Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը
Փոքրիկ գաղտնիքներ
Հացթուխ գնչուի և մոր մերձեցումից
Նա հայտնվել էր այս աշխարհում…
Սա ինքն էր ասում:
Գաղտնիքները այնքան պուճուր էին,
Որ գոյություն չունեին…
Երբ կողքիս էր
Խաղում էր իր տիկնիկների հետ,
Մի օր ծիծաղեց և ասաց.
-Երեխա ժամանակ
Խաղում էի անդամներիս հետ…
Ափս դատարկ է
Ստում էի,
Խաբում էի մայրիկիս.
-Էն Աստված՝
Ափս դատարկ է:
Ստում էի,
Որպեսզի չկորցնեմ հանկարծ
Աստծո գրպանից գողացած
Կրակե ապակեգունդը…
Տեսնո՞ւմ ես, մայրի’կ,
Դեռևս ասում եմ.
-Էն Աստված՝
Ափս դատարկ է…
Խաբեություն
Հնչում է հիմներգը.
Բոլորս ոտքի ենք կանգնում,
Ժպտում ենք
Եվ արտասվում ենք…
Հիմնը ավարտվում է,
Սակայն դեռևս կանգնած ենք.
-Աթոռները գողացել են,
Հողն էլ վաճառել են
Այլևս տեղ չունենք նստելու համար…
Արմենի տխուր գրառումները
(երրորդ պատկեր)
Ինչ տխուր է
Ժամացույցի սլաքների ձայնը
Հին արկղում,
Որի փականի բանալին
Տատիկը գրպանում դրեց
և իր հետ տարավ:
Խենթություն
Հիմա արդեն
Բանաստեղծություն գրելը դյուրին է,
Դյուրին ինչպես անցանկալի ծնունդը,
Դյուրին ինչպես օտարականին սրտակից դառնալը,
Դյուրին ինչպես թշնամու ձեռքով սպանվելը:
Հիմա արդեն
Բանաստեղծություն չգրելն է դժվար,
Դժվար ինչպես նորածնին թաղելը,
Դժվար ինչպես չմտերմանալը մի հրեշտակի հետ,
Դժվար ինչպես պատերազմում սպանելը՝ ողջ մնալու համար:
Հիմա արդեն
Բանաստեղծ լինելը խենթություն է,
Խենթություն…
Վերջին մեկնաբանություններ