Գուրգեն Միքայելյան | ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԾԱՓԱՀԱՐԻ

Գուրգեն Միքայելյան

Գուրգեն Միքայելյան

ՁԻՈՒ  ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

Անտառում որոշվեց հաշվառում անցկացնել: Բոլոր կենդանիներից պահանջվեց ներկայանալ: Հերթը հասավ ձիուն:

-Իհի՜… Իհի՜:- Առույգ վրնջաց ձին, հրապարակում մի քանի պտույտ գործեց ու մոտեցավ հանձնաժողովին: Անմիջապես զգացվեց, որ դա հանձնաժողովի անդամների` ավանակի, այծի ու աղվեսի դուրը չեկավ:

-Դու ո…ո՜վ ե…եե՜ս:- Մկկալով հարցրեց այծը: Ձին զարմացավ.

-Մի՞թե չի երևում… Ես ձի եմ… Նժույգ:- Եվ նորից խրխնջաց` իհի՜… իհի՜:

-Ձի՞ ես:- Նախանձով խոսեց ավանակը:

-Ի՜նչ տարօրինակ հարց:- Կրկին զարմացավ ձին:- Այո՛, ձի եմ:- Եվ կրկին խրխնջաց ու, ծառս լինելով, մի քանի պտույտ վազեց:

— Մենք պիտի դա ստուգենք, պարոն ձի:- Գործի մեջ մտավ աղվեսը:

-Ի՞նչը ստուգեք:- Բղավեց ձին:- Այդ ո՞վ չգիտի, որ ես ձի եմ: Արդեն բյուր հազար տարի է` ես կամ: Բոլորը գիտեն, որ ես ձի եմ, նժո՜ւյգ: Իհի՜… իհի՜:- Նորից խրխնջաց ձին:

-Մեե…եենք դա պիտի նայեեենք Կենդանինեեե…րի համաշխարհայիիին միության օրենսգրքիիի մեեեջ: Տեսնեեենք` Դուք համապատասխաա…աանում եք այնտեղ նշվաա…ած` ձի-ու սահմանմաաա…նը:- Կրկին մկկալով խոսեց այծը և բացեց մի հաստափոր գիրք: Ձին, շփոթված, չիմացավ` ինչ խոսեի:

-Ձ… Ձ… Ձ…:- Գրքում «Ձ» տառը փնտրեց այծը:- Ձի:- Վերջապես գտավ ու մտքում սկսեց կարդալ… Քիչ հետո գիրքը տվեց ավանակին ու նրա ականջին ինչ-որ բան մկկաց: Ավանակը կարդաց և տվեց աղվեսին: Երբ սա էլ կարդաց, նրանք փսփսոցով ինչ-որ խորհրդակցություն անցկացրին, և ավանակն իրենց մտքերը բարձրաձայնեց.

-Ըստ Կենդանիների համաշխարհային միության օրենսգրքի, պարոն ձ…:- Հանկարծ ավանակը խոսքն ընդհատեց` զգալով, որ, իրենից անկախ, սխալվեց:- Պարո՛ն:- Ինքն իրեն ճշտեց նա:- Դուք ձի չեք:

-Ինչպե՞ս:- Աչքերից հարցական կրակներ ժայթքեց ձին:

-Ըստ Կենդանիների համաշխարհային միության օրենսգրքի սահմանման,- խոսեց աղվեսը,- ձին  պետք է ունենա արծաթե ատամներ, բաշը պիտի լինի ոսկե, և պիտի կարողանա վազել ժամում 120 կմ/ժ արագությամբ:

-Իսկ Ձե…եր ատամնեեե…րը, ինչպես տեսնուուու…ում եմ, արծաթիիից չեն, բաա…աաշը ոսկուուուց չէ, և արագուուու…թյունն էլ 60 կմ/ժաաամը չի անցնուուում:- Մկկաց հանձնաժողովի հեղինակավոր անդամը:

-Այդ ինչե՞ր եք խոսում: Ի՞նչ սահմանում: Դեն նետեք այդ գիրքը: Ի՞նչ համաշխարհային միություն, ի՞նչ օրենսգիրք: Ամբողջ աշխարհը գիտի, որ ես ապուպապերով նախապատմական ժամանակներից ձի եմ, նժույգ: Իհի՜… իհի՜:- Կրկին ցասկոտ վրնջաց ձին:

-Բայց դա Ձեր կարծիքն է Ձեր մասին: Իսկ ահա այս օրենսգրքի սահմանմանը Դուք չեք համապատասխանում: Բնականաբար, ձի չեք:- Իր ավանակային կարծիքը կրկին առաջ մղեց երկարականջ փիլիսոփան:

-Թեև չիի…իի բացառվուու…ուում, որ Դուք հետո` զարգանաաա…լով դառնաաա…աք ձի, բայց այս պահիիին…:- Նորից  մկկաց  այծը` խոսքը թողնելով անավարտ:

-Բայց… Բայց դա անհեթեթություն է:- Ապշանքից ուշքի չեկած` հազիվ խոսեց ձին:

-Իի՜նչ:- Արդեն բարկացավ աղվեսը:- Ուրեմն, Ձեր կարծիքով, համաշխարհային միության օրենսգրքում անհեթեթություննե՞ր են գրված:

-Դե…:- Չիմացավ` ինչ ասի ձին:- Բայց ախր ես ձի եմ: Իսկական նժույգ: Իմ բոլոր պապերը այդպես են կոչվել:

-Հարգելիս,- նորից խոսեց ավանակը,- այդ հնում են կոչվել: Բայց ժամանակն առաջ է գնում, աշխարհը փոխվում է: Այնպես որ, Դուք հիմա ձի չեք: Ձի-ու այս սահմանմանը չեք համապատասխանում:

-Բայց սխալ է այդ սահմանումը: Փոխեք գրածը, ճշտեք:- Վրդովվեց ձին:- Ես եմ իրական ձին, ուրեմն այնպես գրեք սահմանումը, որ այն համապատասխանի իմ հատկանիշներին, ոչ թե ես` նրա:

-Այդ ի՞նչ ես ասում:- Առարկեց աղվեսը:- Գիտե՞ս` հանրահռչակ քանի փիլիսոփա է տքնել, որ գտնի այս ձևակերպումը:

-Իսկ դու ասուուու…ում ես` սխաա…ալ է:- Կրկին ձիու նյարդերը սղոցեց այծի մկկոցը:

-Լավ, հիմա ի՞նչ: Ես ի՞նչ եմ:- Հարցրեց ձին:

-Մենք դեռ կուսումնասիրենք Կենդանիների համաշխարհային միության օրենսգիրքը, պարոն ձ…- Այս անգամ էլ խոսքը կիսատ թողեց աղվեսը:- Պարո՛ն: Կտեսնենք, թե կենդանիներից ո՞ր մեկի սահմանմանն եք համապատասխանում, և Ձեզ կտանք համապատասխան անվանում:

-Այսինքն` կարող է` ես ձի չկոչվե՞մ:- Տարակուսեց ձին:

-Ձի-ու սահմաա…անումին հիմա համապատասխաա…նում է ավանաա…ակը: Բնականաաաբար, Ձեզ կտրվի մի ուրիշ աա…նուն:- Իր կարծիքը մկկաց այծը, և ձին միայն նոր նկատեց ավանակի արծաթե ատամներն ու արհեստական ոսկե բաշը…

Եվ ասում են, որ այդ օրվանից ձին հիվանդացավ, ուժը պակասեց, այլևս չկարողացավ նախկինի պես խրխնջալ ու վազել, և Կենդանիների համաշխարհային միության փիլիսոփաները նրան օգտագործեցին որպես ավանակի…

 

ԱՇԽԱՏԱՍԵՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԵՐԿԻՐԸ

-Ուրեմն սա՞ է աշխատասեր մարդկանց երկիրը:- Հարցրեց Աստծո դեսպանն իրեն ուղեկցող պաշտոնյային:

-Այո՛, այո՛, սա է:- Ասաց պաշտոնյան:- Ու միայն վերջերս է, որ մեր երկիրն այսպես բարգավաճեց: Եվ դա միայն մեկ պատճառ ունի. ժողովուրդն սկսեց աշխատել, ջանասիրաբա՛ր աշխատել:

-Պարզ է:- Ասաց դեսպանը:- Տերը ցանկանում է ձեզ պարգևատրել, ու ես հիմա ուզում եմ շրջել ձեր երկրում, պարզել առաջընթացի գաղտնիքը:

-Խնդրե՛մ, խնդրե՛մ:- Ուրախացավ պաշտոնյան:- Կարող եք նայել, ամեն բան տեսնել: Հենց այստեղից էլ սկսենք: Ահա՛, նայեք այս կողմը, այս դաշտերին:- Ցույց տվեց պաշտոնյան:- Տեսնո՞ւմ եք, նույնիսկ այս կիզիչ շոգին ժողովուրդն աշխատում է: Աշխատում է վաղ առավոտից և կաշխատի մինչև ուշ երեկո, մինչև մայրամուտ: Ուրիշ որտե՞ղ կգտնեք այսպիսի աշխատասեր մարդկանց:

-Այո՛, այո՛…:- Հավանության նշան արեց դեսպանը, և նրանք շարժվեցին առաջ: Անցան դաշտերի ու  այգիների միջով, մտան քաղաք:

-Նույնը այստեղ է:- Շարունակեց պաշտոնյան:- Բանվորները նույնպես զօր ու գիշեր աշխատում են: Այս բոլոր նորակառույց շենքերը նրանց աշխատանքով են կառուցվել: Այս ամբողջն ստեղծվել է շատ կարճ ժամանակում` ընդամենը մեկ տարում: Պատկերացնո՞ւմ եք:

-Այո՛, այո՛…:- Կրկին հավանություն տվեց դեսպանը:- Զարմանալի է…

-Եվ, կհավատա՞ք, այստեղ չկա ոչ մի շահագործում:- Կասկած չհարուցող տոնով շարունակեց պաշտոնյան:- Պարզապես ամեն ոք պարտաճանաչ է: Ամեն ոք վարձատրվում է իր աշխատանքին համապատասխան: Իսկ շատերի աշխատավայրն իրենց իսկ սեփականությունն է: Ասել է` իրենք են իրենց տնօրենն ու բանվորը:

-Եվ ի՞նչ: Արդյո՞ւնքը:- Հարցրեց դեսպանը:

-Պատկերացրեք, որ աշխատելու առումով ոչ մի տարբերություն չկա:- Պարզաբանեց պաշտոնյան:- Դեռ ավելին. հաճախ նրանք ավելի շատ են աշխատում, քան մյուսները:

Դեսպանը կրկին նայեց չորս կողմը, և պաշտոնյան շարունակեց.

-Ահա, այն շենքում աշխատում են գրողները: Նրանք նույնպես շատ աշխատասեր են: Գրում են, միշտ գրում… Եվ բավական լավ վարձատրվում են. հոնորար են ստանում: Իսկ սա լրագրողների տունն է:- Մեկ այլ շենք ցույց տվեց պաշտոնյան:- Այստեղ նույնպես աշխատանքը եռում է. ի՛նչ ասես` չեն գրում: Չեք պատկերացնի, թե արդեն որքան թերթ ու ամսագիր է հրատարակվում:

-Պարզ է, պարզ է:- Պաշտոնյային արձագանքեց դեսպանը:

-Եվ հավատացեք, որ նույն ծանրաբեռնվածությամբ աշխատում են դերասանները, նկարիչները, երգիչները…

-Արդեն չեմ կասկածում:- Ասաց դեսպանը:

-Նույն բարեխիղճ աշխատանքն է գործարաններում ու հիմնարկներում: Այստեղ բոլորը` բանվորից մինչև նախագահ, օրնիբուն աշխատում են: Սա է մեր առաջընթացի գաղտնիքը: Սա է այդ գաղտնիքի միակ բանալին:

-Պարզ է, պարզ է:- Կրկին հավանություն տվեց դեսպանը:

Նրանք ողջ օրը շրջեցին: Պաշտոնյան ոչինչ բաց չթողեց: Պատմեց ամեն ինչի մասին: Պատմեց, թե որքան բան  է ստեղծվել այդ ժողովրդի աշխատանքով, և դեսպանը համոզվեց, որ դա իսկապես աշխատասեր ժողովուրդ է. որ իսկապես աշխատում է քրտնաջան, զօր ու գիշեր, օրնիբուն: Եվ նա մի ամբողջ օր ամփոփեց տեսածն ու լսածը, խորհեց, հետևություններ արեց: Իսկ երբ ներկայացավ Տիրոջը, նրա խոսք եղավ բավական ամփոփ.

-Այդ երկիրը, Տեր իմ,- ասաց,- կկործանվի նույն արագությամբ, ինչպես կառուցվել է…

-Ինչո՞ւ:- Զարմացավ Տերը:

-Որովհետև այդ աշխատանքը շահախնդիր աշխատանք է: Այդ աշխատանքի մեծ մասն աշխատանք է հանուն աշխատանքի, ինքնանպատակ է: Աշխատանք է ստամոքսի համար:

-Եվ ինչո՞ւ:- Կրկին հարցրեց Տերը:

-Որովհետև…:- Մի պահ դադար տվեց դեսպանը:- Գրողը գրում է, ողջ օրը գրում, իսկ ժողովուրդը, աշխատասեր ժողովուրդը չի կարդում… Չի կարդում, քանի որ ժամանակ չունի… Չունի, որովհետև նա նույնպես աշխատում է, օրնիբուն աշխատում: Այսպես` չընթերցված են մնում հազարավոր թերթերը, գրքերը… Դերասանն էլ հանդիսատես չի ունենում, որովհետև նրա հանդիսատեսը` գրողը, լրագրողը, շինարարը, աշխատում են, ողջ օրն աշխատում… Այնտեղ երգիչը ցուցահանդես չի գնում, որովհետև ամեն օր համերգ ունի, պիտի պատրաստվի, աշխատի: Նա ուրիշի աշխատանքը վայելելու ժամանակ չունի… Եվ նկարիչն էլ չի գնում համերգի, որովհետև ինքն էլ աշխատասեր է, պիտի նկարի… Եվ այսպես այնտեղ բոլորն աշխատում են, միայն աշխատում…

Տերը ուշադիր  լսեց  դեսպանին, համբերությամբ լսեց և թե ինչ ասաց, չգիտենք, բայց ասում են, որ երկար-երկար մտորեց…

 

ԵՎ  ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԾԱՓԱՀԱՐԻ

Զավեշտ

Տերերը դևին հրավիրեցին խորհրդի:

-Մենք այն հետևության ենք եկել,- ասացին,- որ գրողները դարձյալ մեզ համար մնում են աղբյուր չարիքի:

-Նրա՛նք են կրկին ժողովուրդներին հանում բողոքի:

-Նրա՛նց կոչերով ճորտերը մեր դեմ սուր բարձրացրին:

-Նրա՛նց գաղափարներով ծառաները զինվեցին:

-Մեր ժամանակում նրանք վերստին նույն չարագործն են:

-Եվ պատմությունն էլ ցույց է տալիս, որ նրանց կախելը օգուտ չի տալիս:

-Աքսոր քշելը, խարույկ հանելը չի տալիս արդյունք:

-Ասա՛, մեծն դև,- խոսքը ամփոփեց գլխավոր տերը,- ինչպե՞ս վերացնենք մենք այդ իժերին: Այնպես վերացնենք, որ ժողովուրդը դժգոհ չլինի, նույնիսկ ավելին` մեզ ծափահարի:

Դևը մտածեց, մտքի մեջ հարցը քննեց, տնտղեց ու ամենագետ իմաստունի պես դանդաղ սկսեց.

-Անհոգ մնացեք, ով մեծավորներ, այդ հարցը ունի հասարակ լուծում: Մի՛ մտածեք դուք ո՛չ կախաղանի, ո՛չ աքսորի ու խարույկի մասին: Այդպես դատելիս հայտնի է դառնում անունը նրանց, կշիռ է առնում ամեն բառն ասած, իսկ ժողովուրդը ըմբոստանում է…

Դևը մի պահ տվեց դադար: Հայացքով շոշափեց տերերին…

-Հապա՞:- Հնչեց սպասված հարցը:

-Փոքր ու աղքատ ոչ մի երկրի մեջ և ոչ մի գրող չի կարող հացն իր վաստակել գրչով:- Խոսքին իմաստնություն հաղորդելու համար դևը կրկին առավ դադար:- Առայսօր ապրած ձեր գրողներից ամեն մեկը մի գործ ունեցել է: Բացառություն է աննշան մասը: Համոզված եղեք, որ նրանք իրենց այդ գործն արել են չափազանց թերի: Եղել են նրանք խիստ անկարգապահ: Ասել է` գործի գնացել են ուշ, վերադարձել` շուտ: Հաճախ փախել են. ժամ են «գողացել»… Եվ այս ամենը թույլատրվել է:

Դևը կրկին լռեց, և տերերը իրենց անհասկացողության վրա սկսեցին զայրանալ`կռահելով, թե խոսքը դեպի ուր է տանելու նա…

-Ճիշտ է. թույլատրվել է…,- ասես մտքերի մեջ, ատամները սեղմած` դևի խոսքերը կրկնեց տերերից մեկը:

-Հեքիաթ է, ով մեծ իշխանավորներ,- շարունակեց դև իմաստունը,- թե մարդ կարող էր օրենքով, կարգով օրվա մեջ ութ ժամ աշխատել, դիցուք, բաժնի պետ, վարիչ, խմբագիր, ցրիչ, ապա գիշերը, հոգնած ու քնատ, գրել հատորներ: Այստեղ է, ահա, հարցի լուծումը:

Տերերը, որոնց համար դևի ասելիքն այլևս նորություն չէր լինելու, շարունակությունը լսեցին հետագա անելիքի քաջ գիտակցումով:

-Եթե ուզում եք,- ավարտեց դևը,- ձեր երկրի մեջ գրող չլինի, չլինի արդի գրականություն, արեք հասարակ, շատ հասարակ բան. դուք ընդամենը… խստացրեք աշխատանքային կարգապահությունը: Ո՛չ մի բացառություն… Եվ ժողովուրդը կծափահարի…

Եվ սրահում մի պահ տիրեց լռություն: Իմաստո՜ւն լռություն…

 

ԱՊՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Մարդը սովորականի պես ամենօրյա իր գործին էր, երբ նրան մոտեցավ մի էակ:

-Հերիք է աշխատես,- ասաց,- դուրս եկ պարտեզ: Սքանչելի է օրը: Օդը` թարմ-թարմ: Արևը ծիածան է կապել հենց բակում` ծաղիկների մեջ: Թվում է` ծիածանի գույներն ես շնչում, դրախտային գույների բույրը…

-Ե՞ս:- Զարմացած, կիսաժպիտով խոսեց մարդը:- Ինձ ո՞վ կթողնի: Ես աշխատում եմ:

Էակը նայեց նրան… Հեռացավ:

Մյուս անգամ, երբ էակը կրկին այցելեց, մարդը ազատ էր, պատշգամբում նստած:

-Վերցրու այս բանալին,- ասաց,- կբացես երկրային վայելքների դուռը. կվայելես երկնային հաճույքները:

Մարդը նայեց նրան: Հասկացավ, թե ինչ հաճույքներ նկատի ունի էակը:

-Չեմ կարող,-ասաց:- Արգելում են ինձ մեր օրենքները: Դա մեղք կլինի:

Էակը ձեռքը դեռ երկար պահեց մեկնած` մատներին զգալով մարդու հայացքը, բայց նա մնաց աներեր.

-Չեմ կարող:- Կրկնեց ցածր, ասես` կիսաձայն:

Երբ հաջորդ անգամ էակը այցելեց մարդուն, նա ճոճաթոռին կիսանիրհած էր:

-Մի՛ քնիր,-ասաց:- Ահա քեզ երկրային դրախտի հասցեն: Շուտ արա: Շտապի՛ր: Ժամանակն անցնում է:

Մարդը կեսմարած մի աչքը բացեց:

-Ես հոգնած եմ… Չեմ ուզում ոչինչ…

Էակը ցնցեց նրա ուսերը:

-Բայց դու լսեցի՞ր` ես ինչ ասացի:

Մարդը հորանջեց: Բառերը հեգեց ալարկոտությամբ.

-Թող մնա հետո… Մի ուրիշ անգամ… Ուրիշ ժամանակ…

Անցավ ժամանակ, և մի օր, երբ մարդը որոշեց դուրս գալ պարտեզ, նրա դեմ կանգնեց մահը:

-Վերջ,- ասաց:- Քո ժամանակը ավարտվեց: Հետևիր ինձ:

Մարդը մի պահ քարացավ.

-Այսքան շո՞ւտ…

Ի պատասխան`մահը զարհուրելի հայցքով նայեց նրա աչքերին:

-Բայց ես…,- դողաց մարդու ձայնը,- ես դեռ չապրեցի: Չվայելեցի կյանքը: Տուր ինձ ժամանակ, խնդրում եմ:

Մահը նայեց նրան ավելի սոսկալի հայացքով, ու մարդը սարսափեց… Եվ մահը տարավ նրան… Եվ մարդը նայեց հետ չվայելած վայելքների անհուն կարոտով, աչքերի մեջ` անմորմոք ցավ ու հավերժական ափսոսանք…

 

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի