ՈՒԹ ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԸ
(պոեմ)
Հունական յոթ իմաստունների մասին ավանդապատումն է ստեղծագործության հենքը, որի այս մշակումը մի կարևոր «սխալ է շտկում»՝ ավանդական յոթը դարձնելով ութ՝ իմաստուն ճանաչելով նաև յոթ իմաստուններին իմաստուն կոչող թագավորին, առավել ընդգծելով ավանդապատման իմաստասիրական կողմը: Եթե իմաստուն են ամենագետի թագից հրաժարվողները, առավել ևս իմաստուն է թագն արժանիին տալ կամեցող արքան:
Հեղինակ
«Բավական է ապրենք
հույն ու հռոմեական խոր անցյալում»:
Գիյոմ Ապոլիներ
— Մեռավ արքան, կեցցե՛ արքան,-լաց եղան հիմար իմաստունները: Յոթ նախարարները յոթնօրյա ժողով գումարեցին՝ իրենցից մեկին թագադրելու հույսով ու ձախողվեցին, քանզի ոչ մեկը չէր ուզում թագը զիջել մյուսին: Նրանցից մեկը, պատուհանից դուրս նայելով, տեսավ պատանի ձկնորսին:
— Կանչենք այս տղային, նա անշահախնդիր է, միշտ իր բախտին ու Աստծուն ապավինած, թող գա ու մեզանից որին ընտրի, նա էլ թագադրվի արքա:
Յոթով մի խոսքի եկած՝ պատուհանից վերև կանչեցին տղային:
Պատանին պալատ մտավ, ուռկանը դրեց դռան հետևում ու կանգնեց յոթ թագատենչների դեմ՝ տագնապելով, որ սա է գուցե իր գիշերվա երազը, որի մեջ ինքը ամբողջ օրը չկարողացավ ոչ մի ձուկ բռնել:
— Առա՛ջ արի, ձկնորս տղա,-ասաց նրանցից մեկը,-ահա եռոտանուն դրված թագը, վերցրու և մեզանից որի գլխին դրեցիր, նա էլ կլինի մեր երկրի թագավորը:
— Բան չունեմ ասելու,-պատասխանեց տղան՝ ուսերը քաշելով,-բայց դուք յոթով մի ստորագրական թուղթ տվեք, որ իմ ընտրության դեմ չեք առարկելու:
Յոթ թագատենչները կազմեցին պահանջված թուղթը, տվեցին նրան ու կանգնեցին իրար կողքի՝ ամեն մեկը սպասելով, որ ուր որ է թագն իր գլխին է դրվելու:
Պատանին անկաշկանդ քայլերով մոտեցավ եռոտանուն, վերցրեց թագը, հերթով նայեց յոթ նախարարներին, օդում խաղացրեց իր գլխից վերև պահած թագն ու դրեց… իր գլխին:
— Թագադրվեց արքան, կեցցե՛ արքան,-ծիծաղեցին իմաստուն հիմարները:
* * *
Մթնշաղում Միներվայիս1՝ աստեղնապահ.
ա՜յ, տեսնում եմ ութ աստղերով մի աստղաբույլ,
աստղերը ութ՝ խմբված կույտ մի լուսաձույլ,
թագի տեսքով ճառագում են սերտ ու անմահ:
Միներվայի թագն է հեռու աստղաբույլն այն,
աստղերամը՝ հեքիաթով իր գողտրիկ ու ճոխ,
Աստված գիտի, թե ինչ տենչի կանչով ողող՝
նորից ուզեց հյուսել հեքիաթն հոգիս ունայն:
Վերջին մեկնաբանություններ