Թե երբ առաջին անգամ ծխախոտը մուտք գործեց գյուղ, ոչ մեկ կոնկրետ չգիտի. ոմանք կարծում են, որ այն իրենց հետ բերել են Մեծ Հայրենականի մասնակիցները՝ իրենց ազատագրած եվրոպաներից, մյուսներն ասում են, որ արդեն ծխելով էին գնում կռիվ:
Այժմ գյուղում բոլորը գիտեն այս երևույթի մասին: Թեև դարասկզբին Ազգային ժողովը որոշում ընդունեց այս չարիքի գովազդը հեռուստատեսությամբ արգելելու մասին, բայց ամեն մեծ ու փոքր խանութում մեծ ցուցանակներ կան, որոնք հաճախ գանձարանի մոտ են:
Բոլորի համար վաղուց սովորական է դարձել, երբ տղաները ծխում են: Օրենքով ծխախոտի վաճառքը թույլատրվում է 18 տարեկանից, բայց շատերը 8 տարեկանից են ծխում:
Ծխախոտի հետ կապված անսովոր երևույթը Կառան էր:
* * *
Կառան դուրս եկավ համալսարանից, նստեց մոտակա նստարանին և վառեց ծխախոտը: Աղջիկը լավ էր սովորում, համեստ էր երևում և հավանաբար բարոյական (գյուղացիների մասին այդպես էին մտածում քաղաքաբնակները), բայց համացանցը և մայրաքաղաքի ընկերությունը շփացրել-փչացրել էին նրան:
* * *
Սահակը ամիսներ առաջ էր ծանոթացել Կառայի հետ: Նրանք մի քանի օր նույն հանգստյան տանն էին հանգստացել, փոքր-ինչ ճանաչել էին միմյանց: Սահակը սիրահարվել էր նրան և սկսել բանաստեղծություններ ձոնել: Նկարներում մի տղայի էր նշմարել նրա հետ և կասկածել էր, որ Կառայի սիրտը գրավված է: Հեռավորությունը, ընկերների բամբասանքները, ինչպես նաև ինքն իրեն տարվա սկզբին տված չսիրելու վերաբերյալ խոստումը սառեցրին նրա զգացմունքները:
* * *
Սահակը անցնում էր փողոցով, երբ նկատեց ծխող աղջկան: Ծխելը Սահակի ամենաչսիրած երևույթն էր, որի դեմ պայքարում էր: Ընկերներին փորձել էր հետ պահել, ծխելը թողնելու մասին գրքույկներ և բուկլետներ էր նվիրել, համացանցում բազմիցս հրապարակումներ էր արել:
Հատկապես ատում էր թաղումների ժամանակ ծխելը: Ընկերներին պատգամել էր, որ իր թաղման ժամանակ ծխելը կամ ծխողների ներկայությունն արգելվի:
Երբեմնի հավանած աղջկան ծխելիս տեսնելը հերթական հարվածն էր նրա համար:
Գնալով նրա հոգեվիճակը կորցնում էր կայունությունը:
* * *
Այժմ Սահակը դատարանի դահլիճում է. նրան մեղադրում են մի քանի երիտասարդ աղջիկների հրկիզելու համար:
Մեղադրող կողմը փորձում է առավելագույն պատիժ կորզել, բայց նրան անմեղսունակ են ճանաչում:
* * *
Ընկերուհիները դուրս եկան վարսավիրանոցից, կպցրեցին ծխախոտները և նստեցին շքեղ մեքենան: Խաչմերուկում նրանք հանդիպեցի փողոցը անցնել ցանկացող Սահակին: Նրանք դժկամորեն կանգ առան, քմծիծաղեցին նրա պայուսակին փակցված «Ծխելը կկործանի մարդկությունը» գրության վրա և լկտիաբար ցուցադրեցին սիգարետները, անգամ առաջարկեցին: Տղան բորբոքվեց, ցանկացավ մոտենալ և հարվածել մեքենային, բայց նրանք արագ պոկվեցին տեղից և հեռացան: Սահակը տաքսի վերցրեց և սլացավ նրանց հետևից: Աղջիկները չմտածեցին, որ նա կարող է իրենց հետապնդել և հանգիստ շարունակեցին իրենց ճանապարհը: Նրանք կանգ առան հիպերմարկետի առջև: Սահակը կանգնեց մոտակա բենզալցակայանի մոտ, մի դույլ բենզին գնեց և վազեց դեպի հիպերմարկետ: Նա տեղ հասավ ճիշտ այն պահին, երբ աղջիկները դուրս էին գալիս առևտրի կենտրոնից: Տղան անմիջապես դույլի պարունակությունը դատարկեց աղջիկների վրա: Նրանք սկզբում ոչինչ չկասկածեցին, մտածելով, որ այդ խեղկատակի համար Վարդավառը շուտ է սկսվել և ժպտացին: Այդ պահին նա հանեց լուցկու տուփը, երեք չոփ միանգամից վառեց և շպրտեց նրանց վրա:
* * *
Աղջիկներն արդեն ապաքինվել են ստացած այրվածքերից: Դրանք թեթև էին. նրանք վազել էին մոտակայքում գտնվող շատրվան և ցատկել նրա լողավազանի մեջ:
Այժմ նրանք չեն ծխում և իրենց ծանոթներին խորհուրդ են տալիս թողնել այդ սովորությունը՝ զգուշացնելով, որ Սահակի նման հումանիստներ կան:
Իջևան, Երևան, Մարտակերտ
13.09.2015 թ.- 15.03.2016թ.
Վերջին մեկնաբանություններ