Վիկտոր Հովսեփյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՏԻՊԻՑ

* * * * *

Անձրևն անցավ ահա, ծառեր, մաքուր ծառեր…
Բառեր, մաքուր բառեր չկան կարծես,
ու ես որոնում եմ ծառերի պես բառեր՝
կյանքս շինած անօգ մի տկար ծես:
Բաց ու մուգ կանաչի վրա սևուկ մի լաթ,
դա ագռավն է իջել լվացված ու մաքուր,
ինձ թվում է՝ ամպ էր ծառի սաղարթը մուգ
ու ագռավը՝ արև, իր միջից է ծագում:

* * * * *
Եկան օրերն այս նամ,
օրերը պաղ աշնան,
այս նամ օրերն, այս նամ
աշնան օրերն աշնան:
Եկան, գրկեցին ինձ,
եկան փրկեցին ինձ,
ամռան հոգս ու կրքից,
ամռան այրող գրկից:

* * * * *
Գիտությունն ու կրոնը
երկու թիթեռների պես
թևահարող ճիգեր են Ճշմարտության պատուհանի փեղկի ապակուն,
ճշմարտությունը մնում է անհաս,
ու փիլիսոփան հավաքում է թիթեռների թևերից թափված փոշին:

* * * * *
Միֆն է սկիզբն ամեն ինչի,
քայլերը մեր՝ հասունացում,
որոնումներ, գյուտի բացում,
ամեն քայլում, ամենուրեք
աղավաղում են միֆը այդ,
անտես շիրմագբում գոցում:
Միֆ սպանող է կյանքը մեր
ամեն, ամեն ինչից առաջ,
և մեր ամեն ձեռքբերումներ,
ամեն մի նոր հեքիաթ, առած
սկզբնականն է ոչնչացնում,
նախնականի խաղերը մեր:
Ու երբ մեռած է միֆը այդ ամբողջովին,
զգում ենք, որ չարժի էլ ապրել
ու ապրելու ճար չկա էլ:

* * * * *
Հանկարծ իմ մեջ զղջալու
ցանկությունն է աճում հիր
և այնքան էլ ուժգին ու հարկադիր,
որ ես վեր եմ կենում՝ գտնելու ինչ-որ մեկին,
նախաձեռնելու ինչ-որ բան անմեկին,
մինչև ուշ գիշեր անելու ինչ-որ բան
ոգևոր ու համառ, համառ, համառ,
առավոտյան խորքից զղջալու համար:

* * * * *
— Կարդա ամենն այն,
ինչ անցնում է անդին,
վախից անդին ու ամոթից անդին,-
թռչունն էր ծլվլում ու կարծես ինձ ասում,-
զարմանում եմ, թե ինչ ես դու կարդում,
հիմար գրքեր չասեմ, հիմար մտքեր չասեմ,
ծանծաղ աչքեր ու պատկերներ ծանծաղ,-
թռչունն էր ծլվլում ու կարծես ինձ ասում,-
կարդա ամենը այն, ինձ անցնում են անդին,
այ, որտեղ են մտքերը լույս ու անգին:

* * * * *
(նմանություն Բլոկին)
Ժեստի շարժում էր, ժպիտի ցոլք էր,
բառը կեղծում էր իսկությունը այդ,
բացված ցոլքի դեմ՝ հոգևոր խորքեր,
հոգու լույսով վառ հայացք ու այտ:
Ուրիշ էլ ո՞վ էր, ուրիշ էլ ո՞վ,
որ ինձ ճանաչ էր, ծանոթ այնքան,
ես քեզ ատում եմ,ատում՝ տեսնելով,
թե այդ ինչքան ես դու ինձ նման:

* * * * *
Ես չկամ, չկամ, դուք ինձ չեք գտնի, դուք ինձ չեք գտնի,
դուք ինձ չեք գտնի և ձեր ամենազորավոր ջանքով,
դուք ինձ չեք գտնի, ես չկամ, չկամ, ես չկամ, չկամ,
ես չկամ, չկամ ու նույնիսկ չեմ էլ կարող ես լինել:
Այդ մի օր Վախն է մարմինս հագած՝ որպես մի հագուստ,
ու մեկ ուրիշ տեղ Ամոթն է դարձնում ինձ իրեն տարազ,
թովչության հանդեպ Հիացքն է իմ մեջ, Հիացքը անկուշտ,
էգի դեմ Սեռն է իմ տեսքը առած մի թնջուկ-հանգույց,
ես չկամ, չկամ, ու նույնիսկ չեմ էլ կարող ես լինել:
Մի պահ Կարոտն է, որը նայում է աչքերով իմ մեծ,
մի պահ Կասկածն է կամ Գութը ինքը կամ էլ Կարեկցանք,
Խժռելու բնազդ, Ջարդելու բնազդ, Տրվելու անտես…
Հազար հոգեխաղ… Ես չկամ, նույնիսկ չեմ կարող լինել:
Ու վերջում, իրոք, երբ այդ ամենը չքվում են հանկարծ,
դուք նոր եք տեսնում, ես՝ դատարկ հագուստ, ես՝ մոխիր հանգած:

* * * * *
Օ՜, մենք մահացել ենք իրար համար կարծես,
մենք ապրում ենք այնպես, իմիջիայլոց,
իմ դեմ փռված է արդ վերհուշների քարտեզ,
որոնյալս դու ես՝ բախտի պես դեմս գոց:
Մեկ անգամ վառվածին չի գրկելու երբեք
և այլևս ոչ մի կրակ ու բոց,
հրճվանքների մեջ էլ մնալու ենք մենք հեգ
ու կապարի ծանր շունչ ու հոգոց:
Ինձ ետ կանչիր նորից, ինձ ետ կանչիր նորից,
որ չդառնան ունկերս ավելորդ բեռ,
դեռ դու տառապում ես, տառապում ես, որ ինձ
հարկադրես կանչել՝ տառապո՜ւմ եմ ես դեռ:

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի