Louis-Ferdinand Celine
ֆրանսերենից. թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Երբ գիշերն այդ ժամերին հասնում ես Կոլենկուր կամրջի վրա, մեծ լճից այն կողմ, որ գերեզմանոցի մոտ է, երևում են Ռանսիի առաջին լույսերը: Մյուս ափին է Ռանսին: Երկար պիտի գնաս այնտեղ հասնելու համար: Շատ հեռու է… ասես ամբողջ գիշերվա շուրջը պիտի պտտվես, այնքան որ շատ պիտի քայլես` գերեզմանոցը շրջանցելիս, որպեսզի հասնես ամրաշինություններին:
Իսկ հետո, քաղաքի դռանը հասնելով` անցնում ես բորբոսնած գրասենյակի առջևով, ուր պստիկ ծառայողն է ծլում:
Ու արդեն շատ մոտ է: Թաղամասի շները հաչելու իրենց դիրքերում են: Գազի լապտերի լույսի տակ այնուամենայնիվ ծաղիկներ կան, ծաղկավաճառողուհին մշտապես թաղումների է սպասում, որ անցնում են օրեց-օր, ժամ առ ժամ: Գերեզմանոցը, մեկ ուրիշը, հենց կողքն է, հետո լա Ռեվոլտ ճեմափողոցն է: Ուղղաձիգ ու լայն` այն բարձրանում է գիշերվա մեջ իր բոլոր լամպարներով: Մնում է միայն ձախ թեքվես, ու իմ փողոցն է: Ոչ ոքի չես հանդիպի այնտեղ: Եվ սակայն, ես կուզենայի մեկ այլ տեղում գտնվել, հեռու այդտեղից: Նաև կուզենայի փափուկ հողոթափեր լինեին ոտքերիս, որպեսզի ոչ ոք չլսեր, որ տուն էի վերադառնում: Սակայն ես բոլորովին մեղք չունեի, որ Բեբերի վիճակն ամենևին լավ չէր: Ես արել էի, ինչ կարող էի: Ինձ ոչ մի կերպ չէր կարելի մեղադրել: Իմ մեղքը չէր, որ նման դեպքերում ոչինչ անել հնարավոր չէ:
Ես հասա մինչև նրանց դուռը, ու կարծում եմ` աննկատ: Իսկ հետո, երբ արդեն տանն էի, առանց շերտավարագույրները բացելու, ճեղքերից նայեցի տեսնելու համար, թե դեռևս հավաքված մարդիկ կայի՞ն նրանց տան առաջ: Այնտեղից դարձյալ այցելուներ էին ելնում: Այդ թաղամասում ապրող մի կին, որին լավ էի ճանաչում, լացակումաց դուրս էր գալիս: “Ուրեմն նրա վիճակը ավելի է վատացել, ասում էի մտքիս մեջ: Ամեն դեպքում, չի լավացել հաստատ…Գուցե արդեն մեռե՞լ է, քանզի էդ կնիկը լաց է լինում արդեն”: Օրն ավարտվել էր:
Շարունակում էի մտածել, թե արդյոք իմ մեղքը չկ՞ար այդ ամենի մեջ: Իմ սենյակում ցուրտ էր ու լուռ: Ասես մի փոքր գիշեր լիներ մեծ գիշերվա անկյունում, ստեղծված հատուկ ինձ համար:
Ժամանակ առ ժամանակ, քայլերի ձայներ էի լսում ու դրանց արձագանքը ավելի ու ավելի ուժգնորեն թափանցում էր սենյակս, դժժում ականջներումս, հետո` մարում… Լռություն: Դարձյալ նայում էի, թե ինչ էր տեղի ունենում դրսում, դիմացը: Բայց եթե որևէ բան կատարվում էր էլ, ապա` միայն իմ մեջ, քանզի անվերջ նույն հարցն էր դմբում ուղեղումս:
Ի վերջո քնեցի` այդ հարցը տալով, իմ գիշերվա մեջ, այդ դագաղի մեջ, այնքան շատ էի հոգնել թափառելուց ու ոչինչ չգտնելուց:
«Ճնապարհորդություն դեպի գիշերվա ծայրը»
* * *
Ահա այստեղ ենք, դարձյալ մենակ: Ինչ-որ իներցիա կա այս ամենի մեջ, մի տեսակ ծանրություն, թախիծ…քիչ ժամանակ հետո ծեր կլինեմ: Ու վերջ ամեն ինչին, մեկընդմիշտ: Շատ մարդիկ եկան սենյակս: Բոլորն էլ ինչ-որ բաներ ասացին. չասացին ոչ մի կարևոր բան: Հետո գնացին: Ծերացել են, դարձել թշվառ ու ընդարմացած, ամեն մեկն` աշխարհի իր խղճուկ անկյունում:
«Պարտքով մահ»
1 մեկնաբանություն
Thanks for the share! Very useful info, looking to communicate!
Webmaster of best office chair