Բառնաուլում, Չեգլեցովի №7 տանը, մեզանից բացի ուրիշ հայեր չեն ապրում: Դրա համար էլ, եթե մեկնումեկիս հետ ինչ որ բան է պատահում, ապա հարևանները միամտաբար կարծում են, թե դա բոլոր հայերի մոտ է այդպես, և առանձնակի նշանակություն չեն տալիս այդ դեպքերին:
Իսկ թե ինչե՞ր կարող են պատահել մեր շենքում, և հատկապես մեր շքամուտքում, ամենից լավ գիտեն փոքրիկ Արմենը և նրա ավագ եղբայրը՝ Մկրտիչը:
Այսօր առավոտյան, երբ նա դուրս եկավ բակ, շքամուտքի լամպը դեռ վառվում էր, նա դա լավ է հիշում: Իսկ հիմա, չգիտես ինչու՝ մութ է:
Արմենը մի պահ կանգ առավ:
-Մի վախենա, ես քեզ մինչև չորորդ հարկ կուղեկցեմ,- շշնջաց մեկը ուղիղ ականջի տակ:
-Ես ինքս,- պատասխանեց Արմենը սովորականի նման ու ամենևին չզարմացավ, որ աստիճանը գիտի, թե ինքը ո՞ր հարկում է ապրում:
-Իսկ ես Վերվերիկն եմ,- շարունակեց աստիճանը,- ես միշտ վերև եմ վազում:
-Գիտեմ,- կարճ կտրեց Արենը, որը հիմա միայն իրենց տան հյուրերի, հեռուստացույցի ու մուլտիկների մասին էր մտածում:
-Իսկ դու իմ քույրիկին չե՞ս տեսել,- պոկ չէր գալիս Վերվերիկը:
-Չէ, չեմ տեսել:
-Այ, երբ ցած իջնես, այն ժամանակ էլ անպայման կհանդիպես նրան:
-Ոնց որ տիզ լինի,- դժկամությամբ մտածեց Արմենը, շարունակելով վեր բարձրանալ:
-Նրա անունը Թռվռիկ է: Դու միանգամից կճանաչես նրան: Ճիշտ և ճիշտ՝ իմ հակապատկերն է: Ծիծաղելի է, չէ՞,- շարունակում էր լեզվին տալ Վերվերիկը:
Արմենն այն է ուզում էր ինչ որ բան ասել, բայց հետո հիշեց, որ աղջիկներին չի կարելի նեղացնել, ու լռեց: Վերջին աստիճանի վրա նա արդեն բոլորովին հոգնել էր:
-Ձեռքդ տուր,- մոտ եկավ Վերվերիկը, բայց Արմենը հրաժարվեց նրա օգնությունից: Մի քանի քայլ էլ, ու նա արդեն հասել էր իրենց դռանը:
Վերվերիկն ուսերը վեր քաշեց ու մի կողմ գնաց: Նա սանդղահարթակի անկյունից ծիկրակում էր, թե ինչպես է Արմենը սեղմում զանգի կոճակը, ինչպես է դուռը ետ հրում ու տուն մտնում:
Հետո դուռը նրա ետևից շրխկոցով փակվեց ու նրանք վարկենական մոռացան մեկը՝ մյուսի գոյության մասին:
-Մամ, կարելի՞ է, ես շշով ջուր վերցնեմ ինձ հետ:
-Ճաշն արդեն պատրաստ է,- խոհանոցից կանչեց մայրիկը, -Հայրիկը ձեզ է սպասում:
-Ես Մուկուչին ջուր տանեմ ու գամ:
Երբ Արմենը շիշը ձեռքին դուրս թռավ, սանդղահարթակի վրա նրան արդեն սպասում էին: Նա իսկույն հիշեց Վերվերիկին: Բայց չէ, սա բոլորովին էլ Վերվերիկը չէր: Սա ուրիշ էր:
-Արմենչոն դու՞ ես,- միանգամից լեզվին տվեց ներքև տանող աստիճանը,- արի ծանոթանանք, ես Թռվռիկն եմ: Ի՞նչ ես կարծում, ես նմա՞ն եմ իմ քույրիկին: Բոլորն ասում են, թե նման եմ: Բայց, միևնույն է, ես համոզված եմ, որ մեզանից մեկնումեկն ավելի գեղեցիկ է քան մյուսը, ճի՞շտ է: Այ՝ այդպես,- ինքն էլ իր հարցին պատասխանեց Թռվռիկը:
Հետո մի վայրկյան կանգ առավ, նայեց Արմենի դեռևս բաց մնացած բերանին, ու կարծես արտառոց ոչինչ չնկատելով, հարցրեց՝
-Դու իմ քույրիկին այսօր չե՞ս տեսել: Հավանաբար նա ինձ է փնտրոմ: Ես այդպես էլ գիտեի: Նա միշտ կորցնում է ինձ ու հետո օրերով փնտրում: Շատ մոլորվածն է, հա:
Էլ ինչ էի ասում, հիշեցի: Այնուամենայնիվ, ո՞վ է ավելի գեղեցիկ: Նա ասում էր, որ ինքը քեզ դուր է գալիս, դա ճի՞շտ է:
Այդպես էլ գիտեի:
Ասե՞մ, թե ինչքան եմ սիրում նրան: Ամպի չափ: Նա էլ ինձ է սիրում, միշտ խրատներ է տալիս ինձ: Դու կարո՞ղ ես խրատներ լսել: Չէ՞, իսկ ես կարող եմ: Ժամերով կլսեմ ու չեմ հոգնի:
Շատ խելոքն է իմ քույրիկը: Ամեն ինչ գիտի:
Գիտի՝ ինչը կարելի է, իսկ ինչը չի կարելի: Օրինակ նա ասում է, որ ինչքան վերև ես բարձրանում, այնքան ավելի շատ բան չի կարելի: ԵՎ այդ ամենը, պատկերացնու՞մ ես, հարկավոր է մտապահել:
Օրինակ՝ ուրիշի դռները ծեծել չի կարելի: Զանգի կոճակներն էլ սեղմել ու ցած փախչել չի կարելի:
Կամ այս մեկը՝ չի կարելի տանիք բարձրանալ: Իսկ եթե դու կատու չես, ապա բոլորովին չի կարելի: Իսկ գիտե՞ս, ես նրա բոլոր ասածները լսում եմ: Միայն մի բան եմ ափսոսում: Ափսոսում եմ, որ նա ինձ բոլորովին չի լսում:
Այստեղ Արմենը մի քանի քայլ արեց դեպի ներքև ու հասցրեց ընդամենը մի հարց տալ՝
-Ինչու՞:
-Որովհետև ես միայն ասում եմ այն, ինչը կարելի է: ԵՎ գիտեմ միայն այն՝ ինչը կարելի է, հասկացա՞ր:
-Իսկ ինձ կասե՞ս,- մի ամբողջ չորս աստիճան ցած ցատկեց Արմենը:
-Ինչու՞ չէ: Օրինակ՝ կարելի է մեծ ու փոքր ցատկերով իջնել: Կարելի է պարզապես սահել բազրիքներով՝ ավելի արագ կստացվի: Հետո, առանց կանգ առնելու, միանգամից բակ թռչել ու հայտնվել ջրափոսի մեջտեղում:
Բոլորն էլ սիրում են դա անել, բայց ո՛չ բոլորն են անում:
-Ինչ լավ է,- ծիծաղեց Արմենը,- ուրիշ էլ ի՞նչ գիտես:
-Առայժմ՝ այսքանը:
Արմենը մի քիչ մտածեց ու դարձավ Թռվռիկի կողմը՝
-Իսկ ես ուզում եմ ասել, որ չնայած դու աղջիկ ես, բայց քեզ հետ խաղալը հետաքրքիր է:
-Ճի՞շտ: Գիտե՞ս, ես դեռ ոչ ոքի հետ մինչև վերջ չեմ վազել: Միայն մի անգամ, հիշում եմ, քույրիկիս հետ վազեցինք: Այն ժամանակ մենք երկուսս էլ դեռ շատ էինք փոքր, ու դեռ շատ էինք նման մեկս մյուսիս: Երբեմն մեզ նույնիսկ խառնում էին:
-Իսկ հիմա՞:
-Չէ, հիմա նա բոլորովին ազատ ժամանակ չունի: Գիտե՞ս ինչքան բան կա անելու: Հեշտ է ասելը, ամեն մեկին իր բնակարանը բարձրացրու, ամեն մեկին իր դուռը ցույց տուր: Գիտե՞ս ինչքան մարդ է ապրում մեր տանը: Բա որ նրանց շներին ու կատուներին էլ հաշվեմ, ու՞ր կգնա, կհասնի:
-Իսկ նրանք՝ ինքները չե՞ն կարող դա անել:
-Հետաքրքիր տղա ես, իհարկե՝ չեն կարող: Մեկը պիտի՞, որ ասի, թե դու այլևս դրսում չես, դու քո տանն ես: Բացատրի, որ դրանք բոլորովին տարբեր բաներ են:
Արմենն արդեն հասել էր մուտքի դռանը: Սովորաբար, նա այստեղ երբեք կանգ չէր առնում: ՈՒսի մի հարված, և նա արդեն բակում է:
Բայց ինչ որ բան փոխվել էր: Հիմա նա ուզում էր էլի մի լավ խոսք ասել Թռվռիկին, գնալուց առաջ:
— Գիտե՞ս, ասաց նա, — ինձ թվում է, որ քո արածներն էլ են կարևոր:
-Ճի՞շտ,- Թռվռիկը գլուխը կախեց ու շիկնեց: Երևի դեռ ոչ ոք նրան այդպիսի բան չէր ասել, նույնիսկ՝ քույրիկը:
-Իհարկե: ՈՒմ ուզում ես հարցրու, բոլորն էլ նույնը կասեն: Հնարավոր է, նոյնիսկ ավելի կարևոր, քան Վերվերիկի գործերը:
-Բայց դա լինելու՞ բան է, որ ես…ես…
Թռվռիկը չգիտեր՝ ի՞նչ անել: Նա իր տեղը չէր գտնում: Մի քիչ էլ, ու նա ամեն ինչ թողած կվազի բակ:
Բայց չէ՞ որ Արմենն ասաց, որ իր գործերն էլ կարևոր են: Այնքան համոզված ասաց: Ինչպե՞ս կարելի է, այսքանից հետո ամեն ինչ թողնել ու առաջվա պես… Չէ, չի կարելի:
Չի կարելի: Հիմա վերջապես ես էլ գիտեմ, թե ի՞նչը չի կարելի ներքև վազող աստիճաններին: Ես գիտեմ, որ չի կարելի հուսախաբ անել նրանց, ովքեր քեզ հավատում են: Գիտեմ, որ շատերն են ինձ հավատում:- Շատերը,- ասաց Արմենը քիչ առաջ: Ասաց,- այդ նրանից է,որ բակում երեխաները միշտ ավելի շատ են, քան թե պատուհանների ետևում:
Արմենը դրսում էր արդեն:
Նրանք կրկին վարկենական մոռացան մեկը մյուսի գոյության մասին:
Փոքրիկ տղաների ու փոքրիկ աղջիկների հետ դա հաճախ է պատահում և դրա մեջ ոչ մի վատ բան չկա, հավատացեք: նրանք պարզապես մեծանում են և նրանց բոլոր գործերը օր-օրի ավելի ու ավելի կարևոր են դառնում:
Վերջին մեկնաբանություններ