ԱՄԵՆ ՕՐ
Ես ամեն օր ծնվում ու մեռնում եմ նորից,
Ամեն օր մանկանում, երազում երազով,
Թևեր առնում անգամ արցունքոտ ծիծաղից,
Ամեն անգամ մեռնում՝ նոր ծնվելու հույսով:
Ամեն նոր առավոտ սկիզբն է կյանքիս գարնան,
Ամեն մայրամուտը կյանքիս ավարտը ծեր,
Ուր թողնում եմ հուշեր լացող մանկան նման,
Եվ մեռնում՝ տանելով անպատասխան հարցեր:
Հուշերիս մեջ թաղած երազները կապույտ,
Գարնանային շնչի հրե կրքով փայլող,
Ցավից գալարվում են երգերիս պես անփույթ,
Եվ փարվում են հոգուս հեքիաթներին մարող:
Ծնվում եմ նոր հույսեր, նոր երազներ տալով,
Ու նվիրում լույսից աստղագործված երգեր,
Ե՛վ մեռնում արցունքի հավերժված ծիծաղով,
Ե՛վ մեռնում՝ թողնելով շարունակվող հետքեր:
Երազներս թողած լռության համերգում,
Ճանապարհս ուղղած ճիչով երամների,
Հեռանում եմ՝ թողած կարոտ վերջին խոսքում,
Եվ ապրելու հույսը լույսով երանելի:
Մանկան պես ժպտում եմ երանելի լույսով,
Որ թևերը բացած կյանքն ինձ իր գիրկն առնի,
Ու մայրամուտի պես մահանում եմ հույսով,
Որ լուսաբացն ինձ իր լույսով նորից ծնի:
ՀԵՌԱՆՈՒՄ ԵՄ
Ես հեռանում եմ, էլ ինձ չփնտրեք,
Թողնում եմ միայն դերը իմ մեռած,
Փոշոտ դիմակս թե կուզեք, վառե՛ք
Կուզեք անիծեք մարմինս սառած:
Դիմակիս վրա թողնում եմ կարոտ,
Արցունքներ աղի ու ժպիտ մանկան,
Թողնում եմ նաև հույսեր արևոտ,
Որոնք այդպես էլ հասցեն չգտան:
Գնում եմ, կյանքում թողած ամեն ինչ,
Իմ պատմությունն եմ գրել դիմակում,
Որտեղ կան հույսեր լուսավոր ու ջինջ,
Ուր երազները ապրում են արթուն:
Ես հեռանում եմ աշխարհից այս նենգ,
Որ սիրով ապրեմ երկնային կյանքում,
Եթե փնտրեք ինձ միայն կգտնեք,
Մի կողմ շպրտած փոշոտ դիմակում:
ՈՒ՞Ր
Մի կողմ եմ թողել հպարտությունս,
Եվ ո՞ւր եմ գնում, ես էլ չգիտեմ,
Ինչ որ տեղ կորավ ազնվությունս,
Ես հիմա այսպես էլ ո՞նց աղոթեմ:
Ես հիմա ինչպե՞ս ինքս ինձ նայեմ,
Երբ արժեքներս հաճույք են դարձել,
Ո՞ր իրավունքով նոր տողեր գրեմ,
Երբ հարբած հոգիս այն չի զգացել:
Ո՞նց պիտի թերթեմ գիրքս փոշոտված,
Որին մի կողմ եմ անլաց շպրտել,
Ո՞նց պիտի գրկեմ տողերս լքված,
Որոնց ինքս եմ գինով արնոտել:
Ո՞ր կողմ եմ գնում, ի՞նչ եմ ման գալիս,
Երբ իմ կողքին է, այն, ինչ փնտրում եմ,
Եվ ամեն անգամ հրապուրվելիս,
Չեմ էլ զգացել, որ կորցնում եմ:’
2012թ
ԳՈՒՅՆԵՐ
Վարարող ջրի գույնն եմ վերցրել,
Որ ներկեմ կյանքը գույնով խելագար,
Ամեն անցորդի հոգին եմ ջրել,
Որ հոգու գառը դառնա վազող գայլ:
Ծաղկի թագուհու կարմիրն եմ շնչում,
Եվ համբուրում եմ գույնով կրակի,
Փոթորկի նման գիշերում ճչում,
Արթնացնում մեռած կաթիլը կրքի:
Առյուծի դեղին մորթին եմ հագել,
Ու մռնչալով վազում աշխարհում,
Այն հոգիների դռներն եմ թակել,
Ովքեր վախից են թաքնված լռում:
Հագել եմ նաև թիկնոցը մթի,
Եվ չղջիկներին ընկեր եմ դարձել,
Դարձել եմ մրրիկ ու քնած խղճի՝
Հոգին ավերող քամիներ սանձել:
Ծառերի կանաչ գույներն եմ հագել,
Ու փռվել ամեն անցորդի ճամփին,
Մոլախոտներն եմ կյանքում հավաքել,
Հոգու թրթիռով տրվել կանաչին:
Սպիտակն եմ սիրով հողերին ցանել,
Որ կարապի պես ամպերում ճախրի,
Նվեր եմ բերել լուսե երազներ,
Բերել եմ մաքուր գիրքը ծիծաղի:
Առյուծի գույնով արևն եմ վառում,
Ջրերի գույնով հազիվ թե վառվի,
Կարապի գույնով կարմիրն եմ մաքրում,
Կրակի գույնով դժվար մաքրվի:
ՏԻԿԻՆ
Քո շռայլ լույսը կատաղած նետիր,
Հրեղեն փայլով ամայացրու ինձ,
Կրքոտ ժպիտով կրքիս ապտակիր,
Որ գժվեմ շորիդ երկար բացվածքից:
Գինովցած ու խենթ կանգնել եմ ահա,
Ուզում եմ հասնել քո խաչմերուկին,
Աչքերով կանչիր ու ինձ հետ խաղա,
Դու ինձ կախարդիր, հմայիչ տիկին:
Քո կարմիր լույսը, փոխիր կանաչի,
Որ խելագարված քո մայթը մտնեմ,
Որ գամ ու զգամ կիրքը քո շնչի,
Որ անէացած մեղքերս մատնեմ:
Արհամարհելով ձևերն օրենքի,
Չնկատելով կարմիր ու կանաչ,
Արգելակում եմ հանուն քո կրքի,
Կանգնում դեմդ ու լիզում՝ շուրթս թաց:
Շքեղ զգեստիդ շռայլ բացվածքից,
Եվ քո ծնկներից կրքեր արձակող
Մթին իղձերը բանտարկում են ինձ,
Եվ կապում հոգիս, հոգիս ոռնացող:
Քո խաչմերուկի զինվորն եմ, տիկին,
Քո բաց անտառի որսորդն եմ հարբած,
Նետահարիր իմ թուլացած հոգին,
Եվ առ քո գիրկը կրքով գրկաբաց:
Վարակիր հոգիս բույրով գիշերվա,
Ճչա գիշերում, անդորրը խախտիր,
Դու հյուրընկալվիր սիրով ինձ վրա,
Չմեռնող տենչս գազազած խեղդիր:
Թող որ մարմինդ անհագ ըմբոշխնեմ,
Ապակիները փշրվեն քրտնած,
Գիշերում ցավի հաճույքից մեռնեմ,
Կրծքերիդ ամբողջ եռանդը խմած:
Այսօր զգեստիդ բացվածքը իմն է,
Թող քեզ այս գիշեր դառնամ ուղեկից,
Գուցե հասկանաս, որ տարբերվում է
Գերված պոետը, հարբած վարորդից:
ԱՐՔԱՆ ՄՆՈՒՄ Է ԱՐՔԱ
Խամաճիկների որջում ստրուկները պարում են,
Ժանգոտած հնչյուններով լպիրշ ու նենգ ծիծաղում,
Իրենց ընտրած դերերը վերկաբեկված խաղում են,
Ստրկացած ամբոխում վեհ արժեքները մաղում:
Ոսկե թելերով հյուսված հարուստ ճամփան անցյալի,
Փոշոտել են, դարձրել տխրահռչակ ապագա,
Որ դժվար թե կարոտով ծարավ ճամփորդը քայլի,
Երբ իրենից իր կյանքն է արդեն դարձել բացակա:
Չարքերի խնջույքում է ծփում գինի ու փոշի,
Անուններով անարժեք ծափահարում են իրար,
Այսօր ծափ է, իսկ վաղը դժվար, թե մեկը հիշի,
Որ շարժվող մի դիակ իր մեռած ներկայում կար:
Խոցված են հոգիները արքաների իրական,
Ժամանակը դարձել է իր ժամանակին գերի,
Անցյալի անունները ստոր ներկայում չկան,
Ժամանակն անզոր է, որ իր օրերում պայքարի:
Թեկուզ ներկան անցյալը մի ակնթարթ չհիշի,
Եվ ժամանակ էլ կարծի իրեն հաղթող ու վստահ,
Եթե ընկերն էլ դառնա խամաճիկը հերոսի,
Մեկ է, ինչ էլ որ լինի, արքան մնում է արքա:
ՀՈԳՆԱԾ ՌՈՅԱԼ
Թավշյա հնչյուններով անվերջ նվագում է,
Սպիտակ ռոյալը մի լքված սենյակում,
Ինչ-որ մեկը նորից տխուր հառաչում է,
Հոգու լացն ու ճիչը հնչյուններում խեղդում:
Կախարդում է շուրջը այդ անուշ մեղեդին,
Ու տարածում անվերջ խենթ երազներ ու սեր,
Շարունակ ցավում է ինչ-որ մեկի հոգին,
Նրան դեռ տանջում են սպի դարձած հուշեր:
Կիսամութ սենյակում կարոտն է թևածում,
Ու կարծես լալիս են այդ խոնավ պատերը,
Ռոյալն էլ մի պահ ինքնամոռաց ճչում,
Եվ հանկարծ թափվում են սառը արցունքները:
Ես լավ եմ հասկանում անծանոթի հոգին,
Նրա հոգու երգը ապրում է իմ սրտում,
Կուզեմ ընկերակցել ես նրա տանջանքին,
Որն անեծք է և իմ հոգին էլ է տանջում:
Կարոտի մեղեդին դադարում է քիչ-քիչ,
Նորից հառաչում են խարխուլ պատերը թաց,
Ու ներսից լսվում է լոկ հուսահատ մի ճիչ,
Եվ լռում է նաև ռոյալը հոգնած:
Վերջին մեկնաբանություններ