Կոլյա Տեր-Հովհաննիսյան | ՈՒԹԵՐՈՐԴ ԱԹՈՌԸ

Կոլյա Տեր Հովհաննիսյան
Կոլյա Տեր Հովհաննիսյան

Մենք ութ աթոռ ունեինք, մնաց յոթը. մեկը կոտրվեց: Չէ, չկոտրվեց, հայրս ամուր հարվածեց հատակին, կտոր-կտոր եղավ: Ես ամեն բան տեսա կիսաբաց դռան արանքից ու տակս թրջեցի:

Ուրեմն արթնացա անսովոր ձայներից, իջա անկողնուց ու մոտեցա դռանը… Ավելի ուշ իմացա, որ մայրս պնակը վերցրել էր ընթրիքի սեղանից, նետել հորս վրա. հայրս խաբս էր տվել, ու պնակը, դիպչելով դիմացի պատին, ջարդուփշուր էր եղել: Ինքը պատմեց լացը զսպելով. այսպիսի պահերին շրթունքներն ուրիշ ձև են լինում, տգեղանում է, իսկ մորս բերանը ժպտալիս շատ է սիրունանում: Հիմա էլ կերակրի մնացորդների հետքը երևում է պատի վրա, թեև նա շատ չարչարվեց մաքրելու համար բծերը: Մայրս ասում է՝ երբ տունը նորից ներկենք, դրանք կանհետանան: Նրանք վիճում էին, ավելի շուտ գոռգոռում: Ես ոչինչ չէի հասկանում նրանց խոսքերից: Մայրս անդադար կրկնում էր. «Էդ բոզը»: Իսկական կռիվ էր, անգամ իմ սենյակի կողմը չէին նայում, որ գլխի չընկնեմ, երբեք նման բան չէր պատահել մեր տանը: Մեկ-մեկ պատահել էր՝ իմ սենյակի կողմը նայելով, ցածրաձայն վիճել էին, մի քանի օր սկի չէին խոսել իրար հետ, հետո հայրս գրկել էր մորս, համբուրել, ու ամեն բան եղել էր առաջվա պես: Բայց չէին բղավել ու բան-ման ջարդել: Ուրեմն տեսա, թե հայրս ինչպես աթոռը վերցրեց ու հարվածեց հատակին… Ոչ մեկ անգամ, նա անդադար հարվածում էր, աթոռը դիմադրում էր, վերջը կոտրվեց: Հորս երբեք չէի տեսել այդպես, չէ, դա հայրս չէր, ուրիշ մարդ էր, հայրս այդպիսին չէր… Ուրեմն ամեն անգամ աթոռը հատակին հարվածելիս՝ ես ավելի շատ էի դողում, սենյակն էլ սառն էր, վերջը տակս թրջեցի: Հիմա էլ, օրեր անց, մենակ մնալիս կամ քնելիս տեսնում եմ, թե նա ոնց է ջարդում աթոռը. հիմա էլ վախենում եմ: Վախենում եմ իջնել նկուղ, որ իմ սիրած տեղերից մեկն է. չգիտեմ ինչու հայրս կոտրված աթոռն արագ տարավ նկուղ ու դեն չնետեց…

Հաջորդ օրը, երկար սպասեցի հորս, բայց նա աշխատանքից տուն չվերադարձավ ու գիշերն էլ չեկավ: Մինչև այդ պատահել էր, որ հայրս ուշ էր տուն եկել, իմ քնած ժամանակ, այսպիսի օրերին էին լինում նրանց ցածրաձայն վեճերը՝ իմ սենյակի կողմը նայելով: Ես ձևացնում էի, թե քնած եմ:

Հայրս չեկավ նաև հաջորդ օրը, բայց հետո իմացա, որ նախակրթարանում եղածս ժամանակ եկել էր ու, իր հագուստներն ու իրերը հավաքելով, գնացել: Գոնե այն ժամանակ գար, երբ ես տանն էի:

Օրեր անց, մի շաբաթ օր, նա հայտնվեց ու ինձ ասաց, որ պատրաստվեմ, գնում ենք զբոսանքի: Նայեցի մորս կողմը, նա գլխի շարժումով իր համաձայնությունը տվեց: Ինչքան էի ուզում, որ նրանք երկար խոսեն առաջվա պես, հայրս գրկի մորս ու համբուրի, ժպտան, նույնիսկ վիճեն, բայց նրանք բավարարվեցին միայն բարևելով ու իմ մասին մի քանի բառ փոխանակելով: Մայրս ասաց, որ լավ տղա եմ, ինձ լավ եմ պահում, արդեն ճանաչում եմ տառերն ու թվերը մինչև հարյուրը: Մայրս հորս չպատմեց, որ, Հրանտիկի հետ բակում խաղալիս, բեյսբոլի գնդակով փոս ենք գցել մեր մեքենայի դուռը:

Մի պահ որոշեցի խռով ձևանալ ու չգնալ հորս հետ: Ախր, ինքը գնալիս նույնիսկ ինձ ցտեսություն չէր ասել: Մի քիչ էլ վախենում էի: Բայց հորս շա՜տ, շա՜տ էի կարոտել, մեքենայով զբոսանքի ու պաղպաղակի հեռանկարն էլ պատճառ դարձավ, որ արագ հագնվեմ ու միանամ նրան: Մինչ հագնվում էի, նրանք փսփսալով խոսում էին ինձ անհասկանալի կրեդիտ քարտերի, ապահովագրության, մեքենան փոխելու մասին:

Հիմա ես երկու ննջարան ունեմ, մեկը մեր տանը, մյուսը՝ հորս բնակարանում: Հորս բնակարանը նոր է, լուսավոր, քաղաքի հարուստ թաղամասում: Ես շատ եմ սիրում թե՛ ինձ հատկացված սենյակն ու խաղալիքները, թե՛ Օլիվիային՝ հորս ընկերուհուն, որ բնակվում է այս բնակարանում: Հայրս այդպես էլ ասաց. «Ծանոթացի՛ր, ընկերուհիս է՝ Օլիվիան»: Նա շատ սիրուն է, մեծ կրծքեր ունի, շեկ մազեր, կարճ շալվար է հագնում և ինձ հետ միշտ խոսում է ժպտալով, օտար լեզվով է խոսում, բայց ես հասկանում եմ, որովհետև շատ չի խոսում ու երբեմն ապուշ հարցեր է տալիս:

Հորս բնակարանում խիստ կարոտում եմ մորս, մեր տանը՝ հորս: Հայրս ու մայրս էլ, վստահ, կարոտում են իրար, որովհետև երկուսն էլ երբեք վատ բաներ չեն ասում մեկը մյուսի մասին: Հայրս ասում է. «Մաման լավն է»: Մայրս ասում է. «Պապան վատը չէ, մարդիկ, որ բարկանում են, երբեմն աթոռ և այլ բաներ են ջարդում»: Իմ այն հարցին, որ եթե հավանում են իրար, ինչո՞ւ նախկինի պես միասին չենք ապրում, երկուսն էլ նույն բանն ասացին. «Այսպես ավելի հարմար է, մեծանաս՝ կհասկանաս»: Ես շատ եմ ուզում շուտ մեծանալ, որովհետև չեմ հասկանում՝ դրա ինչն է հարմար, ու տխրում եմ:

Շատ տխրեցի նաև ու հազիվ զսպեցի լացս, երբ նախակրթարանի տարեվերջի հանդեսին հայրս ու Օլիվիան չեկան, թեև խոստացել էին, որ կգան: Հայրս հետո ասաց, որ անհետաձգելի գործ էր առաջ եկել: Իհարկե, ես չհասկացա, թե ինչ է նշանակում անհետաձգելի գործ: Մեր տանը եղած ժամանակ էլ, ուշ վերադառնալիս, նա մորս ասում էր՝ անհետաձգելի գործ առաջ եկավ:

Մայրս մենակ էր, նստել էր Հրանտիկի մամայի ու պապայի կողքին ու թեև ժպտում էր, բայց մի տեսակ էր: Իմ գլխին պոզեր ու մեջքիս կանաչ թևիկներ էին դրել, դարձել էի թիթեռ, թռվռում էի՝ հազիվ զսպելով փղձուկս: Շատ էի ուզում, որ Օլիվիան ինձ տեսնի այդ տարազով: Շատ եմ ուրախանում, երբ նա երբեմն ինձ գրկում է, սեղմում կրծքին ու մեկ-մեկ համբուրում է:

Հանդեսի հաջորդ օրը, վախվխելով, հորս գնալուց հետո առաջին անգամ իջա նկուղ ու տնտղեցի ութերորդ աթոռի կտորտանքները: Նստեցի մի արկղի վրա ու լաց եղա: Հայրս ասում է, որ տղաները չպիտի լացեն: Մի կերպ մաքրեցի աչքերս, վերցրի աթոռի ոտքն ու հարվածեցի աթոռի թեքված նստատեղին: Թմբուկի ձայն դուրս եկավ: Նորից հարվածեցի, նորից հարվածեցի, էլի հարվածեցի… ու հեծկլտացի, մինչև որ մայրս ձայնի վրա վազելով հայտնվեց, ձեռքիցս հազիվ պոկեց աթոռի ոտքն ու գրկեց ինձ:

— Մի՛ լացիր, տղա՛ս,- ասաց նա,- նորը կգնենք, աթոռն ի՜նչ կարևոր է, մի հատ ավել, մի հատ պակաս:

Ես չգիտեի՝ ոնց բացատրեմ մորս, որ չեմ լացում աթոռի համար, որ չեմ լացում հորս ու Օլիվիայի՝ հանդեսին ներկա չգտնվելու համար, որ… ինքս էլ չգիտեմ, թե ինչու եմ լացում:

Մայրս ինձ բաց չէր թողնում իր գրկից, ու երբ նայեցի վեր, աչքերն արցունքոտվել էին…

Մայիս, 2020 թ.

Լոս Անջելես

Թողնել պատասխան

Your email address will not be published.