Գրիգոր Շադյան | ՀԱՏՎԱԾԸ

Գրիգոր Շադյան

Գրիգոր Շադյան

-Ի՞նչ, ինչ ասացի՞ք:

-Ես այդպես էլ գիտեի, որ ինձ չեք հասկանա, ոչ ոք ինձ չի հասկանում:

-Չէ, չէ, մի գուցե ճիշտ չլսեցի, կամ ճիշտ չհասկացա…

-Ոչ: Ցավոք, ամեն ինչ այդպես է ինչպես լսեցիք, կներեք, ես Ձեզ չպիտի ծանրաբեռնեի զառանցաքներով, ես ուղղակի չգիտեի ինչ անել, ում դիմել, բայց սխալվեցի, — նա դանդաղ վեր կացավ ու շարժվեց դեպի սենյակի մեջտեղը:

-Եկեք նստեք, փորձեք ավելի մանրամասնել, ես կփորձեմ հասկանալ Ձեզ, խնդրում եմ:

-Դուք համոզվա՞ծ եք, որ ուզում եք լսել այս հիմարությունները:

-Դրանք հիմարություններ չեն, նստեք, — մարդը պտտվեց ու նստեց աթոռին:

-Եվ այսպես, սկսենք սկզբից, ամենասկզբից:

-Ձեզ խորհուրդ են տվել որպես խելացի հոգեբանի: Չնայած դրան, ես երկար ժամանակ չէի համարձակվում դիմել, մտածելով որ ծանրաբեռնված եք, ժամանակ չեք ունենա և, վերջիվերջո, ոչ ոք պարտավոր չէ լսել իմ զառանցանքները:

-Այն, ինչ Ձեր համար զառանցանք է, ես համախտանիշ եմ անվանում: Հավատացեք, ես չեմ բուժում հիվանդին, այլ փորձում եմ նրա հետ վերլուծել իրավիճակը, ցանկալի ելք գտնելու ակնկալիքով: Անելանելի իրավիճակներ չեն լինում, այնպես որ փորձենք հիմա միասին վերածել Ձեզ աղյուսիկների, հեռացնենք կոտրտվածները, մաշվածները, վնասվածներն ու մնացած ճիշտ աղյուսներից կառուցենք ավելի լավ Ձեզ: Ու մենք կհասնենք ցանկալի արդյունքին, ես ավելի քան համոզված եմ: Հիմա խնդրում եմ նայեք իմ աչքերին, այ այդպես, ու խնդրում եմ պատասխանեք իմ մի հարցին, — հետևեց դադար, — տեսնու՞մ եք այնտեղ կասկածամտության որևէ նշույլ, որը Ձեզ հետ կպահի միասին արդյունքի հասնելու մտքից:

Մարդը ուշադիր հայացքով նայում էր դիմացը:

-Ամեն ինչ մի գուցե այլ կերպ ընթանար, եթե ես այդքան նրբանկատ չլինեի: Շատ եմ շփվում մարդկանց հետ, չափից շատ, սակայն այդ բոլոր շփումները մի տեսակ կիսատ են, չգիտեմ ինչ անուն տալ: Դրանք միակողմանի են, մաթեմատիկական լեզվով ասած, ճառագայթների են նման:

-Այսինքն:

-Դրանք բոլորն ունեն սկիզբ, ընդ որում միևնույն սկիզբը, ունեն ուղղություն, բայց չունեն վերջ, չեն հատվում որևէ տեղ և որևէ մեկի հետ:

-Եվ ո՞րն է այդ սկիզբը:

-Ես: Ես եմ սկիզբը: Այսինքն դրանք սկսվում են ինձնից, իմ սրտից, ճառագայթվում բոլոր ուղղություններով, սակայն, երբեք ետ չեն վերադառնում: Դրանցից յուրաքանչյուրն այդ սկզբնակետից վերցնում էր իրեն անհրաժեշտն ու հեռանում: Ես լսում էի բոլորին, փորձում հասկանալ, օգնել, սակայն ոչ ոք ինձ չէր լսում, ոչ ոքի մտքով անգամ չէր անցնում ինձ լսել: Կարծես, կարծես ես պարտավոր էի լսել նրանց, իսկ նրանք ոչ: Ամեն առավոտ ես լիքը սկզբնակետով ու եռանդով մտնում էի աշխատավայր ու ամեն երեկո թալանված, կորացած ու դատարկված դուրս գալիս` հաջորդ օրը ճառագայթների բազմությունում իմ հատվածը գտնելու ակնկալիքով: Օրերը վատնում էին ամիսներին, ամիսները տարիներին, իսկ տարիներն` ինձ: Իսկ տանը առաջինը դիմավորում էր ամենասարսափելին՝ նա, ով իր ամենատես հայացքով ուղեկցում էր ինձ, հեգնում, նախատում, ոչնչացնում, իր հիմար ճշմարտություններով խցում աչքերս ու կուրացնում: Նա ամենուրեք էր` նախամուտքում, բաղնիքում, ննջասենյակում: Եվ մի օր ես չդիմացա նրա ծաղրին, վերցրի ու ջարդուփշուր արեցի, բոլորը, և նախամուտքինը, և բաղնիքինը, և ննջասենյակինը: Չնայած ամբողջ տան հատակը պատվել էր կոտրված հայելու բեկորներով, սակայն միևնույնն է, նա շարունակում էր ինձ ճշմարտությունը մատուցել` ցույց տալով ծերացող ու հուսազրկվող մերկությունս: Հետո, հայելուց հետո սկսվեց մենակությունը: Այն պարուրեց ինձ հսկա օձի նման ու սկսեց խեղդել: Ես շնչահեղձ էի լինում: Ես թափառում էի այգիներում, անտառներում, փորձում էի խեղդել այն ամբոխի մեջ: Եվ ահա, այդ ծանր հոգեվիճակում, հանդիպեցի նրան, այն միակին: Ես գտա նրան, ավելի ճիշտ երևի նա առաջինը գտավ ինձ, ես հիմա նույնիսկ դժվարանում եմ մեկնաբանել, թե մեզանից ով առաջինը ցուցաբերեց նախաձեռնությունը, սակայն դա այդքան էլ կարևոր չէ: Կարևորը, մենք հասկացանք, որ ստեղծված ենք իրար համար: Առաջին անգամ նրան տեսա պուրակում: Նա կանգնել էր խեղճացած հայացքով ու նայում էր դեպի վեր: Նրա նվաղած հայացքը, նրա խոնավ աչքերը, նրա պարուրված վարսերը ինձ շանթահար արեցին: Ես ձգվեցի դեպի նա, կանգնեցի նրա դիմաց ու մեր հայացքները հանդիպեցին: Դա բավական էր: Ես գտա այն ինչ փնտրում էի: Իմ ճառագայթը հատվեց, ես գտա իմ հատվածը: Նա վտիտ տեսք ուներ, բարակ վերջույթներ: Հավանաբար հիվանդ էր, լույսի, արևի պակաս ուներ, անընդհատ ձգտում էր վեր, նայում մերթ երկնքին, մերթ ինձ: Ես նրան մենակ չթողեցի, մենք միասին էինք, խոսում էինք ամեն ինչից, նա լսում էր ինձ, պատկերացնու՞մ եք, նա լսում էր ինձ, նա հասկանում էր ինձ, մենք նույնիսկ առանց խոսքի էինք իրար հասկանում: Նա պատմում էր իր դժվար մանկության մասին, իր վտիտ տեսքի, համեստ արտաքինի, հիվանդությունների մասին, շրջապատի անտարբերության, դասակարգային պայքարի, պատմական անարդարությունների, հոգու և մշակույթի ճգնաժամի, գոյության կռվի, դրանում նրա պարտված կարգավիճակի մասին, մենք վերլուծում էինք նրա անլիարժեքության բարդույթը, երբեմն նույնիսկ ծիծաղում դրա վրա: Հետո անձրև եկավ: Ես ծածկեցի նրան իմ բաճկոնով ու ինքս թրջված կանգնած նայում էի: Անցորդները ապշահար նայում էին մեզ ու հիանում իմ արարքից: Ես ոչ ոքի չէի նկատում, ոչինչ չէի նկատում, չէի զգում, նա կլանել էր ինձ: Գիշերն անցավ աննկատ: Գեղեցիկ էր լուսաբացը նրա հետ, մենք չէինք հոգնել, կանգնած հետևվում էինք արևի յուրաքանչյուր ճառագայթի ընթացքին: Դրանք արտասովոր տեսք էին տվել նրան, այնքան գեղեցիկ էր նա, այնքան հմայիչ, կանացի:

-Հետո՞:

-Հետո մենք հրաժեշտ տվեցինք իրար ու պայմանավորվեցինք էլի հանդիպել նույն տեղում: Ես ամեն երեկո սլանում էի այնտեղ, իսկ նա արդեն տեղում էր, պատկերացնու՞մ եք, ոչ մի օր չուշացավ, չբացակայեց: Ծաղկեփունջը ձեռքիս մոտենում էի, մենք գրկախառնվում էինք, շարունակ զրուցում, առանձնանում, վերանում այս աշխարհից, կտրվում իրականությունից ու միայն առավոտյան բաժանվում հաջորդ անգամ հանդիպելու հաստատ մտադրությամբ: Չեք պատկերացնի, թե ինչպես էր փոխվել կյանքս, ես վարդագույն ակնոցներ էի դրել, որոնք սերտաճել էին աչքերիս, երիտասարդացել էի, լցվել ավյունով, ժպտում էի բոլորին, թվում էր, ահա վերջապես երջանկությունը ժպտաց ինձ, սակայն, ավաղ… Մի օր նա չեկավ հանդիպմանը: Ես երկար սպասեցի, սակայն ապարդյուն, նա չեկավ նաև հաջորդ օրը, նաև մյուս օրը, և ես այլևս նրան չտեսա: Չգիտեի, ի՞նչ անել, ու՞մ դիմել: Ինձ խորհուրդ տվեցին դիմել Ձեզ, և ահա ես այստեղ եմ:

-Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ եղավ նրա հետ:

-Չգիտեմ, ինձ ասեցին, որ բոլոր ծառերը կամովին են հատվել, բայց ես դրան չեմ հավատում, նա ի՜մ հատվածն էր, — ջարդված հայելու մեջ ինքն իրեն էր նայում հոգեբանի բեկված դեմքը:

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի