Նազիկ Հակոբյան | ԱՐԴԱՐ ԿՇԵՌՔ

Նազիկ Հակոբյան

Նազիկ Հակոբյան

 «Խարդախ կշեռքը պիղծ է Տիրոջ առջև, բայց արդար կշեռքը հաճելի է նրան» (Առակներ ԺԱ.1)

Բարև, շաբաթ: Նոր շաբաթը սկսվում է երկուշաբթիից, իսկ այս անգամ ամսի մեկն է, գարնանային ամսի մեկը:

Գիշերը ցուրտ էր. Մարոյի մոտ հարբուխ է սկսվում: Հիմա արևի տակ կանգնել, տաքացնում է չոր ճյուղեր հիշեցնող ոտքերը: Հին հողաթափերի մեջ մատները շարժում, ծիծաղում է: Եղբոր երեխան երեկ հենց այսպես էր ծիծաղում: Հենց մի քիչ էլ մեծանա, մյուսների նման իրեն չի սիրի: Մարդն իմաստուն է դառնում, երբ տարբերում է տգեղը:

Հողի վրա մի բուռ ձյուն կա դեռ: Ծնկները ծալեց, բարուրի նման գրկեց մատներով, պոկեց հողից: Տակից կանաչ ծիլերը  տնկվեցին: Հրաշք էր, գորովանքից շունչը կտրվեց, հետո նայեց ափերի մեջ ճռճռացող ցեխախառն ձյան կտորին: «Հալվես, մոռացվես, ո՞վ կհիշի էլ՝ եղել ես, տաքացրել հողի ծոցը»:

Հիվանդ է երևի, երեկվանից լացը խեղդում է: Վերև նայեց: Ամպերը սև փնջերով թրթռում էին կապույտ մակերեսի վրա: Իր գլխին ավելի մութ, ավելի ծանր գորշություն է հավաքվում: Սեդայի հողաթափերի ձայնը լսվեց տան կողմից: Լվացքը փռել ու դատարկ տաշտը ձեռքին մոտենում էր: Ի՞նչ է անում մարգերի կողմը: Մարոն փորձեց մտքից վանել նախանձի նման տրորվող զգացողությունները: Հարսի սիրուն, փոքր-ինչ գիրուկ մարմինը, կլոր երեսը, շեկ խոպոպները փայլում էին հեռվից: Ինքն իրեն տեսավ սառը հողին կանգնած: Գորշ երանգի հագուստի մեջ, մեծ քթով ու ծուռ մեջքով աղջիկ, որ ավելի շատ հայտնի է իր անհամաչափ դեմքով: Աջ կիսադեմը ծառի ոստի նման ուռած ու տձև տնկված է երկար մռութի մակերեսի վրա: Սեդան ինքնավստահ մարդկանց բնորոշ քմծիծաղով մոտեցավ, նստեց կոճղին, տաշտը գրկեց փամփլիկ թևերով:

-Էլի հո՞ղ ես քչփորում:

-Դեռ չէ,-Մարոն վերևից նայեց նրան: Մաստակ ծամող ծնոտը ճերմակ, գառան դնչի նման գեղեցիկ էր:-Մի քանի օրից կարելի կլինի շիթիլները տնկել:

-Հա, բա… Ստեղ լսի, մենք քո համար ավելի լավ գործ ենք գտել:

Մարոն ամբողջ մարմնով թեքվեց, սիրտը վատ կանխազգացումից տրորվեց:

-Երեկ ախպերդ Գառնիկին մի լավ խմացրեց, հետո համոզեց… Տան կեսը ձեր անունով կանի: Մարդը համաձայնեց: Հո ամբողջ կյանքում եղբոր ընտանիքի հետ մի սենյակի մեջ չի խեղդվելու:

Մարոն հայացքը պոկեց նրա գոհունակությունից փայլող երեսից, նայեց տանիքին իջնող արևին: «Բարև, շաբաթ: Էս ի՞նչ ես բերել քեզ հետ»:

 

Սեդան պտտվում էր տան մեջ, տեղի-անտեղի գոռգոռում, խփում երեխաներին: Մարոն ստիպված ելավ անկողնուց: Ջերմությունը բարձր էր, գլխապտույտը չէր անցնում: Նախասենյակում մայրը նստել էր հին թախտին, շոյում էր ամենափոքր թոռան գանգուրները: Երեխան հենց նոր էր մոր ծանր ձեռքից ծեծ կերել, եկել, փլվել էր տատի փեշերին: Մարոյին տեսնելով` վազեց, գիրկը բարձրացավ: Աղջիկը տղային սեղմեց խեղդվող կրծքին: Ականջի տակ մոր երեկվա խոսքն էր՝ «քո երեխան կունենաս, էլ ի՞նչ ես ուզում»: Հայրը չկա, հայրը կհասկանար՝ ինքը ինչ է ուզում:

 

Չոքել է հողին, ձեռքերով գուրգուրելու նման մոտեցնում, ամրացնում է հողը, որ ամուր գրկի սածիլը, քամին մեջքը չկոտրի: Գորշ մազափունջը փակում է երեսի այլանդակ կեսը: Բայց ինքը ժպտում է: Պստիկ թաթիկները վեր տնկած շիթիլը դողդողում է քամուց: Մարոն ուզում է, աղոթելու նման ուզում է մեծանա, արմատներ գցի, ամրանա, ծաղկի, բերք տա: Ծնկների տակ հողը տաքացել է, մի քիչ խոնավեցրել փեշերը: Սիրում է հող: Երբեք ոչ մի բանի այսպես չի տրվել:

Հանկարծ ցնցվեց հակասական մտքերից: Գառնիկի ուսերն ու բարձր հասակը ցցվեցին գիտակցության առաջ: Իրեն չի նայում, սովորականի պես չի զննում այն պահից, երբ խոսք է տվել ամուսնանալ: Հասկանալի է՝ ինչու: Նախորդ երեկոյան կամացուկ հարցրեց սեղանի շուրջ նստածներին. «Քանի՞ տարեկան է»: Հետո զարմացավ, կիսատ ծամած հացը կոկորդին կանգնեց: «Քսանմե՞կ… դե մտածեցի` մի երեսուն կլինի: Հա, մեծ է երևում»: Մարոն ներսուդուրս էր անում` սիրտը կոկորդին հասած: Ինքնասիրությունը, ապրելու ցանկությունը, սեփական մարմնի տակ բեռի նման ճզմվելը խառնվել էին ներսում, մեռնել էր ուզում, բայց ապրելու համար պատճառ էր գտել` ի՛ր երեխան կունենար: Շատ վիրավորական էր: Գոնե Գառնիկը տգեղ, անշնորհք մարմնով մեկը լիներ:

Մարոն ավելի շատ սեղմվեց հողին: «Տեր, գթա ապրելու ցանկությունս, քանզի ինձ չես ստեղծել քո պատկերով, բայց ես իմ տեսակն եմ ուզում»:

 

Սեդայի ձայնը ականջներում արդեն վայնասունի էր նման, նյարդերը լարվել, թևերի երակների նման պրկվել էին: Հայելուն չէր նայում: Եթե նայեր, պոկելու, մի կողմ էր գցելու կաթնագույն բլուզը: Սեդան ստիպել էր հագնել իր ընտրած հագուստը: Առավոտյան նվերները սենյակ բերեց: Մարոն քիչ մնաց հեկեկար ժանեկազարդ ներքնազգեստն ու  ատլասե կաթնագույն հագուստը տեսնելիս: Սեդան իր ձեռքով հագցրեց, ուղղեց բոլոր անհամաչափությունները: Մարոն աչքը չէր կտրում նրա քմծիծաղից ծռված, հաստլիկ շուրթերից: Այդպես երևի գյուղերում բանջարանոցների խրտվիլակներին են հագցնում, փորձում են ծածկել փալասներով, լաթերով, որ տակի եղածը չերևա: Մայրը սենյակ էր մտել ու հեռվից զգույշ զննում էր աղջկան: Երևի ինքն իր մտքերին արձագանքելով` բարձրաձայն ասաց մտքի շարունակությունը.

-Կարևո՛րը կտեսնեն, կնկատեն… մարդ է վերջապես, թող հոգի՛ն սիրի:

-Սե՛դ…

Սեդան, օծանելիքի սրվակը ձեռքին, նայեց աղջկա երեսին:

-Դու ինչի՞ ես այսքան շատ ուզում, որ ես ամուսնանամ: Եթե տնից գնայի, կհասկանայի, թե ինչու ես խառնվել իրար: Բայց այս դեպքում… մենք քո տղաների բաժնից ենք վերցնում:

Սեդայի երեսը կարմրատակեց, հետո նեղացած փնչացրեց.

-Մարդ չե՞մ, չեմ ուզո՞ւմ քո երջանկությունը տեսնեմ:

-Երջանկությո՞ւնը:

-Ամոթ քեզ, Մարո՛:

-Ամոթ քեզ,-մայրը արձագանքեց հարսին, ու երկուսով դուրս գնացին սենյակից:

Դուռը ծածկեցին, բայց միջանցիկ քամուց նորից բացվեց: Մարոն նայեց հայելուն: Դարչնագույն, հարդարված մազերը իջել էին կիսադեմին: Ձախ աչքը` մեծ, խոշոր բիբով, երկար թարթիչներով, տխուր նայում էր հայելուն: Քամին պտտվեց սենյակում, պատուհանի փեղկը շրջանակի մեջ ճոճվեց, խփվեց, նորից բացվեց: Իսկ Մարոն երազում էր՝ մի բան գար, պոկեր իրեն տեղից, տաներ, կորցներ:

 

Խմիչքի հոտը տարածվել էր սենյակում: Գառնիկը ծխում էր, թանձր ծուխը մազերից ելնում, փախչում էր պատուհանից դուրս: Արմունկներով հենվել էր լուսամուտագոգին: Մի երկու անգամ հառաչանքը կուլ չգնաց: Սենյակի պատերը ցնցվեցին: Մարոն նստել էր մահճակալի եզրին: Երևի նստած քնում էր արդեն, որովհետև էլ չէր տեսնում: Պատերը շաղվել, խառնվել էին հեռվից աղմկող հարևանների ձայնին. մեկի տղան ուշ էր եկել, հարբած էր, ու տունը կռիվ էր ընկել: Երեխաներից մեկը ճչում էր:

Մարոյի աչքի առաջ հոր գերեզմանաքարն էր: Կեսօրին ոչ մեկի բան չասաց, վազեց-հասավ գերեզմանատուն, մի կուշտ լաց եղավ հոր մոտ, մաքրեց, լվաց տապանաքարն ու ետ եկավ՝ տրորված հագուստով ու խղճով: Եղբայրը չէր դիմացել, խփել էր ուսին ծանր ձեռքով: Մարոն ցավ չէր զգում:  Իրականությունն ու մինչև այդ պահը եղածը խառնվել էին իրար:

Գառնիկն ինչ-որ բան էր ասում: Մարոն ցնցվեց, բարձրացրեց գլուխը: Գառնիկը նստեց նրա կողքին: Մարոյի սիրտը կծկվեց: Չգիտեր` մյուս կանայք ինչ տագնապներով են առաջին անգամ անկողին մտնում տղամարդու հետ, բայց ինքը վախենում էր, որ Գառնիկը կտեսնի իրեն: Մի քանի րոպե անց, վերջին ներքնազգեստը հագից պոկելիս, կամացուկ հայհոյեց ու հարբածի խելառ ծիծաղով հատակին նետեց նուրբ կտորը: «Թե ասա` սա՞ ինչի ես հագել, այ անխիղճ»:

Նրա մկանուտ թևերի մեջ Մարոն խեղդվում էր: Քիչ էր մնում` օգնություն կանչի: Գառնիկը նրա երեսը շրջեց իրենից, սեղմեց բարձին: «սենց ավելի լավ կլինի»: Մարոյի ձեռքերը կռկվում էին անզորությունից, հետո սողալով մտան բարձի տակ, երևի սուր շեղբ էին փնտրում` ինքնասպան լինելու մեծ ցանկությամբ:

 

Սեդան մարգերը չէր ջրում, բայց փնթփնթալով պտտվում էր բակով` ամռան թեժ արևի տակ այրելով ճերմակ ուսերը: «Մի քիչ սևանամ գոնե: Անաստված սպիտակ եմ»:

Մարոն նստեց խնձորենու հովի տակ: Ափսոս էին, չի ջրել մարգերը: Սեդան մոտեցավ, նայեց նրա երեսին:

-Լավ չե՞ս, Մար… շատ ես գունատ:

-Լավ եմ: Ասում եմ՝ մարգերը ջրել էր պետք, ափսոս էին:

-Հո շաշ չե՞մ քաղաքի կենտրոնում հողի հետ խաղամ: Դրա համար էլ ձեռքերիցդ էդ գույնը չի անցնում:

Մարոն ակամայից զննեց մատները: Երկար, ոսկրոտ ձեռքերի վրա կոշտ, ճաքճքված եղունգները չանչերի նման տնկվել էին:

-Դու է՞լ ես գերեզմանատուն գնում:

-Հա,-Մարոն ցնցվեց, ոտքի ելավ:

Գառնիկի գլուխը մի պահ երևաց աստիճանահարթակին, հետո կորավ դեպի խոհանոց տանող դռան մեջ:

 

-Մարո, քեզ բան ունեմ ասելու:

Մարոն նայեց եղբոր աչքերին:

-Իմ մոտից շատ փող ա կորել:

-Ո՞նց թե:

-Հա, մենակ քեզ եմ ասում: Չնեղանաս, էլի, բայց Գառնիկը կարո՞ղ էր…

-Մանո՛ւկ,-Մարոն արագ ընդհատեց եղբորը,-ես Գառնիկին չե՛մ ճանաչում:

Եթե մարմնին հարվածեին, այդպես չէր ցնցվի: Արագ շրջվեց, քայլեց տան կողմը:

 

Գառնիկի տրամադրությունը շատ բարձր էր, այնքան, որ ոչ մեկից չէր թաքցնում, անկաշկանդ կատակում էր ու հայացքը դեսուդեն գցած` զննում բոլորին: Մարոն կծկվել էր աթոռին` պատի տակ: Արդեն ուշադրություն էր դարձնում ու նկատում Սեդայի հայացքներն իր ամուսնու ուղղությամբ: Գառնիկը աչքը չէր կտրում նրա օրորվող քայլվածքից, կլորիկ հետույքից: Մարոն աղոթելու նման իրար սեղմեց ձեռքերը, հայացքը պոկեց նրանց ներկայությունից:

Աշունը մոտենում էր, արդեն տերևներն էլ էին տխուր սվսվում: Հոգին տագնապած ցնցվում, տեղը չէր գտնում մարմնի մեջ: Ո՞նց վարվի, ո՞նց ապրի երեկվա տեսածից հետո: Գառնիկը քաշել էր Սեդայի թևից, շապիկը ցած էր սահել, ճերմակ, անթերի սիրուն ծոցից դուրս էր թափվել կուրծքն, ու նրանց գրկախառնությունից ցնցվելով` սողացել ու հատակին էին թափվել ճմռթված թղթադրամները: Սեդան շնչակտուր ասել էր՝ հետո, հետո… Կռացել, հավաքել ու նրա բռի մեջ էր սեղմել փողերը: Գառնիկի դեմքը փայլում էր ու այնքան էր գեղեցկացել այդ պահին, որ Մարոն մտմտում  ու չէր հասկանում՝ ո՞նց կարող է  մարդը այդքան տգեղ լինել ու արտաքնապես փայլել այդպես: Լույսը մեղք չէ՞, որ տեսնում է դա:

 

-Չեմ ուզում Գառնիկի հետ ապրեմ: Թող գնա՛, Մանո՛ւկ:

Մանուկը բռունցքված ձեռքերով մոտեցավ, բայց չխփեց:

-Ի՞նչ ես ուզում, դրանից ավել ի՞նչ ես ուզում:

-Ես դա չեմ ուզում, ավել-պակաս չգիտեմ, չեմ հասկանում` ինչ էր պետք ուզել ու… ում ինչ է հասնում այս կյանքում, բայց ես դա չեմ ուզում:

-Դու ծնված օրից մեզ խայտառակ ես արել, ա՛յ աղջի, ո՞նց չես հասկանում, հազիվ տեղավորել եմ քեզ: Պապան կհպարտանար ինձնով: Խեղճ մարդը մղկտում էր…

-Վե՛րջ…

Մարոն ամբողջ կյանքում դեռ չէր ճչացել: Հավաքել, կուտակել, պահել էր ցավը ու հիմա նետեց եղբոր երեսին: Մանուկն անսպասելի ահից ետ ընկրկեց, փլվեց աթոռին:

Մեկի ձեռքը, աներևույթ ձեռքը դեպի դուռը հրեց ծուռ մարմինը: Մարոն խելագարված դուրս վազեց:

 

Գերեզմանատանը ուրուներ կան, վայրի շներ, տնանկներ, խելագարներ: Ինքը դրանցից ո՞ր մեկն է:  Արդեն երկու օր է` պտտվում է ծառերի, քարերի շուրջը, թաքնվում, կորչում, բայց մարդն իր մարմնից ազատվելու, փախչելու հնար չունի,քանի դեռ ողջ է: Գիշերահավքերը ճչում են, սուր ծակում լսողությունը, երևի տեսիլքներ են, ուրուներ…

Մարոն կծկվեց քանդվող ցանկապատի տակ: Գրկեց մարմինը սեփական թևերով, նայեց վերև: «Տեր Աստված, երևա ինձ, ուզում եմ հավատալ, որ իրավունք ունեմ զգալու սա: Եթե լույսը տեսնում եմ, ուրեմն քո արդար ներումը ափիդ ուժով իջել է գլխիս: Թաքնվե՞մ, մնա՞մ, թե՞ ճակատով դուրս գամ կյանքին ընդառաջ»:

Երկնքում առաջին աստղերը թարթվեցին: Մարոն ձեռքը բարձրացրեց, ցուցամատն ու բութը մոտեցրեց, ամենամեծ աստղին առավ մեջը, ժպտաց: Հետո մատները մի քիչ հեռացրեց, օրորելու նման տարավ-բերեց աչքերի առաջ: «Այ էսքան, այ էսքան, բայց ուժեղ ու թող իմ տեսակը լինի… ու հավատա՝ սիրված է»:

 

«Գանձերը չեն օգնի անօրեններինմինչդեռ արդարությունը փրկում է մահից» (Առակներ Ժ2)

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի