջերմ ալիք եկավ ու լցրեց իր հոգին. նա պատրաստ էր ամեն բան տալ, միայն հասկանար, թե ինչ էր կատարվում դիմացը նստած կնոջ գլխում: Իսկ Արուսը լռում էր. Ջոնին թվաց, արցունքի մի կաթիլ պոկվեց ու ցած սահեց նրա աչքի անկյունից:
-Արուսի՞կ,- մեղմ, համարյա անլսելի ձայնով ասաց նա:
Արուսը դանդաղ շրջեց դեմքը և քննախույզ, ուղիղ նայեց Ջոնի աչքերին:
-Ինձ թվում է՝ դրա կարիքը չկա,-վերջապես ասաց նա մի այնպիսի գործնական տոնով, որ Ջոնը շշմեց:
-Ինչի՞ կարիքը չկա:
-Ինձ օգնական վարձելու:
-Այսինքն… այսինքն… դու ուզում ես ասել, որ պատրա՞ստ ես ապրել իմ տանը… ինձ հետ:
Արուսը ժպտաց խոնավ աչքերի միջից:
-Կա նաև հեռանալու տարբերակը, դուք ինչ-որ շատ եք շտապում,-ասաց նա:
-No… Ո՛չ, նման բան մտքովդ անգամ չանցնի,- Ջոնը հուզված կանգնեց ու նորից նստեց,- մոռացիր հեռանալու մասին, ես դա թույլ չեմ տա:
-Գիտե՞ք, ձեզ ավելի շատ հետաքրքում է ձեր բարօրությունը, քան՝ իմ անձը,- ասաց Արուսը և հանդիպելով Ջոնի զարմացած հայացքին՝ ավելացրեց,-ասածս այն է, որ իմ մեջ դուք տեսնում և…ամրագրում եք ձեր առօրյա հանգստությունը: Ձեր կողմից նման որոշում կայացնելու դրդապատճառը պահանջն է, այլ ոչ զգացմունքը: Ես պատրատ եմ ապրել ու աշխատել ձեր տանը աղջկաս ամուսնությունից հետո, բայց… ապրե՞լ ձեզ հետ`ոչ:
Ջոնը չէր սպասում նման շրջադարձի: Գուցը Արուսը իրավացի էր, գուցե ինքը տենչում է նրան, որպեսզի նրա գոյությամբ լցնի Ալիսի մահով տան մեջ առաջացած կնոջ բացը, բայց մի՞թե կնոջ դերակատարությունը տղամարդու կյանքում սահմանափակվում է միայն կենցաղային հարցերով: Ո՛չ, Ջոնին ձեռնտու չէր Արուսի առաջարկը: Իհարկե, նա այս փուլում էլ կարող էր տալ իր համաձայնությունը՝ կգա, կապրի տանը, կաշխատի ու մի գեղեցիկ օր էլ… կհանձնվի իրեն: Բայց դա չէր Ջոնի ուզածը, չէր ցանկանում խաղալ՝ առանց այն էլ իր կյանքում մի անգամ տանուլ տված այս հրաշալի կնոջ զգացմունքների հետ: Չէ, ինքն այդքան փոքրոգի մեկը չէր: Զգում էր, որ շատ ուժեղ է կապվել Արուսին, և դա այն դեպքում, երբ Արուսը երբևէ չէր դիմել մեքենայությունների, չէր օգտվել իր կանացի ներքին ու արտաքին հմայքներից: Ինքը պարզապես ուզում էր Արուսին միշտ ունենալ իր կողքին:
-Եթե լիներ միայն աշխատելը, Նորայից չէի խնդրի սպասուհի գտնել,-ասաց նա:
Արուսը լուռ նայում էր Ջոնի աչքերին:
-Արո՛ւս, հասկացի՛ր, դու ամուսին ես կորցրել, ես՝ կին,-կարճ դադարից հետո շարունակեց Ջոնը,- ես մեղավոր չեմ, որ կյանքը նման պայմաններում է մեզ բերել իրար դիմաց: Կարծում եմ երկուսիս պահանջներն էլ նույնն են… Ինչ-որ ծիծաղելի է խոսել զգացմունքների մասին: Դա լինում է միայն գրքերում:
-Պահանջները թերևս նույնն են, բայց նույնը չեն դիրքերը՝ դուք գործատեր եք, ես ստորադաս: Ես դա պիտի անդադար զգամ, նույնիսկ… նույնիսկ անկողնում…
-Դու ապրիր իմ տանը, ինձ հետ, խոսիր «դու»-ով, և… մեր դերերը կփոխվեն,- ասաց Ջոնը:
-Ինչո՞ւ եք այդքան համոզված: Տղամարդիկ փոփոխական են, չի բացառվում, որ վաղը մեկ ուրիշը հայտնվի ձեր կյանքում: Ուղղակի ծիծաղս է գալիս, երբ հիշում եմ, թե ինչպիսի ամպագոռգռռ խոստումներ էր ինձ տալիս ամուսինս նախքան ամուսնանալը: Ի՞նչ եղավ, թողեց ինձ նորածին դստերս հետ, գլուխն առավ ու անհետացավ մինչև օրս:
-Դուք պաշտոնապե՞ս էիք ամուսնացել:
-Այո, իհարկե, զագսով, եկեղեցով…
— Չգիտեմ. կարծում եմ պիտի նկատի ունենալ նաև տարիքն ու պայմանները: Դու ակնարկեցիր մեր դիրքերի մասին, ուզում եմ, որ դա ջնջվի քո գիտակցությունից: Ալիսն էլ սիրում էր ամեն բան իր ձեռքով անել, չէր սիրում սպասուհի ունենալ: Բայց, Արո՛ւս, ես չէի ուզի նույնը լիներ քո պարագային. ուղղակի չեմ ուզում, որ դու աշխատես… Չկարծես, թե սա ասում եմ նկատի ունենալով հասարակական կարծիքը, հասկացի՛ր, դա ինձ չի հետաքրքրում, ինձ համար կարևորն այն է, թե դու քեզ ինչպես կզգաս իմ տանը, ինձ հետ:
-Աշխատանքը չի խախտում կնոջ և տղամարդու հավասարությունը տան մեջ: Կան այլ՝ մտավոր, հոգեկան ու ֆիզիկական ազդակներ, որոնք չեզոքացնում են կնոջ և տղամարդու՝ մեկը մյուսի հանդեպ ունեցած գերակայությունը: Դա պայմանավորվում է…
-Ամուսնությամբ,-լրացրեց Ջոնը:
-Թեկուզ այդպես, բայց խնդրում եմ չմտածեք, որ ես այդ պահանջն եմ դնում ձեր առջև:
-Ես չգիտեմ տղամարդն ու կինը ում համար են ամուսնանում՝ իրե՞նց, թե՞ հասարակության, ո՞ւմ են խաբում, իրենց, թե՞ հասարակությանը: Ամուսնությունը մարդկային կյանքի ամենահեղհեղուկ գործարքն է. կապ, որը չի երաշխավորում կնոջ ու տղամարդու սիրո ու միասնության հարատևությունը:
Ջոնն երբեք այսքան պերճախոս չէր եղել: Նա նշեց, որ կապի օրինականացումը, լինի դա գրանցումով թե կրոնական ծեսով, մի ամրոց է, որի մեջ պատսպարվում են ամուսնացած կինն ու տղամարդը՝ ապահովելով իրենց անձեռնմխելիությունն ու անխոցելիությունը: Իսկ իրականության մեջ ինչ ասես, որ չի կատարվում թաքուն՝ ամրոցի մեջ, ամրոցից դուրս… Բայց մարդիկ նայում են այդ ամրոցին պատկառանքով ու հարգանքով…
-Նայի՛ր շուրջդ…, շարունակեց նա,-ցույց տուր մի տղամարդ, որ գոնե մտովի դավաճանած չլինի կնոջը կամ գայթակղված չլինի կանացի մարմնի մերկ մասերը տեսնելով. ով հակառակն է պնդում՝ չարաչար ստում է:
Նա ասաց, որ իր կարծիքով՝ ամուսնական կապը ոչ միայն չի կանխարգելում դավաճանությունը, այլև հրահրում է այն, որովհետև դա հառնում է որպես մի արգելք՝ իր պարտադիր հնազանդության ու հավատարմության ուխտի արդյունքում, իսկ մարդ արարածի մեջ մշտապես առկա է որևէ սահմանված արգելքի դեմ ծառանալու բնական կամ տվյալ դեպքում ամուսնական ամրոցից փախուստի ուղիներ որոնելու մղումը, և հետո՝ դա մի վարագույր է, որի հետևում հնարավոր է թաքնվել դավաճանությունից հետո:
-Նույնը կարելի է ասել իրար հետ ապրող՝ չպսակված զույգի մասին,- ասաց Արուսը:
-Not at all! Նախ չամուսնացած զույգին միավորում է փոխկապվածությունը, փոխըմբռնումը… մտերմությունը, այլապես իրար հետ չէին ապրի, երկրորդ՝ մեկը մյուսի… սեփականությունը չի հանդիսանում, երկուսն էլ ազատ են, կա իրար կորցնելու անմիջական վախը, որը կանխում է դավաճանական ցանկացած միտում:
-Չկարծեք առարկում եմ, բայց քիչ չեն սիրո ու փոխըմբռման վրա հիմնված ամուսնությունները:
-Ըստ իս, ցավոք՝ քիչ են կամ պարզապես երկար չեն գոյատևում,-Ջոնը վարանեց,- չմտածես, որ նկատի ունեմ ձեր ամուսնությունը… Ամուսնություններից շատերը ուղղակի գոյատևում են… ստիպողաբար, հենց միայն ամուսնական կապը պահպանելու մտահոգությունից դրդված: Ոմանք այս երևույթը դրական են համարում, բայց չեն մտածում այն մասին, թե ինչ է քաշում հատկապես չսիրող կինը. հանուն երեխաների կամ իր իսկ գոյատևման համար. նա պարտադրված է մնում ամրոցի մեջ, սա էլ անբարոյականության մի տեսակ է:
-Ամեն դեպքում հասարակական կարծիքի նժարը թեքվում է հօգուտ ամուսնական կապի: Վերցնենք հենց ձեր այս առաջարկը: Ես այստեղ շատ բարեկամներ ու ծանոթներ չունեմ, բայց դուք չե՞ք մտածում, թե մարդիկ ինչ կխոսեն ձեր մասին: Կասեն անվանի գործարար պարոն Ջոնը կապվել է մարդուց բաժանված հայաստանցի մի սպասուհու հետ…
-Ես թքած ունեմ, թե մարդիկ ինչ կասեն: Դու մտքիցդ հանիր անհավասար լինելու գաղափարը, Արուսի՛կ, ես սրտանց փափագում եմ, որ ապրես իմ տանը, ինձ հետ… Առանց ինչ-որ պայմանականությունների, ազատ, անկաշկանդ, ամուր կապով…
Արուսը նորից թեքեց գլուխը և ընկավ մտքերի մեջ: Ջոնը լուռ սպասում էր:
-Առջևում դեռ Մերիի ամուսնությունն է,- վերջապես երկար լռելուց հետո ասաց նա:
-Մերիի՞:
-Հա, աղջիկս, դուք նրա անունն էլ չգիտեք:
Ջոնը մեղավոր հայացքով նայեց Արուսին:
-Ես… Ես… առիթ չի եղել…
-Այս կարճ ժամանակում ինձ վիճակվել է ծանոթանալ ձեր կյանքի որոշ հանգամանքների հետ,- շարունակեց Արուսը անտեսելով Ջոնի արդարացումը,- մտերմացել եմ Նորայի հետ, նրան սիրում եմ հարազատ աղջկաս պես, բայց դուք ի՞նչ գիտեք իմ անցյալի, իմ ներկա կյանքի մասին. համարյա ոչինչ:
-Չեմ ժխտում, ես չեմ սիրում պրպտել անցյալը, ես տեսնում եմ քեզ այնպես, ինչպես կաս ներկայիս:
-Բայց, ուզեք-չուզեք, ինձ հետ ապրելով, դուք առնչվելու եք ինձ շրջապատող մարդկանց ու պարագաների հետ, դա անխուսափելի է:
-Հուսով եմ ինձ կհրավիրես Մերիի հարսանիքին,-ասաց Ջոնը ժպտալով:
Արուսը խեթ նայեց Ջոնին՝ հավաքելով շրթունքները: Ջոնին դուր էր գալիս Արուսի այդ ժեստը:
-Տեսնո՞ւմ եք, դուք խնդրին մոտենում եք հումորով,-ասաց նա,- շատ հեշտ ու հասարակ: Չգիտեմ, երևի իրավացի եք, կյանքը մեր օրերում վերածվել է… շիլաշփոթի. մարդիկ շատ հեշտ են շրջանցում ամեն բան, նկատի ունեմ ազգային սովորույթները, ավանդույթները, տաբուները…
-Կյանքը միշտ էլ այդպիսին է եղել, այն տարբերությամբ միայն, որ հիմա ամեն բան բացահայտ է, ոչինչ ծածուկ չի մնում, ամեն բան բարձրաձայնվում է: Եթե անդադար մտածենք ասեկոսեների մասին, կդոփենք նույն տեղում:
-Ես դա նկատի չունեմ, արդեն ասացի, կարևորություն չեմ տալիս, թե մարդիկ ինչ կխոսեն գոնե իմ մասին: Ինձ ավելի շատ հետաքրքում է երեխաների կարծիքը: Նրանք անբաժան են մեր կյանքից, դուք մտածե՞լ եք այդ մասին: Առհասարակ, զավակները դժվարությամբ են համակերպվում ծնողների նոր կապերի հետ:
-Ես արդեն խոսել եմ Նորայի հետ:
-…Եվ ի՞նչ:
— Չգիտեմ… հաստատ բան չասաց, բայց չեմ կարծում դեմ լինի, նա քեզ շատ է համակրում:
-Խնդիրն ես չեմ, հասկացե՛ք, այլ իմ ու ձեր կապը: Մերին ոչինչ չգիտի, չգիտեմ նա ոնց կվերաբերվի:
Ջոնը մռայլվեց:
-Հուսով եմ, չի ստացվի այն տպավորությունը,-ասաց Արուսը,- թե որոշ կանանց նման պատրվակներ որոնելով ուշացնում եմ «այո» ասելը, որպեսզի ինձ թեթևացրած չլինեմ ձեր առաջ: Ուղղակի անհրաժեշտ է կշռադատել ամեն բան…
-Փորձիր խոսել Մերիի հետ, վստահ եմ, որ նա էլ դեմ չի լինի:
-Ինչո՞ւ եք այդքան համոզված…
Ջոնը զգաց, որ Արուսը այս հարցը տվեց ոչ թե առարկելու, այլ ավելի շատ իրենից դրական կարծիք լսելու հույսով: Իսկ դա նշանակում էր, որ դեմ չէ իրենց կապին, պարզապես նրան անհանգստացնում է դստեր ռեակցիան, ինչին կարևորություն է տալիս ամեն բանից ավելի: «Ուրիշը լիներ, մի քիչ նազուտուզ կաներ կտար իր համաձայնությունը,- անցավ մտքով,- զարմանալի կին է, ի՞նչ է, նրան չի՞ հետաքրքում այն փաստը, թե ինչպիսի կյանք է սպասում իրեն ինձ միանալուց հետո»:
-Մերին երբեք չի ների հոր արարքը, ինչքան էլ սիրի նրան,- ասաց Ջոնը,- և իր ամուսնությունից հետո նա չի ցանկանա քեզ տեսնել մենակ, ես շատ կուզեի հանդիպել ու մոտիկից ճանաչել Մերիին:
-Դա իմ մտքով էլ անցել է, բայց առայժմ չեմ ցանկանում նրա հետ այս մասին խոսել… Թող դա մնա իր ամուսնությունից հետո:
Արուսը քայլեց դեպի դուռը:
-Ցտեսություն, պարոն Ջոն:
Ջոնն անխոս վեր կացավ տեղից, դռան մոտ հասավ Արուսին ու նրան գրկելու անհագ ցանկություն զգաց: Նախկինում հաճախ նույն կերպ մոտենում էր Ալիսին, առնում բազուկների մեջ, ամուր սեղմում՝ շուրթերը հպելով կնոջ պարանոցին ու այդ դիրքով մնում երկար: Ալիսն ամեն անգամ տնքում էր, ցավից, թե՞ հաճույքից, ինքը չգիտեր: Ամուսնական երկար տարիների ընթացքում, բացի Ալիսից ուրիշ կին չէր եղել իր կյանքում: Իսկ, վերջին անգամ, հարևանուհու հետ թեև սկզբում ունեցավ խորթության նույն զգացումը, բայց դա երկար չտևեց, որովհետև նախաձեռնողի դերում ամերկուհին էր, նույնիսկ մտածելու ժամանակ չտվեց… ինքը միայն կիրք զգաց:
Իսկ հիմա առջևում կանգնած անխռով ու զարմացած հայացքով իրեն նայող կինը Ալիսը չէր… Օտար էր… Ինքը դեռ չգիտեր, թե ինչպես պիտի գրկի Արուսին: Ձեռքերն անվստահ առաջ բերեց, բայց շփոթված հետ քաշեց ու ասաց.
-Bye… Ցտեսություն, Արուսի՛կ:
* * *
Մերին խառնվածքով բնավ նման չէր մորը, շատախոս էր, չարահճճի, կատակասեր, ծիծաղկոտ: Դեմքով էլ նման չէր, Արուսից ավելի բոյով, քիչ նիհար, անթերի կազմվածքով՝ մի ինքնատիպ հայուհի: Աչքերը, սակայն, ասես մոր աչքերի պատճենը լինեին, այն տարբերությամբ միայն, որ Մերիի աչքերի խորքում չէր նշմարվում Արուսի աչքերում բույն դրած մշտական թախիծի արտահայտությունը:
Ջոնը Մերիին առաջին անգամ հանդիպեց իրենց տան մոտ: Եկել էր իր հալեպահայ նշանածի հետ՝ մորը վերցնելու հարսանեկան գնումների համար: Իմանալով նրա գալու մասին, Ջոնը Արուսի հետ դուրս եկավ փողոց: Տեսնելով Ջոնին՝ Մերին իջավ մեքենայից, մոտեցավ ու քաղաքավարությամբ ներկայանալուց հետո՝ ասաց.
-Կներեք, մամային առևանգում եմ ժամանակից շուտ:
-No problem,-պատասխանեց Ջոնը,-ձեզ հաճելի shopping եմ մաղթում:
-Գիտե՞ք, հագուստի պահով նշանածս շատ անճաշակ է, ստիպված եմ մամային հետս տանել ամեն տեղ: Կարծում եմ բոլոր տղամարդիկ կանացի հագուստների խնդրում ճաշակ չունեն:
-Մերի՛,-ասաց Արուսը սաստող ձայնով:
-Իրավացի եք,- ասաց Ջոնը ժպտալով:
Մերիի նշանածը ևս դուրս եկավ մեքենայից, բայց մոտ չեկավ, ողջունեց գլխի շարժումով ու կռնթած մեքենայի դռանը նույնպես ժպտաց:
-Մա՛մ, ճիշտ եմ ասում, երեկ Սևակը մի դեղին գույնի անճոռնի շոր էր հավանել, պետք է տեսնեիր, ժանյակներով ու փերթ-փերթ ծալերով, ձրի տան, չեմ հագնի…
-Լա՛վ, լա՛վ, բավական է,-ասաց Արուսը:
«Ինչպես չսիրես այսպիսի կենսախինդ աղջկան,- մտածեց Ջոնը նրանց մեկնելուց հետո,-է՜հ, անհոգ երիտասարդություն… Ինչքան արագ է անցնում ժամանակը»:
Վերջին օրերին տրամադրությունը հաճախ ընկնում էր. ընկերների հետ հանդիպումներն ու խոսակցությունները դարձել էին միանման, տաղտկալի: Նրանց հետ հանդիպում էր սովորությունից մղված: Դաստակի ցավը պատրվակ բերելով՝ մի քանի անգամ չգնաց թենիս խաղալու: Բացի բիզնեսից, որ առայժմ ընթանում էր նորմալ ընթացքով, և Նորայի ու թոռների հետ ունեցած հատուկենտ հանդիպումներից, Ջոնի կյանքում միակ լուսավոր կետը՝ Արուսն էր. սակայն իրենց հարաբերություններն ասես փակուղի էին մտել, չէր նկատվում որևէ առաջընթաց, թեև Արուսը չէր ասել մերժումի մի բառ անգամ: Դժվար էր թափանցել կնոջ հոգու խորքը: Ամեն անգամ, երբ թվում էր, թե մոտ է ցանկալի պահը, Ջոնը չէր հանդգնում վերցնել վճռական քայլը: Արուսը գլուխը կախ, մշտապես իր գործին էր ու ոչնչով չէր մատնում իր զգացմունքները:
Ջոնին թվում էր, թե խանգարիչ հանգամանքը Արուսին վճարելու փաստն է: Սկզբից սովորություն էր դարձրել՝ որոշված գումարը ծրարով դնում էր խոհանոցի սեղանի վրա: Իսկ Արուսը, հակառակ իր խնդրանքին, շարունակում էր ներկայացնել գնումների քարտի մանրակրկիտ հաշվետվությունը, ինչը հաճախ հիշեցնել էր տալիս իրենց դիրքերի ներկա կացությունը, որ պատնեշի պես ցցվել էր իր ու Արուսի միջև: Նորան այնպես էլ չընդառաջեց հոր՝ սպասուհի գտնելու ցանկությանը: Ջոնն էլ չէր պնդում, որովհետև վախենում էր, որ դա Արուսի կողմից կընկալվի որպես պարտադրանք՝ ենթարկվելու իր ցանկությանը, ինչը հնարավոր է խրտնեցներ նրան:
Հիմա էլ ալարում էր հագուստները փոխել ու պատրաստվել միանալ ընկերներին: Թեև հաճույք զգաց Մերիի և Սևակի հետ հանդիպումից, բայց կրկին զգաց նույն խորթությունը, երբ գրկելու ցանկությամբ մոտեցել էր Արուսին: «Նա իրավացի է,-մտածեց ցավով,- ինձ միայն հետաքրքում է ինքը՝ Արուսը»: Ասես առաջին անգամ ընկալեց կնոջ շրջապատի առկայությունը. անծանոթ մարդիկ, որոնք պիտի լինեին իր կյանքում իրենց մշտական ներկայությամբ, իրենց հոգսերով ու խնդիրներով: Իր աշխարհից բացի, ինքը պիտի պատկաներ նաև մի ուրիշ աշխարհի: Արդյո՞ք պատրաստ էր դրան: Ի՞նչ գործ ուներ Արուսի, Մերիի, Սևակի և մյուսների հետ, որտեղի՞ց նրանք հայտնվեցին իր կյանքում…- հարցեր, որոնք շամփրեցին Ջոնի գիտակցությունը՝ երկմտություն սերմանելով հոգում: Ակամա բացեց պահարանը, որպեսզի փոխելով հագուստները, ինչքան հնարավոր է շուտ միանար ընկերներին, իր աշխարհին, բայց հոգնած փլվեց մահճակալի եզրին ու աչքն ընկավ պատից կախված Ալիսի մեծադիր լուսանկարին: Արուսի հայտնվելուց հետո գնալով կրճատվում էին իր ու Ալիսի երկխոսությունները:
Ջոնը ցնցվեց, երբ մտքում դարձյալ հնչեց Ալիսի ձայնը:
-What’s up man!
-Չգիտեմ, ինքս էլ չգիտեմ…
-Շատ չե՞ս բարդացնում ամեն բան: Ինչո՞ւ չես խոստովանում, որ սիրում ես այդ կնոջը, կարոտում:
-Ե՞ս, սիրե՞լ, ծիծաղելի բաներ ես ասում: Ես միայն քեզ եմ սիրել:
-Էլի նույնը: Ի՞նչ օգուտ այդ սիրելուց, երբ ես այլևս չկամ քո կյանքում:
-Կաս իմ հոգում ու սրտում:
-Այդ երբվանի՞ց ես այսքան ռոմանտիկ դարձել: Կենդանությանս օրով գոնե մի անգամ նման բան չես ասել ինձ: Ուշք ու միտքդ եղել են բիզնեսդ ու ընկերներդ: Միշտ էլ տղամարդիկ տարբեր են ամուսնանալուց առաջ և հետո:
-Ուզում ես ասել նույնը կպատահի Արուսիկի՞ դեպքում:
-Ոչ, առայժմ հակառակն է, մինչև այժմ նույնիսկ սիրտդ չես բացել նրա առջև, վախենում ես: Ճառեր ասելով չես նվաճի ուզած կնոջ սիրտը: Այր և կնոջ միմյանց կապող օղակը love-ն է, որ չի ճանաչում ոչ գույն, ոչ դիրք, ոչ տարիք, ոչ էլ ուրիշ արգելք:
-Մարդիկ քի՞չ են միանում առանց love-ի, մղված այլ գործոններից:
-Միանում են, բայց կեղծ միասնությամբ, ինչը ենթակա է փլուզման առաջին իսկ առիթով, բավական է ոչնչանա նրանց կապող գլխավոր ազդակը: Արուսիկը շատ լավ է հասկանում դա: Նա քեզ համակրում ու սիրում է, բայց չի համարձակվում անցնել կարմիր գիծը, քեզ պահում է որոշ տարածության վրա:
-Մի՞թե նրան չի գրավում հանգիստ ու բարեկեցիկ կյանքի հեռանկարը:
-Ինչ է, դու ուզում ես առևտուր անել, թե՞ ապրել նրա հետ:
-No, no, ասածս այն է, որ կանանց միշտ էլ գրավում է հարուստ ու շքեղ կյանքը:
-Իհարկե, նրան էլ գրավում է, բայց նա չի վստահում, վախենում է, որ նորից կհայտնվի կոտրած տաշտակի առջև… Այն էլ օտար երկրում, մեն մենակ: Կանայք ավելի հեռատես են…
-Գիտե՞ս ինչ, ինձ չի լքում խորթության զգացումը, երևի քո հիշատակն է խանգարում, այլապես ավելի հաստատակամ կլինեի:
-Ոչ միայն դա: Դուք տարբեր մշակույթների տեր մարդիկ եք. դու ի՞նչ գիտես նրանց մասին: Նույն լեզվով խոսելը, այն էլ կիսատ-պռատ, բավական չէ:
-Բայց դա ի՞նչ կարևոր է այր ու կին հարաբերություններում:
-Մի րոպե, իսկ քո պատկերացմամբ ինչպե՞ս պիտի լինեն այր և կին հարաբերութոյւնները, այն, որ կինը առավոտից գիշեր աշխատի տանը և քեզ ծառայի անկողնում, երբ սիրտդ քաշո՞ւմ է:
-Ես նկատի ունեմ միմյանց հետ խոսելը, լեզուն, ասածդ մշակութային տարբերությունների կարևոր լինել-չլինելու հանգամանքը:
-Այնուամենայնիվ, կմնա խորթության զգացումը: Տե՛ս, ուրիշը լիներ Արուսիկի փոխարեն, վաղուց ծոցդ էր մտել… Գոնե մի անգամ խորհել ես, թե ինչու նա չի ընդառաջում քո ցանկությանը:
-Երևի սիրտը չի ուզում, ինձ չի համակրում, don’t know…
-Այդքան միամիտ մի եղիր, նա էլ կին է, ամուսնուց բաժանված միայնակ կին, սիրտը ուզում է, գուցե քեզանից շատ, բայց նրան հետ են պահում իր հայացքները, որոնք մարմնավորվել են նրա մեջ իր միջավայրի ազդեցության շնորհիվ, նա այդպես է դաստիարակվել, հասակ առել: Հասկացի՛ր, նա ինչքան էլ ազատամիտ հայացքների տեր լինի, էլի ամերիկացի հարևանուհիդ չի, որ հանուն իր անձնական հաճույքի, անտեսելով ամեն դրույթ, հո՛պ, թռնի գիրկդ…
Ջոնը վեր կացավ մահճակալից, ուզեց պատրաստվել դուրս գնալու համար, բայց փոշմանեց: Բջջայինով կապվեց Արթուրի հետ և հայտնեց, որ չսպասեն իրեն, չի գա: No, no, վատառողջ չէ, պարզապես տրամադրություն չունի: Պատկերացրեց ընկերների զարմացական արտահայտությունը, երևի մեկը կասի՝ «Էս տղեն սիրահարվել է»:
Իսկ գուցե, իրոք սիրահարվե՞լ է: Այլապես, ինչո՞ւ է այսքան կարոտում, այսքան ձգտում մշտապես իր կողքին ունենալ Արուսին, երբ դա հղի է նոր և անծանոթ մարդկանց հետ շփվելու գլխացավանքնով ու անկանխատեսելի հետևանքներով: Ինչո՞ւ Ալիսի մահից հետո, երկար ժամանակ, երբ ոչ մի հետաքրքություն չէր ցուցաբերում կանանց հանդեպ, հիմա այսպես, մի խամ պատանու նման, ուշքն ու միտքը այդ կինն է դարձել, խուսափում է ընկերներից, դարձել է մելամաղձոտ…
Եղավ մի պահ, որ Ջոնը վճռեց այլևս գործ չունենալ Արուսի հետ: No, չի հեռացնի աշխատանքից, թող գա աշխատի… Վարժվել է նրան, սակայն այլևս չի արծարծի միասնական կյանքի թեման, կխոսի միայն առօրյա ու տան հետ կապված կենցաղային հարցերի շուրջ:
Սակայն հաջորդ ակնթարթին, նա վերցրեց բջջայինը և այն ժամանակ միայն հասկացավ, որ զանգել է Արուսին, երբ լսեց նրա կրծքային ձայնը.
-Բարև ձեզ, պարոն Ջոն:
-…Hi, Արուսի՛կ, ո՞նց ես:
-Շնորհակալ եմ, դուք ո՞նց եք, բա՞ն է պատահել:
-No, no, ամեն բան կարգին է, ուղղակի զանգեցի… Որ վերցնեմ տան հասցեդ, կասե՞ս գրեմ:
-Սիրով, բայց դա ձեր ինչի՞ն է պետք:
-Դե, մտածեցի… Ըըմ… Շաբաթ երեկո է, գամ քեզ վերցնեմ, գնանք միասին ընթրելու:
-Մի՞թե տանն եք:
-Հա, չգնացի տղերքի մոտ, հասցեդ ասա:
Արուսը ասաց հասցեն:
-Thanks, պատրաստվիր, այդտեղ կլինեմ մի կես ժամից:
— -Բայց ես չասացի…
— Կարիք չկա բան ասելու, խնդրում եմ սպասիր ինձ դռան առջև:
Ջոնն անջատեց կապը: «Իսկ ես որոշել էի գործ չունենալ նրա հետ,-զարմացած մտածեց,-ինչո՞ւ զանգեցի, իսկ եթե չգա…»:
Սկսեց եռանդով պատրաստվել: Կես ժամ անց նա մեքենան արգելակեց իր առանձնատնից ոչ շատ հեռու՝ բնակարանային մի համալիրի բաց շքադռան առջև: Արուսը այնտեղ չէր: Ամառային գաղջ երեկո էր. կարճ թևերով, դեղին «T-շըրթը» և բաց գույնի տաբատը Ջոնին երիտասարդացրել էին: Նա իջավ մեքենայից ու պատանու ավյունով մի քանի աստիճան բարձրանալով՝ կանգնեց դռան կողքի պատին զետեղված խցատուփի առջև: Շենքում մեծ մասամբ հայեր էին բնակվում, որոնցից ոմանք՝ տարօրինակ ազգանուններով: «Ամեն տեղից գաղթել են, եկել լցվել էս անտեր երկիրը»,-մտածեց: Գտավ Արուսի համարը և պատրաստվում էր սեղմել կոճակը, երբ կողքից լսեց Արուսի ձայնը:
-Պարոն Ջո՛ն:
Ջոնը շրջվեց, առջևում կանգնած էր Արուսը: Նա թեթև շպարված էր, հագել էր ծնկից քիչ վեր, սև գույնի կիպ, անթև շրջազգեստ: Հարթ մազերը հավաքել ու գեղեցիկ գունդ էր արել գլխի վերևում՝ ցուցադրելով ճերմակ պարանոցը, ինչը նրան տալիս էր կանացի հատուկ հմայք: Հասակը, շնորհիվ բարձրակրունկների, սովորականից ավելի բարձր էր երևում: Ջոնը առավ նուրբ օծանելիքի անուշ բույրը և ոտից գլուխ տնտղելով նրան՝ ասաց.
-Արուսի՛կ, շատ հմայիչ տեսք ունես…
Կինը ժպտաց:
-Հազիվ հասցրեցի, ուղղակի փոթորիկ եք, թույլ չտվեցիք նույնիսկ խոսել:
-Իսկ հատկապես ի՞նչ էիր ուզում ասել. շուտ կամ ուշ համաձայնվելու մասին է խոսքը, չէ՞, որ ես հանկարծ չմտածեմ, թե անմիջապես «այո» ասացիր…
Արուսը ծիծաղեց.
-Դուք կանանցից ակնկալում եք վարվել տղամարդկանց պես:
-Դրանում ի՞նչ վատ բան կա:
-Կինը՝ կին է, տղամարդը՝ տղամարդ:
Նրանք ընթրեցին քաղաքի լավագույն ռեստորաններից մեկում: Պարզ հագնվածքը, թեթև շպարն ու անկաշկանդ կեցվածքը կրկնապատկել էին Արուսի կանացի հմայքը: Խմիչքի ազդեցությունից նրա այտերը թեթև շառագունել էին՝ դեմքին տալով հրապուրիչ տեսք: Բայց ամենից շատ Ջոնին կախարդում էին Արուսի խոշոր, սև աչքերը, որոնց խորքում, այդ պահին, չգիտես գինո՞ւց, թե՞ …սիրուց,- Ջոնը ինչ- որ չէր հավատում,- ոչ միայն անհետացել էր թախիծի մշտական արտահայտությունը, այլև նշմարվում էր մի թովիչ փայլ: Կողքի սեղաններից երբեմն հայացքներ էին բևեռվում Արուսի վրա: Ջոնը ցնծում էր, նույնիսկ խանդ զգաց: «Ում մտքով կանցնի, որ սեղան եմ նստած սպասուհուս հետ»,-ժպտաց մտքում և մի անգամ ևս համոզվեց, որ իր որոշումը ճիշտ է. անհրաժեշտ է նոր սպասուհի գտնել և…
Նրանք խոսում էին տարբեր հարցերի շուրջ, որոնց գլխավոր առանցքը իրենց երեխաներն էին, Հայաստանը, հայերի արտագաղթի ցավալի երևույթը, թոռների ապագան և այլն:
-Արուսի՛կ, դու վերջապես ե՞րբ պիտի դիմես ինձ «դու»-ով,- հանկարծ ասաց Ջոնը ու պարզելով թևը՝ ափով ծածկեց սեղանի վրա հանգչող Արուսի ձեռքը: Կինը ձեռքը հետ չքաշեց:
-Դա պիտի լինի ինքանբերաբար, դուք իմ boss-ն եք, ինչ-որ չի ստացվում:
-Գոնե մի շեշտիր «պարոն»-ը, ուղղակի Ջոն ասա:
-Կաշխատեմ, պարոն Ջոն,-խոստացավ Արուսը ժպտալով:
Վերադարձի ճանապարհին, մեքենայի մեջ, երկուսն էլ լուռ էին ՝ տարված իրենց մտքերով: Ջոնը չէր ցանկանում շուտ ավարտել երեկոն, թեև բանականությունը հուշում էր, որ առաջին անգամվա համար, այսքանն էլ հերիք է. Արուսը չմերժեց, եկավ իր հետ, բայց ինքը չգիտեր, թե դա որքանով կփոխի իրենց հարաբերությունները. համոզված էր, որ վաղը ոչնչով չի տարբերվի նախորդ օրերից, այնպես, ինչպես եղավ իրենց առաջին լուրջ խոսակցությունից հետո: Ջոնի կարծիքով՝ իր խոփը քարին էր դեմ առել, չգիտեր, թե ինչպես դուրս գա այս անելանելի իրավիճակից, վախենում էր խոսք բացել միասին ապրելու մասին. ճիշտ է Արուսի շրթերից երբևէ չէր լսել ուղղակի մերժման խոսք, բայց ուղղակի չէր զգացվում նշանակալից առաջընթաց՝ ամեն բան արագ վերադառնում էր ելման կետին:
-Շնորհակալ եմ հաճելի երեկոյի համար,-ասաց կինը մեքենայից իջնելիս:
-Բարի գիշեր, Արուսիկ, bye:
-Բարի գիշեր… Ջո՛ն,-ասաց նա և արագ բարձրացավ աստիճաններով:
Ջոնը ժպտաց:
Նրան չէր լքում բավականության զգացումը, տուն էր վերադառնում ուրախ սրտով: Իրոք հոգնել էր ընկերական հանդիպումներից, մինչև ողնածուծը քաղքենիությամբ ու սպառողական հոգեբանությամբ տոգորված իր ընկերներից, որոնցից մեկն էլ ինքն էր: Հետադարձ հայացք ձգելով իր կյանքին, գալիս էր այն եզրակացության, որ ամեն բանից, նույնիսկ իր ընտանիքից ավելի՝ սիրել էր իր բիզնեսը, փողը. ավելին ունենալու մարմաջը խլացրել էր սրտի ձայնը, հոգում սերմանել մի յուրատեսակ էգոիզմ, որը աներևույթ պատի նման հարատևորեն կանգնած էր եղել իր ու հարազատների միջև: Կնոջ անժամանակ կորուստը մասամբ բացեց աչքերը, ասես նոր հասկացավ, թե ինչ է կորցրել: Իսկ Արուսի հայտնությամբ՝ սկսեցին ձևավորվել նոր արժեքներ. եթե նախկինում բարեգործական նպատակներով կազմակերպված միջոցառումներին բաժակ էր բարձրացնում ու շողոմաբար խմում ազգի կենացը, հիմա ավելի սրտանց էր կենտրոնանում հայրենիք, հայրենասիրություն, ձուլում և նման հասկացությունների վրա: Փոխվել էր իր նախկին արհամարհական մոտեցումը սոցիալապես ցածր դասակարգի հանդեպ: Երկու տարի առաջ ո՞վ կմտածեր, թե ինքը կհանդուրժի ու կձգտի կապվել մի սպասուհու հետ:
Ջոնը նորից ընկավ մտատանջության մեջ: Արդյո՞ք ճիշտ էր վարվում՝ շեղվելով իր սկզբունքներից և այն ուղուց, որով քայլել էր ողջ կյանքի ընթացքում հասնելով հանգստության ու բարօրության: Բայց հասե՞լ էր արդյոք, ինչի՞ է պետք իր ողջ կարողությունը, երբ ոչ միայն չունի լիարժեք ինքնազգացողություն, այլև այդ կարողությունը կայունացնելու և ընդլայնելու ամենօրյա մտահոգությունն ու սթրեսները ստվերում են իր բոլոր հաճույքներն ու ուրախությունները: Նախկինում, երբ Ալիսը կար, նա երբեք չէր խորացել հոգեկան ապրումների մեջ, չէր տվայտել, դա համարել էր տղամարդկային թուլություն, երբևէ չէր ընկալել այն փաստը, որ իր որդեգրած ուղիով հաստատակամ քայլելիս, ճիշտ է, Ալիսը եղել էր իր կողքին, բայց չէր եղել… իր հետ: Ինքը մենակ ողջ միտքն ու եռանդը կենտրոնացրել էր բացառապես իր բիզնեսի ու հաճույքների վրա, նույնիսկ չէր անդրադարձել, թե երբ և ինչպես աճեց Նորան. ինքը եղել է և մնում է հոգատար հայր… միայն փողով: Արուսը խելացի է, նա հասկացել է, որ ապրելով իր հետ, այն էլ առանց օրինական կապի, իրականում չի փոխվի իրենց ներկա՝ սպասուհի-բոս իրադրությունը, լոկ կավելանա անկողնում իրեն սպասարկելու պարտականությունը… Իսկ մի՞թե այլ է այր ու կին միատեղ կյանքի բանաձևը, սրանից ավել ի՞նչ պիտի ակնկալել տղամարդուց… Բան ու գործը թողած՝ ինչո՞ւ շարժվել սրտի թելադրանքով:
Հասնելով տուն, Ջոնը ծուլացավ փոխել հագուստները, նստեց իր սիրելի ճոճաթոռին, միացրեց հեռուստացույցն ու ձեռքը վերցրեց վիսկիի բաժակը. մտքերը տարերայնորեն պտտվում էին Արուսի շուրջ: Սաստիկ կարոտում էր նրան:
-Տեսնես նա՞ էլ կարոտում է ինձ,-մտմտաց բարձրաձայն:
-Իհարկե կարոտում է, կին է, հո պատ չի,- մտքում հնչեց Ալիսի ձայնը:
-Այդ դեպքում, ինչո՞ւ… գլուխ չի գալիս… մեր…
-Քեզ արդեն ասել եմ՝ նա վախենում է:
-Իզուր, ինքդ էլ գիտես, որ ես երբեք չեմ լքի նրան:
-Հարցը միայն դա չէ, դու երբևէ մտածե՞լ ես, թե ինչպես ես նրան մասնակից դարձնելու քո ունեցվածքին:
-Այսի՞նքն:
-Այսինքն հո չե՞ս շարունակելու ամսական վճարել նրան,-Ալիսը ծիծաղեց,- ես անարգել օգտվում էի քո բոլոր կրեդիտ քարտերից:
— Ես…ըը՜մ… ես… մտածել եմ այդ մասին:
-Իսկ քեզանից հետո ինչ:
-Ինձանի՞ց հետո,- հարցրեց շշմած:
-Հա, դու էլ մի օր կգաս ինձ մոտ… Եթե նա ապրի քեզ հետ ոչ օրինական կապով, քեզանից հետո կմնա մենակ ու ձեռնունայն, հո չե՞ս պատրաստվում նրան էլ դասել ժառանգներիդ շարքը…
-Come on, ո՞վ է մտածում այդքան հեռուների մասին:
-Ո՞վ, հենց նա, կյանքի նոր անկյունադարձի սեմին կանգնած միայնակ կինը:
-Ուրեմն կանայք միայն շահադիտական նպատակներով են ամուսնանում, հա՞:
-Հասկացի՛ր, նա քսան տարեկան դեռատի օրիորդ չէ, որ խելքը գնա քո տեսքով: Ասենք, հիմա դեռատի օրիորդներին էլ ավելի շատ հետաքրքրում է փողն ու հանգիստ կյանքը…
-Բանից դուրս է գալիս, որ իմ ունեցվածքը ավելի շատ խանգարում է, քան օգնում…
-Գուցեև. որոշ կանայք մտավախությամբ են մոտենում հարուստ տղամարդկանց, չեն ցանկանում դառնալ միայն հաճույքի առարկա. դա յուրօրինակ արկածախնդրություն է, որին պատրաստ չի ամեն կին…
Ջոնը ընդոստ կանգնեց ու նորից նստեց. ինչպե՞ս չէր խորհել այս խնդրի մասին: Ալիսի մահը առիթ եղավ, որ մահվան անխուսափելիության գաղափարը կարճ ժամանակով սողոսկի նաև իր գիտակցության մեջ, հետո մոռացավ, որովհետև գլխում պտտվում էին իր ապագայի ծրագրերն ու անելիքները: Մահը մնացել էր հեռվում:
Ջոնը վեր կացավ ու սկսեց ետ ու առաջ քայլել սենյակում:
Ոչ օրինական կապի հանգամանքում ինչպիսի՞ չափորոշիչներ են առկա երկուստեք վստահության համար: Հաջողված ամուսնությունների պարագային խնդիրն այլ է: Ջոնը տեղյակ էր, որ իր գործարար ընկերներից ոմանք, այլևայլ պատճառներով, սահմանափակում են իրենց կանանց ձեռնհասությունը իրենց բանկային հաշիվներին: Ինքը լրիվ վստահում էր Ալիսին, բայց արդյոք նույնը կլինի՞ Արուսի դեպքում: Անշուշտ դժվար չէր նրա անունով ձևակերպել առանձին հաշիվ և ներդնել մի կլորիկ գումար, բայց, չէ՞ որ, դա նույնպես կկրեր ռոճիկի բնույթ՝ առանց կանոնավոր ժամկետի: Ո՛չ, եթե Արուսը ապրի իր հետ, կլինի՞ այնպես, ինչպես կար Ալիսի ժամանակ: Այդ դեպքում, ի՞նչն էր իրեն խանգարում ամուսնության առաջարկ անել Արուսին… Սկզբունքի հա՞րց է, թե՞ կան ավելի խոր պատճառներ, որոնցից մեկը թեկուզ Ալիսի…ներկայությունն է: Ուրեմն չպիտի մեղադրել Արուսին, նա իր կանացի բնազդով զգում է, որ ինքը տատանվում է: Այստեղ ունեցվածքի կամ ժառանգության հարց չկա, Ալիսը սխալվում է…
«Տեսնես, եթե ես ոչինչ չունենայի, Արուսիկը կուզե՞ր ապրել ինձ հետ»,-հանկարծ անցավ մտքով և այդ միտքը պատճառ դարձավ, որ Ջոնը դադարեց ետ ու առաջ քայլել ու հոգնած նստեց ճոճաթոռին: Եթե հարուստ չլիներ, Նորան չէր գտնի Արուսիկին, նա չէր գա աշխատելու և ինքը չէր… սիրահարվի նրան: Այսպես է դասավորվել, իսկ կյանքը պատահականությունների շղթա է: Ահավասիկ խնդրի հանգույցը: Զուր են ասում, որ հարստությունը մարդուն կպած չէ, փաստը մնում է փաստ, մարդիկ իրեն ճանաչում են որպես մի հաջողակ գործարար, մնում է պարզել, թե Արուսիկին գրավում է Ջոնը ինքը, թե՞ իր կարողությունը: Կամ գուցե երկուսը միաժամանակ: Այսօրվա հանդիպումից հետո նա կասկած չուներ, որ Արուսիկը լավ է տրամադրված իր հանդեպ. ձեռքը հետ չքաշեց ու իրեն Ջոն ասաց… Ամեն բանից հետո, նա դեռ չի տվել իր համաձայնությունը: Ուրեմն չպիտի վազել ժամանակից առաջ, պիտի թողնել, որ դա հոսի իր բնականոն հունով:
* * *
Ճոխ և շքեղ էր Մերիի հարսանիքը: Բարեզարդ ու գեղեցիկ սրահում հատկանշական երևույթ էր զանազան երկրներից ԱՄՆ գաղթած սփյուռքահայերի խայտաբղետ բազմությունը. Ջոնը լսում էր տարբեր հայերեններ, տարբեր ժարգոններ ու առոգանություններ՝ hամեմված օտար բառերով՝ անդիմագիծ հայի և հայերենի մի խառնարկություն: Դժվար չէր դեմքերի միջոցով իրարից տարբերակել օտար երկրներից գաղթած հայերին, որոնք կրում էին իրենց ապրած երկրների դրոշմը: Ավելի «հայ» էին հայաստանցիները, թեև օտարներին նմանվելու ճիգն ակնհայտորեն արտահայտված էր հայ կանանց ընդօրինակումների մեջ, ինչի արդյունքում երբեմն դժվար էր նրանց տարբերել սրահում գտնվող սակավաթիվ օտարազգիներից: Ազգային ոգով ճառերի կամ «հայրենասիրական» կենացների ժամանակ, Ջոնը շատ էր լսել «ուծացում» կամ «ձուլում» բառերը, բայց երբեք չէր խորացել դրանց ցավալի իմաստի մեջ: Հիմա ասես դա ցցվել էր աչքի առաջ. սրահում ներկա հասարակությունը փոքրիկ ածու էր, որ ներկայացնում էր հայկական տխուր իրականության ամբողջական պատկերը՝ նոր գաղթօջախի տարածքում: «Ձուլում չէ, զուլում է»,-մտածեց դառնությամբ և այն մասին, որ ինքն էլ աղավաղված հայի մի տիպար է:
Թվով ճնշող մեծամասնություն էին կազմում Սևակի հարազատներն ու բարեկամները: Հարսի կողմից ներկա էին միայն Արուսի և Մերիի արտագաղթած հեռավոր ազգականներից մի քանիսը, ընկեր-ուհիներ, Նորան՝ ընտանիքով ու Ջոնը:
Ջոնը մոտեցավ, շնորհավորեց Մերիին ու Սևակին, մի ոսկե ապարանջան նվիրեց Մերիին, ծանոթացավ ու զրուցեց Սևակի հոր հետ, որ զարդեղենի վաճառական էր: Ալիսի մահից հետո առաջին անգամ էր ներկա գտնվում հայկական հարսանիքի: Ներկաներից շատ քչերը գիտեին, որ Արուսը աշխատում է Ջոնի տանը: Երեկույթի ընթացքում Ջոնը փորձում էր չնայել Արուսի կողմը, որպեսզի նա իրեն հանգիստ զգա, բայց հայացքն ինքնաբերաբար թեքվում էր դեպի նա: Մեկ շաբաթից ավելի չէր հանդիպել Արուսին, որ Մերիի հարսանիքի պատճառով արձակուրդ էր խնդրել. նա շատ էր գեղեցկացել տոնական hագուկապի մեջ. Ջոնը կարոտ զգաց: Ի վերջո, չկարողանալով զսպել իրեն, վեր կացավ, մոտեցավ ընկերուհիների հետ նստած Արուսին ու նրան հրավիրեց պարի: Արուսը հոժարակամ ձեռքը դրեց Ջոնի ափի մեջ: Տանգոյի ռոմանտիկ հնչյունների տակ, նրանք ձուլվեցին իրար. Ջոնը չզգաց խանգարիչ խորթության զգացումը և դա վերագրեց այն բանին, որ այս լրիվ անծանոթ շրջանում, բացի Նորայենց ընտանիքից, Արուսը իրեն մոտիկ միակ մարդն էր: Պարը ստացվում էր. Ջոնին թվում էր, թե շատ անգամներ է գրկել Արուսի բարակ իրանը, հպվել նրա կրծքին, զգացել Արուսի սրտի թրթիռն ու մարմնի թեթև դողը: Այդ պահին այնքան ջերմ, այնքան մոտիկ էր Արուսը, որ Ջոնը մի ակնթարթ մոռացավ իրենց ով լինելն ու կորցրեց իրականության զգացումը: Այդ ակնթարթը մի ամբողջ հավերժություն թվաց Ջոնին: Այնուամենայնիվ, դա չխանգարեց, որ Արուսի ուսի վրայով չնկատի նրա ընկերուհիների՝ իրար հետ փոխանակած բազմանշանակ հայացքներն ու եռանդագին քչփչոցը…
-Արուսի՛կ,- պարի ընթացքում շրթունքները հպելով նրա ականջին Ջոնը շշնջաց,- չէի ուզի այս գիշեր դու մենակ մնաս տանը, միասին կգնանք մեր տուն:
Արուսը շեղ նայելով Ջոնի աչքերին՝ իրեն հատուկ սարկազմով ասաց.
-Միայն այս գիշե՞ր:
Երկուսն էլ ծիծաղեցին:
-Թեկուզ միայն այս գիշեր,-ասաց Ջոնը:
-Ես արձակուրդի մեջ եմ,-ասաց Արուսը ժպտալով:
-Սա համարիր emercency case,-ասաց Ջոնը նույնպես ժպտալով:
-Ցավում եմ, Ջոն, արդեն պայմանավորվել եմ ընկերուհուս հետ… Նա գիշերը կմնա ինձ մոտ:
Արուսին դեպի իր աթոռն ուղեկցելիս Ջոնը մտքով փնովում էր իրեն. «Ինչպես ժամանակին չմտածեցի…»:
Հոր պարելը Արուսի հետ անարձագանք չմնաց նաև Նորայի կողմից:
-Պապ, երևում է շատ են խորացել ձեր հարաբերությունները,- բացահայտ հեգնանքով ասաց նա:
-Ինչ է, քեզ դուր չի՞ գալիս:
-Խնդիրը դա չի, բոլորը ձեզ էին նայում:
-Նայեն, ինձ ինչ:
-Պապ, գոնե մտածիր Արուսի մասին, միայնակ կին է, քո սպասուհին, մարդիկ ի՞նչ կմտածեն նրա մասին:
-Մարդիկ կլռեն, երբ նա ապրի ինձ հետ…
-Ոչ, դա նոր ասեկոսեների պատճառ կդառնա:
-Կարևոր չէ, կարևորը Արուսի համաձայնությունն է:
-Ուրեմն դու հաստատ որոշել ես…
-Այլ տարբերակ չեմ տեսնում,- քիչ նյարդայնացած և մի այնպիսի կտրուկ տոնով ասաց Ջոնը, որ Նորան շշմած լռեց:
Մերիի ցանկությամբ նորապսակ զույգը մեկնելու էր Երևան՝ այնտեղ անցկացնելու իրենց մեղրամիսը: Մերին փափագում էր հանդիպել իր ընկերուհիներին ու նրանց ծանոթացնել Սևակի հետ: Արուսը այնքան էլ համամիտ չէր Մերիի որոշման հետ. լուրեր էին պտտվում, որ Զավենին տեսնող է եղել Երևանում: Մայրական բնազդը հուշում էր, որ Մերին տեղյակ է այս մասին ու Երևան գնալով՝ ուզում է նաև հանդիպել հորը: Դա Արուսի սրտովը չէր, թեև գիտակցում էր, որ ամուսնանալուց հետո աղջիկն այլևս չի պատկանում ծնողներին: Այս մասին Ջոնը իմացավ ավելի ուշ, օրեր անց:
Վերջին պահին, սրտառուչ էր Արուսի ու Մերիի բաժանումը: Նորան հուզվեց ու սրբելով արցունքը՝ ասաց.
-Ոմանց նման տեսարան չսարքեցին: Արուսը զուսպ ու կիրթ կին է…
Աղջկա այս դրական արտահայտությունը Ջոնը մեկնաբանեց որպես Նորայի կողմից համաձայնության նշան…
* * *
Ջոնին թվում էր, թե Մերիի մեկնելուց հետո, երբ Արուսը մենակ է մնացել, վերացել է վերջին արգելքն, ու արդեն մոտ է բաղձալի պահը: Ինքը նախ հանգամանորեն կխոսի Նորայի հետ և վստահաբար կստանա դստեր հավանությունը. կխնդրի, որ մի սպասուհի գտնի, որպեսզի Արուսը վերջապես գիտակցի իր տանտիրուհի լինելու հանգամանքը: Այնուհետև կխոսի Արուսի հետ, Ջոնը համոզված էր, որ բոլոր հարցերում իրենք կհասնեն ընդհանուր հայտարարի, դա զգացվում էր Արուսի վերջին օրերի կեցվածքից ու…աչքերից: Արուսը վերջնականապես կտեղափոխվի իր առանձնատունը և կազատի զբաղեցրած բնակարանը:
Սակայն դեպքերն այլ ընթացք ստացան:
Արձակուրդից հետո, հենց առաջին հանդիպմանը Ջոնը զգաց, որ մի բան այն չէ՝ Արուսը հոգնած ու մտախոհ էր երևում. դա վերագրեց Մերիի բացակայությանը և չտեսնելու տվեց: Նախ շնորհակալություն հայտնեց հարսանիքի կապակցությամբ, ասաց, որ ամեն բան հիանալի էր, ինքը մեծ հաճույք է ստացել և հետաքրքվեց Մերիի ճամփորդությամբ:
Արուսն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց հրավերը չմերժելու, ներկա գտնվելու և գեղեցիկ նվերի համար:
-Համարյա ամեն օր կապվում ենք:
-Դե, շատ ուրախ եմ,- ասաց Ջոնը և ուշադիր նայելով Արուսի աչքերի խորքը՝ հարցրեց,- բա՞ն է պատահել, տխուր ես երևում:
Արուսը լռում էր. նրա աչքերի անկյուններում կաթիլներ հայտնվեցին:
-Արուսի՛կ, խոսի՛ր, հուսով եմ Մերիին բան չի պատահել:
-Չէ, նա իրեն շատ երջանիկ է զգում Երևանում:
-So, what?!
-Մերին Երևանում հանդիպել է Զավենին:
-Զավենն ո՞վ է:
-Նախկին ամուսինս:
-Ամուսի՞նդ, ուրեմն վերադարձել է Ռուսաստանից:
Արուսը գլխով դրական շարժում արեց:
Ջոնն ընկավ մտածմունքի մեջ:
-Լավ, ասենք հանդիպել է, աշխարհի վերջը չէ,- ասաց նա,- Մերին հիմա ամուսնացած կին է:
-Հարցը դա չէ, զավակները ավելի հեշտ են ներում ընտանիքին լքած հորը… Նրանք չեն զգում ժամանակի անջրպետը, որովհետև չեն տառապում մենակ մնացած ու հոգսերով ծանրաբեռնված մոր պես, իհարկե, զգում են հոր պակասը, կարոտում, բայց այդ ընթացքում կա դպրոց, կան ընկեր-ընկերուհիներ, զբաղմունքներ…
-Այնուամենայնիվ, ի՞նչ վատ բան կա դրանում, ասենք Մերին ներեց հորը:
-Ներում է, ների, բայց չգիտեմ ինչպիսին կլինի նրա տրամադրությունը վերադառնալուց հետո:
-Ուզում ես ասել,- Ջոնի ձայնը դողաց,-որ նա արգե՞լք կդառնա իմ ու քո կապին:
-Ոչ միայն դա,-Արուսը գլուխն իջեցրեց:
-Արուսի՛կ, զարմանում եմ, take it easy, Մերին ապրելու է իր կյանքով, դու՝ քո: Այստեղ ի՞նչ կարևոր է Մերիի տրամադրությունը կամ…համաձայնությունը:
— Ես երբեք չեմ կարող ինձ երջանիկ զգալ, եթե նա երես թեքի ինձանից:
-Իսկ ինքդ ի՞նչ,-Ջոնը մռայլվեց,- գուցե դու էլ պատրաստվում ես ներել ամուսնուդ:
Արուսը բարձրացրեց աչքերն ու հրացայտ հայացքով նայեց Ջոնին.
-Ինչպե՞ս է նման բան անցնում քո… Ձեր մտքով,-ասաց նա վրդովված,-ես ինչպես կարող եմ ներել մեկին, որ կյանքս դժոխքի վերածեց: Կյանքիս լավագույն տարիներն անցան մի կտոր հաց վաստակելու ու Մերիին մեծացնելու հոգսերի մեջ: Ոչ ոք, ոչ ոք չի հասկանա միայնակ կնոջ ապրումները, երբ երիտասարդ տարիքում ամուսինը լքում է նրան նորածին երեխայի հետ ու անհետանում…
-Ների՛ր, Արուսիկ,- ասաց Ջոնը շփոթված,-ես չէի ուզում քեզ վիրավորել, ուղղակի… Հիմա… Ի՞նչ պիտի անենք:
-Եսիմ, պիտի… սպասեմ Մերիի վերադարձին:
Բաց, ուսակապերով շրջազգեստով ու պոչ արած մազերով, խռովկան երեխայի պես շրթունքները հավաքած՝ Արուսը թողնում էր փոքրիկ աշակերտուհու տպավորություն: Այդ պահին, նա այնքան հմայիչ էր, որ Ջոնը զույգ ափերով բռնելով Արուսի այտերը ջերմությամբ ասաց.
-Ամեն բան լավ կլինի, Արուսի՛կ, don’t worry!
Ջոնը չգիտեր, որ ինքն էլ քիչ անց պիտի հայտնվի հոգեկան ծանր ապրումների մեջ:
Իր առևտրական հիմնարկի դռնից ներս մտնելիս՝ նա զարմանքով ընկալեց տիրող արտասովոր մթնոլորտը. բոլորը իրարանցման մեջ էին: Ջոնին արագ մոտեցավ ֆինանսի տնօրենը և զեկուցեց այն մասին, որ մեծ խուճապ է սկսվել Ուալ Սթրիթի ֆոնդային բորսայում: Ջոնը սկզբում հանկարծակիի չեկավ, որովհետև նա էլ շատ գործարարների պես տեղյակ էր, որ նախորդ տարվանից սկսված՝ տնտեսական ճգնաժամի հետևանքով ամպեր են կուտակվում աշխարհի ամենամեծ ֆինանսական հարթակի վրա: Սակայն նա ևս չէր կանխատեսել, թե ինչ վիթխարի չափեր կընդունի ցունամիի վերածված տագնապը, որը դուրս գալով Ամերիկայի սահմաններից սպառնում էր տարածվել ողջ աշխարհում: Բայց երբ աչքի անցկացրեց արժեթղթերի ինդեքսը, ասես ծոծրակի մեջ ասեղներ խրեցին: Ոչնչանում էր արժեթղթերի ձևով իր կարողության մեծ մասը: Դուրս էր գալիս, որ տարիներ շարունակ աշխարհի առաջատար բորսաներում իր նման ընկերությունները և այլ ֆինանսական կառույցներն ու կազմակերպությունները մեկը մյուսից գնել ու վաճառել են բաժնետոմսեր և այլ արժեթղթեր, որոնք իրականում ոչնչով ապահոված չէին:
Ջոնը գունատվեց ու սրտի շրջանում սուր ծակոցներ զգաց: Նրան ինչ-որ հանգստացնող հաբեր տվեցին: Չէին դադարում հիմնարկի հեռախոսների զանգերը, ինչը ներվայնացնում էր Ջոնին: Զանգում էին իր գործընկերները, նույնիսկ արտասահմանից: Պատասխանները նմանօրինակ էին. «Դեռ ոչինչ հայտնի չէ», «Դեռ բոսը որևէ որոշում չի կայացրել», «Կկապվենք շուտով» և այլն: Ջոնը չէր կորցնում հույսը, բայց բնազդաբար զգում էր, որ բորսայի այս անգամվա անկումը իրեն կտանի դեպի կործանում, եթե ինքը չդիմի կտրուկ քայլերի: Սակայն խնդիրը շատ ավելի լուրջ էր, ստեղծվել էր մի այնպիսի իրավիճակ, մասնավորապես բանկային համակարգում, որ փրկության համար արվող յուրաքանչյուր քայլ, հանդիպելով անսովոր խոչընդոտների՝ ուղղակի անօգուտ կամ սխալ էր համարվում: Ջոնը փակվեց ֆինանսների տնօրենի հետ ու երկար ժամանակ ապարդյուն քննարկում էին տվյալ դրությունից դուրս գալու հնարավոր տարբերակները: Նա սրտի խորքում դեռևս մի փոքրիկ հույս էր փայփայում, որ ճգնաժամը երկար չի տևի և ամեն բան կընկնի բնականոն հունի մեջ: «Մի կերպ կդիմանամ,-մտմտում էր նա,- մինչև փոթորիկն անցնի»: Մխիթարվում էր լոկ նրանով, որ ճգնաժամը գլոբալ է և մենակ ինքը չէ, որ հայտնվել է անդունդի եզրին:
Այդ օրը Ջոնը տուն վերադարձավ ժամանակից ուշ: Մեքենան վարում էր հիմնարկի վարորդը: Արուսը, որ Մերիի գնալուց հետո շտապելու շարժառիթ չուներ, դեռ չէր գնացել և խոհանոցում զբաղված էր ընթրիքի պատրաստությամբ: Խոհանոցի պատուհանից երևում էր տնամերձ կանաչ տարածքը, դեպի դուռը ձգվող արահետն ու փողոցի երկայնքով դեպի երկինք խոյացած վայրի արմավենիների շարքը: Ջոնին տեսնելով վարորդի հետ՝ Արուսը զարմացավ. Ջոնը առհասարակ սիրում էր ինքը վարել մեքենան: Հազվադեպ էր վերցնում վարորդին: Բայց նրա զարմանքը կրկնապատկվեց, երբ տեսավ Ջոնի ընկճված դեմքը. մարդը կուչ էր եկել, փոքրացել:
-Դեռ չե՞ս գնացել,- ներս մտնելով՝ ծռմռված ժպիտով ասաց Ջոնը: Չկար այն ջերմությունը, որով նա միշտ մոտենում էր Արուսին, երբ աշխատանքից վերադառնալիս նրան գտնում էր տանը:
-Ջո՞ն, ի՞նչ է պատահել,- հարցրեց Արուսը չկարողանալով ծածկել զարմանքն ու անհանգստությունը:
Ջոնի դեմքին գույն չկար. խղճալի հայացքով նայեց Արուսին, ուզեց ինչ-որ բան ասել, բայց ձեռքը թափ տվեց՝ հոգնած ու վհատ, բազմոցին նետեց ձեռքի պայուսակն ու բարից վերցնելով վիսկիի կիսատ շիշը՝ փակվեց իր սենյակում:
Արուսը շվարած նայում էր փակ դռանն ու չգիտեր ինչ աներ: Հանեց գոգնոցն, ուզեց հեռանալ, բայց վերջին պահին փոխեց մտադրությունը:
Չէր անցել կես ժամ, երբ հանկարծ Ջոնի սենյակից լսվեց շշի կոտրվելու ձայն, տնքոցներ, անգլերեն ու հայերեն կցկտուր բառեր:
Անհանգստանալով՝ Արուսը զգույշ բացեց դուռն ու ներս մտավ: Ջոնը շորերը հագին, կոշիկներով պառկած անկողնում, զառանցում էր: Մահճակալի աջ պատը լաքայոտվել ու փոս էր ընկել վիսկիի շշի հարվածից: Հատակին ընկած էին շշի բեկորները: Լաքան փոքր էր, ինչը վկայում էր այն մասին, որ Ջոնը դատարկ ստամոքսով խմել էր շշի եղած պարունակության մեծ մասը: Ստուգեց զարկերակը, սիրտը աշխատում էր թույլ, բայց կանոնավոր: Ջոնի քրտինքով պատած Ճակատն այրվում էր ջերմությունից, ինչը մասամբ կարելի էր վերագրել խմիչքի չարաշահումին: Ոչինչ չէր հասկացվում նրա խառը զառանցանքից. անդադար հոլովվում էին ֆինանսական տերմիններ, բանկի անուններ, շատ էին կրկնվում collaps, stock բառերը: Արուսը նախ հանեց Ջոնի կոշիկներն ու գուլպաները, բացեց փողկապն ու մի կերպ հանեց շապիկն ու տաբատը: Այդ ընթացքում Ջոնը միայն մեկ անգամ բացեց աչքերն ու տեսավ Արուսին:
-Ար… ամեն բան… կորավ…,- հազիվ կարողացավ արտաբերել այս բառերն ու շուռ գալով կողքին՝ նորից քնեց: Արուսը թրջոց պատրաստեց, դրեց Ջոնի ճակատին ու սկսեց շփել քունքերը: Թվաց, թե Ջոնը մի քիչ խաղաղվեց:
Արուսը չգիտեր զանգե՞ր Նորային, թե՞ ոչ: Չէր ցանկանում զուր տեղն անհանգստացնել աղջկան: Ինչ էլ պատահած լիներ, Ջոնի վիճակը կայուն էր: Որոշեց սպասել մինչև առավոտ: Գիշերվա ընթացքում նա մի քանի անգամ փոխեց թրջոցը. Ջոնի ջերմությունը իջնում էր: Լուսաբացին նա դադարեց զառանցել, արթնացավ իր սովորական ժամին ու նստեց անկողնու մեջ: Տեսնելով դիմացի բազկաթոռին գլուխը մի կողմ թեքած, քնած Արուսին՝ նա մի պահ մոռացավ նախորդ մղձավանջային օրվա դեպքերը: Նայեց շուրջը, աջ պատին նշմարեց վիսկիի լաքան. զարմանքով նկատեց կախարանի վրա խնամքով կախված հագուստներն ու փողկապը: Այնքանը հիշում էր, որ ծուլացավ հանել նույնիսկ կոշիկները, նստեց մահճակալին ու ագահաբար հենց շշից սկսեց խմել վիսկին ու մտածել կատարվածի մասին: Հետո դատարկ շիշը շպրտեց մի կողմ ու կոշիկներով պառկեց: Շատ էր խմել, երևի հիմնարկում ընդունած հաբերն էլ կրկնապատկել էին խմիչքի ազդեցությունը: «My God», ուրեմն Արուսն է հանել հագուստները…
Աչքն Արուսի վրա՝ աշխատեց անաղմուկ իջնել մահճակալից. գլուխը ծանր էր, հագավ լոգարանի խալաթը: Արուսը թեթև շարժվեց, բացեց աչքերն ու տեսնելով Ջոնին ժպտաց.
-Բարի լույս, Ջոն, ինչպե՞ս եք:
-Արուսի՛կ, դու…, դու այստե՞ղ ես գիշերել:
-Իսկ դուք ո՞նց եք զգում ձեզ:
-Fine, fine, լավ եմ, դո՞ւ չես նեղվել…
Արուսը նորից ժպտաց.
-Դե, ես գնամ նախաճաշը պատրաստեմ,- ասաց ու դուրս եկավ ննջարանից:
Ջոնը մտքում գնահատեց Արուսի փափկանկատությունը. նա չհետաքրքրվեց պատահածով, բան չասաց իր կատարած «քաջագործության»՝ հարբելու, վիսկիի շիշը շպրտելու մասին: Գոլ ցնցուղը ավելի հանգստացրեց Ջոնի լարված ներվերը, սկսեց սառն ուղեղով կշռադատել կատարվածը: Արուսի ներկայությունն իր տանն ու նվիրվածությունը գոտեպնդում էր նրան: Ջոնը չէր կորցնում լավատեսությունը: «Կդիմանամ, մի կերպ կդիմանամ»,-անդադար կրկնում էր նա:
* * *
Սակայն հաջորդ օրերին, աստիճանաբար պարզ դարձան ֆինանսական ճգնաժամի ահռելի չափերը: 1930 թվի տնտեսական անկումից հետո, սա ամենախոշորն էր երկրի պատմության մեջ: Լուրերը տագնապալից էին. մեկը մյուսի հետևից սննկանում էին խոշոր բանկեր ու ընկերություններ: Կառավարությունը օգնության ձեռք մեկնեց երկու խոշոր բանկերի ու մի քանի մեքենաշինական ընկերությունների: Միջին և փոքր բիզնեսները նման էին փոթորիկի հետևանքով ափ նետված՝ թփրտացող ձկների վտառի: Նրանցից ոմանք գոյատևում էին շնչահեղձ՝ ալիքների հերթական ողողումի շնորհիվ, իսկ ավելի բախտավորները ալիքների հետ վերադառնում էին ջրերի խորքն ու շարունակում լողալ:
Ջոնի հիմնարկում մեկը մյուսի հետևից չեղյալ էին հայտարարվում պատվերները: Բարակեց ու կանգ առավ արտասահմանից, հատկապես եվրոպական երկրներից ներկրվող ապրանքների հոսքը: Գնալով աճում էին պարտքերը: Նա ստիպված ազատեց իր աշխատողների մեծ մասին: Փոքրացրեց հիմարկը՝ ընտրելով ավելի փոքր տարածք: Առանձնատունը տվեց վարձակալության մի հարուստ ամերիկացի ընտանիքի, որպեսզի ի վիճակի լիներ մուծելու ամսական վճարներն ու հարկերը: Վարձակալեց ու տեղափոխվեց մի հարմարավետ բնակարան, որը բավականին հեռու էր Արուսի բնակարանից: Այդ պատճառով ընկերության մեքենաներից մեկը դրեց Արուսի տրամադրության տակ: Նախքան առանձնատնից հեռանալը, վաճառեց Ալիսի զարդեղենի մեծ մասը: Խղճի խայթ էր զգում. այսքան տարի պահել էր, որ մի օր հանձնի Նորային:
-Լավ է, ինքը Ալիսը չտեսավ այս օրերը,-մտածեց բարձրաձայն:
-Ալիսը տեսնում է ամեն բան,-մտքում հնչեց Ալիսի ձայնը: Ջոնը ցնցվեց:
-Ներիր, Ալի՛ս, ստիպված եմ գնում այս քայլին:
-Է՜հ, դու էլ, ինչի՞ս են պետք այս զարդերը, երբ ինքս չկամ:
-Դրանք քո հիշատակներն են:
-Թող զարդերը չլինեին, ես լինեի, գիտե՞ս, նոր եմ հասկանում, որ կյանքը թանկ է ամեն բանից ավելի…
-Երբ կորցնում ես ամեն բան…
-Ապրի՛ր, Ջո՛ն, թքած ունեցիր այդ ամեն բանի վրա… Նայիր շուրջդ, տես արևը շողշողում է առաջվա պես, զբաղվիր քո հաճույքներով, սիրիր ու սիրվիր, վայելիր կյանքիդ յուրաքանչյուր պահը, դա նորից չի տրվելու քեզ, իսկ արժեթղթեր միշտ էլ կլինեն…
-Բայց, ախր ի՞նչ անեմ այս մտքիս հետ, որ անդադար կտտում, տանջում է հոգիս…
-Գնա, վիսկի խմիր,-հեգնեց Ալիսը…
Ջոնը մի կերպ դիմանում էր, փորձում փրկել բիզնեսը, բայց զգում էր, որ հետզհետե հալվում ու փոքրանում է իր կանխիկ կարողությունը:
Մի օր հեռախոսով Նորային հայտնեց, որ չի կարող իրեն շռայլություն թույլ տալ և ասաց, որ մոռանա սպասուհի վարձելու մասին:
-Իսկ Արուսի՞կը,- հարցրեց Նորան:
-Արուսիկը կմնա,- ասաց Ջոնը:
-Երևում է չես կարող յոլա գնալ առանց Արուսիկի,- հեգնեց Նորան,- առանձնատուն հո չի, եղած չեղածը մի բնակարան է, պա՛պ, ինքդ էլ կարող ես…
-Ես հիմա առավել, քան երբևէ, պետք ունեմ Արուսիկին,- առարկություն չվերցնող տոնով ասաց Ջոնը…
Ինչպե՞ս բացատրեր Նորային, որ այս դժվարին օրերին Արուսը Ջոնի համար մի նեցուկ էր, որ նրան պահելու հիմնական պատճառը բնավ կենցաղային հարցերը չէին, որ առանց Արուսի այլևս չի կարողանում պատկերացնել իր կյանքը:
-Իսկ ինքը՝ Արուսը չի՞ խոսել գնալու մասին,-հարցրեց Նորան:
-Why not, քանի անգամ ակնարկել է. ես իրեն ասել եմ նույնը,- Ջոնի ձայնը դողում էր:
-Լավ, մի բարկացիր, ինքդ գիտես,- ասաց Նորան ու անջատեց կապը:
Այնուամենայնիվ, որքան սրվում էր տնտեսական ճգնաժամը, նույնքան Ջոնի մեջ հիմնավորվում էր այն միտքը, որ Արուսը չկարողանալով տանել իր սնանկացումն ու աղքատանալը՝ կհեռանա, աշխատանք կփնտրի ուրիշ տեղ: Նա շարունակում էր առաջվա պես Արուսի ռոճիկը ծրարով դնել խոհանոցի սեղանին, ու մինչև անգամ հավելեց գումարը, ինչը սկզբում հանդիպեց նրա ընդդիմությանը:
Ջոնի երկմտանքին նպաստում էր նաև այն հանգամանքը, որ Երևանից վերադառնալուց հետո Մերին Արուսին ասել էր, որ հանդիպել է հորը. հայրը Մերիին ասել էր, որ նույնպես ցանկանում էր գաղթել Ամերիկա: Հանուն Մերիի՝ Արուսը առայժմ հրաժարվում էր ապրել Ջոնի հետ, նույնիսկ մի անգամ մեղմորեն արմունկներով հետ հրեց, երբ գրկելու մտադրությամբ Ջոնը մոտեցավ նրան:
-Ջոն, պետք չէ, առանց այն էլ մի բարդացրու իրավիճակը,- ակամա «դու»-ի անցնելով ասաց Արուսը:
-Դե, պարզ է, ես այլևս նախկինը չեմ…
-Բավական է, Ջո՛ն, քեզ քանի անգամ ասեմ, որ ինձ չի հետաքրքում քո ունեցվածքը: Խնդրում եմ մտիր իմ դրության մեջ…
Ջոնը ծանր տարավ Արուսի մերժումը. թվում էր, թե Արուսին կորցնելու վախը Ջոնի սրտում նույնքան զորեղ էր, ինչքան բիզնեսի անկումը… Նա դարձել էր ներվային ու ագրեսիվ ու, դեմ գնալով բանականության ձայնին, ավելի էր չարաշահում վիսկին:
Արուսն ամեն կերպ ջանում էր բարձրացնել Ջոնի խախտված հոգեկանը: Հակառակ իր քչախոս լինելուն, նա երեխայի պես խրատում էր Ջոնին՝ լինել անտարբեր, կարևորություն չտալ կատարվածին, նայել առաջ:
-Ջո՛ն, ամեն բան կորած չի,- մի օր ասաց նա, երբ Ջոնը հիմնարկից վերադառնալով, մռայլ ու գլխահակ, սառն ողջույնից հետո մեքենայորեն մոտեցավ ու վերցրեց վիսկիի շիշը,- խմիչքը քեզ ոչ միայն չի օգնի, այլև կվտանգի առողջությունդ, կջլատի կամքդ, պայքարելու ոգիդ:
-I know, բայց չեմ կարող,- պատասխանեց Ջոնը,- ուրիշը լիներ իմ տեղը, երևի վաղուց կործանված կլիներ:
-Ինչո՞ւ: Ջո՛ն, ունեցվածքը մի՞թե այդքան էական է մարդու կյանքում:
Ջոնը հոգնած նստեց առանձանատնից բերած իր ճոճաթոռին:
— Վերցնենք հենց արժեթղթերը,- շարունակեց Արուսը՝ դասատուի պես կանգնած նրա առջև,- մի օր դրանք գին ունեին, հիմա չունեն կամ քիչ ունեն, չգիտեմ, ես երբեք չեմ ունեցել: Դրանց գնի բարձր կամ ցածր լինելը ինչո՞վ է փոխում քեզ, քո կյանքը: Երևի նրանով, որ մարդիկ քեզ մի օր հարուստ էին համարում, հիմա չեն համարում: Հենց միայն դա՞: Թող չհամարեն, դրանով ինչ է պակասելու քո էությունից, ինքդ կաս, ապրում ես, կյանք կա քո առջև, ինքդ քո ձեռքով սևացնում ես կյանքդ:
-Փողը ընձեռում է նոր հնարավորություններ:
-Հնարավորություններ՝ զարգացնելու բիզնե՞սը, դա՞ ես ուզում ասել:.
-Ոչ միայն բիզնեսը, թեև կապիտալի աճը ապահովում է բիզնեսի բնականոն զարգացումը, ես նկատի ունեմ կենսական միջոցները:
-Այսինքն ունենալ ավելին, քան ունես: Ավելի ընդլայնված բիզնես, ավելի մեծ տուն, ավելի ընտիր մեքենա:
-Maybe:
-Իսկ այդ ավելին ի՞նչ է ավելացնում իր՝ մարդու էությանը, երևի կասես երջանկություն: Ինչքան էլ ավելացնես հարստությունդ, մեկ է ժամանակը էն գլխից կարճացնում է կյանքիդ տևողությունը: Կյանքի օրերն էլ մարդու ունեցվածքն են, Ջոն, իմ կարծիքով դրա վրա ավելի շատ պիտի դողալ, քան մի քիչ ավել կամ պակաս փողի կամ գույքի վրա:
«Արուսն էլ Ալիսի պես է մտածում»,-անցավ Ջոնի մտքով:
-Բայց մարդիկ ավելի շատ մտածում են ավել փող և գույք ունենալու մասին,- իր «դասը» շարունակեց Արուսը,- երեկ շատ ունեիր, այսօր քիչ ունես կամ չունես, բայց չէ՞ որ ինքդ մնացել ես նույն Ջոնը, այն տարբերությամբ միայն, որ հիմա շատ խմելու ու մտածելու հետևանքով աչքերիդ տակ տոպրակներ են գոյացել, ավելացել են կնճիռներդ ու կուչ ես եկել:
-Really?!,- Ջոնը բարձրացավ ու իրեն նայեց միջանցքի հայելու մեջ:
-You know,-ասաց նա,- ես ինձ երջանիկ կզգամ, եթե ունենամ քեզ… Սարսափում եմ այն մտքից, որ դու կլքես ինձ:
Արուսը «անուղղելի ես» իմաստով խեթ նայեց Ջոնին:
-Ունենա՜լ, ունենա՜լ,-ասաց նա,- ունենալու այդ մարմա՜ջը, որ երբեք չի ջնջվում ուզած տղամարդու գիտակցությունից: Բայց ախր միշտ չէ, որ ունենալը լավ բան է:
-Ի՞նչ ես ուզում ասել դրանով:
-Ուզում եմ ասել, որ երբեմն ունենալը նույնիսկ տառապանք է պատճառում:
-Օրինակ:
-Օրինակ, վատ ամուսին ունենալը, պարտք ունենալը, խմիչքի կամ նարկոտիկի հանդեպ մոլություն ունենալը, սրանք էլ «ունենալ» են:
Երկուսն էլ ծիծաղեցին:
— Արուսի՛կ, արի՛, ապրի՛ր ինձ հետ,-թախանձագին ասաց Ջոնը,-հավատացնում եմ քեզ, ես նորից ոտքի կկանգնեմ ու կդառնամ նախկին Ջոնը:
-Ջոն, ինքդ էլ լավ գիտես, որ իմ ներկա դրությամբ՝ դա լինելու բան չէ, ամեն դեպքում ուզում եմ վստահ լինես, որ ինձ չի հետաքրքրում քո հարուստ լինելու կամ չլինելու հանգամանքը:
Ջոնը լուռ վերցրեց, համբուրեց Արուսի ձեռքը…
* * *
Արուսի ծննդյան քառասունհինգամյակը նշեցին միասին, մի շքեղ ռեստորանում: Ջոնը մի գեղեցիկ, ակնակուռ ոսկե մատանի նվիրեց Արուսին ու իր ձեռքով դրեց նրա մատին:
-Շնորհակալ եմ, Ջո՛ն,- ասաց Արուսն ու համբուրեց Ջոնի այտը,- այս օրերին սա մեծ շռայլություն չի՞ քո կողմից:
Ջոնը հուզվեց:
-Come on, դու այնքան բան ես արել ինձ համար…
Թե՛ Նորան և թե՛ Մերին, պատրվակ բերելով, ներկա չգտնվեցին երեկույթին, բայց շնորհավորեցին Արուսին բջջայինով: Երկուսն էլ իրենց խոսքի վերջում ասացին “I love you”.
-Ջոն, տեսնո՞ւմ ես,- այնուամենայնիվ ասաց նա,- աղջիկներին դուր չեն գալիս մեր հանդիպումները տնից դուրս, չուզեցին գալ:
-Գուցե չեն ուզում խանգարել մեզ…
-Խանգարել մե՞զ, ինչի՞ն խանգարել…- Արուսը ծիծաղեց,- ուղղակի չեն ուզում՝ յուրաքանչյուրը ելնելով իր դրդապատճառներից:
-Դա քեզ վշտացնո՞ւմ է,-հարցրեց Ջոնը:
-Ինձ ավելի շատ վշտացնում է Մերիի ներկա կեցվածքը: Երբեմն զարմանում եմ, թե ոնց ներեց հորը. չէ՞ որ նա Մերիի միայն բիոլոգիական հայրն է եղել:
-Գուցե նա կարողացել է… ը՜մ… լվանալ Մերիի ուղեղը:
-Անհավանական չէ, պերճախոս է, օձին բնից կհանի, ինձ էլ գրավեց իր շողոմ խոսքերով, իր խոսումներով… Ասում էր մինչև կյանքի վերջը մի քայլ չի հեռանա ինձնից:
-Արտաքինով ինչպիսի՞ն է:
-Դե, եսիմ, տղամարդ է, էլի, բարձրահասակ, առնական:
Ջոնը ուժեղ խանդ զգաց:
-Երևի Մերիի նման դու էլ կներես, եթե նորից հանդիպես իրեն:
-Դա անկարելի է, Ջո՛ն, խնդրում եմ մի փչացրու երեկոս:
-Sorry, sorry, Արուսիկ, իսկ նա ինչպե՞ս է գտել Մերիին:
-Կասեի Մերին է գտել նրան,-ասաց Արուսը դառնացած,- դա դժվար չէր. Մերին հեռվից ճանաչում էր հոր հարազատներին, երևի գտել է նրանց միջոցով, թեև Զավենը Ռուսաստան գնալուց հետո նրանք շատ քիչ հետաքրքվեցին մեզանով ու հետո մոռացան: Ուղղակի սարսափում էին, որ մենք բեռ կդառնանք իրենց համար:
-Ցավալի է:
-Ինձ թվում է մեղրամիսը Երևանում անցկացնելու Մերիի նպատակը միայն կարոտն ու ընկերուհիներին հանդիպելը չէր: Մերին հենց լսեց հայրը Երևանում է, թևավորվեց:
Արուսը մի կում գինի խմեց:
Ջոնը ուշադիր լսում էր:
-Մերիի մեջ փոքրուց արմատավորվել էր հորը գտնելու ձգտումը,- շարունակեց Արուսը որոշ ժամանակ անց,- ուզում էր իմանալ ամեն բան նրա մասին: Առաջին տարիներին, երբ դեռ ես հիմարի պես հույս էի փայփայում, որ նա կվերադառնա՝ նկարագրում էի հորը, ցույց էի տալիս մեր հարսանեկան նկարները: Ոչ մի վատ բան չէի ասում նրա հասցեին: Ավելի պատանի հասակում, Մերին մի անգամ ինձ ասաց, որ հաճախ նայում է իրեն հայելու մեջ, որպեսզի յուրացնելով իր դիմագծերը, տղամարդկանց դեմքերին նայելով, նմանությամբ գտնի հորը…
-Մի՞թե այդքան ուժեղ է զգացել հոր պակասը:
-Չեմ կարծում: Կար իր քեռին, որ հոր պես սիրում ու փայփայում էր Մերիին: Իր ասելով, բուն նպատակը եղել էր այն, որ գտնելով հորը պարզեր, թե նա ինչու է լքել իրեն: Ասում էր` չի ների, ուզում է նրան միայն հանդիպել ու տեղը դնել:
-Իսկ ինչպե՞ս է բացատրում տվյալ պահին նրան ներելու փաստը:
-Իր ասելով՝ չի ներել, դա իմ եզրակացությունն է, ասում է՝ ասել է բերանի եկածը: Ասում է՝ նա սաստիկ զղջացել է, աղջկան տեսնելով՝ հուզվել: Մերին շատ է խղճացել:
-Դու հավատո՞ւմ ես նրա անկեղծությանը:
-Ո՞ւմ, Մերիի՞:
-No, no, ամուսնուդ:
-Ջոն, նախ նա իմ ամուսինը չի, երկրորդ, եթե արդարամիտ լինենք, շատ դժվար է երկար տարիներից հետո հեռվից դատել մեկի մասին. գուցե իրոք զղջացել է: Մերիի պատմելով՝ նա այլևս չի վերադառնալու Ռուսաստան, թեև այնտեղ կին ու մի տղա ունի, ըստ երևույթին, կինը վռնդել է: Իմանալով, որ մենք արտագաղթել ենք, ինքն էլ պատրաստվում է գալ այստեղ: Դիմել է դեսպանատուն:
-Մի բարկացիր, բայց ինձ թվում է, դու էլ կցանկանայիր հանդիպել նրան:
-Երբե՛ք: Ես ատում եմ նրան… Զզվանք եմ զգում… Ջոն, դեռատի աղջկա հոգում ամուսնանալու գաղափարը մեծ երազանք է, դա իր բախտն է, ի՜նչ հույսերով է սպասում իր արքայազնին, որ պիտի հայտնվի սպիտակ ձին հեծած: Եվ երբ հայտնվում է նա՝ իր սրտի ուզածը, երբ մի օր աչք է բացում, տեսնում է հարսի շորերով կանգնած է խորանի առջև ու տալիս է իր հնազանդությունը. դժվար է պատկերացնել դրանից ավելի մեծ երջանկություն դեռատի աղջկա կյանքում, ով նախքան ամուսնությունը, առիթ չի ունեցել շփվել մի այլ տղայի հետ: Դրան հաջորդում է մայրանալու երջանկությունը: Բայց երբ ամուսինը լքում ու նրան մենակ է թողնում ծծկեր երեխայի հետ, ասես միանգամից, դղրդոցով խորտակվում են բոլոր հույսերը, սերը փոխվում է խոր ատելության, կին և մայր դարձած աղջիկը հայտնվում է հոգեկան սնանկացման եզրին, որն իմ կարծիքով ավելի կործանարար է, քան ֆինանսական սնանկացումը:
-I see, բայց ժամանակը բուժում է վերքերը:
-Ոչ: Ժամանակի ընթացքում գուցե հնարավոր է շտկել ֆինանսական սնանկացումը, ոտքի կանգնել: Գուցե հնարավոր է կորցրած փողը հետ բերել, բայց կորցրած տարիները հետ չես բերի: Հոգեպես սնանկացած կնոջ համար,-շարունակեց Արուսը քիչ հուզված,- մենության տարիները լի են միայն տառապանքով ու կարոտով: Ես հիմա խոր ափսոսանք եմ զգում լավագույն տարիներս կորցնելու համար, որոնց ընթացքում դեռ գոյատևելու և երեխա մեծացնելու հոգսը մի կողմ, ոչ միայն զրկված եմ եղել ամուսնական կյանքից, նորից մայրանալու հաճույքից, այլև բազմիցս բախվել եմ հանրային կարծիքին: Դու մի՛ համեմատիր մեր միջավայրը Արևմտյան երկրների հետ:
-Որոշ կանայք, նորից են ամուսնանում:
-Դա նախասիրության հարց է: Ինձ համար էլ նորից ամուսնանալու առիթներ շատ կային, բայց ես բոլորը մերժեցի հանուն Մերիի: Մեզ մոտ ոչ ոք չի գնահատում այդ զոհաբերությունը, ընդհակառակը՝ մենակ մնացած կինը արհամարհվում է հասարակության կողմից, վատ աչքով են նայում նրան, զանազան պիտակներ կպցնում, մանավանդ, եթե մի քիչ… գրավիչ է: Դու մեր հանդիպման հենց առաջին օրը ինձ մեղադրեցիր հայրենիքը լքելու մեջ, գուցե իրավացի էիր, բայց, Ջոն, հավատա, հոգնել էի որոշ տղամարդկանց հետամուտ հայացքներից, անդադար զգույշ ու վերապահ լինելուց, ինքս իմ դեմ պայքարելուց… Քիչ չէին գայթակղությունները… Այս ամենից հետո դու լինեիր իմ տեղը կներեի՞ր նրան: Մտածիր, թե ինչ եմ կորցրել և քաշել այդ… անասունի պատճառով:
-Այստեղ էլ հայտնվեցի ես…
Արուսը ժպտաց:
— Արուսի՛կ, մինչև հիմա չեմ հասկանում, թե այն ժամանակ ինչու այդ խոսքը ասացի քեզ: Իսկ այստեղ գալով՝ հիմա քեզ ավելի հանգի՞ստ ես զգում:
-Մասամբ՝ այո, հատկապես այն առումով, որ Մերիին մի տեղ հասցրի, նրա ամուսնությամբ ուսերիցս մի ծանր բեռ ընկավ, նա արդեն գտել է իր կյանքի ուղին: Բայց ապրում եմ կարոտը սրտումս պահած: Տեղ փոխելով, մի բան ձեռք ես բերում, մի բան` կորցնում, ոչ մի վայր այս աշխարհում չի կարող փոխարինել հայրենի հողին, այն տեղին, ուր ծնվել ու ապրել ես:
Արուսի տան մոտ, Ջոնը նայելով նրա աչքերի խորքն ասաց.
-Ինձ մի բաժակ սուրճ չե՞ս հյուրասիրի:
Արուսը գլուխը կախեց ու լուռ մնաց: Ջոնը սպասում էր լարված: Հետո նա բարձրացրեց գլուխն ու իր հատուկ ժեստով՝ շեղ նայելով Ջոնին ասաց.
-Մեքենան կարող ես պահել մեր փարգինգում:
Ջոնը առաջին անգամն էր լինում Արուսի պարզ կահավորված փոքրիկ բնակարանում: Բացի կենցաղային անհրաժեշտ պարագաներից, աչքի ընկնող ուրիշ ոչինչ չկար: Միակ ննջարանի բաց դռնից երևում էին Մերիի որոշ իրերը, որ դեռ չէր հասցրել տանել ու պատին փակցված հանրածանոթ դերասանների և այլ պաստառներ: «Ինչո՞վ է վատ այսպես ապրելը,-հայացքը հառելով մի կետի, անցավ Ջոնի մտքով, մինչ Արուսը մեջքով կանգնած սուրճն էր պատրաստում բաց խոհանոցում,- ինչի՞ են պետք ավելորդ սենյակները, ծանր կահույքը, թավշե վարագույրները, թանկ անտիկ իրերը, մեքենաները…»: Նա մինչև անգամ նախանձեց Արուսին, որ մղոններով հեռու է բորսաներից, ֆինանսական աշխարհից, խաբեություններից, իր նման չի տառապում կորցրած հարստության համար, իսկ եթե ափսոսոում է, ապա միայն կորցրած տարիների համար: Իր կյանքն անցել էր անդադար վազվռտուքի, սթրեսների ու չվերջացող գլխացավանքների մեջ: Եղած հաճույքներն էլ եղել էին ինքնախաբեական, ժամանցային, հաճախ շինծու, քանզի միտքը հարատևորեն կենտրոնացած էր եղել «ավելիի», միշտ ավելին ունենալու մոլուցքի վրա: Դա խանգարել էր զգալ կյանքի համն ու բույրը, վայելել կնոջ, զավակի ու թոռների ներկայությունը, ըմբոշխնել իսկական երջանկությունը: Այդ պահին իր բիզնեսը, բոլոր գործարքները, արժեթղթերն ու պայմանագրերը, անվերջանալի բանակցություններն ու վեճերը մեկ-մեկ հայտնվեցին աչքի առջև, օդում պտտվեցին, պտտվեցի՜ն ու միաձուլվելով իրար՝ վերածվեցին մի գորշավուն գնդի: Գունդը սլացավ հեռո՜ւ, դեպի անհայտություն, դարձավ մի փոքրիկ սև կետ… Հետո կետը բախվեց անհայտության պատին, բաժանվեց երկու կետերի, որոնք հետզհետհե մոտենալով՝ հառնեցին Արուսի խոշոր սև աչքերի տեսքով…
Ջոնը սթափվեց մտքերից, երբ Արուսը սեղանին դրեց անուշ բուրող սուրճը, թխվածք ու հայկական կոնյակ:
-Համեցե՛ք,- ասաց նա ժպտալով:
-Կոնյակ չեմ խմի,-ասաց Ջոնը ափսոսանքով, ձեռքը վերցնելով կոնյակի շիշն ու հոտոտելով պարունակությունը,- մեքենա պիտի վարեմ, առանց այն էլ գինի խմեցի ռեստորանում:
-Խնդիր չի, կմնաս այստեղ:
Այնքան պարզ ու անմիջական հնչեցին այս բառերն Արուսի բերանից, որ Ջոնը բացի «այստեղ մնալուց», չընկալեց ուրիշ ոչ մեկ իմաստ: Նա ակամա նայեց ննջարանի կողմը:
-Ես շատ եմ քնել այստեղ բազմոցի վրա,- ասաց Արուսը նույն տոնով,- հանգիստ եղիր:
«Երևի միայն հայ կինը պատրաստ կլինի իր տեղը զիջել տղամարդուն»,-մտածեց Ջոնը: Երախտագիտության ու խանդաղատանքի մի ջերմ ալիք հորդեց միանգամից ու ողողեց նրա էությունը: Նա բարձրացավ տեղից ու Արուսի զարմացած հայացքի տակ, հաստատակամ մոտեցավ նրան, անվարան գրկեց ու ամուր սեղմեց իրեն: Նախորդ անգամների նման Արուսը չփորձեց նրան վանել, բայց մնաց անարձագանք ու փայտացած…
Ջոնը մի պահ ուզեց հետ քաշվել, սակայն բազուկների մեջ զգալով Արուսի իրանը, կրծքի հպումը, մազերի անուշ բույրը՝ հույզերը վարարեցին, լցված սիրելու անհագ ցանկությամբ՝ նա ագահաբար սկսեց համբուրել Արուսի այտերը, պարանոցը: Զգաց, թե ինչպես սկսեց արագանալ Արուսի սրտի տրոփյունն ու շնչառությունը, կնոջ մարմինը թուլացավ, ասես հալվեց ու ավելի սեղմվեց տղամարդուն:
-Ջո՛ն, Ջո՛ն,- Արուսը տնքաց, բայց Ջոնը թույլ չտվեց, որ նա շարունակի, շրթունքներով փակեց Արուսի բերանն ու երանությամբ զգաց, որ նրա թևերը ամուր օղակվեցին իր վզի շուրջ…
Սուրճը սառչում էր սեղանի վրա:
Վ Ե Ր Ջ
Փետրվար, 2013
Թեհրան
5 մեկնաբանություն
Անցնել մեկնաբանելու դաշտին
Ջերմ էր,լիքը ասելիքով,ասելիքը տեղ հասցնելու վստահությամբ,պարզ-խորությամբ:Կարդալու ողջ ընթացքում քնքուշ խաղում է սրտիդ հետ`սիրելի երաժշտությունդ էլ հետը բերելով..Շնորհակալություն
Loved the story, once I started reading I couldn’t stop. Very touching and real. Thank you.
Author
Շնորհակալ եմ:
Հաճիւքով կարդացի այս պատմութիւնը շատ տպաւորիչ էր.Ջոնր և Արուսիկի հոգեվիճակը իրապես լաւ էր բացայատւած.Ի միջայլոց, աշխատանքիս ընթացքին շատ եմ տեսել Ճոնի նման մարդկանց որ կորցրել են իրենց կնոջը և ահաւոր վիշտ են կրել և շատ երկար ժամանակ անտրամադիր վիճակի մեջ են յայտնւել.Հակառակ դէպքում կանայք աւելի արագ են սթափւում ևմօռանում այս անխուսափելի կորուստը:
Յաջողութիւն Կոլյաին,
Շատ լավն էր։ Էնքան պոզիտիվ կար։ Թեթև ձև բարդ կյանքում։ Շնորհակալությունս