Ռեզվան Աբութորաբի | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

RA22

Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը
ԼՈՒՍՆԻՑ…

Լուսնից ցած իջար
Սպիտակ թաշկինակ ձեռքիդ
Որով մաքրում էի աստղերի փոշին
Եվ անձրևը
Թափվում էր ձայնիցդ

Դու եկել էիր լուսնից
Բայց այն գիշեր
Բոլոր փողոցների անունները
Արև էր

ԱՄԱՅԻ ՓՈՂՈՑՆԵՐ

Թափառում էինք գիշերվա շրջակայքում
Եվ աստղերից
Կաթիլ կաթիլ լույս էր կաթում
Մի քանի ստվերների մրմունջը
Բարդու տակ
Եվ հեգնաժպիտներ
Գիշերը հենց այս էր միայն

Մենք տուն վերադարձանք
Եվ լուսինը
Փողոցում
Մնաց միայնակ

ԱՐՄԱՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ

Ինչ կանաչ աղաղակ է սահում
Ծառի ճյուղերից
Համաշունչ այն թռչունների
Որ այլևս թռչուն չեն

Եվ բողբոջները
Արմատների ձայնն է
Որ ծլարձակում է հողի ժպտի ետևից

Երանի իմանայիր
Գարունը այն ժամանակ է գեղեցիկ
Որի անձրևը
Քո ձեռքերից կթափվի

ԳԵՏԵՐԸ…

Խորշում եմ գետերից
Գետերը
Արևի մոտ ջուր են դառնում
Եվ ձկները
Կում կում
Մահ են խմում

Զարմանալի չէ
Խորշում եմ փոքր երազանքներից

Ես
Ուզում եմ այնպիսի մակույկ ունենալ
Որ ջուր բերի ինձ
Մի ծովի չափ

ԹՌԻՉՔ…

Մինչև բարձրությունը թռչունի
Քանի՞ թռիչք է

Հարցնում եմ
Եվ դու
Նայում ես ջրին
Մի ափ ջուր եմ վերցնում
Եվ ձեռքերիս մեջ բույն դրած թռչունը
Խմում է երկինքը

ԱՄՈԹ

Գալիս ես
Ջուր ու կրակ աչքերով
Ու նստում ես բանաստեղծությանս կողքին

Ափսոս…
Ձեռքերս մի մանուկ է
Որ դեռևս
Լեզու չի եղել

ՄԻ ՔԱՆԻ ԿԱԹԻԼ ԼՌՈՒԹՅՈՒՆ

Գծում ես ճանապարհի գծագիրը
Մի քանի կաթիլ լռությամբ
Եվ արևի տեղը
Մի կետ ես դնում
Այժմ
Սառը դատարկություն
Եվ անցում այս մոխրավուն ճանապարհով

Տուն հասնելուն պես
Բանալին հանում եմ գրպանիցս
Ու թակում եմ դուռը

Մի ձայն է գալիս դռան ետևից
Որ ոչ մեկինը չէ

ԳԻՇԵՐՎԱ ԱՆՈՒՆԸ

Մշտապես ավելի շուտ ես գալիս
Քան բանաստեղծությունը
Եվ թղթի վրա
Այնպես սպիտակ ես քնում
Որ բանաստեղծություններս
Առանց ձայնավորների եմ գրում

Երանի արթնանայիր
Վախենում եմ թղթերը այնքան սպիտակ մնան
Որ գիշերը
Մոռանա իր անունը
Եվ ես
Մնամ
Անտերունչ դարպասների ետևում

ԵՍ ՔԱՄՈՒ ՀԵՏ ԳՆԱՑԻ

Մեր աչքերը
Միմյանց ագուցվեցին
Անժպիտ ու անխոսք
Մի գիշերում

Ես քամու հետ գնացի
Եվ երկինքը
Մնաց քո աչքերում

ԱՄԵՆ ԳԻՇԵՐ ՀԵՆՑ ԱՅՍՊԵՍ Է…

Առանց տարածության
Լուսնի հետ նստում ենք զրույցի
Ամեն գիշեր
Ես և լուսամուտը

Եվ նայում ենք
Աստղերի խաղը
Ավազանի միայնակ ձկան հետ

Ամեն գիշեր հենց այսպես է
Լուսնի
Լուսամուտի
Իմ և միայնակ ձկան զրույցը

Երանի լուսնի փոխարեն
Դու լինեիր
Քո աչքերով

ԻՄ ԱՆՈՒՆԸ…

Գիշերապահին
Երբ քամին
Լռության երկար վարսերը
Թափում է
Հիշողության փողոցների ուսերին
Մտամոլոր
Փնտրում եմ նրան
Ով մի օր
Իմ անունը տարավ իր հետ

ԱՐԵՎԻ ՍՏՎԵՐԸ

Ծառը չի երդվում
Միայն
Ի ցույց է դնում բողբոջները

Հիմա
Թեև մերկ են ճյուղերը
Բայց դու հավատա
Գարունը
Հենց այս մի քանի օրը եկել էր
Եվ դու քնած էիր
Նույնիսկ
Արևի ստվերը ընկել էր փողոցների վրա

Հիմա
Եթե չես տեսել գարնանը
Մի քանի կաթիլ անձրևի համար
Մի սրտնեղվիր
Մենք աշխարհի բոլոր ամպերի
Անզուսպ լացը
Ունենք մեր կոկորդներում

Աչքերդ դեպի երկինք ուղղիր
Որ անձրևենք

ԻՄ ՄԵՆՈՒԹՅՈՒՆԸ…

Գլուխգլխի մի դիր բանաստեղծությանս հետ
Ես
Ոչ մի լուսամուտից բառ չեմ վերցրել
Եվ ոչ մի կանաչ խոսք
Ոչ մի ծառից չեմ լսել

Չեմ կարող խաբել
Ձեռքերս այլևս
Անցած պատմություն է
Եվ այլևս
Երազներս
Չեմ գծում լույսի գծիկներով

Այն գիշեր էլ
Երկինքը տանող
Փուչիկ վաճառողն էլ
Չասաց
մինչև քանիսը հաշվեմ
Որպեսզի լույսը բացվի

Գլուխգլխի մի դիր բանաստեղծությանս հետ
Չգիտեմ ով է ինձ այսքան դատարկության հետ
Գնդասեղել
Բայց
Ազնվորեն ասեմ
Դու որքան էլ լավն ես
Բայց ես
Իմ մենությունը չեմ վաճառում

ՏՐՏՈՒՆՋ

Չեմ տրտնջում
Միայն ճանապարհներից եմ ամաչում

Սարերը իրար հասան
Բայց
Մենք իրար չհասանք

ԱՅԳԱԲԱՑ

Մի աչք քեզ է նայում
Լուսամուտի ետևից

Ոչինչ չի պակասի քեզանից
Մի համբույր
Ուղարկիր Նրան
Որ հավատա
Արևածագ է

ՀԵՔԻԱԹ

Հեքիաթի մի կողմը մշտապես
Մի ճանապարհ էր

Կամ մի ճամփորդ էր գալիս
Կամ գնում էր

Այն ճամփորդը որ գալիս էր
Ձին սպիտակ էր
Աստղերի լույսով լեցուն
Մի թաշկինակ ձեռքին կապած

Այն ճամփորդը որ գնում էր
Արցունք էր
Եվ մի աղջիկ որ թափահարում էր թաշկինակը

Չգիտեմ ինչու՞
Այն գնացքը որ ինձ տանում էր
Երբեք որևէ մեկի համար ձեռք չթափահարեց

ԵՐԱԶԱՆՔ

Ինչ գեղեցիկ է
Երբ բառի նման
Նստում եմ շուրթերիդ

Երանի բոլոր բառերը
Իմ անունը լինեին

ԹՌԻՉՔ

Չէ
Այս փոքրիկ սենյակը
Այլևս ինձ չի գոհացնում
Ոչ էլ
Մի թզից ավել երկինք չունեցող
Այս լուսամուտը
Ճանապարհներն էլ հո քաղաքներին են հասնում
Կարոտ եմ աստղերին
Լուսնի լռությանը

Ճամպրուկ էլ չունեմ
Երբ գնամ
Ասեք
Թռչուն էր որ
Թռիչքը տեղում թողեց ու գնաց

ՍԻՐՈՒՑ…

Մի քիչ
Մոխիր մնաց
Այն կրակից
Մի քիչ ստվեր
Բոլոր այն հուշերից

Սիրուց
Ոչինչ չեմ հիշում

ԿԱՊՈՒՅՏ ԽՆՁՈՐ


Մի վախեցիր աստղի անձրևից
Այսպիսի մի գիշեր էր որ քեզ սիրահարվեցի
Այսպիսի մի գիշեր էր
Որ լուսամուտները անցան ինձանից
Որ երբ հասա սպիտակ թղթին
Բանաստեղծության ձևը ստացա

Դու այն գիշեր
Հոտոտեցիր հայելին
Շնչեցիր ծովը
Ես սակայն
Լացացրեցի անձրևին

Ճանապարհները երկար էին և մեր ոտքերը կարճ
Դու այս ձեռքից մյուս ձեռքը
Գաղթեցիր
Ես այս վերքից մյուս վերքը
Մինչև խնձորները կապտեցին
Եվ վերջացան ճանապարհները

Հիմա դու գնացել ես
Եվ դեռևս անձրև է գալիս
Եվ ամեն մի կաթիլը
Բարի մի ձեռք բերում է երկնքից

Չլինի հանկարծ բախվեն իրար
Չլինի հանկարծ ջարդվեն
Չլինի հանկարծ այսքան կոտրվածություն
Դառնա մի մեծ պայթյուն
Եվ երկիրը վախենա
Եվ դու վախենաս

Երանի
Սպիտակ մնայիր
Հենց այս բանաստեղծության նման
Որ ինչ էլ անում եմ
Չի նմանվում քեզ

Չէ
Նզովք մի ուղղիր հայելուն
Ծովին էլ մի անիծիր

Ես պիտի այս բանաստեղծությունը գրեի

ԾԱՌԸ

Այս ծառը
Կամ հավայան կղզիներից է եկել
Կամ հենց մեր հյուսիսից
Չգիտեմ
Բայց իր կարոտը ամեն օր
Իմ ուսերին է թափում
Ով գիտի
Գուցե մի օր մեզ տեսնեք ինչ-որ գնացքում
Որ ուղեվորվում ենք դեպի այն երկրամասը
Ուր թռչունները
Իրենց թևերի տակ լույսն են թաքցրել

Հա
Իսկապես
Որ մի տոմսարկղն է ծառին տոմս վաճառում
Գիտե՞ք

ԴՈՒ ՆՄԱՆ ԵՍ ՋՐԻՆ

Դու ոչ կանաչում ես
Ծառի նման
Ոչ կարմրում ես
Ծաղկի նման

Դու նման ես ջրին
Միայն կարող ես հայելի լինել

ԺԱՄԱՑՈՒՅՑ

Տուն չունեմ
Ոչ էլ հասցե
Միայն
Պտտվում եմ ձեր տների շուրջը

Վնաս չունի
Երբ դու քնած եք մի հոգի էլ
Պիտի ժամացույցի գործը կատարի
Որպեսզի ժամանակը
Քնով չընկնի

ԼՈՒՍԱՄՈՒՏԸ

Օդանավը անցնում է
Ամպերը անցնում են
Երկինքը անցնում է
Աշխարհը հենց այս է
Ես կանգնել եմ
Եվ ամեն ինչ անցնում է իմ վրայով
Իմ աչքերի
Իմ զգացումի

Ես լուսամուտ եմ

ԶԱՐՄԱՆԱԼԻ ՎԱՅՐ Է ԱՇԽԱՐՀԸ

Խաղը
Խաղ է
Լինի մանկական
Թե սիրային
սիրելիս
Խիստ մի դատիր
Հավատա
Փիղն էլ կարող է մրջյուններին հյուր գնալ
Կամ ինչ-որ եղնիկ քնի առյուծի խռմփոցի տակ
Զարմանալի վայր է աշխարհը
Դու էլ դռան բանալին
Երկու անգամ մի պտտեցրու փականում
Ես
Չեմ գալու քո տունը

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.