«

»

Դեկ 28 2014

Տպել Գրառում

Սամվել Մարտիրոսյան | ՓՈՔՐԻԿ ՀՅՈՒՐԸ

SMAR11

1

ՁՄԵՌ ՊԱՊԸ

 

Ո՞վ դուրս եկավ անտառից,

Ո՞վ մեր տունը հարցրեց,

Ուսին առավ մի տարին,

Մի օրում տեղ հասցրեց:

 

2

ԵՐԳ

 

Եղևնի, կանաչ եղևնի,

Ճանաչ, անճանաչ եղևնի,

Գիշերով արի դու մեր տուն,

Ողջ գիշեր կնստեմ ես արթուն:

 

Շուքով, շշուկով արի,

Թող կանաչ լինի նոր տարին,

Ու թե ետ գնաս դու նորից,

Թող անտառն էլ երգի ու պարի:

 

Թող արջուկը ելնի իր որջից,

Եվ ինձ հետ սովորի խոսել,

Թող ճամփին ոչ ոք չկորչի,

Ով եկել, ու տեղ չի հասել:

 

Եղևնի, կանաչ եղևնի,

Ճանաչ, անճանաչ եղևնի,

Գիշերով արի դու մեր տուն,

Ողջ գիշեր կնստեմ ես արթուն:

 

3

ՁՆԵ ՄԱՐԴԸ

 

Ես ձնից եմ, ճերմակ ձնից,

Բայց Ձմեռ պապ չեմ դառնում,

Ամեն տնից, ամեն դռնից,

Գազարի հոտ եմ առնում:

 

4

ՏԱՐԵՄՈՒՏԻ ԳԻՇԵՐ

 

Ցուրտ է դրսում, բուք է դրսում,

Իսկ նա վաղուց է քնել,

Ոտնաձայներ է նա լսում,

Հեռու ձայներ, մոտ ձայներ:

 

Ձյուն է գալիս, տուն է գալիս,

Պատուհանից մտնում ներս,

Ո՞վ է ասում,թե՝ երազում

Չեն բաժանում նվերներ:

 

5

Լու՞րջ էր արդյոք, թե՝ կատակ,

Կատուն դարան էր մտել,

Ձմեռ պապի պարկի տակ,

Նա մկան ծակ էր գտել:

 

Ով իմացավ՝ զարմացավ,

-Այ քեզ խելոք,- մուկն ասաց,

Հանդեսն այդպես էլ անցավ,

Կատվին նվեր չհասավ:

 

6

Արջը զարթնել է քնից,

Արջը ելել է բնից,

Ձյուն-ձմեռ է անտառում,

Էլ ու՞ր գնա, ի՞նչ անի:

 

Ո՞վ խանգարեց իր քունը,

Ո՞վ պղտորեց արյունը,

Անտառը՝ սև, աչքը՝ սև,

Հեռու՛, հեռու՛ նրանից:

 

Քանդում է ձյունը թաթով,

Պոկում է ծառն արմատով,

Ուշանում է գարունը,

Ուշանում է գարունը:

 

7

Սարին ձյուն է մնացել,

Ճանաչեցի ես նրան,

Շատ հեռու չի գնացել,

Ձմեռ պապը մեր դռան:

 

8

Առվակը իջել է սարից,

Ու ցածում հեքիաթներ է պատմում,

Հեքիաթներ՝ ծնված երկնքում,

Հեքիաթներ՝ մեկ ուրիշ աշխարհից:

 

-Նրանք կան,- ասում է առուն,-

Պարզապես նրանք չեն երևում,

Պարզապես նրանք շատ են հեռու,

Վերևում են նրանք, վերևում:

 

-Նրանք կան, ու լռել այդ մասին՝

Անհնար է,- ասում է առուն,-

Անհնար է թաքնվել այդ լույսից,

Անհնար է կորչել անտառում:

 

Առվակը իջել է սարից,

Ու ցածում հեքիաթներ է պատմում,

Ու մթնից նա չի վախենում,

Նա եկել է լույսի՛ աշխարհից:

 

9

ԽՆՁՈՐԻՆ

 

Կանաչ-կարմիր եմ կապել,

Դաշտ ու այգի եմ չափել,

Ձեռքս տարել եմ սրտիս,

Բռով ոսկի եմ թափել:

 

Ա՛յ թե ինչ եմ մտածում,

Չեմ մնալու ես ցածում,

Ինձ տնից՝ տուն կտանեն,

Սազը կառնեն, գովք կանեն,

Ի՛նչ տղա եմ ասել ես,

Անտառը՝ մեզ, սարը՝ մեզ:

 

Այ թե ինչ եմ մտածում՝

Աշունն է իմ հարսնացուն,

Ով համ առնի խնձորից,

Մի կյանք ավել կունենա,

Մի երգ ավել կունենա,

Մի երգ՝ ավել բոլորից:

 

10

ԽԱՂՈՂԻՆ

 

Աչքերիս մեջ նայեց խաղով,

Կրակ ուներ թաքցրած,

Նայեց սիրով, նայեց վախով,

Երբ մոտեցա ես նրան,

 

Իմ երազն էր մարմին առել,

Բույր էր առել ու ժպիտ,

Լույսը հատիկ-հատիկ վառել,

Ու խոնարհվել էր թփին:

 

Ասաց,-գիշեր կա դեռ իմ մեջ,

Զգույշ մնա ինձանից,

Թե՝ ափիդ մեջ շունչս քամես,

Կյանքդ՝ երգը կտանի:

 

Ասաց, ու ինձ նայեց խաղով,

Եվ ջուր տվեց, և կրակ,

Նայեց սիրով, նայեց վախով,

Երբ մոտեցա ես նրան:

 

11

ԿԵՌԱՍԻՆ

 

Կեռասն եմ ես,

Երազներից՝ ամենաթանկ երազն եմ ես,

Թե ձեռքդ տաս,

Քո ձեռքերին կհասնեմ ես,

Անունս տաս,

Քո շուրթերին կհասնեմ ես,

Արևի պես հեռվի՛ց արի,

Քամու նման թեթև՛ արի,

Այգու միջո՛վ արի ինձ տես:

 

Կեռասն եմ ես,

Կարմիր եմ ես,

Անուշ եմ ես,

Մեր այգու մեջ՝ արեգակի մի մասն եմ ես:

 

12

ՏԱՆՁԻՆ

 

Եկեք, սրա օ՛րը տեսեք,

Սրա տռզած փո՛րը տեսեք,

Գոռոզ-գոռոզ ման է գալիս,

Արջի նման թավալ տալիս,

Ճյուղից պոկվել, ցած է ընկել,

Աշնան տաքուկ տերևներին՝ դարձել ընկեր:

 

Եկեք սրա օ՛րը տեսեք,

Սրա օ՛րը,

Ամբողջ այգին հավաքել է իր բոլորը,

Ծիծաղում է, աչքով անում,

Էլ չգիտեմ, տանձից ո՞վ է գլուխ հանում:

 

Շուրթը՝ անուշ,

Թուշը՝ անուշ,

Չե՛ս կշտանում, չե՛ս կշտանում:

 

 

 

 

 

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>