Դինո Բուցատի | ԵՐԳԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Դինո Բուցատի

Դինո Բուցատի

Իտալերենից թարգմանությունը` Գառնիկ Մելքոնյանի

 

Արքան հսկայական, պողպատե ու ալմաստե գրասեղանից կտրեց հայացքն ու ականջ դրեց:

-Գրո ՛ղը տանի, այս ի՞նչ են երգում իմ զինվորները, -հարցրեց  նա:

Պալատի մոտով, Թագադրության հրապարակի վրա, իսկապես զորքեր էին անցնում` ուղղվելով դեպի սահման, անցնում էին՝ գումարտակը գումարտակի ետևից, ու քայլելով՝ զինվորները երգում էին: Նրանց կյանքը թեթև էր, որովհետև թշնամին արդեն փախուստի էր դիմել, ու այնտեղ` հեռավոր երկրում,  նրանց մնում էր լոկ վերցնել հաղթանակի դափնեպսակներն  ու փառքով վերադառնալ: Դրա համար էլ արքան ևս, իրեն հիանալի էր զգում ու լի էր վստահությամբ սեփական  ուժերի հանդեպ: Էլի մի քիչ, ու ողջ աշխարհը պիտի հպատակվեր իրեն:

-Դա նրանց երգն է, Ձերդ Մեծություն,-պատասխանեց առաջին խորհրդականը, ով նույնպես պատված էր զենք ու զրահով` ըստ պատերազմական ժամանակի կանոնների: Եվ արքան ասաց.

-Բայց մի՞թե ավելի ուրախ բան չունեն երգելու: Չէ՞  որ Շրոդերը իմ բանակի համար հոյակապ օրհներգեր  է գրել:  Ինքս եմ դրանք լսել: Ա՛յ, դրանք իսկական զինվորական երգեր են:

— Ի՞նչ եք ուզում ձերդ մեծություն, -պատասխանեց ծեր խորհրդականը` սովորականից ավելի  կռանալով զենք ու զրահի ծանրության տակ, -զինվորներն էլ երեխաների նման քմահաճույքներ ու  տարօրինակություններ ունեն: Եթե անգամ նրանց տանք աշխարհի ամենագեղեցիկ  օրհներգերը,  միևնույն է, նրանք գերադասելու են իրենց երգը:

-Բայց այդ երգը բնավ էլ մարտականորեն չի հնչում, -առարկեց  թագավորը: -Անգամ կարելի է ասել, որ նրանք տխուր են` այդ երգը երգելիս: Իսկ դրա համար, ինձ թվում է, ոչ մի պատճառ չկա:

-Ոչ մի, -հաստատեց խորհրդականը` շողոքորթ  ժպիտով, ասես ուզենար ասել, թե թագավորի գործերը շատ հաջող են ինչպես երբեք: -Բայց, հնարավոր է, դա ընդամենը սիրո երգ լինի,ըստ երևույթին, այդտեղ ուրիշ բան չկա….

-Իսկ երգի խոսքերը որո՞նք են, -դարձյալ հարցրեց  արքան:

-Ճիշտն ասած, չգիտեմ, -պատասանեց ծեր կոմս Գուստավը, -ես կկարգադրեմ, որպեսզի ինձ զեկուցեն:

Գումարտակնեըը  հասնում էին սահմանի մոտ ու ջախջախիչ պարտության մատնում թշնամուն` մեծապես  ընդլայնելով թագավորության տարածքը. հաղթանակների համբավը տարածվում էր աշխարհով մեկ, արքայական հեծելազորի (որ ամեն օր ավելի էր հեռանում պալատի արծաթազօծ գմբեթներից) դոփյունը, խլանում էր անծիր հարթավայրերում: Իսկ զինվորական դետքերից`  անծանոթ աստղերի ներքո, էլի թևածում էր նույն երգը` ոչ թե ուրախ, այլ տխուր, ոչ թե հաղթական ու մարտական, այլ դառնությամբ լի: Զինվորները սնվում էին գերազանց, կրում էին նուրբ կտորե զինվորական հագուստ, փափուկ հայկական կաշվից երկարաճիտ  կոշիկներ, տաք վերարկուներ, իսկ  կուշտ ձիերը դյուրությամբ նրանց սլացնում էին մի ճակատամարտից մյուսը, տնից ավելի ու ավելի հեռու, հոգնելով  լոկ զավթված թշնամական դրոշների ծանրության տակ: Բայց գեներալներն հարցնում էին.

-Գրո՛ղը տանի, այդ ի ՞ նչ են երգում զինվորները: Մի ՞ թե չեն կարող երգել ավելի ուրախ մի բան:

-Այդպիսին  են նրանք բնույթով, ձերդ գերազանցություն, -պատասխանում էին Գլխավոր Շտաբի զգաստ կանգնած սպաները: -Անզուգական տղաներ են, բայց նրանք իրենց տարօրինակությունններն ունեն:

-Այդ տարօրինակությունը զվարճալիներից չէ, -մռայլվելով ասում էին գեներալները: -Աստված իմ, թվում է, հիմա  նրանք լաց կլինեն: Բայց ի ՞ նչ է նրանց  պակասում: Կարելի է կարծել, թե  դժգոհ են:

Բայց հաղթական գնդերի զինվորները, ընդհակառակը, ամեն մեկն առանձին վերցրած, ամեն ինչից գոհ էին: Իսկապես, ուրիշ էլ ի ՞ նչ կարող էին նրանք ցանկանալ: Հաղթանակ հաղթանակի ետևից, հարուստ ավարներ, անընդհատ նոր կանայք` իրենց տրամադրության տակ, հաղթական վերադարձն էլ արդեն սարերի ետևում չէր: Զինվորների պատանեկան դեմքերին, որ ուժ ու առողջություն էին ճառագում, գրված էր, որ թշնամին շուտով պիտի ջնջվի երկրի երեսից:

-Իսկ ո՞րն է  երգի տեքստը, -հետաքրքրվելով հարցնում էր գեներալը:

-Տե՞քստը: Տեքստը լրիվ տխմարություն է, -պատասխանում էին գլխավոր շտաբի սպաները` մշտապես  զգույշ ու քչախոս, ինչպես որ ընդունված է նրանց մոտ հնուց ի վեր:

—Հա, բայց ի՞նչ է ասվում  այդ տողերի մեջ:

-Ճշգրիտ չեմ կարող ասել, ձերդ գերազանցություն, -պատասխանում էր սպաներից մեկը: -Իսկ դու, Դիլեմ, գիտե ՞ ս:

-Այդ երգի բառե՞րը: Ճիշտն ասած`ոչ:  Բայց, կապիտան Մարրենն այստեղ է, նա, երևի….

-Ե՞ս… դժվարանում եմ ասել, պարոն գնդապետ, -պատասխանեց Մարրենը: -Սակայն մենք կարող ենք, եթե թույլ կտաք, հարցնել սերժանտ Պետերսին…

-Դե, էս ի՞նչ բան է, արևս վկա…, -բայց գեներալը նախընտրեց չշարունակել:

Ձողի պես ուղղաձիգ  սերժանտ Պետերսը, մի քիչ հուզված` սկսեց զեկուցել .

-Առաջին տան մեջ, ձերդ գերազանցություն, ահա թե ինչ է ասվում.

 Դաշտերում ու գյուղերում

Հնչեց թմբուկը` բո՛ւմ-բո՛ւմ,

Տարիները  թռան-անցան

Վերադարձի ճամփան

Վերադարձի ճամփան

Ընդմիշտ մնաց հեռվում:

Իսկ հետո, գալիս է երկրորդ տունը, որը սկսվում է այսպես. « Մեկ` այստեղով, մեկ` այնտեղով»:

-Ի՞նչ, ի՞նչ, -նորից հարցրեց գեներալը:

— Մեկ` այստեղով, մեկ `այնտեղով, — հենց այդպես, պարոն գեներալ:

-Ի՞նչ է դա նշանակում.«Մեկ` այստեղով, մեկ` այնտեղով»…

-Չեմ կարող ասել, ձերդ գերազանցություն, բայց երգի խոսքերը դրանք  են:

-Լավ…իսկ հետո ի՞նչ բառեր են գալիս:

Մեկ` այստեղով, մեկ `այնտեղով,

Մենք գնում ենք առաջ,

Տարիները թռանանցան:

Այնտեղ, ուր ես թողեցի քեզ,

Այնտեղ, ու ես  թողեցի քեզ,

Հիմա խաչ է կանգնած:

Կա նաև երրոդ տունը, բայց այն գրեթե երբեք չեն երգում: Դրանում ասվում է, որ…

-Ո՛չ, ո՛չ, բավակա՛ն է, այդքանը բավական է, -ասաց գեներալը, ու սերժանտը լռեց`որպես իսկական զինվորական` դոփելով կրունկներով:

-Ըստ ինձ, դա այնքան էլ ուրախ երգ չէ, -իր կարծիքն արտահայտեց  գեներալը, երբ ենթասպան դուրս ելավ սենյակից: -Ամեն դեպքում, այնքան էլ պատերազմին սազական  չէ:

-Իրոք, սազական չէ, — պատշաճ հարգանքով հաստատեցին գլխավոր շտաբի գեներալները:
Ամեն  երեկո, մարտն ավարտվելիս, երբ, չհասցնելով սառչել`  մարտի դաշտը դեռևս ծխում էր, թագավորի մոտ էին ուղարկում սուրհանդակների, ու նրանք գլխապատառ սլանում էին` հաղորդելու լավ լուրեր: Քաղաքները զարդարված էին դրոշներով, անծանոթ մարդիկ գրկախառնվում էին փողոցներում, հնչում էին եկեղեցիների զանգերը, և սակայն, նա, ում վիճակվում էր գիշերով անցնել մայրաքաղաքի ծայրամասային թաղերով, լսում էր, թե ինչպես մեկը` տղամարդ, աղջիկ կամ կին, երգում էր այդ նույն երգը, որ հայտնի չէր, թե երբ էր ստեղծվել: Այն, իսկապես, բավական  տխուր երգ էր, որի մեջ  շատ համակերպություն կար: Դեռատի շիկահեր աղջիկները, խմբված լուսամուտների գոգերին` ինքնամոռաց երգում էին այն` ասես մոռանալով աշխարհում ամեն ինչի մասին:
Դեռ երբեք համաշխարհային պատմության մեջ, սկսած ամենահինավուրց ժամանակներից, չէին  եղել այդպիսի փայլուն հաղթանակներ, այդքան հաջողակ բանակներ, այդքան ընդունակ գեներալներ, ոչ ոք չէր հիշում նման սրընթաց առաջխաղացումներ, նվաճված հողերի այդքան առատություն: Անգամ ամենավերջին հետևակային զինվորը  պատերազմի ավարտից հետո կարող էր ունևոր մարդ դառնալ, այքան որ  շատ փայաբաժին էր հասնում նրան ավարից: Իրականանում էին ամենահամարձակ հույսերը: Քաղաքներում իրիկունները չէր լռում ցնծությունը, գինին հոսում էր գետի պես, աղքատները պարում էին: Իսկ երկու գինու բաժակի միջև` միշտ ուզում ես երգել, խմբով մի թեթև երգ կատարել` ընկերական  նեղ միջավայրում: «Դաշտերում ու գյուղերում…».- երգում էի մարդիկ, ընդ որում նաև` երրորդ տունը: Ու երբ, նոր գումարտակները`ուղղվելով ճակատ, անցնում էին Թագադրության  հրապարակով, արքան, գլուխը  վեր անելով մագաղաթե շնորհագրերից`  ականջ էր դնում այդ երգին ու չէր կարողանում հասկանալ, թե ինչու էր իր  տրամադրությունն ընկնում` ամեն անգամ դա լսելիս: Իսկ գնդերը քայլում էին դաշտերով ու գյուղերով, տարեց-տարի առաջանալով ավելի ու ավելի, ու ոչ մի կերպ չէին կարողանում վճռել, վերջապես, վերադառնալ ետ, թե ոչ,  մինչդեռ մեկը-մյուսի ետևից կորցնում էին նրանց, ովքեր գրազ էին գալիս` հավատացնելով, թե շուտով գալու է վերջին և ամենաուրախալի հրամանը: Հաղթանակներ, ճակատամարտեր, հաղթանակներ, ճակատամարտեր….Բանակներն հիմա գնում էին անհավատալիորեն հեռու, արդեն առաջանում էին վայրերով, որոնց մասին ոք ոք չէր իմացել, որոնք  այնպիսի խրթին անուններ էին կրում, որ դրանք արտասանելն  իսկ դժվար էր:
Ու դա շարունակվում է (մի հաղթանակից մյուսը)  մինչև այն ժամանակ, երբ Թագադրության  հրապրակում այլևս  մարդ չմնաց, թագավորական պալատի պատուհանններին մեխեցին տախտակներ, իսկ քաղաքի դարպասների մոտ արդեն լսվում էր թշնամական տարօրինակ մարտակառքերի դղրդյունը, որն ավելի ու ավելի էր մոտենում. իսկ հեռավոր հարթավայրերում, որտեղով  անցնում էին անհաղթ թագավորական զորքերը, աճում էին  անտառակներ, որ նախկինում չկային,  միօրինակ խաչերի փայտե անտառակներ, որ ձգվում էին  մինչ հորիզոն.խաչեր, խաչեր, ու  էլ ոչինչ: Քանզի, ոչ թե այդ զորքերի սրերի, համազարկի կամ  հեծելազորի հարձակողական ցասման մեջ էր պարփակված ճակատագիրը, այլ վերոհիշյալ երգի, որը թագավորին ու իր գեներալներին, միանգամայն տրամաբանորեն,  թվում էր պատերազմին ոչ  այնքան համապատասխան: Դրա անպաճույճ նոտաների ու բառերի մեջ  հնչում էր ճակատագրի ձայնը, հնչում անդադար, տարեց-տարի,  ու նախազգուշացնում մարդկանց: Բայց արքան, զորապետերը, բազմափորձ նախարարները ասես խուլ լինեին` հարյուրավոր հաղթանակների փառքով արբած, այն զինվորների, որ երեկոյան, հոգնած քայլում էին ճանապարհներով, դեպի երախը մահվան, երգելով:

………………………………………………………………………………………………………………

30 pings

Skip to comment form

  1. […] Երգը պատերազմի […]

  2. […] Երգը պատերազմի […]

  3. […] Երգը պատերազմի […]

  4. […] Երգը պատերազմի […]

  5. […] Երգը պատերազմի […]

  6. […] Երգը պատերազմի […]

  7. […] Երգը պատերազմի […]

  8. […] Երգը պատերազմի […]

  9. […] Երգը պատերազմի […]

  10. […] Երգը պատերազմի […]

  11. […] Երգը պատերազմի […]

  12. […] Երգը պատերազմի […]

  13. […] Երգը պատերազմի […]

  14. […] Երգը պատերազմի […]

  15. […] Երգը պատերազմի […]

  16. […] Երգը պատերազմի […]

  17. […] Երգը պատերազմի […]

  18. […] Երգը պատերազմի […]

  19. […] Երգը պատերազմի […]

  20. […] Երգը պատերազմի […]

  21. […] Երգը պատերազմի […]

  22. […] Երգը պատերազմի […]

  23. […] Երգը պատերազմի […]

  24. […] Երգը պատերազմի […]

  25. […] Երգը պատերազմի […]

  26. […] Աղբյուրը` Գրական կամուրջ […]

  27. […] Երգը պատերազմի […]

  28. […] Երգը պատերազմ […]

  29. […] Երգը պատերազմի […]

  30. […] Երգը պատերազմի […]

Թողնել պատասխան

Your email address will not be published.