Բենիկ Ստեփանյան | ՍՈՒՐԱՑՈՂ ՔԱՄԻՆԵՐ

bstep

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍՈՒՐԱՑՈՂ ՔԱՄԻՆԵՐ

Կյանքը մատուցում է

վայելքներ,

հաղթանակի դափնիներ`

լավագույն դեպքում փորձելով դարձնել

երկրային փառքերի դափնեկիր…

Իսկ ես…

ժպտալու,

ցնծալու փոխարեն

դառնում եմ ավելի զգուշասեր.

ճախրե’լ եմ ուզում

սրտիս ուզած տիրույթում,

սավառնել

մարդկային կերպերո’վ բազմաձև,

բայց զուր…

Եվ շտապում եմ

երազանքս գոնե չկորցնելու համար

դռներս կողպել`

մոտերքում սուրացող քամու դեմ:

 

ԱՆՀԻՇԵԼԻՆ

Ժողովուրդը

փողոց նետված

ու բզկտված

Ճշմարտությանը

միանգամի’ց սիրեց

ու որդեգրեց:

 

Ժառանգները

փողոց նետողների

փորձում են

հաճոյանալ

իսկ Նա

ժպտում է միայն:

 

* * *

Կեսգիշերից լուսաբաց

ու կեսօրից կեսգիշեր

մայրերն են

առաջնագծում կանգնած

զինվորների

բանակցում

 

Առավոտից կեսգիշեր

ու կեսօրից առավոտ

ակնկալում են

մայրերը

առաջնագծում

կանգնած զինվորների, որ

 

Աղոթքներ դարձած

ուղերձները նրանց

երկինք կհասնեն

և

խաղաղությամբ կբացվեն

լուսաբացները բոլոր

 

Թշնամին

մեր զինվորների գլխավերևում

թևածող աղավնիներին

հրեշտակներին

անգամ

փորձում է թռցնել:

 

ՄԵՐ ԲՈւՅՐԵՐԻ Ու ԳՈւՅՆԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ

Թողած դիրքերը

երազում թե արթմնի

մեղուների ուղեկցությամբ

և

անբանուկ կածաններով

հասնում եմ

վարդե հովիտները

Շահումյանի:

 

* * *

Գնում են…

մեր Քարավանները

անվարան են

ինքնակամ են

Լուռ

գնում են անվերադարձ…

մեր Քարավանները

չսպասելով անգամ

լուսնյակ գիշերվան

 

Իսկ թալանչիները

ակնդիր են լոկ

անվարան են

ինքնակամ են

Լուռ

 

* * *

Հագուստներից

վերնաշապիկներից հատկապես

գերադասում եմ սպիտակը

իսկ երբ այն կրում են կանայք

(իմ վերնաշապիկը)

ինչպես հիմա դու

հիասքանչ է:

Հրաշալի օրվա համար

հատկապես երբ

հորիզոնը

արագիլի նման

բացել է թևերը ճերմակ

չնայած

արագիլները վաղուց

չվել են հարավ

պետք չէ էլ ոչի’նչ

քան

կոնյակ, բուխարի

և դու

վերնաշապիկովս ճերմակ

լուսամուտից ծիկրակող հորիզոնի պես

հրեշտակի վերածված:

 

* * *

Չնայած փնտրելուն`

ուներ իր Նավզիկեն

և ունեցել էր,

(նշել է Չարենցն իր բնաբանում):

Դեռ չգիտեմ,

գրե՞մ արդյոք, ի’մ Նավզիկե,

անունդ իմ բնաբաններում:

 

* * *

Զարմանալ պետք չէ,

ոչ էլ անհանգստանալ.

ես հնագե’տ պոետ եմ,

հետևաբար, տրամաբանական է, որ

ուսումնասիրում եմ քո աչքերը,

որոնց տեղում` նախկինում,

երևի նախորդ կյանքումդ,

ծով ու օվկիան է եղել, և նրանցում

շատ ասպետներ են խեղդվել:

Պեղելով աչքերիդ խորախորհուրդ շերտերը`

զարմանալի է, բայց չեմ հայտնաբերում

ասպետների ոսկորներ,

հետևաբար, նրանք խեղդվել են

հենց ծով ու օվկիանիդ ափերին:

Իսկ պեղումներիցս` աչքերիդ շերտերում խորախորհուրդ,

հայտնաբերեցի գտածոները սիրառատ,

որոնց համար խեղդվեցին շատ ասպետներ:

 

* * *

Լռությունը

թառած ձեր տանիքին

ցնծաց.

պահն է

վայելելու այն

հատիկները, որ

շաղ տվեցիր

պատուհանիցդ վար:

 

ՉԻԼՈ

Ինչպես

Ջուրը` եղբայրդ,

այնպես էլ

տաղերդ

մանկապարտեզի

փոքրիկ աղջկա

ձեռքով մատուցած

հմայիլներ են:

 

* * *

Պարանները բոլոր

զբաղեցրել են պոետները:

Կարճ է գոտիս, ավելի ճիշտ` անհարմար…

Ատրճանակներս, ավտոմատներս, հրացանս

նկուղում են` տուփի մեջ խաղալիքների,

սուր գործիք էլ չկա մոտս,

իսկ ճաղավանդակները պատուհանի խանգարում են:

Այսքանից հետո ոչինչ չի մնում,

քան ապրել…

Մարմինս և հոգիս` անգոտի`

առանց զրահավորանքի,

թռչելու արգելքի

շրջում են`

չմտածելով պարան, գոտի,

ատրճանակ, ավտոմատ,

հրացան ու

մա’նավանդ սուր գործիք ունենալու,

իհարկե, նաև անճաղ պատուհանների մասին:

Եվ ես ձայնում եմ հանգիստ

ու լսում ներսից`

ողջու’յն, կյանք` մարդավարի:

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.