Խորեն Արամունի | ՈՒՄԻ՞Ց ԵՆՔ ՊԱԿԱՍ

KHA44

Վերջին տարիներին հաճախ եմ լինում Հայաստանում: Բարեկամներիս հետ հեթական հանդիպումն էր: Հակառակ տաս եւ ավելի տարիներ առաջվա՝ ուրախ ու թռվռան երեխաներ, ճոխ սեղան, տեղները չգտնող, անընդմեջ վազքի մեջ կչկչան հարս ու աղջիկ, շղթայի պես սրտները միմյանց ագուցված եղբայրներ, եղբորորդիներ, ռաբիս երաժշտություն և վերջապես ոգելից խմիչքից տաքացած գլուխներ:
Կես գիշեր էր, երիտասարդները ինձ «պատիվ» անելու, կամ «ծերուկիս» անակնկալի բերելու նպատակով, առաջարկեցին դուրս գալ մի շիշ գարեջուր էլ, ինչպես իրենք էին ասում՝ ինչ-որ օբյեկտում կոնծենք:
Չհրաժարվեցի:
Թեթև անձրև էր մաղում: Մթության մեջ, անհարթ ճանապարհներին ու ջրափոսերին սովոր սովետական սև վոլգան, անտրտունջ, հլու հնազանդ մտավ մի գյուղ: Հա՛, գյուղ: Անունը էական չէ, պարզապես՝ գյուղ, այն էլ նահապետական, որտեղ դեռ պահում ու պահպանվում են հայկական, ավանդական, շատ ու շատ սովորույթներ ու ծեսեր, այդ թվում, նաև, դարերից եկող, մի շատ կարևոր, հարսանիքից հետո, հարսի կուսութիւնը ապացուցող «ԿԱՐՄԻՐ ԽՆՁՈՐ»-ի խորհրդավոր արարողությունը, որը ոչ միայն մի ողջ գերդաստանի, այլ ամբողջ գյուղի նամուսի խնդիրը պարզող երևույթ էր:
Գիշերը վաղուց կես էր դարձել: Տղաները անկապ ծիծաղում էին, ջրիկացել, համարձակ անեկդոտներ էին պատմում ու յուրաքանչյուր անեկդոտից հետո երկար ու բարակ անիմաստ քրքջում էին: «Վոլգան» քիթը կոխեց գյուղի բնակիչներից մեկի բակը: Բավականին ընդարձակ բակ էր, մի քանի մեքենաներ էին տեղավորվել, այդ թվում կային նաև Մերսեդես, Բի-Էմ և Թոյոթա:
— Էս ո՞ւմ տուն ենք գնում,- զարմացած հարցրի ես:
— Արի, արի հոպար, հիմա կիմանաս,- պատասխանեցին, խանդավառ տղաներն ու մեքենան խցկեցին երկու ծառերի արանքը:
Բակը լուսավորված չէր, մութ էր, չկարողացանք շրջանցել ցեխաջուրը: Նախամուտքի մոտ երաժշտության ձայն լսեցի, մտածեցի ինչ-որ ընկերոջ ծնունդ, կամ… ոտքս ներս դնելուն պես դեմս բացվեց խոհանոցատիպ մի բար: Միջին տարիքի մի կին մոտեցավ, ջերմ բարևեց տղաներին, դիմեց անուններով, պարզվեց, որ առաջին անգամը չէր, հանդիպում էին, վերիջներս էլ հպարտությաբ ասացին, որ Ամերիկայից հյուր ունեն, այնպես որ ես անմիջապես գտնվեցի ուշադրության կենտրոնում…
Տղաները մուտքի համար վճարեցին ու մի քանի հազար դրամ փոխանակեցին ինչ-որ կտրոնների հետ:
Երաժշտության բարձր ձայնը բարձրացրեց նաև մեր ձայնը, խոսելու փոխարեն սկսեցինք բղավել: Սրահը որտեղ մուտք գործեցինք, ըստ երևույթին, ժամանակին ծառայել էր որպես հյուրասենյակ կամ գուցեև՝ թոնրատուն:
Առաջինը մեր ուշադրությունը գրավեց սենյակի կենտրոնի կիսաբեմը, այնտեղից մինչև առաստաղ ձգվող ձողն ու նրա շուրջ գալարվող կիսամերկ աղջկը, որի մարմինը ծակծկվում էր լազերային լույսին նետարձակումներով:
Կիսակույր մոտեցանք սենյակի անկյունում դրված կլոր սեղանին: Նստեցինք: Տղաները հայացքներով սկսեցին ինչ որ բան փնտրել: Պարուհին այն տպավորությունն էր թողնում, որ ուզում է մետաղյա ձողը տեղից պոկել, բայց ուժը չի պատում:
— Հը՞, ոնց ա, Խորեն հոպար, Ամերիկայի գյուղերում սենց բան կա՞:
— Չէ՛, հավատացեք, չկա,- դեռ «երազի» մեջ պատասխանեցի նրանց:
Կիսամերկ մատուցողուհին երեք շիշ գարեջուր ձեռքին մոտեցավ մեզ, մոտեցավ տղաներից մեկին, ականջին շշնջաց, թե ի՞նչ չգիտեմ, բայց դրամով փոխարինված կտրոննեից մի քանիսը զարդարեց նրա անդրավարտիքի եզրն ու գարեջրի շշերը դրվեց սեղանին:
— Ինչո՞ւ չվճարեցիք, ես կվճարեի…
— Հոպար ջան վճարված ա, դու մեր հյուրն ես, այստեղի օրենքները չգիտես, դու միայն վայելիր, հետո էլ կգրես, լավ թեմա է,- ասաց տղաներից մեկն ու շարունակեց,- էս գարեջրերը հենց էս օբյեկտի տերն ա ուղարկե, որ իմացել ա ամերիկայից ես, պատիվ ա արել:
Արաբական երաժշտությանը փոխարինելու եկավ հայկականը: Էնդին էր երգում՝ «Ով չի եղել Հայաստանում»: Ուշադիր զննում էի չորս բոլորս: Սենյակի մյուս անկյունում, բարատիպ սեղանի մոտ, նվաղ լույսի տակ, դեռատի մի աղջնակ էր երևում, ճիշտ նրա գլխավերևում պորնո ամսագրերից պոկված, մերկ նկարներ էին փակցված: Ուշադրությունս ավելի շատ այդ բազմազբաղ աղջնակն էր:
Մտածեցի. «Ինչքան երջանիկ եմ, իրանահայ համագյուղացիս՝ Էնդին, ազատ ու անկախ Հայաստանի գյուղերից մեկի ստրիպ բարում, լսվում, իսկ ես՝ բարակիրան նաիրուհու հեզաճկուն պարն եմ վայելում»:
Նետահարող լազերային լույսի ներքո, մերկ պարուհին մոտեցավ մեզ, ձեռքերը հենեց սեղանին, գլուխն առավ թաթերի մեջ, մերկ կրծքերը կախեց սեղանին, իսկ հետույքը ցցեց :
— Հոպար ձեռք չտաս, ամուսինը էստեղ ա,- ականջիս շշնջաց բարեկամս:
— Ի՞նչ:
— Եսիմ, ամուսինն ա, ընկերն ա, չգիտեմ… Էն ա, էն անկյունում նարդի ա խաղում:
Ուշադրությունս շեղվեց դեպի գլխով ցույց տված հավաքված տղաները, որոնք բոլորովին էլ հետաքրքրված չէին հոլանի պարուհիներով: Հա, նարդի էին գցում, բացի գարեջրի շշերից ու խորտիկներից, սեղանի կենտրոնում նաև մոմ էր վառվում, երևի զառերը լավ կարդալու նպատակով:
Երաժշտությունը դադարեց: Մեր ականջներին հասանելի դարձան նարդի խաղացողների խոսակցություններն ու նարդու չրխկոցները. «փենջ ու դո», «դո շեշ»…
Սենյակի լույսերը քիչ թե շատ պայծառացան, պարուհին հագավ կրծքկալն ու հարյուր տարվա ծանոթի պես հարցրեց.
-Ո՞նց եք, ամեն ինչ նորմա՞լ ա: Ամերիկացի հյուր ունեք, հա՞: Ի՞նչ բերեմ:
— Գարեջուր, մի քիչ էլ էն չոր ձուկից, դու գիտես չէ՞, որից:
— Հա, գիտեմ, բայց չե՞ք ուզում մեր ամերիկացի հյուրին պատիվ անել, լավ նանարներ կան, էնպես որ… ,- սեթևեթեց աղջիկն ու ցուցամատով խփեց բարեկամիս քթին:
— Ամեն ինչ լավ ա, նորմալ ա, — ասացին տղաներն ու մի քանի կտրոն բրդեցին նրա կողմը:
— Ուզում եմ ասել մեր ամերիկացի հյուրը չի՞ ուզում իրեն մի քիչ ավելի լավ զգա:
— Չէ, ցավդ տանեմ, չէ, ասացինք՝ ամեն ինչ նորմալ ա, ինքը լավ լավ ա զգում:
Պարուհին հեռացավ, նրան հետևեց բարի հետևում զբաղված դեռատի աղջնակն ու մի քանի վայրկյանից վերադարձավ, մոտեցավ նարդի խաղացողներին.
— Սուրեն ձյաձա, մաման կանչում ա, գործ կա,- ասաց ու թիթեռնիկի պես հեռացավ:
Նրան հետևեց Սուրեն ձյաձան: Սենյակը ավելի շատ պարսկական չայխանա էր հիշեցնում, քան այն բարերն ու ստրիպ քլաբները, որտեղ մինչ այդ եղել էի:
Պարուհին երեք գարեջրով ու մի քանի չոր ձկան կտորներով վերադարձավ, նրա հետևից երևաց նաև դեռատի աղջնակը, ձեռքին մանկան կաթի շիշ կար.
— Մա, էս լա՞վ ա, ապերիկը լաց ա լինում, տա՞մ ուտի:
— Հա, բալես, տուր թող ուտի,- ասաց մայր, շշերը շարեց սեղանին ու նորից մի քանի կտրոն ստացավ:
— Լուսո, Մերին էկել ա, ասա արագացնի, դու գնա էրեխուն կերակրի:
Մի քանի րոպեից դեռատի աղջնակը նորից մտավ իր «խցիկն» ու երաժշտություն միացրեց: Ռեփ էր, ուզում էի հավատալ, որ բառերը չեն հասկանում, հայհոյանքներով լեցուն այդ երաժշտության տակ նորից նվաղեց սենյակի լույսն ու պարուհին ներս մտավ, մոտեցավ ձողին, լազերային նետերը սկսեցին արձակվել, նաիրուհին մի քանի շուրջ պտտվեց, երկար ու շեկ մազերը դեմքից ետ քաշեց ու անընդհատ հայացքը դեպի մեզ, իր ակրոբատիկ շարժումներով ուզեց գրավել մեր ուշադրությունը:
— Հոպար, հաստատ իրեն ասել են, որ Ամերիկայից ես, հիմա կմոտենա քեզ, բան չասես, կարող ա գլխիդ փորձանք բերեն: Էն առաջին պարողը էս տանն է ապրում, էն երաժշտություն դնողը իրա աղջիկն ա, մի հատ էլ փոքր տղա ունի: Դրանց վաղուց եմ ճանաչում, էս շրջանից են, անտուն էին, մայրը աղջկա հետ փողոցում էր քնում, փոքր երեխան էս օբյեկտի տիրոջից ա…
Բարեկամս ճիշտ էր գուշակել, պարուհին մոտեցավ մեզ, հետույքը դրեց սեղանին ու ձգվելով դեպի ինձ հարցրեց.
— Հոպար, դուք Ամերիկայի՞ց եք:
— Երևի:
— Որ խնդրեմ, սիգարետս կվառե՞ք:
Վառեցի:
— Տենկ յու-, ասաց նա, սիգերտի ծուխը փչեց դեմքիս, կիսախավարի մեջ ի ցույց դրեց սպիտակ ատամնաշարը, կիսով չափ կախված կրծքերը երկու ափերի մեջ առավ, թափ տվեց ու հայացքը չկտրելով ինձանից մոտեցավ պարաձողին:

Հո՞, հոպար, ո՞նց ա, բա որ ասում եմ, չես հավատամ, ումի՞ց ենք պակաս:
— Ավելի լավ է գնանք, հա՞:
— Մարդ չկա, հոպար, հիմա կփակեն, բայց ճիշտն ասա, հոպար, դուրդ չեկա՞վ…
— Ինչո՞ւ, ես ումի՞ց եմ պակաս:

Թողնել պատասխան

Your email address will not be published.