Երազներ և Իրականություն
Մայիսյան արևոտ ու պայծառ օրերից էր: Պարզ լազուրում լողում էին ամպերը` նման ծովի հայելում խայտացող ձկների: Արևն էլ, կարծես դայակի նման ներողամիտ ժպտալով, հսկում էր: Իսկ այնտեղ` հեռու ներքևում, մարդիկ էին. մարդիկ իրենց հոգսերով, ուրախություններով, տխրություններով, երազներով…
Մեկը շտապում էր աշխատանքի, մյուսը տուն, մեկ ուրիշն էլ թոռնիկի ձեռքից բռնած` զբոսնում էր`բավարարելով նրա հարցասիրությունը:
_Պապի՛կ, ինցո՞ւ մեր տանը դրված դասնամուրը ոց ոք ցի նվագում,- թոթովեց թոռնիկը:
Դաշնամո՜ւրը …Օ՜, որքա՜ն ժամանակ է անցել այն օրից… Անցյալի հուշերը արթնացան ու նորից սկսեցին այրել պապի տանջված հոգին: Այն ժամանակ դեռ երիտասարդ էր, ու հոգին լի էր անասելի երջանկությամբ, ու մտքերը` լի երազներով, ծրագրերով:
Բայց հանկարծ…Ժամանակը կանգ առավ, երազները երազների պես հօդս ցնդեցին, կարծես երբեք էլ չէին եղել: Ամեն ինչ միանգամից փոխվեց. Պայծառ օրը մթնեց, ամպեց, ծովն ալեկոծվեց ու փոթորկվեց: Այլևս ոչ ոք հանգիստ չէր զբոսնում, ոչ ոք հոգնած տուն չէր գնում, որ հանգստանա: Այլևս փողոցներում չէին լսվում ուրախ անցորդների քայլերի ձայները: Փոխվեց, ամեն բան փոխվեց:
Պատերազմ…
Մեկն իր մորը թողեց ծանր վշտի մեջ, մեկն իր ջահել կնոջը` երեխան գրկին, աչքը ճամփին: Ինքն էլ շատ շատերի նման պատերազմ գնաց: Գնաց պատերազմի դաշտ, իսկ հայրենի քաղաքում թողեց հիվանդ մորը, քրոջը, իր երազների թագուհուն ու իր սիրելի դաշնամուրը:
Իսկ քանի քանիսն իր պես գնացին ու ետ չեկան…
Ինչ իմանաս` նրանցից ով ինչ էր երազում, ինչ ծածուկ բաղձանք կար թաքնված նրանց սրտերում: Ա՛յ, ինքը երազում էր դառնալ երաժիշտ` դաշնակահար, ուզում էր շրջել հայրենի եզերքում, համերգներով հանդես գալ աշխարհի ամենատարբեր բեմերում: Ուզում էր իր դաշնամուրի դյութական ստեղներով հուզել մարդկային սրտերը, ջերմացնել էր ուզում մարդկանց բնավորության ցուրտ սառնությունը. չէ՞ որ երաժշտութիունը արվեստների մեջ այն կախարդական ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է տիրել մարդկանց ամբողջ էությանը, թափանցել մարդկանց անթափանցելի և օտարների համար փակ, գողտրիկ անկյունները…
Բայց այն անիծված պատերազմը ամեն ինչ փոխեց…
_Մեր տան դաշնամուրը…- վերջապես պատասխանեց պապիկը.- դա երկար պատմություն է, փոքրի՛կս: Ա՛յ, որ մեծանաս, քեզ ամեն ինչ կպատմեմ:
Տարիներ անցան…Պապիկը ծերացավ, թոռնիկը մեծացավ….երաժիշտ դարձավ…Այժմ նա աշխարհի ամենատարբեր երկրներում իր դաշնամուրի և իր հոգու դյութական հնչյուններով մարդկային սրտեր է գերում…
Իսկ հիմա նա հայրենի քաղաքում է. պապիկի համար է նվագում: Լսում է պապիկը և ջերմ արցունքներով արտասվում…
Ամեն գարուն իր ժամանակն ունի…
Ճանաչի՛ր զքեզ…
Խորին համոզումս է` ինքնաճանաչման ճանապարհներից լավագույնը հայրենաճանաչությունն է…
Սա խորապես մարդկային համոզում է…
Հայրենիքը յուրատեսակ ընտանիք է. ինչպե՞ս կարելի է չսիրել ընտանիքը…
Այո՛, Հայաստանը տունն է, հայ ժողովուրդը` իմ բյուրանդամ ընտանիքը…
Հեշտ ու հանգիստ չի եղել իմ ընտանիքի ճանապարհը… Իր ձևավորման առաջին օրից պայքարել, արցունք ու քրտինք է թափել արևի տակ իր սեփական տեղն ունենալու համար:
Հայկական լեռնաշխարհն իր երկնասույզ գագաթներով, անդնդախոր ձորերով, ապառաժներից բխող ջինջ աղբյուրներով ու լեռնային կարկաչահոս գետերով, բարեբեր բնությամբ գերել է մոտ ու հեռավոր ժողովուրդներին ու քոչվոր ցեղերի ընչաքաղց ախորժակը: Նրանք սասանող հողմերի պես եկել-գնացել են հայրենիքիս վրայով, իսկ մենք ապրել ենք միշտ, մաքառել ու շենացրել ենք մեր սիրասուն երկիրը, նրա համար ոչինչ, ոչինչ չենք խնայել` անգամ մեր հայրերի ու եղբայրների արյունը:
Իմ ժողովուրդը տեսել է և՛պատերազմ, և՛ջարդ, և՛գաղթ, և՛անանուն արհավիրքներ: Հայ ժողովրդի հիշողությունից անջնջելի են այդ ամենը, ինչպես` Սպիտակի «երեկվա» երկրաշարժը: Անջնջելի են Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի, Աշոտ Երկաթի, Դավիթ Բեկի, Աղբյուր Սերոբի, Անդրանիկ զորավարի, Գարեգին Նժդեհի, Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սպարապետի և մնացյալ սուրբ նահատակների սխրանքները` մեր երկրի իրականացրած ասպատակիչների վայրագությունների դեմ: Ինչեր ասես, որ չի տեսել մեր ժողովրդը, բայց և տոկացել, մինչև իսկ հաղթահարել ու վերածնվել է 1915 թվականի ցեղասպանությունից հետո… Արաբական ավազուտները դեռ պահում են Մեծ եղեռնից մազապուրծ հայորդիների ոտնահետքերը . անջնջելի են դրանք…
Տպավորիչ են ամենայն հայոց վեհափառ Վազգեն Առաջին կաթողիկոսի այս խոսքերը. «Պայքարը ապրելու ձև է դարձել հայերիս համար»: Սրանք բառեր են, որ հասկանալի են ցանկացած հայի նաև այսօր…
Փառք մեր ժողովրդին, որ միայն պայքարն ու տառապանքները չեն եղել նրա մշտական ուղեկիցներն այս աշխարհում: Մեր լավուվատ օրերի մշտական ուղեկիցներն են եղել
անխոնջ ու աշխարհաշեն աշխատանքը, գիտության մեջ ու մշակույթի լուսեղեն արարումներում խորամուխ լինելը: Հոգևոր-պատմական այս հսկա կարողությունների շնորհիվ հայ ազգը եղել ու մնում է մշակույթի մնայուն արժեքներ ստեղծած ժողովուրդներից մեկը: Մեր Հայաստան երկիրը օտարների կողմից անվանվել է թանգարան բաց երկնքի տակ: Նրա ամեն մի գողտրիկ անկյունում մի եկեղեցի, միբերդ-ամրոց, մի հուշարձան կգտնվի, որ կզարմացնի անգամ աշխարհ տեսած մարդուն: Թերևս յուրաքանչյուր հայի հպարտությունն են մեր տաճարները` Գառնո հեթանոսական, Զվարթնոցի, Ս. Էջմիածնի ու Անիի Մայր տաճարները, միջնադարյան Հայաստանի եկեղեցիները` Գեղարդավանքն ու Գոշավանքը, Հաղպատի, Սանահինի, Աղթամարի վանքերը, Մակարավանքն ու Տաթևի վանքը, վիմափոր Գեղարդավանքը: Դեռ կարելի է թվել ու թվել: Միայն իր ժամանկին արևելքի մարգարիտ ճանաչված Անիի հազարումի եկեղեցիները բավական են Հայաստանի մասին գաղափար կազմելու համար: Եվ դեռ չենք խոսում խաչքարագործության մասին. Մի հիասքանչ և անկրկնելի արվեստ, որ ինքնատիպ ու հայկական է: Խաչքարի նմուշներ կային, որ կմրցեին հայ մանրանկարչության գագաթ Թորոս Ռոսլինի մանրանկարչության ձևերի հետ:
Ճշմարտության առաջ չմեղանչելու համար ասենք նաև, որ այդ հուշարձանների ոչ քիչ մասն ավերվել ու քանդվել է ժամանակի ավերիչ շնչից: Այսօր ավելի քան երբևէ չնորոգված ու կործանման եզրին գտնվող ճարտարապետական կոթողները կարոտ են մեզանից յուրաքանչյուրի հոգածությանն ու սրտացավությանը…
Պարտքի և հոգածության գիտակցումը յուրաքանչյուր հայի պիտի պարտադրի քանիցս այցելել մեր պատմամշակութային կոթողներին` տեսնել ու պահպանված բերդ-ամրոց ու քարավանատուն, միջնադարյան քարակերտ կամուրջ ու խաչքար, վանք ու տաճար, որոնք սփռված են ամբողջ Հայկական լեռնաշխարհով մեկ, լինել Պատմության թանգարանում, Մատենադարանում ու Ազգային պատկերասրահում, մեծ հայերի տուն-թանգարաններում, մի խոսքով` սնվել հոգևորի մեր անսպառ աղբյուրներից:
Հայրենիքը լոկ այն հողը չէ, որի վրա մենք ապրում ու գոյատևում ենք, այն արժեհամակարգ է, որ մենք պարտավոր ենք ճանաչել և լինել նրա կրողը, որպեսզի ճանաչենք ինքներս մեզ: Եվ այդ ժամանակ միայն մենք կարող ենք ասել, որ հենց այնպես, միայն մեզ համար չենք ապրել այս կյանքում:
Այո՛, դյուրին չի եղել իմ մեծ ընտանիքի ճակատագիրը: Նա իր տուն-ամրոցը հիմնեց մի լեռնային կղզու վրա, որն իր` բազում արժանիքների, իր բացառիկության համար մշտապես գրավել է մեր հարևանների ուշադրությունը,գրգռել նրանց ախորժակը… Սակայն մեզ բաժին հասած բոլորփորձություններն էլ մենք հաղթահարեցինք ու մեր տունը կանգուն է նաև այսօր: Մենք մեր տունը կառուցում ենք նաև այսօր:
Մեր ապրելու և արարելու ոգին այնքան ուժեղ է, որքան մենք` հայ ժողովուրդը…
Հայրենի տունն այն ամենալավն է, որ անընդհատ վերակերտում է ժողովուրդը և կտակում որդոցորդի…, որը կառուցվում ու գեղեցկացնում է, և որի կառուցումը անվերջ, հարատև է, ինչպես հարատև է ինքը ժողովուրդը:
…Հայրը կգնա, կգա որդին, և ինչպես օրը` օրվան,քարը` քարին… կհարատևի, կհավերժանա հայրենիքը մեր…
Ճանաչե՛նք մեր հայրենիքը, որպեսզի լինենք գիտակից և լիարժեք մարդ…
Աշխարհի գործն ավելի դժվար է
Գարուն…1915 թվական…Արևմտյան Հայաստանի շեները ծխում են. ծխի գորշ սյուները, սև օձի նման գալարվելով, ձգվում են վեր` հյուսելով դժբախտ մի ժողովրդի պատմություն: Ծուռումուռ ճանապարհներին երևում են մարդկային դիեր` խոշտանգված ու քստմնելի: Խուլ տնքոց է լսվում: Չլինի՞ օգնություն են կանչում: Ո՜չ, մի ծերունի կմախքացած ձեռքերով որդու սառած մարմինն է բռնել ու քարացել է: Իսկ սա ո՞վ է, ի՞նչ է ուզում: Մի կին` մաշկ ու ոսկոր, դիակների մեջ իր միակին է փնտրում: Անիծում է Աստծուն…Ո՞ւր է, որե՞ղ է իր սիրելին…Պատասխան չկա…Չկա ու չկա… Լռություն է չորսբոլորը:…Մի՞թե պիտի պատասխան լիներ: Ո՞վ է գյավուրին պատասխանողը ցեղասպան երկրում:
Հեռվում մարդկային քարավաններ են ձգվում, չգիտես` որտեղից, չգիտես ` ուր: Թշնամին նրանց քշում է հայրենի ակութից, հայրենի հող ու ջրից…
_Տեսնես կվերադառնա՞ն…Կա՞ վերադարձ: Ամենուր ավե՛ր, կոտորա՛ծ, արյո՛ւն…
_ Ձա՛յն հանեք, մարդի՛կ, ձայնի՛ր, աշխա՛րհ: Ինչո՞ւ եք լռում, ինչո՞ւ չեք խոսում… Մի՞թե ձեր աչքերի առջև չէ այս ամենը: Օգնե՛ք: Չե՞ք ուզում օգնել…
…Անցել են իննսուն և ինն ձիգ տարիներ: Բայց 1915 թվականը հայ ժողովրդի հիշողությունից դուրս չի եկել: Այն նման է հոգեկան հրաբուխի, որ ամեն տարի գարնանը` ապրլի 24(11)-ին, մի նոր ուժով ու մի նոր թափով դուրս է ժայթքում խաղաղ կյանքի հունից:
Պարզվում է` աշխարհի գործն ավելի դժվար է. պիտի խոստովանի այն… ինչ տեսել է…
Վերջին մեկնաբանություններ