ֆրանսերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Քայլելու նպատակաուղղվածությունը
Քայլելու քաղաքականությունը
Մի օր, մի խրհրդապաշտ խռովարարի խելքին փչեց հնդիկ ամբոխներին տանել մինչև ծովը, որոնք զայրացել էին անգլիացիների կողմից աղի վրա դրած հարկից : Դա ճշմարտության քայլորդ էր, իսկ Հնդկաստանը մեծ էր, այնտեղի ժողովուրդները երիցս անիծված, կենդանի էր նաև ուխտագնացության ավանդույթը, որը վերափոխում է ուխտագնացին: Եվ ուրեմն, քայլերն ընթացան հանրային երկարատև հրճվանքի մեջ :
Մենակյաց ու համեստ, իմ քայլերն համատեղում են ամեն տեսակ ձանձրախտեր, պրպտումներ ու ոգևորություններ: Բայց դրանք իմացությունը երբեք չեն թողնում մարդկային նվաստացման տեղանքի վրա: Ասենք, անհնար է դրանից շեղվելը, կտրել-անցնելը հայկական գյուղն այնպես, որ թշվառությունն ու լքյալության զգացումը դեմքիդ չխփեն: Ես մշտապես զգում եմ դրանց մոտենալը: Բայց երբեմն պատահում է, որ ինձ հանկարծակիի բերեն այնտեղ, ուր ես չէի սպասում դրանց:
Շատ կուզենայինք թափառել ճանապարհներով` կույր ձևանալով ներքին շրջանների տնտեսական անհուսության հանդեպ : Լոկ հիանալով համայապատկերի գեղեցկություններով: Բայց ճանապարհի վերջում, տեղաբնակը, որը ներկայանում է ձեզ որպես ձեր մի մասը, բռնում է ձեր կոկորդից` գանգատվելով այն անօրինություններից, որոնց մեջ ինքը խրվել է ակամայից:
Այսպիսով, քայլելու հաճույքը առանց այդ անիծյալ մասի չէ, որը լրացնում է այն : Զբոսնողի շնորհը բնականորեն թունավորվում է աշխարհի ծանրությունից: Անցնում ես ինչ-որ գյուղով, որն ազդում է վրադ իր լքվածությամբ, երբ հանկարծ իր խրճիթից դուրս է գալիս մի հարբած մարդ ու ձեզ հրավիրում միասին խմելու իր վատորակ գարեջրի շշից: Եվ կամ, գլուխդ դրած պայուսակիդ վրա հանգստանում ես, ու մեկ էլ` մոտենում է մի պառավ կին, այդ գյուղից, և ամոթը գետնին տված` շարժուձևերով ձեզ հասկացնում, որ մի քիչ փող ու կերակուր տաք իրեն :
Քայլերս առաջարկում են երկրին համապատասխան ախտաբանական քարտեզագրություն: Անշուշտ դրանք ասում են այն, ինչ բոլորն արդեն գիտեն, բայց գոնե չեն գոհանում` վայելելով տարաշխարհիկ բնապատկերը, ուր առաջանում են: Եթե անգամ դրանք նկարագրելը պարտադրում է կրկնլ քարուքանդ ճանապարհների, փողի միջոցով սրբության պղծման, ընդհանուր անբանիմացության մասին հին երգը, որը խարխլում է մտքերն ու հարուցում զայրույթ` քաղաքացիներին դարձնելով աքսորականներ իրենց իսկ երկրում: Այդ տխրությունը, որն ուղեկցում է իմ քայլարշավներին հիասքանչ բնապատկերների միջով, ինչպես չուզենալ, որ այն վերջնականապես խնայի դրանք: Այդժամ կգնայի լրիվ խաղաղված, մի բնության ծոցում, որն ինքնարտահայտվում է ազատորեն: Ուր վախը` բախվելու ամեն պահի մարդկային գայլերի, այլևս հիմնավորված չէր լինի :
Եթե գոնե ոմանք կարողանային քայլորդիս այս տեքստերում լսել համեստ մի ձայն, որը մերկացնում է հայաստանցիների ոչ-կյանքը, ու այնտեղ գտնել մի ելք առ ավելի կարգավորված հանրային կյանք, առ ավելի շատ արժանապատվություն` տնտեսական ձանձրախտին իրենց դիմադրության մեջ, այդժամ քրտինքներս կչորանային իրենք իրենց`թողնելով հագուստներիս վրա աղը, որը պետք կլինի այդ տեքստերը գրելու համար:
ՄԻնչև վերջ
Չափից դուրս շատ ենթարկված դարավանդի կտտանքներին` մարմինս ուզում է ամեն վայրկյան ինձ լքել: Ինձ ցույց տալով, որ քայլելու ժամանակը մոտենում է իր ավարտին: Ես ճանապարհիս ծայրին եմ: Դեռ որք՞ան տարիներ կան իմ առաջ: Հազիվ մի քանի: Ու ամենահույլերը, ամենախամրածները… Տարիներ` վերջից առաջ:
Եվ սակայն, մի՞թե հիվանդ ժամանակս չէր, որ կատարեցի ամենագեղեցիկ շրջագայություններս: Ասես օրգանիզմս քայլ առ քայլ ելներ դուրս իր սեփական հոգնությունից: Կարող էր ինձ մեխել տեղում, ճանապարհի մեջտեղում: Բայց ոչ: Նա բոթեց ետևիցս, ամեն անգամ ինձ տանելով այնտեղ, ուր ես էի ուզում:
Ես լավ գիտեմ, թե ինչն է ինձ բանտում այդ հուսահատության մեջ : Երկյուղները`կապված տարիքի հետ, որ խռնվում են գլխիս մեջ: Բայց նաև, նստակեցության ավելցուկը: Ու զանգվածային քաղաքակրթության ու քանակական մտածողության այդ ճարպը, որը ծանրացնում է ծնկներս :
Արդ, անցնելով յոթանասուն-ամյակը, մարդը դեռևս ի վիճակի է առաջանալու ճանապարհներով: Բայց որպեսզի իր մեքենան իրեն ապահովի նվազագույն ճիգ, պետք է , որ ինքը ազատվի արհեստական մշակույթի շաքարայնությունից ու դառնա տարր` տարրերի միջև : Մարմին` հողերի, երկինքների, ջրերի միջև… Բավական է քիչ բան կրել վրադ ու մեջդ, գնալ թեթև ու ուրախ, ամբողջովին մտնել սրտիդ ու շնչառությանդ ռիթմի մեջ, ինչպես որ անհրաժեշտ ցավն է նախորդում երջանկության ի հայտ գալուն:
Oտար ու սուրբ լեռ
Ինչքան էլ լեռը իշխի այս աշխարհի վրա, իսկ երկիրը լինի փոքր, քայլում ես չափազանց հեռու նրանից, որպեսզի այն երևա հեռվում` ճանապարհիդ ծայրին ճախրելիս:
Բայց իրականում նա է քայլերիդ անընդմեջ հետևում:
Անտեսանելի, կորած տեսադաշտից` հեռավորության պատճառով, մինչ մենք կտրում-անցնում ենք Տավուշի կամ Զանգեզուրի անտառները, Արարատը մշտապես վեր է խոյանում մեր ճամփորդական անուրջների մեջ : Նա է մեր ուղենիշը, ու միշտ դառնում ենք նրան, եթե անգամ իրեն շատ հեռու է պահում, հյուսիսային կամ ավելի հեռու` հարավային կողմում: Այն մագնիսի պես ձգում է մեր քայլերը, վառում մեր հույսը, քանզի իր առասպելը մնում է կենդանի իրերի մեջտեղում:
Անշարժ ու զուլալ մի ամպ` քայլորդի մտային երկնքի մեջ:
Բայց, հակառակ ճապոնացիների, որոնք ուխտագնացություն են կատարում Ֆուձիյամա, կամ նրանց, ովքեր մոտեցման վտանգավոր ճանապարհորդությունից հետո, պտտվում են Կայլաշի շուրջը Տիբեթում`որպես տիեզերքի կենտրոնի, ես դատապարտված եմ հեռու պահել ինձ Լեռից, որը մնացել է թշնամի երկրում: Բանն այն է, որ քայլելը մշտական աքսոր է նշանակում, այն լքում է ու երբեք չի հասնում տեղ: Այն տառապում է հարատև անբավարարությունից: Ծավալվում է երկու բաների միջև: Լքելով մահացու նստակեցության որոմները, այն քոչվորացնում է` որոնելով մի բաձարցակ, որն անդադար ծպտվում է:
Մենք գնում ենք առաջ, մենք տեսնում ենք, բայց գիտենք, որ երբեք մեր ոտքերով չենք տրորելու սրբությունը: Այդ պահից ի վեր` Լեռը մեզ պարտադրում է վերադիտարկելու նշաններն ու կերտելու մարդկանց մի գիտակցություն, որը երջանկության կանխազգացում ունի, ինչպես և ժամանակի մի գիտակցություն, որին առաջնորդում է վեհը:
Դա, այդ ոչ քաղաքական իմաստով, Արարատ լեռան առավելությունն է, որը գտնվում է այլուր, անտիրական, եթե ոչ անհնարին մի վիճակում:
(շարունակելի)
Վերջին մեկնաբանություններ