Քեյթ Շոպենը (1850-1904) ամերիկացի արձակագիր է, պատմվածքների և վեպերի հեղինակ։ Համարվում է 20-րդ դարի ֆեմինիստական գրականության նախակարապետներից։
Անգլերենից թարգմանեց՝ Սիրանույշ Օհանյանը
Իմանալով, որ միսիս Մալլարդը տառապում էր սրտի հիվանդությամբ, մեծ զգուշություն էր պետք նրան ամուսնու մահվան լուրը հնարավորինս մեղմ հաղորդելու։
Իր քույր Ջոզեֆինն էր, որ ասաց կցկտուր նախադասություններով. քողարկված ակնարկներ, որոնք կիսով չափ էին բացահայտում թաքնվածը։ Ամուսնու ընկեր Ռիչարդն էլ էր այնտեղ, իր մոտ։ Նա էր, որ թերթի գրասենյակում էր եղել, երբ ստացվել էր երկաթուղային աղետի տեղեկությունը՝ «սպանվածներ» ցուցակը գլխավորող Բրենթլի Մալլարդի անունով։ Դրա ճշմարտությամբ ինքն իրեն համոզելու համար նրան պետք եկած ժամանակը միայն մինչև երկրորդ հեռագիրն էր, և շտապել էր կանխել պակաս զգույշ, պակաս նրբազգաց մի ընկերոջը՝ տանելու տխուր հաղորդագրությունը։
Նա պատմությունը չլսեց, ինչպես որ շատ կանայք էին լսել նույնը՝ դրա կարևորությունը ընկալելու կաթվածահար անընդունակությամբ։ Լացեց միանգամից, հանկարծակի, վայրի լքվածությամբ, քրոջ բազուկներում։ Երբ վշտի փոթորիկը հանդարտվեց, միայնակ հեռացավ իր սենյակը։ Ոչ ոքի չէր ուզում՝ իրեն հետևեր։
Այնտեղ բաց պատուհանին դիմահայաց հարմարավետ, ընդարձակ բազկաթոռ էր դրված։ Դրա մեջ նա ընկղմվեց՝ ներքև սեղմվելով ֆիզիկական սպառվածությամբ, որը հանգիստ չէր տալիս մարմնին և ասես հոգուն էր հասնում։
Տան դիմացի բաց հրապարակում կարողանում էր տեսնել ծառերի կատարները, որոնք բոլորը թրթռում էին նոր գարնան կյանքով։ Անձրևի սքանչելի շունչն էր օդում։ Ներքևի փողոցում մի մանրավաճառ իր ապրանքներն էր կանչում։ Հեռավոր երգի ձայներ էին հասնում աղոտ, որ մեկը երգում էր, և քիվերին անհամար ճնճղուկներ էին ծլվլում։
Տեղ-տեղ կապույտ երկնքի ծվեններ էին երևում ամպերի միջով, որոնք հանդիպում և իրար վրա էին կիտվում արևմուտքում՝ դիմահայաց իր պատուհանին։
Նստեց գլուխը հետ գցած աթոռի բարձին, կատարելապես անշարժ, բացի երբ հեծկլտանքը բարձրանում էր կոկորդով և ցնցում՝ ինչպես լացելով քուն մտած երեխան է շարունակում հեծկլտալ երազներում։
Նա երիտասարդ էր, մաքուր, հանդարտ դեմքով, որի գծերը ճնշվածություն էին կանխանշում և մինչև իսկ որոշակի ուժ։ Բայց հիմա բութ հայացք էր աչքերում, որոնց նայվածքը սևեռված էր կապույտ երկնքի այդ ծվեններից մեկին։ Դա անդրադարձումի հայացք չէր, այլ ավելի շուտ խելացի մտքի կասեցում էր մատնանշում։
Ինչ-որ մի բան գալիս էր դեպի ինքը, և ինքը սպասում էր դրան վախեցած։ Ի՞նչ էր դա։ Չգիտեր. անվանելու համար շատ նրբին էր ու անորսալի։ Բայց ինքն զգում էր այն. սողում էր երկնքից ներքև, հասնում էր իրեն ձայների միջով, բույրերի, օդը լցրած գույնի միջով։
Կուրծքն այժմ հուզված բարձրանում-իջնում էր։ Սկսում էր ճանաչել այս բանը, որ մոտենում էր իրեն տիրանալու, և ճգնում էր հետ մղել այն կամքով՝ նույնքան անուժ, որքան իր երկու սպիտակ, նրբագեղ ձեռքերն էին։ Երբ տրվեց, թեթևակի անջատ շուրթերից փոքրիկ շշուկով բառ պոկվեց։ Նորից ու նորից ասաց դա շնչառության տակ. «ազատ, ազատ, ազա՜տ»։ Դատարկ հայացքը և սարսափի արտահայտությունը, որ հետևել էին, հեռացան աչքերից։ Դրանք մնացին խորաթափանց ու պայծառ։ Զարկերակներն արագ էին խփում, և վազող արյունը ջերմացնում ու թուլացնում էր մարմնի ամեն մի մատնաչափը։
Չէր դադարում հարցնել՝ հրեշավոր ուրախություն էր թե չէ, որ իրեն համակել էր։ Հստակ և գրգռված ընկալումն իրեն ունակ էր դարձնում վանել այդ միտքը որպես տափակություն։ Գիտեր, որ նորից լաց կլինի, երբ տեսնի այդ բարի, մեղմ ձեռքերը՝ մահվան մեջ դարսված իրար վրա, այդ դեմքը, որ երբեք սիրուց բացի այլ կերպ չի նայել իրեն, անշարժ, մոխրագույն և մեռած։ Բայց այդ դառը պահից անդին տեսավ գալիք տարիների երկար ընթացքը, որոնք բացարձակապես իրեն էին պատկանելու։ Եվ ձեռքերը բացեց ու տարածեց նրանց հանդեպ բարեողջույնով։
Ապրելու համար ոչ ոք չի լինի այդ գալիք տարիների ընթացքում. ապրելու է ինքն իր համար։ Չի լինի այն կույր համառությամբ իրենը խոնարհեցնող հզոր կամքը, որով տղամարդիկ և կանայք հավատում են, թե իրավունք ունեն իրենց անձնական կամքը մերձավորի վզին փաթաթելու։ Բարի մղում լինի թե դաժան մղում՝ այդ գործողությունը պակաս հանցավոր չի դարձնում, ինչպես որ դիտարկեց պայծառացման կարճ պահին։
Եվ այնուհանդերձ ինքը սիրում էր նրան — երբեմն։ Հաճախ՝ չէ։ Ի՜նչ կարևոր էր։ Ինչ նշանակություն կարող էր սերը՝ այդ անլուծելի առեղծվածը, ունենալ սեփական իրավունքների պաշտպանության այս տիրապետումի առջև, որը հանկարծ ճանաչեց որպես իր լինելության ուժեղագո՜ւյն ազդակը։
-Ազա՜տ։ Մարմինը և հոգին ազա՜տ,- շարունակում էր շշնջալ։
Ջոզեֆինը ծնկի իջավ փակ դռան առաջ, շուրթերը՝ բանալու անցքին, մուտք աղերսելով։
— Լուիզ, բացի՛ր դուռը։ Աղաչում եմ, բացիր դուռը, կհիվանդացնես քեզ։ Ի՞նչ ես անում, Լուիզ։ Աստծու սիրուն, բացիր դուռը։
— Գնա։ Չեմ հիվանդացնի ինձ։- Ոչ. ինքն այդ բաց պատուհանով խմում էր կյանքի իսկական էլիքսիրը։
Երևակայությունն արձակել էր իր առջևի այդ օրերի դեմ։ Գարնան օրեր և ամռան օրեր և բոլոր տեսակի օրերը, որ իր սեփականը կլինեն։ Արագ աղոթք մրմնջաց, որ կյանքը երկար լինի։ Ընդամենը երեկ սարսուռով էր մտածում, որ կյանքը կարող է երկար լինել։
Վերջապես բարձրացավ և դուռը բացեց քրոջ պնդերեսության առաջ։ Աչքերում տենդագին ցնծություն էր, և ինքն իրեն Հաղթանակի աստվածուհու պես չգիտակցելով էր տանում։ Գրկեց քրոջ մեջքը, և միասին իջան աստիճանները։ Ռիչարդը ներքևում կանգնած սպասում էր իրենց։
Մեկը կողպեքի բանալիով բացում էր շքամուտքի դուռը։ Բրենթլի Մալլարդն էր, որ ներս մտավ՝ թեթևակի կեղտոտված ճամփորդությունից, զուսպ կրելով ուղեպայուսակն ու անձրևանոցը։ Նա հեռու էր եղել պատահարի վայրից և նույնիսկ չգիտեր, որ բան է եղել։ Ցնցված կանգ առավ Ջոզեֆինի ծակող ճիչից, Ռիչարդի արագ շարժումից՝ ծածկելու իրեն իր կնոջ հայացքից։
Երբ բժիշկները եկան, նրանք ասացին, որ մահացել է սրտի հիվանդությունից. ուրախությունից, որ սպանում է։
5 հղում
[…] Քեյթ Շոպեն. «Մի ժամի պատմությունը» […]
[…] Քեյթ Շոպեն. «Մի ժամի պատմությունը» […]
[…] Քեյթ Շոպեն. «Մի ժամի պատմությունը» […]
[…] Քեյթ Շոպեն. «Մի ժամի պատմությունը» […]
[…] Քեյթ Շոպեն. «Մի ժամի պատմությունը» […]